Մամլո հաղորդագրություններ

Գործադիրը հաստատել է առանձին ընթացակարգ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքն իրացնելու նպատակով

30.11.2023

ևս 8 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու նպատակով ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը հաստատելու համար։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, առանձին ընթացակարգով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ Սահմանվել է, որ Կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Դիմումի որևէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու։

Այնուհանդերձ, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի ցանկությամբ և անկախ նրա ցանկության, երբ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր, հարկ կլինի անձամբ ներկայանալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, իսկ զինվորական կենսաթոշակի դեպքում՝ նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Մասնավորապես, անձամբ ներկայանալն անհրաժեշտ կլինի հաշմանդամություն ունեցող անձանց, եթե նրանց հաշմանդամության ժամկետը լրացել է և նրանք ԼՂ-ում չեն հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն կամ անցել են, սակայն կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում չի վերականգնվել կամ չի նշանակվել: Ընդ որում, ԼՂ-ի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքները հիմք են ընդունվում հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար, անկախ բժշկասոցիալական փորձաքննության մասին տեղեկատվական բազաներում տվյալներ լինելուց: Անձամբ ներկայանալն անհրաժեշտ կլինի նաև առկա ուսուցմամբ սովորողների համար, ում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում դադարեցվել է 2023 թ. հուլիսի 1-ից և կարող էր վերականգնվել սեպտեմբերի 1-ից առկա ուսուցումը շարունակելու մասին տեղեկանքի հիման վրա:

Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին ԼՂ-ում կենսաթոշակ չի նշանակվել, ապա օրենքով կենսաթոշակ նշանակելու համար սահմանված եռամսյա կամ վեցամսյա ժամկետները կկիրառվեն 2023 թ. դեկտեմբերի 11-ից, իսկ կենսաթոշակը կնշանակվի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ 2023 թ. հոկտեմբերի 1-ից: Պետական պաշտոններ (պատգամավոր, դատավոր, դատախազ և այլն) զբաղեցնելու հիմքով ԼՂ-ի կենսաթոշակառուին կարող է նշանակվել աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ՝ օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում։ ԼՂ-ում սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց ՀՀ-ում կնշանակվի ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ՝ «Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն։

Առաջարկվում է նաև ԼՂ պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողները համարել համապատասխան մարմինների զինծառայողներ, իսկ քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության ծառայողներին, համապատասխանաբար, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության ծառայողներ: ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին վերաբերող՝ որոշման դրույթները նախատեսվում է տարածել նաև ԼՂ տարածքում մարտական գործողությունների մասնակիցների վրա:

Կառավարության որոշումներով սահմանվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մայրության նպաստ վճարելու կարգի առանձնահատկությունը, հստակեցվել են փախստական ճանաչված անձանց ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները։

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծված ավտոմեքենաների՝ ՀՀ-ում ազատ շրջանառության համար մաքսազերծման գումարի մասով աջակցություն կտրամադրվի

Կառավարությունը սահմանել է ժամանակավորապես ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոցը:

Ինչպես նշել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների՝ ՀՀ-ում ազատ շրջանառության համար պետությունը մաքսազերծման գումարի մասով աջակցություն կտրամադրի: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ ծրագրով պետության կողմից մաքսազերծման գումարի փոխհատուցում կտրամադրվի բոլոր այն քաղաքացիներին, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 4-ը, ներառյալ` ժամանակավոր ներմուծման նպատակով 3-րդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 30-ը, ներառյալ` կկատարեն այդ մեքենաների մաքսազերծումը:

«Ընդ որում՝ փոխհատուցումն իրականացվելու է հետևյալ չափերով. մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվելու է վճարման ենթակա գումարի 40 տոկոսը, այսինքն՝ քաղաքացին վճարելու է մաքսազերծման գումարի 60 տոկոսը, իսկ պետությունը փոխհատուցելու է մնացյալ 40 տոկոսը: 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցման չափը կկազմի ընդհանուր գումարի 70 տոկոսը, այսինքն՝ քաղաքացին վճարելու է ընդամենը հաշվարկված մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի 30 տոկոսը, իսկ պետությունը կփոխհատուցի մնացյալ 70 տոկոսը»,- ասել է Արտյոմ Սմբատյանը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է, որ 2024 թ. հունվարի 1-ից ՀՀ ժամանակավորապես ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանել դրամական ապահովում, այսինքն՝ 2024 թ. հունվարի 1-ից հետո քաղաքացիների կողմից 3-րդ երկրների համարանիշերով ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման համար կպահանջվի մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովում՝ դրամական միջոցների ներդրման նպատակով հատուկ դեպոզիտային բացված հաշվին հաշվարկվող հարկերի և մաքսատուրքերի 100 տոկոսի չափով:

Որոշմամբ նախատեսված կարգավորումներով այդպիսի ապահովումներ ներկայացնելու պահանջը չի վերաբերելու ԵԱՏՄ երկրների այն քաղաքացիներին, որ ԵԱՏՄ անդամ երկրներում հաշվառված ավտոմեքենայով կժամանեն ՀՀ, և միաժամանակ չի վերաբերի նաև երրորդ երկրների այն քաղաքացիներին, որոնք իրենց երկրներում հաշվառված ավտոմեքենաներով նույնպես կժամանեն ՀՀ: «Այսինքն՝ ավտոտուրիստների և իրենց անձնական մեքենաներով ՀՀ գործարար այցելություն ունեցող անձանց նկատմամբ առաջարկվող փոփոխությունը որևէ բացասական հետևանք չի կարող ունենալ»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ պահանջը կիրառելի կլինի այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիները, ԵԱՏՄ երկրների այլ քաղաքացիները ՀՀ կժամանեն 3-րդ երկրում հաշվառված ավտոմեքենաներով:

Ըստ Արտյոմ Սմբատյանի՝ երկու որոշումների միջև կապի տրամաբանությունը հետևյալն է ՝ մի կողմից 2024 թ. հունվարի 1-ից սահմանվում է խիստ պահանջ, որը կկանխարգելի ՀՀ քաղաքացիների կողմից 3-րդ երկրների համարանիշներով ավտոմեքենաների ձևական, ժամանակավոր ներմուծմանը, մյուս կողմից հնարավորություն կտրվի նույն մեր քաղաքացիներին՝ մինչև 2023 թ.-ի դեկտեմբերի 30-ն օգտվել պետական աջակցության ծրագրերից և մաքսազերծել այդ մեքենաները:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման կարգավորման պահանջ առաջացել է այն ժամանակ, երբ Հայաստանում վրացական մեքենաների թիվն աճել է, ըստ որոշ տվյալների՝ մոտ 9000 նմանատիպ մեքենա կա Հայաստանում: «Վիճակագրության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության մեր քաղաքացիներն ավտոմեքենա ձեռք բերելիս ձևակերպում են շատ դեպքերում ժամանակավոր ներմուծում և վրացական համարներով երթևեկում են Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն՝ դա անում են Հայաստանի Հանրապետությունում մեքենաները չմաքսազերծելու համար: Այս դեպքում մենք խնդիր ունենք, այդ թվում՝ պետության, և ընդհուպ մեքենայի պետհամարանիշը նույնպես պետականության որոշակի ատրիբուտ է, և մենք կարծում ենք, որ այս իրավիճակն այսպես շարունակել չի կարելի:

Հաջորդ հարցը՝ ինչի են մեր քաղաքացիները նախընտրում գնալ այդ ճանապարհով, որովհետև Վրաստանում ավտոմեքենաների մաքսատուրքերն էականորեն ավելի քիչ են, քան Հայաստանի Հանրապետությունում: Մենք կարող էինք գնալ այդ, օրինակ՝ մաքսատուրքերն իջեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ դա Եվրասիական տնտեսական միության կարգավորում է, և Հայաստանի Հանրապետությունը չի կարող միակողմանիորեն այդ խնդիրը լուծել: Իհարկե, մենք կարծում ենք, որ հարցն ըստ պատեհության կարող է քննարկվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Մենք կդիտարկենք այդ հնարավորությունը և տարբերակը, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ երկար ժամանակ Եվրասիական տնտեսական միության կարգավորումների համաձայն Հայաստանի Հանրապետությունն ուներ արտոնություններ ավտոմեքենաների ներմուծման ժամանակ»,-ասել է վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Կառավարության այս աջակցությունը լինելու է 30-օրյա ժամկետում. «Ով հնարավորությունից օգտվեց, կկարողանա ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխան մաքսազերծել և ստանալ Կառավարության աջակցությունը: Ով մինչև դեկտեմբերի 31-ը չօգտվեց այդ հնարավորությունից, արդեն երբ կգա իր համար նախատեսված ժամկետի ավարտը, սովորաբար դրանք 12 ամսով ներմուծման իրավունք են ունենում՝ մեկինը կգա մայիսին, մեկինը կգա ապրիլին կամ մարտին, իրենք ստիպված կլինեն այդ ժամանակ դրամական դեպոզիտը դնել, բայց էլ հնարավորություն չեն ունենա Կառավարության աջակցությամբ նվազեցված չափերով մաքսազերծել: Պետք է քաղաքացիները հաշվի առնեն, որ ունեն 30 օր ժամանակ»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բացահայտված այն դեպքերին, երբ մաքսային ծառայության որոշ աշխատողներ կեղծ ձևակերպումներ են արել, թե իբր մեքենաները դուրս են եկել ՀՀ-ից և վերադարձել: «Այսինքն՝ սա արվել է նրա համար, որպեսզի, պարոն Խաչատրյանի ասած ժամկետները զրոյանան, նորից սկսեն: Սա խիստ զգուշացում է Մաքսային ծառայությանը և, իհարկե, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը, որ շատ խիստ հետևեն այդ ամեն ինչին, ոչ միայն այդ ամեն ինչին, այլև ընդհանարապես, որպեսզի բարեվարքության կանոններից շեղումներ չլինեն»,-ասել է վարչապետը:

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 5 մլրդ 712 մլն դրամ

Կառավարությունը 5 միլիարդ 712 միլիոն դրամ է հատկացրել՝ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հատկացումները վերաբերում են 10 մարզի 37 համայնքի 82 սուբվենցիոն ծրագրերին, որոնցից 54-ը 2023-ին հաստատված և իրականացված ծրագրեր են: Ըստ մարզերի` գումարային բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին՝ 177 միլիոն դրամ, Արարատի մարզին՝ 888 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 903 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 1 միլիարդ 249 միլիոն դրամ, Լոռու մարզին՝ 363 միլիոն դրամ, Կոտայքի մարզին՝ 928 միլիոն դրամ, Շիրակի մարզին՝ 196 միլիոն դրամ, Սյունիքի մարզին՝ 586 միլիոն դրամ, Վայոց ձորին՝ 186 միլիոն դրամ, Տավուշի մարզին՝ 233 միլիոն դրամ:

Գնել Սանոսյանը նշել է, որ այս տարի, ՀՀ կառավարությունն ընդհանուր առմամբ գումար է հատկացրել 426 ծրագրի համար. «Այսօրվա գումարն էլ հաշվենք՝ 27 միլիարդ 530 միլիոն դրամ ենք հատկացնում: Եթե համայնքների մասնաբաժինն էլ գումարենք, ապա կդառնա 45,2 միլիարդ դրամ: Բյուջեի պլանով ավելի քիչ էր՝ 22 միլիարդ դրամ: Փաստացի իրականացվող աշխատանքներն ավելին են, արդեն 27,5 հիմա վճարում ենք, բայց դեռ հայտեր ունենք»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսինքն՝ այս տարվա արդյունքներով մարզերում 120-130 միլիոն դոլարի ներդրումներ իրականացված կլինեն, որոնք հիմնականում կապիտալ ծրագրեր են»:

Վարչապետը ներկայացրել է որոշմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը:

Եվ այսպես՝ Արագածոտնի իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Աշտարակ, Աղձք, Բյուրական, Արագածոտն և Օրգով բնակավայրերի գազիֆիկացում, Ճարճակիս բնակավայրի գազիֆիկացում, Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատում, Նիզամի, Դաշտավան, Ազատաշեն, Ռանչպար, Գետափնյա, Մարմարաշեն, Արևաբույր, Այնթապ, Ջրահովիտ, Նոր Խարբերդ, Արբաթ, Զորակ, Դաշտավան, Դարակերտ, Նորամարգ, Խաչփար, Այնթապ, Սիս, Դարբնիկ բնակավայրերում փողոցային լուսավորության համակարգի կառուցում և նորոգում, Ազատաշեն, Արբաթ, Արևաբույր, Գետափնյա, Գեղանիստ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Մարմարաշեն, Նորաբաց, Նոր Կյուրին, Ջրահովիտ և Սայաթ-Նովա բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում, Բարձրաշեն, Դեղձուտ, Դիմիտրով, Մրգանուշ, Մրգավետ, Քաղցրաշեն, Աբովյան, Այգեզարդ, Արաքսավան, Դիտակ, Դվին, Մխչյան, Մրգավան, Ոստան բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ, Արարատ բնակավայրի Սպանդարյան փողոցի թիվ 1-10 շենքերի բակային հատվածների, Մուրացան փողոցի, Արարատյան զանգվածի թիվ 11 շենքից թիվ 19–ը շենքի բակային հատվածի և ՈԿՖ բանավան թաղամասի թիվ 1 շենքի և Երասխ բնակավայրի ճանապարհների վերանորոգում՝ ասֆալտապատմամբ, Այնթապ, Արբաթ, Դաշտավան, Դարակերտ, Նորաբաց, Սայաթ - Նովա բնակավայրերի գազաֆիկացում, Արարատ, Արմաշ, Ավշար, Երասխ բնակավայրերի մանկապարտեզների համար գույքի ձեռքբերում, Արարատ, Պ․ Սևակ, Ուրցալանջ, Զանգակատուն, Ավշար, Արմաշ, Նոյակերտ և Սուրենավան բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում՝ լեդ լուսատուներով:

Արմավիրի մարզում՝ Արաքս բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, ք. Մեծամորի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզների հիմնանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, Տարոնիկ և Տանձուտ բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ, Խոյ համայնքի խորքային հորերի հիմնանորոգում, Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը Մեծամոր բնակավայրի համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով վերանորոգման աշխատանքներ, Մուսալեռ բնակավայրի Տիգրան Մեծ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների գազաֆիկացում, Երվանդաշատ բնակավայրի Բերդակի, Լեռնագոգ բնակավայրի 1-ին, 12-րդ,Վանանդ բնակավայրի Պ․Սևակ և Զ.Սահակյան, Արգինա բնակավայրի Տիգրան Մեծ, Քարակերտ բնակավայրի Բաբաջանյան և Սարյան փողոցների, գերեզմանատուն տանող ճանապարհի ասֆալտապատում, Փարաքար բնակավայրի Է. Թևոսյան և Րաֆֆու փողոցների կոյուղագծի կառուցում, Արմավիր բնակավայրի Շահումյան փողոցի, Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների ջրամատակարարման համակարգերի վերակառուցում, Հացիկ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, Այգեվան բնակավայրի կենտրոնական փողոցի հիմնանորոգում, կառուցում,Նորավան բնակավայրի կենտրոնական փողոցի կառուցում, Լուկաշին բնակավայրի Թամանյան փողոցի հիմնանորոգում, Եղեգնուտ, Արտաշար, Վարդանաշեն, Արազափ, Արևիկ, Մրգաշատ, Մարգարա, Արմավիր, Տարոնիկ,Արգավանդ, Բամբակաշատ,Փշատավան, Ջրաշեն, Ակնալիճ, Երասխահուն, Նոր Արմավիր, Այգեշատ բնակավայրերի խորքային հորերի վերականգնում, Վարդանաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, Դալարիկ բնակավայրի Օրջոնիկիձե 8 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում, Մեծամոր բնակավայրի 1-ին թաղամասի 2Բ1, 3Բ, 4Բ2, 5Բ, 6Բ2 և 2-րդ թաղամասի 1Բ, 2Բ, 3Բ շենքերի վերելակների փոխարինում:

Գեղարքունիքի մարզում՝ Վահան բնակավայրի արտաքին ջրագծի վերանորոգման, Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի վերակառուցման աշխատանքներ, Վարդենիս բնակավայրի Ռոմանի փողոցի ասֆալտապատում և կահավորում , Գավառ բնակավայրի Արծվաքար թաղամասում, Գեղարքունիք, Լանջաղբյուր բնակավայրերում խաղահրապարակների ու պուրակների կառուցում, Գավառ և Նորատուս բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում, Վերին Ճամբարակ թաղամասում նոր խաղահրապարակի կառուցման, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման, ցանկապատի վերանորոգման, 44-օրյա պատերազմում Ճամբարակ համայնքից զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքներ, Մարտունի, Գեղհովիտ, Լեռնակերտ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում, Զոլաքար, Ձորագյուղ բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցում, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում, Վարդենիս բնակավայրի Խ․ Ստեփանյան 5 և 7, Երիտասարդության 3 և 12 բազմաբնակարան բնակելի շենքների տանիքների հիմնանորոգում, Շատջրեք բնակավայրում ոռոգման ջրագծերի կառուցում/վերակառուցում, Վարդենիս համայնքի 4 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում, Մարտունի բնակավայրի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Զոլաքար, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Լիճք, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում, Մարտունի բնակավայրի Թումանյան, Սայաթ Նովա, Շահումյան և Հեռուստաաշտարակի փողոցների մայթերի , Ն․ Գետաշեն բնակավայրի Ն. Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչև Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած մայթերի կառուցում՝ սալարկմամբ, Մարտունի բնակավայրի Երևանյան 36, 42 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում:

Լոռու մարզում՝ Դարպաս բն․ 3-րդ և 4-րդ փողոցների հիմնանորոգում, Լեռնանցք բնակավայրի «Նոր գյուղի» կենտրոնական ճանապարհի սալարկում տուֆով և ջրահեռացման համակարգի կառուցում, Վանաձոր բնակավայրի Ա․ Իսահակյան փողոցի ասֆալտապատում, Կաթնաջուր բնակավայրի ոռոգման ջրագծի պոմպակայանի տեղադրում, Լեռնավան, Գեղասար և Արջահովիտ բնակավայրերում ոռոգման ցանցի ընդլայնում, Շենավան և Գոգարան բնակավայրերում ոռոգման ցանցի կառուցում, Սարամեջ բնակավայրում ոռոգման ջրամբարների վերանորոգում, Սարահարթ բնակավայրում ոռոգման համակարգի ընդլայնում և պոմպակայանի վերանորոգում, Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերում ոռոգման համակարգերի ներքին ցանցի, Ճոճկան բնակավայրում ՕԿՋ-ի կառուցում, Տաշիր բնակավայրի աղբավայրի կոնսերվացման/փակման/ ծրագիր, Ագարակ, Լեջան, Կողես, Յաղդան և Սվերդլով բնակավայրերում գիշերային լուսավորության համակարգերի կառուցում:

Կոտայքի մարզում՝ Զովունի բնակավայրի խմելու ջրի ներհամայնքային ցանցի կառուցման աշխատանքներ, Բալահովիտ բնակավայրում նոր մանկապարտեզի շենքի կառուցում 2-րդ փուլ, Գառնի բնակավայրի Ս․ Շահումյան 4 հասցեում գտնվող համայնքապետարանի շենքի նկուղի նորոգման աշխատանքներ, Արգել բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ, Քարաշամբ, Նոր Գեղի բնակավայրերի արտաքին լուսավորության անցկացում, Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգերի բարելավում, Ակունք բնակավայրի 4-րդ և 19-րդ փողոցների ասֆալտապատում, Ակունք համայնքի կարիքների համար Էքսկավատոր-բեռնիչի ձեռքբերում, Քասախ և Պռոշյան բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Եղվարդ, Արագյուղ, Սարալանջ և Զորավան բնակավայրերի և Եղվարդ բնակավայրի Երևանյան թաղամասի խմելու ջրագծերի բարելավում, Պռոշյան, Քասախ, Բուժական և Արագյուղ բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում, Եղվարդ, Քասախ, Բուժական բնակավայրերում կոյուղու ցանցի կառուցում, Աբովյան բնակավայրի Նաիրյան, Ս․ Մնացականյան փողոցների, 2-րդ միկրոշրջանի 7-րդ դպրոց տանող ճանապարհների, Առինջ բնակավայրի Ս․ Առինջեցու փողոցի 1-ին փակուղու, Պ․ Դուրյան թաղամասի 4-րդ և 7-րդ փողոցները կապող հատվածի , Պ․ Սևակի 3-րդ փողոցի, Ա թաղամասի 2-րդ և 3-րդ փողոցների,Դ․ Խաչատրյան փողոցի 2-րդ նրբանցքի, Ձագավանքի փողոցի, Գետարգել բնակավայրի Վերդյան փողոցի ասֆալտապատման և եզրաքարերի փոխարինման աշխատանքներ:

Շիրակի մարզում՝ Ազատան բնակավայրի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24-րդ փողոց ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքներ, Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բն․ ճանապարհների տուֆ քարով սալապատում, Արթիկ բնակավայրի թվով 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, Անի համայնքի կարիքների համար էքսկավատոր բեռնիչի ձեռքբերում:

Սյունիքի մարզում՝ Կապան բնակավայրի «Արծվանիկ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի տարածքի բարեկարգում, Կապան բնակավայրի թիվ 9 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում, Լեհվազ բնակավայրում կենտրոնական փողոցի ասֆալտապատում և Վարդանիձոր բնակավայրում Վանք-Կալեր անավարտ կամրջի վերանորոգում՝ հետիոտնային և գյուղատնտեսական հաղորդակցության ապահովման ժամանակավոր միջոցառումների իրականացում, Կապան բնակավայրի Ավետիսյան փողոցի N 2, 4, 6, 28, 30, 32, 34 և Պապյան փողոցի N 5, 6, 7, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24 և 26 շենքերի բակերի ասֆալտապատում, Կապան բնակավայրի Գ․ Նժդեհ փողոցի աջակողմյան մայթի նորոգում, Ա․ Մանուկյան փողոցի N 1 և Չարենցի փողոցի N 2, N 4 շենքերի բակերի վերանորոգում, Ռ.Մելիքյան փողոցի N 6 շենքի բակի և Արվեստի պետական քոլեջի հետնամասի հիմնանորոգում, Քաջարան, Ձագիկավան և Գետիշեն բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներ, Սիսիան բնակավայրի Ադամյան, Իսրայելյան և Պարույր Սևակի փողոցների կապիտալ վերանորոգում, Սիսիան համայնքի Սպանդարյան և Ծղուկ բնակավայրերի կենցաղի տների տանիքների 24.96 դրվածքային հզորության արևային կայանների, կենցաղի տան և վարչական շենքի ջեռուցման համակարգերի կառուցում:

Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ բնակավայրի Ազատամարտիկների պուրակի բարեկարգման աշխատանքներ, Վերնաշեն բնակավայրի ջրամատակարարման վերակառուցման աշխատանքներ, Թառաթումբ, Քարագլուխ, Աղնջաձոր, Հերմոն, Հորբատեղ, Գողթանիկ, Հորս և Եղեգիս բնակավայրերի ոռոգման առուների վերանորոգում, Վարդահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի վերակառուցում և Սալլի, Հորս, Գողթանիկ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում, Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Շատին և Արտաբույնք բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում, Ջերմուկ բնակավայրի Արփա գետի կիրճի շրջակա ժայռերի լուսավորության համակարգի կառուցում:

Տավուշի մարզում՝ Բաղանիս բնակավայրի 5-րդ,6-րդ,7-րդ, Լճկաձոր բնակավայրի 3-րդ, Ոսկեվան բնակավայրի 6-րդ և 7-րդ փողոցների սալապատում, Նոյեմբերյան և Հաղթանակ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում, Դիլիջան համայնքում կոմունալ տնտեսության սպասարկման համար 1 աղբատար մեքենայի ձեռքբերում, Իջևան բնակավայրի Մետաղագործների փողոցի բակերի, Բլբուլյան 75, 81,88, 89, 91, 93, 95 շենքերի բակերի ասֆալտապատում, Իջևան բնակավայրի հյուսիսային մուտքի «Մայր Հայաստան» հուշարձանին կից պուրակի հիմնանորոգում:

Վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների նոր շենքում հատկացվել են բնակարաններ

Կառավարությունն ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների նոր շենքում հատկացնել բնակարաններ: 5 բնակարաններն էլ առաջարկվում է տրամադրել 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման մասով ձևավորված է պետական պարտավորություն: Ըստ հիմնավորման՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքներում բնակվում են թվով 38 ընտանիքներ: Նշված ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցվել է նոր, թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան շենք:

Առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցներում

Կառավարությունը հաստատել է «Մինչև 2026 թ.-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը և սահմանել ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ այդմ, նախատեսվում է ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացում՝ ենթակառուցվածքների՝ շենքային պայմանների, ենթակառուցվածքների բարելավման միջոցով: Դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցներում։ Գործողությունների ծրագրով նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության ապահովում, փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերում մոդուլային դպրոցական շենքերի կառուցում, ըստ անհրաժեշտության՝ հիմնանորոգման, վերակառուցման այլ աշխատանքներ: Մինչև 2030թ. նման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել 400 դպրոցում (2026թ. թիրախը` 300 դպրոց): 300 դպրոց ծրագրի նպատակն է՝ ապահովել որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը ՀՀ բոլոր մարզերերում և Երևանում։ Առաջնահերթություն է բոլոր դպրոցներում լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը կարող է լավ նախադրյալ լինել բնագիտական ուղղությամբ կրթության որակի և արդյունավետության բարելավման համար՝ նոր չափորոշչով կարողունակությունները զարգացնելու վրա հիմնված կրթություն իրականացնելու նպատակով։ Առանձին խնդիր է դպրոցներում մարզադահլիճների և խաղահրապարակների առկայությունը, դրանց բավարար վիճակը և հագեցվածությունը անհրաժեշտ գույքով։ Կրթության որակի բարձրացմանը նպաստող գործոնները բազմազան են և փոխլրացնում են միմյանց, որոնցից էական նշանակություն ունի հատկապես հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը, ապահով և անվտանգ միջավայրի ստեղծումը, նոր գույքով, սարքավորումներով հագեցումը:

Կհստակեցվի և կպարզեցվի պետական գույքի մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման և վարձակալությամբ տրամադրման գործընթացը

Գործադիրը հաստատել է պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը, պետական գույքի գրավադրման պայմաններն ու կարգը: Իրավական ակտի ընդունումը բխում է պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից գործարքներով կնքված՝ պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման գործարքներում պայմանագրային պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու ու գրավադրման պայմանները սահմանելու անհրաժեշտությունից։ Կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության վերաբերյալ առավել օբյեկտիվ որոշումների կայացման և կամայականությունների բացառման նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ՝ համաձայն որի պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման պայմանագրերում ամրագրված պարտավորությունների առանձնահատկություններից ելնելով, ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն կարող է ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ պայմանագրերով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարումն ընդունելու և գրավադրված գույքը գրավադրումից հանելու աշխատանքներն օպերատիվ իրականացնելու համար։ Ներդրումների կատարման հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու համար նախատեսվում է, որ գնորդն առանց կոմիտեի գրավոր համաձայնության չի կարող երրորդ անձի օտարել, օգտագործման հանձնել պարտավորություններով ծանրաբեռնված գույքը։

Ըստ այդմ՝ սահմանվում են նաև գնորդի կամ վարձակալի կողմից կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի կազմը և ներկայացման ժամկետը, ինչպես նաև ներդրումային պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող տույժերի և տուգանքների չափերը։ Արդյունքում՝ կհստակեցվի պետական գույքի մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման և վարձակալությամբ տրամադրման պայմանագրերի կնքման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կպարզեցվեն պայմանագրերում պարտավորությունների ամրագրման կարգը և պահանջները։ Ինչպես նաև կսահմանվեն պայմանագրերով ստանձնված պարտավորությունների չկատարման դեպքերում տույժ ու տուգանքները։

Կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիաների լրացուցիչ ֆինանսավորումը՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցության նպատակով

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի այդ, ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի, կավելացվեն աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցների թիվը: Արդյունքում՝ ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, մարզական արդյունքների աճ:

Կառավարությունը շարունակում է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության տրամադրման գործընթացի ապահովումը

Գործադիրն ընդունել է որոշում՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. ծրագրերի շրջանակում պետական աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով: Առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 15-ից հետո դիմած և չորրորդ եռամսյակում դիմող շուրջ 280 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 200 մլն։ Հաշվի առնելով ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը, ինչպես նաև հոկտեմբերի 17-ի դրությամբ փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները՝ 2023 թ. չորրորդ եռամսյակի համար կպահանջվի ևս 200 մլն դրամ շուրջ 280 (45-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 65-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 170-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով) շահառուի վճարում իրականացնելու համար։

Ըստ հիմնավորման՝ 2023 թ. ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 1,2 մլրդ դրամ, սակայն հոկտեմբերի 17-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 2,649 շահառու, որոնց վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ, որից 388-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (363,489,828 դրամ), 777-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (34,802,908 դրամ), 1484-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (1,550,892,860 դրամ)։ Այս ցուցանիշները պայմանավորված են ծրագրերի շրջանակում դիմումների թվի աննախադեպ աճով: Ընդհանուր առմամբ, 2023 թվականին վճարվել է 1,949, 185,596 դրամ, որն ապահովվել է 2023 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար նախատեսված միջոցների, ինչպես նաև բյուջեի վերաբաշխման միջոցով։

Հաստատվել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը. սահմանվել նաև այլ պայմաններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

Կառավարությունը հաստատել է Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը: Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է մշակող արդյունաբերության ոլորտում տնտեսավարողների կողմից նոր կադրերի ներգրավման գործընթացում առաջացող ծախսերի և տրամադրված ռեսուրսների մեղմման, աշխատակիցների հոսունությունը կանխելու, մասնագետների որակավորումը և վերաորակավորումը արտադրությունում արդյունավետ ապահովելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին ակնհայտ է դարձել ոլորտում աշխատուժի ահռելի պահանջարկը, ինչը զուգորդվում է որակավորված մասնագետների պակասով, արդյունքում՝ տնտեսավարողները ստիպված իրականացնում են նոր աշխատողի որակավորման կամ վերապատրաստման գործընթացը՝ արտադրամասում, ինչը գործատուից պահանջում է ֆինանսական, տեխնիկական և տարածքային ռեսուրսներ․ տնտեսավարողը աշխատանքի է վերցնում հմտությունների պահանջներին չհամապատասխանող մասնագետի և սովորեցնելուն զուգահեռ վճարում հասանելիք նվազագույն աշխատավարձը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է փոխհատուցել 12 ամսվա եկամտային հարկի գումար մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք՝ 12 ամիս անընդմեջ այդ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ, աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող երեք տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ: Յուրաքանչյուր աշխատողի մասով տասներկու ամիսների եկամտային հարկի գումարի փոխհատուցումը սահմանվում է առավելագույնը 500.000 դրամի չափով։ Սահմանվում են նաև այլ պայմաններ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Արդյունքում՝ նախատեսվում է ապահովել լրացուցիչ մոտ 3500 նոր աշխատողների ներգրավում մշակող արդյունաբերության տարբեր ոլորտներ։

Կապահովվի քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականությունը

Կառավարությունը սահմանել է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը՝ քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականության ապահովման, լիցենզավորման ընթացակարգերի հետագա կանոնակարգման ու պարզեցման, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ առաջարկվում է օպտիմալացնել կառուցապատման ընթացակարգի առանձին փուլերը կանոնակարգող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող օրենսդրական ակտերը, դրանք մեկ ընդհանրական փաստաթղթում միավորելու, առկա փոխհատումներն ու կրկնությունները վերացնելու, լիցենզիաների տրամադրման առավել հստակ և հնարավորին պարզ պայմաններ սահմանելու միջոցով` դրանք փոխկապակցելով օբյեկտների ռիսկայնության աստիճանի հետ: Նախատեսում է թվայնացնել լիցենզավորման ընթացակարգային ամբողջ գործընթացը` սկսած փաստաթղթերը առցանց ներկայացնելուց մինչև էլեկտրոնային ձևաչափով պաշտոնական լիցենզիա ստանալը` առանց այն վերցնելու ֆիզիկական ներկայության պարտավորության, միևնույն ժամանակ` տրամադրելով լիցենզիայի էլեկտրոնային տարբերակը: Էլեկտրոնային համակարգը պետք է համակցված լինի բնակչության պետական ռեգիստրին, իրավաբանական անձանց պետական ռեգիստրին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գործող թվային գրանցամատյաններին և այլ պետական և տեղական մարմիններում գործող գրանցամատյաններին, որի արդյունքում պետք է ինքնաշխատ եղանակով ստուգի ներկայացված փաստաթղթերը և բացառի սխալ տեղեկատվության ներկայացումը։

Օրենսդրական նախաձեռնություններ. կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծին: Օրինագծով ՀՀ 2024 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 2,815.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 3,298.0 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 482.9 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2024 թ. բյուջեները գնահատվում են եկամուտների գծով՝ 248.7 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 248.7 մլրդ դրամ:

Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման հիմքում հարկային կարգապահական չափորոշիչների ներդրման անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարել, եթե շահաբաժին վճարող կազմակերպությունը բավարարում է որոշակի հարկային կարգապահական չափորոշիչների։ Առաջարկվում է փոխհատուցում չկատարել, եթե շահաբաժին վճարող՝ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը՝ ստացված շահաբաժիններից ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում, մասնավորապես այն դեպքում, երբ համալիր հարկային ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումների մասով՝ ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման ակտով կամ անբողոքարկելի դարձած այլ վարչական ակտով արձանագրված հինգ միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն։ Արդյունքում ակնկալվում է ապահովել շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների՝ շահաբաժին վճարող կազմակերպության հարկային կարգապահական չափորոշիչների բավարարման դեպքում փոխհատուցումը։

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի մի դատարանից մեկ այլ դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև գործի նյութերի էլեկտրոնային եղանակով փոխանցումը: Էլեկտրոնային համակարգերի ներդրումը կնպաստի ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար: Օրինագծերով առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական ու վարչական գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը։

Հավանություն է տրվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքներին: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում` պետական կառավարման լիազոր մարմնի, մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանում և տարանջատում, բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի փոխանցման պահանջի սահմանում, բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման առանձնահատկությունների և սահմանափակումների սահմանում, պատասխանատվության նախատեսում՝ նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունների չկատարման համար:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ դատափորձագիտական գործունեության ոլորտում համակարգող խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագիրը ենթադրում է դատափորձագիտական ոլորտում բազմակողմանի և կանոնավոր փոխգործակցության հաստատում՝ միտված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև՝ տվյալ ոլորտում քաղաքացիների շահերի ապահովման գործում արդյունավետության բարձրացմանը։ Համաձայնագրի կնքմամբ նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների դատական փորձաքննությունների մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ստեղծում: Խորհուրդը ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինն է, որն իր իրավասությունների շրջանակում կոչված է լինելու ապահովել ԱՊՀ մասնակից պետությունների դատական փորձաքննության մարմինների փոխգործակցության կազմակերպումն ու համակարգումը, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների հետ դատափորձագիտական ոլորտում մասնագիտական համագործակցությունը։ Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերից յուրաքանչյուրը նշանակում է պետական իրավասու մարմին, որը պատասխանատու է համաձայնագրի դրույթների իրականացման և դատափորձագիտական ազգային մարմինների միջև համագործակցության համակարգման համար: Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն ու գործառույթներն են՝ դատափորձագիտական գործունեության ոլորտում համագործակցության գերակա ուղղությունների որոշում, դատափորձագիտական գործունեության ոլորտում տեղեկատվական-վերլուծական և գիտամեթոդական աշխատանքի իրականացում, աջակցություն՝ համաձայնագրի մասնակից պետությունների դատափորձագիտական գործունեության ոլորտում ազգային օրենսդրության մոտարկմանը, ներդաշնակեցմանը և այլն:

Հավանության է արժանացել 2023 թ. հուլիսի 19-ին Բրյուսելում և նոյեմբերի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Համաձայնագրի հաստատմամբ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի բյուջետային աջակցություն՝ 9 մլն եվրոյի չափով: Եվս 2 մլն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար: Գործողության ընդհանուր նպատակը Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտների միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը նպաստելն է, որոնք կապված են բարեվարքության և հաշվետվողականության, անկախության, որակի, արդյունավետության և ինստիտուտների հասանելիության հետ՝ բնակչության համար համարժեք ծառայություններ ապահովելու համար։ Գործողությունը, մասնավորապես, միտված է՝ քրեական արդարադատության համակարգի համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին, այդ թվում՝ գենդերային հարցերի մասով, հակակոռուպցիոն ինստիտուտների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին և այլն: Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը, ի թիվս այլնի, միտված է բարելավելու ներդրումային միջավայրը և բարձրացնելու ՀՀ՝ որպես վեճերի լուծման հարթակի հեղինակությունը տարածաշրջանում: Միևնույն ժամանակ, այն միտված է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը և խրախուսել ավելի արագ, ծախսարդյունավետ վեճերի լուծման մեխանիզմը, ինչպես քաղաքացիների այնպես էլ գործարարների համար:
 

← Վերադառնալ