Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21.04.2026

ևս 1 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։

Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։

Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

← Վերադառնալ