Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրամադրի երկամսյա սոցիալական աջակցություն՝ ամսական 50000 դրամ

09.11.2023

ևս 5 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետի առաջարկությամբ՝ ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։ «Այսօր նոյեմբերի 9-ն է, և ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մեր բոլոր քույրերի և եղբայրների հիշատակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որոշմամբ առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանի Հանրապետությունում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք: Կարևոր դիտարկում՝ խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների մասին է, այլ հենց այն անձանց, ովքեր ունեն այդ դրամական միջոցները»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բացառություն կկազմեն Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։

Դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար էլեկտրոնային եղանակով կներկայացվի մեկանգամյա դիմում՝ 2023 թ. նոյեմբերի 17-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Առաջարկվում է վճարումներն իրականացնել բանկերի միջոցով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով, իսկ քարտային հաշիվներ չունեցող 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող շահառուների համար ընտրված բանկերի միջոցով ապահովել քարտերի թողարկումը և շահառուի բնակության վայր առաքումը։ Որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից կտրամադրվի 10 միլիարդ դրամ:

Վարչապետը հետաքրքրվել է նաև 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի ընթացքից, որի վերաբերյալ Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել: «Միանվագ աջակցության ծրագրի շրջանակում 104 200 անձի արդեն վճարումն իրականացված է, նրանցից չափահաս է 75 725-ը, անչափահաս՝ 28 475-ը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ որոշ տվյալներ դեռևս գտնվում են մշակման փուլում:

Կառավարության որոշմամբ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 500 մլն դրամ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Գումարը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Միջոցառման շրջանակում շահառուներին կցուցաբերվի սոցիալական աջակցություն՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: ՀՀ պետբյուջեից արդեն հատկացվել է 4.45 մլրդ դրամ՝ հոկտեմբեր ամսվա աջակցության գումարը տրամադրելու համար, որը սակայն չի բավարարել բոլոր շահառուներին տրամադրելու համար:

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է հստակեցնել հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շահառու չհանդիսանալու հարցը՝ միաժամանակ սահմանելով վերջիններիս վերաբերյալ տեղեկատվության ստացման մեխանիզմներ։

Կհստակեցվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը

Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակի իրավունքը: Առաջարկվում է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով։

Օրինագծերի փաթեթը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և նշել. «Մենք դեռևս հոկտեմբերի 26-ին կայացած կառավարության նիստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու որոշում կայացրեցինք: Այդպիսով՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են ՀՀ օրենսդրության պահանջները: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից իրենք Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ կամ նպաստ ստացել են, թե չէ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ և նպաստ: Սակայն հստակեցնելու համար կենսաթոշակի և նպաստի իրացման որոշակի ընթացակարգեր, անհրաժեշտություն առաջացավ պետական նպաստների և կենսաթոշակների մասին օրենքներում կատարել որոշակի փոփոխություններ՝ ամրագրելով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման առանձնահատկությունները, Կառավարության կողմից սահմանված լիազորությունները: Մենք կստեղծենք նաև էլեկտրոնային հարթակ, որի համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր արդեն Լեռնային Ղարաբաղում ունեցել են այդ իրավունքը, ինքնաշխատ տարբերակով դա կընդունենք ի գիտություն և կսկսենք կենսաթոշակների այդ իրավունքն իրացնել: Իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, այսինքն՝ մենք արդեն կունենանք լիազորություն մեր օրենքով սահմանված բոլոր այդ չափանիշներով գնահատել և նշանակել կենսաթոշակ կամ նպաստ: Իսկ երբ հարթակ գործարկվի, մեր հայրենակիցներն արդեն կարող են դիմել կենսաթոշակի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մայրության նպաստի համար, խնամքի նպաստի և կենսաթոշակների համար»:

Նախարարն ընդգծել է մեկ կարևոր արձանագրում՝ անհրաժեշտ է, որպեսզի վերոնշյալ անձինք գրանցված լինել Հայաստանի Հանրապետության որևիցե հասցեում: «Այսինքն՝ հաշվառման, քաղաքացիության հետ սա չպետք է շփոթել, շատ կարևոր է, որպեսզի որևիցե հասցեում անպայման գրանցված լինեն: Դիմումների համար կրկին կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում 49-ն են և որոնց հասցեները բազմիցս մենք հրապարակել ենք, տեղյակ են: Սրանք հիմնական կարգավորումներն են, որ մենք այս օրենքի փոփոխությամբ արագացված ընթացակարգով կներկայացնենք Ազգային ժողով»,-նշել է Նարեկ Մկրտչյանը:

Օրինագծերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը հանձնարարել է գործընթացի որոշ նրբություններ քննարկել լրացուցիչ աշխատանքային կարգով՝ շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

Կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

Հավանություն է տրվել «ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի ընդունման և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն ապահովել տարածքների պատշաճ պահպանությունը: Ըստ հիմնավորման՝ վերլուծության արդյունքներով պարզ է դառնում, որ իրավախախտները, օգտվելով վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, անտառախախտումները հիմնականում իրականացնում են ոչ աշխատանքային օրերին և ժամերին։ Օրինագծերով, մասնավորապես, առաջարկվում է Անտառային կոմիտեն փոխարինել Շրջակա միջավայրի պահպանության ծառայությամբ, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ից և ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ներից առանձնացնել պահպանությունը։ Ծառայությունը կիրականացվի՝ 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը: Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի շրջակա միջավայրի պահպանության ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործառույթները, շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները:

Ինչպես նշել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, օրինագծերով ծառայողին տրվելու է իրավախախտումն արձանագրելու, վարույթ հարուցելու, վնասը չափելու և տուգանք նշանակելու իրավունք, եթե իրավախախտողը չենթարկվի ծառայողի պահանջներին, նաև՝ ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք։ Ըստ նախարարի՝ ծառայությունը հագեցած կլինի ժամանակակից միջոցներով, կվերազինվի և ծառայողները համապատասխան հանդերձանք կունենան։ Ծառայության ամբողջական հիմնումը նախատեսվում է ավարտել 2024 թվականին:

Կարևորելով նախագծի ընդունումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը ոչ թե նոր պետական մարմին ստեղծելու, այլ՝ նոր ծառայության ձևավորելու մասին է. «Հիմա մենք, ըստ էության, Անտառային կոմիտեն ենք վերակազմակերպում և օրենքի ուժով ստեղծում ենք Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն: Գիտեք, թե ինչ սկզբունքային պայքար ենք փորձում մղել անտառների պահպանման և նաև բնապահպանական իրավիճակի պահպանման առումով: Մենք այս ընթացքում բախվում ենք մի իրավիճակի, օրինակ՝ լինում են ծառահատման դեպքեր, երբ անտառապահը երեկոյան ժամը 9-ին է արձանագրում, բայց պարզվում է՝ արձանագրումն աշխատանքային ժամից դուրս է արվել: Դեպքեր ունենք, երբ նույնիսկ դատական կարգերով համապատասխան ակտերն անվավեր են ճանաչվել կամ չեղարկվել»:

Երկրորդ խնդիրը, ըստ Կառավարության ղեկավարի, այն է, որ անտառների կառավարման և պահպանման գործառույթները միախառնված են, ինչը ևս խնդիրներ է ստեղծում. «Նաև բովանդակային առումով անտառների պահպանության հետ կապված՝ նոր մտածողության անհրաժեշտություն ունենք: Հիմա մենք ուզում ենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ում և բնության հատուկ պահպանվող տարածքներում անտառների պահպանությամբ զբաղվող հաստիքներն առանձնացնել, Անտառային կոմիտեն վերանվանել, դարձնել ծառայություն, պահպանությամբ զբաղվող մարդկանց հաստիքները տեղափոխել այս ծառայություն, այս հաստիքներում աշխատող մարդկանց վերապատրաստման դասընթացներ անցկացնել, ծառայության համար ձեռք բերել անհրաժեշտ գույք՝ սկսած տրանսպորտային միջոցներից»:

Նշվել է նաև, որ ներկայումս առկա է նաև անտառային քարտեզների ճշգրտման կարիք:

Կկարգավորվեն միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության, ոլորտի կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները

Գործադիրը հավանություն է տվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Օրինագծերի փաթեթով կարգավորում են միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) համակարգի գործունեության, ոլորտի կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները։ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նշել, որ փաթեթի նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից և «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից», որոնց կարևոր բաղադրիչ է ՄԿՈւ համակարգի զարգացումը և միջազգային չափանիշներին դրա համապատասխանեցումը: Ըստ նախարարի՝ տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների միայն 41%-ն է համարում, որ ձեռք բերված տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43%-ն է կարծում, որ գործնական հմտությունները համապատասխանում են հետագա աշխատանքի պահանջներին, մինչդեռ կրթության ռազմավարությունում թիրախ է սահմանվել շրջանավարտների 90%-ի զբաղվածության ապահովումը:

«Գործատուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով` նրանց 78%-ը երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելիս առնչվում է վերջինիս գործնական կարողությունների պակասի հետ: ՄԿՈւ ոլորտում գործում են ավելի քան 100 պետական ուսումնական ուսհաստատություններ. արհեստագործական կրթական ծրագրերով՝ 6800, իսկ միջին կրթական ծրագրով՝ շուրջ 28400 սովորող: Սակայն այս համախառն ընդգրկվածության ցուցանիշները բավականին փոքր են՝ 6,2 տոկոս արհեստագործական, իսկ 13,9 տոկոս միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Սա այն պայմաններում, երբ իրական աշխատաշուկայի ավելի քան 70 տոկոսը ՄԿՈւ մասնագետների պակաս ունի: Աշխատաշուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ արհեստագործական կրթություն պահանջող շատ աշխատանքներում ներգրավված են բարձրագույն կրթությամբ անձինք»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների նպատակը իրավիճակն էականորեն և շեշտակի փոխելն է՝ ձևավորելու մի համակարգ, որտեղ կկազմակերպվի տնտեսության և աշխատաշուկայի կարիքներին բավարարող արդիական և որակյալ կրթություն, կբարելավվի կապը գործատուների և կրթության միջև, ինչպես նաև կբարձրանա շրջանավարտների զբաղվածությունը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում են մի շարք առանցքային ուղղություններ: Մասնավորապես՝ վերացվում է տարբերակումն ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ ուսումնարանի և քոլեջի, որոնք գործնականում որևէ խնդիր չեն լուծում, հետևաբար մնում է մեկ հաստատություն՝ քոլեջ, որը կիրականացնի երկու կրթական ծրագրերը: Ներդրվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգը՝ որպես կրթության իրականացման հիմնական եղանակ և այլն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի փաթեթի ընդունումը և այն համարել Կառավարության ռազմավարությունից բխող հերթական որոշում: «Մենք ստանում ենք մի իրավիճակ, որ համատարած՝ պայմանական ասած, բարձագույն կրթության դիպլոմով մարդիկ չեն կարողանում գտնել աշխատանք, ինչը պրոբլեմ է և՛ անհատի, և՛ հասարակության, և՛ պետության համար: Խնդիր է պետության համար, որովհետև տնտեսության զարգացման ամբողջ ներուժը պատշաճ կերպով հնարավոր չի լինում օգտագործել, մարդկանց համար, որովհետև իրենց օբյեկտիվ պոտենցիալը չեն կարողանում իրացնել, Կառավարության համար՝ սոցիալական ծախսերի և սոցիալական մեխանիզմների արդյունավետությունն է կասկածի տակ հայտնվում գերբեռնվածության պատճառով»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խնդիր է դրվել բարձագույն կրթության որակը փոխելու. հանրապետությունում պետք է գործի պետության կողմից ֆինանսավորվող մինչև 8 բուհ: Հանրապետության բոլոր բուհերը, նույնիսկ մասնավորները, պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք: «Մյուս կողմից, որպեսզի այդ վակումը չմեծացնենք, մենք պետք է արհեստագործական և մասնագիտական կրթության որակը բարձրացնենք: Այս նախագիծը դրա համար է: Ընդ որում՝ որակ բարձրացնելով մենք նկատի ունենք սկզբունքորեն նույն շրջանակը՝ բովանդակային առումով, ֆիզիկական ենթակառուցվածքների առումով և աշխատաշուկայի հետ ուղիղ և օրգանական կապի առումով: Եվ մենք մտածում ենք, որ Ակադեմիական քաղաքի ծրագրին զուգահեռ, հանրապետության մարզերում հատկապես, պետք է էականորեն զարգացնենք քոլեջների ցանցը, որպեսզի մասնագիտական կրթության հասանելիության առումով պրոբլեմներ չունենանք»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման համատեքստում կարևորել է մասնավոր հատվածի ներգրավումը և ընդգծել ոլորտում նախատեսվող համապատասխան բարեփոխումների անհրաժեշտությունը: «Որևէ կերպ չի կարելի թերագնահատել այս ոլորտում իրականացվող բարեփոխումների նշանակությունը: Այսինքն՝ նախակրթական, հանրակրթության, բարձրագույն կրթության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներում մեր բարեփոխումներն ունեն խաչմերուկային նշանակություն և էականորեն ազդելու են մեր տնտեսական պոտենցիալի իրացման և հետագա զարգացման գործին»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղերձն է՝ քոլեջում սովորելը դարձնել ցանկալի, հեղինակավոր և հեռանկարային. «Մեր մոտեցումն այն է, որ կրթական համակարգը մարդուն պետք է օգնի, որպեսզի նա հետագայում իր աշխատանքով իր բարեկեցությունը, նաև երկրի բարեկեցությունն ապահովի: Սա, ըստ էության, կրթական ամենամեծ և ամենակարևոր սեգմենտներից մեկն է, որը, ցավոք, միշտ չէ, որ գտնվել է կառավարությունների ուշադրության կենտրոնում: Հիմա մենք հայտարարում ենք, որ սա մեզ համար առաջնահերթ ուղղություններից մեկն է և մենք պետք է լրջագույն ռեսուրսներ կենտրոնացնենք այս ոլորտը զարգացնելու համար»:

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացմանը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների շրջանակում շահառուներին սուբսիդավորում տրամադրելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2023 թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում և Արարատի մարզպետի աշխատակազմին հատկացնել 210,284.9 հազ. դրամ, Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ 516,503.2 հազ. դրամ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ 97,822.5 հազ. դրամ, Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ 30,020.6 հազ. դրամ, Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ 22,354.1 հազ. դրամ և Տավուշի մարզպետի աշխատակազմին՝ 296,015.2 հազ. դրամ: Բացի այդ, 204,000 հազ. դրամի շրջանակում սուբսիդավորում կտրվի «Պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացմանը» միջոցառման շահառուներին: Ընդհանուր գումարի չափը կազմում է 1 մլրդ 377 մլն դրամ: Մասնավորապես, կիրականացվեն հետևյալ ծրագրերը՝ Արարատի մարզի Վեդի համայնքի Թումանյան 7/2-1 հասցեում գտնվող բացօթյա ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքներ, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների, ինքնաթափի և աղբարկղերի ձեռք բերում, Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզի շենքի ուժեղացման աշխատանքներ, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լմբատ 1-ին և Լմբատ 2-րդ թաղամասերի դիտահորերի փոխարինման և կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ, Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքներ, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքների կարիքների համար ունիվերսալ կոմունալ մեքենայի, աղբի մեքենաների և աղբի տարաների ձեռք բերում: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացվող 97,822.5 հազ. դրամ հատկացնելը պայմանավորված է, մասնավորապես՝ 2022 թ. սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում վնասված թվով 4 տների կառուցման աշխատանքների իրականացմամբ, ինչպես նաև Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի գոյություն ունեցող կոյուղագծերի վերակառուցման աշխատանքների իրականացմամբ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է Վարդենիս-Այրք-Ներքին Շորժա և Վերին Շորժա մարզային նշանակության ավտոճանապարհների կոպճային ծածկով անցանելիության ապահովման նպատակով՝ նախագծերի պատրաստում և գնահատում, ինչպես նաև փորձաքննության ծառայությունների ձեռքբերում: Ըստ հիմնավորման՝ մարզային նշանակության այս ավտոճանապարհների պատվածքը գոյություն չունի, երթևեկելի մասերը և կողնակները ամբողջությամբ քայքայվել են, դարձել դժվարանցանելի, երթևեկելի մասերի առանձին հատվածներ անանցանելի են նույնիսկ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհներն ունեն նաև ռազմավարական կարևոր նշանակություն՝ անցնում են Վարդենիս համայնքի Այրք, Ներքին Շորժա և Վերին Շորժա բնակավայրերով, ինչպես նաև համարվում են Վարդենիս համայնքի բնակավայրերի խոտհարքներ և արոտավայրեր տանող ճանապարհները։

Օրենսդրական այլ նախաձեռնություններ. կկարգավորվեն ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրները

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծման հետ կապված խնդիրների իրավակարգավորման նպատակով առաջարկվում է սահմանել նոր՝ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացություն։ Նախատեսվել է նաև վարչական պատասխանատվություն ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար։ Օրինագծերի փաթեթով նախատեսվել է նաև իրավական հիմք՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար։ Ըստ հիմնավորման՝ հաշվարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարների, 2016 թ.-ի դրությամբ ջրավազանը սնող բնական ռեսուրսների և ընդհանուր շահագործական պաշարի արժեքները։ Հաշվարկային արժեքները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում՝ սպառում, աղտոտում, ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ։

Գործադիրը հավանություն է տվել ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Հաշվի առնելով ՀՀ համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների չափի ավելացման հանգամանքը, ՀՀ համայնքներին առավել խոշոր ներդրումային ծրագրերին մասնակցության հնարավորության ընձեռնման նպատակով՝ նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ և ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի հնարավորությունները՝ եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով։ Ըստ հիմնավորման՝ համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմների ապահովումն իր հերթին կխթանի նոր աշխատատեղերի ստեղծմանը, հարկային և վարչական եկամուտների ավելացմանը, մարզի սոցիալտնտեսական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների արագ վերականգմանը և այլն։ Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորվում է 2024թ․ սուբվենցիոն ծրագրերին մասնակցության ընթացակարգերի ապահովմամբ։ Օրենսդրական փոփոխության կիրառման դեպքում ակնկալվում է, որ կապահովվի համայնքներում խոշոր ներդրումային ծրագրերի կենսագործման իրավական գործիք ունենալու հնարավորությունը:

Միջազգային համագործակցություն

Կառավարության հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի՝ 60,090,000 եվրո արժողությամբ, ստորագրման առաջարկությունը: Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները. Մասնավորապես՝ կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել առկա ճանապարհը, քաղաքային խցանումները, ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ՝ Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ:

Հավանություն է տրվել նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թ. հունիսի 27-ին ստորագրված և փոփոխված «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածքներ» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 գրության ստորագրման առաջարկությանը: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 65.2 մլն եվրո է, և համաֆինանսավորվում է Վերականգնման վարկերի բանկի (KfW, 30 մլն վարկ և 3.5 մլն դրամաշնորհ) և ԵՄ-ի կողմից (15 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ): Ծրագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ 6 մարզերի՝ Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի, մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքների, մասնավորապես՝ 718.0 կմ ջրագծերի, 28.2 կմ կոյուղագծերի հիմնանորոգման, 14,088 անհատական ջրաչափերի տեղադրման աշխատանքների իրականացում։ Որոշ համայնքներում նախատեսվում է նաև շուրջ 9.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ հավելյալ շինարարական աշխատանքների իրականացում։

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. օգոստոսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն (վարկ) տրամադրել «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար, նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել այնպիսի լրացուցիչ դրամաշնորհներ, որոնք պետք է ուղղվեն համաձայնագրում նշված ծրագրերի նախապատրաստմանը կամ անհրաժեշտ հարակից միջոցառումներին։

Կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության ստացող շահառուների շրջանակը

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Գործող կարգով 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց խմբի համար տարիքային միջակայքը կփոփոխվի և տարիքային շեմ կսահմանվի 28 տարեկանը:

Կվերակառուցվի «Մերգելյանի այգին»՝ նոր ճեմուղիներ, խաղահրապարակ, ամֆիթատրոն

Գործադիրն ընդունել է «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» մասին որոշում: Ըստ հիմնավորման՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Երևանի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում գտնվող 5089.13 քմ մակերեսով հողամասում գտնվող «Մերգելյանի» այգու վերակառուցման (արդիականացման) առաջարկություն: Այգում նախատեսվում են նոր ճեմուղիներ, նստարաններ, երեխաների խաղահրապարակ, հասարակական սանհանգույց, ամֆիթատրոն միջոցառումների համար, մարզահրապարակ, շատրվաններ, սրճարան, մանկական զարգացման կենտրոն: Միաժամանակ որոշմամբ առաջարկվում է քննարկվող հողամասից 220 քմ մակերեսով հատվածն ընկերությանը տրամադրել կառուցապատման իրավունքով ժամանցի և մանկական զարգացման կենտրոն կառուցելուն նպատակով: Այգում կներդրվի լուսավորության նոր ժամանակակից համակարգ:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշմամբ «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 30000 տոննա պողպատի շարունակական ձուլման արդյունքում ստացված քառակուսի կիսապատրաստուկներ։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում՝ իրականացնելով 1.9 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 113 նոր աշխատատեղ՝ մինչև 472 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 347 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «ՋԻ-Կոդեր» ՍՊԸ-ն, որը ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է մետաղամշակման ոլորտում ստեղծել ժամանակակից հաստոցների կայան և արտադրել գերճշգրիտ և բազմաբնույթ ապրանքներ։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 2.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 45 նոր աշխատատեղ՝ մինչև 313 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 98 մլն դրամ:

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ ՀՀ 2023թ. պետբյուջեի 9 ամսվա տնտեսված գումարները կուղղվեն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը կհամալրվի շուրջ 1,794.6 մլն դրամով՝ հետագայում որոշակի առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղելու նպատակով:

Գործադիրը 338,263.8 հազար դրամ կհատկացնի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 5-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով: Գումարը կուղղվի աշխարհի առաջնությանը հյուրընկալման անդամավճարի (Host Fdd) վճարմանը և կազմակերպչական ծախսերի մասնակի կատարմանը: Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին բռնցքամարտ մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ. 2022 թ. մայիսի 21-31-ը Երևանում անցկացված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության ժամանակ ՀՀ հավաքականը նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ: 2023 թ. ապրիլի 23-ից մայիսի 3-ը Երևանում անցկացված բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության ժամանակ ՀՀ հավաքականի մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալներ: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ ֆեդերացիան ձեռք է բերել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023 թ. բռնցքամարտի աշխարհի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը Երևանում անցկացնելու իրավունք: Առաջնությանն ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 մասնակիցների մասնակցություն: Առաջնության անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում:

Կառավարությունը հաստատել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը: Ռազմավարությամբ նախատեսում է՝ ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային և համամարդկային արժեքների հետ զուգորդումը և հաղորդակցումը, համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը, մշակույթի տնտեսականացումը, կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումն ու կարողությունների զարգացումը, մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը, պետություն-մասնավոր համագործակցության փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժողովրդավարական արժեքների գերակայության ամրապնդումը, աշխարհի մշակութային քարտեզում հայկական մշակույթի դիրքավորումը: Ըստ այդմ՝ սահմանվում է մշակույթի ոլորտների զարգացման տեսլականը, նպատակները և ակնկալվող արդյունքները՝ ժամանակացույցի համաձայն։ Մասնավորապես նախաատեսվում են՝ ավելացնել ամրակայված, նորոգված և վերականգնված վտանգված պատմության և մշակույթի հուշարձանների թիվը, համալրել ՀՀ թանգարանային առարկաների շտեմարանը, ներդնել թանգարանների և գրադարանների կառավարման նոր ձևաչափ, խթանել ստեղծարար ոլորտները, ապահովել բարենպաստ միջավայր և մրցակցային դաշտ ստեղծագործական ինքնարտահայտման համար, նպաստել միջազգային մշակութային գործընթացներին երիտասարդ ստեղծագործողների ինտեգրմանը, մշակույթի և ստեղծարար ոլորտներում ձևավորել պետական խրախուսման մեխանիզմներ և այլն:

 

← Վերադառնալ