ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Տնտեսական հեղափոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են. Վարչապետը մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» համաժողովին

12.10.2019

ևս 19 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին։

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է երկրի տնտեսական ընթացիկ իրավիճակին ու ընդգծել, որ այս տարին առաջին տնտեսական ամբողջական տարին է, որում իր գլխավորած կառավարությունը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: «Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը կարևոր է և բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Իհարկե, հասկանալի է, որ այդ աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ ունենք, իրական են և կարող են դառնալ իրականություն: Դրա մասին է վկայում նոր եվրոբոնդերի թողարկման հաջողությունը, որը Հայաստանի տնտեսական միջազգային իմջի առումով կարևոր է: Կարևոր է արձանագրել, որ 2015 թվականի համեմատ ֆինանսական միջոցների հասնելիության երեք տոկոսանոց կրճատում ունեցանք, այսինքն՝ մեր երկրի համար տոկոսները բարելավվեցին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, թողարկվել է 500 մլն դոլարի եվրոբոնդեր, սակայն դրանց իրական պահանջարկը հասել է 2 մլրդ դոլարի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ռազմավարական պլանավորման առումով կարևոր է ստեղծել Հայաստանը վերափոխող մեգանախագծեր, քանի որ դրանք այսօր ֆինանսավորելու հնարավորություն կա:

«Հայաստանն այս տարին միջազգային պահուստների առումով կամփոփի պատմական ռեկորդային ցուցանիշով: Դեկտեմբերի 31-ին երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը, որը վկայում է մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում երեք եռամսյակների տվյալներով Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում: Այսինքն՝ այսքան արտարժութային միջոցներ են հայտնվել, ինչը կապված է հիմնականում զբոսաշրջային աճի հետ, և սա մեծ հնարավորություններ է բացում ՀՀ քաղաքացիների համար»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ եվրոբոնդերի թողարկման արդյունքում միջազգային տնտեսական հանրության գնահատականներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ:

«Սա չեմ ուզում ձևակերպել որպես հաջողություն, որովետև մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն, իսկ այն իրացնելը գործընկերությունն է` կառավարության և փոքր ու միջին բիզնեսի միջև: Այսօր այդ գործընկերության համար ստեղծված են բոլոր հնարավորությունները, մեզ համար չկա ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում: Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը, ու մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված: Եվ այդպես էլ պետք է զգա, որովհետև մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում չունենք սեփականության վերաբաշխման որևէ դեպք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունն այս հարցում իրեն նույնիսկ չափից ավելի զուսպ է պահում, որպեսզի հանկարծ գործարար աշխարհի շրջանում անորոշության զգացում չառաջանա: «Մենք պետք է ամուր կագնենք նրա թիկունքին, ով քարը քարի վրա է դնում, աշխատատեղ է ստեղծում, հարկ է վճարում` անկախ համակրանքներից և հակակրանքներից: Սա է տնտեսական հեղափոխության անկյունաքարային խնդիրը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով` նաև անհատական ջանքն է, որ պետք է բերի տնտեսական հեղափոխության: «Աղքատության հաղթահարման միջոցը քաջալերելն է մարդկանց, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն: Բարեգործության այն մոդելը, որ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները, շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ խանգարել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ կառավարության քաղաքականության իմաստն այն է, որպեսզի յուրաքանաչյուր քաղաքացու կարողանա այս ուղերձը հստակ հղել: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի և հեղափոխության իմաստը սա է: Նախկինում տասնյակ դեպքեր են եղել, որ մարդիկ ասել են` օրինակ, սոխ են ներկրել, թույլ չեն տվել մտցնել շուկա: Այսօր մեր երկրում այդպիսի խնդիր չկա»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրել է, որ տնտեսական հեղախոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են, ովքեր գործարար են բառի բուն իմաստով, ովքեր կարողանում են ներդնել իրենց ինտելեկտը, տաղանդը, ստեղծարար կարողությունները և ստեղծել ավելացված արժեք: Իսկ նրանց, ովքեր չունեն այդ կարողությունները, կառավարությունը պետք է աջակցի ծրագրերով, կրթության բարելավմամբ:

«Հաջողություն եմ մաղթում համաժողովի մասնակիցներին, հույս ունեմ, որ այս ստեղծագործ միջավայրում կլսենք ստեղագործ նոր մտքեր, կառնչվենք նոր գաղափարների, որոնք մեզ կօգնեն շարունակել ճանապարհը: Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած է, և դա նախ տեղի է ունենում մարդկանց մտքերում: Ինձ համար տնտեսական հեղափոխության ամենամեծ մանիֆեստը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն է, որը ցույց տվեց հեղափոխության գաղափարաբանությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ հեղափոխությունը չի ստեղծել այդ մարդկանց, այլ այդ մարդիկ են ստեղծել հեղափոխությունը, ինչն ամենակարևորն է:

«Այսօր տնտեսական թիվ մեկ գործոնը տաղանդն է, ինտելեկտը, ազնվությունը և առաքելության գիտակցումը, որովհետև եթե գրողը ստեղծում է շատ լավ և տաղանդավոր վեպ, դա ինձ համար նույնն է, երբ որևէ գործարար ստեղծում է տաղանդավոր արտադրանք, բրենդ, որը փոխում է մարդկանց, իրականությունը, հայրենիքը դեպի լավը: Եվ ուրեմն, նախ փոխենք ինքներս մեզ, մեր միջավայրը և փոխենք մեր հայրենիքը, որը պետք է դառնա մեր բոլորիս համընդհանուր երազանքների երկիրը: Ոչ թե մի քաղաքական թիմի երազանքի երկիր, այլ մեր երազանքները պետք է լցնենք մի մեծ կաթսայի մեջ, որը կեփվի և արդյունքում կդառնա մեր ազգային համընդհանուր երազանքը, որովհետև տնտեսական հեղափոխությունն ազգային երազանքների իրականացման մասին է: Դրա համար պետք է ունենանք հզոր պետություն, ոը ստեղծում է, արտահանում է և որը կարողանում է իր ուսերին կրել ազգային երազանքների բեռը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին ներկայացվել են գործարար ծրագրեր: Միջոցառումն ուղեկցվել է մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրութամբ, որին ծանոթացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվում է մարզի գործարար միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը: Համաժողովին ներկա են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրողներ: Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները: 
 

← Վերադառնալ