ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին Ապրիլի 24-ը Ֆրանսիայի ազգային տոնացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու համար

09.02.2019

Մեծարգո պարոն նախագահ, սիրելի Էմանուել

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ապրիլի 24-ը Ֆրանսիայի ազգային տոնացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու Ձեր որոշման համար, ինչի մասին հայտարարեցիք Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ընթացքում:

Ընդգծելով, որ «Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է»՝ Դուք հարգանքի տուրք եք մատուցում այն բազմահազար հայերին, ովքեր նվիրվածությամբ, համառ աշխատանքով և Ֆրանսիայի զարգացմանը բերած նպաստով իրենց երախտագիտությունն են արտահայտել պատմության դժվարին պահին իրենց օգնության ձեռք մեկնած և հյուրընակած ֆրանսիացիներին: Դրանով Դուք շեշտում եք նաև մեր ժողովուրդների դավանած արժեքների ընթդհանրությունն ու բարեկամական կապերի խորությունը:

Ինչպես պատմության ընթացքում, այնպես էլ այսօր հայ ժողովուրդն առարկայորեն է զգում Ֆրանսիայի առանձնահատուկ վերաբերմունքն ու սերտ հաղորդակցությունը մեր խնդիրներին, ինչն անչափ բարձր է գնահատվում թե մեր կառավարության և թե մեր ժողովրդի կողմից:

Ֆրանսիան՝ օրենքի ուժով հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունը, ևս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց իր առաջնորդությունը համամարդկային արժեքների պաշտպանության ու տարածման, ինչպես նաև ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված ոճիրների կանխարգելման հարցում:

Վերահաստատելով Ձեզ իմ ջերմ երախտիքը՝ խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն Նախագահ, խորին հագանքիս հավաստիքը:

← Վերադառնալ