ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Հոկտեմբերին տեղի ունեցած տնտեսական ֆորումը նոր ճյուղ է բացել հայ-գերմանական հարաբերություններում. Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

13.02.2020

ևս 6 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետ Փաշինյանի դիմավորման և պատվիրակություններին ողջունելու արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները մինչ բանակցությունները սկսելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իր խոսքում Անգելա Մերկելը նշել է.

«Սիրով Գերմանիայում մեկ անգամ ևս ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք առիթ ունեցել ենք հանդիպելու, և այդ պահից ի վեր մեր երկու երկրների կապերն ավելի ինտենսիվ են դարձել։ Մենք այսօր խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման մասին։

Տեղյակ եք, որ Հայաստանում վարչապետով պայմանավորված շատ բան է փոխվել։ Կա խորհրդարանական ժողովրդավարություն, տեղի են ունեցել ընտրություններ, և նաև թարմացման մեծ գործընթաց է ընթանում, այդ թվում, օրինակ, դատաիրավական ոլորտում, որն իրականացվում է Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ։  Դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք Հայաստանին ցանկանում ենք հաջողություն այդ քայլերում։

Ինչպես արդեն ասացի, մեր հարաբերություններն ինտենսիվացել են։ Երբ այցելել էի Հայաստան` եղա Թումո կենտրոնում և շատ էի հիացել այդ կենտրոնով։ Մեզ մոտ Թումո կենտրոն բացելու համար ստորագրվել է համաձայնագիր, և այս տարվա աշնանը մենք կկարողանանք Բեռլինում բացել այն։

Նախորդ տարվա հոկտեմբերին մենք ունեցել ենք տնտեսական ֆորում, և այն մի նոր ճյուղ է բացել գերմանահայկական հարաբերություններում։ Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ Հայաստանն ինտենսիվ մեզ հետ համագործակցում է Աֆղանստանի խաղաղապահ առաքելությունում։

Հայաստանը Եվրոպական միության հետ է համաձայնագիր ստորագրել, միևնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, և մենք դեռ պետք է երկար աշխատանք տանենք` երկու միությունների համագործակցության համար:

Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Մենք պետք է երկար աշխատանք տանենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում առաջընթաց ունենանք:

Պարոն վարչապետը շարունակելու է իր ուղևորությունը Մյունխեն, շնորհակալ ենք և ուրախ ենք, որ այսօր այստեղ եք»:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Հարգելի տիկին կանցլեր,
ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Մեծ ուրախությամբ եմ ցանկանում արձանագրել, որ իմ պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, տիկին կանցլերի հետ մենք հանդիպում ենք արդեն երրորդ անգամ: Սա ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործնկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով։ Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ:

Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար:

Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը այն առավել ամրապնդելու և առաջ մղելու համար: Քիչ անց տիկին Մերկելի հետ հնարավորություն ենք ունենալու քննարկելու մեր համագործակցության օրակարգը:

Առանձնակի ցանկանում եմ շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին: Մենք երախտապարտ ենք Գերմանիայի և Եվրոպական Միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունը ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար:

Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների ևս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններում: Դուք գիտեք, որ 2018 թվականից Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան մեզ համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման արդյունավետ, ուժեղ պետություն լինելով, որտեղ հստակ գործում են հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները և որտեղ ժողովրդավարությունը շատ վաղուց թերևս կասկածի տակ չէ և այն անշրջելի է պատմականորեն: Այս առումով Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, և այսօր տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանի տեղի ունեցող զարգացումների, մեր բարեփոխումների օրակարգի մասին, այդ թվում` ինչպես և նախկինում խոսել ենք, ժողովրդավարությունը Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ուժեղ և անշրջելի դարձնելու մասին, և սա շատ կարևոր խոսակցություն է:

Ընդհանուր առմամբ Գերմանիայի հետ համագործակցության համատեքստում կցանկանայի առանձնացրել գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը մեր երկրում:

Մեր հանդիպման զգալի հատված նվիրելու ենք տնտեսական օրակարգին, որը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում զգալի առաջընթաց է ապրել: Այս համատեքստում կարևորում ենք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Ուրախ եմ, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը: Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան:

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո, տիկին կանցլեր, շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ:

Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը:

Տիկին կանցլերի հետ անդրադառնալու ենք նաև մշակութային, գիտակրթական համագործակցությունը: Մեզ համար կարևոր է կրթական ոլորտում Գերմանիայի առաջատար փորձի տրամադրումը: Մենք մեծապես շահագրգռված ենք Հայաստանում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ: Լիահույս ենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի:

Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։

Շնորհակալություն»:

 

← Վերադառնալ