Մամլո հաղորդագրություններ

Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

26.03.2026

ևս 3 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ֆիսկալ ապակենտրոնացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչության անդամները, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիաի (SALAR) դուստր կազմակերպության (SALAR international) գործադիր տնօրեն Ռայան Նոքսը, SALAR international դուստր կազմակերպության փորձագետ և ծրագրերի ղեկավար Էլթոն Սթաֆան: Վերջիններս աջակցություն են ցուցաբերում Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխման շրջանակում ֆինանսական քաղաքականության մշակման հարցում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ֆիսկալ ապակենտրոնացման օրակարգը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով ստորագրված պարտավորությունների մաս է և SALAR international կազմակերպության կողմից իրականացվել են վերլուծություններ Հայաստանում ընդհանուր ֆիսկալ ապակենտրոնացման վերաբերյալ և ներկայացնում են որոշակի առաջարկություններ:

SALAR international դուստր կազմակերպության փորձագետ և ծրագրերի ղեկավար Էլթոն Սթաֆան ներկայացրել է համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ֆիսկալ ապակենտրոնացման գործիքների մշակմանն ուղղված ճանապարհային քարտեզը։

Նախ` անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, գործիքակազմին, տեղական զարգացման խթաններին և այլն: Այնուհետև մանրամասներ են ներկայացվել բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, ըստ որի առաջարկվում է աստիճանական ֆիսկալ ապակենտրոնացում, տեղական մակարդակում հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում և այլն:

Մտքեր են փոխանակվել տեղական հարկերի և ոլորտային ֆինանսավորման գործիքների համակցված կիրառման, համայնքային արդյունավետ ծառայությունների տրամադրմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկրի ընդհանուր զարգացման համար հզոր համայնքներն առանցքային նշանակություն ունեն և նշել, որ վարչատարածքային բարեփոխումները ստեղծել են ուժեղ համայնքներ, իսկ առաջարկվող բարեփոխումները կապահովեն անհրաժեշտ գործիքներ որակյալ ծառայությունների մատուցման համար: Այս առումով, վարչապետը կարևորել է ներկայացված առաջարկություններն ու դրանց իրականացման ուղղությամբ հետագա քայլերը: 

← Վերադառնալ