ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում ՀՀ 2027 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը

20.11.2026

ևս 14 լուսանկար

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Նախագահի հարգելի տեղակալներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի լրագրողներ,
Սիրելի քաղաքացիներ,

Ուզում եմ շնորհակալություն հայտնել պատգամավորներին պետական բյուջեի 2027 թվականի նախագծի ակտիվ քննարկումների համար: Մեծ հաշվով բյուջեի նախագծի քննարկումը հանգեց մի քանի հարցերի՝ ո՞վ է ամենամեծ բարերարը, կրկնապատկվե՞լ է Հայաստանի արտաքին պարտքը, ոչ մի սոցիալական հույս չկա՞, ընդդիմությունը հանգեցրեց այս հարցերի: Ի վերջո 2027 թվականի հիմնական հարցն օբյեկտիվորեն դարձավ հետևյալը՝ արդյո՞ք 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում կլինի Սահմանադրական հանրաքվե:

Նախ՝ ուզում եմ անդրադառնալ այդքան չարչրկված պետական պարտքի թեմային։ Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։ Մեղադրում է երկու խմբակցություն, որոնց իշխանությունների օրոք՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Հայաստանի պետական պարտքը աճել է 6.6 անգամ և 5.8 անգամ։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք պետական պարտքը, ներառյալ՝ արտաքին, աճել է 6.6 անգամ, Սերժ Սարգսյանի օրոք պետական պարտքն աճել է 5.8 անգամ։ Եվ այն պայմաններում, երբ, իրենց կառավարման օրոք ՔՈՎԻԴ-ի համավարակ, օրինակ, չի եղել, երբ երկրում տնտեսությունն ուղղակի կանգնի։ Իսկ մեր օրոք պետական պարտքն ավելացել է ոչ թե 2, այլ 1.7 անգամ, ընդ որում՝ ավելացել է նաև, գիտեք ի՞նչ պատճառով, որ ի տարբերություն իրենց, մենք Հյուսիս-Հարավը կառուցում ենք: Այսինքն՝ այդ պարտքի մի մասն իրենք են ստորագրել: Եվ եթե չկառուցենք, օրինակ՝ Հյուսիս-Հարավը, մեր պետական պարտքը, համապատասխանաբար, ավելի քիչ կլինի: Այսինքն՝ մենք պետական պարտքի աճն անգամներով՝ 3, 3.5 անգամ նվազեցրել ենք, և այսօր մեր պետական պարտքի մի զգալի մասը ձևավորվել է, օրինակ՝ նաև նրա արդյունքում, որ մենք իրենց արած թանկ եվրոբոնդերը հետ ենք գնել և ձեռք ենք բերել ավելի էժան պարտք։ Օրինակ, որ Հյուսիս-Հարավը կառուցում ենք - իրենք ստորագրել են … և տեսել եք՝ ինչ տեմպերով է գնում: Այսինքն՝ միլիարդների ներդրում ենք անում մենք Հայաստանում, բայց իրենք են ստորագրել պայմանագիրը: Այսինքն՝ իրենց ստանձնած պետական պարտքն է: Էլ չեմ խոսում, այստեղ խոսում են ՀԷՑ… այդ ինչի՞ ՀԷՑ-ի պարտքերի մասին չեք խոսում: ՀԷՑ-ը, ըստ էության, այնքան պարտքեր է ներգրավել, որ հիմա մենք ազգայնացման պրոցեսում մի վարչաֆեստի բյուջեի չափ փող ենք տալու՝ ամբողջը գնենք, այսինքն, եթե ձեռք բերենք հանրային շահեր, որովհետև այդ ընկերությունը պարտքային բեռի պատճառով, ըստ էության, գին չունի: Իր գինը ձգտում է զրոյի: Պատկերացրեցիք չէ՞, որովհետև ակտիվները և պարտավորությունները… Էլ չեմ ասում այդ ձեռք բերված վարկերի մի մասը գիտե՞ք ինչի համար է՝ իրենք տոկոսով վերցրել են Հայաստանի բանկերից և տվել են իրենց բարեկամներին՝ առանց տոկոսի, որ այդ բարեկամները այդ փողով գնան մասնակցեն ՀԷՑ-ի հայտարարած մրցույթին և մի հատ էլ այդ մրցույթի արդյունքում շահույթ ստանան և դնեն իրենց գրպանը: Եվ դրա համար ո՞վ է վճարել՝ բարերա՞րն է վճարել։ Ո՛չ, վճարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, էլեկտրաէներգիայի սպառողը:

Բարերարության մասին՝ գիտե՞ք, ես հիմա էլ եմ կարծում, որ տվյալ անձն ամենամեծ բարերարն է, ամենամեծ քաղաքական բարերարը քաղաքական մեծամասնության համար, որովհետև այդպիսի ընդդիմադիր ունենալը … Մեզ իրենից ի՞նչ է պետք ընդհանրապես, մեզ պետք է, որ ինքը խոսի և մեզ պետք է, որ ընդհանրապես իրենք խոսեն։ Եվ ընդհանրապես նրանց քաղաքական գործունեությունը մեծ բարերարություն է քաղաքական մեծամասնության համար, որովհետև այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է: Մենք ուրիշ առիթներով դրանում համոզվել էինք, այս երկու օրը՝ երեկ, այսօր ընդհանրապես:

Եվ անդրադառնալով հիմնական հարցին՝ ուզում եմ, հարգելի գործընկերներ, տեղեկացնել, որ երկուշաբթի օրն Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին: Բայց ուզում եմ հիմա ևս մեկ անգամ նորից ու կրկին անդրադառնալ Ազգային ժողովի ամբիոնից ավելի ամբողջական և պաշտոնապես իմ առաջարկին։ Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, թող, ամբողջ խմբակցությունով չքվեարկեն, անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք հանրաքվեի՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի: Ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ կքվեարկի հանրաքվեի ընթացքում նոր Սահմանադրությանը, այսինքն՝ մեր փաստարկները, իմ փաստարկները համոզիչ չեն թվա մեր հանրությանը, ես հրաժարական եմ տալիս՝ Հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, մեկ շաբաթվա ընթացքում: Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում Սահմանադրությանը, ես էլի պաշտոնապես ասում եմ՝ հաջորդ ընտրություններում, ընդ որում՝ ընտրությունները հերթական կլինեն թե արտահերթ, չնայած անկեղծ ասեմ, այդ պարագայում չի երևում, թե ինչու պետք է արտահերթ ընտրություններ լինեն, բայց ամեն դեպքում՝ հերթական կլինեն, թե արտահերթ, ես չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու։

Հիմա ընդդիմությունը կարծես թե չի ընդունում այս առաջարկը կամ չի ուզում, բայց ամեն դեպքում ես բաց եմ պահում: Սա այն ժանրը չէ, որ ինչ-որ մեկն ասաց՝ չէ, մենք ասացինք՝ վերջ, թեման փակվեց։ Սա բաց առաջարկ է, և ես ուզում եմ այս բաց առաջարկը դիտարկել ընդդիմության՝ այս ընթացքում տարբեր առիթներով հնչեցված փաստարկների համատեքստում։ Այս մարդիկ ի՞նչ են ասում, եկել են, գնացել են, ուզում են 2026 թվականի ընտրությունների արդյունքները ստվերեն, լեգիտիմության հարց են բարձրացնում և այլն, չգիտեմ՝ ի՞նչ են անում: Շատ լավ, կա՞ այդպիսի խնդիր, այդ դեպքում՝ սրանից լավ առի՞թ: Մի հատ էլ ասում են՝ Հայաստանում բռնապետություն է հաստատված: Որտե՞ղ եք տեսել բռնապետությունը գա ընդդիմությանը ընտրություններից մի քանի ամիս հետո առաջարկի գնալ հանրաքվեի, ըստ էության, վարչապետի հրաժարականի գնով: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել: Էլ չեմ ասում, որ եթե բռնապետություն լիներ, ինչի՞ ենք ձեզ դիմում. թաթիկներիցդ կբռնեինք, քվեարկել կտայինք: Այսպիսի բռնապետություն որտե՞ղ եք տեսել:

Ես ուզում եմ տերմինները ճիշտ հասկանանք: Այսինքն՝ օգտագործում եք տերմիններ, որոնց իմաստը չգիտեք, այն որ ասում եք «արծակախնդիր»… Մյուս դեպքերում էլ, դուք խոսում եք բաներ, չգիտեք, ձեզ անծանոթ բաների մասին եք խոսում: Կամ ասում են՝ Սերժ Սարգսյանն էլ ասաց, պատմությունը կրկնվում է, մենք չենք վստահում: Սերժ Սարգսյանն ասաց, չարեց, դրա համար հեղափոխություն եղավ: Եթե ես պիտի ասեմ ու չանեմ, դրանից ավելի լավ նվեր ձեզ: Իմ ձեռքով հեղափոխական վիճակը ստեղծում եմ, բերում ձեզ մատուցում, դուք ասում եք՝ չէ, չենք ուզում։ Չե՞ք հեռացնում, չե՞ք ուզում հեռացնել: Հենց դա է ամբողջ խնդիրը՝ մենք հրապարակային պլան ենք առաջարկում, իրենք առաջնորդվում են բացառապես գաղտնի պլանով: Ասում են՝ Սահմանադրությունը ալիևյան է: Շատ լավ, առավել ևս այդպիսի առաջարկից ո՞վ է հրաժարվում: Սա ի՞նչ տրամաբանություն է:

Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը… ես ասում եմ իմ քաղաքական վստահելիությունը դնում եմ այս հարցի մեջ, ասում են չունեք դուք քաղաքական վստահելիություն: Շատ լավ, որ չունենք քաղաքական վստահելիություն, դա ապացուցելու ամենակարճ ձևը ո՞րն է: Ես ասում եմ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք, մենք ձեզ կհեռացնենք, խռովում են, դահլիճից գնում են: Սա տրամաբանական չի, ընդ որում՝ նաև հարցին միացավ մի շատ կարևոր նյուանս, երբ նախորդ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունն ասաց՝ ասում եք, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո ինստիտուցիոնալ խաղաղությունը կհաստատվի, պահանջներ չեն լինի և այլն: Նախ ես ուզում եմ ասել՝ այս հարցի պատասխանը ինքնին դրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստի մեջ: Այդ տեքստի ստորագրումը և վավերացումը դե յուրե նշանակում է, որ փոխադարձաբար պահանջներ չեն լինի: Բայց մի հատ էլ հարցի նաև քաղաքական կողմն ընդգծելու համար, ասում եմ՝ շատ լավ, դա կարևոր հարց է, ես կաշխատեմ այդ հարցի պատասխանը ստանալու ուղղությամբ և իմ քաղաքական կապիտալով, այո՛, գալիս եմ և ասում, որ մենք ստանալու ենք դա։ Դա լինելու է Սահմանադրության ընդունման հարակից, շատ էական և մեծ էֆեկտը։ Մարդիկ՝ էլի ոչ մի ռեակցիա, ոնց որ իրենք չէին ասում այդ խնդիրը, այդ խնդիրը իրենք չէին բարձրացնում։

Եվ հիմա ուրիշ բան է տեղի ունենում։ Ընդդիմությունը վերջին շրջանում և նույնիսկ վերջին օրերին խուսափելով մեր առաջարկից՝ ի՞նչ է անում, գալիս է, ապացուցում է այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք, որ գործող Սահմանադրությունը և 1990 թվականի Անկախության հռչակագիրը, դրանք կոնֆլիկտի հակամարտության մասին են։ Եվ Հայաստանի Հանրապետությունը, որ որդեգրել է խաղաղության օրակարգ և հաստատել է խաղաղության օրակարգ, շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունը դիրքավորել ոչ թե որպես կոնֆլիկտի պետություն, այլ որպես խաղաղության պետություն։ Եվ սրա անհրաժեշտությունը քիչ առաջ հիմնավորվեց։ Ես շատ պարզ հարց դրեցի նախորդ անգամ՝ արդյո՞ք «Հայաստան» դաշինքը հավատարիմ է Միացյալ Հայաստանի և պատմական հողերի ազատագրման տեսլականին, ինչպես իրենք են ասում։ Ես ձեզ համար նորություն ունեմ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության ծրագրի մեջ, Միացյալ Հայաստանը և պատմական հողերի վերադարձը կամ ազատագրումն արձանագրված է որպես կուսակցության նպատակ և ծրագրային դրույթ: Հիմա ձեր պատգամավորն է ասում՝ իրավունք չունե՞նք երազել: Շատ լավ, խոսքը հենց դրա մասին է, երբ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին է երազում: Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան են երազում և Արևելյան Թուրքիա են երազում։ Ասում են՝ Ղարաբաղյան շարժումը շարունակում եք… ընդամենը մի քանի օր առաջ է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, աննկուն սերժական, աննկուն միշիկական և հիմա նաև աննկուն սամվելկարապետյանական Էդգար Ղազարյանը հայտարարել, որ իրենք ճանաչում են Արցախի Հանրապետությունը՝ ընդամենը օրեր առաջ եթերում: Այսինքն, սա ինչի՞ մասին է: Սա հետևյալի մասին է, որ քաղաքական այս ուժերը, որոնք հանդես են գալիս նոր Սահմանադրության դեմ և խոսում են Անկախության հռչակագրի պաշտպանությամբ և գործող Սահմանադրության պաշտպանությամբ, իրենք հանդես են գալիս մեր երկրի բովանդակության մեջ պատերազմի և կոնֆլիկտի ԴՆԹ-ն պաշտպանելու և պահպանելու տրամաբանությամբ։

Բայց սրա մասին տարիներ առաջ եմ խոսել, ասել եմ, որ մենք իրար աչքով ենք տալիս, ասում ենք, դե հիմա կուժեղանանք և կգնանք Արևմտյան Հայաստանն ազատագրելու, Ղարաբաղը և մինչև որտեղ հնարավոր է, ազատագրելու։ Ասում է՝ իրավունք չունե՞նք երազել։ Իրավունք ունեք երազել, բայց այդ ձեր երազանքով դուք ուրիշին տալիս եք լեգիտիմություն ձեր երազանքը կասեցնելու, ընդ որում՝ տալիս եք որոշակի նաև լեգիտիմություն, որովհետև խոսքը միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին է: Եվ ընդհակառակը, երբ մենք դուրս ենք գալիս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս երազանք ունենալու սահմանագծից, ուրիշներին հնարավորություն ենք տալիս երազանքներ ունենալու մեր միջազգայնորեն ճանաչված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերաբերյալ: Սա է այն մեծագույն հարցը, որին պետք է մենք լուծում տանք: Ընդ որում՝ այո, ասում են, պետք չի ինձ հիշեցնել, ես ամեն ինչ հիշում եմ՝ ինչ եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ամեն ինչ, բացարձակ ամեն ինչ հիշում եմ: Եվ այդ հիշողության և այդ ճանապարհով է … Իմ տարբերությունը գիտե՞ք որն է, որ դուք Ղարաբաղի շարժում ասելով՝ Ղարաբաղի շարժումն օգտագործել եք որպես ապրանք ձեզ համար միլիոններ և միլիարդներ կուտակելու համար, ինձ համար Ղարաբաղի շարժումը եղել է իմ քաղաքական գիտակցության և արժեքային համակարգի մաս: Ես գնացել եմ այդ խնդիրը տեսնելու, հասկանալու և լուծելու հետևից։ Գնացել եմ, ընդ որում՝ գնացել եմ մինչև վերջ և վերջում տեսել եմ, որ դա թակարդ է, թակարդ, որ ի վերջո, ինչպես մեզ հետ շատ հաճախ պատահում է, Հայաստանի ժողովուրդը ստիպված լինի հրաժարվել անկախությունից և պետականությունից իր գոյությունը պահելու համար։ Սրա մասին է խոսքը: Եկեք նայենք, 1991 թվականին մենք անկախություն ենք հռչակել սեպտեմբերի 21-ին, սեպտեմբերի 22-ից սկսել ենք հրաժարվել անկախությունից՝ ամեն օր, քայլ-քայլ, տարի առ տարի: Մենք 1991-ին սեպտեմբերի 21-ին անկախությունը հռչակել ենք, 22-ին սեպտեմբերին ուրախացել ենք, 23-ից սկսել ենք անկախությունից հրաժարման գործընթացը: Եվ իրականում այն հանրաքվեն, որը առաջարկվում է, ոչ միայն Սահմանադրության հանրաքվե է, նոր Սահմանադրության հանրաքվե լինելով, նաև անկախության հանրաքվե է, որովհետև մենք կոնֆլիկտի, ապապետականության և պատերազմի ԴՆԹ-ն, պետության ԴՆԹ-ի մասին է, առաջարկում ենք փոխարինել խաղաղության զարգացման, բարեկեցության, ազատության և անկախության ԴՆԹ-ով։

Ես ձեր ուշադրությունը հրավիրել եմ, ուշադրություն դարձրեք այս քաղաքական ուժերի անուններին։ Պատերազմի բոլոր կուսակցությունների անվան մեջ Հայաստան բառը կա։ Հայաստան բառն իրենց համար ծխածածկույթ է, որ իրենք թաքցնեն հակա-Հայաստան լինելը։ Այդ կոմպլեքսը, իմիջիայլոց, հին ժամանակներից հայտնի է։ Դուք գիտեք որ պատմության մեջ բազմաթիվ սարգոն թագավորներ են եղել։ Գիտե՞ք սարգոն ինչ է նշանակում՝ սարգոն նշանակում է օրինական։ Այսինքն՝ բոլոր այն թագավորները, որոնք լեգիտիմության խնդիր են ունեցել, իրենց վրա վերցրել են օրինական թագավոր տիտղոսը։ Հիմա իրենք այդ նույն ֆենոմենն են կրկնում, որովհետև «Հայաստան դաշինք»-ի առաջնորդը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես ի՞նչ, որպես ամենահակա-Հայաստան քաղաքական գործիչ և պաշտոնյա՝ ձեզ հայտնի պատճառներով։ Եվ, բնականաբար, «Հայաստան» անունը պիտի ընտրեին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդի համար Հայաստանն ընդամենը բազմաթիվ պասպորտներից մեկն է։ Պիտի կոմպլեքսը հաղթահարվի, որ իրենք Հայաստանի հետ ընդհանրապես կապ ունեն։ Դե «ուժեղն» էլ պարզ է, ինչի համար է։ Ուժեղը «հաղթարշարների, ստնտուկների, արծակախնդրությունների» և մյուս բարեգործների դեղորայքի մատակարարումների համար է։ Այսինքն՝ այս մարդիկ իրենց կոմպլեքսները դարձրել են իրենց քաղաքական բրենդ։ Բայց ես ուրիշ բաներ էլ եմ ուզում ասել՝ ես հավատում եմ, որ Հայաստանում կան ընտրողներ, որոնք նույնպես ուզում են, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա։ Եվ եղել են որոշակի թվով ընտրողներ, որ իրենց օգտին քվեարկել են, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա։ Իրենք այս առաջարկը, որ ես անում եմ, մերժելով, իրենք Հայաստանի ընդդիմադիր այդ տրամադրություններն ունեցող ընտրազանգվածին խաբում են։ Ընտրություններից քանի՞ ամիս է անցել՝ հինգ ամիս է անցել ընդամենը, բայց իրենք իրենց քվեարկած... Իրենք ասում էին՝ իշխանափոխություն, հեսա գալու ենք, հաջորդ վարչապետն ենք, հաջորդ, հաջորդ, հաջորդ, անընդհատ հաջորդ վարչապետն ենք, Կառավարության նիստեր էին անում։ Իրենք խաբում են իրենց այն իրական ընտրողներին, ես չգիտեմ իրենց տոկոսը ինչքան է, որոնք, հավատալով իրենց նվիրվածությանն իշխանափոխության օրակարգին, իրենց ձայն են տվել։ Եվ սա է այն քաղաքական իրողությունը, որի հետ մենք առնչվում ենք։

Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահը, «Տաշիր» ընկերության նախկին աշխատակիցը, եկել ասում է՝ սոցիալական ոչ մի հույս չկա։ Այսինքն՝ այն որ 100 հազարավոր քաղաքացիներ առողջության ապահովագրության միլիարդների ծառայություններ են ստանում, ընդ որում՝արդեն իսկ այնքան, որ ձեր կատարած բոլոր բարեգործությունները, որ դնենք իրար վրա, ձեր ողջ կենսագրության ընթացքում ձեր կատարած բոլոր բարեգործությունները, որ այսպես դասավորենք, դնենք իրար վրա, դնենք մի կշեռքի, մի նժարին՝ մենակ առողջության ապահովագրության շրջանակներում այս տարվա 10 ամիսների արդյունքներով՝ թոշակառուների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք իրենք անձամբ ոչ մի բան չեն վճարել, այդ էլ դնենք կշեռքի մյուս նժարին, այդ ձեր բարեգործությունը կթռնի... Այսինքն՝ այնքան մեծ կլինի այդ սկաչոկը, որ այդ ձեր բարեգործությունը կթռնի Քրիստինե Վարդանյանի երազած տիեզերք։ Պատկերացրի՞ք հարաբերակցությունն ինչքան է, եկել՝ բարեգործություն, բարեգործություն։

Հարգելի գործընկերներ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի փոխնախագահներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Սիրելի ժողովուրդ,

Այո՛, մենք հաստատել ենք խաղաղություն և այո՛, մենք գնում ենք խաղաղությունը վերջնական, անշրջելի, տասնամյա, հարյուրամյա դարձնելու ճանապարհով։ Եվ այդ ճանապարհին այսօր կա մի խոչընդոտ՝ 0,5, 0,5, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմություն է։ Այս լավատեսական նոտայի վրա էլ ուզում եմ ավարտել 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների իմ ամփոփիչ ելույթը, բայց նաև ուզում եմ ասել, որ խաղաղության, անկախության, ինքնիշխանության ճանապարհին մենք շատ ավելի լուրջ խոչընդոտներ արդեն հաղթահարել ենք։ Եվ որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կհաղթահարի նաև այս խոչընդոտը։

Շնորհակալ եմ։
 

← Վերադառնալ