Մամլո հաղորդագրություններ
Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
1670x1113px - 564 Կբ
1670x1113px - 469 Կբ
1670x1113px - 672 Կբ
1670x1113px - 444 Կբ
1670x1113px - 556 Կբ
1670x1113px - 565 Կբ
1670x1113px - 561 Կբ
1670x1113px - 549 Կբ
1670x1113px - 531 Կբ
1670x1113px - 432 Կբ
1670x1113px - 512 Կբ
1670x1113px - 578 Կբ
1670x1113px - 548 Կբ
6000x4000px - 5 Մբ
1670x1113px - 659 Կբ
1670x1113px - 750 Կբ
1670x1113px - 742 Կբ
ևս 14 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2027 թ. հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները ևս կընդգրկվեն Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Ըստ նախարարի՝ նրանց ապահովագրավճարի բեռը կբաշխվի հետևյալ համամասնությամբ՝ 10 800 դրամ ամսական ապահովագրավճարից 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4400 դրամը՝ գործատուն, 2000 դրամը՝ աշխատողը։
«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մենք բոլորս վճարում էինք դրոշմանիշային վճար, որը 1000 դրամից ավելի էր, 2026 թ. հունվարի 1-ից մինչև 1 մլն դրամ ստացող բոլոր աշխատողների համար այդ վճարը փոխվեց, դարձավ 1000 դրամ, և այստեղ մենք ունեինք խնայողություն, որը պլանավորել էինք քաղաքացիների այս խմբի համար։ Այն քաղաքացիների համար, որոնց աշխատավարձը 2027 թ. հունվարի 1-ից կանցնի 200 հազար դրամը և կլինի մինչև 500 հազար դրամ, պետությունը կսուբսիդավորի 6000 դրամը, ինչպես որ 2026 թ. ենք իրականացրել, իսկ մնացած 4400 դրամը կվճարի արդեն քաղաքացին»,- ասել է նախարարը։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով 2027 թ. հունվարի 1-ից աշխատող անձանց հնարավորություն կընձեռվի կամավոր հիմունքներով ապահովագրելու իրենց փոխկապակցված անձանց. «Սա նշանակում է, որ 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց ընտանիքից մեկ անդամի ևս ներառել համակարգում՝ իրենք վճարելով նրա համար, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ 2 անդամի»։
Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ օրինագծերով կարգավորվում են նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող վարորդներին ապահովագրական համակարգում ներառելու մեխանիզմները. «Համակարգում կընդգրկվեն այն տաքսի վարորդները, որոնք էլեկտրոնային հարթակներում ունեն գրանցման երկու տարվա պատմություն, և որոնց ընդհանուր շրջանառությունը 2026 թ. ընթացքում ամսական կտրվածքով ավելի է եղել նվազագույն աշխատավարձից։ Սա ուղղված է նրան, որ նախ ապահովենք կայունություն, երկրորդ՝ մեր տաքսի ծառայությունների վարորդները ևս հնարավորություն ունենան համակարգից օգտվելու»։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ հանրապետությունում կա մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող 350 հազար անձ։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը մարդկանց բարեկեցությունը բարելավելու առումով և ներկայացրել վիճակագրական տվյալներ։ Առողջության ապահովագրության համակարգի առաջին 9 ամսվա տվյալների համաձայն՝ 65+ տարիքի 26,914 թոշակառու օգտվել է 1 մլն դրամ և ավելի ծառայություններից, 500,000 դրամ+ ծառայությունից օգտվել է 62,116 կենսաթոշակառու: «Ընդհանուր առմամբ բոլոր խմբերից 97,582 մարդ օգտվել է 500,000+ արժեքով ծառայություններից: Սա ակնհայտ է դարձնում, թե ինչքան կարևոր է մարդկանց կյանքի համար այս բարեփոխումը, որ տեղի է ունեցել։ 4 մլն դրամ և ավելի ծառայությունից օգտվել է 65+ տարիքի 2021 անձ»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով համակարգի ներդրման կարևորությունը, նշել է, որ պետբյուջեից միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար 2026 թ. առաջին 9 ամիսների տվյալների համար հատկացվել է ավելի քան 117 մլրդ դրամ՝ 320 մլն դոլար։ Այդ համատեքստում՝ վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանած հարկերը վճարող քաղաքացիներին։
Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական գործունեությունը հարկման համակարգում ներառելու հարցին. «Մենք պետք է գյուղատնտեսության ոլորտում հարկային որոշակի համակարգեր ներդնենք, ընդ որում՝ ոչ այնքան ֆիսկալ, որքան սոցիալական նպատակներով»։
Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները լիարժեք ներգրավված չեն բյուջետային համակարգում և դրա հետևանքով չունեն միջին կենսաթոշակային ապահովություն, զրկված են բժշկական ապահովագրությունից և չեն օգտվում եկամտային հարկի վերադարձի որևէ ծրագրից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը։ «Ժամանակն է, որ գյուղատնտեսական գործունեությունը լիարժեք կերպով մտնի հարկային համակարգում կարգի մեջ՝ երեք հիմնական նպատակով. առաջինը նման գործունեության մեջ ներգրավված մարդկանց կենսաթոշակային ապահովությունը, երկրորդը՝ առողջության ապահովագրությունն ապահովելու, երրորդը՝ մարդկանց եկամտային հարկի վերադարձի համակարգերից օգտվելու հնարավորություն ստեղծելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել
Կառավարությունն ընդունել է «ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման և տրամադրման մերժման կարգը, լրացուցիչ վճարի դիմաց ավելի սեղմ ժամկետում ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման ժամկետը և լրացուցիչ վճարի չափը սահմանելու և ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման ընթացքում մասնավոր գործընկերոջ ներգրավման մասին» որոշում։ Որոշման նպատակն է՝ ապահովել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 18-րդ մասի կատարումը՝ սահմանելով անձը հաստատող փաստաթղթի տրամադրման և տրամադրման մերժման կարգը և դրա իրականացման իրավակարգավորումների հստակեցումը և մեխանիզմները:
Ինչպես նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. «Ուզում եմ փաստել, որ այսօր և վաղը վերջին երկու օրերն են հնամաշ ենթակառուցվածքի գործարկման։ Մենք մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսը, որ մինչ այս պահը ստացած բոլոր դիմումները կարողանանք սպասարկել և տպագրել հին նմուշի փաստաթղթեր, իսկ նոյեմբերի 1-ից կկարողանանք նոր նմուշի փաստաթղթերը տրամադրել քաղաքացիներին»։
ՆԳ նախարարը տեղեկացրել է, որ մասնավոր գործընկերոջ հետ իրականացվել են աշխատանքներ՝ Եվրոպական միության ստանդարտին համապատասխան փաստաթուղթ ունենալու համար։ «Նկարագրեմ ընթացակարգը՝ առաջին անգամ ներդրվելու է նախագրանցման ինստիտուտը, որպեսզի քաղաքացին մինչև գրասենյակ գալը կարողանա ամբողջ գործընթացն իրականացնել թվային պլատֆորմում՝ տնից կամ որևէ այլ վայրից, որտեղից իրեն հարմար կլինի։ Պետությունը՝ ի դեմս ՆԳՆ-ի, մինչև գրասենյակ մուտք թույլատրելը, բնակչության պետական ռեգիստրով կիրականացնի քաղաքացու ամբողջական ստուգումը։ Եվ պետության կողմից կանաչ լույս ստանալուց հետո միայն անձը կարող է այցելել մասնավոր գրասենյակ և ստանալ ծառայությունը»,-ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ նախագրանցման շրջանակում գրասենյակ այցելելու համար մեյլին ստանալու են QR-կոդ։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ վճարումն ամբողջովին իրականացվելու է մինչև գրասենյակ այցելությունը։ «Անկանխիկ վճարման տրամաբանության մեջ պլատֆորմով պիտի իրականացնենք վճարումներ և գանք գրասենյակ, հանձնենք միայն մատնահետք, լուսանկարվել մասնավոր գործընկերոջ գրասենյակում, և այդքանով կավարտվի մեր գործարքը»,- ասել է ՆԳ նախարարը՝ կարևորելով նաև ինքնասպասարկման մեխանիզմ ունենալու հանգամանքը՝ Kiosks սարքերից օգտվելու հնարավորություն, որը թույլ կտա երկու պրոցեսներն էլ առանց որևէ ծառայողի հետ շփման ավարտել՝ ինքնուրույն նկարվել, ինքնուրույն հանձնել մատնահետք։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նոյեմբերից ամբողջ հանրապետությունում կգործի 14 գրասենյակ, որոնցից 2-ը՝ Երևանում։ Մայրաքաղաքի գրասենյակները կգործեն մոլերում։ «Հայաստանում բիոմետրիկ անձնագիր ունեցողները սահմանը հատելու են առանց սահմանապահի հետ որևէ կոնտակտի։ Հիմա մենք արդեն աշխատում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում կամ անցակետերում կենսաչափական անձնագիր ունեցողն անձնագիրը դնի, դուրս գա։ Իսկ այլ երկրներում՝ կախված նաև մեր երկկողմ պայմանավորվածություններից, օրինակ՝ կարող ենք Ֆրանսիայի կամ ԵՄ-ի հետ պայմանավորվել, որ տվյալների փոխանակում ենք իրականացնում։ Այսինքն՝ դրսում էլ գնալ-գալիս սահմանային կետերը քաղաքացին հատում է բիոմետրիկ անձնագրով»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում այն ունի անկյունաքարային նշանակություն։
Սրանով, ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ-ում թվայնացման նոր էջ է բացվելու։
Արփինե Սարգսյանը տեղեկացրել է նաև՝ նրանք, ում անձնագիրը կամ նույնականացման քարտը դեռ վավեր է, կարող են այն օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Իսկ երբ ցանկություն ունենան ստանալու բիոմետրիկ փաստաթուղթ, պետք է հանձնեն իրենց մոտ եղած բոլոր փաստաթղթերը։
Հաստատվել է ՀՀ-ում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և դրանում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը
Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը, որոշման նպատակն է ընդլայնել ՀՀ-ում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը։ «Փորձնական ծրագիրն առաջարկվում է իրականացնել 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը՝ որոշմամբ նշված սննդամթերքի, մասնավորապես՝ հրուշակեղենի կիսապատրաստուկների և սառեցված արտադրանքի համար»,-ասել է կոմիտեի նախագահի տեղակալը՝ հավելելով, որ ծրագրի իրականացման լիազոր մարմինը ՊԵԿ-ն է։
Վրեժ Մխիթարյանը տեղեկացրել է նաև, որ ՊԵԿ-ը ծրագրի ավարտից հետո 10-օրյա ժամկետում փորձնական ծրագրի գնահատման արդյունքները ներկայացնում է վարչապետի աշխատակազմ։ «Չզեկուցվող փաթեթում ներառված էին Կառավարության ևս հինգ որոշում, որոնցով նույնպես սահմանվում են դրոշմավորման փորձնական ծրագրեր։ Դրանցում ներառված են հետևյալ ապրանքային խմբերը՝ բժշկական արտադրատեսակներ, դեղագործական արտադրանք, բժշկական պարագաներ և սարքավորումներ, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, լուսանկարչական ապարատներ, ավտոպահեստամասեր և անվադողեր, պիրոտեխնիկա, հրդեհային անվտանգության սարքավորումներ, խաղալիքներ և հեծանիվներ, բնական մորթուց հագուստ և պարագաներ։ Փորձնական ծրագրի իրականացումը հնարավորություն կտա փորձնական փուլի ընթացքում դրոշմավորման մեխանիզմների և համակարգի ֆունկցիոնալության փորձարկում և գործընթացների հղկում և այլն», -ասել է կոմիտեի նախագահի տեղակալը։
Ըստ նրա՝ համակարգային և երկարաժամկետ արդյունքները պետության համար կլինեն ստվերային տնտեսության նվազեցումը, բիզնես միջավայրի թափանցիկության բարձրացումը, լրացուցիչ հարկային եկամուտների ապահովումը, իրական ժամանակում վիճակագրական տվյալների ստացումը և ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացումը. «Բիզնեսի համար՝ ազնիվ մրցակցության ապահովումը, ստվերի կրճատման հաշվին ԵԱՏՄ տարածքում ապրանքաշրջանառության և արտահանման պարզեցումը՝ ամբողջ ԵԱՏՄ-ում միասնական դրոշմապիտակի ձևի կիրառմամբ։ Սպառողների համար՝ կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակումը, քաղաքացիների առողջության և իրավունքների պաշտպանությունը»։
Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում բացարձակապես ոչինչ չպետք է վաճառվի առանց մակնշման։ Վարչապետն այդ համատեքստում անդրադարձել է, մասնավորապես՝ բջջային հեռախոսների, կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում հսկայական ստվերին և ընդգծել, որ այս համակարգը կնպաստի ստվերի կրճատմանը։ «Իհարկե, համակարգն անթերի չէ, ներդրման գործընթացն էլ անթերի չի եղել, բայց պետք է գնանք այս ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ
Կառավարության որոշմամբ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ:
Լիլիթ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ պաշտոնը ստանձնում է մեծ սիրով, պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ։ Նա վստահեցրել է, որ ուշադրության կենտրոնում է պահելու մարզում իրականացվող բոլոր ծրագրերը։
Կապահովվի նոր տարկետման համակարգի կիրարկումը. ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի պետք է աշխատել ՀՀ-ում
Կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետով նոր տարկետման համակարգ է սահմանվել՝ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար: Նշված հիմքով տարկետում ստանալը և առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու համար սահմանված պայմանը կատարելը հիմք է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար: Առաջարկվող կարգավորման նպատակն է, որպեսզի քաղաքացին աշխատելու համար տարկետման ժամանակահատվածում զինվորական ծառայությունից ազատվելու այլ հիմք չստեղծի՝ և աշխատելու պայմանը չկատարած ազատվի զինվորական ծառայությունից:
Երեխայի լավագույն շահից բխող որդեգրման համակարգի ձևավորումը կնպաստի նաև որդեգրել ցանկացող անձանց կողմից սպասման ժամկետների կրճատմանը
Կառավարությունը սահմանել է որդեգրման ենթակա երեխաների տվյալներն օտարերկրյա կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին տրամադրելու, նրանց որդեգրելու ցանկություն հայտնած որդեգրել ցանկացող անձանց հետ աշխատանքներն իրականացնելու, տվյալները հետ կանչելու կարգը։ Ըստ այդմ՝ կարգավորվում են ՀՀ օրենսդրության համաձայն օտարերկրյա որդեգրման ենթակա ճանաչված և որպես այդպիսին հաշվառված երեխաների վերաբերյալ տվյալների փոխանցման ու օտարերկրյա որդեգրման գործընթաց իրականացնելու նպատակով համապատասխան պետությունների իրավասու մարմինների հետ աշխատելու հետ կապված իրավահարաբերությունները։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ դեռևս 2007 թ. վավերացրել է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիան, որով կարգավորվում են օտարերկրյա որդեգրման իրականացման և դրա շրջանակներում պետությունների միջև համագործակցության հետ կապված իրավահարաբերությունները։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները Կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման համար նշանակում են կենտրոնական մարմիններ։ Կոնվենցիայի 4-րդ գլխով նախատեսվում են օտարերկրյա որդեգրման ընթացակարգը և դրա շրջանակներում պետությունների կենտրոնական մարմինների միջև համագործակցության առանձնահատկությունները։ Ըստ այդմ՝ սահմանվել է օտարերկրյա որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ ապանձնավորված տվյալները փոխանցելու՝ կենտրոնական մարմնի պարտականությունը, ինչպես նաև մանրամասն սահմանվել են այն տվյալները, որոնք ենթակա են փոխանցման։ Նշված տվյալները սահմանվել են՝ հիմք ընդունելով երեխայի այն բնութագրերը, որոնք կարող են անհրաժեշտ լինել որդեգրել ցանկացող անձի հետ նախնական համադրումը, այսինքն՝ համադրման տեխնիկական փուլն իրականացնելու համար։ Սա թույլ կտա ընդունող պետությունների իրավասու մարմիններին՝ նախապես համոզվելու, որ ՀՀ-ից երեխա որդեգրելու համար դիմում են ներկայացնում միայն այն անձինք, որոնք կարող են ապահովել տվյալ պահին ՀՀ-ում որդեգրման համար հասանելի երեխաների կարիքների բավարարումը և որոնց ցանկալի չափանիշներին համապատասխանող երեխաներ տվյալ պահին որդեգրման համար հասանելի են ՀՀ-ում՝ բացառելով անհարկի լրացուցիչ դիմումների ներկայացումը։ Այս մոտեցումը կերաշխավորի ոչ միայն երեխայի լավագույն շահից բխող որդեգրման համակարգի ձևավորումը, այլ նաև որդեգրել ցանկացող անձանց կողմից սպասման ժամկետների կրճատումը։
Կապահովվի Ղարաբաղից տեղահանված անձանց և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունների շարունակականությունը
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցությունների տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Առանձին խմբերին տրամադրվող ամսական 30 000 դրամի չափով սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում որոշմամբ նախատեսվում է երկարաձգել աջակցության տրամադրումը մինչև 2027 թ. հուլիս ամիսը։ Միաժամանակ, 2027 թվականի ապրիլ ամսից նախատեսվում է աջակցության չափը նվազեցնել՝ սահմանելով ամսական 15 000 դրամ՝ նպատակ ունենալով խթանել նրանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։ Հաշվի առնելով, որ Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքների շրջանում դեռևս առկա են սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներ, նախատեսվում է շարունակել նրանց լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը՝ ապահովելով աջակցության հասանելիությունը սոցիալական և նյութական դժվարություններ ունեցող ընտանիքների համար։
Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրվող լրացուցիչ հրատապ աջակցության միջոցառման ժամկետը ևս կերկարաձգվի․ շահառուները կշարունակեն 40+10 հազար դրամ աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2026 թ․ հոկտեմբեր ամսին աջակցություն է տրամադրվել 8,600 ընտանիքի։ Ծրագրի շահառուներն են այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից․ մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ։ Ըստ հիմնավորման,Ղարաբաղից տեղահանված անձիք ՀՀ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ։
Ենթակառուցվածքային առավել բարենպաստ պայմաններ՝ մարզական դաստիարակության համար
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում 70,902.7 հազար դրամի չափով՝ Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի վերակառուցման, ինչպես նաև դպրոցին ու թաղամասին սպասարկող պուրակի, մանկական մարզադաշտի կառուցման աշխատանքների մեկնարկման նպատակով։ Որոշմամբ նախատեսվող միջծրագրային փոփոխությամբ՝ 4,198.0 հազար դրամի կուղղվի Արմավիրի մարզի Գեղակերտի Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը։ Արդյունքում՝ կապահովվեն մարզական դաստիարակության համար ենթակառուցվածքային առավել բարենպաստ պայմաններ։
Կստեղծվի ապրանքի ծագման որոշման առավել հստակ և միասնական իրավական կարգավորում
Գործադիրը սահմանել է Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը, փորձաքննության մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել միասնական, հստակ և կանխատեսելի ընթացակարգեր։ Մասնավորապես, նախատեսվում է հստակ տարանջատել ապրանքի ծագման փորձաքննության իրականացումը և ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը։ Նախատեսվում է սահմանել փորձաքննության իրականացման փուլային ընթացակարգ, որը ներառում է դիմում-հայտարարագրի ընդունումը և գրանցումը, ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունը, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների պահանջումը, փորձաքննության իրականացումը, անհրաժեշտության դեպքում՝ տեղում ուսումնասիրության անցկացումը, արդյունքների փաստաթղթավորումը և փորձաքննության ակտի տրամադրումը։ Միաժամանակ սահմանվում են նշված գործողությունների իրականացման կոնկրետ ժամկետներ՝ ապահովելով դիմողների համար գործընթացի կանխատեսելիությունը և վարչարարության արդյունավետությունը։
Բացի այդ, ներդրվում է նաև ապրանքի ծագման որոշման ռիսկահեն մոտեցում։ Նախատեսվում է նաև ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման գործընթացի թվայնացում։
Օրենսդրական նախաձեռնություն
Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Նախագծային լուծումներով առաջարկվում է որակյալ կրթության և հանրային ծառայության անցնելու համակցում, որակապես նոր մակարդակի ոստիկանության և փրկարար ծառայողների ներգրավում, մասնագիտական կայացում և մրցունակ վարձատրությամբ կարիերային առաջընթացի երաշխավորում։ Ըստ հիմնավորման՝ երիտասարդ քաղաքացիների համար ուրվագծվում է մասնագիտական որակյալ կրթություն ստանալու, մասնագիտական պատրաստվածություն ձեռք բերելու և դրա հիման վրա ներքին գործերի համակարգում ծառայողական գործունեություն մեկնարկելու ու շարունակելու կանխատեսելի և իրավական ամուր երաշխիքներով ապահովված ուղու ստեղծումը։ Պետության կողմից պետական պատվերի շրջանակում տրամադրվող կրթությունը հանդես կգա ոչ միայն որպես կրթական ծառայություն, այլև՝ որպես հետագա մասնագիտական ծառայության անցնելու և ծառայողական կարիերայի ձևավորման նախապատրաստական փուլ։ Միաժամանակ, ներդրվում է ծառայողի մասնագիտական և ծառայողական առաջխաղացման հստակ, փուլային և կանխատեսելի գործիքակազմ։ Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք նշանակվելու են ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ ՀՀ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով։ Առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ այս ուղին միջին մասնագիտական կրթության հիմքով ծառայության անցած անձին հնարավորություն է տալիս՝ օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում, հասնել ծառայողական կարիերայի ավելի բարձր մակարդակների։ Միաժամանակ, ուսման և անընդմեջ ծառայության ժամկետում պետության առջև ստանձնած իրենց պարտավորությունն ամբողջ ծավալով կատարած անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված՝ պետությանն ու հասարակությանը այլընտրանքային եղանակով երկարաժամկետ ծառայելու միջոցով։ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես՝ գրավչության բարձրացում. էապես կբարձրանա ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատության, ինչպես նաև Ոստիկանության և Փրկարար ծառայության պաշտոններում ծառայության անցնելու գրավչությունը դպրոցական շրջանավարտների և երիտասարդների շրջանում։
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել ալ «Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի բնագավառներում 2026-2030 թթ. իրականացման ծրագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձաբար խթանել և խրախուսել մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում այնպիսի գործողությունների և նախագծերի իրականացումը, որոնք նպաստում են համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Ծրագրի կնքումը հնարավորություն կընձեռի՝ զարգացնել և ամրապնդել համագործակցությունը երկու երկրների մշակութային հաստատությունների միջև, խթանել մշակութային ժառանգության պահպանությանն ու տարածմանը, իրականացնել փորձի և մշակութային ոլորտի մասնագետների փոխանակում, կազմակերպել համատեղ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ հոբելյանական համերգներ, փառատոններ, ցուցահանդեսներ, կազմակերպել սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների որակավորումը բարձրացնելու նպատակով, հայ ուսանողներին յուրաքանչյուր տարի ստանալ մինչև չորս տեղ՝ առաջին աստիճանի, երկրորդ աստիճանի կամ երկարաժամկետ մագիստրոսական կրթական ծրագրերով ուսանելու նպատակով և այլն։
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ «ՍԹԻԼԵՔՍ» ՓԲԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել ալյումինե պրոֆիլների վերամշակման՝ դռների, պատուհանների և ֆասադային կոնստրուկցիաների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել ընդհանուր շուրջ 203 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման և 416․2 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 30 աշխատատեղ՝ 627 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 32-ի՝ 610 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 416․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 43․2 մլն դրամ։
Գործադիրը հաստատել է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները։ Ըստ այդմ՝ սահմանվել են գնման գործընթացի տեխնիկական բնութագրի մշակման համար անհրաժեշտ երթուղիների սպասարկման գործընթացում ներգրավվող տրանսպորտային միջոցների չափորոշիչները։ Որոշմամբ սահմանված պահանջները նպատակ ունեն հստակեցնելու համայնքների կողմից ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները գնման գործընթացի միջոցով կազմակերպելու ընդհանուր կարգավորումներ։