Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը հաստատել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը
ևս 11 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է վերացնել տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականության հատվածայնությունը, ամրագրել երկարաժամկետ տեսլական և հստակ սկզբունքներ, սահմանել ծրագրերի և ենթածրագրերի միասնական կառուցվածքային համակարգ՝ դրանով ապահովելով պետական քաղաքականության տեսլականային, համակարգային և կանխատեսելի բնույթը։ Արդյունքում ակնկալվում է, որ տնտեսական քաղաքականությունը ձեռք կբերի տեսլականային և համակարգային բնույթ, կբարձրանա քաղաքականությունների կանխատեսելիությունը և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը, կձևավորվի ծրագրերի և ենթածրագրերի միասնական համակարգ, կամրապնդվի հանրային կառավարման արդյունավետությունը և հաշվետվողականությունը, կբարձրանա Հայաստանի տնտեսական դիմակայությունը և անվտանգային կայունությունը։
Վարչապետը ներկայացրել է դոկտրինը և նշել՝ այն զարգացման ուղենիշն է, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը ու պետական ինստիտուտները: «Սա ուղենիշ է և հայտարարություն՝ մեր մտադրությունների մասին: Այս համատեքստում լավ կլինի, որ Կառավարության կողմից ընդունվող ռազմավարությունները և ռազմավարական նշանակության փաստաթղթերը ճիշտ տեղում դնենք մեր կառավարման համակարգում։ Ռազմավարություններն առաջին հերթին մտադրությունների բարձրաձայնում են և անելիքների պատկերացումների համախմբված դրսևորում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ դոկտրինն այն մասին է, թե ՀՀ-ն հիմա որտեղ է, ուր է ուզում շարժվել և ըստ այդմ՝ ՀՀ-ը նոր տնտեսական պարադիգմ է որդեգրում: Երկրի ղեկավարը ներկայացրել է, թե ինչով է պայմանավորված վերանայման և նոր տնտեսական պարադիգմ որդեգրելու անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի՝ առաջին պատճառն այն է, որ 2018-ից ի վեր՝ հեղափոխությունից հետո, Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է 2018-ի հեղափոխությունից հետո: Եվ եթե 2017-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում 3882 դոլար էր, 2025-ի խիստ նախնական տվյալների համաձայն՝ մոտ 9400 դոլար է, աճը՝ 2,4 անգամ:
Հանգամանքներից մեկն էլ այն է, որ նախորդ տարի ԿԲ-ն շուկայից հավաքել է ավելի քան 2 մլրդ դոլար: «Սա նշանակում է, որ Հայաստանի շուկայում 2 մլրդ դոլարի լրացուցիչ միջոցներ են ի հայտ եկել, և որ դեպի ՀՀ որոշակի ֆինանսական և տնտեսական ներհոսք կա: Այս ամեն ինչը նշանակում է, որ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն և բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին: Սա կարևոր է արձանագրել: Բայց ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամեն ինչում որտեղ է Կառավարության դերը և որտեղ է այլ գործող անձանց դերը»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Կառավարության դերն այն է, որ 2018 թվականից վերացրել է տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները. վերացվել են մենաշնորհները, արգելքներն ու արգելակները: «Ահա սա է հիմնական պատճառը, որ 2018 թվականից ի վեր, ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վայրիվերումներին, ՀՀ-ն ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ավելի քան 2,4 անգամ աճ, 50 տոկոս տնտեսական աճ: Եվ այս ամեն ինչը ՔՈՎԻԴ-ի և, բնականաբար, Հայաստանի ռեցեսիայի պայմաններում»,-ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ արձանագրված արդյունքի համար առաջին հերթին պետք է գնահատել Հայաստանում աշխատող և արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց. «Որովհետև սա չի կարող լինել և չէ Կառավարության ձեռքբերումը: Սա Կառավարության և քաղաքացիների համագործակցության ձեռքբերումն է: Այսինքն՝ մենք մարդկանց ասել ենք՝ չկա տնտեսական գործունեության որևէ սահմանափակում, և այդ բանաձևը տվել է իր կոնկրետ արդյունքները, որոնք արտահայտվել են առաջին հերթին տնտեսության, նաև քաղաքականության մեջ: Ըստ էության, մենք այս ամենով արձանագրում ենք, որ ՀՀ-ում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար: Սա գործնականում նշանակում է, որ Կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, և մյուս կողմից՝ Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր»:
Վարչապետը նշել է՝ պետք է արձանագրել, որ տնտեսական այս ցուցանիշները լրացուցիչ կերպով տնտեսական դիտանկյունից հիմնավորում են ՀՀ-ի ժողովրդավարական երկիր լինելը: «Իմ արձանագրումն այն է, որ այս բոլոր գործընթացների հիմքում ընկած է այն և միևնույն ժամանակ այս բոլորի արդյունքն այն է, որ մարդն օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի: Այսինքն՝ ՀՀ-ում ամեն ինչ որոշում է մարդը՝ քաղաքացին»,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով. «Այստեղ նրբությունն այն է, որ անհատի, մարդու ամենամեծ անելիքը՝ հենց քաղաքական իշխանություն, Կառավարություն ձևավորելն է: Այսինքն՝ այսպես, թե այնպես Կառավարության ձևավորման պատասխանատվությունը մարդու վրա է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե քաղաքացին վճռական դեր ունի Կառավարություն ձևավորելու, ըստ էության, երկրի զարգացման ուղղությունները որոշելու գործում, քաղաքացին պետք է և ակնհայտորեն ունի վճռական և առանցքային դեր իր անձնական կարիքները, իր անձնական բարեկեցությունն ապահովելու գործում, որը պետք է տեղի ունենա աշխատանքի միջոցով: Այդ համատեքստում վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է կրթության կարևորությունը և դոկտրինից հատվածներ մեջբերել. «Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին և առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի և կրթությունը՝ որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու, բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության ազատության և ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը և պետականության հարատևության օրակարգի հաջողությունը: Եվ հաջորդ մեջբերումը՝ դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է՝ տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության և երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով՝ ազատ, կարող և ստեղծարար քաղաքացին»:
Վարչապետը նշել է, որ առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն՝ ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից. «Այսինքն՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը նաև պայմանավորված է տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է ՀՀ-ի շուրջը: Խաղաղության բանաձևը խաղաղության պայմաններում. տնտեսությունը նույնպես պետք է որոշակիորեն վերափոխվի, դիրքավորվի, ինչը հենց այս օրերին մեր աչքի առաջ տեղի է ունենում: Իհարկե, հաստատված խաղաղությունը և խաղաղության ինստիտուցիոնալացումը մեր առաջնահերթությունների շարքում է, որն անխուսափելիորեն իր արտահայտությունը պետք է ունենա նաև տնտեսության մեջ»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ նրբությունն այն է, որ պետությունն իր վրա է վերցնում ակտիվ և պատասխանատու դերակատարում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում՝ էներգետիկ, տրասնպորտային, ջրային, թվային անվտանգային համակարգերում՝ միաժամանակ ապահովելով պետական սեփականության թափանցիկ և տնտեսապես հիմնավորված մասնավորեցումն այն ոլորտներում, որտեղ դա նպաստում է մրցակցությանը և արդյունավետությանը: «Այսինքն՝ մենք այս դոկտրինով ավելի մեծ պատասխանատվություն ենք վերապահում պետությանը, Կառավարությանը ստրատեգիական նշանակության կամ կրիտիկական կառավարման գործում»,- ասել է վարչապետը:
Դոկտրինն անդրադառնում է նաև կրթության ոլորտի, արհեստական բանականության զարգացմանը, թվայնացման գործիքների կիրառմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի զարգացմանը, վերաբերյալ վերաբերմունքի փոփոխությանը, նաև ինտենսիվ գյուղատնտեսության, էներգետիկայի զարգացմանը և այլ ուղղությունների:
«Այս բոլոր մոտեցումների հիմքում ընկած է 1 առանցքային գաղափար. պետությունը դիտարկվում է որպես շարունակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը՝ կայուն և կանխատեսելի: Այս ամենի հիմքում դրված է պետության հարատևության գաղափարը, և այն գաղափարը, որ պետության զարգացումը հենց պետական շահն է: Մենք պետք է շատ հստակ ձևակերպենք և տեսնենք թե ինչ է պետական շահը: Պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետև առանց դրա պարզապես հնարավոր չէ սպասարկել որևէ օրակարգ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը
Գործադիրը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը՝ ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ օրենսդրական, համակարգելու նպատակով։ Բացի այդ՝ ռազմավարական ծրագրի առկայությունը հնարավորություն է տալիս համակարգել և լուծում տալ մի շարք այնպիսի խնդիրների, որոնք անմիջականորեն կապված են զբոսաշրջիկների, նրանց փորձառությունների, մատուցվող ծառայությունների հետ, սակայն նմանատիպ խնդիրների լուծումը կախված չէ զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնից։ Նմանատիպ խնդիրներից են դեպի զբոսաշրջավայրեր տանող ճանապարհների բարելավումը, մաքրության ապահովումը, զբոսաշրջիկների կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների ապահովումը (այդ թվում՝ սանհանգույցների) և այլն։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, նպատակները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։ Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի, թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։ Ռազմավարական ծրագրի ընդունմամբ հնարավոր կլինի ունենալ ուղենիշային փաստաթուղթ առաջիկա 5 տարիներին զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար՝ ի նպաստ զբոսաշրջության կայուն զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստանի՝ որպես ապահով և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը, Հայաստանի ճանաչելիության և հասանելիության բարձրացմանը և այլն։ Ռազմավարական ծրագրի պատշաճ իրականացման պարագայում 2030 թ. կունենանք 3 միլիոն ներգնա զբոսաշրջային այցելություններ, 3,8 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք զբոսաշրջիկների ծախս և 4,5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ։Կստեղծվի լրացուցիչ 20 հազար աշխատատեղ:
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անհրաժեշտ է, որ ՀՀ-ն դիրքավորվի որպես զբոսաշրջային խաչմերուկ՝ գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ, մրցունակ, գողտրիկ զբոսաշրջային ուղղություն: Ծրագրով նախատեսված զարգացման 3 հիմնական ուղղություններն են՝ մշակութային, գաստրո՝ խոհանոց, գինի և հայկական բրենդի, ինչպես նաև արկածային՝ ներառյալ ձմեռային զբոսաշրջությունը: Նախատեսվում է զարգացնելու նաև ագրոզբոսաշրջությունը, MICE զբոսաշրջությունը, կրոնական, բժշկական և առողջարանային զբոսաշրջությունը:
Նախարարը նշել է, որ ռազմավարական ծրագիրը սահմանել է 4 հիմնական նպատակ: Առաջինը՝ տնտեսական ուղղությունն է, որը ենթադրում է օգտագործել զբոսաշրջության տնտեսական ներուժն ամբողջությամբ՝ զբոսաշրջության բնագավառում բարեփոխումների միջոցով նպաստելով տնտեսական առաջընթացին: Երկրորդը՝ միջազգային գրավչության բարձրացումն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի իմիջը՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի՝ շեշտը դնելով հյուրընկալության, անվտանգության վրա: Երրորդը որակի ապահովումն է, որը ենթադրում է նաև տարբերվող, բացառիկ փորձառությունների տրամադրում: Չորրորդը սոցիալական ուղղությունն է, որի շրջանակում կարիք կա կենտրոնանալու աշխատուժի թվի մեծացման վրա, ծառայությունների բարձր մակարդակի տրամադրման, ինչպես նաև զբոսաշրջային կրթությունը խթանելու:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին՝ Գևորգ Պապոյանը ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում արձանագրված ցուցանիշները: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի Հայաստան է այցելել 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, և 19,4 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից: «Դեկտեմբերին ունեցել ենք 139 հազար 933 զբոսաշրջիկ, որը մեր դեկտեմբերների պատմության լավագույն ցուցանիշն է: Այսինքն՝ չի եղել որևէ դեկտեմբեր, որ այսքան բարձր ցուցանիշ ենք ունեցել»,- ասել է Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ 12 ամիսներից 7-ը զբոսաշրջիկների թվի առումով երբևէ լավագույնն է եղել Հայաստանի պատմության մեջ:
Պատմական լավագույն տարին, ըստ Գևորգ Պապոյանի, եղել է 2023 թվականը, երբ ունեցել ենք 50 հազարով ավելի զբոսաշրջիկ, քան այս տարի:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարվա ընթացքում եղան զարգացումներ, որոնք զբոսաշրջության թվերի վրա ունեցան էական ազդեցություն: Վարչապետը թվարկել է այն գործոնները, որոնք ազդել են վրա զբոսաշրջային ցուցանիշի աճի վրա: Դրանք են, մասնավորապես՝ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, ավիացիոն ոլորտի զարգացումը, որը Հայաստանն ավելի գրավիչ է դարձնում թե տեղական, թե օտարերկրյա ընկերությունների համար, խաղաղության գործընթացը, ձեռք ենք բերել հանրային մեծ բարձրորակ միջոցառումներ կազմակերպելու կարողություն: «Ռազմավարական այս ծրագիրը նույնպես ուղենշային մի փաստաթուղթ է, որով մենք պետք է առաջնորդվենք: Եվ, իհարկե, այս փաստաթուղթը փոխկապակցված է մնացած մեր ուղղությունների հետ»,-ասել է երկրի ղեկավարը:
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը
Կառավարությունը հաստատել է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը: «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված է, որ առողջության համընդհանուր ապահովագրության նպատակով ստեղծվելու է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստր, որն իրենից ներկայացնում է առողջության համընդհանուր ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական և ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան։ Ռեգիստրը փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի հետ և համապատասխան տվյալները ստացվելու են ՀՀ Կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով՝ տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող տարբեր բազաներից։ Մասնավորապես, սահմանվել է, որ Ռեգիստրը, որպես առանձնացված շտեմարան, գործելու է էլեկտրոնային առողջապահության համակարգում, որը հասանելի է նաև բջջային հեռախոսի հավելվածի միջոցով։ Դրա հիման վրա, ապահովագրված անձը, մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ, հնարավորություն կստանա ծանոթանալու իր՝ որպես ապահովագրված անձի, կարգավիճակին։ Ռեգիստրը փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի հետ։ Ռեգիստրի վարումն իրականացնելու է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին ուղղված քննադատություններին և ընդգծել, որ այսպիսի մեծ մասշտաբի բարեփոխումը հնարավոր չէ միանգամից անթերի իրականացնել: Վարչապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ էր այն կյանքի կոչել և հընթացս լավարկել: «Այնպես որ շարունակում ենք 24 ժամ աշխատել, որովհետև շատ բարդ համակարգ է ներդրված, ուշադիր լսում ենք քննադատությունները և փորձում լուծել ռացիոնալ այն խնդիրները, որոնք մատնանշվում են», -շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշել է, որ հունվարի 8-ի ժամը 10:00 -ի դրությամբ ապահովագրությունում արդեն 16266 սպասարկված այց է գրանցվել: «Այո՛, շարունակում ենք զգայուն լինել բոլոր բարձրացված հարցերին և արձագանքելով առաջ գնալ»,-ասել է նախարարը:
Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է շահառուների հետ մշտական հարցումներ անցկացնելու անհրաժեշտությունը՝ առկա խնդիրները բացահայտելու, ըստ առաջնահերթության դասակարգելու և լուծելու նպատակով:
Կառավարությունն ընդունել է 2026 թվականի վարժական հավաքների ժամկետների վերաբերյալ որոշում
Գործադիրի որոշմամբ կհայտարարվեն 2026 թ. ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի: Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: Ըստ այդմ՝ 2026 թ. ընթացքում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ`փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ, մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ, ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ, հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ, օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ, սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:
Գործադիրն ընդունել է «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թ. զորակոչ հայտարարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և զորակոչ անցկացման ժամկետները:
Իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ն իրականացնելու համար
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ սահմանվել են ինքնակամ կառույցների հաշվառման, դրանց իրավական կարգավիճակի հստակեցման և գույքային իրավունքների կարգավորման նոր իրավական կարգավորումներ։ Որոշմամբ հստակեցվել է ինքնակամ կառույցների հաշվառման ընթացակարգը, մասնավորապես՝ առցանց չափագրման գրասենյակ հաշվառման փաթեթի ներբեռնման և Կադաստրի կոմիտեի կողմից դրա հաստատման պահից ինքնակամ շինությունը հաշվառված լինելու հանգամանքը, որով ապահովվել է հաշվառման ընթացակարգի իրավական հստակ ավարտը և պատվիրատուի՝ համապատասխան ինքնակամ կառույցի հաշվառումն հաստատելու կամ մերժելու մասին իրազեկվածությունը: Լիազոր մարմնին՝ Կադաստրի կոմիտեին վերապահվում է ինքնակամ շինությունների հաշվառման ներկայացման դեպքում՝ ինքնակամ շինության հաշվառումը հաստատելու կամ մերժելու լիազորություն, ինչպես նաև սահմանվում են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա առկա ինքնակամ շինությունների հաշվառման վարույթի առանձնահատկությունները: Արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացն օրենքով սահմանված լրացուցիչ ժամկետում իրականացնելու՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը:
Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով
Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, նոր ստեղծված՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (էլեկտրոնային հարթակի) համապատասխան բաժնի միջոցով: Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ առաջարկվում է սահմանել պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, ինչը հնարավորություն կտա շահառուներին իրենց վարքագիծը համապատասխանեցնելու սահմանվող պահանջներին: Արդյունքում՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը թափոնների կառավարման ոլորտում շրջակա միջավայրի նախարարության կողմից մատուցվող ծառայությունից կարող են օգտվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտվելով էլեկտրոնային հարթակի համապատասխան բաժնից, ինչն էլ կնվազեցնի փաստաթղթաշարժի վրա ծախսվող ժամանակը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը: Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ստեղծված վտանգավոր թափոնների լիցենզիաները և լիցենզիաների ներդիրները, կից փաստաթղթերը կպահպանվեն դրանց էլեկտրոնային տրամադրման հարթակում, հասանելի կլինեն և ըստ անհրաժեշտության ավելի մատչելի եղանակով կօգտագործվեն լիցենզավորված անձանց, թափոնների կառավարման կամ վերահսկման ոլորտների լիազոր մարմինների կողմից, օրինակ՝ թափոնների հաշվառման կամ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում։ Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգում կատարվող փոփոխությունների ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերն անցկացնել նաև հեռավար եղանակով, ինչը կհեշտացնի հանձնաժողովի նիստերի կազմակերպման և անցկացման գործընթացը։
Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը թափոնների կառավարման ոլորտում շրջակա միջավայրի նախարարության կողմից մատուցվող ծառայություններից՝ սահմանաքանակների հաստատման գործընթացից կարող են օգտվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային հարթակի համապատասխան բաժնի միջոցով, ինչն էլ կնվազեցնի փաստաթղթաշարժի վրա ծախսվող ժամանակը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից:
«Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 32.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 4.3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նեկայումս առկա է 258 աշխատատեղ՝ 311 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 333-ի՝ 390 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 32.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2 մլրդ դրամ։
«Ռոզելին բայ ԿՕԿ» ՍՊԸ-ն ներմուծվող ապրանքներով նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերը նախատեսվում է իրացնել, ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.45 մլրդ դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 180 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 300 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 81.5 մլն դրամ:
«Սան ֆուդ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 150 մլն դրամի կապիտալ ներդրում։ Մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղեր 455 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 242.5 մլն դրամ։
«ԳՌՕՄ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել լվացող և մաքրող միջոցների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 200 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 115 աշխատատեղ 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 122-ի՝ 550 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 260 մլն դրամ։
«Սովթ պապիրուս» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել անձեռոցիկների, թղթյա սրբիչների հիգիենայի պարագաների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 190 մլն դրամի կապիտալ ներդրում և 1.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղեր 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 133 մլն դրամ։
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել վերջինիս կողմից թողարկված արտադրանքը տեղափոխելու (արտահանելու) նպատակով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 224.4 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 577 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 565-ի՝ 580 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 224.4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18 մլն դրամ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Էքսփաթ Գրուպ» ՍՊԸ ներառվել է «Մայլեռ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրում իրականացված լրացումները միտված են տեղեկությունների փոխանակման արդյունավետության բարձրացմանը՝ ընդլայնելով փոխանակվող տեղեկությունների ծավալը, ամրապնդելով ինքնահայտարարագրերի իրավաչափության վերահսկողությունը, ինչպես նաև բարելավելով տեղեկությունների ճշգրտությունը և համադրելիությունը։ Համաձայնագրի լրացմամբ հստակեցվում է փոխանակվող տեղեկության շրջանակը, մասնավորապես՝ ներառելով ավելի մանրամասն տեղեկություն ներկայացված ինքնահայտարարագրի, հաշվի տեսակների, իրավաբանական անձանց վերահսկող անձանց դերի և վերջիններիս նույնականացման, հաշվի կարգավիճակի բնութագրի, ինչպես նաև ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններում մասնակցության ձևերի վերաբերյալ։ Համաձայնագրի լրացմանը միանալը սահմանված ժամկետում թույլ կտա ՀՀ-ին լիարժեք ներգրավվել գործընկեր երկրների հետ տեղեկությունների ամբողջական և արդիական փոխանակման գործընթացում, ինչը կնպաստի ՀՀ հարկային համակարգի թափանցիկության բարձրացմանը՝ միաժամանակ նվազեցնելով հարկերից խուսափման և եկամուտների չհայտարարագրման ռիսկերը։
Հավանություն է տրվել 1997 թ. նոյեմբերի 13-ին ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների պարբերական տեխնիկական զննության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի նպատակն է ստեղծել միասնական պայմաններ անվավոր տրանսպորտային միջոցների պարբերական տեխնիկական զննության համար՝ ապահովելով դրանց պիտանելիությունը, բարելավելով անվտանգությունը, նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և դյուրացնելով անդամ երկրների միջև տեխզննության համակարգերի փոխադարձ ճանաչումը: Համաձայնագիրը հնարավորություն կտա՝ բարելավել ճանապարհային անվտանգությունը տրանսպորտային միջոցների ստանդարտացված զննումների միջոցով՝ ապահովելով տրանսպորտային միջոցների համապատասխանեցումը անվտանգության հիմնական չափորոշիչներին, հեշտացնել միջսահմանային շարժունակությունը և առևտուրը՝ հնարավորություն տալով փոխադարձաբար ճանաչել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը այլ երկրների հետ, միջազգային ճանաչված տեխնիկական ստանդարտների ընդունմամբ բարելավել տրանսպորտային միջոցների սպասարկումը և նվազեցնել վթարների վտանգը՝ ժամանակի ընթացքում հանգեցնելով ծախսերի խնայողության, ընդունել արտանետումների միասնական ստանդարտներ՝ փորձելով նվազեցնել օդի աղտոտվածությունը և այլն:
Գործադիրի հավակնությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Համաձայնագրի շրջանակում ՀՀ-ին կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն:













