Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
- 1670x1113px - 613 Կբ
- 1670x1113px - 664 Կբ
- 1670x1113px - 673 Կբ
- 1670x1113px - 656 Կբ
- 1670x1113px - 678 Կբ
- 1670x1113px - 522 Կբ
- 1670x1113px - 552 Կբ
- 1670x1113px - 548 Կբ
- 1670x1113px - 542 Կբ
- 1670x1113px - 555 Կբ
- 1670x1113px - 636 Կբ
- 1670x1113px - 691 Կբ
- 1670x1113px - 579 Կբ
- 1670x1113px - 673 Կբ
- 1670x1113px - 685 Կբ
ևս 12 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Առաջարկվում է՝ շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության արդյունքում ձևավորված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, որը կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը, ֆինանսական աջակցությունը տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով։ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, բեռն ավելի քան 100 մլրդ-ով ավելացել է. «Հենց սա էլ ստիպել է մտածել այս նախագծի մասին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու: Անհուսալի դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ: Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրներն ու անհուսալի վարկ ունեցող վարկառուներին ոչ ֆորմալ կամ ստվերային զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառումը, որի շրջանակում կարող են շահառու դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասվող առնվազն 3 տարի: Շահառուին նախատեսում ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե վերջինս ունենա ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն: Աջակցությունը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափ, և այն կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը»: Ըստ նախարարի՝ շահառուների խմբի 65 տոկոսը 26-50 տարեկանի միջակայքում է, այսինքն՝ գտնվում են աշխատունակության ամենաակտիվ շրջանում: Այս խմբի անձանց ճնշող մեծամասնությունը դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից: «Կենտրոնական բանկի և գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի և տուգանքների համար մինչև 80 տոկոսի չափով զիջում կսահմանեն: Սա արդեն իրականացման փուլում կքննարկենք», - ասել է նախարարը:
Ակնկալվում է, որ միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմելու ժամանակահատվածում՝ մինչև 2026 թ. հունվարի 31-ը, թիրախային խմբի շուրջ 60 տոկոսը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները: Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է թվային հարթակ, քաղաքացիներն այդ հարթակով կարող են դիմել ու դառնալ շահառու: «Սա վարկերի ներում չէ, այլ մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ իրենց աշխատանքի միջոցով, իրենց աշխատավարձի եկամտահարկով և նաև որոշակի ընդառաջումներով պետք է կարողանան մարել իրենց վարկը: Եվ կարևորը նախապայմանը՝ ֆորմալ զբաղվածությունն է, այսինքն՝ առանց աշխատանքի իրենք չեն կարող դառնալ այս համակարգի շահառու»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ այն կարևոր որոշում է, սակայն հայեցակարգային խնդիր կա: «Վերջին շրջանում առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ֆունդամենտալ խնդիրներից մեկը փողի հետ մեր հարաբերությունների հարցն է և՛ պետական, և՛ անհատական առումով: Այս հարաբերություններում շատ խորը պրոբլեմներ կան մեր հանրության մեջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և մանրամասնել, որ հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկը վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն: Այս առումով, ըստ վարչապետի, ունենք ֆինանսական գրագիտության ֆունդամենտալ խնդիրներ:
Ծրագրի արդյունավետության համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է իրազեկման հարցը և հանձնարարել պատասխանատուներին քննարկել և գտնել տարբերակ, թե ինչպես հնարավոր կլինի ծրագրի շահառուներին անձնապես որոշման մասին տեղեկացնել:
Նարեկ Մկրտչյանի խոսքով, իրազեկման հատվածը ծրագրի իրականացման ամենակարևոր հատվածներից մեկն է, այս ուղղությամբ նաև իրազեկման տեսահոլովակներ են պատրաստվում, որոնք ակտիվորեն կտարածվեն:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ առաջարկել է. «Մարդկանց այն խմբի համար, ովքեր այս ծրագրի շահառու են դառնալու և 24 ամիս կարգապահորեն բանկերի նկատմամբ պարտավորություններ են կատարելու, շատերը նաև գրանցված աշխատողներ են դառնալու, իրենց համար հետագայում այդ «սև ցուցակներից» դուրս գալու մի հատ կամրջային մոտեցում պետք է լինի: Իրենց հիմնական շահը ո՞րն է, իրենք ուզում են ոչ միայն պետության հետ աշխատանքային հարաբերությունները դարձնել թափանցիկ, այլև այդ 24 ամսյա ժամանակահատվածը լրանալուց հետո բանկերի հետ, արդեն որպես վարկունակ, վերականգնված վարկառուներ, փոխհարաբերություններ հաստատել»:
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ սահմանելով ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝ համապատասխան պահանջներին բավարարող շահառուների համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Հարցը վերաբերում է ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին: Այդ ծրագրի շրջանակում Կառավարությունը դեռևս 2024 թվականի հունիսին ընդունած որոշմամբ սահմանել է, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ մեկ տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում: Այս փոփոխությունը պետք է ուժի մեջ մտներ 2024 թ. օգոստոսի 1-ից: Նույն որոշմամբ սահմանվել էր նաև, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել 200 շահառուի: Սակայն 2024 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաստատված և բանկերի կողմից հավաքագրված հայտերի թիվը գերազանցում էր սահմանված սահմանաչափը՝ 2000-ը, ինչի կապակցությամբ նոր դիմումների ընդունման գործընթացը դադարեցվեց ֆինանսական կազմակերպությունների կողմից: Եվ մենք նաև Կառավարության նիստում հայտարարեցինք, որ դադար ենք վերցնում՝ ուսումնասիրելու համար: Արդյունքում շահառուները չկարողացան օգտվել այդ 4 բնակավայրերի համար սահմանված հավելյալ 5 մլն դրամի արտոնությունից»:
Նախարարը հիշեցրել է նաև, որ սեպտեմբերին վարչապետի՝ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում հանձնարարվել էր ապահովել Վայք համայնքի Գոմք բնակավայրում ծրագրի վերաբացումը երիտասարդ ընտանիքների համար: «Ըստ այդմ, առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրի համար՝ հետևյալ քվոտայով՝ մինչև 50 շահառու Ոսկեպարում, մինչև 50՝ Բաղանիսում, 40 շահառու՝ Բերքաբերում, 50 շահառու՝ Կիրանցում և մինչև 30 շահառու՝ Գոմքում: Այս դեպքում պարտադիր է մինչև 13 տարեկան երեխա ունենալը»,-ասել է նախարարը:
Որոշմամբ առաջարկվում է նաև ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցելու համար հնարավորություն տալ ևս 190 շահառուի, որոնց շինթույլտվությունները տրվել էր մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ: «190 շահառու շինթույլտվություն ստացել էին մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը, բայց չէին հասցրել դիմել դրան, քանի որ սահմանաչափը լրացել էր, իսկ նրանք որոշակի ֆինանսական ծախսեր էին արել շինթույլտվության համար, որոշները նաև հողամաս էին ձեռք բերել, որ դառնային այս ծրագրի շահառու»,- պարզաբանել է Նարեկ Մկրտչյանը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ առկա է երկու խումբ. «Առաջին խումբը՝ Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց գումարած Գոմք, որտեղ բացում ենք այնպիսի չափաքանակներ, որոնք, ամենայն հավանականության, առաջին տարվա համար քիչ չեն լինի: Եվ երկրորդ խումբը, որոնք սահմանված կարգով ընթացակարգերով դիմել են նախարարությանը, համարվել են պահանջները բավարարող, ստացել են շինթույլտվություններ»:
Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 3 մլրդ դրամ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրերը 2024 թ. պետբյուջեից՝ 3 մլրդ 395 մլն դրամի չափով: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր: Մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 5 ծրագիր՝ 879.8 դրամ, Արարատի մարզ՝ 2 ծրագիր՝ 97.5 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 8 ծրագիր՝ 393.2 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 9 ծրագիր՝ 880.1 մլն դրամ, Լոռու մարզ՝ 1 ծրագիր՝ 8.7 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 4 ծրագիր՝ 458 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 9 ծրագիր՝ 447.2 մլն դրամ, Սյունիքի մարզ՝ 3 ծրագիր՝ 41.8 մլն դրամ, Վայոց ձորի մարզ՝2 ծրագիր՝ 82 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր՝ 75.7 մլն դրամ:
Վարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը:
Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արտենի բնակավայրի ոռոգման համակարգի հիմնանորոգում (ավարտված), Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի գերեզմանատների ցանկապատում (ավարտված), Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միրաք, Ջամշլու, Կանիաշիր և Ավշեն բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում (ավարտված), Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրում խմելու ջրագծի կառուցում, Միրաք և Ռյա Թազա բնակավայրերում՝ վերանորոգում (ավարտված), Ապարան համայնքի Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան, Սարալանջ, Նիգավան, Թթուջուր, Ձորագլուխ, Երնջատափ, Շողակն բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում (ավարտված), Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ՈԿՖ Բանավան թաղամասի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ (կատարված է աշխատանքների 75%-ը), Արարատ համայնքի Նոյակերտ, Արմաշ և Երասխ բնակավայրերի գազիֆիկացում (կատարված է աշխատանքների 80%-ը), Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 2 (ավարտական փուլ) և Արաքս բնակավայրի մանկապարտեզների հիմնանորոգում (ավարտված), Արմավիր համայնքի Սարդարապատ բնակավայրի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում (ավարտված), Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում (ավարտված), Մեծամոր համայնքի Ջանֆիդա, Մրգաշատ և Արևիկ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում (ավարտական փուլ), Խոյ համայնքի Մոնթեավան բնակավայրի 1-ին և 7-րդ փողոցների գազիֆիկացում (ավարտված), Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրի Երիտասարդական և Մայիսյան փողոցների, Լեռնամերձ բնակավայրի Բարեկամություն փողոցի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտված), Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում (ավարտական փուլ), Արաքս համայնքի Գայ և Ապագա բնակավայրերի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ (ավարտական փուլ), Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի Բաղրամյան 13, Տ. Մեծի 8 և 30 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ (ավարտված), Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում արցախյան 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցում (ավարտված), Մարտունի համայնքի Արծվանիստ, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ն․Գետաշեն, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցում (ավարտված), Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի վերանորոգում (ավարտված), Մարտունի համայնքի Մարտունի, Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Վ․ Գետաշեն, Լիճք, Ծակքար և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցում (կատարված է աշխատանքների 95%-ը), Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Նարեկացի, Թումանյան, Արցախի, Պարույր Սևակի, Կոմիտասի փողոցների, Շահումյան փողոցի հարակից հատվածի մայթերի կառուցում քարե սալիկներով (կատարված է աշխատանքների 95%-ը), Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Երիտասարդության փողոցի 14 և 16 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում (ավարտված), Վարդենիս համայնքի Փամբակ, Արփունք, Ծովակ, Խաչաղբյուր, Ավազան, Ակունք, Կարճաղբյուր, Լճավան բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցում (կատարված է աշխատանքների 90%-ը), Գավառ համայնքի Գավառ, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ (կատարված է աշխատանքների 80%-ը), Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի Լերմոնտովո բնակավայրի փողոցների վերանորոգում՝ ասֆալտի շերտի վերականգնում (ավարտված), Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի 1-ին, Զառ բնակավայրի Ռ. Վասիլյան, փողոցների ասֆալտապատում (ավարտված), Նաիրի համայնքի Եղվարդ, Զովունի, Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտական փուլ), Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցի և Պտղնի բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտված), Նոր Հաճն համայնքի Թեղենիք բնակավայրի համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգում (կատարված է աշխատանքների 60%-ը), Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի չգազաֆիկացված հատվածի գազիֆիկացման աշխատանքներ (ավարտված), Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի գազիֆիկացման աշխատանքներ (ավարտված), Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատում (ավարտված), Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի 2-րդ և 8-րդ փողոցների ասֆալտապատում (ավարտված), Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Հ․ Հովսեփյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտված), Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատում (ավարտված), Արթիկ համայնքի Փանիկ, Հոռոմ, Սպանդարյան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում (ավարտված), Աշոցք համայնքի Թորոսգյուղ բնակավայրի 1-ին փողոցի և Բավրա բնակավայրի 6-րդ փողոցի սալարկում (ավարտված), Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատում (ավարտված), Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցում/վերակառուցում (ավարտված), Կապան համայնքի Կապան բնակավայրի Բաղաբերդ թաղամասի թիվ 6/83 հասցեում գտնվող ակումբ-գրադարանի նորոգում (ավարտված), Կապան համայնքի Կապան բնակավայրի «Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի մասնակի վերանորոգում և ջեռուցման համակարգի վերականգնում (ավարտական փուլ), Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցում (կատարված է աշխատանքների 65%-ը), Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում /1-ին փուլ/ (ավարտված), Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի փողոցների տուֆապատում (ավարտական փուլ), Բերդ համայնքի Նավուր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում (ավարտական փուլ), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Ղալումյան փողոցի տուֆապատում (ավարտական փուլ):
Դավիթ Խուդաթյանը նշել է նաև, որ այս որոշմամբ 2024 թվականին արդեն պետբյուջեից համայնքներին հատկացվել է 29, 2 մլրդ դրամ, պլանավորվում է մինչև տարեվերջ այս թիվն ավելացնել:
Անդրադառնալով ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն նպաստում է մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը. «Եթե, օրինակ, որևէ ճանապարհ ասֆալտապատում կամ սալարկում ենք, այդ ճանապարհին գտնվող բոլոր տների գները բարձրանում են: Բյուջեից ծախսվող գումարն ամեն ընտանիքի ընտանեկան բյուջեի մաս է, մարդն իր տանը նստած՝ իր կապիտալն աճում է։ Մենք անընդհատ պետք է ասենք, որ պետական բյուջեն ընտանեկան բյուջե է: Ով մարտահրավեր կնետի այս շեշտադրմանը, ես կապացուցեմ, որ այն իր ընտանեկան բյուջեի մաս է: Շատ կարևոր գիտակցում է՝ ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է»:
Վարչապետն ընդգծել է նաև պետբյուջեի արդյունավետ ծախսերի կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կառավարությունն ընդունել է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» և «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» որոշումներ: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, վերջինս ուժի մեջ է մտնելու 2025թ փետրվարի 20-ից:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է ստեղծված իրավիճակը՝ Գյումրու ավագանու խմբակցություններից մեկն ամբողջ կազմով վայր էր դրել մանդատները, քաղաքապետը, տեղակալները հրաժարական էին տվել: «Եվ այս իրադրությունից այլ ելք, քան արտահերթ ընտրությունների գնալը, չկա: Կամ, եթե նույնիսկ տեսականորեն կա, այն ընդունելի չէ, որովհետև կարծում ենք, որ գյումրեցիները պետք է հնարավորություն ունենան ընտրել իրենց ավագանին և քաղաքապետին, և մենք ընդամենն իրավական ընթացակարգերն ենք ապահովում»,–ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարը նշել է նաև, որ առաջին անգամ իրականացվել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության նախնական քվեարկություն: «Առաջին այդ փորձը շատ կարևոր էր ու հաջողված: Հետագայում, գոնե կառավարող կուսակցությունում կա ըմբռնում, որ բոլոր այն տեղերում, որտեղ չունենք գործող համայնքի ղեկավար, այդ դեպքերում այս մեխանիզմով մեր թեկնածուին կընտրենք, ինչը կարծում եմ՝ ժողովրդավարական ևս մի կարևոր ինստիտուտ է, որը մենք ներդնում ենք ՀՀ-ում: Սրանով նաև հնարավորություն է ստեղծվում վարչապետի կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու: Վաղը, նախնական քվեարկության արդյունքներով, կկատարեմ այդ նշանակումը», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը. «Ես ուզում եմ պարոն Մուրադյանին շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել՝ հետագա համագործակցության հույսով և հեռանկարով»:
Մուշեղ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար. «Շուրջ 2 տարվա ընթացքում իմ հմտությունների, գիտելիքների, հնարավորությունների և լիազորությունների շրջանակում ինչքան կարողացել եմ՝ ծառայել եմ ՀՀ-ին, Շիրակի մարզը զարգացնելուն: Անմիջապես Ձեր օգնությամբ Կառավարության բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Շիրակի մարզում: Լիահույս եմ, որ դա շարունակական կլինի, և օգտվելով առիթից՝ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզի բնակիչներին, համայնքներին՝ համատեղ աշխատանքի համար, որոնց առօրյա հոգսով և կյանքով ապրել եմ ու շարունակելու եմ ապրել: Մշտապես կլինեմ իմ թիմի կողքին»:
Գումար կուղղվի թանգարանների կառավարման միասնական մոդելի գործարկմանը, մշակույթի գործիչների խրախուսմանը, դպրոցական բաժանորդային համակարգի և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի իրականացմանը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում:
Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառ» ծրագրի իրականացմամբ, մշակույթի գործիչներին խրախուսում տրամադրելու անհրաժեշտությամբ, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի իրականացմամբ:
Լրացուցիչ ֆինանսավորումը ուղղվելու է «Մշակույթի զարգացման» հիմնադրամի կանոնադրական առաջնային նպատակի՝ թանգարանների կառավարման միասնական մոդելի գործարկմանը: Թանգարանների կառավարման միասնական մոդելը թանգարանների կառավարման համապարփակ մոտեցում է, որն ապահովելու է տարբեր գործառույթների ինտեգրում, որպեսզի բարելավի ընդհանուր աշխատանքային արդյունավետությունը, կազմակերպությունը կարողանա արագ և արդյունավետ արձագանքել փոփոխվող պայմաններին, մարտահրավերներին և հնարավորություններին: Թանգարանների կառավարման միասնական մոդելը նախատեսում է տարբեր գործառույթների մեկտեղում և իրականացում հիմնադրամի կողմից, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել թանգարանային գործունեությունը:
«Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառ» ծրագրի կազմակերպման առանցքային նպատակն է երիտասարդ կատարողների բացահայտումը, նրանց ստեղծագործական գործունեությունը խթանումը և բեմ տրամադրելը, մշակութային միջավայր ստեղծումը: Միջոցառումը թույլ կտա նորահայտ երիտասարդ կատարողների համար ստեղծել մշակութային հարթակ, մրցանակներով խրախուսել մրցույթ-փառատոնի լավագույն մասնակիցներին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքի բնակչությանը հաղորդակից դարձնել ամանորյա տոներին:
Դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։ Դրամական խրախուսումը նախատեսվում է հատկացնել «ՀՈՇԿԻ ՖԻԼՄ» ՍՊԸ-ին ՖԻԱՊՖ-ի կողմից որակավորված (ըստ ուղղվածության) Տամպերե միջազգային կինոփառատոնում մասնակցելու համար, «ԲՈՒՄԵՐԱՆԳ ՄԵԴԻԱ.ԱՄ» ՍՊԸ -ին՝ ՖԻԱՊՖ-ի (FIAPF)-ի կողմից որակավորված Վենետիկի միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար, ինչպես նաև Նարինե Գրիգորյանին՝ Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին (Չեխովյան փառատոն) մասնակցելու համար։
Դպրոցական բաժանորդային համակարգ ծրագրի շրջանակում անհրաժեշտ է փոխհատուցել 2024 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների կողմից մատուցած ծառայությունների դիմաց: Դպրոցական բաժանորդային համակարգ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը կազմում 128047.2 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Հաշվի առնելով, որ ծրագրում ներկա պահին առկա է 1028.8 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ անհրաժեշտ է լրացուցիչ 127018.4 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):
Ըստ հիմնավորման՝ մինչև տարեվերջ ԿԳՄՍ նախարարության կողմից կիրականացվեն մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն մշակույթի հանրայնացմանն ու միջազգայնացմանը, երիտասարդ սերնդի համար ստեղծագործական ժառանգությանը հասանելիության խթանումը, մշակույթի դերի մեծացմանը, ընդլայնմանը, մշակութային կյանքին հասարակության մասնակցության և ակտիվ հաղորդակցության ապահովմանը, արվեստի տարածմանն ու ժառանգության պահպանմանը:
Կխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները
Գործադիրն ընդունել է որոշում՝ բասկետբոլ և հեծանիվային մարզաձևերի մասնագետների և մանկավարժների գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացումն ապահովելու նպատակով վերապատրաստում կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2025 թվականին նախատեսվում է ՀՀ-ում կազմակերպել և իրականացնել բասկետբոլի «Դպրոցականների լիգա» միջոցառման անցկացում, որի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում կազմակերպել 70 մասնագետների վերապատրաստում: Վերապատրաստման ընթացքում ՀՀ մարզերի 44 համայնքների, Երևան քաղաքի 12 վարչական շրջանների ֆիզկուլտուրայի ուսուցիչները և ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի 1 սպորտի պատասխանատուներ, մասնակցելով վերապատրաստման դասընթացին, հնարավորություն կստանան ապահովել միջոցառման պատշաճ կազմակերպումը: Բացի այդ, 2024 թ. պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին թվով 6500 հեծանիվներ են տրամադրվել ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի 1373 հանրակրթական ուսումնական հաստատությունների, հաշվի առնելով տարվող քաղաքականությունը և հանրակրթական դպրոցին տրված հեծանիվները նպատակին ծառայեցնելու հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել տվյալ մարզաձևի 1373 մանկավարժների շրջանում ևս կազմակերպել վերապատրաստման դասընթացներ: Արդյունքում՝ հնարավորություն կտրվի մեծացնել կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, խրախուսել բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները, խթանել և ամրապնդել մասնագետների և մանկավարժների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, ինչպես նաև զարգացնել որակական հատկանիշները, մասնավորապես՝ բարձրացնել մասնագիտական գիտելիքների մակարդակը և պարապմունքի որակը։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովվել օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացումը։
Գործադիրն ընդունել է որոշում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման, 2024-2025 ուսումնական տարում 1-ին կուրս ընդունված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցման, ինչպես նաև ՀՀ մարզերում գործող նախնական և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների սովորողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. նոյեմբերի 8-ի դրությամբ ԿԳՄՍ նախարարությունում հավաքագրվել է շուրջ 247 ուսանողի վերաբերյալ տեղեկատվություն, որոնց 2024-2025 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 30710.5 հազար դրամ:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունն ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցչի (կապի սպայի) մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի՝ Եվրոպոլում ունենալու կապի ներկայացուցիչ (կապի սպա), ում միջոցով անմիջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ՝ Եվրոպական միության անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ: Արդյունքում, կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև՝ Եվրոպոլի և վերջինիս հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը:
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվել է մինչև 2026 թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: 300 դպրոցի ցանկում նախատեսվում է ներառել նաև Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» 3,000,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային համաձայնագրի նախագծի կատարման արդյունքում կապահովվի Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցումը, դպրոցի շենքի պահպանման ուղեցույցի մշակումը և դպրոցների 56 վարչական աշխատակազմերի վերապատրաստումը այդ ձեռնարկի կիրառության թեմայով, ուսումնական այցը Ճապոնիա՝ սեյսմիկ աղետի կառավարման, ճարտարագիտության և կայուն քաղաքաշինության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու համար, սեյսմիկ ռիսկերի և արձագանքման վերաբերյալ իրազեկման ծրագրերի մշակումը և իրականացումը 10-19 տարեկան 200 000 աշակերտների թիրախային բնակչության համար, այլ արդյունքներ, որոնք կնպաստեն աղետների կանխարգելման և կլիմայի փոփոխության դեմ պայքարին:
Կհստակեցվեն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմաններն ու սահմանված որոշ դրույթներ
Կառավարության որոշմամբ կհստակեցվեն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմաններն ու սահմանված որոշ դրույթներ: Անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել և հստակեցնել լիզինգի մարման ժամկետները, սուբսիդավորման տոկոսադրույքը և սուբսիդիայի տրամադրման գործընթացը։ Առաջարկվում է ծրագրում սահմանել դրույթ, համաձայն որի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։ Լիզինգի պայմանագրի կնքման պահից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրը կարող է հաշվարկվել տոկոս, որը չի սուբսիդավորվում և չի կարող գերազանցել լիզինգի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը։ Միաժամանակ, սահմանվել է, որ լիզինգի տրամադրման և աջակցության պայմանների պահպանման պատասխանատվությունը կրում է ֆինանսական կառույցը։ Առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում տրակտորների համար, ինչպես նաև տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում՝ 6 տարի լիզինգի մարման ժամկետի փոխարեն սահմանել 5-6 տարի, իսկ կոմբայնների դեպքում՝ 10 տարվա փոխարեն՝ 7-10 տարի։
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Երևանի ավտոբուս» ընկերությունը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 171 ավտոբուսներով՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։ Նախատեսվում է ներկրել Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, 4*2 անիվների դասավորությամբ, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ թվով 171 միջին դասի ավտոբուսներ՝ ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 67 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը ևս 8-ով, միաժամանակ՝ ուղևորափոխադրումների ծավալն ավելացնելով շուրջ 20.4 մլն.ուղևորով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 6․3 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 1433 աշխատատեղ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 1878-ի՝ 407 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 945 մլն դրամ:
«ԷԿՈ ՊԱԿ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել շինանյութի համար նախատեսված պարկերի արտադրության համար՝ իրականացնելով 33.4 մլն դրամի ներդրում՝ կապիտալ և հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 17 աշխատատեղ 106 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2025 թ. առաջին կիսամյակը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 19-ի՝ 122 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 16.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.6 մլն դրամ:
«Հայվեյզ» ՍՊԸ իրականացվող ներդրումային ծրագրի նպատակն է զարգացնել օդային բեռնափոխադրումների ոլորտը, ինչպես նաև բեռնատար ավիացիան։ Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 5.4 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 12.5 մլրդ դրամի ներդրում օդանավերի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 45 աշխատատեղ՝ 850 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 65-ի՝ 800 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.5 մլրդ դրամ:
«Յունիքո» ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է տեղադրել և շահագործել 3ՄՎՏ հզորությամբ արևային կայան, արտադրված էլեկտրական էներգիան վաճառելով ազատ շուկայում։ Ըստ գնահատականների, արևային կայանը հնարավորություն կտա արտադրելու տարեկան շուրջ 5.623 մլն կՎՏժ էլ: Այն էական ազդեցություն կունենա արտադրական ողջ պրոցեսի արդյունավետության և արտադրողականության վրա, ի վերջո իր դրական ազդեցությունը կունենա՝ հնարավորություն ընձեռնելով տարբեր ընկերություններին և անհատներին ձեռք բերել մատչելի էլեկտրաէներգիա։ Արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 310 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում ներդրումների ծավալը արևային կայանի մասով կազմում է շուրջ 460 մլն դրամ, որից շուրջ 340 մլն դրամը նախատեսվում է սարքավորումների և նյութերի ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը), իսկ շուրջ 96 մլն դրամ այն տեղակայելու հետ կապված շինմոնտաժային աշխատանքների համար, ինչպես նաև 24 մլն դրամ խորհրդատվության համար։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ՝ 97 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2025 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 5-ի՝ 106 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 79.2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5.2 մլն դրամ:
«Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մինչև 35 կիլովոլտ բարձր լարման և մինչև 25 կՎա հզորությամբ նավթային, 2500 կՎա հզորությամբ չոր ուժային տրանսֆորմատորների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի կապիտալ ներդրում և 11.7 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 55 աշխատատեղ 242 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 75-ի՝ 313 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 589.6 մլն դրամ:
«Քարակերտի քարաձուլման գործարան» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է հիմնել ամրանների տաք գլոցման հոսքագիծ՝ ամրանների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում՝ իրականացնելով շուրջ 4.2 մլրդ դրամի ներդրում, որից շինություններ և կառուցվածք՝ 271 մլն դրամ, սարքավորումներ՝ 2․1 մլրդ դրամ, համալրող մասեր՝ 150 մլն դրամ, տեղադրում և շահագործում՝ 283 մլն դրամ, մինչև շահագործման ծախսեր՝ 453 մլն դրամ, շրջանառու միջոցներ՝ 1 մլրդ դրամ։ Մինչև 2029 թ. ընկերությունը նախատեսվում է ստեղծել 24 նոր աշխատատեղ՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.16 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 61 մլն դրամ:
Մի շարք համայնքներում մանկապարտեզներ և դպրոց կկառուցվի
Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ՝ մանկապարտեզ և դպրոց կառուցելու նպատակով:
Այսպիսով՝ մանկապարտեզներ կկառուցվեն Լոռու մարզի Սպիտակ համայնքում, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Նորավանում, գյուղ Լենուղիում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում, դպրոց կկառուցվի Արմավիրի մարզի Խոյ համայնքում:
Հերթական գումարն է հատկացվել մի շարք դպրոցների և կրթահամալիրների կառուցմանը
Կառավարությունը վերաբաշխում է 2024թ.-ի պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակում՝ 2,418,945 հազար դրամի չափով: Գումարը կուղղվի մի շարք դպրոցների և կրթահամալիրների կառուցմանը: Այսպիսով, այն վերաբերում է 19 հաստատության, որոնցից 13-ի համար (6 դպրոց և 7 կրթահամալիր) հատկացվում են լրացուցիչ միջոցներ շինարարության և տեխնիկական հսկողության մասով, իսկ 6-ի համար (3 դպրոց և 3 կրթահամալիր) հատկացվում է միայն տեխնիկական հսկողության գումարը։ Այդ հաստատություններն են՝ Արագածոտնի մարզի գ. Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի գ. Ջրառատի Թ.Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց, գ. Վանանդի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզի Գողթ բնակավայրի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի ք. Գավառի թիվ 5 հիմնական դպրոց, Սյունիքի մարզի գ. Խնձորեսկի միջնակարգ դպրոց, Վերիշենի միջնակարգ դպրոց, ք. Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, Սյունիքի մարզի գ․ Իշխանասարի միջնակարգ դպրոց, Արարատի մարզի գ. Պարույր Սևակի կրթահամալիր, Գեղարքունիքի մարզի գ. Մադինայի կրթահամալիր, Լոռու մարզի գ․ Գարգառի կրթահամալիր, Շիրակի մարզի գ. Քեթիի, գ․ Բյուրակնի կրթահամալիրները, Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկի, գ. Խնածախի, գ․ Ակների կրթահամալիր, Տեղի թիվ 2 կրթահամալիրներ, Տավուշի մարզի գ. Լուսաձորի կրթահամալիր:
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը: Այսպիսով, որոշմամբ կարգավորվում են մի շարք խնդիրներ՝ կապված թվով 15 կրթական (2 դպրոց, 2 մանկապարտեզ, 9 նախակրթարան, 2 ուսումնարան), 5 մշակութային (3 հուշարձան, 1 թանգարան, 1 համերգային), 1 մարզական (մարզադպրոց) հաստատության շենքային պայմանների բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման և գույքային հագեցվածության ապահովման հետ։
Այլ որոշումներ
Գործադիրի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը:
Կառավարության որոշմամբ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ևս սոցիալական աջակցություն կտրամադրվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին: Այդ նպատակի համար կհատկացվի 6.6 մլն դրամ: Շահառուներին տրամադրվում է ամսական 300.000 դրամի սոցիալական աջակցություն: