Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունն այս տարի պետբյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել մարզերին` սուբվենցիոն ծրագրերի համար

10.10.2024

ևս 11 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 391 մլն դրամ՝ 20 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորելու համար։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերն իրականացվում են 18 համայնքներում: «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կլինի, որ Կառավարությունը բյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար», -ասել է Գնել Սանոսյանը:

Գումարը հատկացվել է հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզ՝ Ապարան համայնքի Արագած բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցում՝ կատարված է աշխատանքների 50 %-ը, Արևուտ համայնքի Դդմասար բնակավայրում ՕԿՋ-ի և սնող ջրատարի վերանորոգում՝ կատարված է աշխատանքների 75 %: Արարատի մարզ՝ Վեդի համայնքի Գոռավան, Այգավան, Վանաշեն, Նոր Ուղի և Փոքր Վեդի բնակավայրերի փողոցների գազիֆիկացում՝ կատարված է աշխատանքների 85 %-ը, Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի լուսավորության համակարգի կառուցում՝ կատարված է աշխատանքների 85 %-ը, Արարատ համայնքի Արարատ գյուղական բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ՝ կատարված է աշխատանքների 90 %-ը: Արմավիրի մարզ՝ Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքային բնակավայրի Աբովյան փողոցի 1/2 հասցեով մանկապարտեզի բակի բարեկարգում, Առատաշեն գյուղական բնակավայրի Ա.Այվազյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի բարեկարգում՝ աշխատանքներն ավարտված են, Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի փողոցների ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են, Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցում՝ կատարված է աշխատանքների 85 %-ը, Արմավիր համայնքի Արմավիր քաղաքային բնակավայրի Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգում և կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի կառուցում՝ աշխատանքներն ավարտված են: Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիրի կառուցման և «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքներ՝ աշխատանքներն ավարտված են, Մարտունի համայնքի Մարտունի քաղաքային բնակավայրի Շահումյան փողոցի և Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան, 12-րդ և 3-րդ փողոցների ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են, Գավառ համայնքի Գավառ քաղաքային բնակավայրում և Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն գյուղական բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի կառուցում և առկա համակարգի արդիականացում՝ կատարված է աշխատանքների 95 %-ը: Կոտայքի մարզ՝ Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում՝ աշխատանքներն ավարտված են, Ծաղկաձոր համայնքի կարիքների համար գրեյդեր մեքենայի ձեռքբերում՝ աշխատանքներն ավարտված են: Շիրակի մարզ՝ Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում՝ աշխատանքներն ավարտված են: Սյունիքի մարզ՝ Կապան համայնքի Կապան բնակավայրի Ավետիսյան փողոցի N 2, 4, 6, 28, 30, 32, 34 և Պապյան փողոցի N 5, 6, 7, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24 և 26 շենքերի բակերի ասֆալտապատում՝ կատարված է 95 %-ը: Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Օրբելի փող, Արսենյան նրբ․ և Գագարին փողոցների լուսավորության ցանցի կառուցում՝ աշխատանքներն ավարտված են, Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են, Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում ոռոգման ցանցի 400 գծմ հատվածի կառուցում՝ աշխատանքներն ավարտված են: Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ ընկած ճանապարհահատվածի ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են:

Կապահովվի ՀՀ առանց մաքսատուրքի էլեկտրոմոբիլների ներմուծման գործընթացը

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ԵՏՀ Խորհրդի 2023 թ. նոյեմբերի 24-ի որոշմանը համապատասխան՝ ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է ապահովել 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության՝ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 6524 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնցից 4658-ը ներմուծվել են ֆիզիկական անձանց կողմից (71.4 %), իսկ մնացած 1866-ը (28.6 %) իրավաբանական անձանց կողմից: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության՝ ներկա դրությամբ, նախատեսված 7400 հատ չափաքանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների սակագնային քվոտան սպառվել է, որոշում է կայացվել իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը՝ ապահովելով 2024 թ. համար ՀՀ-ին հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այս որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նախորդ տարիներին երբևէ 8000 էլեկտրոմոբիլի քվոտան չի սպառվել. «Տարիներ են եղել, որ նույնիսկ մի քանի տասնյակ մեքենա է ներմուծվել: Այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել, և հոկտեմբերի 1-ի դրությամբ նախատեսված 7400 էլեկտրոմոբիլի քվոտան սպառվել է, ուստի որոշվել է իրացնել 600 հատ ռեզերվը»:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում։ «Երկու կամ երեք տարի առաջ մենք որոշում կայացրեցինք և էլեկտրոմոբիլների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի արտոնություն սահմանեցինք: Այսինքն՝ սովորաբար, այդ թվում՝ էլեկտրոմոբիլներ ներմուծելիս, քաղաքացին կամ իրավաբանական անձը պետք է վճարի և՛ ավելացված արժեքի հարկ՝ ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով, և՛ մաքսատուրք՝ ձեռքբերման գնի 15 տոկոսի չափով: Մենք կայացրեցինք որոշում, որ ավելացված արժեքի հարկ չենք գանձում էլեկտրոմոբիլների ներմուծման պարագայում: ԵԱՏՄ ֆորմատով սահմանված 8000 քվոտան սպառվելուց հետո, քաղաքացիները, էլեկտրոկան շարժիչով ավտոմեքենա ներմուծելիս, կրկին ավելացված արժեքի հարկ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք: Սա կարևոր նրբություն է, քանի որ նույնիսկ այս քվոտան սպառելուց հետո, էլեկտրական շարժիչով ավտոմոբիլների ներկրման համար արտոնյալ պայմանները չեն վերանում, չեն զրոյանում»,- ասել է վարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին նշել է, որ այդ առումով գլոբալ իմաստով Հայաստանը ևս մեկ լուրջ արտոնություն ունի. «Մենք այն քիչ երկրների շարքում ենք, որ ուտիլիզացիոն տուրք չենք սահմանում, ինչը բավականին լուրջ խթան է»։

Նիկոլ Փաշինյանը նաև գոհունակությամբ արձանագրել է, որ և՛ մայրաքաղաքում, և՛ մայրուղիներում արդեն կան էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների լիցքավորման կետեր այդ թվում՝ բենզալցակայաններում և գազալցակայաններում:

Փոփոխություններ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում. նոյեմբերին ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ կամավոր ատեստավորումը փորձնական կարգով մեկնարկել է 2021-ին: Նախարարությունը, վերլուծելով նախորդ տարիների փորձը, հանգել է այն եզրակացության, որ թղթային տարբերակով իրականացվող կամավոր ատեստավորումը ժամանակի հետ կապված խնդիրներ ու այլ բարդություններ է առաջացնում ուսուցիչներին համար: «Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղանակն ենք ներդնում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան ատեստավորմանը մասնակցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով: Այս մեխանիզմով կկարողանանք էապես կրճատել ժամանակը, որը ծախսվում էր, օրինակ, առաջադրանքները լուծելու, այնուհետև այդ առաջադրանքների պատասխանները ձևաթղթում անցկացնելու մասով, և այստեղ նաև չէին բացառվում տեխնիկական վրիպակները և անճշտությունները, որոնք գրանցվում էին: Սա ևս մեկ միջոց կլինի խրախուսելու ուսուցիչների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ուսուցիչը լրացնելով թեստը, այն ավարտելուց հետո կտեսնի իր արձանագրած արդյունքները՝ որքան են ճիշտ կամ սխալ եղել։

Հստակեցվել է նաև բողոքարկման ընթացքը, ինչպես նաև այն, թե որ առարկաներից ուսուցիչները կարող են դիմել ատեստավորման: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս պահին դիմումների ընդունումն ավարտվել է: Շուրջ 6000 ուսուցիչ է դիմել՝ թե՛ ուսուցիչներ, թե՛ մանկավարժի որակավորմանը համապատասխանող չաշխատող քաղաքացիներ, որոնք կամավոր ատեստավորումն անցնելուց հետո աշխատանքի կանցնեն դպրոցներում: Նախատեսվում է՝ այս տարի ատեստավորման գործընթացը մեկնարկել նոյեմբերի 9-ից: Նախարարը կարևորել է՝ էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացվի իր թեստը, առաջադրանքները նույնական են, նույն բարդության, սակայն հարցերի հաջորդականությունը տարբեր է լինելու:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և հետաքրքրվել՝ այսուհետ թղթային տարբերակով ատեստավորում չի լինելո՞ւ: Ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ ամբողջ հանրապետությունում՝ և՛ Երևանում են, և՛ մարզերում նախատեսվում է 35 քննական կենտրոն ունենալ: «Քանի որ սա առաջին տարին է, կարգում անհնարինության դեպքում թղթային տարբերակը չենք բացառել, սակայն նաև այս տարվա աշխատանքից հետո կհասկանանք՝ ինչքանով է անհրաժեշտ թղթային տարբերակը զուգահեռ պահել»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ: Սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին:

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սահմանվել է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգ

Գործադիրը սահմանել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման գործողությունների կատարման բացառություններ: Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի տիրապետողներ կամ օգտագործողներ, հանրապետությունում դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ: Այս առումով, անհրաժեշտություն է առաջացել պետական իրավաչափ մոտեցմամբ, սոցիալական արդարության հիման վրա, պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ-ից բռնի տեղահանված, այդ տրանսպորտային միջոցները իրավաչափորեն փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա: Միաժամանակ, նախատեսվում է որոշմամբ սահմանված ժամկետում նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ շահառու հանդիսացող անձանց անվամբ ՀՀ-ում սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում շահառուներից չպահանջել փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։

Կսահմանվեն միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները

Գործադիրը սահմանել է «Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող ՀՀ կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները: Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։ Որոշմամբ սահմանվում են ավտոճանապարհային փոխադրումներ իրականացնող օպերատորի գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմանները, մասնավորապես այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ավտոճանապարհային փոխադրումներ իրականացնող օպերատորի գործունեությամբ, պետք է՝ ունենան գործող և կայուն գործունեության իրականացման վայր որևէ անդամ պետությունում, ունենան՝ բարի համբավ, համապատասխան ֆինանսական կարգավիճակ, անհրաժեշտ մասնագիտական որակավորում։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, կբարձրանան ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում երթևեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ: Արդյունքում՝ միջազգայնորեն ընդունված վկայականների և որակավորման այլ փաստաթղթերի տրամադրումը կապահովի հայկական փոխադրողների մուտքը միջազգային շուկաներ և ԵՄ երկրներ, կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը, կապահովվի ոլորտում մրցակցության միասնական կանոնների առկայությունը:

Կառավարությունը հաստատել է նաև գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը: Ըստ այդմ՝ կհստակեցվեն միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը և դրանց կիրառման պայմանները:

Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար

Կառավարությունը սահմանել է Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը: Որոշման ընդունումը կնպաստի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության հասանելիության ապահովմանը։ Կարգի սահմանումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։ Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակման գործընթացում հարցում է անցկացվել Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանում: Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների մի զգալի հատված միջին և միջինից ցածր է գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները։ Հայաստանում զբոսաշրջության բնագավառում առկա խնդիրներից են հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ իրենց տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայանալն ու դրանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ չունենալը։ Զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությամբ նախատեսված է 2024 թ. սեպտեմբերի 1-ից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա, ինչը թույլ կտա նաև նոր կարգավորումներ ներդնել հյուրանոցային ծառայությունների ոլորտում։ Այդ փոփոխությունը կնպաստի նաև ՀՀ-ում ծառայությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման, վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, զբոսաշրջության բնագավառում վիճակագրության բարելավմանը։

Օրենսդրական նախաձեռնություն. կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար կիրառվող պատասխանատվության արդարացի մոդել

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր` տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառվող վնասի չափի։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 50000 դրամի չափով: Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար կիրառվող պատասխանատվության արդարացի մոդել, որը կլինի ընկալելի հարկ վճարողի համար և միաժամանակ կապահովի պետության կողմից սահմանված` դասակարգիչների արտացոլման պահանջի կատարումը:

Միջազգային համագործակցություն

Գործադիրի հավանությանն է արժանացել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի կնքումը նպատակ է հետապնդում ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխանող՝ կողմերի պետությունների քրեակատարողական ծառայությունների համար բարձր մակարդակի կադրերի պատրաստում, ինչպես նաև տվյալ բնագավառում փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծում: Համաձայնագրով կսահմանվի քրեակատարողական ծառայությունների համար կադրերի ուսուցման նպատակով հայտերի ներկայացման ընթացակարգը:

Հավանություն է տրվել նաև 1997 թ. ապրիլի 4-ին ստորագրված «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման, Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիան միակ իրավական պարտադիր ուժ ունեցող միջազգային գործիքն է, որը կիրառելի օրենսդրական շրջանակ է սահմանում և՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, և՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար: Հայաստանի կողմից ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը կարևոր նշանակություն ունի՝ վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքները առողջապահության ոլորտում պաշտպանելու տեսանկյունից։ Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԽ կողմից մշակված օրենսդրական փաթեթի բաղկացուցիչ մասն է և սահմանում է այնպիսի կարևոր հարցերի կարգավորումներ, ինչպիսիք են` պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում էթիկական ասպեկտների պահպանումը և այլն։

Այլ որոշումներ. պրոբացիայի ծառայողների համար կներդրվի ատեստավորման կարգ

Կառավարության որոշումներով սահմանվել են Պրոբացիայի ծառայողների ատեստավորման կարգը, ինչպես նաև ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը: Մասնավորապես՝ սահմանվել են պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման կարգը, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը, ատեստավորման փուլերը, թեստավորման հարցաշարերի կազմման հիմնական սկզբունքները, գնահատման կարգը, ատեստավորման կազմակերպման այլ առանձնահատկությունները։ Ատեստավորման արդյունքներով պայմանավորված պրոբացիայի ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Արդյունքում՝ հնարավոր կլինի գործնականում սկսել պրոբացիայի համապատասխան ծառայողների ատեստավորումը, ինչը կնպաստի նաև պրոբացիայի ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի ներգրավմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի Պրոբացիայի ծառայության համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը:

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման համար պետական աջակցության ընթացքն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել էր մեկ տարով, և մինչև տարեվերջ վճարման ենթակա կանխատեսվող գումարը կազմում է շուրջ 1 մլրդ դրամ: Ներկայումս ծրագրի շահառուների թիվը հասնում է շուրջ 16000-ի: Ակնհայտ է, որ շահառուների թիվն կավելանա, և նախատեսվում է, որ մինչև 2024 թ. դեկտեմբերի վերջ այն կկազմի մոտ 18000: Տվյալ պահի դրությամբ՝ ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված վարկի գումարը կազմում է շուրջ 35 մլրդ։

Գործադիրի որոշմամբ «Պրոֆմետ» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պողպատյա խողովակների և պրոֆիլների արտադրության համար՝ իրականացնելով 6.1 մլրդ դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 34 աշխատատեղ 265 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 42-ի՝ 380 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 305.9 մլն դրամ:

 

← Վերադառնալ