ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետը մասնակցել է COP17 համաժողովի բացմանը

18.10.2026

ևս 50 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային Ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը, պատվիրակներ, այլ հյուրեր:

Բացման արարողության շրջանակում ցուցադրվել են «Հետագիծ» գեղարվեստական ֆիլմը, բնության և մշակույթի մասին պատմող տեսաֆիլմը: Ամփոփվել է «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովը:

Հաջորդիվ՝ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթներով հանդես են եկել նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր տնօրեն Աստրիդ Շոմակերը, Կոլումբիայի Հանրապետության շրջակա միջավայրի տարածքային պլանավորման հարցերով փոխնախարար, COP16 նախագահի ներկայացուցիչ Դավիդ Օլարտե Ամայան, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Տեսաուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսեն:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի բացման արարողությանը


Ձե՛րդ գերազանցություններ,
Հայաստանի Հանրապետության իշխանությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հարգելի՛ պատվիրակներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեծ ուրախությամբ և ջերմությամբ ողջունում եմ բոլորիդ Երևանում։ Բարի գալուստ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողով։

Այսօր Երևանը դառնում է համաշխարհային երկխոսության և համատեղ պատասխանատվության կենտրոն։

Կենսաբազմազանությունը միայն բնության հարստությունը չէ։ Այն մեր կյանքի, առողջության, պարենային և ջրային անվտանգության, կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության հիմքերից մեկն է։ Բնության վիճակն անմիջականորեն անդրադառնում է մարդկանց կյանքի վրա, իսկ էկոհամակարգերի խաթարումը կարող է խորացնել մեր հասարակությունների առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են գիտական հենքի, քաղաքական կամքի, միջազգային համագործակցության և հասարակության լայն մասնակցության համադրում։

Հայաստանի Հանրապետությունը ևս իր պատասխանատվությունն է ստանձնում այս ընդհանուր գործում։ Մեր բնական ժառանգությունը՝ Սևանա լճից մինչև մեր անտառային ու լեռնային էկոհամակարգերը, մեզ հիշեցնում է, որ բնության պահպանությունը պահանջում է շարունակական աշխատանք, պատասխանատու կառավարում և երկարաժամկետ մտածողություն։

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ։ Մեր նպատակը նոր հանձնառությունների ստանձնելուն զուգահեռ, արդեն իսկ առկա հանձնառությունների կատարումն արագացնելը, համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելը և յուրաքանչյուր երկրի ու գործընկերոջ ներդրումն առավել արդյունավետ դարձնելն է՝ հանուն կենսաբազմազանության պահպանման և վերականգնման։

Սերունդներ շարունակ մենք մեր տնտեսություններն ու քաղաքները կառուցել ենք այն պատկերացմամբ, թե կարծես բնությունն անսպառ ռեսուրս է, որը մենք կարող ենք կառավարել և, ի վերջո, ամբողջությամբ ենթարկել մեզ։

Բայց բնությունն այդպես չի գործում։

Բնակավայրերը հեղեղող ջրհեղեղները, անտառները ոչնչացնող հրդեհները, էկոհամակարգերի շարունակական քայքայումը և տեսակների անհետացումը մեզ հիշեցնում են մեկ հիմնարար ճշմարտություն` մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի առողջությունն անբաժանելի են միմյանցից։

Այս համոզմունքով առաջնորդվելով՝ Հայաստանը COP17-ին ընդառաջ Երևանում համախմբեց առաջնորդներին և հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ ձևավորելու միասնական տեսլական և ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը։

Մեր ուղերձը հստակ էր՝ կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շարքում, իսկ ստանձնած պարտավորությունները պետք է արտահայտվեն կոնկրետ քայլերով և շոշափելի արդյունքներով։

Այսօր մենք այդ ուղերձը բերում ենք COP17՝ այն համատեղ գործողությունների վերածելու պատրաստակամությամբ և վերահաստատելով մեր վճռականությունը՝ անցնելու հանձնառություններից դրանց լիարժեք իրականացմանը։

Մինչ այդ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտեին, որը համախմբել է Հայաստանի պետական իշխանության, տեղական ինքնակառավարման, քաղաքացիական հասարակության և շահագրգիռ մյուս կառույցների ջանքերը՝ այս կարևոր համաժողովը հնարավոր դարձնելու համար։ Բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի ու արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունների համատեղ և հետևողական աշխատանքը, նվիրվածությունը ու սերտ համագործակցությունը համաժողովի կազմակերպման գործում։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը՝ համագործակցության և հսկայական աշխատանքի համար, որի շնորհիվ մենք այսօր հավաքվել ենք Երևանում՝ պատրաստ լինելով միասին նոր քայլ կատարելու կենսաբազմազանության պահպանման և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ճանապարհին։

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև ձեզ բոլորիդ՝ հարգելի պատվիրակներ, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչներ, գիտական հանրության անդամներ, կանայք և երիտասարդներ, քաղաքացիական հասարակության, գործարար և ֆինանսական շրջանակների ներկայացուցիչներ՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերած վստահության և Կոնվենցիայի պատմության այս կարևոր հանգրվանը մեզ հետ կիսելու ու համատեղ կերտելու պատրաստակամության համար։

Տարիների ընթացքում միջազգային հանրությունը ձևավորել է համագործակցության և ընդհանուր պատասխանատվության ամուր հիմք՝ հանուն կենսաբազմազանության պահպանության։ Այսօր մենք ունենք բնության պահպանության և նրա հետ ներդաշնակ ապրելու հստակ գլոբալ տեսլական։ 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը սահմանեց մեր ընդհանուր նպատակներն ու դրանց հասնելու ուղենիշերը։ Այժմ եկել է այդ տեսլականը գործի վերածելու ժամանակը։ Մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը չորս տարի, և մեր հաջողությունը կախված է նրանից, թե որքան հետևողականորեն կկարողանանք մեր ստանձնած հանձնառությունները վերածել կոնկրետ գործողությունների, իսկ գործողությունները՝ չափելի արդյունքների։

Հենց սա է Երևանի համաժողովի առանցքային առաքելությունը՝ համատեղ գնահատել արձանագրված առաջընթացը, հստակեցնել դեռևս առկա բացերը և համաձայնեցնել այն առաջնահերթ գործողությունները, որոնք թույլ կտան մեզ առավել հետևողականորեն և արդյունավետորեն առաջ շարժվել՝ մեր ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։

Այսօր հասել ենք դեպի 2030 թվականը տանող ճանապարհի վճռորոշ հատվածին։

Մենք գիտենք, թե ինչ արդյունքներ ենք արձանագրել և ինչ առաջընթաց ենք գրանցել։ Բայց նաև գիտակցում ենք, որ մեր հավակնությունների և դրանց իրականացման միջև դեռևս զգալի անջրպետ կա։

Հենց այս փուլում է, որ առաջնորդությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։ Ու թող Երևանը հիշվի ոչ միայն որպես մեր արձանագրած առաջընթացն ամփոփելու հանգրվան, այլև որպես այն վայրը, որտեղ մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը և վճռականությունը՝ ստանձնած պարտավորությունները լիարժեք կյանքի կոչելու համար և նախանշեցինք այն ուղին, որը ապահովելու է Գլոբալ շրջանակի արագացված իրագործումը մինչև 2030թ։

Ոչ մի կառավարություն, որքան էլ կարողունակ լինի, չի կարող դա անել միայնակ։

Մեզ անհրաժեշտ են համագործակցության պատրաստակամություն ունեցող կառավարություններ՝ պետական կառավարման տարբեր մակարդակներում և ոլորտներում։ Մեզ անհրաժեշտ են քաղաքներն ու համայնքները, բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները, կանայք ու երիտասարդները, գիտական հանրությունը, գործարար և ֆինանսական շրջանակները, քաղաքացիական հասարակությունը։

Նրանց ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի սոսկ մասնակցությամբ․ նրանք պետք է լինեն մեր ընդհանուր նպատակի իրական գործընկերները՝ փոփոխությունների նախաձեռնողներն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների առաջմղող ուժը։

Հենց այս համոզմունքով է Հայաստանը ստանձնում իր պատասխանատվությունը՝ առաջնորդվելով թափանցիկության, ներառականության և յուրաքանչյուր ձայնի նկատմամբ հարգանքի սկզբունքներով, ինչպես նաև գիտակցմամբ, որ միջազգային համագործակցության իրական արժեքը դրսևորվում է այն ժամանակ, երբ համատեղ ստանձնած հանձնառությունները գործնականում կյանքի են կոչվում։

Դեպի 2030 թվական ճանապարհն արդեն սկսված է։ Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք։

Հայաստանը պատրաստ է իր լիարժեք ներդրումն ունենալ այս ընդհանուր ջանքերում և աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ ապահովելու, որ Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունները դառնան հետևողական գործողությունների հիմք և հանգեցնեն իրական, երկարաժամկետ արդյունքների՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանման և վերականգնման։

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան։

Թող սա լինի այն պահը, երբ խոսքերից անցնում ենք գործի և մասնատվածությունից՝ համագործակցության։

Սա նշանակում է գործել հանուն բնության՝ «Taking Action for Nature»:

Այս խոսքերով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին 2026թ. համաժողովը՝ COP17-ը և կոնվենցիայի արձանագրությունների հանդիպումերը հայտարարում եմ բացված։

Շնորհակալ եմ։

← Վերադառնալ