Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր և հանդես եկել հայտարարություններով

24.11.2026

ևս 36 լուսանկար



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։

Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նիկուշոր Դանի համատեղ մամուլի ասուլիսը։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Կոտրոչենի նախագահական նստավայրում հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բարի գալուստ Ռումինիա։

Հայաստանը և Ռումինիան ընդհանուր նաև դիվանագիտական հարաբերությունների, բարեկամության պատմություն ունեն։ Իսկ այսօր մենք համատեղ ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որը նշանակում է՝ մենք էլ ավելի հավակնոտ ենք մեր հետագա հարաբերությունների հարցում։ Հայաստանը հատուկ դեր ունի այն երկրների շարքում, որոնց հետ Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագրեր է ստորագրել՝ հատկապես հաշվի առնելով Ռումինիայում հայկական համայնքի դերը։ Հայկական համայնք պատմություն ունեցող համայնք է և էական կարևորություն ունի մեր պատմության, երկրի սոցիալ-մշակութային կյանքում։ Թույլ տվեք մի քանի ռումինացիների անուններ տամ, ովքեր ծագումով հայեր են: Նախ և առաջ՝ Սպիրու Հարեթ, իմ կարծիքով՝ նա ամենակարևոր ռումինիայի քաղաքական գործիչներից մեկն է, Կարապետ Իբրըիլեանու, Գեորգե Ասաքի, Աննա Ասլան, Գրիգոր Զամպաքճյան, Վիրջիլ Մաջարու, գեներալ Յակոբ Զադիկ։

Այսօր մենք հետևողական քննարկում ծավալեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, որը վերաբերում էր մեր հարաբերությունների ապագային, մեր միջև ինստիտուցիոնալ համագործակցությանը։ Մենք նաև խոսեցինք գերազանց տնտեսական այն հնարավորությունների մասին, որը կա մեր երկրների համար՝ հատկապես հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերությունները։

Երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս՝ խոսեցինք կոնկրետ խնդիրների մասին, օրինակ՝ համագործակցություն ՏՏ ոլորտում։ Ինչպես նաև քննարկեցինք Հայաստանի Հանրապետության և ԵՄ հարաբերությունների սերտացման մասին, որին Ռումինիան հետևողականորեն աջակցում է։ Այս երկխոսության բոլոր փուլերում՝ Հայաստան-ԵՄ երկխոսություն, վիզաների ազատականացում, համագործակցության ամրապնդում, անվտանգային, ինստիտուցիոնալ դիմակայունության և այլ ոլորտներում՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, էներգետիկ ենթակառուցվածքներ և մյուս ոլորտներում՝ մենք աջակցում ենք։ Ինչպես գիտեք, Ռումինիան էապես ներկայացված է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության շրջանակներում։ Թույլ տվեք իմ աջակցությունը վերահաստատել ցանկացած հարցում, որ կարող եմ օգտակար լինել Հայաստանին և Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման գործընթացին։

Խոսեցինք նաև հարաբերությունների և իրավիճակի մասին տարածաշրջանում։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ մի կողմից ապահովելով անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասի տարածաշրջանում, մյուս կողմից՝ զարգացնելով և առաջ մղելով տարածաշրջանային փոխկապակցվածությունը, որը նաև բխում է Ռումինիայի շահերից, Ռումինիայի անվտանգային շահերից, որպեսզի Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ։ Ինչպես նաև տնտեսական առումով զարգացած լինի, որովհետև մեզ համար շատ կարևոր է հարաբերություններ ունենալ Կովկասի տարածաշրջանի հետ, ճիշտ, պատշաճ հարաբերություններ զարգացնել այդ տարածաշրջանի հետ, որպեսզի կարողանանք էապես խթանել մեր տնտեսական համագործակցությունը՝ հանուն երկու տարածաշրջանների բնակիչների, քաղաքացիների բարեկեցության։

Հետևաբար, սա շատ կարևոր այց է, որը հնարավորություններ է տալիս հետագա շատ կարևոր համագործակցության համար, և ես ցանկանում եմ, պարոն վարչապետ, ասել՝ շնորհակալություն»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․

«Ձերդ գերազանցություն պարո՛ն նախագահ,
Պատվիրակությունների հարգելի՛ անդամներ,
Մամուլի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր առաջին անգամ պաշտոնական այցով հյուրընկալվել Ռումինիայում և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար:

Ռումինիայի նախագահի հետ մեր այսօրվա հանդիպումն անցավ բարեկամական մթնոլորտում: Հանգամանալից քննարկումներ ունեցանք երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Ասվածի վկայությունն է քիչ առաջ ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։ Խորհրդանշական է, որ այս ձեռքբերումն արձանագրում ենք հենց այս տարի, երբ լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։ Մենք պայմանավորվել ենք ավելի սերտ քաղաքական երկխոսություն վարել և համատեղ ծրագրեր մշակել այն ոլորտներում, որտեղ մեր երկրները կարող են օգտվել միմյանց փորձից և հնարավորություններից։

Այսօր մենք հանգամանորեն անդրադարձ ենք կատարել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին՝ ընդգծելով առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը։ Վերջին ամիսներին, երբ Հայաստանը բախվել է ավանդական շուկաներ մեր արտադրանքի սահմանափակումների հետ, Ռումինիան ոչ միայն շատ կարևոր նոր հնարավորություն, այլև իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի Եվրոպական միություն: Երկուստեք կարևորել ենք գործարար համաժողովների անցկացումը, անդրադարձել ենք Հայաստան-Ռումինիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների վերաակտիվացման կարևորությանը:

Հեռանկարային ենք համարել վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, սննդի վերամշակման, դեղագործության, զբոսաշրջության ոլորտներում գործնական ծրագրերի իրագործումը:

Ռումինիայի նախագահի հետ անդրադարձ ենք կատարել նաև պաշտպանության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Քննարկել ենք նաև կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը և հետագա համագործակցության զարգացումը: Ընդգծել ենք համատեղ հետազոտությունների, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի կարևորությունը մեր երկրների միջև կապերի սերտացման տեսանկյունից։ Այդ առումով համագործակցության հնարավորություններ ենք տեսնում նաև Հայաստանում Ակադեմիական քաղաքի շրջանակում։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր: Գործընկերոջս ներկայացրել եմ նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած շրջադարձային զարգացումները։ Անդրադարձել եմ Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորություններին և այդ առումով ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարևորությանը: Կարևորելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում ավելի սերտ համագործակցության ներուժի համապարփակ իրագործումը, ինչպես նաև հաշվի առնելով եվրոպական տրանսպորտային ցանցերում Ռումինիայի ռազմավարական դիրքը և դեպի Սև ծով ունեցած ելքը՝ կարծում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ կարող է ստեղծել անվտանգ գլոբալ առևտրային երթուղի՝ Հարավային Կովկասից դեպի Կենտրոնական Եվրոպա։

Հարգելի՛ ներկաներ, մեծարգո՛ պարոն նախագահ,

Ռումինիան Հայաստանի կարևոր գործընկերն է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում, ներառյալ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում։

Գոհունակությամբ ենք արձանագրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված աննախադեպ առաջընթացը։ Ներկայացրել եմ նաև առաջիկայում այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերի հնարավորությունը։ Ակնկալում ենք, որ կարող ենք ապավինել Ռումինիայի աներկբա քաղաքական աջակցության շարունակականությանը դեպի եվրոպական ընտանիք տանող ճանապարհին:

Հարգելի' ներկաներ,

Ամփոփելով՝ ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստան-Ռումինիա արդեն ռազմավարական հարաբերությունները շարունակելու են զարգանալ դինամիկ տեմպով՝ փոխադարձ շահավետության, վստահության և համատեղ արժեքների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք խորացնել այս գործընկերությունը՝ ի շահ մեր պետությունների և ողջ տարածաշրջանի խաղաղության, կայունության և զարգացման։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռումինիայի նախագահին ցուցաբերած ջերմ հյուրընկալության, ինչպես նաև անկեղծ ու կառուցողական քննարկումների համար։

Շնորհակալություն»։

ՀՀ վարչապետը և Ռումինիայի նախագահը պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
 

← Վերադառնալ