Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը 13 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման համար

07.05.2026

ևս 14 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման և միջին նորոգման համար կատարել վերաբաշխում շուրջ 13 մլրդ դրամի և այն ուղղել ներքոնշյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման և միջին նորոգման աշխատանքների իրականացման, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների 5 %-ի, մատուցված տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մնացորդային գումարների ու նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ծառայությունների 30 %-ի վճարման համար: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 57.5 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 0,9 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 26.7 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 29.9 կմ, իսկ տրանսպորտային օբյեկտների քանակը 3 հատ:

Վարչապետը ներկայացրել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը։

Ավտոճանապարհներ. Գյումրի քաղաքի վերջնամասից դեպի ՀՀ սահման տանող ավտոճանապարհի 0.9 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ.-ին, Վ. Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և Աբովյան տանող ավտոճանապարհի 5․023 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ.-ին, Երևանից դեպի Գառնի տանող ավտոճանապարհի 16․73 կմ հատվածի հիմնանորոգում (բացառությամբ սողանքային տեղամասերի), ավարտը՝ 2026 թ.-ին, Վեդի բնակավայրով անցնող ավտոճանապարհի 3,8 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ.-ին, Նորապատից դեպի Վարդանաշեն տանող ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026-նին, Հ-75 ավտոճանապարհից դեպի Հոռոմ տանող ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ-ին, Դսեղից դեպի Մարց տանող ավտոճանապարհի 6.2 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Սևանից Ծաղկունք և Զովաբեր տանող ավտոճանապարհի 17,2 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Գանձաքարից Իծաքար տանող ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտված է, Մ-3 ավտոճանապարհից Մուղնի և Օհանավան տանող ավտոճանապարհի 5․3 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Բերդից Արծվաբերդ և Չինարի տանող ավտոճանապարհի 9,24 կմ առանձին հատվածների հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ., Դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցում, ավարտ՝ 2026 թ., Աշտարակից Փարպի և Ղազարավան տանող ավտոճանապարհի 11,5 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Կոշից Վերին Սասունիկ և Լեռնարոտ տանող ավտոճանապարհի 9,5 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ. , Ավանից Խնուսիկ տանող ավտոճանապարհի 2,2 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Զարինջաից Ձիթհանքով տանող ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Հ-8 ավտոճանապարհից մինչև Մրգավետ տանող 1,2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Մրգավետից դեպի Արևշատ տանող ավտոճանապարհի 2,4 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ., Մրգաշատից Ալաշկերտ և Արմավիր տանող ավտոճանապարհի 4 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածների հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Ջրարբից Գայ տանող ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտված է, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների ասֆալտապատում, ավարտը՝ 2026 թ., Մ-3 ավտոճանապարհից Մեծավան և Ձյունաշող տանող ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Զառիթափից Գոմք և Կապույտ տանող ավտոճանապարհի 7,8 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ.։

Տրանսպորտային օբյեկտներ. Ոսկետափի վթարային վիճակում գտնվող տրանսպորտային հանգույցի ապամոնտաժում, ավարտ՝ 2026 թ., Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ վերգետնյա հետիոտնային անցումի կառուցում, ավարտ՝ 2026 թ., Գտաշենից Կամխուտ տանող ավտոճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե խողովակի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ.։

Միջին նորոգման աշխատանքներ. Շիրակի մարզ՝ Իսահակյան-Գյումրի ճանապարհի 10 կմ հատվածի միջին նորոգում, ավարտ՝ 2026 թ. , Երևան - Սևան ճանապարհի 3,7 կմ (աջ գոտի) հատվածում մետաղական արգելափակոցների տեղադրում, ավարտված է։

Կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վճարում. Գյումրիից Բավրա տանող ավտոճանապարհի 2,1 կմ հատվածի հիմնանորոգում, Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան բնակավայրերի տարածքով անցնող 7.47 կմ հատվածի հիմնանորոգում, Շինուհայրից Հալիձոր և Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհի 19 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձորից Դիլիջան տանող ավտոճանապարհի Վանաձորի միջով անցնող 6 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձորից Դիլիջան տանող ավտոճանապարհի վերջի 2 կմ հատվածի հիմնանորոգում, Մեծամոր – ՀԱԷԿ- Մեծամոր ավտոճանապարհի 10.7 կմ հատվածի հիմնանորոգում, Արթիկից Ալագյազ տանող ավտոճանապարհի 3,1 կմ հատվածի հիմնանորոգում, Հրազդանի տրանսպորտային հանգույցից Ծաղկաձորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի 10.5 կմ հատվածի հիմնանորոգում, Մ-6 ավտոճանապարհից դեպի Աթան տանող ավտոճանապարհի 27 կմ հատվածի հիմնանորոգում, Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Սելիմի լեռնանցքով անցնող 14 կմ հատվածի հիմնանորոգում, Զարինջաից Ձիթհանքով տանող ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Թաթուլից Կանաչ և Հակո տանող ավտոճանապարհի 12,1 կմ հատվածի հիմնանորոգում, Մ-5 ավտոճանապարհից դեպի Մայիսյան տանող ավտոճանապարհի 0,8 կմ հատվածի հիմնանորոգում, Արմավիրից Նալբանդյան տանող ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգում, Մրգաշատից Ալաշկերտ և Արմավիր տանող ավտոճանապարհի 4.0 կմ հատվածի հիմնանորոգում, Արևիկից Արմավիր տանող ավտոճանապարհի 3,6 կմ հատվածի հիմնանորոգում, Ակնալճից դեպի Զարթոնք գնացող ավտոճանապարհի 3,6 կմ հատվածի հիմնանորոգում, Լուսագյուղից դեպի Ջրառատ տանող ավտոճանապարհի 2,1 կմ հատվածի հիմնանորոգում, Ամասյաից դեպի Նալբանդյան և Ջանֆիդա տանող ավտոճանապարհի 4,2 կմ հատվածի հիմնանորոգում, Գավառից Նորատուս տանող ավտոճանապարհի 2,4 կմ հատվածի հիմնանորոգում, Ստեփանավանից դեպի Արմանիս և Ուրասար տանող ավտոճանապարհի 10.55 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր քաղաքային համայնքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգում, Նոր Կյանքից Փանիկ, Արևշատ և Մեծ Մանթաշ տանող ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգում, Հ-36 ավտոճանապարհից դեպի Չինչին գնացող ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգում, Ուրցաձորից դեպի Մարտունի տանող ավտոճանապարհի կառուցում, Նոր Գեղի - Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջի վերանորոգում, Վաղարշապատ – Մասիս ավտոճանապարհին գտնվող կամրջի հիմնանորոգում, Սանահին կայարանում քանդված կամրջի փոխարեն L=42մ պողպատե ֆերմաներով, Վաղարշապատ-Ծաղկունք ավտոճանապարհին գտնվող կամրջի հիմնանորոգում, Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհին գտնվող կամրջի հիմնանորոգում, Մ-4-ից դեպի Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհի 100 մ փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում։

Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան բնակավայրում գտնվող 323 800 000 դրամ արժեքով 20,5657 հեկտար հողամասը՝ ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գույքը ՀՀ-ին է վերադարձվել Գլխավոր դատախազության հայցերի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատական ակտով։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել և նշել, որ այն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերից մեկով ձեռքբերված հաշտության արդյունք է։ «Հաշտությունը վերաբերում է հայցի միայն մի մասին՝ այս գույքին։ Հայցպահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման մեր քաղաքացիական գործի քննությունը դատարանում շարունակվում է»,- ասել է Աննա Վարդապետյանը։

Նշվել է նաև, որ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ այս անձի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում կա քննվող քրեական վարույթ. «Ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Կարապետ Գուլոյանի մասով նշեմ, որ քրեական գործը վերաբերում է 2008-2015 թթ. ընթացքում՝ որպես Աբովյանի քաղաքապետ իր պաշտոնավարմանը։ Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը չարաշահել է իր լիազորությունները Աբովյանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կամ այլ քաղաքացիների օժանդակությամբ, ընդհանուր՝ 65 դրվագով, Աբովյան համայնքի զբոսայգիների, պուրակների և փողոցների տարածքներում գտնվող հողերն ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով տարբեր անձանց է օտարել։ Այդ թվում՝ 2 դեպքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր գործունեության հետևանքով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է»:

Նշվել է նաև, որ Կարապետ Գուլոյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով առկա է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 15-ին օրինական ուժի մեջ մտած վճիռ: Վճռով Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, ենթակա են բռնագանձման՝

Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը (գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի գրանցումն ընթացքի մեջ է).

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ (գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի գրանցումն ընթացքի մեջ է).

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս (Պետական գույքի կառավարման կոմիտեն պաշտոնապես՝ գրավոր, տեղեկացվել է՝ բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով).

2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը.

1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս.
58 միլիոն 120 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.

934 հազար դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք:

«Բռնագանձման գործընթացն ընթացքի մեջ է և առաջիկա Կառավարության նիստերին այս գույքերը կամրացնենք պետությանը՝ ակնկալելով, որ դրանք սոցիալական և հանրային նպատակներով օգտագործվելիս՝ օգտակար կլինեն ՀՀ-ին»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք վերջերս քննարկում ենք ունեցել աշխատանքային։ Գործընթացները վերլուծելով՝ հասկանալով, որ առաջիկայում Կառավարության տնօրինության ներքո են հայտնվելու անշարժ գույքեր, առանձնատներ և այլն, մենք քննարկել ենք, թե ինչ ենք անելու հետագայում այդ գույքերի հետ։ Արձանագրվել է, որ շատ կարևոր կլինի, եթե մենք դիտարկենք այդ գույքերը հանրօգուտ և սոցիալական ուղղվածության որևէ նախագծում ներառելու համար»։

Վարչապետն այդ նպատակով առաջարկել է՝ Կադաստրի կոմիտեն, Գլխավոր դատախազությունը գույքի վերաբերյալ տեղեկությունը նախապես փոխանցեն Կառավարությանը, մինչև համապատասխան որոշումներն ընդունելը։

«Մենք խնդիր չենք դրել որևէ մեկի օրինական գույքն իր ձեռքից վերցնելու, մենք խնդիր ենք դրել ապօրինի գույքն իրենց ձեռքից վերցնել և վերադարձնել պետությանը։ Այս բոլոր դժվարությունները, որոնց միջով մենք անցնում ենք, շատ կանխատեսելի էր՝ ոչ միայն այն պատճառով, որ զրոյից նոր ինստիտուտ է ձևավորվում, այլև՝ ապօրինի գույքի ձեռքբերման մի ամբողջ «արհմիության» դեմ ենք պայքարում։ Ես դրա համար եմ ասում, որ մենք «մաֆիայի» դեմ ենք պայքարում։ Պատկերացնում եք չէ՞՝ ինչ միլիարդների գույքի մասին է խոսքը, որոնք ակնհայտորեն ձեռք են բերել մարդիկ, որոնք ունեցել են ազդեցություն։ Եվ այդ ազդեցությունների ստվերային և չերևացող հատվածներ կան, որոնք մեզ համար տեսանելի չեն, բայց ընթացքում նաև այդ կտորներն են տեսանելի դառնում», -ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այդ ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ քննադատություններին՝ երկրի ղեկավարն ընդգծել է. «Մենք միակ քաղաքական ուժն ենք ՀՀ-ում, ով այդ օրակարգը վերցրել է, որդեգրել է և հետևողական առաջ է տանում։ Եվ Վճռաբեկ դատարանի վճռով դա այլևս կայացած ինստիտուտ է»։

ՀՀ-ում մայիսի 19-23-ը կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը

«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագրի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է 2026 թ. համար անհրաժեշտ 684 մլն դրամի չափով Էկոնոմիկայի նախարարության 2026 թ. պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներից վերաբաշխում կատարելու միջոցով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հատկացնելու վերաբերյալ։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այն համարվում է իր ձևաչափով եզակի, աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթը, որն ունի 30 տարվա փորձ։ Այն տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ, իսկ նախկինում անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Չինաստանում և այլ երկրներում։

Նախարարը տեղեկացրել է, որ մրցույթը կազմակերպվելու է մայիսի 19-23-ը։ Եռօրյա Մրցույթը կազմակերպվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին կմասնակցեն 65 երկրից շուրջ 400 գինու փորձագետ, այդ թվում՝ 120 գինու գնորդ, 200 լրագրող, բլոգերներ, սոմելիեներ և բարձր վարկանիշ ունեցող գինու փորձագետներ, որոնք գնահատելու են ավելի քան 60 երկրի շուրջ 8000 տեսակի գինի։ Միջոցառման շրջանակներում կանցկացվեն գինու գնորդների, վաճառողների և հայկական գինի արտադրողների միջև բիզնես հանդիպումներ։ Կկազմակերպվեն այցեր գինեգործական շրջաններ, գինու գործարաններ և պատմամշակութային վայրեր։ Այցերը կուղեկցվեն մշակութային ծրագրերով՝ ներառելով ավանդական խոհանոց, ազգային երաժշտություն և ժողովրդական տոնախմբություններ։ Միջոցառման ընթացքում շուրջ 30 լրագրողի համար կկազմակերպվեն մեդիա տուրեր՝ միջազգային հեղինակավոր մեդիա հարթակներում Հայաստանի մասին հոդվածների և ռեպորտաժների լայնածավալ լուսաբանման նպատակով։

«Մեր ամենամեծ առաջնահերթությունը խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելն է». վարչապետ

Կառավարության նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վաղվանից սկսվում է ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավը, և ես ու Կառավարության անդամների մեծ մասը արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար։

Իհարկե, մեր ամենամեծ առաջնահերթությունը խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելն է՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունները: Եվ, իհարկե, մինչ այս պահը մեր իրավապահ մարմիններն ահռելի աշխատանք են իրականացրել, բայց նաև պետք է զգոնությունը չթուլացնել, որպեսզի բացառվեն ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցների ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա, որովհետև մենք 2021 թվականին, պատկերացրեք՝ այդ պայմաններում, կարողացել ենք միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնել:

Բնականաբար, հիմա առավել վստահ ենք, որ ի վիճակի ենք դա անել և անպայման կանենք դա: Եվ քարոզարշավի ընթացքի օրինական ապահովումը նույնպես շատ կարևոր է, մեր իրավապահ մարմինները պետք է ուշադիր լինեն քաղաքական ուժերի քարոզարշավի համար բնականոն պայմաններ ստեղծելու առումով: Բնականաբար, Հայաստանում վաղուց արդեն փակված են դահլիճների, հրապարակների հասանելիության հետ կապված պրոբլեմները. այդպիսի պրոբլեմ ինձ հայտնի չէ ընդհանրապես։ Եթե որևէ մեկին հայտնի է, թող ասեն, բնականաբար, այդ խնդիրները կլուծվեն, բայց ես բացառում եմ, որ որևէ միտումով որևէ դահլիճի սահմանափակում լինի։ Ընտրությունների մասին չէ. նախորդող ամբողջ շրջանում էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը ամենասուր իրավիճակներում դահլիճների և այլնի սահմանափակում չեն ունեցել։

Ես կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան, որ մենք խորհրդարանական ընտրություններն իրականացնենք պատշաճ մակարդակով՝ համապատասխան ժողովրդավարության բոլոր կանոններին և ստանդարտներին՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների կամքի ազատ արձանագրումը և այդ կամքի արտահայտումը և, իհարկե, մտքերի, գաղափարների, ծրագրերի մրցակցությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի»։

Կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցման համար անհրաժեշտ տիպային նախագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը և փորձաքննությունների իրականացումը: Տիպային նախագծերի առկայությունը և վերջիններիս համապատասխան ավազի արդյունահանման աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա ձևավորել շինարարական ավազի պահանջարկի բավարարման աղբյուր՝ միաժամանակ ապահովելով Արաքս գետի հունի սահմանային կայունությունը, ինչպես նաև կանխարգելելով ոռոգելի հողատարածքների ավազակալումը և արդյունավետորեն կառավարելով շրջակա միջավայրի պահպանության ռիսկերը: Հողերի բերրիության պահպանմանն ու ջրային համակարգերի անխափան աշխատանքին զուգահեռ, նախագծի իրականացումը կունենա սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն՝ հիմնված գիտականորեն հիմնավորված տեխնիկական լուծումների և տիպային նախագծերի ներդրման վրա: Ըստ հիմնավորման, վարչապետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվել է ավազի արդյունահանման ոլորտի համալիր կարգավորման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ ավազի արդյունահանման համար համապատասխան նստեցման կայանի (պարզարանի) կառուցում։ Վերջինիս նպատակն է ունենալ գիտականորեն հիմնավորված և տեխնիկապես հագեցած գետաողողատային տիպի հանքավայրերի շահագործման տիպային նախագծի օրինակելի ձև, որը թույլ կտա Արաքս գետի ողողահունում ավազի արդյունահանումը իրականացնել տիպային նախագծին համապատասխան:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կներկրվի 45 նոր տրոլեյբուս

Կառավարության որոշմամբ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին թույլատրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերությունը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսում է տրոլեյբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող 45 տրոլեյբուսով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներկրել YUTONG BUS ZK6128BEVG մակնիշի՝ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, 25+3 փափուկ նստատեղերի առկայությամբ և ոչ պակաս, քան 85 ուղևորի տեղափոխման հնարավորությամբ, ինքնավար վազքով, սրահի տաքացման և սառեցման համակարգով օժտված 45 անռելս տրոլեյբուս, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի 5 երթուղին համալրել նոր շարժակազմով և էականորեն ավելացնել վերգետնյա էլեկտրատրանսպորտի որակյալ ծառայություններից օգտվողների քանակը։ Տրոլեյբուսային ցանցի հնարավոր զարգացումը կբեռնաթափի նաև հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ՝ իրականացնելով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4․3 մլրդ դրամի ներդրում տրոլեյբուսների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 245 աշխատատեղ՝ 375 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 280-ի՝ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 432 մլն դրամ:

«Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն ևս կօգտվի արտոնությունից. ներմուծվող բեռնատարներով նախատեսվում է իրականացնել բեռնափոխադրումներ՝ իրականացնելով 160 մլն դրամի ներդրում։ Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի մարզում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 160 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24 մլն դրամ։

Գործադիրի որոշմամբ «Բելիսսիմո գրուպ» ՍՊԸ-ն ևս կօգտվի ներմուծման արտոնությունից ՝ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել մսային և խմորային կիսաֆաբրիկատների և երշիկների արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․7 մլրդ դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 58 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը նախատեսում է հասցնել մինչև 65-ի՝ 130 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 728․6 մլն դրամ։

Կստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն

Գործադիրի որոշմամբ առաջարկվում է իրականացնել «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմավորում՝ այն դարձնելով «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի կազմում մասնաճյուղ՝ «Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն»։ Որոշման հիմնական նպատակն է վերաիմաստավորել «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության բովանդակությունը, ամրապնդել մասնագիտական ներուժը և բարձրացնել կառավարման արդյունավետությունը՝ ձևավորելով գրականության և արվեստի ուղղվածությամբ մասնագիտացված մշակութային հարթակ։ Նախատեսվում է անցում կատարել միջոցառային-ժամանցային ձևաչափից դեպի թանգարանային, կրթամշակութային և գիտամեթոդական բաղադրիչներ ներառող գործունեության մոդել՝ ապահովելով կայուն ծրագրային քաղաքականություն, ցուցադրական և ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունների իրականացում, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ժամանակակից գործիքների կիրառություն։

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ կապահովվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկում անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց պահման վայրի վերակառուցման և հարդարման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերումը։ Գումարը կազմում է 2,154,000 դրամ։

Մեկ այլ որոշմամբ էլ «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությանն առաջարկվում է տրամադրել 869,844.0 հազար դրամ, որն էլ կապահովի ընկերությունների ֆինանսական կայունությունն ու բնականոն գործունեությունը։ Արդյունքում կապահովվի կազմակերպության ֆինանսական կայունացումը, որն իր հերթին թույլ կտա ապահովել ոռոգման ջրի մատակարարումը և ստանձնած պարտավորությունների կատարումը:
 

← Վերադառնալ