ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Վարչապետի ելույթը՝ ԱԺ հանձնաժողովներում ՀՀ 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկումներին

29.05.2023

ևս 5 լուսանկար



Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Հարգելի ներկաներ,

Այսպիսով, մեկնարկում ենք 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննակումները:

Ես իմ ելույթում կանդրադառնամ և՛ տնտեսական, և՛ ֆինանսական, և՛ սոցիալական ցուցանիշներին, կփորձեմ նաև տեղեկություններ տալ արտաքին քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ տարածաշրջանային գործերի ընթացքի, բանակցային գործընթացի վերաբերյալ:

Այսպիսով, 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրել ենք 12.6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է: Համապատասխանաբար՝ 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ ՀՀ դրամ, որն ի սկզբանե պլանավորվածի նկատմամբ ավելի է շուրջ 82 մլրդ ՀՀ դրամով կամ 4 տոկոսով: Այսինքն, երբ 2021 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, Ազգային ժողովն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեն, եկամտային մասը պլանավորված էր 82 մլրդ ՀՀ դրամով ավելի պակաս: Այսինքն՝ հընթացս մենք նաև ճշգրտումներ ենք իրականացրել և փաստացի նախնական պլանը 82 մլրդ ՀՀ դրամով գերակատարել ենք: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս ամենով 2022 թվականի բյուջետային ցուցանիշները, 2021 թվականի նկատմամբ, հարկային եկամուտների մասով ավելի են 339 մլրդ ՀՀ դրամով կամ 21.4 տոկոսով: Այսինքն՝ նախորդ տարվա նկատմամբ բյուջետային ցուցանիշների շատ էական աճ ունենք: Իսկ 2017 թվականի նկատմամբ 2022 թվականի բյուջեի հարկային եկամուտներն ավելի են 2 մլրդ 20 մլն ՀՀ դրամով կամ 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ ՀՀ դրամով կամ 1 մլրդ 820 մլն դոլարով կամ 53 տոկոսով:

Ինչի՞ հաշվին է տեղի ունեցել բյուջետային եկամուտների այս աճը: Ըստ էության, ես կարող եմ 3 հիմնական գործոն նշել, թվարկումը, ընդ որում, ըստ կարևորության չէ, պարզապես: Առաջինը տնտեսական աճի ցուցանիշներն են, երկրորդը՝ ստվերի կրճատումը և երրորդը՝ այն բարեփոխումները, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է: Դրա համար կարող եմ բերել մի քանի օրինակներ:

Իհարկե, հարգելի գործընկերներ, շատ տվյալներ, որոնք հիմա պիտի ներկայացնեմ, արդեն իսկ նախկինում հրապարակելու առիթ ունեցել եմ տարբեր ձևաչափերով, բայց այս ձևաչափը պարտադրում է, որ բյուջեի ցուցանիշները նորից մանրամասն մենք արձանագրենք:

Տեսեք, բարեփոխումների և ստվերի կրճատման և տնտեսական աճի մի այսպիսի օրինակ. չնայած եկամտային հարկի դրույքաչափի շարունակական նվազմանը – հիշում եք, որ մենք միասին եկամտային հարկը Հայաստանի Հանրապետությունում էականորեն նվազեցրել ենք, և նվազեցումը շարունակվում է - 2021 թվականին 22 տոկոս էր, 2022 թվականին՝ 21 տոկոս: 2022 թվականին նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 63.5 մլրդ ՀՀ դրամով ավելի եկամտային հարկ (ընդհանուր առմամբ՝ 522 մլրդ ՀՀ դրամ), իսկ 2018 թվականի համեմատ, երբ գործել է եռաստիճան հարկային դրույքաչափ՝ 26-36 տոկոս, 181.2 մլրդ ՀՀ դրամով ավելի կամ 53 տոկոսով ավելի եկամտային հարկ ենք մենք հավաքագրել: Այսինքն՝ հարկերն իջեցրինք, բայց եկամտային հարկի հավաքագրումները 53 տոկոսով ավելացել են:

Այդպիսի ևս մեկ օրինակ՝ 2021-2022 թվականներին, ինչպես գիտեք, Կառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, և այս հանգամանքի բերումով 2021 թվականից Կառավարությունը մասնակցում է կոմբինատի կառավարմանը: Իհարկե, կոմբինատը միշտ էլ Հայաստանի Հանրապետության խոշոր հարկ վճարողների տասնյակում է եղել, բայց 2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է պատմական աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 մլրդ 636 մլն ՀՀ դրամ: Որպեսզի պատկերացնեք, թե սա ինչ ցուցանիշ է, ասեմ հետևյալը. 2022 թվականին վճարված հարկերը շուրջ 7 մլրդ ՀՀ դրամով ավելի է, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին ԶՊՄԿ-ի վճարած բոլոր հարկերը միասին վերցրած: Այսինքն՝ 2012 թվականին ամբողջը, 2013 թվականին ամբողջը, 2014 թվականին ամբողջը, 2015 թվականին ամբողջը, 2016 թվականին ամբողջը, 2017 թվականին ամբողջը 7 մլրդ ՀՀ դրամով ավելի պակաս է, քան միայն 2022 թվականին վճարված հարկերը: Սա, կարծում եմ, շատ խոսուն ցուցանիշ է:

Այս իմաստով շատ խոսուն են նաև 2023 թվականի ապրիլին վճարված շահութահարկի տվյալները: Ինչպես տեղյակ եք, ապրիլին շահութահարկի վճարման ժամկետն է, և վճարվում է նախորդ տարվա շահութահարկը: Այսինքն՝ ոչ թե այդ ժամանակ է վճարվում, այլ վերջին ժամկետն ապրիլին է և դրանով ավարտվում է շրջափուլը: 2023 թվականի ապրիլին, որը 2022 թվականի շահութահարկի ավարտական փուլն է, վճարվել է 160.5 մլրդ ՀՀ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է: 2022 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հարկ վճարողները վճարել են 98.4 մլրդ ՀՀ դրամ շահութահարկ: Սա 2022-ին են վճարել՝ 2021-ի շահութահարկից, իսկ 2018 թվականի ապրիլին՝ 36.7 մլրդ ՀՀ դրամ շահութահարկ:

Ասեմ, որ շահութահարկի առյուծի բաժինը հիմնականում վճարվում է ապրիլին, որովհետև մարդիկ չեն ուզում իրենց շրջանառու միջոցները վաղ հանեն շրջանառությունից և վերջին ամսում են վճարում: Ըստ այդմ՝ 2023 թվականի ապրիլ ամսվա շահութահարկի ցուցանիշը, 2022 թվականի ապրիլ ամսվա շահութահարկի ցուցանիշից, ավելի է 62.1 մլրդ ՀՀ դրամով կամ 63.1 տոկոսով, իսկ 2018 թվականի ապրիլ ամսվա շահութահարկի ցուցանիշը ավելի է 123.8 մլրդ ՀՀ դրամով կամ 337.3 տոկոսով: Այսինքն՝ սա երկու բան է նշանակում, որ մոտավորապես 330 տոկոսով մեր բիզնեսը 2022 թվականին ավելի շահույթ է ստացել և/կամ ավելի շահութահարկ է վճարել: Այս դեպքում, կարծում եմ, երկուսն էլ տեղ ունեն: Կարծում եմ, որ եթե մենք մեր տնտեսության, բիզնեսի ներկայացուցիչների հետ խոսենք, կասեն, որ իսկապես, 2022 թվականի շահույթներն աննախադեպ են, բայց, մյուս կողմից, իհարկե, ստվերի կրճատումը և նաև ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք նպաստել են այս պրոցեսին, նույնպես կարևոր են:

Քանի որ այս տարվա ապրիլի ցուցանիշներին անդրադարձա, իհարկե, այդ տվյալները փոխկապակցված են, պիտի ասեմ, որ 2023 թվականի ապրիլ ամսին, ընդհանրապես, հավաքագրվել է 296.8 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտ, որը Հայաստանի պատմության ռեկորդային ցուցանիշ է բոլոր ամիսների, այդ թվում՝ անցած տարիների ապրիլ ամիսների համեմատ: Հայաստանի Հանրապետությունում երբեք մեկ ամսվա ընթացքում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել: Օրինակ՝ 2022 թվականի ապրիլին հավաքագրել էինք 231.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2018 թվականի ապրիլին՝ 126 մլրդ ՀՀ դրամ: 2023 թվականի ապրիլ ամսվա ցուցանիշը նախորդ տարվա ապրիլից ավելի է 65.5 մլրդ ՀՀ դրամով կամ 28.3 տոկոսով, իսկ 2018 թվականի ցուցանիշի նկատմամբ՝ 170 մլրդ ՀՀ դրամով կամ 134.6 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի ապրիլին և 2023 թվականի ապրիլին հարկային եկամուտները կրկնապատիկից ավելի ավելացել են:

2023 թվականի նաև առաջին 4 ամսվա հարկային եկամուտները նույնպես շատ հետաքրքիր պատկեր են ի հայտ բերում: Այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանի Հանրապետության բյուջե ավելի շատ հարկային եկամուտ է հավաքագրվել, քան 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականներին տարվա ընթացքում: Այսինքն՝ ոչ թե բոլորը միասին վերցրած, այսինքն՝ մեր 4 ամսվա տվյալով, օրինակ, այս տարիների տարեկան բյուջեն ավելի քիչ է եղել, քան այս տարվա 4 ամսվա հարկային եկամուտները, որը, ի դեպ, համեմատելի է 2011 թվականի տարեկան բյուջեի նկատմամբ: Այս թվերն ավելի շատ պետք չի երևի մանրամասնել, բայց կարելի է պատկերացնել, որ 2000 թվականի տարեկան բյուջեի նկատմամբ շատ մեծ առավելություն ունեն այս տարվա 4 ամիսների տվյալները: Այս թվերն ինչի՞ համար եմ ասում՝ էլի ցույց տալու համար, որ բարեփոխումները, ստվերի կրճատումը, տնտեսական ակտիվությունն իրար հետ սիներգիկ էներգիա են տալիս:

Ուզում եմ նաև ընդգծել, որ էականորեն փոխվել է նաև, իմ դիտարկմամբ, խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը: Էլի որպեսզի դինամիկայի մեջ ցույց տամ՝ 2023 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: Այսինքն՝ 2018 թվականի առաջին 3 ամիսների համեմատ խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել: Սա կարևոր է, որպեսզի մենք տեսնենք, որ ոչ թե, այսպես ասած, փոքր տնտեսավարողներին ենք միայն հարկային դաշտ բերում, այլ նաև խոշորներին:

2023 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, առաջին խոշոր հարկատուներից հավաքագրվել է 91.6 տոկոսով ավելի հարկ: Սա էլ 1000 խոշոր հարկ վճարողների հետ կան ավելի խոշորները, ամենախոշորները, և նրանց պարագայում նույնպես համարյա կրկնապատկվել են նրանց վճարած հարկերը: Իսկ էլի նույն ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերի ընդհանուր գումարը կազմել է առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված ընդհանուր գումարի 55.7 տոկոսը: Այսինքն՝ 100-ը 1000-րի կեսից շատն է տվել գումարը: Սա ի՞նչով է կարևոր՝ ցույց տալու համար, որ ինչքան փոքր է հարկատուն, թեկուզ՝ խոշորների մեջ, նրա տեսակարար կշիռը հարկերի հավաքագրման առումով էականորեն թեթևանում է, իհարկե, բառիս օրինական իմաստով:

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ արձանագրել նաև, որ առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարձր աճ է գրանցվել, որովհետև ՀՆԱ 12.1 տոկոսանոց աճ ունենք: Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, սա արդեն հաշվարկված ՀՆԱ աճն է, որը 12.1 տոկոս է: Իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.1 տոկոս, որն էլի կարևոր ցուցանիշ է, իսկ գնաճը՝ 3.2 տոկոս: Մենք տեսնում ենք գնաճի որոշակի կայունացում: Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված և նախատեսված ցուցանիշներին, և մենք հույս ունենք, որ այս դինամիկան կպահպանվի:

Վերադառնալով զուտ 2022 թվականի ցուցանիշներին՝ ընդգծեմ, որ նախորդ տարի գործազրկությունը նվազել և կազմել է 13 տոկոս՝ 2021 թվականի 15.5 տոկոսի նկատմամբ, այսինքն՝ 2.5 տոկոսային կետով գործազրկությունը նվազել է 1 տարվա ընթացքում, իսկ 2018 թվականի նկատմամբ արդեն նվազել է 6 տոկոսային կետով, որովհետև 2018 թվականին գործազրկությունը եղել է 19 տոկոս: Ընդ որում՝ 2022 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 11.6 տոկոս, որը վերջին 14 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 000 գրանցված աշխատատեղ: Բայց նաև ուրախ եմ արձանագրել, որ այս թիվն այլևս ակտուալ չէ: Ինչո՞ւ, որովհետև 2023 թվականի և՛ մարտին, և՛ ապրիլին գրանցվել են աշխատատեղերի նոր ռեկորդներ, համապատասխանաբար՝ 706 294 և 710 150: Ինչո՞վ է այս ցուցանիշը նաև կարևոր, որովհետև սովորաբար աշխատատեղերի պիկերը գրանցվում են ամեն տարվա սեպտեմբերին և դեկտեմբերին: Ըստ էության, պատմության մեջ չի եղել, այսինքն՝ տարվա ընթացքում աճում են, պիկը գրանցվում է սեպտեմբերին և դեկտեմբերին: Սովորաբար հունվարից էլի մինչև սեպտեմբեր որոշակի անկում է գրանցվում, և սեպտեմբերին նորից գրանցվում է, եթե պիտի գրանցվի, նոր պիկը: Սա նոր միտում է մեր տնտեսության մեջ, որ մենք մարտին և ապրիլին ունենում ենք նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ աշխատատեղերի աճ, ինչը նախկինում երբեք չի արձանագրվել: Արձանագրվել է թերևս միայն 2022 թվականին: Այսպիսով՝ պիտի արձանագրենք, որ 2018 թվականի մայիսից ի վեր, ամենավերջին տվյալներով, Հայաստանում ստեղծվել է 162 161 աշխատատեղ, որը 2018 թվականի մայիսի ցուցանիշը գերազանցում է 29.6 տոկոսով:

2022 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 15.5 տոկոսով: Սա շատ կարևոր ցուցանիշ է գնաճի պայմաններում, որովհետև, հիշում եք, և՛ քովիդը, և՛ հետագայում 2022 թվականի հայտնի պրոցեսներն սկսվեցին, ամենամեծ մտավախություններից մեկը հենց գնաճն էր, թե ինչքանով դա սոցիալական նեգատիվ ազդեցություն կունենա: Բայց մենք տեսնում ենք, որ աշխատող մարդու համար մեր քաղաքականություններով մենք կարողացել ենք գնաճը ոչ միայն կոմպենսացնել, այլև աշխատավարձի աճ ապահովել: Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ իրական աշխատավարձն աճել է 6.3 տոկոսով: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ եթե գնաճի ազդեցությունը զրոյացնենք, դնենք մի կողմ և տեսնենք, թե ինչ է աշխատավարձի հետ տեղի ունեցել, հենց դա աշխատավարձի իրական աճն է: Այսինքն՝ բացի գնաճը, որ մարդիկ, իրենց սովորական ծախսերն անելով, 8.6 տոկոս ավելի գումար են ծախսել գնաճի բերումով, բացի սրանից, ևս 6.3 տոկոսով 2022 թվականին աշխատավարձի աճ է գրանցվել, ինչը շատ կարևոր ցուցանիշ է:

Սա նաև մեր սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է, որովհետև, գիտեք, սոցիալական քաղաքականություն ասելով՝ մենք սովորաբար ավանդույթի ուժով հասկանում ենք նպաստ, թոշակ, ինչը, իհարկե, կարևոր է, բայց կարծում եմ՝ սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչ է նաև, թե աշխատող մարդու կյանքն ինչով է բարելավվում: Եթե հիշում եք, մենք 2018 թվականին մի քաղաքականություն որդեգրեցինք, որը կարգախոսային ձևաչափով ներկայացնում ենք հետևյալ կերպ՝ «Հաղթահարենք աղքատությունը աշխատանքով»: Այսինքն՝ սոցիալական պրոբլեմների հաղթահարման մեր բանաձևն աշխատանքն է: Իհարկե, դա չի վերաբերում կամ մասամբ է վերաբերում կենսաթոշակառուներին: Իսկ, ընդհանուր առմամբ, նաև սոցիալական ոլորտում մեր քաղաքականությունները լինելու են հետևյալ կերպ, բարեփոխվելու են հետևյալ տրամաբանությամբ՝ եթե մարդն աշխատունակ է, և շուկայում կա աշխատանք, ինչո՞ւ պետք է պետությունը նրան վճարի սոցիալական նպաստ, մանավանդ մենք տեսնում ենք, իհարկե, շատ չեն այդ դեպքերը, բայց այդ դեպքերը կան, օրինակ՝ մենք Հայաստանում կարող ենք ունենալ դեպք, երբ մարդն ունի բնակարան, որն այսօրվա շուկայական արժեքով կարող է արժենալ 300 000 ԱՄՆ դոլար, 500 000 ԱՄՆ դոլար, բայց ինքը պետությունից ստանում է նպաստ: Սա որևէ տրամաբանության մեջ չի մտնում: Ենթադրենք, ես այդպիսի մի վիճակագրություն ժամանակին արել եմ և ասել եմ, օրինակ՝ Երևանի Մաշտոցի պողոտայում սեփական բնակարան ունեցող մարդ կա՞ Հայաստանի Հանրապետությունում, որ սոցիալական նպաստ է ստանում, և պարզվել է, որ կա:

Եվ սա, իհարկե, մի հարց է, որին մենք պետք է անդրադառնանք: Կամ մարդիկ կան, որոնք 26 000 ՀՀ դրամ նպաստ են ստանում կամ 30 000 ՀՀ դրամ, և ասենք՝ ամսական 400 000 ՀՀ վարկ են փակում, ամեն ամիս բանկերին վճարում են 200 000, 400 000, դեպք ունենք՝ 700 000 ՀՀ դրամ, բայց պետությանն ասում է՝ ինձ 30 000 ՀՀ դրամ աջակցություն և սոցիալական այլ աջակցություն տրամադրեք: Ես նկատի ունեմ՝ սոցիալական քաղաքականության առումով մեր պատկերացումները որոշակիորեն պետք է փոխվեն, և սոցիալական քաղաքականություն ասելով մենք պիտի նկատի չունենանք միայն թոշակները և նպաստները, չնայած թոշակներին անդրադարձ հիմա կունենանք:

Շատ կարևոր ուղղություն է, որ 2022 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց հիպոթեկային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36.5 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 31.8 մլրդ ՀՀ դրամով կամ 680 տոկոսով: Հարգելի գործընկերներ, այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որը մենք պետք է հաշվի առնենք: Մենք ամեն ամիս նաև եկամտային հարկից վերադարձներ ենք իրականացնում քաղաքացիներին՝ հիպոթեկային վարկի գծով, նաև մի քանի այլ ծախսերի գծով: Այս գումարները մենք չենք հաշվառում որպես պետական բյուջեի եկամուտ: Այսինքն՝ երբ ես ներկայացնում եմ եկամուտները, այս թիվը հանած է, այդ թիվը վերադարձնում ենք, տակն ինչ մնում է, դա ենք համարում պետական բյուջեի եկամուտ: Այսինքն՝ այն բոլոր ցուցանիշները, որ ես ասացի, բոլոր վերադարձները հանած, որոնք մնացել է Կառավարության ձեռքի տակ՝ ծախսեր իրականացնելու համար:

Ուրեմն հիպոթեկային վարկի գծով շահառուների թիվը 2022 թվականին կազմել է 29197 անձ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցել է 25176 անձով կամ 626 տոկոսով: Սա նշանակում է, որ 2018 թվականից հետո մոտ 25176 ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում: Այս ցուցանիշներն ինչո՞ւ մենք, այսպես ասած, մեկ տարվա կտրվածքով չենք նայում, որովհետև, գիտեք, բնակարանի ձեռքբերման գործընթացը երկար տարիների պրոցես է՝ կախված հիպոթեկային վարկի ժամկետներից, բայց այս դինամիկան, կարծում եմ, շատ բանի մասին է ասում: Եվ պիտի նորից արձանագրեմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55000 բնակարան՝ մեկը նախագծման փուլում է, մյուսը կառուցման փուլում է, մյուսն արդեն վերջին հարդարման աշխատանքներն են իրականացվում՝ սեփականատերերին հասցնելու համար: Սա, կարծում եմ, և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ նույնիսկ քաղաքական շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև Կառավարության զեկույցի քննարկման ժամանակ առիթ ունեցել եմ ասելու, սա նշանակում է, որ մարդիկ հավատ, լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ, այլապես այսքան միլիարդների ներդրումը բնակարանաշինության ոլորտում որևէ այլ մեկնաբանություն չունի:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունում մշտապես շատ կարևոր և զգայուն թեմա է պետական պարտքի հարցը, որովհետև դուք գիտեք, որ ժամանակ առ ժամանակ այսպես շատ մեծ ահազանգեր են հնչում, որ Հայաստանի պետական պարտքն ավելացավ, իսկ ի՞նչ է լինելու մեր վերջը: Ուզում եմ ասել, որ մենք պարտքի կառավարման ռազմավարություն ունեինք և ունենք, և Կառավարության ծրագրով նաև արձանագրել ենք, որ մինչև 2026 թվականը պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք գոհ կլինենք: Բայց, ըստ էության, այս ցուցանիշը մենք գնահատում, որ իրականացրել ենք առաջանցիկ, որովհետև 2022 թվականի արդյունքներով պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46.7 տոկոս, այսինքն՝ մենք մեր ՀՆԱ-ի 46.7 տոկոսով պարտք ունենք՝ և՛ ներքին, և՛ արտաքին. պետական պարտքի մասին է խոսքը, 2017 թվականին այդ ցուցանիշը եղել է 58.9 տոկոս:

Եվ ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ պարտքի գնահատման առումով, այո, նոմինալ պարտքը մեծացել է և, ընդ որում, մեծացել է նաև հասկանալի պատճառներով՝ անխուսափելիորեն, որովհետև, օրինակ, մենք վարկային ծրագրեր ունենք, նույն Հյուսիս-հարավ և այլն, որոնք ի սկզբանե պլանավորված է եղել իրականացնել արտաքին ռեսուրսների հաշվին: Նաև քովիդի կառավարումը շատ մեծ ռեսուրսներ է տարել Հայաստանի Հանրապետությունից, և արտաքին պարտքն այդ ժամանակ նույնպես մեծացել է, բայց հետևյալը նաև ասեմ՝ պարտք ասելով մենք նկատի ունենք վարկային բեռը: Բայց եկեք հարցին նայենք հակառակ տրամաբանությամբ՝ եթե որևէ ընտանիքի բարեկեցությունն աճում է, օրինակ, իրենք սկսում են ավելի շատ եկամուտներ ստանալ, նրանց պարտքային բեռն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում է: Այսօր սովորաբար մեծ մասամբ ավելանում է, որովհետև երբ հնարավորություններ են ավելանում, մարդիկ նախընտրում են ավելի մեծացնել իրենց բարեկեցությ,ան մակարդակը: Այս առումով, կարծում եմ, շատ կարևոր է արձանագրել նաև, որ, ըստ էության, շատ վաղուց Հայաստանի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, մենք այդ պրակտիկան հիմա էլ ունենք, մենք պարտքը ծախսում ենք միայն կապիտալ նպատակներով: Օրինակ, ընթացիկ ծախսեր իրականացնելու համար պարտք չենք վերցնում, ասենք, օրինակ, աշխատավարձ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում, թոշակ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում: Ինչո՞ւ, որովհետև, տեսեք, ընթացիկ այդ ծախսերը հետևյալն են, երբ մեկ անգամ դու այդ ծախսը ստանձնեցիր, այն արդեն հավերժ մնաց, ինքը սովորաբար ավելացման ուղղությամբ պետք է գնա, որովհետև պակասացման ուղղությամբ դա նշանակում է, որ սոցիալական իրադրությունը որոշակիորեն վատթարացնելու ճանապարհով ենք գնում:

Եվ ահա պարտքերը մի կողմ, և հիշեք, որ աշխատավարձերի բարձրացման համար մենք պարտք չենք վերցնում, այսինքն՝ միայն սեփական եկամուտներն ենք օգտագործում: Պետք է արձանագրեմ, որ 2022 թվականը եղել է աշխատավարձերի ռազմավարական աշխատավարձերի բարձրացման տարի, և ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացան գիտնականների աշխատավարձերը: Սա, իհարկե, մեր գործընկերները՝ և՛ Ֆինանսների նախարարությունը և՛ ընդհանրապես ֆինանսական ոլորտի մասնագետները կապիտալ ծախս չեն համարում՝ որպես բյուջետային տող, բայց սա կապիտալ ներդրում է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև սրանով առաջին՝ մենք խթանում ենք գիտության զարգացումը և նաև գիտության ոլորտի գրավչությունը:

Ես ուզում եմ ցուցանիշներ ներկայացնել, օրինակ՝ 2022 թվականին մենք գիտության ոլորտում, ընդ որում, բարձրացել են պետական ենթակայության բոլոր գիտական հիմնարկների բոլոր այն աշխատողների աշխատավարձերը, ովքեր անցել են ատեստավորում: Սա շատ կարևոր հանգամանք է: Մենք ընդհանրապես որոշել ենք աշխատավարձի ինքնաբերաբար բարձրացման քաղաքականությունից հրաժարվել, որովհետև երբ ամեն անգամ աշխատավարձ է բարձրանում, մենք՝ պետությունը, Կառավարությունը, պետք է հավաստիանա մասնագետի որակավորման մեջ, հակառակ դեպքում մենք կունենանք ծախսեր և չենք ունենա արդյունք: Եվ ահա գիտության ոլորտում, մասնավորապես, լաբորանտի աշխատավարձն աճել է 52 տոկոսով, ավագ լաբորանտի աշխատավարձն աճել է 45 տոկոսով, կրտսեր գիտաշխատողի աշխատավարձն աճել է 40 տոկոսով, գիտաշխատողի աշխատավարձը՝ 66 տոկոսով, ավագ գիտաշխատողի աշխատավարձը՝ 102 տոկոսով, առաջատար գիտաշխատողի աշխատավարձը՝ 119 տոկոսով, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը՝ 166 տոկոսով, գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը՝ 78 տոկոսով, գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը՝ 148 տոկոսով: Ընդ որում, ես ուզում եմ ընդգծել, որ արդեն իսկ ընդունված բյուջետային ծրագրով այս պրոցեսը շարունակվելու է մինչև 2025 թվականը, և գիտության ոլորտում աշխատավարձի նվազագույն բարձրացումը, որ մենք ունենալու ենք 2025 թվականին, լինելու է 105 տոկոս, այսինքն՝ առնվազն գիտնականների աշխատավարձը կրկնապատկվում է, իսկ առավելագույնը՝ 300 տոկոս: Ասենք, օրինակ, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը, որ այս տարի արդեն ավելացել է 166 տոկոսով, 2025 թվականին 2021-ի նկատմամբ աճը լինելու է 300 տոկոս: Կարծում եմ, որ սա 4 անգամ աշխատավարձը բարձրացնելու է:

Հաջորդ ռազմավարական ներդրումը, որը շատ էական նշանակություն ունի մեր երկրի զարգացման գործում, ուսուցիչների աշխատավարձի բարձրացումն է՝ կամավոր ատեստավորման միջոցով: Սա նույնպես ռազմավարական ուղղություն է: Ես ուզում եմ նաև մեր փորձով կիսվել. այստեղ էլ 2019 թվականին մենք բոլոր ուսուցիչների աշխատավարձը կարծեմ 10 տոկոսով բարձրացրեցինք: Բայց հետո տեսանք, որ, այո, ծախսն անում ենք, բայց արդյունքը մեզ համար տեսանելի և շոշափելի չէ: Այդ է պատճառը, որ որոշեցինք կամավոր ատեստավորման ծրագրով իրականացնել ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը, և մենք այսպես ենք ասում՝ հիմա Կառավարությունն իր քայլն արել է, և ուսուցիչներն են որոշում՝ իրենց աշխատավարձը բարձրանա, թե չբարձրանա, և եթե բարձրանա՝ ինչքանով բարձրանա:

Ուզում եմ հիշեցնել, որ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը, ըստ էության, արդեն իսկ կրկնապատկվում է, ովքեր կամավոր ատեստավորում են անցնում՝ 120 000-ի փոխարեն 200 000 ՀՀ դրամից ավելի աշխատավարձ են ստանում: Բայց հիմա ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանում կա 30 ուսուցիչ, որն ստանում է 400 000 ՀՀ դրամից ավելի աշխատավարձ: Այսինքն՝ այս մարդիկ նախկինում ստանում էին 170-180 000 ՀՀ դրամ, և նրանց աշխատավարձը կրկնապատիկից ավելացել է: 120 ուսուցիչ կա, որը 350 000 ՀՀ դրամից ավելի աշխատավարձ է ստանում, 288 ուսուցիչ կա, ով 300 000 ՀՀ դրամից ավելի աշխատավարձ է ստանում: Ընդհանուր առմամբ, 1565 կամավոր ատեստավորված և բարձր ստացող ուսուցիչներ ունենք, որոնցից 28 տոկոսն ստանում է 300 000 ՀՀ դրամից բարձր: Ինչո՞ւ են մնացած կամավոր ատեստավորվածներն ստանում ավելի ցածր՝ իրենք են այդպես որոշել, որովհետև իրենք կարող են որոշել, ի դեպ, հաջորդ փուլերում ավելի բարձր աշխատավարձ ստանալ: Իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ 1565 ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում, մեր ուսուցիչների ընդհանուր թվի 5.5 տոկոսն է, այսինքն՝ մեր ուսուցիչների 94.5 տոկոսը դեռևս ատեստավորված չէ: Բայց սա էլ է նորմալ, մարդիկ մտավախություններ ունեն, պրոցես է, որը գնում է, և մենք շարունակելու ենք ամեն տարի՝ այդ հնարավորությունը տալով:

Բայց նաև պետք է արձանագրենք, որ իքս պահից, ես չգիտեմ՝ դա որ թիվը կլինի, ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա: Ուզում եմ ասել նաև, որ այս կամավոր ատեստավորման գործընթացն էականորեն ավելացնում է մանկավարժի մասնագիտության նկատմամբ երիտասարդության հետաքրքրությունը: Որովհետև եթե նախկինում մարդը պիտի որոշեր ուսուցիչ դառնալ՝ իմանալով, որ 150-200 000 ՀՀ դրամ աշխատավարձն այն առավելագույնն է, որ ինքը կարող էր ստանալ, դա ուրիշ իրավիճակ է, հիմա գիտեն, որ 400 000 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ կարող են ստանալ, դա ուրիշ իրավիճակ է: Ընդ որում, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս պրոցեսը պետք է շարունակաբար լինի: Այս փուլն ավարտելուց հետո կորոշենք, թե 5 տարին մեկ անգամ է ուսուցիչը նորից կամավոր ատեստավորվելու և մասնագիտական որակավորումը վերահաստատելու և աշխատավարձը բարձրացնելու նպատակով, դա անպայման կանենք:

Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ նաև արտադպրոցական կրթության ոլորտում էլ ենք այս ծրագիրն այս տարվանից սկսել և արվեստի ոլորտում, օրինակ՝ դաշնամուրի և երաժշտության տեսության ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթաց նույնպես սկսել ենք: Նաև սպորտի բնագավառում՝ ազատ ոճի հունահռոմեական ըմբշամարտի, ձյուդոյի և սամբոյի մարզիչների կամավոր ատեստավորում ենք իրականացնում: Այստեղ մեր պրոբլեմը հետևյալն էր. գիտեք, որ այս հիմնարկությունները հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո են, և նրանք են վճարում աշխատավարձը: Մենք հետևյալ մոդելը որդեգրեցինք՝ մենք պարզապես հրավիրում ենք այդ ուսուցիչներին կամավոր ատեստավորման, և ատեստավորման արդյունքներից կախված՝ նրանց պարզապես ֆիքսված հավելավճար կվճարենք: Նրանք, ովքեր հանձնում են ատեստավորումը 90-100 տոկոս ցուցանիշով, ամիսը 100 000 ՀՀ դրամ լրացուցիչ աշխատավարձ կստանան, ինչո՞ւ եմ ասում լրացուցիչ, որովհետև տարբեր համայնքներում աշխատավարձերը տարբեր են, այսինքն՝ ֆիքսված չէ, և 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 000 ՀՀ դրամ մաքուր լրավճար կստանան, և 70-79 տոկոսի պարագայում՝ 60 000 ՀՀ դրամ լրավճար:

Քանի որ սպորտի ոլորտին անդրադարձանք, ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականը բացառիկ էր նաև սպորտի առումով, որովհետև Եվրոպայի և աշխարհի մեծահասակների, երիտասարդների, պատանիների առաջնություններում 19 մարզաձևերի մարզիկներ նվաճել են 307 մեդալ՝ այդ թվում 104 ոսկե, 74 արծաթե և 133 բրոնզե, որը պատմական լավագույն ցուցանիշն է, ընդ որում՝ նախորդ լավագույն ցուցանիշը, որ գրանցվել է 2019 թվականին, գերազանցել է 30 տոկոսով: Ի՞նչ կապ ունի սա պետական բյուջեի կատարման հաշվետվության հետ: Իսկ կապն ուղղակի է, որովհետև գիտեք, որ մենք նաև սպորտի ոլորտում նոր քաղաքականություն ենք որդեգրել և բոլոր այն մարզիկներին, ովքեր արդեն առաջին ցուցանիշներն են, հաջողություններն են ունենում, Կառավարությունն ուղեկցում է և նրանց տարբեր հոդվածներով տարբեր աջակցություն է ցուցաբերում: Այս տարվա ցուցանիշներն, իհարկե, բոլորս գիտենք, բոլորիս մեծ բերկրանք են պատճառել, առանց տվյալներ անհատականացնելու, հաջողություններ արձանագրած՝ բոլորիդ հայտնի մարզիկների ցուցանիշներն եմ ուզում ներկայացնել. նրանցից երկու հոգի Կառավարությունից ամսական ստանում է 1 մլն ՀՀ դրամ լրավճար, 46 մարզիկ՝ բոլորիդ հայտնի մարզիկներից, ամսական 500 000 ՀՀ դրամից մինչև 1 մլն ՀՀ դրամ լրավճար է ստանում, այսինքն՝ աջակցություն Կառավարության կողմից, 152 մարզիկ՝ ամսական 200 000 ՀՀ դրամից մինչև 500 000 ՀՀ դրամ լրավճար կամ աջակցություն, և 134 մարզիկ՝ մինչև 200 000 ՀՀ դրամ աջակցություն: Այսինքն, եթե որևէ մարզիկ, օրինակ, դառնում է պատանիների աշխարհի չեմպիոն կամ մրցանակակիր, այդ պահից Կառավարությունը բյուջեով նրանց աջակցում է, որպեսզի նրանք իսկապես կարողանան պրոֆեսիոնալ ձևով կենտրոնանալ սպորտի վրա:

Նաև ուզում եմ ասել, որ շատ էական է և 2022 թվականի ընթացքում որոշումներ են կայացվել, նախկինում էլ են որոշումներ կայացվել՝ մարզական ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ: Դուք գիտեք, որ ընթացքի մեջ են Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի կառուցումը, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի կառուցումը Երևանում, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը Գյումրիում, Արթուր Աբրահամի անվան բռնցքամարտի մարզադպրոցի կառուցումը Երևանում, Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցն է կառուցվել, որը պատրաստ է և առաջիկայում կբացվի:

Ուզում եմ ասել նաև՝ վերջերս ես հանձնարարական եմ տվել, որ Հայաստանում ամենամեծ եզդիաբնակ համայնքում՝ Ալագյազում, կառուցվի Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մարզային այցելությունների ընթացքում մենք ինչ ենք արձանագրում՝ տեսեք, օրինակ, հասկանում եմ, որ մեր օրակարգերն այնքան ծանր և բազմազան են, որ մենք պրիմիտիվ բաներ կան՝ չենք նկատում: Օրինակ, Հայաստանի արդեն խոշորացված համայնքների 70 տոկոսում լողավազան չկա, որտեղ երեխաները կարողանան լողով զբաղվել: Եվ ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մարզերում սկսենք մարզական կենտրոնների կառուցումը, որը նախատեսված լինի ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար, ֆիթնեսի և սպորտի համար: Այդպիսի արդեն կոնկրետ հանձնարարական տրված է Եղեգնաձոր խոշորացված համայնքի, Բերդ խոշորացված համայնքի վերաբերյալ, և մենք այս գործընթացն անընդհատ շարունակելու ենք:

Ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև գումար ենք հատկացրել Ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի Մարտունիում, Երևանում, Իջևանում և Արտաշատում կառուցվեն ֆուտբոլի ակադեմիաներ: Այս թեմաները, իմ ընկալմամբ, չեն վերաբերում միայն ֆիզիկական կուլտուրային և սպորտին: Սրանք ամեն ինչի մասին են. սրանք տնտեսության արդյունավետության մասին են, որովհետև, ի վերջո, աշխատուժ է ձևավորվում, և աշխատուժ կա Հայաստանի Հանրապետությունում, որի արտադրողականությունը կախված է նաև նրա ֆիզիկական վիճակից, ֆիզիկական առողջությունից: Սա նաև արտաքին անվտանգության թեմա է, որովհետև, ի վերջո, այս մարզասրահներում պարապում են, կամ եթե գոյություն չունեն այդ մարզասրահները, չեն պարապում մեր ապագա զինվորները, որոնք ժամկետային կամ պայմանագրային զինծառայության մեջ պիտի լինեն: Ընդհանրապես այդ թեմաներով շատ ընդունված չէ շատ խոսել, բայց նրանք, ովքեր թեմայի հետ առնչվում են, գաղտնի նյութ է, իհարկե, գիտեն, որ երբ մենք տեսնում ենք, թե ժամկետային զորակոչի ենթակա մեր զորակոչիկների քանի տոկոսն առողջական պրոբլեմ ունի, ուղղակի աներևակայելի է: Իհարկե, պարզ է, որ այդտեղ պետք է ենթադրել կոռուպցիայի մի ցուցանիշ կա, որտեղ ինչ-որ մարդիկ այդ թվի մեջ երևում են, բայց ընդհանուր պատկերի վրա դա ազդեցություն չունի, որովհետև իրոք մարդիկ ունեն լուրջ առողջական պրոբլեմներ: Այդ առողջական պրոբլեմները գալիս են ֆիզիկական կուլտուրայով և սպորտով չպարապելու, չզբաղվելու արդյունքում, դպրոցներում տաք սնունդ չստանալու արդյունքում: Ես ուրախ եմ արձանագրել, որ մենք հիմա արդեն, ըստ էության, համատարած մարզերի դպրոցներում իրականացնում ենք «Տաք սնունդ դպրոցականներին» ծրագիրը, բացի Երևանից, որը կրտսեր դպրոցում է իրականացվում և որը նույնպես շատ կարևոր է այս առումով:

Հարգելի գործընկերներ,

Մեր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ընթանում է, և իհարկե, հիմա լայն թափով աշխատանքներ են ընթանում: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ իրականացման աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Վերջերս այս թեմայով նրա հետ աշխատանքային քննարկում ենք ունեցել, և մենք արդեն ունենք պատկերացում և կոնկրետ պլան, թե ինչպես ենք իրագործելու այդ ծրագիրը մինչև 2026 թվականը: Իհարկե, պետք է ասեմ, որ ծրագրի հետ կապված ամեն ինչ չէ պարզ և հարթ, որովհետև, օրինակ, մենք ասել ենք՝ 300 դպրոց կառուցել, վերակառուցել, հիմնանորոգվել: Այդտեղ նրբություններ կան՝ օրինակ, նրբություն կա, որ, ենթադրենք, դպրոցն այն հատվածում, որ գործում է, հիմնանորոգված է, կահավորված է, և, օրինակ, չունի մարզասրահ, նորմալ մարզական ենթակառուցվածքներ կամ լաբորատորիաներ և այլն: Մենք անընդհատ այդ ընտրանքի առաջ ենք՝ նման դպրոցները ներառե՞նք այս 300-ի մեջ, թե՞ չներառենք:

Բայց դա տեխնիկական, կազմակերպչական հարց է: Մեր ամենամեծ մտավախություններից մեկն այն է, թե ինչքանով մասնավոր հատվածը կկարողանա այս ծրագիրն իրականացնել, որովհետև Կառավարությունը, այսպես ասած, տալիս է գաղափարը և փողը, մնացած ամբողջն իրականացնում է մասնավոր հատվածը: Մրցույթներով պետք է իրականացնենք և մտավախություններ ունենք, թե Հայաստանում աշխատող շինարարական ընկերությունները՝ հաշվի առնելով, որ նաև մասնավոր հատվածում է շատ մեծ շինարարական գործընթաց տեղի ունենում, ինչքանով կկարողանան այս ծրագիրն իրականացնել: Բայց մենք պետք է ոլորտին քաջալերենք՝ նոր ներդրումներ իրականացնելու առումով նաև, և այդ նոր ներդրումներն իրականացնելը խթանում ենք նաև արտադրողականության բարձրացմանն ուղղված մեր ծրագրերով՝ մասնավորապես, լիզինգի մեր հայտնի ծրագրով, որը հետևյալի մասին է. եթե ընկերությունները, օրինակ, այդ թվում շինարարական տեխնիկա են առնում կամ տարբեր սարքավորումներ, պետությունը զրոյացնում է նրանց տոկոսադրույքը, այսինքն՝ բանկից վարկ են վերցնում, ձեռք են բերում շինտեխնիկա, արտադրական, արդյունաբերական տեխնիկա, որը պայման կա, որ պարտադիր պետք է լինի նոր, բացարձակ չօգտագործված: Ահա այդ պայմաններում Կառավարությունը բանկային տոկոսը զրոյացնում է՝ տոկոսը վճարում է Կառավարությունը, մայր գումարը վճարում է արդեն համապատասխան ընկերությունը:

Հարգելի գործընկերներ, նաև արձանագրեմ, որ 2022 թվականի ընթացքում էականորեն աճել են նաև կապիտալ ծախսերը. 2022 թվականին կապիտալ ծախսերը, 2017 թվականի համեմատ, ավելի են եղել 150 մլրդ ՀՀ դրամով կամ 163 տոկոսով, այսինքն՝ մենք 2017 թվականի համեմատ շուրջ 3 անգամ ավելի կապիտալ ծախսեր ենք արել: Ի՞նչ է կապիտալ ծախսը՝ կապիտալ ծախսը ճանապարհներ են, օրինակ, և 2022 թվականին մենք ավելի քան 500 կմ ճանապարհ ենք հիմնանորոգել կամ միջին նորոգման ենթարկել: Դրանք դպրոցներ են, ոռոգման ենթակառուցվածքներ, բժշկական կենտրոններ, ինչպես «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի դեպքում, նաև առողջապահության ոլորտում 50 բժշկական հաստատություն կառուցելու ծրագիր ունենք, և այն ընթացքի մեջ է:

Նաև ուզում եմ հետևյալն ասել, որը շատ կարևոր ցուցանիշ է. ընդհանուր առմամբ՝ և՛ սուբվենցիոն, և՛ ոչ սուբվենցիոն ծրագրերով մենք 2022 թվականին 145 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ շուրջ 335 մլն ԱՄն դոլար ներդրում ենք կատարել Հայաստանի Հանրապետության մարզերում: Մեկ տարվա ընթացքում: Սա շատ կարևոր է տարածքային համաչափ զարգացման տեսակետից, իսկ 2018-2022 թվականները մարզերում Կառավարությունը ներդրել է 561 մլրդ ՀՀ դրամ կամ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար: Սա չափազանց կարևոր ցուցանիշ է, որպեսզի մենք տարածքային համաչափ զարգացումն ապահովենք: Ընդ որում, կարծում եմ՝ պատեհ է, որ այդ ցուցանիշները հրապարակենք: Իհարկե, որոշակի անհամաչափություն կա, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ էական է: Օրինակ, մարզերից մենք ամենամեծ ներդրումներն արել ենք Սյունիքի մարզում.՝ 2018 թվականից մինչև հիմա 103 մլրդ 590 մլն ՀՀ դրամի ներդրումներ ենք արել: Ինչի՞ մասին են այդ ներդրումները. դրանք ճանապարհներ են, դպրոցներ են, մանկապարտեզներ են, ոռոգման ենթակառուցվածքներ են և այդպես շարունակ: Հաջորդը Արարատի մարզն է՝ 76 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ ենք արել, Լոռվա մարզում 71 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ ենք իրականացրել, Արմավիրի մարզում 29 մլրդ ՀՀ դրամ, հիշեք, որ Արմավիրի մարզը, ճիշտ է, բնակչությամբ ամենամեծ մարզն է, բայց տարածքով ամենափոքրն է, Գեղարքունիքի մարզում՝ 65 մլրդ ՀՀ դրամ, Կոտայքի մարզում՝ 35 մլրդ ՀՀ դրամ, Շիրակի մարզում՝ 51 մլրդ ՀՀ դրամ, Վայոց ձորում՝ 32 մլրդ ՀՀ դրամ, Վայոց ձորն էլ ամենաքիչ բնակչությամբ մարզն է, եթե չեմ սխալվում, Տավուշի մարզում՝ 29 մլրդ ՀՀ դրամ:

Բայց նաև կարևոր է արձանագրել, որ մենք, մարզերի հետ աշխատելով, կապիտալ ներդրումներով, մայրաքաղաքի մասին նույնպես չենք մոռացել, և 2018-2022 թվականները իրականացրել ենք 78 մլրդ 647 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում Երևան մայրաքաղաքում: Եվ շատ ուրախ եմ, որ նաև այդ ներդրումն էականորեն տեսանելի է՝ լօրինակ, նոր տրանսպորտային միջոցները, որոնք մայրաքաղաքում մեր քաղաքացիներին ամեն օր սպասարկում են՝ ավտոբուսներ, ճանապարհներ, լուսավորություն և այսպես շարունակ:

Հարգելի գործընկերներ,

Շարունակելով աշխատավարձերի բարձրացման թեման. ըստ էության, ճիշտ է, հիմա պետք է դա գործնականում իրագործվի, բայց նաև որոշումները կայացվել են 2022 թվականին, և զինվորականների աշխատավարձի բարձրացման գործընթացն է սկսվում՝ էլի կամավոր ատեստավորման բերումով: Մեր առաջարկած սկզբունքը հետևյալն է՝ աշխատավարձն առնվազն պետք է կրկնապատկվի: Բայց, այնուամենայնիվ, այս ծրագիրը, նաև մեր զինվորականների հետ խոսելով, մենք որոշակի բարեփոխումներ իրականացրեցինք, փոփոխությունների ենթարկեցինք: Այն ժամանակ մեկ սանդղակ էինք դրել, ասում էինք՝ ով այս սանդղակն անցնում է կամավոր ատեստավորմամբ, ընդ որում՝ մարտական պատրաստությամբ, տակտիկական և այլն, այսինքն՝ դա ծրագիր է, այդ ծրագրով անցնում է, աշխատավարձը կրկնապատկվում է առնվազն, և կամ անցնում է, կամ չի անցնում: Մեր հարգելի զինվորականները մտավախություն հայտնեցին, որ չհաղթահարողների տոկոսը կարող է մեծ լինել, և դա որոշակի ֆրուստրացիայի էֆեկտ կարող է ունենալ: Մենք որոշեցինք եռաստիճան համակարգ ունենալ՝ մի դեպքում աշխատավարձը կբարձրանա, կկրկնապատկվի, եթե ատեստավորումն անցնում են 70 տոկոս ցուցանիշով, համապատասխանաբար նրանց աշխատավարձը կավելանա մոտավորապես 50-70 տոկոսով, և եթե բավարար գնահատական է, էլի կավելանա, բայց ավելի համեստ չափով: Բայց հաջորդ փուլում իրենք կարող են ավելի լավ ցուցանիշ ունենալ, և աշխատավարձը կբարձրանա:

Նաև, քանի որ շատ քննարկվում է դա, ուզում եմ ասել, որ առնվազն առաջիկա մի քանի տարիներին կամավոր ատեստավորում չանցածները պարզապես կշարունակեն ծառայել նախկինում ունեցած աշխատավարձով, և նրանց ծառայության պայմանագիրն այդ փաստի բերումով չի խզվի: Բայց հետագայում մենք միջնաժամկետում պիտի արձանագրենք, որ միայն ահա այդ որակական չափանիշներին համապատասխանող զինվորականները պետք է ծառայեն մեր Զինված ուժերում, մեր բանակում: Մոտավորապես նույն գործընթացը տեղի կունենա նաև Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, Պետական պահպանության ծառայությունում, այսինքն՝ մեր ուժային կառույցներում այս հարցը, ըստ էության, էականորեն կլուծենք:

Հարգելի գործընկերներ,

Մեկնարկել է և ընթանում է բանակի բարեփոխումների գործընթացը, որը, համոզված եմ, սերտորեն քննարկվում է նաև խորհրդարանական գործընկերների հետ: Ոստիկանության բարեփոխումները, կարծում եմ, տեսանելի են բոլորին. այս տարի մենք կավարտենք Պարեկային ոստիկանության ներդրման ամբողջական աշխատանքը: Հույս ունեմ՝ այս տարի լիարժեք կավարտենք նաև Սևանում առափնյա ծառայության, կամ, ինչպես ասում ենք, Ջրային ոստիկանության, պարեկության աշխատանքները: Եվ, իհարկե, գիտեք, որ ձևավորվեց Ներքին գործերի նախարարություն, որի կազմի մեջ են և՛ Փրկարար ծառայությունը, և՛ Ոստիկանությունը: Իմիջիայլոց, ասեմ, որ կամավոր ատեստավորման այս գործընթացը կմեկնարկենք նաև Փրկարար ծառայության համար, Քրեակատարողական ծառայության համար, որպեսզի ամբողջ ուժային համակարգում սպայական ծառայության պարագայում աշխատավարձերի առնվազն կրկնապատկում արձանագրենք: Էլի եմ ասում՝ այդ գրադացիաները հաշվի առնելով: Մեր տրամադրությունն ի սկզբանե սա էր՝ կամ աշխատավարձը կրկնապատկվում է, կամ կամավոր ատեստավորման արդյունքներով չի բարձրանում: Բայց հիմա նաև երկու նոր սանդղակ ավելացրեցինք, որպեսզի այդ բարձրացումները, մոտիվացիոն համակարգը կարողանանք ավելի ուժեղացնել, և ես կարծում եմ, որ սա կարևոր գործընթաց է:

Իհարկե, եթե սպայական ծառայության մեջ նկատի ունենանք նաև քննչական, դատախազական հատվածը, գիտեք, որ արդեն իսկ դատախազության համակարգի աշխպատավարձերն էականորեն բարձրացել են, Քննչական կոմիտեում աշխատավարձերն էականորեն բարձրանում են, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատավարձերը հիմնադրման օրից բարձր են: Իմիջիայլոց, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվում էր, այն ժամանակ շատ էր քննադատությունը, ասում էին՝ այսպես ասած, արտոնյալների խավ եք ստեղծում քննչական հատվածում: Բայց մենք ի՞նչ էինք ասում՝ ասում էինք, ընդհակառակը, մենք հիմա այս քայլն անում ենք, որպեսզի ինքներս մեր առաջ մոտիվացիա ստեղծենք, որպեսզի մյուսների աշխատավարձերն էլ առնվազն համեմատելի լինեն Հակակոռուպցիոն կոմիտեի հետ, և այս գործընթացն ուժի մեջ է: Նաև ավելանում են՝ ավելացել են և շարունակվում է դատավորների աշխատավարձի ավելացումը: Սա նույնպես շատ կարևոր է:

Ես ուզում եմ սրան անդրադառնալ հետևյալ իմաստով՝ ինչո՞ւ ենք մենք այս ոլորտի աշխատավարձերը բարձրացնում, որովհետև համոզված եմ, որ այն տնտեսական ցուցանիշները, որ մենք ունենք, նաև իրավակարգի հետ են պայմանավորված: Ես մեր տնետսական բլոկի գործընկերների հետ քննարկում եմ, ցավոք, մենք մեթոդաբանություն չունենք՝ հաշվարկելու համար, օրինակ, անկախ դատական համակարգը, արդյունավետ իրավապահ համակարգը տնտեսական աճին ի՞նչ նպաստում են ունենում: Մենք մեթոդը չունենք: Բայց ես համոզված եմ միանշանակ, որ, օրինակ, եթե ներդրողը գիտի, որ Հայաստանում կա դատական համակարգ, որտեղ իր իրավունքն ինքը կկարողանա պաշտպանել՝ նույնիսկ կառավարության հետ կոնֆլիկտի պարագայում, ներդրումն իրականացնելու հավանականությունը շատ մեծանում է: Եվ շատ ուրախ եմ՝ արձանագրել, որ մենք առաջիկայում նաև շատ ուժեղ արբիտրաժային դատարան ենք ստեղծելու, որը ներդրումային միջավայրի համար շատ էական և կարևոր նշանակություն ունի: Ինչո՞վ է դա ներդրումներին նպաստելու: Հետևյալով՝ ներդրողը կարող է որոշակի պայմաններում հայտնվել, ասել՝ ես ուզում եմ, որ իմ ներդրման հետ կապված վեճերը քննվեն, օրինակ, անգլիական իրավունքով: Մենք նման հնարավորություն ստեղծում ենք արբիտրաժային դատարանում, ինչը, ըստ էության, եթե չասենք աննախադեպ, բայց ինստիտուցիոնալ առումով շատ կարևոր ցուցանիշ է: Օրինակ, շատ ներդրողներ վերջին տարիներին, երբ ներդրումների համար դիմել են, և ասել են՝ իսկ, օրինակ, վեճերի դեպքում մենք կարո՞ղ ենք ոչ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ վեճերը կարգավորել, և մենք այդ մեխանիզմը չենք ունեցել: Բայց էլի եմ ասում՝ սա հանկարծ չընկալվի, թե Հայաստանի Հանրապետությունն իր սուվերենությունը որևէ ձևով զիջել է: Սա աշխարհում ընդունված է, այն երկրներում, որոնք համարվում են ներդրումային առումով գրավիչ և ներդրումային դրախտ, բոլոր այդ երկրներում այս մեխանիզմը կա, բոլոր, առանց բացառության, և սա համարվում է ներդրումային ժամանակակից միջավայրի կարևորագույն կոմպոնենտ:

Հարգելի գործընկերներ,

Ես փորձեմ մնացած հատվածում ավելի արագ ներկայացնել: Ուզում եմ սոցիալական՝ կենսաթոշակների խնդրին անդրադառնալ: 2022 թվականի ընթացքում կայացրած որոշումների արդյունքում կենսաթոշակները 2 անգամ բարձրացել են՝ հունվարին և սեպտեմբերին, և միջին կենսաթոշակը դարձել է 46 200 ՀՀ դրամ՝ 43 500 ՀՀ դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ 31 600 ՀՀ դրամ՝ 26 500 ՀՀ դրամի փոխարեն: Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը դարձել է 31 600 ՀՀ դրամ՝ 26 500 ՀՀ դրամի փոխարեն: Բարձրացումների շնորհիվ աճել է նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի արժեքի հարաբերակցությունը՝ կազմելով 76 տոկոս՝ 2018 թվականի 66 տոկոսի փոխարեն:

Ես ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի հուլիսի 1-ից մենք կունենանք կենսաթոշակի ևս մեկ ավելացում Հայաստանի Հանրապետությունում: Նաև այս առումով պակաս կարևոր չեմ համարում թոշակառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը: Սա այն ծրագիրն է, երբ կենսաթոշակառուներն անկանխիկ են առևտուրն իրականացնում բանկային քարտով և որոշակի տոկոս հետվճար են ստանում: Ուզում եմ ասել, որ ապրիլի դրությամբ մեկ քաղաքացուն տրվող հետվճարը միջինում եղել է 3140 ՀՀ դրամ: Մոտավորապես այդքանով էլ միջինում թոշակը բարձրացրել ենք, հիմա մոտավորապես այդքան էլ կբարձրացնենք, դրա արդյունքում մի քիչ էլ կբարձրանա հետվճարը, և արդյունքում մենք կունենանք թոշակի բավական շոշափելի բարձրացում:

Մեր քաղաքականությունն այս առումով, իհարկե, շարունակվելու է: Իհարկե, թոշակների բարձրացման չափը մեզ, բնականաբար, չի բավարարում, բայց երբ ընթացիկ և կապիտալ ծախսերի մասին ենք խոսում, պետք է արձանագրենք, որ թոշակառուներն այսօր մեր երկրի ամենամեծ սոցիալական շերտերից մեկն են: 560 000 կարգի թոշակառու մենք ունենք, և Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ այդքան բարձրացումներից հետո աշխատում է ընդամենը 710 000 մարդ: Այսինքն՝ սա շատ կարևոր է, այս հարաբերակցությունը մենք պետք է հասկանանք, որովհետև այս աշխատող 710 000-ի ստեղծած արդյունքից է կախված, թե ինչքան թոշակ են ստանում թոշակառուները: Էլ չեմ ասում՝ մոտ 90 000 ընտանիք էլ նպաստառու է: Այդ 90 000 ընտանիքում կան մարդիկ ակնհայտորեն, ովքեր աշխատունակ են, բայց գուցե նաև մեր սխալ քաղաքականությունների հետևանքով չեն աշխատում կամ չեն ուզում աշխատել: Ասեմ, որ տարբեր մարզային այցելությունների ժամանակ, նաև շինհրապարակներում լինելով, կամ տարբեր ընկերությունների հետ շփվելով, այսօր հստակ Հայաստանում աշխատուժի պակաս կա: Սա պետք է մենք արձանագրենք, և հարգելի գործընկերներ, նաև խորհրդարանի աջակցությունն եմ ակնկալում՝ մեր սոցիալական քաղաքականությունների բարեփոխումների ճանապարհին, որպեսզի կարողանանք հնարավորինս արդար սոցիալական համակարգ ունենալ երկրում, որովհետև, կարծում եմ, որ մեր նպատակը և նպատակակետը՝ և՛ մարտավարական, և՛ ռազմավարական, պետք է լինի հետևյալը, որ քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է լավ ապրի, և նրա բարեկեցության մակարդակը պետք է շարունակաբար բարձրանա: Սրա միակ ճանապարհն աշխատանքն է:

2022 թվականի հիշարժան տվյալներից ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք 2022 թվականի մայիսին արբանյակ արձակեցինք տիեզերք: Սա շատ կարևոր, սիմվոլիկ և պատմական իրադարձություն է: Այժմ աշխատում ենք, որպեսզի այդ արբանյակների կառավարման ամբողջական ենթակառուցվածքները տեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն: Այդ գործընթացը, եթե ես ճիշտ եմ հասկանում, իրականանում է ըստ նախատեսվածի՝ փոքր ձգձգումներ կարող են լինել, բայց մեծ հաշվով ամեն ինչ ըստ պլանի է տեղի ունենում:

Նաև ուզում եմ ընդգծել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման փաստը, որը նույնպես կարևորագույն իստիտուցիոնալ բարեփոխում է: Այսօր ցանկացած սպառող կարող է էլեկտրաէներգիա գնել ցանկացած արտադրողից: Նախկինում այդպես չէր՝ էլեկտրաէներգիա հնարավոր էր գնել միայն ՀԷՑ-ից՝ ֆիքսված գնով և ուրիշ ոչ մի կերպ: Հիմա արտադրողները կարող են գնալ և հիդրոէլեկտրակայանի հետ պայմանավորվել էլեկտրաէներգիայի մատակարարում և՛ գին, և՛ երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն: Սա շատ կարևոր է: Նաև ինքնավար կայաններն են շատ մեծ տեմպերով աճում, դրանք մասնավոր հատվածում իրականացվող ներդրումներն են: Սա նույնպես շատ կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում է:

Մեր տնտեսության ամենամեծ խնդիրը մենք ունենք գյուղատնտեսության մեջ, որովհետև 2022 թվականին 0.7 տոկոսի անկում ենք արձանագրել գյուղատնտեսության ոլորտում: Ես ուզում եմ հետևյալն ասել՝ գյուղատնտեսության անկումը կանգնեցնելու և զարգացման հարթակ դուրս գալու մեկ տարբերակ ունենք. պետք է ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգանա: Հիմա ավանդական գյուղատնտեսությունը, էլի ուզում եմ ասել, ապագա չունի, որովհետև առուներով, փոքր գետերով այգիներ ոռոգելու հեռանկարն այլևս սահմանափակ է, որովհետև գլոբալ ջերմացման պայմաններում ջուր նախկինի չափով չի լինելու: Հետևաբար, պետք է անցնել ինտենսիվ այգեգործության, երբ կաթիլային ոռոգման ճանապարհով, անձրևացման և այլ ճանապարհով, նույն ջրաքանակով մենք պետք է ոռոգենք 10 անգամ ավելի շատ տարածություններ: Ուզում եմ նաև անասնապահության կուլտուրային անդրադառնալ այդ առումով: Իհարկե, հիմա շատ են խոսում կաթի գնի հետ կապված, բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ նույն խելացի անասնագոմերում ժամանակակից ձևերով արտադրված կաթը մթերման հետ կապված մեծ պրոբլեմներ չունի, որովհետև, ի վերջո, գինը կապված է նաև կաթի որակի հետ, որովհետև կան միջազգայնորեն ընդունված ստանդարտներ, որ կաթը պետք է գործարան հասնի, օրինակ, +4 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, և պետք է կաթը կթվելու ընթացքում մարդու հետ որևէ կոնտակտ չունենա, այսինքն՝ գործիքներով են իրականացնում:

Մենք բոլոր այս ուղղություններով զարգացման մոտ 13 ծրագիր ունենք գյուղատնտեսության ոլորտում: Բայց նաև պետք է լավ լուր ասեմ. հիշում եք, որ նախընտրական ծրագրով մենք պարտավորվել էինք, որ տարեկան 1000 հա ինտենսիվ այգի հիմնադրենք Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ աջակցենք: 2022 թվականի արդյունքներով 2450 հա ինտենսիվ այգի տնկելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել, և այս տարվա ընթացքում այդ այգիները կստեղծվեն: Գյուղատնտեսության հեռանկարը սա է: Հին ծառով, հին դաշտով, հին ոռոգումով մենք ստանալու ենք ավելի ու ավելի քիչ բերք: Սա եկեք արձանագրենք, որովհետև ջուրը չի հերիքելու, որակն այն չի լինելու, ինքնարժեքն է ավելի բարձր լինելու, քան հնարավոր շահութաբերությունը: Նաև պատգամավոր մեր գործընկերների աջակցությունն եմ ակնկալում, որպեսզի այս մասին բավարար չափով մեր քաղաքացիների հետ զրույց ունենանք:

Հարգելի գործընկերներ,

Ուզում եմ անդրադառնալ նաև մեր տարածաշրջանային իրադրությանը: Գիտեք, որ 2022 թվականն ընդգծվեց սեպտեմբերյան ագրեսիայով Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Պիտի ասեմ, որ ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավական լարված: Ընդ որում, դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, դա կապված է նաև գլոբալ տեղի ունեցող պրոցեսների հետ, Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերություններում տեղի ունեցողի հետ: Հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի Իսլամական Հանրապետության և Աֆղանստանի սաhմանին տեղի ունեցող իրադարձություններից և այդպես շարունակ: Մեր խնդիրը հետևյալն է. գիտեք, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ և խաղաղության ռազմավարություն և անում ենք հնարավորը՝ այդ օրակարգը կյանքի կոչելու համար:

Դուք տեղյակ եք, որ ընդամենը նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձևաչափով բանակցային հերթական փուլը: Ես ձեզ պիտի տեղեկացնեմ, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը: Այս թեման մենք քննարկել ենք և Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, և ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են: Պիտի արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է: Ես նաև հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել, ըստ էության, ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը, իհարկե, բավական մտահոգիչ է: Մենք շարունակելու ենք մեր քննարկումները, այդ թվում ռուսաստանցի մեր գործընկերների հետ՝ այս իրադրության կարգավորման ուղղությամբ:

Նաև ուզում եմ ասել, որ մոսկովյան քննարկումների թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն էր, և մենք ասել ենք, որ մենք, ինչպես նախկինում, պատրաստ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը: Մենք պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության և նաև Ադրբեջանին է վերաբերում մեր ասածը՝ խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ընդգծված կոմունիկացիաների մասին է: Մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների վերաբացմանը՝ երկրների սուվերենության և իրավազորության ներքո: Մենք այս ընդգծումն արել ենք: Մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա: Բայց նաև ուզում եմ ասել, որ մենք տրամադրված ենք և շահագրգիռ ենք իրականում, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն: Ընդ որում, այստեղ էլ իմ ասած սկզբունքի շրջանակում մենք բավական մեծ ճկունություն ենք ցուցաբերում: Իմ ասած սկզբունքը տարածաշրջանի երկրների սուվերենության և իրավազորության ներքո կոմունիկացիաների բացման մասին է: Ես կարծում եմ, որ մենք այդտեղ բավական ճկուն և կառուցողական դիրքորոշում ունենք և պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը: Եվ համոզված եմ, որ երբ դա տեղի ունենա, ևս մեկ լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական զարգացման համար: Էլի եմ ասում, ցավոք, այդ հարցի լուծումը միայն մեզնից չէ կախված, այսինքն՝ եթե միայն մեզնից կախված լիներ, վաղուց լուծված կլիներ:

Բրյուսելյան բանակցությունների մասին, ըստ էության, հրապարակային տեղեկացրել եմ: Տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը, և այդ մասին հայտարարել է Եվրամիությունը, պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29800 քառակուսի կիլոմետր և 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունները: Սրա մասին, կարծում եմ, վերջին շրջանում հրապարակային բավականաչափ խոսել եմ։ Պետք է նաև ընդգծեմ, որ, անկեղծ ասած, առնվազն հասկանալի չեն այս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Կարծում եմ՝ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Եվ, կարծում եմ, պարոն Միրզոյան, մենք իսկապես մեր գործընկերներից պետք է այս հարցի պատասխանը ստանանք, որովհետև եթե դա նշանակում է հրաժարում, այսինքն՝ տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն անել։ Կարծում եմ՝ այստեղ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք։

Գիտեք նաև, որ առաջիկայում տեղի է ունենալու Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հնգակողմ հանդիպում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ և նաև իմ և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Այդտեղ քննարկում կար, թե արդյոք հնարավոր է, որ հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր ստորագրվի, ես ասեմ, որ մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցված առաջարկությունների վերաբերյալ։ Այսինքն՝ դա արդեն 4-րդ խմբագրումն է խաղաղության պայմանագրի, և մեր չորրորդ խմբագրումը մենք փոխանցել ենք ադրբեջանական կողմին և այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել։

Հարգելի գործընկերներ,

Արտաքին քաղաքական հատվածով ուզում եմ տեղեկացնել նաև և տեղյակ եք, որ Ռեյկյավիկում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի երկրների գագաթնաժողովը, որին ես մասնակցեցի, նաև Եվրոպայի խորհրդի մի շարք երկրների ղեկավարներ էին մասնակցում։ Ի՞նչ կարող եմ ասել այդ հանդիպման վերաբերյալ: Կարող եմ ասել հետևյալը, որ միջազգային հանրությունը, ըստ էության, ճանաչում է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները և ընդգծում է համոզվածությունը Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրվածության նկատմամբ ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է մեր արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների տրամաբանության մեջ, բայց նաև մեր գործնական խնդիրն է՝ ինչպես այս գործոնը, այսպես ասած, տրանսֆորմացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցության ավելի բարձր աստիճանի, անվտանգության ավելի բարձր աստիճանի և ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, բարեկեցության և երջանկության իրականացման գործիքի։

Նաև մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ բնականոն կերպով զարգանում են: Մենք շատ սերտ փոխգործակցության մեջ ենք, ինչը չի նշանակում, որ ամբողջ պոտենցիալն իրագործված է, մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, արդեն ընտրական փուլն ավարտվեց, և մենք կկարողանանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով շարունակել: Սա նույնպես մեր օրակարգի կարևորագույն հարցերից է։

Մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, Եվրամիության, Միացյալ Նահանգների, Հնդկաստանի և մյուս գործընկերների հետ, կարծում եմ, նույնպես բնականոն կերպով զարգանում են։ Բայց, իհարկե, մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք ոչ սովորական ժամանակներում՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային առումով։

Մեզ համար՝ սկսած ներկաներից վերջացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով, ամենակարևոր խնդիրն արտաքին և անվտանգային առումով անորոշություններն են, և սա պետք է խոստովանել։ Բայց այսօր ավելի ցավով պետք է ընդգծել, որ աշխարհում կամ քիչ կան, կամ չկան երկրներ, ովքեր այդ անորոշության զգացումով չեն ապրում՝ իհարկե ավելի մեծ կամ ավելի փոքր չափով, բայց անորոշությունը այսօր միջազգային քաղաքականության թիվ մեկ ձևակերպիչն է և բնորոշումը։ Որովհետև եթե նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրների առաջնորդներին կամ վերնախավերին հարցնեք՝ իսկ ինչպիսին է լինելու աշխարհը ձեր կարծիքով 1, 2 կամ 5 ամիս հետո, նրանցից կլսեք բավական անորոշ պատասխաններ։ Ուզում եմ հավաստիացնել, որ ես առիթ ունեցել եմ այդ հարցը տալու մեր գործընկերներին և համոզվել եմ նաև այս թեզի ճշմարտացիության մեջ։

Մենք պետք է մեր քաղաքականությունները կառուցենք այս տրամաբանությամբ, որ, ցավոք, աշխարհը շատ արագ տեմպերով փոփոխվում է, և պիտի էլի ցավով արձանագրեմ, որ աշխարհի փոփոխությունն սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 44-օրյա պատերազմից։ Մեզ հետ տեղի ունեցածը, մեր շուրջ տեղի ունեցածը և ունեցողը չենք կարող և չպետք է դիտարկենք համաշխարհային գործընթացների կոնտեքստից կտրված, և սա չափազանց կարևոր է՝ խորքային պրոցեսները հասկանալու համար։ Իհարկե, սպառնալիքները տեսանելի են, և մեր մեծագույն խնդիրն է՝ այդ սպառնալիքները կառավարել։

Պիտի նաև ընդգծեմ իմ համոզվածությունը, որ ինչ վերաբերում է արտաքին անվտանգությանը, միակ բանը, որ երաշխավորում է արտաքին անվտանգությունը, խաղաղությունն է։ Որևէ այլ բան արտաքին անվտանգություն չի երաշխավորում, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ կան երկրներ, որոնք ունեն հզորագույն բանակներ, բայց դա նրանց արտաքին անվտանգությունը չի ապահովում, որովհետև չկա խաղաղություն։ Սա էլի եմ ասում մեկը մյուսից պետք չէ կտրել: Մենք պետք է շարունակաբար մեր դիմակայունությունը և կարողությունները մեծացնենք և զարգացնենք՝ բոլոր առումներով, տնտեսական առումով, որովհետև մենք անվտանգություն ասելով սովորաբար հասկանում ենք բանակ։ Բայց եկեք այսպես նայենք՝ 2023 թվականին մեր պաշտպանական բյուջեն գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Որտեղի՞ց այդ գումարը՝ տնտեսությունից։ Եթե տնտեսությունն ի վիճակի չլինի այդ գումարները մատակարարել, ծախսերը չեն լինի։ Մենք խոսում ենք աշխատավարձերի բարձրացման մասին, որտեղի՞ց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից վճարված հարկերից։ Այն հարկային ցուցանիշները, որ ես ներկայացրեցի, իրոք տպավորիչ են, բայց դա ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ հերթին Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռքբերումը չէ: Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքբերումն է։

Ես էլի ու էլի ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, տնտեսվարողներին, գործարարներին, ընկերություններին, անհատ ձեռներեցներին ովքեր պարտաճանաչ և կանոնավոր կերպով վճարում են Հայաստանի Հանրապետության հարկերը։ Իհարկե, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն մարմիններին, ովքեր կարողանում են արդյունավետ կերպով բացահայտել հարկերից խուսափելու դեպքերը և պետությանը, հետևաբար՝ նաև ժողովրդին պատկանող գումարները մուտքագրում են պետական բյուջե։ Այդ ցուցանիշները նույնպես կարևոր են, և նաև այս է պատճառը, որ ասում եմ՝ համոզված եմ, որ իրավապահ, դատական համակարգի աշխատավարձերի բարձրացումն իր հետ բերելու է նաև տնտեսական արդյունքներ և տնտեսական ցուցանիշներ։

Հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք ավարտել ելույթս ամենակարևոր և ամենալավատեսական ցուցանիշով՝ 2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11926 երեխա, ինչը 1401-ով ավելի է քան 2022 թվականին, 523-ով ավելի է, քան 2021 թվականին, 1469-ով ավելի է, քան 2020 թվականին, 1415-ով ավելի է, քան 2019 թվականին և 1180-ով ավելի է, քան 2018 թվականին։ Մեր պարտքն է՝ պատշաճ ձևով ապահովել այս երեխաների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը Հայաստանի Հանրապետությունում։

Շնորհակալություն:

← Վերադառնալ