Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը կընդլայնի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված սոցիալական երաշխիքների շահառուների շրջանակը
ևս 11 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Օրինագծերի նպատակը հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հստակեցումն ու ընդլայնումն է, պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարձրացումը:
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է գործող կարգն ու նախատեսվող փոփոխությունները. «Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով վնասվածք ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին օրենքով սահմանված դեպքերով, կարգով և չափով պետական բյուջեից տրամադրվում են զինվորական կենսաթոշակ և պարգևավճար։ 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքերով Զինապահ հիմնադրամի կողմից խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվում են հատուցման գումարներ։ Միաժամանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումների հիման վրա հատուցումներ են տրամադրվում նաև 2008-2016 թթ. տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված դեպքերի համար։ Ընդ որում, պետական բյուջեից տրվող զինվորական կենսաթոշակի և պարգևավճարի գումարը հիմնադրամը լրացնում է այնքան, որ դրանց հանրագումարը հավասար լինի նույն հատուցման դեպքով տրվող հատուցման գումարին։ Հիմա մեր նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքով սահմանված հատուցման դեպքերի շրջանակը ընդլայնել՝ ներառելով 1998-2007 թթ. մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը»։
Նախարարը տեղեկացրել է, որ այդ ժամանակահատվածի դեպքերը, որպես հատուցման դեպք որակելու համար, նախատեսվում է հիմք ընդունել զինծառայողի անձնական գործում առկա համապատասխան փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում միշտ գերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը կամ դատական կարգով հաստատված հանգամանքները։ «Մեր նախնական գնահատականներով խոսքը 389 անձի մասին է։ Քանի որ նշեցի անձնական գործերը միջգերատեսչական հանձնաժողովով պետք է նայենք և նաև կարող են լինել դատական գործեր, կարող են շատ փոքր թվով տարբերվել, բայց հիմնականում այս շրջանակներում է լինելու։ Կարծում եմ՝ շատ կարևոր քայլ է Կառավարության կողմից»,-ասել է Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշել է նաև, որ հատուցման գումարների կրճատում չի լինի, ավելին՝ որոշ դեպքերում տրամադրվող միջոցները կավելանան։
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է. «Նախկինում խոսել ենք, որ այս ճանապարհով ենք գնալու, բայց նաև ուզում եմ ասել, որ նման որոշման համար էլ հաստատված խաղաղությունն ունի որոշակի և էական դեր»։
Հայաստանի ձեռագրական ժառանգության ազգային հավաքածուն կհամալրվի համաշխարհային նշանակության ևս 2 արժեքներով. Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել
Գործադիրի որոշմամբ 148,5 մլն դրամ կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը՝ Ջեսելսոնի մասնավոր հավաքածուի հինգ հայկական ձեռագրերից երկուսը ձեռք բերելու նպատակով։ Գումարը կուղղվի երկու ձեռագրի՝ 1353 թ. Դրազարկում Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուի և 1695 թ. Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և առատորեն ծաղկած Ավետարանի գնմանը և Մատենադարան տեղափոխմանը:
Երկու մատյաններից վաղագույնը 1353թ. Դրազարկում Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուն է (գնահատված արժեքը՝ 250,000 եվրո), որը բովանդակում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ Մանրանկարչությունը զուսպ է՝ բնորոշ համանման ձեռագրերին. այն հիմնականում սահմանափակվում է զարդատառ գլխագրերով և սրբերին պատկերող լուսանցային մանրանկարներով։ Ձեռագիրն ունի նաև պատառիկ-պահպանակներ, որոնք պարունակում են հատվածներ Ղուկասի Ավետարանից։ Պատառիկների հիմնական գիրը բոլորգիծ երկաթագիրն է՝ ուղղագիծ երկաթագրի առանձին դրսևորումներով։ Հնագրական հատկանիշներով պատառիկ-պահպանակները թվագրվում են 10–11-րդ դարերով։ Թեև ձեռագիրն իր վաղեմությամբ, գրչավայրով, պարունակած բնագրերով, պատառիկ-պահպանակներով և հարուստ հիշատակարաններով արդեն իսկ բացառիկ արժեք ունի, դրան ավելանում է նաև մատյանն ընդօրինակած գրչի և ծաղկողի՝ Սարգիս Պիծակի գործոնը։ Պիծակը կիլիկյան մանրանկարչական արվեստի լավագույն ներկայացուցիչներից և հայկական մանրանկարչության երևելի դեմքերից է։ Նա նաև արդյունաշատ գրիչ է եղել։ Պիծակից մեզ հայտնի է շուրջ չորս տասնյակ մատյան, որոնցից չորսը պահպանել են գրիչ-ծաղկողի ինքնանկարը։ Մատենադարանում ներկայումս պահվում է Պիծակի գրչին պատկանող կամ նրան վերագրվող ավելի քան տասը ձեռագիր։ Ձեռք բերվող ձեռագիրը Պիծակի ուշ շրջանի գործերից է։ Մեզ հայտնի չէ 1353 թվականից հետո Պիծակի ընդօրինակած և ծաղկած որևէ այլ մատյան, ինչն այս ձեռագրին հաղորդում է նաև առանձնահատուկ կենսագրական և արվեստաբանական նշանակություն։ Առանձնահատուկ արժեք ունի նաև ձեռագրի կազմին ամրացված փղոսկրե հարթաքանդակը, որը մինչ օրս բավարար գիտական ուսումնասիրության չի արժանացել։ Ձեռագրի և փղոսկրե հարթաքանդակի մեկ ամբողջության մեջ պահպանումը բացառիկ հնարավորություն է դրա ծագման, թվագրման և գործառույթի հետագա ուսումնասիրության, ինչպես նաև միջնադարյան ձեռագրական և կիրառական արվեստների փոխառնչությունների բացահայտման համար։
Երկրորդ մատյանը 1695թ. Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և առատորեն ծաղկած Ավետարանն է (գնահատված արժեքը՝ 95,000 եվրո)։ Տերունական պատկերները, սուրբգրային տեսարաններն արտացոլող մանրանկարները, խորանների ներքո տեղադրված համաբարբառային աղյուսակները, լուսանցազարդերն ու զարդատառերն աչքի են ընկնում հարուստ գունաշարով և Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցին բնորոշ նուրբ գծանկարչությամբ։ Ազարիան հայտնի գրիչ և ծաղկող է, նրանից մեզ հայտնի են նաև այլ ձեռագրեր, իսկ այս մատյանը վստահորեն կարելի է դասել Նոր Ջուղայի դպրոցի լավագույն նմուշների շարքին։
Գումարը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ծախսը ևս գիտության ֆինանսավորում է։ «Հայաստանի, հայ ժողովրդի պատմության համար նշանակություն ունեցող գիտամշակութային և պատմամշակութային արժեքներ են բերվում Հայաստան։ Սա, ընդ որում, Իրական Հայաստանի գաղափարախոսության գործնական արտահայտություններից մեկն է, որովհետև մենք կարծում ենք, որ ՀՀ-ն է այն կենտրոնը, որտեղ պետք է հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքների գերակշիռ մասը կենտրոնացված լինի»,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ գործընթացը լինելու է շարունակական։
Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է նաև, որ բացի գիտական հաստատությունից, թանգարաններին պետք է վերաբերվել՝ որպես տնտեսական ուղղություն։
Հաստատվել է Զբաղվածության ապահովման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է Զբաղվածության ապահովման ծրագիրը։ Արդյունքում՝ ակնկալվում է բարձրացնել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց զբաղվածության հնարավորությունները վաուչերների տրամադրման միջոցով՝ նպաստելով նրանց մրցունակության, աշխատանքի տեղավորման և կայուն զբաղվածության ապահովմանը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի շահառուին տրամադրել վաուչեր՝ մինչև 250000 դրամ արժողությամբ, որը կարող է իրացվել միայն մեկ անգամ, տրամադրվելուց հետո 6 ամսվա ընթացքում՝ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջով հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպությունների կողմից, որոնք թվային համակարգի գործադրմամբ վաուչերի (QR) կոդի միջոցով անձին նույնականացնելուց հետո ստանում են նրա՝ շահառու լինելու հավաստումը և ընդգրկում իրենց կողմից իրականացվող կարճաժամկետ ուսուցման դասընթացում։ Կազմակերպությունը շահառուի հետ կնքում է ուսուցման իրականացման պայմանագիր, որի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը շահառուի կողմից մուտքագրվում է հարթակ և ինքնաշխատ եղանակով փոխանցվում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի մասնագետին։ Դասընթացն ավարտելուց հետո շահառուին համապատասխան վկայական (սերտիֆիկատ, հավաստագիր) շնորհվելը հավաստվում է շահառուի հարթակի միջոցով կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվությամբ, որն ինքնաշխատ եղանակով փոխանցվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի մասնագետին և հասանելի է դառնում շահառուի օգտահաշվում։ Որոշմամբ կարող է աջակցություն տրամադրվել այն գործատուին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որը վաուչերի հիման վրա ուսուցում անցած և ավարտական վկայական ստացած անձի հետ վկայականում նշված մասնագիտությամբ աշխատանք կատարելու համար կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 3 ամիս ժամկետով։ Ծրագրի շրջանակում առաջարկվում է գործատուին եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատանքի տեղավորված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցում՝ 1) աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը, 2) աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամը։ Ծրագրի շրջանակում առաջարկվում է շահառուին տրամադրել միանվագ աջակցություն՝ 1) շահառուի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվելու դեպքում՝ 100 000 դրամի չափով, 2) աշխատանքային հարաբերությունները 12 ամիս շարունակվելու դեպքում՝ ևս 200 000 դրամի չափով։
Ամբողջ գործընթացը կատարվելու է թվային հարթակով, ծրագիրը մեկնարկելու է 2027 թ. հունվարի 1-ը:
Սեպտեմբերին աշխատաշուկայում արձանագրվել է հերթական ռեկորդը. օգոստոսի համեմատ սեպտեմբերին աշխատատեղերն ավելացել են 15 հազարով
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել է ՊԵԿ-ի ամփոփած՝ գրանցված աշխատատեղերի ցուցանիշին և նշել, որ սեպտեմբերին արձանագրվել է հերթական ռեկորդը: «Օգոստոսի համեմատությամբ սեպտեմբերին 15 հազարով աշխատատեղերն ավելացել են, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 39,751-ով ՝ շուրջ 4,9 տոկոսով։ Ինչպես նաև 28,418 դրամով կամ շուրջ 7 տոկոսով ավելացել է միջին աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ: 2017 թ. սեպտեմբերի համեմատությամբ, այսինքն՝ նախահեղափոխական սեպտեմբերի համեմատությամբ, մենք այս պահի դրությամբ ունենք 311 հազար 480 աշխատատեղի հավելաճ: Ընդհանուր առմամբ դա նաև տեսանելի է, վիզուալ էլ երևում է, որ Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է մարտահրավերներին և նշել, որ ընթացիկ շրջանի երևացող մարտահրավերը ԵԱՏՄ-ի շրջանակում հարաբերություններն են, որոնց շուրջ առաջիկայում կաշխատեք: «Այստեղ մեր ընկալումը հետևյալն է. մեր ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու մեր տնտեսական դինամիկան ապահովելուն և, իհարկե, մեր պետության ինքնիշխանությունը, անկախությունը և ընդհանրապես պետականությունն ամրապնդելուն: Սրանք ոչ միայն համատեղելի խնդիրներ են, այլև մեկը բխում է մյուսից, և փոխկապակցված են: Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ նաև մեր երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան բավականին լավ է տեղի ունենում, և այս պահին մեր ունեցած տվյալները հույս են ներշնչում, որ առաջիկայում դրանք էլ ավելի կամրապնդվեն և կխորանան: Մենք պետք է կենտրոնացած մնանք այս խնդրի վրա»,- ասել է երկրի ղեկավարը։
Կարևորելով աշխատատեղերի թվի ավելացումը՝ վարչապետն ընդգծել է, որ պետք է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները. «Կարծում եմ, ընդհանուր առմամբ, աշխատանքով բարեկեցության հասնելու ռազմավարությունից պետք է չշեղվենք և շարունակենք այս ճանապարհը։ Այդ ճանապարհին կլինեն մարտահրավերներ, որոնք պետք է կառավարենք»։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 2025 թ. արդյունքներով՝ 2018 թվականից երկրի ՀՆԱ-ի շուրջ 53 տոկոս արձանագրված աճին, նշել է. «Այս դինամիկայով պետք է շարունակենք մեր աշխատանքը և տրամադրվենք, որ պետք է այսպես աշխատենք՝ տնտեսության և տնտեսավարողների համար հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք աշխատեն, արդյունք ստեղծեն և օրենքով սահմանված հարկերը վճարեն»։
ТRIPP -ի իրականացումը մտնում է գործնական փուլ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում, անդրադառնալով ТRIPP նախագծին, նշել է. «Մեր տնտեսական դիմակայունությունը մեծացնելու առումով շատ էական է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս շուտ հասնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը։ Երեկվանից Ազգային ժողովում մեկնարկեց ТRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացը և առաջիկա նստաշրջանում Ազգային ժողովի վավերացումը տեղի կունենա։ Երեկ նաև փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ, որ տեղում աշխատել է արդեն ТRIPP նախագծի իրագործման գործնական փուլը մեկնարկելու տրամաբանությամբ»։
Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել այցի վերաբերյալ և նշել, որ դրա նպատակն էր TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելը: «Երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է, այդտեղ մեզ համար նոր բան չկա, ավելի շատ ուզում էինք, տեղում վերջնական մեկ անգամ ևս հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը, բայց այն, թե որտեղով է անցնելու երկաթգիծը, կարծում ենք՝ ակնհայտ է, քննարկելու բան չկա: Այդ իմաստով նախագծման աշխատանքներն արդեն կմեկնարկեն: Ավտոճանապարհի հետ կապված, իհարկե, մոդելավորման հարցեր կան դեռևս, որովհետև կան բարդ անցանելի հատվածներ և, բնականաբար, մեր վերջնական լուծումն այնպիսին պիտի լինի, որ ճանապարհը մրցունակ լինի։ Մենք խոսում ենք տրանզիտի մասին, իսկ տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե այն շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով: Էլեկտրահաղորդման գծերի հետ կապված՝ կարծում եմ, որ ամեն ինչ շատ պարզ է: Այնտեղ, իհարկե, վերջնականացնելու բաներ ևս կան, դա էլ կմոդելավորենք, և կարծում եմ՝ այս երեք ենթակառուցվածքի մասով լիարժեք կարող ենք սկսել նախագծման աշխատանքներ՝ չսպասելով մինչև TDC-ի ձևավորումն ամփոփելը»,- ասել է փոխվարչապետը և հավելել, որպեսզի ժամանակ չծախսվի, պետք է նախագծման աշխատանքները սկսել այսօրվանից:
Ըստ նրա՝ շուտով նաև ավելի կոնկրետ էսքիզներ կներկայացվեն քննարկման, որից հետո իրական նախագծման աշխատանքները կմեկնարկեն:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մտնում ենք գործնականացման փուլ. գտնվում ենք ТRIPP զարգացման ընկերության՝ TDC-ի հիմնադրման վերջնական փուլում. «Երբ ընկերությունը կհիմնադրվի, մեր կատարած աշխատանքը կփոխանցվի ընկերությանը»:
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում 2026 թ. սիգի արդյունագործական որսի կազմակերպման համար հիմք է հանդիսացել «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման» ծրագրի շրջանակում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից 2025 թ. իրականացված հետազոտությունների արդյունքները, համաձայն որի գիտական կենտրոնն առաջարկել է 2026 թ. սիգի արդյունագործական որսը սահմանել 550 տ: Ըստ գիտական կենտրոնի ուսումնասիրության՝ 2026 թ հուլիսի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 4511 տոննա։ Գիտական կենտրոնը 2026 թ. համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է ևս 720 տոննա չափաքանակ։ Որոշմամբ առաջարկվում է ավելացնել սիգի արդյունագործական որսի քանակը 720 տոննա։ Արդյունքում՝ 2026 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1270 տոննա։
Կապահովվի Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման գործընթացի միասնական իրավակարգավորում
Գործադիրը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման տրամադրման, այն ստանալու նպատակով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը։ Մասնավորապես, սահմանվում են Եվրոպական դատարանի վճիռների կամ որոշումների ուժի մեջ մտնելուց հետո վճարման գործընթացի կազմակերպման և իրականացման շրջանակում կատարվող գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության և այլ ներգրավված ստորաբաժանումների լիազորությունները։ Սահմանվում են անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման եղանակները՝ էլեկտրոնային և/կամ թղթային ձևերով, ներկայացվող փաստաթղթերի նկատմամբ կիրառվող պահանջները, օտար լեզվով կազմված փաստաթղթերի պատշաճ հայերեն թարգմանությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացուցչության և իրավահաջորդության դեպքերում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերի շրջանակը։
Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները
Կառավարության որոշմամբ կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Որոշման շրջանակում բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտները և սաները կունենան հնարավորություն իրենց իրավունքն իրացնելու համար: Ըստ հիմնավորման՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցառման շրջանակում շուրջ 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Առկա է նաև շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան: Միաժամանակ, մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետի (դիմումներ ընդունելու վերջնաժամկետը 2022 թ. հուլիսի 1-ն էր) ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։ Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ նախարարությունը նախաձեռնել է որոշմամբ սահմանված ժամկետների երկարացման միջոցով շուրջ 20 շահառուների հնարավորություն տալ իրենց իրավունքն իրացնելու համար:
Կապահովվի ԱՃԹՆ ստանդարտի պահանջների լիարժեք կատարումը՝ ՀՀ հերթական ազգային զեկույցի հրապարակումը
Գործադիրի որոշմամբ ապահովվել է հրապարակելով ՀՀ հերթական (2025 թ. հաշվետու ժամանակահատվածը ներառող) ազգային զեկույցը։ Այն տրամադրում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ, համադրելի և հանրամատչելի տեղեկատվություն։ Զեկույցի հրապարակումը կնպաստի ոլորտի թափանցիկության բարձրացմանը, հանրային վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը և ՀՀ-ի՝ որպես ԱՃԹՆ անդամ երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը։ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ/ EITI) միջազգային ասոցիացիա է, որը սահմանում է բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ՝ իր պահանջներով: 2026թ. օգոստոսի դրությամբ ԱՃԹՆ-ին անդամակցում է 50-ից ավելի երկիր: Որպես ԱՃԹՆ-ի անդամ երկիր՝ ՀՀ, ԱՃԹՆ ստանդարտի պահանջներին համապատասխան, պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել ազգային զեկույց, որը պետք է պարունակի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ և հանրամատչելի տեղեկատվություն. մինչ օրս հրապարակվել է 6 ազգային զեկույց։
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարության հավանությանն է արժանացել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը, սահմանել կամ համարժեքորեն վերանայել որոշ ճանապարհային նշանների կամ ճանապարհային երթևեկության որոշ կանոնների պահանջների խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև լուծել անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների վերաբերյալ որոշ կարգավորումների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մանկական տրավմատիզմի կանխարգելման նպատակով առաջարկվում է նաև վերանայել տրանսպորտային միջոցներով երեխաների փոխադրման համար նախատեսված սանկցիայի տեսակներն ու չափերը՝ գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն նախատեսելով 20000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։ Բացի այդ, խցանումների առաջացումը կանխելու և բնականոն երթևեկության հոսք ապահովելու համար, մասնավորապես, առաջարկվում է՝ «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» կամ «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար» ճանապարհային նշանի պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով և 2 տուգանային միավոր, «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի կամ կանգառն արգելված տեղերը ցույց տվող ճանապարհային գծանշման պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով և 1 տուգանային միավոր։
Հավանություն է տվել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է անշարժ գույքի պետական միասնական կադաստրից տեղեկատվության տրամադրման իրավակարգավորումների կատարելագործման, տեղեկատվության հասանելիության ընդլայնման և տրամադրման ընթացակարգերի թվայնացման անհրաժեշտությամբ։ Նախագծերի հիմնական նպատակը անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության բոլոր տեսակների՝ բացառությամբ միասնական տեղեկանքի, ինքնաշխատ եղանակով տրամադրման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորումն է։ Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորումներով անշարժ գույքի պետական միասնական կադաստրից տեղեկատվության տրամադրումը նախատեսված է տարբեր ձևերով և ժամկետներում, իսկ էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ տրամադրվող տեղեկությունների շրջանակը սահմանափակված է։ Արդյունքում տեղեկատվության մի մասի տրամադրումը շարունակում է պահանջել դիմումների անհատական մշակում և լրացուցիչ վարչարարություն։ Նախագծերով առաջարկվում է հստակեցնել հայցվող տեղեկատվության տեսակները, բովանդակությունը և տրամադրման եղանակը՝ միասնական տեղեկանքը պահպանելով որպես ինքնաշխատ տրամադրման ընդհանուր կանոնից բացառություն։ Առաջարկվում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրից տրամադրվող տեղեկատվության տեսակների, բովանդակության և տրամադրման եղանակների իրավակարգավորումների վերանայում՝ ամրագրելով անշարժ գույքի վերաբերյալ բոլոր տեսակների տեղեկատվության ինքնաշխատ տրամադրումը, բացառությամբ միասնական տեղեկանքի։
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ հնարավորություն կստեղծվի ապահովելու տնտեսավարողների կողմից պտղի (խնձորի, սալոր, ելակ, դեղձ, նեկտարին, խաղող, թուզ), բանջարեղենի (լոլիկ, պղպեղ, սմբուկ), ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի և պտղահատապտղային գինու, շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի, չորացրած մրգի կամ բանջարեղենի, տոմատի մածուկի և իշխան ու թառափ տեսակի ձկների արտահանման, ինչպես նաև վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի համար առաջացող փոխհատուցման ենթակա ծախսերը։
Գործադիրն ընդունել է «Անշարժ գույք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարը դիմել է Պետգույքի կառավարման կոմիտե՝ Կրասար բնակավայրի դպրոցի նախկին, չօգտագործվող մասնաշենքը համայնքին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով: Գույքը համայնքը նախատեսում է սեփական միջոցներով վերանորոգել և շահագործել որպես համայնքային կենտրոն, որի արդյունքում համայնքը կունենա նորոգված, անհրաժեշտ գույքով հագեցված վարչական կենտրոն, կգործի գրադարան և մշակութային միջոցառումների դահլիճ, ինչը կնպաստի բնակչության հանրային կյանքի ակտիվացմանը, սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծման նկատմամբ բնակչության հետաքրքրվածության աստիճանի բարձրացմանը։
Կառավարությունը սահմանել է Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները։













