Մամլո հաղորդագրություններ

Նոր ժամանակներ են բացվում և պետք է նորովի, առավել արդյունավետ, կենտրոնացած աշխատել. վարչապետն անդրադարձել է TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությանը

15.01.2026

ևս 15 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների անունից տարածված TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությանը. «Կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք այդ հայտարարության նշանակությունը, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջանակային մակարդակում լուծվում է, որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը»:

Վարչապետը նշել է՝ հայտարարության իմաստը և գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ և գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում, մեր տարածաշրջանում, և այն այլևս գործնական իրականություն և իրողություն է. «Իսկ այդ իրողության նկատմամբ մեր վերաբերմունքը կամ մեր վերաբերմունքի մասին իմ պատկերացումը նույնն է, ինչի մասին խոսել եմ օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում: Մեզ անհրաժեշտ է, որ մենք խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը»:

Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս արձանագրել է՝ մենք որպես պետություն և հանրություն չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության պայմաններում: «Մենք նոր-նոր, քայլ-քայլ սովորում ենք, և այդ պրոցեսը չափազանց կարևոր է: Մենք էլ նույնիսկ մեր լեզվամտածողության կամ արտահայտչաձևերում հաճախ չենք նկատում կոնֆլիկտի տրամաբանության շատ ընդլայնված ներկայությունը, և շատ փոքր ու դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր գիտակցություն և ենթագիտակցություն: Սա նորմալ է, որովհետև 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել ձեզ հայտնի պատճառներով, հիմա տրամաբանությունը փոխվում է: Բայց լավ լուրն այն է, որ գործնականում և գետնի վրա արդեն կան իրողություններ, որոնք պիտի նպաստեն, որպեսզի խաղաղության սոցիալ-հոգեբանությունը հաստատվի: Բայց մյուս կողմից՝ կա ահռելի գործնական աշխատանք: Մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողություններն անենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրել է նախատեսվող գործողությունները, մասնավորապես՝ պայմանագրերը դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունելը, իրավական որոշումների վրա աշխատանքին մեկնարկ տալը, ՀՀ-ում TRIPP անունով ընկերություն ստեղծելը, նաև երթուղիները որոշելը, կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների թույլտվությունները տալը: «Ես կարծում եմ, որ մենք այսօրվանից պետք է պատրաստվենք՝ կապ չունի՝ տվյալ դիմումը արդեն մո՞ւտք է եղել տվյալ գերատեսչություն, թե՞ չէ, դա հաստատ մուտք լինելու է: Այլևս այդ հարցում թեականություն չկա: Հետևաբար, մենք այսօրվանից մեր պրոցեսները պետք է նայենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով և ժամկետներում իրականացնենք»,-շեշտել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ ընդգծել և վերահաստատել մեր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում մենք, իհարկե, պատրաստ ենք և տրամադրված ենք և միանշանակ գնալու ենք դրան, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք և գանք նորմալ՝ խաղաղությանը հարիր մթնոլորտ»:

Վարչապետը ընդգծել է՝ գործընթացը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում արագ չի լինելու, քանի որ հասարակություններում դեռ պահպանվում են երկար տարիների հակամարտությամբ ձևավորված խոսույթներ. «Մենք պետք է արձանագրենք, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեպքում առկա խոսույթն այլևս չի համադրվում այսօրվա իրողությունների հետ, և ես հենց սա նկատի ունեմ։ Մյուս կողմից էլ՝ մարդկանց մեղադրելու էլ չէ, որովհետև այն տրամաբանությունը, այն անիվը, որն պտտվել է 35 և ավելի տարիներ, մեկ գործողությամբ, մեկ լծակով, մեկ արգելակով հնարավոր չէ կանգնեցնել։ Պետք է տրամադրվենք ավելի գործնական մոտեցման, կենտրոնանանք աշխատանքի վրա: Խաղաղության գործնական օգուտները կարող են շատ ավելի արդյունավետ լինել, քան տարբեր թեզերի, կասկածների կամ մարտահրավերների վերաբերյալ ուղղակի բանավեճերը»:

Ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Կառավարության անդամներին, ինչպես նաև գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներին ու պետական բոլոր մարմիններին՝ այս ընթացքում ցուցաբերած աջակցության և աշխատանքի համար, որը հնարավոր է դարձրել ներկայիս հանգրվանին հասնելը. «Նոր ժամանակներ են բացվում, և այդ նոր ժամանակներում մենք պետք է նորովի և առավել արդյունավետ, առավել կոնսոլիդացված և առավել կենտրոնացած աշխատենք՝ այս պատմական և շրջադարձային հնարավորությունն առավելագույնս օգտագործելու համար՝ հանուն ՀՀ-ի և նրա քաղաքացիների զարգացման, ազատության, երջանկության և բարօրության»:

Կխթանվի ջերմատնային տնտեսությունների ոլորտում երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացածների ներգրավվածությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում՝ խոշոր ջերմատնային տնտեսությունների ներդրման ոլորտում երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց ներգրավվածությունը խրախուսելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում կնքվել է 15 պայմանագիր՝ 62,64 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Միայն 2025 թվականին՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ, կնքվել է 11 պայմանագիր՝ 47,4 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Ծրագրով արդյունքային ցուցանիշ է սահմանվել շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում, որն արդեն իսկ գերազանցվել է։ Որոշմամբ առաջարկվում է 1 տոկոսային կետով ավելացնել յուրաքանչյուր երիտասարդ տնտեսավարողին (18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց) և 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը։ Մասնավորապես, տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը 2026 թ. հունվարի 1-ից սուբսիդավորվելու է 8 տոկոսային կետով, նախագծով առաջարկվում է երիտասարդ տնտեսավարողներին և 63 տարեկանը լրացած անձանց սուբսիդավորել՝ 9 տոկոսային կետով, 3 մլրդ դրամից ավելի մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով, երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց դեպքում առաջարկվում է սուբսիդավորել 8 տոկոսային կետով, 9 մլրդ դրամից ավելի մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 6 տոկոսային կետով, իսկ երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց դեպքում՝ 7 տոկոսային կետով։ Որոշմամբ՝ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների և 63 տարեկանը լրացածների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը տարածվում է այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը համապատասխանում է ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի), բաժնետիրոջ փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։ Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ 2026 թ. երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց համար 1 տոկոսային կետով սուբսիդավորման տոկոսադրույքի բարձրացման դեպքում շուրջ 3 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու պայմաններում, 2026 թ. պետբյուջեի տարեկան լրացուցիչ ծախսը գնահատվում է շուրջ 22,7 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն արդյունավետ գործընթաց է ապահովում՝ Կառավարության ռազմավարություններին համապատասխան. «Գյուղատնտեսության ասելով՝ մենք ավելի ու ավելի պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսություն, որովհետև այն ինչ որ ինտեսիվ չէ՝ այսօրվա կամ վաղվա տրամաբանությամբ այնքան էլ գյուղատնտեսություն չէ»:

Կստեղծվի սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ՝ ԵՄ ստանդարտներին մոտարկված

Կառավարությունը հավանություն է տվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ և բարեխիղճ մրցակցության ու ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայր: Նախագծերով ակնկալվում է սպառողների շահերի պաշտպանության վերաբերելի դրույթները լիարժեք տեղայնացնել ԵՄ համապատասխան հրահանգներին։ Մասնավորապես՝ օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի ինստիտուտը, սահմանել այդ պայմանագրերին ներկայացվող պահանջները, դրանց մասով սպառողին ներկայացման ենթակա տեղեկատվությունը և այդպիսի պայմանագրերից հրաժարվելու սպառողի իրավունքը և ընթացակարգը։

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, շարունակվում է ՀՀ օրենսդրության մոտարկումը ԵՄ օրենսդրությանը: Ըստ նախարարի՝ օրինագծով նախատեսված 4 հրահանգները վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցներին: Նախագծով, մասնավորապես՝ սահմանվում են նաև անարդար բնույթի պայմանների տեսակները՝ նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն առոչինչ է. «Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող՝ միանալու պայմանագրերում վաճառողները և ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ, իսկ ներառվելու դեպքում կհամարվեն առոչինչ: Կարգավորումների արդյունքում տնտեսվարողները պետք է բացառեն այդպիսի որևէ անարդար պայման»,- ասել է Գևորգ Պապոյանը:

Նախարարն անդրադարձել է նաև մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդին և նշել, որ այդ հրահանգին մոտարկման արդյունքում սահմանվում են «մոլորության մեջ գցող գովազդ» և «համեմատություններ պարունակող գովազդ» եզրույթների վերաբերյալ համապարփակ կարգավորումներ։

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փաթեթը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում մեր կարգավորումների մոտարկումն է ԵՄ կարգավորումների հետ: Այսինքն՝ մենք որդեգրում ենք եվրոպական ստանդարտ, և դա է հիմնական արձանագրումը: Սա համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառում է»:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ ներկայացրել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ ներդրվել է «Սպառողի օգնական» գործիքը, որի միջոցով ստանում են անհատական խնդիրների հետ կապված բողոքներ. մի քանի 100 բողոք է այդ համակարգի միջոցով սպասարկվել:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտը ծավալուն է և այդտեղ կան բազմաթիվ շերտեր. «Այստեղ մեր մարտավարությունը հետևյալն է՝ պետք է հետևողական աշխատել, որովհետև խնդիրների այն ծավալը, որ այդ ոլորտում ունենք, լուծելու միակ տարբերակը հետևողական աշխատելն է: Համբերատար գույքագրենք մեր բոլոր պրոբլեմները և նույն համբերատարությամբ և նույն հետևողականությամբ զբաղվենք դրանց լուծմամբ, որովհետև ոչ մի օրենքի փոփոխություն, ոչ մի Կառավարության որոշում, այդ իրականությունը չեն փոխելու, իրականությունը փոխելու է հետևողական աշխատանքը»:

Գեղամ Գևորգյանը անդրադարձել է նաև հեղուկ գազի գինը թանկացմանը և նշել, որ դա սովորական պրոցես է և ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում, որևէ արտառոց բան չկա. «Ամեն տարի, երբ Լարսը ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են, և ամեն տարի նոր պատճառաբանություններ են լինում: Սովորական պրոցես է, ապրիլ-մայիս ամիսներին էժան է, դեկտեմբերին թանկ է, և այստեղ լուրջ պրոբլեմ, դեֆիցիտ ևս գոյություն չունի»:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ դա խնդիր է, որը պետք է լուծվի այդ թվում՝ խաղաղության համատեքստում, որպեսզի ՀՀ-ն մատակարարումների տարբեր ուղիներ և աղբյուրներ ունենա. «Այստեղ է հարցը, պետք չէ շատ բան փնտրել: Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով և գնում ենք այդ ճանապարհով: Համոզված եղեք, որ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստա՛հ եղեք»:

Հաստատվել է 2026-2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը և կանխարգելիչ պատվաստումների վկայականի ստանալու կարգը

Կառավարությունը հաստատել է 2026-2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը և կանխարգելիչ պատվաստումների վկայականի ստանալու կարգը: Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ-ում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովմանը:

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որոշմամբ հաստատվում է հանրային առողջապահական ամենակարևոր երաշխիքներից մեկը հանդիսացող պատվաստումների ազգային օրացույցը, նաև պատվաստումների վերաբերյալ միջազգային վկայականների տրամադրման ձևաչափը և այն թիրախները, որոնք մենք մեզ համար դնում ենք՝ պահպանելու 0-1 տարեկան երեխաների պատվաստման ցուցանիշները, և իհարկե, վարակիչ վտանգավոր հիվանդությունների զրոյական դեպքերը: «Վերջին տարիներին ներդրել ենք նոր պատվաստանյութեր: Ներդրել ենք մեր ազգային օրացույցում վերջին սերնդի ավելի համակցված վեցավալենտ պատվաստանյութեր, որոնք զերծ են պահում մի քանի անգամ պատվաստվելու խնդրից: Եվ՝ ջրծաղիկի պատվաստանյութը, որն այլևս մեր օրացույցի մաս է կազմում: Մի հանգամանք էլ նշեմ, որ վարակիչ հիվանդությունների կանխարգելման առումով պատվաստումների և նաև հանրության մոտ տեղեկատվական դաշտի վրա աշխատանքը իր պտուղները տալիս է: 2025 թվականին 0-1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշում գրանցել ենք 2011 թվականից, ինչքան որ տեղեկատվական վիճակագրական տվյալները մեզ հասանելի են, 95.1 տոկոս, որն ամենաբարձր ցուցանիշն է: Այստեղ նաև որոշակի առումով աշխատանքի ձևաչափի փոփոխությունն է իր պտուղները տալիս: Մենք, հասկանալով տեղեկատվական ապակողմնորոշման հանգամանքը՝ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ծնողների, մեր մասնագետների հետ աշխատանքին», -ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նշել է՝ ջրծաղիկի պատվաստումների նպատակն է, որ այս հիվանդությունը Հայաստանում այլևս չունենանք՝ ո՛չ բռնկումներ, ո՛չ դեպքեր: «Մենք նաև Հայաստանում ապահովում ենք այլ երկրներ մեր քաղաքացիների ճամփորդության համար անհրաժեշտ պատվաստանյութերի պաշարները: Դրանք հասանելի են, տրամադրում ենք նաև միջազգային ձևաչափի սերտիֆիկատներ»,-ասել է Առողջապահության նախարարը:

Անահիտ Ավանեսյանը հավելել է, որ իմունականխարգելման գործընթացների թվայնացումը նախարարության առաջնային թիրախներից է. «Եվ այս առումով՝ սկսած պլանավորումից, պահեստավորումից, արդեն պատվաստումների իրականացման գործընթացից անցել ենք, և ամբողջական թվայնացման այս շրջափուլն ավարտել ենք»:

Նախարարը տեղեկացրել է՝ առկա է թիրախային 3 պատվաստում, որոնք 0-1 տարեկան երեխաների համար չեն. «Դա ՄՊՊ պատվաստանյութն է, որը մենք իրականացնում ենք 13-16 տարեկան դեռահասների՝ և՛ աղջիկների, և՛ տղաների համար, որը կանխարգելում է քաղցկեղը: Սրա մասով էլ 2025 թ. գրանցել ենք 48 տոկոս ընդգրկվածություն՝ համեմատած 2021 թվականի 10.8 տոկոսի: Այստեղ էլ բավական առաջընթաց ունենք»:

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ հաջորդը գրիպի դեմ պատվաստանյութերի ցուցանիշներն են. «Մենք այս տարի պատվաստումները շատ ավելի վաղ ենք սկսել. Հայաստանում սեպտեմբերից արդեն առկա է գրիպի դեմ պատվաստանյութը, և մոտ 200 հազար դեղաչափից արդեն 95 տոկոսի չափով մենք իրականացրել ենք պատվաստումները: Արդյոք հենց նաև այս հանգամա՞նքն է, որ մեզ օգնում է սեզոնային գրիպի կանխարգելման առումով բռնկումների չգնալ շատ մեծ ընդլայնված շրջանակների: Իհարկե, սա էլ իր դերը խաղում է: Նշեմ նաև, որ ջրծաղիկի պատվաստումներն իրականացնում ենք նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի մեր քաղաքացիների համար»:

Առողջապահության նախարարը նշել է՝ Հայաստանում կիրառվում է ԱՀԿ նախաորակավորում ստացած լավագույն պատվաստանյութերը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքից: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այսօրվա ժամը 10-ի դրությամբ առկա է 87048 ապահովագրական գրանցված դեպք՝ այց, որից 7739-ը ամբուլատոր այցեր են, և 8612-ը՝ հիվանդանոցային դեպքեր: «Աճի տեմպը մեր ակնկալածի շրջանակներում է: Մենք հետևում ենք ամենօրյա թե՛ սպասարկված դեպքերի թվին, թե՛ նաև փաստացի առաջացած քաղաքացիների, բուժաշխատողների, ԲԿ-ների վարչական անձնակազմի կողմից մեր բոլոր բարձրացրած հարցերին: Ընթացիկ շտկումներ ենք իրականացնում, որ համակարգն ավելի մարդակենտրոն և ավելի քիչ պրոցեսներ իր մեջ ներառող լինի: Բայց, ընդհանուր առմամբ, այցերն ու հարցումները և մեր քաղաքացիների հետ, ըստ էության, խոսակցությունը փաստում են, որ շատ մեծ հերթեր պոլիկլինիկայում այս պահին չունենք: Լինում են պիկ ժամեր, բայց փորձառությունը, ընդհանուր առմամբ, դրական է: Հիվանդանոցային օղակում՝ առավել ևս: Մեր քաղաքացիները երբեմն զարմանում են, որ, այո, գործում է, և նրանք ծառայությունը կստանան առանց վճարում իրականացնելու, քանի որ պետությունը իրենց ապահովագրավճարները վճարել է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընդհանուր առմամբ՝ երկրում բժշկական ամենաշատ պահանջարկ ունեցող ծառայությունների մոտ 30 տոկոսն է, որ ծածկվում է համակարգի կողմից:

Վարչապետն ընդգծել է պատշաճ իրազեկում ապահովելու և մոնիթորինգ իրականացնելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև գործընթացում կամավորական խմբերի ներգրավումը. «Կամավորների խմբեր թող կազմվեն, դեղատուն և պոլիկլինիկա կայցելեն, որպեսզի մենք ինֆորմացիա ունենանք: Մարզերում և Երևանում լրացուցիչ այդ օղակն էլ ունենանք: Մարդիկ ներգրավվեն և գուցե ուրիշ հայացքով այդ ամեն ինչի մասին մեզ պատմեն: Թող գնան, մարդկանց հարցնեն»:

Կվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածը՝ նոր ճեմուղիներ, նստարաններ

Կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել «Ֆլորա-1» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն: Ըստ հիմնավորման՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարանին է ներկայացրել Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում գտնվող հողամասի նկատմամբ ներդրումային ծրագիր: «Օրիենթ Կաֆե» ՍՊ ընկերությունը պարտավորվում է ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Ֆլորա-1» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում դիմել Երևանի քաղաքապետարան՝ քանդման թույլտվություն ստանալու և վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար: Ներդրումների ընդհանուր չափսը կկազմի շուրջ 1.000.000.000 դրամ, որից արդեն իսկ կատարվել է 385.089.917 դրամի չափով ներդրում: Ընկերությունը կիրականացնի տրամադրվող հողամասին կից շուրջ 4360 քմ մակերեսով հողամասի վրա զբոսայգու կազմակերպումը, վերակառուցման, արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնավոր ներդրումների հաշվին կիրականացվի այգու կանաչ գոտիների, ոռոգման ցանցի, ճեմուղիների, լուսավորության համակարգի պահպանումը, ընթացիկ նորոգումը և շահագործումը: Արդյունքում՝ կկազմակերպվի ժամանակակից զբոսայգի, որը կդառնա յուրահատուկ վայր բնակչության և զբոսաշրջիկների համար:

Օրենսդրական այլ նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում, որոնք կիրառվում են մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար։ Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է՝ մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում։

Կառավարության հավանությանն է արժանացել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել համապատասխան լիազորող նորմ, որպեսզի հնարավոր լինի կոմիտեի նախագահի կողմից սահմանել կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու կարգը։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից և դրամական պարգևատրումից բացի պարգևատրել նաև մեդալով կամ կրծքանշանով։

Հավանություն է տրվել «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև ծառայության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տեղեկատվության օպերատիվ ձեռք բերման և փոխանակման տեսանկյունից տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը օրենքով ամրագրել որպես էկոպարեկային ծառայողի իրավունք։
Արդյունքում՝ էկոպարեկային ծառայողի կողմից կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը կամրագրվի օրենքով։

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Իրաքի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը: Հուշագրի կնքումը կնպաստի երիտասարդության և սպորտի ոլորտներում գործող կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների միջև համագործակցության հաստատմանը: Հուշագրով նախատեսվում է կողմերի պետություններում երիտասարդությանը և սպորտին առնչվող համատեղ սեմինարների անցկացում, սպորտի ոլորտում հետազոտությունների և մասնագիտացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, երկու երկրների երիտասարդական և մարզական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:

Գործադիրը հավանություն է տվել 2025 թ. մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև «Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկոն) հիմնադրման և գործունեության մասին» 2018 թ. մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արձանագրության վավերացումը, մասնավորապես՝ թույլ կտա ԶՖԳ խմբին ընդլայնել ֆինանսական և տեխնիկական օժանդակության ծավալները՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման նպատակներին համապատասխան։

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհ տրամադրելու մասին» համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 2 համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման նպատակն է նպաստել ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս համատեքստում խիստ կարևորվում է հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ամբողջական ներդրումը: Նոր համակարգը հնարավոր կդարձնի արժանահավատ ֆինանսական հաշվետվությունների կազմումը, որոնցով կգնահատվի ինչպես հանրային հատվածի առանձին կազմակերպությունների, այնպես էլ նախարարությունների և պետության ֆինանսական վիճակը։

Արտոնություն՝ տեքստիլ ապրանքների արտադրության ներդրումային ծրագրին

Կառավարության որոշմամբ «Ժասմին հոմ տեքստիլ» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել անկողնային պարագաների, համազգեստների և այլ տեքստիլ ապրանքների արտադրության համար՝ իրականացնելով 94 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 100 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 2 նոր աշխատատեղ՝ 88 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 31.2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.4 մլն դրամ։

Այլ որոշումներ

Կառավարությունը սահմանել է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող՝ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի ռեգիստրը և դրանք հաղորդելու կարգը: Սահմանված կարգի կիրառման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, կլինի համակարգված տեղեկատվական բազա, որը կարող է օգտագործվել լավագույն փորձի ուսումնասիրման և արձագանքման գործողությունների պլանավորման ժամանակ:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն օդանավակայաններում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի նկատառմամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացվող հսկողության միջոցառումները, հնարավորություն կընձեռվի ավելի բարձր մակարդակի հասցնել օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները, ինչպես նաև կապահովի համապատասխանեցումը ԻԿԱՕ չափորոշիչներին։

Գործադիրը հաստատել է Շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը: Ըստ այդմ՝ սահմանվել են դրա համար ներկայացվող հիմնական պահանջները՝ շահառուների և անձնագրավորման պատվիրատուների, պատասխանատուների նկատմամբ։ Արդյունքում՝ կտրվի նոր կառուցվող, վերակառուցվող (հիմնանորոգվող) և գոյություն ունեցող շենքերի ու շինությունների անձնագրավորման գործընթացի մեկնարկը:
 

← Վերադառնալ