Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունն ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացրել՝ սուբվենցիոն ծրագրերի և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար

26.03.2026

ևս 20 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ է հատկացրել մարզպետների աշխատակազմերին՝ 2023, 2024 և 2025 թվականների սուբվենցիայի ծրագրերը համաֆինանսավորելու համար։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, առաջարկվում է համաֆինանսավորել 11 համայնքների 11 սուբվենցիոն ծրագրեր, որից 2-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի, 3-ը՝ Տավուշի մարզում: «Այս հատկացումով արդեն 2026 թվականի պետբյուջեից կունենանք 3 մլրդ 57 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը թվարկել է տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները։ Գումար է հատկացվել հետևյալ աշխատանքների համար՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Զովասար, Գառնահովիտ, Թալին, Արագածավան, Մաստարա, Ներքին Բազմաբերդ բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70 %, տեղադրվել են թվով 7 կայաններ, ընդհանուր 353,1 Կվտ հզորությամբ), Աշտարակ համայնքի Աշտարակ բնակավայրի Վ․ Պետրոսյան փող․ 3, 5, 1 և 1/1 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ (կատարված շինարարական աշխատանքները՝ 74 %, հիմնանորոգվել են 4 բազմաբնակարան շենքերի 2053 քմ ընդհանուր մակերեսով տանիքները, շահառուները՝ 324 բնակիչ), Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք և Լուսառատ բնակավայրերի փողոցների կառուցում ասֆալտապատմամբ (ավարտված է, ասֆալտապատվել է 2,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ), Արմավիրի մարզ ի Ֆերիկ համայնքի մշակույթի տան տարածքում խաղահրապարակի կառուցում (ավարտված է, կառուցվել է 600 քմ ընդհանուր մակերեսով խաղահրապարակ, տեղադրվել են խաղային սարքավորումներ, շահառուները՝ 488 բնակիչ) Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 75 %, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 230 սանի համար), Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ բնակավայրի Ա․ Ոսկանյան 6, 11, Ազատության 1 նրբ. 1 փակուղի թիվ 2, Ազատության փ. թիվ 14 և Մովսիսյան փ. թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի և տանիքների հիմնանորոգում և արտաքին լուսավորության անցկացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, հիմնանորոգվել է 3612 քմ տանիք և 4000 քմ շքամուտք, շահառուները՝ 645 բնակիչ), Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և գույքի ձեռքբերում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90 %, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 90 սանի համար), Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում մանկապարտեզի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90 %, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 110 սանի համար), Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 60 %, կառուցվել է 2,2 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, վերանորոգվել է պոմպակայանի շենքը, տեղադրվել է 2 պոմպ, շահառուները՝ 285 տնային տնտեսություն), Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի 6-րդ փողոցի սկզբնամասի ասֆալտապատում (ավարտված է, ասֆալտապատվել է 2232 քմ տարածք), Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի մարդատար վերելակների փոխարինման աշխատանքներ /Գետափնյա 2,4,6,8,10,12, Կալինինի 241,243, Մոլդովական 1, Շամախյան 1Ա,1Բ,2Ա,2Բ,3Ա,3Բ/ (ավարտական փուլ, փոխարինվել է թվով 15 վերելակ, շահառուները՝ 521 բնակարանների 1380 բնակիչ)։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով։ Ըստ այդմ նախատեսվում է՝ մարզպետների աշխատակազմերին հատկացնել ընդհանուր 1,302,312․6 հազար դրամ։ Արագածոտնի մարզպետի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 1,499․0 հազար դրամ, Արարատի մարզպետի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 187,939․9 հազար դրամ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ 29,970․7 հազար դրամ, Լոռու մարզպետի աշխատակազմին` 625,479․0 հազար դրամ, Կոտայքի մարզպետի աշխատակազմին՝ 51,275․0 հազար դրամ, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին` 46,129․6 հազար դրամ և Տավուշի մարզպետի աշխատակազմին՝ 360,019․4 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ծրագրերը. Արագածոտնի մարզ՝ մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման, գազամատակարարման գծի կառուցման, դռների, պատուհանների փոխարինման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում, Արարատի մարզ՝ Եղեգնավանի մանկապարտեզի կառուցում, Վերին Դվին համայնքի Լեոնիդ Եդիգարով և Աղալար Չալաբով փողոցների գազիֆիկացում, Արմաշ բնակավայրի տեխնիկական ջրի ջրատարի և խմոցների կառուցում, Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցում, Լոռու մարզ՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի քանդված հենապատերի կառուցման, ճանապարհի ասֆալտապատման, կապիտալ վերանորոգման, մայթերի կառուցման, վերականգնման, ճանապարհի կահավորման, գծանշումների իրականացման, ճանապարհային նշանների տեղադրման, ճաղաշարերի տեղադրման աշխատանքների իրականացում, Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 8 հրդեհված բազմաբնակարան շենքի 15 շահառուների վարձակալած բնակարանների 2026 թվականի վարձավճարների վճարում, Լոռու մարզպետի աշխատակազմի շենքի սանհանգույցների, պահակակետի, գլխավոր մուտքի և քաղաքացիների սպասարկման սենյակի վերանորոգման աշխատանքների իրականացում, Կոտայքի մարզ՝ Ծակաձոր համայնքի անտառային հողերի անվավեր ճանաչված աճուրդների, որպես անվավերության հետևանք աճուրդի համար վճարված գումարի հետ վերադարձ քաղաքացուն, Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում , Վայոց ձորի մարզ՝ մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ընթացիկ նորոգում, Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Ասլանյան փողոցի նոր ասֆալտապատ հատվածից մինչև Գանձաքար վարչական բնակավայրի սկզբնամասում գտնվող կամուրջն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացում, Սարիգյուղ բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցում, Կիրանց բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Կիրանց բնակավայրի խմելու ջրի ջրագծերի կառուցում։

Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառում՝ ՀՀ-ում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Կարգավորման նպատակն է Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ ՀՀ-ում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ Ըստ հիմնավորման՝ 2026 թվականի մարտի 23-ի դրությամբ հավաստագիր է ստացել 5181 ընտանիք, որից 2304-ը իրացրել են այն։ Ծրագրի իրականացման ընթացքում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից օգտվելու նպատակով դիմել են շահառուներ, որոնք անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ սպառողական վարկ, ինչը գործող իրավակարգավորմամբ չի բավարարում ծրագրի պայմաններին։

Որոշմամբ առաջարկվում է ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով կարգավորել վերոնշյալ խնդիրները։ Մասնավորապես՝ սահմանել, որ ծրագրի շրջանակում 5 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերից բացի, մնացած բոլոր մարզային բնակավայրերում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կկազմի 4 մլն դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 3 մլն դրամ։ Միաժամանակ սահմանվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հավաստագիրն իրացրած ընտանիքները կստանան ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նախագծի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերից բխող աջակցության չափի տարբերությունը, որը կարող է ուղղվել ծրագրի շրջանակում շահառուին տրամադրված հավելյալ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը կամ իրացվել ծրագրով սահմանված դրական մնացորդի իրացման ուղղություններով։ Առաջարկվում է սահմանել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով 2025 թ. հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով տրամադրված՝ անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։ Որոշմամբ նախատեսվում է նաև սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը ծառայության կողմից փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին՝ համապատասխան ֆինանսական փաստաթղթի հիման վրա։ Միաժամանակ առաջարկվում է ծրագրի շրջանակում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում-հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը։

Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ եթե ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վարվող՝ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 2020 թ. սեպտեմբերի 27-ից, 2022 թ. դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ՝ անկախ որոշմամբ սահմանված փաստաթղթերի առկայությունից։ Նաև առաջարկվում է միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ներառել ԱՍՀ նախարարության իրավաբանական բաժնի պետին, ինչպես նաև հանձնաժողովի նախագահ սահմանել նախարարի առաջին տեղակալին։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագիրն ակնհայտորեն շատ կարևոր է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար։ «Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ պետք է գնահատենք այս ծրագրի քաղաքական նշանակությունը ոչ միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների, այլև ընդհանրապես ՀՀ-ի հետագա զարգացման և ռազմավարական դիրքավորման տրամաբանության մեջ»,-ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է. «Ես ուզում եմ նաև Կառավարության նիստում արձանագրել և նույնիսկ դատապարտել այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Երբ խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, մենք, ըստ էության, առաջինը չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն։ Սա շատ կարևոր է, որովհետև խաղաղությունը միայն պայմանագիր չէ, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ չկա ավելի դաժան բան, քան սպասումը։ Բայց մենք՝ որպես ժողովուրդ, արդեն հարյուր քանի տարի է՝ այդ սպասումով ենք ապրում. սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական, ապահայկական կայսերական քաղաքականություն է՝ մի՛ խաղաղվեք, հեսա կվերադառնաք կամ կվերադարձնենք, հեսա ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, հեսա կվերադառնաք Վան, Մուշ, Կիլիկիա, և այդպես շարունակ։ Այս քաղաքականությունն ունի 2 նպատակ. առաջինը՝ հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, և երկրորդը՝ թույլ չտալ, որ ՀՀ-ն որպես պետություն կայանա, որովհետև այն երկիրը, որտեղ իշխող սոցիալ-հոգեբանությունը պանդուխտի սոցիալ-հոգեբանությունն է, որ մենք ինչ-որ տեղ պետք է գնանք, սա այն տեղը չի, որ մենք պետք է մնանք, այդ պետությունը չի կարող կայանալ»։

Երկրի ղեկավարի խոսքով՝ անկախության առաջին օրերից ի վեր ամենաշատ օգտագործված տերմինաբանությունը և պրոբլեմը արտագաղթն է։ Ըստ վարչապետի՝ «էլիտար» շրջանակներն այդ գործընթացի մաս են, որովհետև վերջիններս կայսերական քաղաքականության մաս են՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար լինելով այն մեխանիզմի գործողության մեջ, որի նպատակը ՀՀ-ի՝ որպես անկախ, ինքնիշխան, զարգացած պետություն կայացումը թույլ չտալն է, ինչը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։ «Մենք խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ խոսում ենք խնամքի մասին, դա նշանակում է սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ մենք պետք է խաղաղվենք, հակառակ դեպքում չենք գտնի խաղաղությունը, ավելի ճիշտ՝ կկորցնենք խաղաղությունը, որովհետև երբ մենք այդ խոսույթները շարունակում ենք, նշանակում է՝ մենք մտնում ենք կոնֆլիկտի մեջ շուրջբոլորի հետ։ Իսկ այս պարագայում մեզ ի՞նչ է պետք, մտնում ենք կոնֆլիկտի մեջ, հետո էլ հասկանում՝ մեր ռեսուրսները բավարար չեն, իսկ ի՞նչ անենք՝ երաշխավոր փնտրենք, ինչի՞ հաշվին՝ մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության հաշվին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է՝ Հայաստանը խաղաղություն չի ունեցել, ունեցել է սառեցված պատերազմ, ունեցել է պատերազմի հետաձգում՝ ՀՀ ինքնիշխանության, անկախության, պետականության, բարեկեցության, ազատության ու զարգացման հաշվին:

«Խոսքը միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասին չէ, խոսքն ընդհանրապես մեր մասին է, Հայաստանի ժողովրդի և հայ ժողովրդի մասին է։ Մենք հիմա Հայաստանի նավը հասցրել ենք խաղաղ նավահանգստի, ուղղակի նավի ուղևորներիս պետք է խաղաղվել, իսկ խաղաղվել նշանակում է՝ տնավորվել, բոխչաները քանդել ու դասավորել պահարաններում։ Այսինքն՝ անցնել մշտական բնակության ռեժիմի, հակառակ դեպքում, երբ մեր տարածաշրջանում վերադարձի օրակարգերի թափանիվը պտտեցինք, տարածաշրջանից «մեծ կտորն ականջն է մնալու», ու այդ գործընթացի մեջ գիտենք սովորաբար, թե ով է ամենաշատ տուժողը լինում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելել է՝ ՀՀ-ի այսօրը մեծ պատմական ձեռքբերում է, որը չի կարելի զոհել գերտերությունների շահերին։

Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2026 թ. ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2026 թ. ծրագիրը՝ ՀՀ ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Կարգավորման նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (գարնանացան ցորենի, գարնանացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով։ Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) աղյուսակում ներառված մշակաբույսերի մշակություն իրականացնող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։ Ծրագիրն իրականացվում է, մասնավորապես, հետևյալ պայմաններով՝յուրաքանչյուր շահառու համապատասխան մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք, գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև 2026 թ. հունիսի 1-ը (բացառությամբ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքն Ծաղկահովիտ համայնքի և Ամասիա համայնքի վերին ենթաշրջանում (նախկին Արփի համայնք) պետք է կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը), եգիպտացորենի ցանքը Արարատի և Արմավիրի մարզերում պետք է կատարվի մինչև 2026 թ. մայիսի 20-ը, հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ մինչև 2026 թ. հունիսի 10-ը, որոնց հսկողությունն իրականացնում են համայնքները։ Ծրագրի շրջանակում առվույտի և կորնգանի (հիմնական մշակաբույսեր) ծածկոց հանդիսացող մշակաբույսերով (հացահատիկային մշակաբույսեր) ցանքի դեպքում հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված պետք է լինեն միայն հիմնական մշակաբույսի սերմերը, և փոխհատուցումը տրամադրվում է միայն հիմնական մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով, իսկ խառը ցանքերի (մի քանի մշակաբույսերի համատեղ ցանք՝ բերքի ստացման նպատակով) դեպքում հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված պետք է լինեն ցանված բոլոր մշակաբույսերի սերմերը, և փոխհատուցումը տրամադրվում է միայն հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով։ Փոխհատուցումը տրամադրվելու է հետևյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտի, կորնգանի) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ։ Արդյունքում՝ կբարձրանա հանրապետության պարենային ինքնաբավության մակարդակը, կիրականացվի հավաստագրված սերմերով 26 000 հեկտար ցանք, այդ թվում՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի՝ 23 500 հեկտար, հատիկաընդեղեն մշակաբույսերի` 500 հեկտար, իսկ բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան)՝ 2000 հեկտար, կբարձրանա արտադրողականությունը, ինչպես նաև կնվազի ներմուծման ծավալները։

Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մարզային այցերից ստացել է այն տպավորությունը, որ գյուղացիները բավականին լավ են վերաբերվում ծրագրին. «Իհարկե, մենք հետագայում գյուղատնտեսության ոլորտին կանդրադառնանք մեր ռազմավարություններով, բայց այս ծրագիրը, համենայնդեպս, վատը չէ, որովհետև որակյալ սերմի ցանելու մշակույթ է նաև ձևավորում»։

Կբարելավվեն անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման պայմանները. շահառուները աշխատանքի դիմաց կստանան վարձատրություն առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների բարելավման, այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման նպատակով։ Ըստ այդմ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագրում։ Հիմնավորման համաձայն՝ 2025 թ. արդյունքները վկայում են, որ ծրագիրը չի ապահովել շահառուների ներգրավվածություն և վերջիններիս կողմից ծրագրի նկատմամբ հետաքրքրվածություն, միաժամանակ, առկա են գործող օրենսդրական այլ կարգավորումների մասով հակասություններ, որոնք ևս ենթակա են փոփոխության։ Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել Սյունիքի և Կոտայքի մարզերում, իսկ 2026 թ. հուլիսի 1-ից սկսած՝ նաև Հայաստանի մյուս մարզերում, սակայն ծրագրին՝ շահառուների մասնակցության դրական ցուցանիշները բացակայել են։ Առաջարկվող փոփոխություններով շահառուները հնարավորություն կունենան իրենց կողմից կատարվելիք աշխատանքի դիմաց ստանալու վարձատրություն առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով։ Առաջարկվում է ծրագրի շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր անձին վճարելու համար գործատուին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար տրամադրել 7000 դրամի չափով գումար՝ 3500 դրամի փոխարեն, իսկ ծրագրի տևողությունը սահմանել մինչև 12 ամիս՝ 3-12 ամսվա փոխարեն։ Հանվել են նաև գործատուների նկատմամբ սահմանված պահանջները, մասնավորապես՝ առնվազն երեք տարի գործունեություն իրականացնելը և տարեկան միջինն առնվազն 10 աշխատող ունենալը։ Արդյունքում՝ հնարավոր կլինի իրականում երաշխավորել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմաններ՝ այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման միջոցով։ Ծրագրի առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ծրագրի շահառուների կողմից մասնակցության ընդգրկվածության և մասնակցության ընդլայնում, ինչպես նաև ծրագրի նկատմամբ վստահության և հետաքրքրվածության բարձրացում։

Հաստատվել է Խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը

Գործադիրը հաստատել է Խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը՝ հանրապետության խաղող վերամշակող տնտեսավարողների՝ արտահանման խնդիրներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը մեղմելու, վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն տրամադրելու նպատակով։ 3. Ըստ այդմ առաջարկվում է՝ 2025 թ. առնվազն 10000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած կազմակերպություններին ծրագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրել մինչև 1000․0 մլն դրամ սահմանաչափով վարկեր՝ աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով, ընդ որում վարկի շրջանակներում վճարվում է շահառուի աշխատակիցներին աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և պետական կամ համայնքի բյուջե հարկերի ու պարտադիր վճարումների գումարի այն տոկոսի չափով, որը հավասար է շահառուի կողմից 2025 թ. արտահանված արտադրանքի ընդհանուր արժեքի և իրացված արտադրանքի ընդհանուր արժեքի հարաբերակցության տոկոսին։ Վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով առավելագույնը տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, սուբսիդավորվելու է տրամադրված վարկերի տոկոսադրույքի տարեկան 10 տոկոսային կետին համարժեք մասը, իսկ ծրագրի վարկային պորտֆելը սահմանվում է մինչև 4000․0 մլն դրամ։ Վարկերն ունեն առավելագույնը 48 ամիս մարման ժամկետ, իսկ վարկի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 24 ամիս։ Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի գծով կազմակերպությունների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարության կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք։ Սահմանվում են վարկերի և բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգերը։ Առնվազն մինչև 10000 տոննա սահմանաչափը որոշվել է այն նկատառումից ելնելով, որ կոնյակի մեծածավալ արտահանողները հիմնականում մեծ քանակությամբ խաղող մթերող կազմակերպություններն են, որոնք էլ բախվել են արտահանման ծավալների կրճատումից առաջացած խնդիրներին։

Զբոսավարների և ուղեկցորդների համար նախատեսվում է որակավորման երեք հիմնական ընթացակարգեր՝ պարզեցված, արագացված և կանոնավոր

Գործադիրը սահմանել է Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը։ Այն նախատեսում է որակավորման երեք հիմնական ընթացակարգերի ներդրում՝ պարզեցված, արագացված և կանոնավոր։ Այս մոտեցումը հնարավորություն կտա թե՛ փորձառու զբոսավարներին, թե՛ սկսնակներին անցնել համապատասխան որակավորման գործընթաց՝ ըստ իրենց փորձի և պատրաստվածության մակարդակի։ Որոշման նպատակն է բարձրացնել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական որակը, ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունն ու տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև նպաստել ոլորտի զարգացմանը։ Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի ապահովել միասնական ծրագրով զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստումը, ինչպես նաև Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու զբոսաշրջիկների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, պարտադիր վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։

Կապահովվի անհատական և հրապարակային ծանուցումների պատշաճ իրականացում. կներդրվի «hartak.am» համակարգը

Կառավարությունը սահմանել է Անհատական և հրապարակային ծանուցումը տեղադրելու, ծանուցումը տեղադրելու մասին անձին տեղեկացնելու, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստվելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) և լոգերը պահպանելու կարգը։ Ըստ այդմ՝ ներդրվում է «hartak.am» համակարգը, որը հանդիսանում է ֆիզիկական անձանց ծանուցումների իրականացման կենտրոնացված հարթակ, և թույլ է տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին (նույնիսկ նրանց, որոնք չունեն ծանուցումների սեփական համակարգեր) ապահովել ծանուցումների գեներացումը և տեղադրումը համապատասխան հարթակներում՝ օգտագործելով տվյալների փոխանակման շերտը։ Համակարգը հաշվառում է (լոգավորում է) ոչ միայն մուտք գործելու, այլև ծանուցումը կարդալու, կից փաստաթղթերը դիտելու կամ բեռնելու ճշգրիտ ժամանակը (վայրկյանի ճշտությամբ)՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար ծանուցումները տեղադրվում են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական էջում, իսկ ֆիզիկական անձանց ծանուցումներն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին։ Անձինք ծանուցման առկայության մասին կտեղեկացվեն նաև իրենց կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստով կամ հեռախոսահամարին ուղարկվող կարճ հաղորդագրությամբ։ Միևնույն ժամանակ, որոշմամբ կարգավորվում են ինչպես ծանուցման այլ եղանակների սպառմամբ հրապարակային ծանուցումն իրականացնելու ընթացակարգերը, այնպես էլ մեծամասամբ պահպանվել են հրապարակային ծանուցման, որպես ծանուցումների ինքնուրույն տեսակի, գործող կարգավորումները։ Արդյունքում՝ ակնկալվում է ապահովել անհատական և հրապարակային ծանուցումների պատշաճ իրականացումը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կստեղծվի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ծառայությունները քաղաքացիների համար դարձնել ավելի որակյալ, հարմարավետ, ինչպես նաև կխթանվի ընտանիքի պահպանումը: Առաջարկվող փոփոխություններով ամուսնալուծության պետական գրանցման համար նախատեսվել է նվազագույնը երկամսյա ժամկետ, որը ամուսնալուծվող անձանց ցանկությամբ կարող է կրճատվել նրանց կողմից նշված ժամկետով՝ լրացուցիչ վճարի դիմաց, իսկ վճարի չափի բարձրացումը փոխկապակցվում է ժամկետի երկարաձգման պահանջի հետ, որպես հավելյալ և առավել գործուն «զսպող» մեխանիզմ ամուսնալուծությունների գրանցման գործընթացում։ Ինչպես ամուսնալուծության համար օրենսդրությամբ սահմանված ժամկետի երկարաձգումը, այնպես էլ այդ ժամկետի կրճատման համար սահմանված լրացուցիչ վճարի ավելացումը միտված է ընտանիքի պահպանմանը նպաստելուն՝ հնարավորություն ընձեռելով ամուսնալուծվող անձանց խուսափել հապճեպ և էմոցիոնալ քայլերից՝ կայացնելով առավել կշռադատված որոշում: Ժամկետի կրճատման դիմաց սահմանված լրացուցիչ վճարի ավելացման դեպքում նշված ծառայության հասանելիությունը քաղաքացիների համար կնվազի՝ ամուսնալուծվող անձանց տրամադրելով հավելյալ ժամանակ՝ ամուսնությունն ու ընտանիքը վերաիմաստավորելու և ամուսնալուծության դիմումից հրաժարվելու հնարավորությունը դիտարկելու նպատակով:

Կիրականացվի «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը

Գործադիրի որոշմամբ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն ԿԳՄՍ նախարարությանը։ Արդյունքում հնարավոր կլինի իրականացնել «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը՝ ապահովելով ՀՀ պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ստեղծելով արդի պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածք: Վերոնշյալի իրագործման նպատակով նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմ»-ի վերագործարկման ծրագիրը, որը գործելու է որպես ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորմանը: Համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։ Ըստ հիմնավորման՝ ժամանակակից աշխարհում ֆիլմարտադրությունն այլևս միայն մշակութային արտադրանք չէ։ Այն մի շարք երկրներում դիտարկվում է որպես ռազմավարական ոլորտ՝ տնտեսության զարգացման, արտահանման ընդլայնման, նոր տեխնոլոգիաների ներգրավման և միջազգային համագործակցության խթանման առումով։ Նման մոտեցումները ցույց են տալիս, որ ֆիլմարտադրությունը ոչ միայն մշակույթի տարածման միջոց է, այլ նաև տնտեսական աճի և ազգային բրենդի ձևավորման գործիք։ Այն ունի բազմաստիճան ազդեցություն՝ ուղղակիորեն և անուղղակիորեն ազդելով մի շարք ոլորտների վրա։ ՀՀ պարագայում ևս անհրաժեշտ է որդեգրել ոլորտային նման քաղաքականություն, որը կօգնի ձևավորել համալիր կինոարդյունաբերական համակարգ, ինչպես նաև կխթանի տեղական ստեղծարար ներուժի զարգացումը, արտադրական ենթակառուցվածքների արդիականացումը և միջազգային շուկաների ակտիվ ներգրավումը՝ դառնալով երկրի տնտեսական բազմակողմանի դիվերսիֆիկացման կարևորագույն բաղադրիչ։

Արարատում նոր մանկապարտեզ կկառուցվի, Մարտունիում՝ սպորտային համալիր

Կառավարության որոշմամբ ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ Արարատ քաղաքի Ս. Շահումյան փողոց, 15 հողամաս հասցեում գտնվող, 31 906 320.20 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով գույքը նվիրաբերել Արարատ համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով: Մանկապարտեզի կառուցումը նախատեսվում է 2026-2027թթ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Այն կունենա 8 խումբ և կսպասարկի համայնքի շուրջ 190 երեխաների։

Գործադիրի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 1.52 հա մակերեսով հողամասը նախատեսվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով: Կարգավորման նպատակն է յուրաքանչյուր խոշորացված համայնքում տիպային մարզակառույցի առկայություն, որն անպայման պետք է ներառի լողավազան և ֆիթնես սրահ, ինչպես նաև սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կլուծվի Լուսակնի միջնակարգ դպրոցի «Մոդուլային» տիպի շենքի կառուցման և Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում առաջացած լրացուցիչ աշխատանքների և համադրված ծավալների համար համաձայնագրեր կնքելու խնդիրը։

Կենտրոնացված կառավարման նոր մոդել՝ երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամք ու դաստիարակության կենտրոններում

Գործադիրի որոշումներով երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամք ու դաստիարակության մի շարք կենտրոններ կվերակազմակերպվեն։ Մասնավորապես՝ որոշվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը և Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը միացման ձևով կվերակազմակերպել` միացնելով Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոնին։ Մեկ այլ որոշմամբ էլ կվերակազմակերպի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը՝ միանալով Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ին և այլն։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել կենտրոնացված կառավարման նոր մոդել, որի շրջանակներում նախատեսվում է երեք ՊՈԱԿ-ների վերակազմավորում՝ վարչական ռեսուրսների միավորման միջոցով։ Այս մոտեցումը թույլ կտա ապահովել կառավարման արդյունավետության բարձրացում, ռեսուրսների օպտիմալ բաշխում և միասնական կառավարման քաղաքականության իրականացում։ Վերակազմավորման արդյունքում հնարավորություն կընձեռվի միևնույն հաստատությունում իրականացնելու տարբեր ծառայություններ՝ այդ թվում մասնագիտացված և ընդհանուր խնամքի կարիք ունեցող երեխաների շուրջօրյա երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք, ցերեկային աջակցության ծառայություններ երեխաներին և ընտանիքներին։ Կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միավորված համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։

Օրենսդրական նախաձեռնություններ. կլավարկվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշ իրավակարգավորումներ

Հավանություն է տրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Օրինագծերի ընդունումը միտված է կատարելագործելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը: Մասնավորապես՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն ուղղված է պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դատարանի հայեցողության իրականացման շրջանակների ճշգրտմանը՝ բացառելով այնպիսի մոտեցումը, երբ դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատումը հիմնվում է բացառապես տուժողին պատճառված վնասը չհատուցելու կամ այն այլ կերպ չհարթելու հանգամանքի վրա։ Միաժամանակ առաջարկվող կարգավորումը նախատեսում է իրավական մեխանիզմ, որով դատարանը, պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշում կայացնելիս, կարող է դատապարտյալի վրա դնել տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այն այլ կերպ հարթելու պարտականություն՝ որպես ազատման պայման։ Առաջարկվում է նաև վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկել ոչ թե 3-6 ամիս պարբերականությամբ, այլ 3-12 ամիս պարբերականությամբ:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում կլավարկվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշ իրավակարգավորումներ: Նախագծով առաջարկվող փոփոխություններով և լրացումներով հստակեցվում են պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրելու եղանակները, նախատեսվում է հոգեբանին բացարկելու, գրավադրված անշարժ գույքը համարժեք այլ գույքով կամ գումարով փոխարինելու, գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելու հնարավորություն, հստակեցվում են նաև բացառիկ վերանայման վարույթով որոշ լիազորություններ:

Կառավարության հավանության են արժանացել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որոնց ընդունման անհրաժեշտությունը բխում է դեռևս 2018 թ. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի (FSAP) շրջանակում ներկայացված առաջարկություններից։ Օրինագծերի նպատակն է նախատեսել բավարար գործիքակազմ ֆինանսական համակարգում անվճարունակ բանկերի ֆինանսական վիճակի վերականգնման և առհասարակ ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար։ Մասնավորապես, տրվել է առաջարկություն, որով ընդգծվել է բանկերի վերակառուցման (առողջացման) (bank resolution) օրենսդրությունը Ֆինանսական կայունության խորհրդի (FSB) կողմից հաստատված «Key Attributes of Effective Resolution Regimes for Financial Institutions» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքված Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագրում (Memorandum of Economic and Financial Policies - MEFP) որպես կառուցվածքային հենանիշ է սահմանվել «Բանկերի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը։ Նախագծի ընդունման արդյունքում կներդրվեն ճգնաժամերի կառավարման արդյունավետ և միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ և գործիքներ՝ ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար: Օրենսդրության բարելավումն անհրաժեշտ է ճգնաժամերի կառավարման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու, բանկերի ձախողման դեպքում բանկերի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատությունը և ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար: Կներդրվի լայն գործիքակազմ՝ իրականացնելու բանկերի վերակառուցումն այնպես, որպեսզի ապահովվի նաև պետական միջոցների պաշտպանությունը՝ հնարավորինս նվազեցնելով պետական արտակարգ աջակցություն ստանալու անհրաժեշտությունը։

Հավանություն է տրվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերին։ Օրինագծերի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել պետության՝ արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող գործի քննության ողջամիտ ժամկետի ապահովման կոնվենցիոն պարտականության կատարումը, ինչպես նաև քրեական գործերի քննության տևողության կանխատեսելիությունը։

Միջազգային համագործակցություն. նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն, որը Հայաստանի զարգացմանն է ուղղվելու 2026-2028 թթ. ընթացքում։ Ֆինանսական փաթեթը բաղկացած է երկու բաղադրիչից՝ 90 միլիոն եվրո ուղիղ բյուջետային աջակցություն և 53 միլիոն եվրո տեխնիկական օժանդակություն՝ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման համար։ Միջոցները տրամադրվում են բացառապես դրամաշնորհի տեսքով, իսկ աջակցության հիմնական ուղղություններն են՝ հանրային ֆինանսների կառավարումը, արտահանման դիվերսիֆիկացիան, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, իրավունքի գերակայությունը, ինչպես նաև զբաղվածության և սոցիալական ներառման ոլորտները։ Ֆինանսավորման յուրաքանչյուր տարվա մասնաբաժնի ստացումը ուղիղ կապված է լինելու նախանշված 34 թիրախային միջոցառումների որակյալ և ժամանակին կատարումից։

Գործադիրի հավանությանն է արժանացել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Պայմանագրով նախատեսվում է վերահսկելի օբյեկտների, ինչպիսիք են՝ թմրանյութեր, զենք, մշակութային, պատմական, արվեստի արժեքներ և այլն, պետական սահմանով ապօրինի փոխադրման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում, ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից համագործակցության առկա իրավական մեխանիզմների կատարելագործում։ Պայմանագրի հիմնական սկզբունքներն են՝ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պահպանում, միջազգային վերահսկելի մատակարարմանը մասնակցող անձանց անվտանգության և պաշտպանության ապահովում, կողմերի ազգային օրենսդրության պահպանում, միջազգային վերահսկելի մատակարարում իրականացնելու ընթացքում վերահսկելի օբյեկտի պահպանվածության և դրա նկատմամբ հսկողության ապահովում։

Կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական զարգացման բանկի միջոցներից «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմի կարողությունների զարգացում. ուսուցողական սեմինարի անցկացում» տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Կապահովվի Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակի ամբողջական բարեկարգումը

Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակի ամբողջական բարեկարգումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։ Հիմնավորման համաձայն՝ «Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքներ» միջոցառման շրջանակներում 2023 թ.-ից իրականացվում են կառուցման և բարեկարգման աշխատանքներ։ Տարածքի ամբողջական բարեկարգման և հանրային օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով առաջացել է լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն, մասնավորապես՝ մաքրման կայանի կառուցում, արտաքին լուսավորության համակարգի վերակառուցում և այլ աշխատանքներ, որոնք արտացոլված են նաև պայմանագրի մինչև 10 տոկոսի ավելացման ծավալաթերթ նախահաշվում: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել գործող պայմանագրի արժեքը ավելացնել մինչև 10 տոկոսով՝ 449,996.0 հազար դրամի չափով:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

«ՖՈՒԴ ԴԵՊՈ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կիսաֆաբրիկատների արտադրության համար (ամերիկյան Վենդիս արագ սննդի ցանցի համար)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 210 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 187 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 62 աշխատատեղ՝ 220 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 64-ի՝ 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 210 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 31․5 մլն դրամ։

«ՆԱՐՊԼԱՍՏ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիմերային նախակաղապարների, շշերի և պոլիմերային աքսեսուարների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 72 աշխատատեղ՝ 285 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 78-ի՝ 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 42․4 մլն դրամ։

«ԳՐԻՆ ՊՐՈԴ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պանրի արտադրության նպատակով՝ իրականացնելով 2․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 22 աշխատատեղ՝ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 25-ի՝ 320 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 367.5 մլն դրամ։

Կապահովվի ՀՀ-ում գործող վերելակների անվտանգ շահագործումը

Կառավարությունը սահմանել է վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները։ Սահմանվել է նաև սարքավորումների մոնտաժման, անվտանգ շահագործման, սպասարկման վերաբերյալ տեխնիկական անվտանգության պահանջները, որոնց գործողությունը տարածվում է բոլոր վերելակների վրա, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում։ Արդյունքում՝ կապահովվի ՀՀ-ում գործող վերելակների անվտանգ շահագործումը՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ:

Այլ որոշումներ. կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Զինծառայողի ընտանիքին 300.000 դրամ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2026թ. հունիս ամիսը ներառյալ։

Կառավարությունն ընդունել է «Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» որոշում։ Ըստ այդմ նախատեսվում է՝ ՀՀ օրենսդրության սահմաններում իրականացնել բնակելի տարածքների սեփականաշնորհում, ապահովելով Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց մշտական բնակարաններով։ Հիմնավորման համաձայն՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևանի Շիրակի փողոց 2/32, քաղաք Երևան, Մոլդովական փողոց 29/1, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4/1 (էներգետիկական քոլեջի հանրակացարան), Ուսանողական թաղամաս 4 (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) շենքեր հասցեներում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել և խնդրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով (կամ համատեղ սեփականության իրավունքով) տրամադրել իրենց ընտանիքներին:

← Վերադառնալ