Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին

01.10.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին։

Վարչապետը ողջունել է տիկին Ուայթ-Քեյնի այցը Հայաստան և կարևորել Սպիտակ տան հավատքի հարցերով զբաղվող գրասենյակի հետ ձևավորված երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Փոլա Ուայթ-Քեյնի մասնակցությունն առաջիկա օրերին անցկացվելիք Հայաստանի Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառմանը։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ այս միջոցառումը տարբեր երկրների մասնակիցների միջև անկեղծ քննարկումների հարթակ կստեղծի։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայ հոգևոր առաջնորդների և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի միջև վերջերս կայացած հանդիպումը, ինչը ևս մեկ առիթ էր՝ ընդգծելու Հայաստան-Միացյալ Նահանգներ գործընկերությունը, ընդհանուր քրիստոնեական ժառանգությունն ու կիսվող արժեքները։

Փոլա Ուայթ-Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառմանը հրավիրելու համար։ Տիկին Ուայթ-Քեյնը նշել է, որ շահագրգիռ են սերտորեն համագործակցել ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

← Վերադառնալ