Մամլո հաղորդագրություններ
Կմեկնարկեն Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման աշխատանքները
1670x1113px - 673 Կբ
1670x1113px - 758 Կբ
1670x1113px - 719 Կբ
1670x1113px - 745 Կբ
1670x1113px - 660 Կբ
1670x1113px - 490 Կբ
1670x1113px - 496 Կբ
1670x1113px - 676 Կբ
1670x1113px - 574 Կբ
1670x1113px - 640 Կբ
1670x1113px - 616 Կբ
1670x1113px - 578 Կբ
1670x1113px - 681 Կբ
1670x1113px - 735 Կբ
1670x1113px - 638 Կբ
1670x1113px - 733 Կբ
1670x1113px - 668 Կբ
1670x1113px - 650 Կբ
1670x1113px - 545 Կբ
1670x1113px - 666 Կբ
1670x1113px - 565 Կբ
1670x1113px - 748 Կբ
1670x1113px - 601 Կբ
ևս 20 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն այսօր կայացրել է որոշում, որով կմեկնարկեն Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Հրազդանի կիրճը հանդիսանում է Երևանի կարևորագույն բնական լանդշաֆտային գոտիներից մեկը, որն ունի էկոլոգիական, սոցիալական և քաղաքաշինական նշանակություն։ Տարածքը ձևավորում է քաղաքի բնական միջավայրի առանցքային հատվածը և ունի հանրային լայն օգտագործման ներուժ։ Սակայն ներկայումս կիրճի հատվածը գտնվում է թերի զարգացված և մասնակիորեն անմխիթար վիճակում, ինչը չի ապահովում տարածքի ամբողջական և արդյունավետ շահագործումը: Միաժամանակ, Երևանի քաղաքաշինական զարգացման ներկայիս միտումները և բնակչության ակտիվ կենսակերպի պահանջարկի բարձրացումը պայմանավորում են նոր հանրային կանաչ տարածքների ձևավորման և առկա բնական միջավայրերի վերակենդանացման անհրաժեշտությունը։ Քաղաքում աճում է կազմակերպված հանգստի, զբոսանքի, սպորտի և մշակութային միջոցառումների անցկացման համար մատչելի բաց տարածքների պահանջարկը։ Բացի այդ, որոշման իրականացումը կնպաստի քաղաքի կանաչ ենթակառուցվածքների զարգացմանը՝ համահունչ կայուն զարգացման և կլիմայական հարմարվողականության սկզբունքներին։
Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտ է իրականացնել Հրազդանի կիրճի Աթենքի փողոցին հարող՝ Հրազդանի կիրճի սկզբնամասից 5,5 կիլոմետրի վրա գտնվող հատվածում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու կառուցման աշխատանքներ՝ նախատեսելով համապատասխան ֆինանսական միջոցներ նախագծի լիարժեք իրականացման համար։ Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 172, 608.2 հազար դրամ գումարն ուղղել «1157. Քաղաքային զարգացում» ծրագրի «21036. Երևան քաղաքում հանգստի գոտիների և այգիների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ» միջոցառմանը, որից՝ 170,940.0 հազար դրամը կառուցման աշխատանքների պայմանագրային գումարն է, 540.0 հազար դրամը կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների համար անհրաժեշտ պայմանագրային գումարը, 1,128.2 հազար դրամը աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ գումարը:
Ներկայումս դիտարկվող տարածքը գտնվում է անմխիթար վիճակում։ Ափամերձ հատվածներում առկա են ճահճուտներ և եղեգնուտներ, ամառային ամիսներին կանգնած ջրի կուտակման հետևանքով տարածվում է գարշահոտություն, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ քաղաքացիների հանգստի պայմանների վրա։ Տարածքը փաստացի զուրկ է զբոսնելու, սպորտով զբաղվելու և կազմակերպված հանգստի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներից, չկան հարմարավետ հետիոտնային և հեծանվային ուղիներ: Միաժամանակ, Հրազդանի կիրճն ունի մեծ ներուժ՝ դառնալու բազմաֆունկցիոնալ հանրային հանգստի գոտի։ Որոշման ընդունման արդյունքում կմեկնարկեն Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման աշխատանքները, որից հետո կստեղծվի զբոսնելու և սպորտով զբաղվելու համար պարզ, անվտանգ, հարմարավետ և անհրաժեշտ ենթակառուցվածքներով հագեցված հանգստի գոտի, որը հնարավորություն կընձեռի մեծ թվով բնակիչների իրենց հանգիստը վայելել բնության գրկում:
Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Ընդհանուր առմամբ, մենք Երևան քաղաքում բնապահպանական և, այսպես ասած, կյանքն ավելի հարմարավետ դարձնելուն ուղղված երեք խոշոր ծրագիր ունենք: Դրանցից մեկը՝ Հրազդան գետի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, հաջորդը՝ Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու մասին է, և հաջորդը՝ Նորք Մարաշում, Կառավարության նախորդ նիստերից մեկում մենք խոսեցինք արդեն, վերադարձված հողերի վրա՝ ավելի քան 7 հեկտար տարածքի վրա քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու նախագծի մասին է: Ըստ էության, այս հատվածով կարող ենք արձանագրել, որ առնվազն Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրականացումը: Այստեղ կարևոր է նաև այն, որ տվյալ հատվածն ինքն արդեն ապրում է որպես այդպիսին»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ որոշմամբ էկո միջավայրում անցկացնելու հնարավորություն և հարմարավետ պայմաններ են ստեղծվելու: «Դա հսկայական մեծ տարածք է և շատ մեծ պոտենցիալ ունի, և Երևան քաղաքում, ընդհանուր առմամբ, և օդի որակի, և կյանքի որակի բարելավման առումով շատ մեծ պոտենցիալ ունի»,-ընդգծել է վարչապետը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է. «Մենք նույնիսկ արդեն համաձայնագիրն ենք կնքել՝ որոշակի ֆինանսական միջոցներ հատկացնելով, և այնտեղ տեղում ուսումնասիրություններ են իրականացվում: Արդեն շատ շուտով՝ օրերի ընթացքում, բուն շինարարական աշխատանքներն են ընթանալու:
Մի քանի կարևոր ծրագրի մասին Դուք խոսեցիք, մասնավորապես՝ նաև Դալմայի այգիների վերականգման, անտառ-պուրակի ստեղծման մասին: Ես ուզում եմ մի քանի թիվ բարձրաձայնել, պարոն վարչապետ: Վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում ստեղծվել է մոտավորապես 60 հա նոր կանաչապատ տարածքներ: Այս 60 հեկտարը՝ բոլորն իրենց ոռոգման համակարգերով: Այս վերջին 4 տարիներին արված աշխատանքն ավելի է, քան դրան նախորդող 22 տարիներինը միասին վերցված: Երբ խոսում ենք 60 հեկտարի մասին, շատ կարևոր թիվ է: Դալմայի այգիները՝ 250 հեկտարի մասին է մոտավորապես խոսքը: Այդ ծրագիրն իրականում քաղաքային միջավայրում էականորեն փոփոխություն է բերելու: Վստահորեն փոփոխություն է բերելու նաև Հրազդանի կիրճում կանաչապատման ծրագիրը, որը հենց հաջորդ փուլով մենք պատրաստվում ենք իրականացնել: Այս տարի նաև ունենք Նոր Նորք վարչական շրջանում՝ 35 հա տարածք Լվովյան հատվածում, որը նույնպես կանաչապատ տարածք է դառնալու: Այսինքն՝ կանաչապատման պրոցեսը Երևան քաղաքում, Դուք նշեցիք նաև Նորք Մարաշը, ուզում եմ ասել՝ տեմպերը և ծավալներն էականորեն ավելանում են, և հընթացս էլ ավելի մեծ և հավակնոտ ծրագրեր ենք իրականացնելու»:
Անդրադարձ է կատարվել Երևան քաղաքում խցանումների հարցի լուծմանը և ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին և որակին
Կառավարության նիստի ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Երևան քաղաքում խցանումներին խնդրին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը խցանման խնդրի հետ կապված լուծումներ պետք է առաջարկի: Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ կոմիտեի նիստով և հավանաբար, Կառավարության հաջորդ նիստով կքննարկվի Երևանի ՏԻՄ նոր օրենքը, որտեղ կլինեն նոր կարգավորումներ, մասնավորապես՝ օրինազանց վարորդների ավտոմեքենաների կայանումը սխալ վայրերում կազմակերպելու դեպքում քարշակ ծառայությունն արտապատվիրակելու առումով: «Մեր տեսլականը գլոբալ առումով այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը: Հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր: Հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար: Եվ Կառավարությունն այդտեղ էլ ջանք չի խնայում: Ուզում եմ տեղեկացնել, պարոն վարչապետ, որ 45 տրոլեյբուս, որ Ձեր հանձնարարականով և Կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքն ստանում է, մի փոքր ուշանում է՝ կապված Իրանում իրավիճակի հետ: Մայիսի կեսերին 45 տրոլեյբուս կհասնեն Երևան»:
Այս համատեքստում վարչապետը հիշատակել է մետրոյի հետ կապված ծրագիրը, որը Հայաստանի համար խոշոր նախագիծ է. «Վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Աջափնյակի կայարանն առանձին թեմա չէ, այն ռազմավարական նշանակությունի ունի. մետրոն շրջանաձև տեսք կստանա, որի արդյունքում երթևեկության տրամաբանությունը կփոխվի և արդյունավետությունը կմեծանա:
Երևան քաղաքի հետ կապված հաջորդ խնդիրը, որի մասին բարձրաձայնել է վարչապետը, վերաբերել է ճանապարհաշինական աշխատանքներին, ճանապարհների սպասարկման արդյունքում առաջացած հարցերի լուծմանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը զեկուցել է, որ բարձրաձայնված հարցերի ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: «Ձեր հանձնարարությամբ, նախորդ տարվանից Երևանում փողոցներ են հիմնանորոգվել և նորոգվել՝ Կորեայի ձորի 1 կիլոմետրանոց հատվածը, որը նախորդ տարի հանձնվել է շահագործման, Արգավանդի խաչմերուկից դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող 6 կիլոմետրանոց հատվածը և Մ1 միջպետական մայրուղուց, այսինքն՝ Աշտարակից դեպի Երևան եկող հատվածը նորոգել և հիմնանորոգել ենք նախորդ տարի: Այս տարի մեկնարկել է Իսակովի պողոտայի նորոգման աշխատանքները, միջին նորոգում է նախատեսված: Այսօր երեկոյան կամ վաղը կմեկնարկեն նաև ասֆալտապատման աշխատանքները: Եվ նախնական Ձեզ զեկուցված ժամկետում՝ մինչև ապրիլի 25-ը այդ ճանապարհն ամբողջովին կնորոգվի: Այնուհետև Երևանից դեպի Առինջ Աճառյան փողոցով գնացող հատվածի նորոգում կիրականացվի, նաև դեպի Ջրվեժ գնացող Բագրևանդի խաչմերուկին զուգահեռ Թևոսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն:
Քաղաքապետարանի գործընկերների հետ Ձեր հանձնարարությամբ աշխատում ենք միասնական ստանդարտ ունենալու ուղղությամբ: Այսինքն՝ բոլոր կառուցված ճանապարհներն այսուհետ, լինեն թե՛ Երևանի բյուջեով, թե՛ պետական բյուջեով, անկախ պատվիրատուից նույն տրամաբանության մեջ լաբորատոր փորձարկումների կենթարկվեն»,-զեկուցել է ՏԿԵ նախարարը:
Վարչապետն ընդգծել է, որ սկզբունք պետք է լինի ճանապարհների անորակ ասֆալտապատման աշխատանքները չընդունելը. «Որակի հարցում կոմպրոմիս չի կարող լինել: 1 կմ է, 2 կմ է, 10 կմ է, թե 20 կմ, որակի ստանդարտին չի համապատասխանում, այո, պետք է քանդվի, նորից սարքվի: Այդտեղ չկա երկրորդ կարծիք: Ընդ որում՝ սա միայն ճանապարհներին չի վերաբերում: Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը ձգձգվում է. պատճառն այն է, որ ամբողջական շինարարական կտորներ ուղղակի քանդել ենք տվել: Իհարկե, շինարարը փոխվել է: Եվ այսպիսի դեպքերը բազմաթիվ են, որ թվում է, թե կառուցված է շենքը, բայց մասնագետներն արձանագրում են որակի պրոբլեմը ու թույլ չեն տալիս շտկումներ անել»:
Լրացուցիչ աջակցություն կցուցաբերվի ներդրումային ծրագրով Համահայկական խաղերի մարզական ավանի կառուցման ուղղությամբ
Գործադիրը որոշում է կայացրել լրացում կատարել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի որոշման մեջ: Սույնով կսահմանվի, որ կառուցապատման իրավունքով հողի տրամադրման պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկվող առաջին 60 ամիսների ընթացքում տվյալ պայմանագրով սահմանվող տարեկան վարձավճարի գումարը, ինչպես նաև այդ պայմանագրի կատարման հետևանքով ՊՈԱԿ-ի մոտ առաջացող՝ օրենսդրությամբ սահմանված հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող վճարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։ Առաջարկվող կարգավորումը չի վերացնում կառուցապատման իրավունքի դիմաց վճարի ինստիտուտը, այլ առաջին 60 ամիսների համար սահմանում է պետական աջակցության ժամանակավոր մեխանիզմ։ Նման մոտեցումն անհրաժեշտ է, քանի որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը չի կարող պակաս լինել անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից, իսկ կառուցապատման իրավունքի պայմանագիրը համարվում է չկնքված, եթե դրանում սահմանված չէ վճարի չափը։
Սույն որոշմամբ հիմք է ընդունվում այն մոտեցումը, համաձայն որի՝ ՊՈԱԿ-ը պայմանագրի կնքման օրվանից 5 տարվա համար հրաժարվում է ակնկալվող եկամուտից, այսինքն՝ կառուցապատման իրավունքով հողի տրամադրման տարեկան վճարի կազմում 5 տարվա ընթացքում չի ներառվելու ՊՈԱԿ-ի հավելյալ շահույթը և հաշվարկման հիմքում պահպանվելու է միայն օրենքով պարտադիր նվազագույն շեմը, ինչպես նաև այդ շեմից բխող հարկային պարտավորությունները։
Ուստի առաջարկվող կարգավորման էությունը կայանում է նրանում, որ առաջին 60 ամիսների ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցվում է ոչ թե ՊՈԱԿ-ի ակնկալվող շահույթը, այլ միայն օրենքով պարտադիր նվազագույն տարեկան վարձավճարը և այդ վճարից բխող հարկային պարտավորությունները։ Այս մոտեցումը մի կողմից ապահովում է կառուցապատման իրավունքի տրամադրման իրավաչափությունը և նվազագույն վճարի պահանջի պահպանումը, մյուս կողմից՝ թույլ է տալիս բացառել լրացուցիչ եկամտի բաղադրիչը և պետական աջակցության շրջանակը սահմանափակել միայն պարտադիր վճարային բեռով։ Սույն հաշվարկը ներկայացվում է որպես նախագծի ֆինանսական ազդեցության գնահատում և կարող է վերջնականապես ճշգրտվել պայմանագրի վերջնական բովանդակության և ՊՈԱԿ-ի հարկային կարգավիճակի հստակեցումից հետո։
Սպասվում է, որ որոշման ընդունումը կնպաստի Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծման ծրագրի անխափան իրականացմանը, մարզական և հանրային, մշակութային ենթակառուցվածքների ձևավորմանը, Հայաստան-Սփյուռք ծրագրերի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և շրջակա միջավայրի նկատմամբ բնահեն լուծումներով ծրագրի իրագործմանը։ Ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում նախատեսվում է շուրջ 1240 նոր աշխատատեղ և շուրջ 20,000 ծառի տնկում, ինչը կարող է ունենալ նաև լրացուցիչ սոցիալական, տնտեսական և բնապահպանական դրական ազդեցություն։
Ընդգծելով, որ նախագիծը շատ կարևոր է և իրականացվում է Սփյուռքի գործընկերների ներդրումներով՝ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին Սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների էական ակտիվացում է նկատվում, ինչը կարևոր արձանագրում է և խոսում է Հայաստանի Կառավարության և Սփյուռքի միջև սերտ համագործակցության մասին:
Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև տարբեր հողերի նշանակության վերանայման հարցին, ընդգծել, որ տնտեսական զարգացման այս փուլում, չվնասելով որևէ էկոհամակարգ, անհրաժեշտ է նորից վերագնահատում իրականացնել, նոր քարտեզագրում և գոտիավորում անել տնտեսական զարգացման համար արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար:
Կավելանան ագրոպարենային ոլորտում կատարվող ներդրումները, կընդլայնվեն տնտեսավարողների կարողությունները
Գործադիրը հաստատել է ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Որոշման ընդունումը պայմանավորված է ագրոպարենային ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ ագրոպարենային ոլորտում աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու և գյուղատնտեսական ու վերամշակված արտադրանքի արտադրության ծավալներն ավելացնելու անհրաժեշտությամբ։
Ագրոպարենային ոլորտում աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիմել է ՀՀ մարզերի մարզպետների աշխատակազմեր՝ ներկայացնելու ոլորտը խթանող առաջարկներ։ Վերջիններիս գերակշիռ մասը ներկայացրել է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր ներդնելու առաջարկը։ Որոշմամբ առաջարկվող ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նպատակն է` ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել մատչելի պայմաններով ագրոպարենային ոլորտում ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսական ու ագրովերամշակված արտադրանքի արտադրության կազմակերպմանը և արտադրանքի ծավալների ավելացմանը: Ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին: Շահառուն ծրագրին մասնակցելու համար Ֆինանսական կառույց է ներկայացնում ծրագիր-տեղեկանք՝ վարկային միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ։
Վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով: Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է՝ 1-2 մլն դրամ, ընդ որում, նույն շահառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։ Վարկի հետ կապված Ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն): Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ Ֆինանսական կառույցի կողմից: Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս: Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի: Վարկի մայր գումարի և տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 6 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 6 ամիս հետո): Որոշման ընդունման կապակցությամբ նախատեսվում է, որ 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկեր, որի սուբսիդավորման համար 2026 թվականին կպահանջվի շուրջ 2 մլրդ դրամ: Տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման արդյունքում կավելանան ագրոպարենային ոլորտում կատարվող ներդրումները, կընդլայնվեն տնտեսավարողների կարողությունները, մատչելի պայմաններ կապահովվի շրջանառու և հիմնական միջոցների ձեռքբերման ու ներդրման համար:
87 միավոր տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին
Կառավարության որոշմամբ, ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության տակ գտնվող 87 միավոր տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Վերոնշյալ գործընթացի ընթացքում պարզվել է, որ 46 միավոր տրանսպորտային միջոցի տեխնիկական փաստաթղթերում առկա են վրիպակներ և անհամապատասխանություններ, ընդ որում դրանցից 1-ը գրանցված է այլ սուբյեկտի անվամբ և անհրաժեշտ է հանել ցանկից։ Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարության գրությունը և Գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի զեկուցագրով ներկայացված շտկված ցանկը՝ մնացյալ 45 միավոր տրանսպորտային միջոցների հետագա ամրացման գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի № 663-Ա որոշման հավելվածի մեջ կատարելու փոփոխություններ:
Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց
Կառավարության ընդունած որոշմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով և նախընտրած ձևով պատրաստված ու տեղադրված շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց հատուցում կտրամադրվի: Հատուցման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2023 թվականի ընթացքում տեղի ունեցած դեպքերի արդյունքում զոհված (մահացած) և պանթեոնում հուղարկավորված անձանց գերեզմանների բարեկարգման նպատակով անհրաժեշտ կլիներ ձեռքբերել նոր լրակազմեր` այդ նպատակով հայտարարելով մրցույթ, որի փոխարեն առաջարկվում է հատուցել զոհվածների ընտանիքների կողմից պատրաստված և տեղադրված տապանաքարերի արժեքը, իսկ այդ նպատակով նախատեսված և չօգտագործված ու պահեստավորման ենթակա տապանաքարերն արդեն իսկ կնքված Պայմանագրի շրջանակներում օգտագործել նոր հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար:
Որոշման համաձայն նախատեսվում է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունից ստացված տեղեկատվության հիմքով ապահովել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված թվով 8 անձանց ընտանիքների կողմից տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերն իրենց միջոցներով իրականացված լինելու պայմաններում այդ ընտանիքներին հատուցում տրամադրելու գործընթացը:
Կստեղծվեն իրավական պայմաններ ՀՀ ներդրումային ֆոնդերում ներդրումների ներգրավման համար
Գործադիրը հավանություն է տվել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ ՀՀ ներդրումային ֆոնդերում ներդրումների ներգրավման համար՝ բարձրացնելով ՀՀ տնտեսավարողների կողմից կապիտալի ներգրավման հնարավորությունները: Որոշմամբ առաջարկվում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը ներկայիս 49-ի փոխարեն սահմանել 99։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ներդրումային ֆոնդերում և որպես հետևանք՝ նաև ՀՀ այլ ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ հնարավորություններ:
Փոխհատուցում կտրամադրվի Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստան վերադարձի ավիատոմսերի համար
Գործադիրը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը:
Կարգով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմսեր կամ կատարել են ավիատոմսերի վճարովի փոփոխություն, Կառավարության կողմից տրամադրվում է մինչև 250.0 հազար դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր անձի համար:
Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց կողմից 250.0 հազար դրամից պակաս արժեքով նոր ավիատոմսի գնման դեպքում փոխհատուցումը տրամադրվում է փաստացի վճարված գումարի չափով: Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր անվտանգային իրավիճակով պայմանավորված 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում վերադարձել են Հայաստանի Հանրապետություն: Փոխհատուցումը ստանալու համար Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (е-request.am) միջոցով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել փոխհատուցման հայտ (այսուհետ՝ հայտ)՝ կցելով փաստաթղթերը:
Կփոփոխվի Աշոցքի դպրոցի մասով սահմանված թույլտվության սահմանաչափը
Կառավարությունը կայացրել է որոշում, որով նախատեսվում է փոփոխել Աշոցքի դպրոցի մասով սահմանված թույլտվության սահմանաչափը, ինչպես նաև կարգավորումները համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը։
Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մի շարք աշխատանքների կատարումից հետո պարզ են դարձել չներառված այլ աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը, ինչի պատճառով անհնար է դարձել աշխատանքների հետագա ընթացքը։ Նշված խնդիրների կարգավորման և դպրոցի վերանորոգման շինարարական աշխատանքները պատշաճ և սեղմ ժամկետներում կազմակերպելու նպատակով՝ վերանայվել են ծավալաթերթ/թերությունների ակտը և նախահաշվային փաստաթղթերը, կազմվել լրացուցիչ աշխատանքների նախահաշիվ, որի արդյունքում պայմանագրի գինը ՀՀ Կառավարության 05.06.2025թ-ի N 717-Ա որոշմամբ թույլատրվել է ավելացնել 51,714,021.9 ՀՀ դրամով կամ 52.4%-ով։ Որոշման հիմքով կնքվել է թիվ 5/2 համաձայնագիրը, որով պայմանագրի գինը դարձվել է 150,368,090.0 ՀՀ դրամ։ Աշխատանքների կատարման ընթացքում կրկին անհրաժեշտություն է առաջացել ծավալաթերթ-նախահաշվում կատարելու որոշակի փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ կապված տարածքի բարեկարգման ծավալների փոփոխության հետ, ինչպես նաև շերտավարագույրների, հենապատերի վրա բետոնե թասակների կառուցման, ապամոնտաժված բազալտե եզրաքարերի վերատեղադրման և վարդակների տեղադրման հետ։
Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ կառավարության մինչև 2026թ-ը 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակներում դպրոցների նորոգման աշխատանքների պատշաճ շարունակական իրականացումը։
Օրենսդրական նախաձեռնություն
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Որոշմամբ առաջարկվում է համակարգային և համապարփակ մոտեցում, որի արդյունքում օրենսգրքի ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանակման դրույթները կարգավորող 80․2 Գլուխն ամբողջովին վերաշարադրվել է՝ առաջնորդվելով Ստանդարտով և ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ Ֆորումի Քարտուղարության կողմից 2025 թվականին մշակված մոդելային օրենսդրությամբ, ինչպես նաև վերջինիս կողմից տրված մեթոդական ցուցումներով և առաջարկներով, մասնավորապես՝ որոշմամբ տրվել են Ստանդարտից բխող և Օրենսգրքում կիրառվող առանցքային հասկացությունների հստակ սահմանումներ, ինչը կապահովի դրանց միատեսակ մեկնաբանությունն ու համահունչ կիրառումը իրավակիրառ պրակտիկայում։ Որոշմամբ առաջարկվում է հաշվետու ֆինանսական հաստատությունների նկատմամբ համապատասխանության ճշտության ստուգման իրականացումը վերապահել ՀՀ հարկային մարմնին, քանի որ Ստանդարտը բացառապես կիրառվում է հարկային նպատակներով և գործընթացի ցանկացած փուլում միմիայն հարկային մարմինն է հանդիսանում որպես իրավասու մարմին։ Ընդ որում, նախագծով ներկայացվում են նաև Օրենսգրքի հարկային ստուգումները կարգավորող 68-րդ Գլխի համապատասխան դրույթների փոփոխություններ, համաձայն որոնց առաջարկվում է ընդլայնել թեմատիկ հարկային ստուգման հարցերի շրջանակը, ավելացնելով ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության հարցը, որի արդյունքում հարկային մարմինը կարող է իրականացնել թեմատիկ ստուգում՝ բացառապես ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության հարցերով։
Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի լիարժեք, համահունչ և արդյունավետ գործարկումը՝ այն ամբողջությամբ համապատասխանեցնելով Ստանդարտի և մոդելային օրենսդրության պահանջներին։ Արդյունքում կերաշխավորվի տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի իրավական հստակությունը, գործնական կիրառելիությունն ու արդյունավետությունը, կբացառվեն տարաբնույթ մեկնաբանություններն ու տարընթերցումները, ինչը կնպաստի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը, Հայաստանի Հանրապետության դիրքի ամրապնդմանը միջազգային հարկային համագործակցության հարթակներում՝ որպես վստահելի և կանխատեսելի գործընկեր, ինչպես նաև հարկային վարչարարության արդյունավետության և համակարգի ինստիտուցիոնալ կայունության բարձրացմանը։