Մամլո հաղորդագրություններ
Կխթանվի ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորումը
1670x1113px - 680 Կբ
1670x1113px - 694 Կբ
1670x1113px - 709 Կբ
1670x1113px - 557 Կբ
1670x1113px - 577 Կբ
1670x1113px - 617 Կբ
1670x1113px - 695 Կբ
1670x1113px - 615 Կբ
1670x1113px - 576 Կբ
1670x1113px - 649 Կբ
1670x1113px - 597 Կբ
1670x1113px - 561 Կբ
1670x1113px - 671 Կբ
1670x1113px - 543 Կբ
1670x1113px - 607 Կբ
1670x1113px - 694 Կբ
1670x1113px - 675 Կբ
1670x1113px - 776 Կբ
1670x1113px - 660 Կբ
1670x1113px - 670 Կբ
ևս 17 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը, բայց ոչ պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսը։ Առաջարկվում է ՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի ձեռք բերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջարկվող կարգավորումների կիրառության պարագայում հաճախ կլինեն իրավիճակներ, երբ պետական բյուջե վճարվող ԱԱՀ-ի գումարներն ավելի փոքր են, քան հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները (որի պարագայում վերջնարդյունքում կձևավորվեն պետական բյուջեից վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարներ)՝ նախագծով առաջարկվում է նաև ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց մասով սահմանափակել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը:
Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է՝ նախագիծը բարդ է, բայց ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է, որը կօգնի հարստանալ և հարստացնել, և արդյունքում կբարձրանա տեղական ոսկերչական արտադրանքի մրցունակությունը ներմուծվողի համեմատությամբ։ «Պետք է արագ ընդունենք, քանի որ տուրիստական սեզոնը հիմա ակտիվանում է և մեր ոսկերիչների վաճառքներն էականորեն մեծանան: Մենք համոզված ենք, որ այդ էֆեկտը լինելու է»,- ասել է վարչապետը։
2018-2025 թթ. ՀՀ և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի գույք և դրամական միջոց
Գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Նորք Մարաշ, Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հողամասն արդեն ՀՀ սեփականությունն է, սեփականությունը գրանցված է: Ըստ նախարարի՝ այն ՀՀ-ին է վերադարձվել ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճռով։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել գործի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Գլխավոր դատախազությունը 2025 թ.-ի նոյեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 1 մլն 107 հազար դոլարին համարժեք 417 մլն 659 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7090 քառակուսի մակերեսով հողամասի նկատմամբ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ այս գույքի վերաբերյալ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2025 թվականի մարտի 7-ի վճռով: «Դատախազությունը դատարանից հայցել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ: Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ որոշումներով հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 5 հողամաս ամրացվել է ՇՄՆ-ին, և այսօրվա դրությամբ ՇՄՆ-ին է ամրացված Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ ընդհանուր 3 մլրդ 381 մլն 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, շուրջ 7,5 հա մակերեսով 6 հողամաս»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Ըստ Աննա Վարդապետյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով ունենք 9 հաշտության համաձայնություններ։ Գլխավոր Դատախազը տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաշտության 10-րդ համաձայնությունն է ստորագրվել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղում գտնվող շուրջ 20.6 հա մակերեսով, 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը ՀՀ սեփականությանը հանձնելու նպատակով կնքվել է հաշտության համաձայնություն, որը 2026 թ. մարտի 5-ին հաստատվել է դատարանի վճռով։ Վճիռն օրինական ուժ կստանա 2026 թվականի ապրիլին. գույքը կփոխանցի ՀՀ-ին։ «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ: Հիշեցնեմ, որ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնվել 2025 նոյեմբերի 6-ին»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև 2018-2025 թթ. ՀՀ-ին վերադարձված գույքերին ու դրամական միջոցներին և նշել, որ Դատախազությունում վերլուծվել են այդ թվականների՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թ.-ից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, ՀՀ և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2025 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի (շուրջ 773 միլիոն դոլարի) գույք և դրամական միջոց, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամի (շուրջ 504 միլիոն դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023-2025 թթ.-ին:
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերին և անդրադարձել այդ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքները: Ըստ այդմ՝ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 83 շենք-շինություն: «Մեզ անընդհատ քննադատում են, թե ինչու մենք այդ գույքերը չենք տալիս պետությանը, կամ ինչու չենք տալիս որոշակի սոցիալական նպատակներով: Նորից առիթն օգտագործելով՝ կրկնեմ, որ այդտեղ սեփականության իրավունք լինել չի կարող։ Գործընթացը շարունակական է: Բացարձակ նիշից ցածր որևէ գույք, անկախ իր շուկայական արժեքից, չի կարող սեփականության վերադարձվել, քանդվելու է, և տարածքն ազատվելու է ամբողջությամբ»,- ասել է Գլխավոր դատախազը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարածքը պետք է լինի քաղաքային տրամաբանության անտառ՝ ակտիվ կյանքի համար հարմար, առանց կոմերցիոն կետերի։
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ այս պահին միջազգային գործընկերների հետ աշխատանք է իրականացվում դոնորներ ներգրավելու ուղղությամբ՝ Նորքի հողատարածքն անտառային պուրակի վերածելու գաղափարն իրականություն դարձնելու նպատակով։ ՇՄ նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին շրջանում հետևողականորեն վերականգվում է հանրային շահը և պետության իրավունքները տարիներ առաջ մասնավորին տրամադրված անտառային ու բնապահպանական տարածքների նկատմամբ։ Ըստ Համբարձում Մաթևոսյանի՝ նախարարության,Գլխավոր դատախազության, ՏԻՄ-երի և այլ գերատեսչությունների միջև համագործակցության արդյունքում՝ 2025 թվականի ընթացքում պետությանն է վերադարձվել շուրջ 13.000 հեկտարից ավել ընդհանուր մակերեսով բնապահպանական և անտառային հող։ Մասնավորից վերադարձվել և «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է միացվել 5330 հա տարածք։ Վարձակալության պայմանագրի խզման գործընթացով «Սևան» ազգային պարկին է վերադարձվել 79 հա տարածք։
Կվերանայվեն հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմերը
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի։ Նախագծերի ընդունումը պայմանավորված է հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային (խոշոր և առանձնապես խոշոր) շեմերը վերանայելու, հարկային մարմնի կողմից ուժի մեջ մտած վարչական ակտով արձանագրված հանգամանքների հիմքով քրեական վարույթ նախաձեռնող մարմնին հաղորդումներ ներկայացնելու, ինչպես նաև գույքի արգելադրման քրեադատավարական ընթացակարգերը այլընտրանքային մեխանիզմ ներդնելու արդյունքում լավարկելու անհրաժեշտությամբ։
Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, փաթեթով ներկայացվում է հարկային վարչարարության ամենաառանցքային բարեփոխումներից մեկը, որը վերաբերում է հաղորդումների և քրեական գործերի պրակտիկայի էական բարելավմանը։ Ըստ նրա՝ այն մշակվել է վերջին մեկ տարվա ընթացքում պետություն-մասնավոր համապարփակ համագործակցության արդյունքում և այդ համագործակցության վառ օրինակ է։ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ բարեփոխումների նպատակը պետության՝ ի դեմս ՊԵԿ-ի, և հարկ վճարողի փոխվստահության ամրապնդումն է, հարկ վճարողների լսված լինելու հնարավորությունների ընդլայնումը, երկխոսության միջոցով հարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացումը և հարկային հանցագործությունների դեմ առավել թիրախային պայքարը: Այն բխում է ՊԵԿ-ի տեսլականից, որ այն պետք է վերածվի հասարակությանը և հատկապես հարկ վճարողներին որակյալ ծառայություն մատուցող, կամավոր կարգապահությունը խթանող մարդակենտրոն կառույցի, որտեղ, բացի ֆիսկալ գործառույթից, խթանում են տնտեսական զարգացումը: «Ի՞նչ խնդիրներ ենք ախտորոշել այս ընթացքում: Նախ՝ մեծ հոսք կա դեպի Քննչական կոմիտե՝ հանցագործության մասով հաղորդումների, և սահմանափակ ռեսուրսի պայմաններում ոչ միշտ է հնարավոր լինում դրանք արդյունավետ իրացնել տվյալ տարվա ընթացքում: Տնտեսության մեծացմանը՝ չափերին ու աճին զուգահեռ, մեր համապատասխան շեմերը շարունակում են ցածր մնալ: ՊԵԿ գործիքակազմը սահմանափակված է, հատկապես ներկա օրենսդրությունը միշտ չէ, որ թույլ է տալիս հաղորդումները այլ գործիքակազմով իրացնելու, և քրեական վարույթների շրջանակներում որոշ դեպքերում բիզնես գործունեության որոշակի վնասներ են պատճառվում արգելադրումների միջոցով: Այս բոլոր հարցերի լուծումները տալիս ենք այս փաթեթով»,-ասել է ՊԵԿ նախագահը:
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու միջոցով Հարկային մարմինը՝ ՊԵԿ-ը տվյալ դեպքում, հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը և հարկ վճարողին ծանուցելով՝ փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարվածի մասին: Հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա իր մեկ այլ գործիքով, որը կոչվում է թեմատիկ ուսումնասիրություն, արձանագրելու իրավախախտումը և կազմելու համապատասխան վարչական ակտը, այնուհետև այդ վարչական ակտը ներկայացնելով հարկ վճարողին՝ Պետական եկամուտների կոմիտեն պետք է սպասի այդ ակտի վարչական բողոքարկման ընթացակարգը սպառելուն:
ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ դրանից բացառություն է լինում միայն այն դեպքը, երբ վարույթի անհապաղ նախաձեռնումն անհրաժեշտ է ապացույցների պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման նպատակով, և առկա է ողջամիտ կասկած, որ հաղորդումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման: Այս իրավիճակն էլ պետք է հավաստվի բացառապես ՊԵԿ-ի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից, որը ենթադրում է, որ ՊԵԿ-ը պետք է համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակի նաև ներսում։ «Դրանով անհրաժեշտություն է առաջանում երկու փոփոխություն անել: Թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանում ենք հաստատապես հայտնի գործարք լինելու փաստը, ինչպես նաև այդ ուսումնասիրությունը տարվա մեջ միայն մեկ անգամ իրականացնելու սահմանափակումը: Նշեմ, որ մինչև այս առաջարկը ներկայացնելը մենք արդեն ՊԵԿ-ում բարեփոխումներ արել ենք, ու հանցագործությունների հաղորդումները նախաձեռնելուց առաջ համապատասխան բանակցություններ են լինում, աշխատանքային խումբ է ստեղծվել, որտեղ ֆիլտրվում են այդ հաղորդումները, և դրա արդյունքում որակը էապես բարելավվում է: Արդյունքում, նախնական հաշվարկներով՝ հաղորդումների առնվազն կեսն անցնելու է վարչական գործընթացով, և հարկ վճարողը իրավունք է ունենալու այդ ամբողջ ընթացքում իր արգումենտները ներկայացնել, քննարկել, բանակցել, բողոքարկել, մինչև դա կվերածվի հաղորդման կամ չի վերածվի»,-ասել է Էդուարդ Հակոբյանը:
Մյուս փոփոխությունը, ըստ ՊԵԿ նախագահի, շեմն է. «2022 թ.-ից այս կողմ բավական բարձր տեմպերով, և բացի դրանից էլ, երբ որ ախտորոշում ենք մեր հաղորդումները, տեսնում ենք, որ մինչև 30, 40 մլն գործերն են բավական շատ լինում, և հարյուրից բարձրը: Թիրախավորել ենք հենց այս ներքևի շեմը, որպեսզի հնարավորություն տանք սահմանափակ ռեսուրսները օգտագործելու առավել թիրախային: Երկու շեմ գոյություն ունի. խոշոր՝ 10 մլն, և առանձնապես խոշոր՝ 20 մլն: Խոշորի դեպքում առաջարկում ենք եռապատկում, այսինքն՝ 10 մլն-ից 30 մլն-ի է առաջարկվում բարձրացնել, իսկ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում՝ 45 մլն, առանձնապես խոշորի դեպքում՝ մեկ տարվա համար 50 մլն, իրար հաջորդող 3 հարկային տարիների ընթացքում՝ 75 մլն: Արդյունքում տեղի է ունենալու առնվազն 600 գործի ապաքրեականացում: Դա կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով՝ հարկ վճարողի համաձայնությամբ, իսկ այդ գործը նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի։ Իհարկե, այս գործերը հետագայում կդառնան վարչական նշածս պրոցեսում ուսումնասիրության առարկա, իսկ առանձնապես խոշորի դեպքում արդեն ծանրից կդառնա միջին ծանրության, երբ որ շեմերը բարձրանան»։
Երրորդ փոփոխությունը Քրեական դատավարության օրենսգրքում է նախատեսվում։ Քրեական վարույթի ընթացքում գույքի արգելադրման գործիքակազմի կիրառումը երբեմն խնդիրներ է առաջացնում, և տնտեսվարող սուբյեկտի գույքի վրա կիրառված արգելանքը խոչընդոտում կամ խաթարում է վերջինիս գործունեությունը, որի հետևանքով տնտեսվարող սուբյեկտի համար առաջանում են էական գույքային ծախսեր: Այս նպատակով անհրաժեշտություն է առաջանում նոր մեխանիզմներ ներդնել, մասնավորապես՝ վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքը արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է այդ գույքին համարժեք բանկային երաշխիք: «Բացի դրանից՝ մեր քննարկումերի ընթացքում մենք նաև անդրադարձել ենք արժեթղթեր գրավադրելու հնարավորությանը և, ուսումնասիրելով օրենսգրքերը, հանգել ենք մի եզրակացության. արժեթուղթ, պարտատոմս, բաժնետոմս, այսինքն՝ հարկ վճարողը, կարող է նաև պարտատոմսեր, արժեթղթեր գրավադրել, որը հնարավորություն կտա իր եկամուտը չկորցնել, միաժամանակ քրեական պրոցեսները կազմակերպվեն»,- նշել է Էդուարդ Հակոբյանը:
Վարչապետը կարևորել է օրինագծերի ընդունումը և անդրադարձել այն ազդակներին, որոնց համաձայն՝ Կառավարությունը հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ. «Մեր արձագանքը՝ մենք ոչ միայն տեռոր անելու ցանկություն չունենք, այլև ընդհակառակը, տնտեսությունը քաջալերելուն ուղղված տասնյակ միլիարդներ ենք ծախսում։ Այսօր ընկերություն չկա, որ մեր աջակցությամբ մի հատ մեքենա, սարքավորում գնած չլինի, արտոնյալ վարկ վերցրած չլինի։ Բայց մյուս կողմից մեր սկզբունքը շատ հստակ է՝ բիզնեսից մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն և ակնկալում ենք, որ իրենք իրենց հարկերը վճարեն։ Մենք չենք ակնկալում՝ ոչ մի լումա ավելի և ոչ մի լումա պակաս»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնության փաթեթը Ջերմուկում կայացած գործարար աշխատաժողի արդյունքն է. «Երբ մենք արդեն գործնականում փորձեցինք հասկանալ տպավորությունների պատճառն ինչ է, տեսանք, որ մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ, որ ՊԵԿ-ը շատ դեպքերում գործում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն՝ օրենքով եկավ շեմը հատեց, ինքն իր գործողությունը պետք է անի, հակառակ դեպքում պաշտոնյաները կարող են մեղադրվել իրենց գործառույթները չիրականացնելու մեջ։ Այդ քննարկումներին ներկա էր նաև Քննչական կոմիտեի նախագահը։ Եվ մենք ընդհանուր առմամբ եկանք այս ըմբռնմանը և հիմա իրականացնում ենք դա»։
Փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է հնարավորություն տալ 01.05.2025 թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուներին օգտվել Ծրագրից, որպեսզի բացառվի վերջիններիս կողմից ֆինանսական վնասներ կրելը (ընդհանուր 400 քվոտա)։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Ընդ որում, այդ բնակավայրերում առաջարկվում է սահմանել շահառուների այնպիսի սահմանաչափ, որը լրացնելու դեպքում բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը կհասնի 10 տոկոսի (ընդհանուր 774 քվոտա)։ Առաջարկվում է ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվող/կառուցված դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է (ընդհանուր 243 քվոտա)։ Որոշմամբ նաև առաջարկվում է այրիներից բացի, որպես շահառու դիտարկել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կանանց։ Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրով սահմանված 2400 շահառուն փոխարինել մինչև 3820-ով՝ հնարավորություն տալով վերոնշյալ թիրախային խմբերին օգտվել ծրագրից, միաժամանակ առաջարկվում է ծրագրի ժամկետը երկարաձգել մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը։
Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Կառավարության որոշմամբ առաջարկվում է պետբյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,007,158.8 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ֆինանսավորվող ծրագրերը։ Այսպիսով, գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 30 %, ասֆալտապատվել է 2,3 կմ երկարությամբ ճանապարհ), Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ, Արմաշ, Երասխ բնակավայրերի գազիֆիկացում (ավարտված է, կառուցվել է 3,4 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 768 տնային տնտեսություն), Արարատ բնակավայրի մշակույթի տան հարակից այգու բարեկարգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 60 %, բարեկարգվել է 1955 քմ տարածք, տեղադրվել է 2361 գծմ բազալտե եզրաքար), ք․Արարատ, Ավշար, Նոյակերտ, Արարատ, Արմաշ, Պ․ Սևակ, Ուրցալանջ և Զանգակատուն բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում LED լուսատուներով /2-րդ փուլ/ (կատարված շինարարական աշխատանքները՝ 70 %, կառուցվել է 2,2 կմ երկարությամբ լուսավորության համակարգ), Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Ա․ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների հիմնանորոգում և Վ․ Տերյան և Սուրբ Մ.Խորենացի փողոցների և Չարենց թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգում /լրացուցիչ աշխատանքներ/ (ավարտված է, հիմնանորոգվել է 6,5 կմ երկարությամբ ճանապարհ), Լոռու մարզի Ալավերդի համայնքի 15 բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցում և գոյություն ունեցող լուսատուների արդիականացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, կառուցվել է 20 կմ երկարությամբ լուսավորության ցանց, տեղադրվել է 711 հատ նոր մետաղական հենասյուն և 946 լուսատու) Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տան արտաքին հարդարման աշխատանքներ /2-րդ փուլ/ (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, կառուցվել է 65,3 խմ հենապատ, իրականացվել է 747 քմ ասֆալտապատում, բետոնե սալիկներով սալիկապատվել է 210.2 քմ տարածք), Տաշիր համայնքի 24 բնակավայրերի կարիքների համար տեխնիկայի ձեռքբերում (ավարտված է, տեխնիկան` էքսկավատոր-ամբարձիչ, աղբատար և ջրցան մեքենաները մատակարարվել են), Կոտայքի մարզի Ակունք համայնքի Ակունք բնակավայրի կոյուղու ցանցի կառուցում /լրացուցիչ/ (ավարտված է, կառուցվել է 1 կմ երկարությամբ կոյուղու ցանց, շահառուները` 50 տնային տնտեսություն), Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ (ավարտված է, կառուցվել է 400 մ երկարությամբ գազատար, շահառուները` 60 տնային տնտեսություն), Շիրակի մարզի Գյումրի համայնքի աղբահանության ծառայությունների մատուցման համար տեխնիկաների ձեռքբերում (ավարտված է, 1 աղբատար և 3 ինքնաթափ մեքենաները մատակարարվել են), Գյումրի համայնքի երկրորդային 20 փողոցների հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80 %, ասֆալտապատվել է 3.4 կմ երկարությամբ ճանապարհ և 6984 քմ մայթեր), Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Գ. Նժդեհ (Չոփչուն ձոր) փողոցի հիմնանորոգում (ավարտված է, ասֆալտապատվել է 1 կմ երկարությամբ ճանապարհ), Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցում (ավարտված է, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 60 սանի համար), Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան բնակավայրի քաղաքային զբոսայգում գտնվող քայլուղիների սալիկապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70 %, սալիկապատվել է 3886 քմ տարածք), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան 86, 103, 105 շենքերի բակերի և 86 շենքից 105 շենք տանող բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90 %, ասֆալտապատվել է 5520 քմ բակային տարածք)։
Կլուծվի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը
Շինարարների 23 հասցեի 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը լուծելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում: «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար մակերեսով հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրի իրականացման նպատակով համաձայնություն է տրվել 0.020193 հեկտար մակերեսով, 913531.32 դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն: Կարևորելով Շինարարների փողոցի N 23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված 3-րդ կարգի վթարային վիճակում գտնվող Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող շենքի բնակիչների վերաբնակեցման հիմնախնդիրը և բնակիչներին՝ նոր կառուցվող շենքից բնակարանների տրամադրումը՝ հաշվի առնելով ծրագրի իրականացման շուրջ տեղի ունեցած քննարկումները և բարձրացված հարցերը՝ որոշմամբ առաջարկվում է բնակիչների վերաբնակեցման խնդիրները լուծելու նպատակով ընկերությանը օտարել նաև Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար, նույն փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 0.01 3728 հեկտար և 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով հողամասերը: Ինչպես նաև ծրագրի առջև դրված խնդիրների անշեղ իրականցման համար նախատեսել, որ բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով նոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցով:
Կիրականացվի Հորս բնակավայրի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման ծրագիր
Կառավարությունն ընդունել է «Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի «Բնակելի տուն. իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի, կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է հուշարձանի տարածքն ամբողջականացնելու, պահպանությունն ապահովելու, ուսումնասիրություններ իրականացնելու, հնագիտական պեղումները կազմակերպելու, պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման և հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ Հորս գյուղը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր իշխանական տոհմերից մեկի՝ Օրբելյանների նստոցը։ Այստեղ գտնվում են 13-14-րդ դդ․ Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության պահպանված լավագույն նմուշներից մեկը համարվող պալատական համալիրի և եկեղեցու ավերակները, իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ հայոց և վրաց ամիրսպասալար, իշխան Մեծ Սարգիս Զաքարյանի թոռնուհի Խորիշահ իշխանուհուն հիշատակող արձանագրություններ: ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով (11.011.000 դրամ) Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը 2024 թ. իրականացրել է պեղումներ, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակվել է Հորս բնակավայրի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման նախագիծ (8.789.000 դրամ): Նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել հուշարձանը:
Կառավարությունն ընդունել է «Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին գույք նվիրաբերելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համայնքում կառուցված հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով տրամադրել չօգտագործվող զրահատեխնիկա՝ հուշահամալիրում կազմակերպվող հանդիսություններին առավել ռազմահայրենասիրական երանգ հաղորդելու համար: Որոշմամբ նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին նվիրաբերել ոչ պիտանի ճանաչված ԿՍ-19 տեսակի հրանոթ` համայնքում կառուցված հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով:
Հաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝ պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկն ապահովելն ու ռազմական, տեղեկատվական, տեխնոլոգիական, մշակութային, ագրարային, տվյալագիտության, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը: Հաշվի առնելով 2025-2026 ընդունելության մրցույթի արդյունքները, թափուր մնացած տեղերի վերլուծությունը՝ նախատեսվում է 2026-2027 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 11 000 վճարովի ընդունելության տեղ, որոնք կբաշխվեն բուհերի կողմից ներկայացրած հայտերին համապատասխան՝ տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերի շրջանակում: Մասնավորապես՝ 2026-2027 ուստարվա համար համապատասխան տեղեր են հատկացվել Երևանի պետական համալսարանի «Ֆիզիկա» (47 տեղ), «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» (15 տեղ) և «Ռադիոֆիզիկա» (47 տեղ) կրթական ծրագրերին: Կադաստրի կոմիտեի առաջարկը հաշվի առնելով՝ Երևանի պետական համալսարանի (պահուստային տեղերի հաշվին) «Աշխարհագրություն» մասնագիտության «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրի համար նախորդ տարվա 4 տեղի փոխարեն նախատեսվել է 5 տեղ: Հայաստանի ազգային-պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտությունների ցանկում ներառված՝ «Տեղեկատվական անվտանգություն» և «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտություններին հատկացվել է ընդհանուր 50 տեղ, որից 15-ը «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ», իսկ 10-ը «Ավիատիեզերական ճարտարագիտություն» կրթական ծրագրերին:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի շրջանակներում պատշաճ փոխադարձ էլեկտրոնային առևտուրը, պաշտպանել փոխադարձ էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքներն ու իրավական շահերը, ինչպես նաև սահմանել նրանց միջև փոխգործակցության կանոնները։ Համաձայնագրով կարգավորվում է միության ներքին շուկայում էլեկտրոնային առևտրի մասնակիցների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը՝ սպառողներին հեռակա կարգով ապրանքներ առաջարկելու և վաճառելու համար։ Համաձայնագրի հիմնական ուղղություններն են՝ միության ներքին շուկայում ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի իրականացման պայմանների սահմանում, այդ թվում ապրանքների խտրականության բացառման և ազատ տեղաշարժի, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հետ կապված ծառայությունների մատուցման սկզբունքների կիրառում, էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքների և շահերի պաշտպանության սկզբունքներ, միության շրջանակներում էլեկտրոնային առևտրում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառման, ինչպես նաև տվյալների և տեղեկատվական անվտանգության պաշտպանության ապահովման մոտեցումներ, էլեկտրոնային առևտրում միության անդամ պետությունների իրավասու մարմինների փոխգործակցության մոտեցումներ։
Հավանություն է տրվել «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան» վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Կոնվենցիայի նպատակն է ապահովել և ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Մասնակից պետությունները, անհատապես կամ համատեղ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք անհրաժեշտ են ստորջրյա մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ օգտագործելով այդ նպատակով եղած լավագույն գործնական միջոցները: Ստորջրյա մշակութային ժառանգություն հասկացությունը, ըստ կոնվենցիայի, ներառում է մարդկային գոյության բոլոր այն հետքերը՝ մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի, որոնք առնվազն 100 տարի շարունակ մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես, գտնվել են օվկիանոսների, լճերի և գետերի ջրի տակ (ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ Սևանա լճում և Հայաստանի մի շարք այլ ջրային ավազաններում ներկայումս առկա է կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտ, որի պաշտպանության հետ կապված հարցերը իրավական կանոնակարգման կարիք ունեն):
Այլ որոշումներ
Մի շարք ծրագրերի բնականոն ընթացքների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Մասնավորապես՝ «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրացված կառավարում ծրագրի խորհրդատվություն և կառավարում» միջոցառման շրջանակներում նախատեսված է ջրամբարի կառուցման ուսումնասիրությունների միջազգային փորձագետ/խորհրդատուների մատուցած ծառայությունների դիմաց վճարումները։ 2025 թ. դեկտեմբերի 11-ին Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցման կապալառուին տրվել է կապալի պայմանագրի դադարեցման մասին ծանուցում և մեկնարկել է պայմանագրի լուծման գործընթաց։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է ձեռք բերել Կապսի ջրամբարի շինարարական հրապարակի պահպանության պահնորդական ծառայություններ 2026 թ. փետրվար-դեկտեմբեր ամիսների համար՝ շուրջ 22,000 հազար դրամ գումարով։ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի Քաջարան Ագարակ 32 կմ հատվածի կառուցման համակարգում և կառավարում» միջոցառման մասով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր 4-ի շրջանակներում Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք, Մեղրի բնակավայրերում գտնվող ընդհանուր 99 հողամասերի ազդակիր հատվածներ ներառվել են Ճանապարհի օտարման գոտու սահմաններում և ճանաչվել են հանրության գերակա շահ, ուստի գերակա շահ ճանաչված տարածքների ձեռքբերման և շինարարական աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է միջոցառմանը հատկացնել 200,000․0 հազար դրամ։
Գործադիրի որոշմամբ կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրելու շարունակականությունը։ Այդ ընտանիքներին ևս 3 ամիս՝ հունվար, փետրվար և մարտ, կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով։ Ըստ հիմնավորման՝ շահառուները դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թ. մարտի 20-ը ներառյալ:
Կառավարության որոշմամբ «ՖԱՐՄՊԼԱՍՏ» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դեղագործության համար նախատեսված պլաստիկ շշերի, կափարիչների արտադրության համար՝ իրականացնելով 29․2 մլն դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 20 աշխատատեղ՝ 120 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 25-ի՝ 140 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․9 մլն դրամ։