Մամլո հաղորդագրություններ

Զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասին

12.02.2026

ևս 15 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը սահմանել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը: Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այն բխում է ՀՀ եկած զբոսաշրջիկների շահերից, ինչպես նաև զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունից և նրանց համար միասնական խաղի կանոններ սահմանելու տրամաբանությունից:

Նախարարը տեղեկացրել է՝ պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին. «Այս կայքի միջոցով զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները գրանցվելու և հայտարարելու են իրենց գործունեության մասին: Իրավունք կունենան զբոսաշրջային գործունեություն ծավալել միայն նրանք, ովքեր դրա մասին կհայտնեն, և դա լինելու է բացարձակապես թվային եղանակով: Այսինքն՝ տեղի չի ունենալու պետական մարմինների աշխատակիցների և զբոսաշրջային սուբյեկտների շփում մինչ այն պահը, երբ մենք պետք է գնանք, ու որոշ մարմիններ հավաստեն, թե արդյոք ներկայացված փաստաթղթերը ճի՞շտ են, թե՞ չէ»:

Նախարարը հիշեցրել է նախորդիվ ընդունված որոշումը, որով հստակեցվել է, թե որն է հոսթելը, մոթելը, հյուրանոցը, դրանց ուղղված պահանջները: Հաջորդիվ նախարարությունը տալու է հավաստագրեր, որով կարողանալու են այդ կազմակերպություններն աշխատել: Խախտումների դեպքում նախատեսվում է վարչական քրեական պատասխանատվություն:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կապված է մի քանի գործոնների հետ, մասնավորապես՝ դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճի, ներքին զբոսաշրջության աճի, զբոսաշրջային ծառայություններն առցանց ձեռք բերելու: Ըստ վարչապետի՝ զբոսաշրջային ծառայություն մատուցելը դառնում է ծանուցման ենթակա գործունեություն. «Երբ սուբյեկտը հայտարարագրի, ասի՝ ես զբոսաշրջային գործունեություն եմ ծավալում, իսկ Կառավարությունը, համապատասխան մարմինը հնարավորություն ունենան գոնե նախնական ուսումնասիրել միջավայրը և այլն, մի հավաստիացում տալ, որ քաղաքացիները՝ հայաստանյան և օտարերկրացի, կարող են այդ ծառայությունից օգտվել, որովհետև պետությունը նախնական դիտարկում իրականացրել է, և հայտարարվածի և իրականության միջև մեծ ճեղքեր չի տեսել»,- ասել է վարչապետը և հավելել, որ այն վերաբերում է նաև ավտոմեքենաներին, գիդերին և այլն:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զբոսաշրջային ինդուստրիայի նոր ստանդարտ սահմանելու մասին է, որովհետև զբոսաշրջությունն արդեն դառնում է ինդուստրիա: Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ 2026-ի հունվարին զբոսաշրջության բացարձակ ռեկորդ է գրանցվել:

Էկոնոմիկայի նախարար մանրամասներ է ներկայացրել. նախորդ տարի՝ մայիսից սկսած, միայն սեպտեմբեր ամիսն է եղել, որ բոլոր այդ ամիսների մեջ 2025 թվականի ցուցանիշը լավագույնը չի եղել, սեպտեմբերի դեպքում 2023-ի սեպտեմբերին է եղել. «Հունվարի դեպքում ռեկորդը թարմացվեց, և 2026-ի հունվարը լավագույն հունվարն է բոլոր հունվարների մեջ: Նախորդիվ լավագույն ցուցանիշները եղել են հերթականությամբ 2023-ին, 2024-ին, 2025-ին, այնուհետև՝ 2020-ը, 2019-ը, և այսպես շարունակ: 179,400 զբոսաշրջիկ հունվար ամսին երբևէ չի եղել Հայաստանում: Նախորդ լավագույն ցուցանիշը եղել է 20 հազարով պակաս, իսկ անցած տարվա ցուցանիշից մենք 40 հազարով ենք ավելի, այսինքն՝ այս հունվարին 29 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկ ենք ունեցել, քան անցած հունվարին»:

Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրել է, որ 2025 թվականն առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8600-ով ավելին է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվն է: «Սա նշանակում է, որ 2025-ի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով: Բայց, բացի ՀՀ քաղաքացիներից, մենք տեսնում ենք նաև զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, որովհետև 2025-ի արդյունքներով, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը 23 հազարով գերազանցել է նախորդող շրջաններին: Այսինքն՝ ամենաշատ թվով այցելուներն ենք ունեցել: Դա տեսանելի էր նաև Ամանորի տոնակատարությունների ժամանակ»,- ասել է վարչապետը:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ: Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի աճին նպաստող մի քանի հանգամանքներ: «Առաջինը հաստատված խաղաղությունն է, և այս առումով, հույս ունեմ, որ օտարերկրյա այն դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անընդհատ ծանուցումներ են տարածել, որ իրենց քաղաքացիները խուսափեն սահմանամերձ հատվածներ, Սյունիքի մարզ գնալ, այդ ծանուցումները կդադարեցվեն»,- ասել է վարչապետը և դիմել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ պետք է աշխատել այդ դեսպանների հետ, որպեսզի վերջիններս իներցիայով նույնը չշարունակեն:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հանգամանքներից են տնտեսական զարգացումը, ինչպես նաև ներքին անվտանգության և հանցավորության տեսանկյունից երկրի անվտանգ լինելը. «2025-ին մենք հանցավորության որոշակի նվազում ենք ունեցել, և կարծում եմ, որ սրանք էլ լրացուցիչ գործոններ , որոնք նպաստում են զբոսաշրջային հոսքերի աճին»:

Լրացումներ՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում

Կառավարությունը լրացումներ է կատարել սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում։ Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ «Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինն իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա, ֆիզիկական անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրն այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված։ Սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը»,-ասել է նախարարը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական ծախսերի հետ կապված հարաբերությունները կարգավորող Կառավարության որոշումը համապատասխանեցնել կատարված օրենսդրական փոփոխություններին՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ «Մինչև Հարկային օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունը կատարելը սոցիալական ծախսից օգտվելու համար հայտարարատու ֆիզիկական անձը պետք է ներկայացրած լիներ եկամտային հարկի տարեկան հաշվարկը, իսկ հայտարարագիրը կարող էր ներկայացվել միայն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվելուց հետո։ Այսինքն՝ նախկինում գործող մոտեցումը պահպանվել է, ինչը նշանակում է, որ սոցիալական ծախսից օգտվելու կարգի առումով խստացում չի կատարվում»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախորդ տարի ինչ կարգ էր գործում. քաղաքացիները պետք է իրենք ունենային նույնականացման քարտ՝ պարտադիր լրացնելու համար համընդհանուր հայտարարագիրը, դրանից բխող էլեկտրոնային ստորագրություն: Այսինքն՝ իրենք մտնում, լրացնում էին, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում ու ներկայացնում էին։ Ներկայացնելու պահից ծագում էր սոցիալական կրեդիտը, դրանց առկայության դեպքում համապատասխան ծախսերի, վերադարձի իրավունքը գործում էր»։

Վարչապետը նշել է, որ 70 տոկոսից ավելի քաղաքացի հայտարարագիրը հաստատել է այնպիսին, ինչպես ինքնաշխատ ձևով գեներացվել է. «Նրբությունը, որը ավելացել է, լրացնելիս էլեկտրոնային ստորագրության անհրաժեշտությունը չկա, բայց քանի որ սոցիալական կրեդիտի համար, այնուամենայնիվ, լրացուցիչ գործողություն կա անելու, դրա համար անհրաժեշտ է, որ նախ էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացվի, և լրացվի նաև սոցիալական կրեդիտը վերադարձնելու հայտը: Դրա համար անհրաժեշտություն է, որպեսզի նման քաղաքացիները, ովքեր ունեն սոցիալական կրեդիտ վերադարձնելու խնդիր, էլեկտրոնային ստորագրություն ունենան»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 76 հազար 537 քաղաքացի 2025 թվականի ընթացքում կամ 2024-ի հայտարարագրման արդյունքում ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ։ Միջին գումարը մեկ հայտարարատուի համար կազմել է 81 հազար դրամ։ Վարչապետի դիտարկմամբ՝ սա նաև կարևոր է Կառավարության սոցիալական քաղաքականությունները քայլ-քայլ կարգավորելու և առավել հասցեական դարձնելու համար:

Թեմայի առնչությամբ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է. «Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց նոր պլատֆորմ ունենալ: Ուզում եմ իրազեկել, որ նոր պլատֆորմի հետ կապված մրցույթը կայացել է, հիմա գնահատման փուլում ենք: Դրա արդյունքներով մենք այս տարի կմշակենք նոր պլատֆորմը, որը հենց նշված լուծումներն իր մեջ կպարունակի և ոչ միայն: Նշեմ նաև, որ մենք խոստացել էինք, որ պետք է որոշ համակարգերի հասանելիություն ստանանք, մասնավորապես, օրինակ՝ բանկային տեղեկատվությունը, քաղաքացիների թույլտվությամբ հնարավորություն ունենանք բանկերից այն ստանալու, այդ հարցն էլ ենք կարգավորում։ Մյուս հարցը. լիազորագրի միջոցով ուրիշին թույլ տալ իր փոխարեն հայտարարագիրը տեսնելը, լրամշակելը և հաստատելը, ինչպես նաև մեր սոցիալապես անապահով, նաև կենսաթոշակառուների համար ավտոմատ տեղեկատվության ստացումը ԱՍՀ նախարարության շտեմարանից: Սրանք բոլորն այս տարվա ընթացքում կլուծվեն»:

ՊԵԿ նախագահը տեղեկացրել է՝ կլինի նաև մի հավելված, որը մարդկանց հասանելի կլինի շատ ավելի պարզ եղանակով, հեռախոսներով, շատ հեշտ հարցերի միջոցով նրանց կուղղորդի ցանկացած դաշտ՝ հասկանալու, լրամշակելու և հաստատելու իրենց հայտարարագրերը։

Վահե Հովհաննիսյանն էլ հիշեցրել է՝ 2025 թվականի հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ն է և տեղեկացրել. «Երկու շաբաթվա ընթացքում մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման կամ հայտարարագրման ենթակա են միայն միանվագ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում: Սա հավելյալ պարզեցում է, որովհետև մեր քաղաքացիները հարցեր էին բարձրացնում, թե որ շեմերը՝ ընտանիքի անդամների փոխանցումները և այլն, հիմա մենք կոնկրետ սահմանում ենք այն երկար ցանկը, որոնք հայտարարագրման ենթակա չեն»:

Արձագանքելով՝ ՊԵԿ նախագահը նշել է. «Սա, բացի բուն հայտարարագրման ռեֆորմից, տրամաբանությամբ հարմարավետ հարթակ է նաև բազմաթիվ ֆիզիկական անձ հարկ վճարողների համար: Նրանք, այն, ինչը ՊԵԿ-ը չի տեսնում, օրինակ՝ վարձավճարները կամ նմանատիպ այլ եկամուտներ, այդ հարթակում շատ պարզ հայտարարագրեն և իրենց հարկերը վճարեն: 2025 թվականն այդ տեսանկյունից էլ է բավական առաջընթացի տարի եղել, ու եթե թվեր հնչեցնեմ, 8.6 մլրդ դրամ հարկեր են վճարվել այդ ճանապարհով նախորդ տարվա 4.5 մլրդ դրամի փոխարեն»։

Պարտադիր է դառնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովի ՀՀ օրհներգի՝ որպես պետական խորհրդանիշի պատշաճ օգտագործումը և կսահմանի իրավական հստակություն՝ բոլոր պետական և հասարակական մակարդակներում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախորդիվ ՀՀ օրհներգի մասով կատարված աշխատանքները և ներկայացրել օրհներգի կատարման կարգը, որով հստակ սահմանվում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի ՀՀ օրհներգը և ինչ ստանդարտի կիրառմամբ: «Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը: Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս երբ խոսում են արարողակարգային միջոցառումների մասին, ապա պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով: Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել նաև ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից կատարվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների սկզբում: Այստեղ կենդանի կատարումը, բնականաբար, նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունները, որոնք հասանելի են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգին և նշել, որ օրենքում արդեն իսկ սահմանվում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգ պետք է հնչի: «Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ: Այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են: Սա ունի շատ կոնկրետ նպատակ, որպեսզի պետական կարևորագույն խորհրդանիշը՝ օրհներգը, կրթական ամենացածր օղակից դառնա երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը, որը ստանում են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ունկնդիրներն էլ պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը՝ պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորման համատեքստում: Վարչապետն ընդգծել է միջոցառումներին ՀՀ օրհներգ կենդանի կատարմամբ հնչելու անհրաժեշտությունը. «Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք, ովքեր չունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր և երգչախմբեր, որպեսզի դա կատարեն»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այլ կառույցների դեպքում ստանդարտ է սահմանվում. «Պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է, տեղադրված է պաշտոնական կայքում: Դրանից դուրս օրհներգի տարբերակներ միացնելն արգելվում է»:

Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նստավայրը թողնել Ժնևում:

Կբարձրանա հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարագրման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգում: Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի պաշտոնի թափուր տեղերի համալրման գործընթացում առկա գործնական խնդիրներով և դրանց լուծման անհրաժեշտությամբ։ Արդյունքում՝ նախատեսվում է հստակեցնել և իրավականորեն ամրագրել տնօրենի նշանակման գործուղման մեխանիզմը՝ որպես մրցութային ընթացակարգի կիրառման անհնարինության դեպքում կիրառվող այլընտրանքային միջոց,ապահովել տնօրենի պաշտոնի թափուր տեղերի համալրման գործընթացի ճկունություն՝ միաժամանակ պահպանելով թափանցիկության, օբյեկտիվության և մասնագիտական գնահատման սկզբունքները, կանխել ուսումնական հաստատությունների կառավարման մեջ առաջացող երկարաժամկետ դատարկումները կամ ժամանակավոր լուծումների երկարաձգումը։ Փոփոխություններով գործուղման ընթացակարգը համակարգվում է գործող մրցութային կարգավորման տրամաբանության հետ՝ պահպանելով մասնագիտական հանձնաժողովի ներգրավվածությունը, զարգացման ծրագրի ներկայացման և գնահատման պահանջները, ինչպես նաև հարցազրույցի փուլը։ Այն հնարավորություն է տալիս ապահովել, որ գործուղման միջոցով նշանակվող տնօրենը նույնպես անցնի մասնագիտական և բովանդակային գնահատման գործընթաց։ Միևնույն ժամանակ, փոփոխությունները նպաստում են իրավական որոշակիության բարձրացմանը՝ հստակ սահմանելով այն պայմանները, դեպքերը և ընթացակարգերը, որոնց առկայության դեպքում կարող է կիրառվել գործուղման մեխանիզմը, ինչպես նաև լիազոր մարմինների և հավակնորդների իրավունքներն ու պարտականությունները։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշմամբ «ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել նոր արտադրական շենքի կառուցման և արտադրական հզորությունների վերազինման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1.4 մլրդ դրամի ներդրում, որից 950 մլն դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման, իսկ 509 մլն դրամը՝ հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 509 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 39 մլն դրամ։

Նույն արտոնությունից կօգտվի նաև «ԱՄԱՌՈԼ ՕՈՒՍԻ» ՍՊԸ-ն. ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ատամի խնամքի միջոցների արտադրության համար՝ իրականացնելով 12.9 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 795 հազ դրամ։

Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան

Գործադիրը հավանություն է տրվել ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ոլորտային օրենքները կհամապատասխանեն «Կրթության մասին» օրենքի նոր պահանջներին, կապահովվի նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման հնարավորությունը: Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ: Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը և ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների։

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերով առաջարկվում է բանկային և հարակից գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալու մասին դատարանի որոշման և բանկային և հարակից գաղտնիք պարունակող տեղեկատվության տրամադրումը իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Օրինագծի ընդունման դեպքում էապես կբարելավվի իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը։

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել 2016 թ. հուլիսի 3-ին Սեն Դենիում ստորագրված «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ Եվրոպայի Խորհրդի այս կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ անվտանգային և սպասարկման հարցերին միասնական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Կոնվենցիայի նպատակն է ապահովել միասնական և համապարփակ մոտեցում, որը կօգնի մրցունակ և արդյունավետ համատեղ աշխատանք իրականացնել տարբեր երկրների և շահագրգիռ կողմերի միջև՝ ապահովելու միջոցառումների անվտանգության և վայելքի բարձր մակարդակ։ Կողմերն ընդունում են, որ ապահովությունը, անվտանգությունը և սպասարկումը պետք է համատեղվեն և աշխատեն որպես միահյուսված համակարգ: Կոնվենցիան միտված է ստուգելու և համատեղելու այն լավագույն փորձը, որը կիրառվում է տարբեր երկրներում՝ զուգակցելով գործնական և իրավական մոտեցումները։ Դա հնարավորություն կտա մշակել նորարարական մեթոդներ, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը, և դրանք կիրառելու հնարավորությունը կբարձրացնի կոնվենցիայի դրական ազդեցությունը։

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2020 թ. ապրիլի 23-ին ստորագրված թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի փոփոխություն N 3-ի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ սոցիալ–տնտեսական կայուն զարգացման ապահովման համատեքստում գյուղատնտեսության, մասնավորապես՝ ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը հանդիսանում է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, հողօգտագործման արտադրողականության բարձրացումը և ժամանակակից ոռոգման տեխնոլոգիաների ներդրումը կարևոր նախապայմաններ են գյուղական համայնքների տնտեսական զարգացման և դիմակայունության ամրապնդման համար։ «Հայաստան–Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը միտված է վերոնշյալ նպատակների իրագործմանը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2027 թ. դեկտեմբերի 19-ը, իսկ մասհանումների վերջնաժամկետը՝ մինչև 2028 թ. մարտի 31-ը, նպատակ ունեն ապահովելու ծրագրի լիարժեք իրականացումը: Ծրագրի իրականացման ժամկետների երկարաձգումն անհրաժեշտ և նպատակահարմար է՝ ապահովելու նախատեսված բոլոր ներդրումային և ինստիտուցիոնալ բաղադրիչների ամբողջական իրականացումը, լիարժեք գործարկելու ֆինանսական գործիքները և ապահովելու դրանց կիրառումը թիրախային շահառուների կողմից, շարունակելու տեխնիկական աջակցության, ուսուցման և խորհրդատվության տրամադրումն անհրաժեշտ ծավալով և որակով, պահպանելու դոնորների ներդրումների արդյունավետությունը և Ծրագրի նկատմամբ շահառուների և գործընկերների վստահությունը։

Վերահսկելի և կառավարելի կդառնա մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը բնական էկոհամակարգի վրա

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը: Հիմնավորման համաձայն՝ իրավական դաշտում բացակայում են նորմեր, որոնք կարգավորում են մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը բնական էկոհամակարգերի, բուսականության և հողի քիմիական կայունության վրա, ինչպես նաև բացակայում են դրանց չափման, գնահատման և ռիսկերի կառավարման իրավական մեխանիզմները։ Կարգով սահմանվում են մթնոլորտային օդում առկա աղտոտիչների՝ հատկապես ծծմբի և ազոտի միացությունների, ազդեցության գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով դրանց կողմից առաջացվող՝ հողի թթվայնացում, ջրային էկոհամակարգերի էվտրոֆացման, բուսականության վնասում, կենսաբազմազանության նվազում։ Որոշումը ներառում է՝ աղտոտող (վնասակար) նյութերի կրիտիկական մակարդակների սահմանում՝ համաձայն ICP Vegetation և համապատասխան ԵՄ ուղեցույցների, էկոհամակարգերի կրիտիկական բեռնվածության հաշվարկման մեթոդաբանություն՝ հիմնված ICP Modelling and Mapping և պարզ զանգվածային հաշվեկշռի SMB (Simple Mass Balance) մոտեցումների վրա, ազդեցությունների գնահատման և ռիսկերի վերլուծության չափորոշիչներ, տարածական քարտեզագրման և մոնիթորինգի պահանջներ՝ համապատասխան EMEP/UNECE պահանջներին։ Արդյունքում՝ ակնկալվում է իրականացնել բնական էկոհամակարգերի գիտականորեն հիմնավորված գնահատում, հայտնաբերել ռիսկային և առավել զգայուն տարածքները,հիմք ստեղծել աղտոտիչների արտանետումների կառավարելի քաղաքականության մշակման համար, ապահովել միջազգային պարտավորությունների կատարում և տվյալների համադրելիություն։

Գործադիրը հաստատել է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվների ռեեստրի ստեղծման և կառավարման համակարգի ներդրման կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդնել ՏՏ ակտիվների կառավարման ապակենտրոնացված ռեեստր, որը կապահովի «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի իմաստով հանրային հատվածի կազմակերպություններում և հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերություններում օգտագործվող ՏՏ ռեսուրսների ամբողջական հաշվառում և վերահսկում։ Ռեեստրի ներդրումը կհանդիսանա հիմք ՏՏ ակտիվների կառավարման միասնական մոտեցման ձևավորման, շահագործման կառուցվածքի հստակեցման, պատասխանատվության բաշխման, ինչպես նաև ռիսկերի գնահատման և տեղեկատվական ու կիբեռանվտանգության ռիսկերի նվազեցման համար։ Այն կնպաստի հաշվետվողականության մշակույթի ձևավորմանը՝ ապահովելով գործընթացների թափանցիկություն, վերահսկելիություն և կառավարման համակարգվածություն։ Ռեեստրում գրանցվող ակտիվները կդասակարգվեն տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և հասանելիության պահանջների հիման վրա՝ համաձայն միջազգային ստանդարտների, մասնավորապես՝ ISO/IEC 27001 ստանդարտի դրույթների։

Կսահմանվեն պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի կառուցվածքի միասնական նվազագույն պահանջներ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետական մարմինների պաշտոնական կայքերի կառուցվածքի, տեխնիկական գործունակության, բովանդակության մատչելիության և տեղեկատվական անվտանգության նկատմամբ ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխանող իրավակարգավորումների ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Նախատեսվում է սահմանել պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի կառուցվածքի, ոճի, մատչելիության, տեխնիկական կատարողականի և տեղեկատվական անվտանգության միասնական նվազագույն պահանջներ՝ հիմնված «Հենակետ» դիզայն համակարգի և միջազգային լավագույն փորձի վրա։ Որոշման ընդունումը կնպաստի պետական կայքերի հստակ ձևավորմանը, հարմարավետ նավարկելիությանը, կապահովվի տեղեկատվության բովանդակության առավել մեծ հասանելիություն քաղաքացիների (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց) համար, ինչպես նաև՝ կնպաստի պետական տեղեկատվական ակտիվների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։ Միաժամանակ կձևավորվի կայքերի մշտադիտարկման, սպասարկման և թարմացման միասնական մշակույթ։

← Վերադառնալ