Մամլո հաղորդագրություններ

Պատմական շանս ունենք իսկապես ունենալ անկախ դատական համակարգ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ

10.04.2019

ևս 4 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի գործունեության ծավալուն «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է ոչ միայն կատարված աշխատանքը, այլև դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները: Անիմացիոն տեսահոլովակների միջոցով ներկայացվել են մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքներն ու էլեկտրոնային արդարադատության զարգացման ուղենիշները, ճանապարհային քարտեզը։ Ներ¬կայացվել է նաև դատական իշխանության պաշտոնական նոր կայքը:

Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Բարձրագույն դատական խորհրդի մեծարգո՛ նախագահ,
Բարձրագույն դատական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Պետական այրե՛ր, դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,
հյուրե՛ր, լրագրողնե՛ր,

Նախ թույլ տվեք շնորհավորել Բարձրագույն դատական խորհրդին գործունեության մեկ տարվա առիթով և արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններն ինստիտուցիոնալ ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այսինքն, մենք ժողովրդավարության, օրինականության հարցում իսկապես կարևոր փոփոխություններ ենք արձանագրում, բայց որպեսզի այդ փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով երաշխավորվեն, հարկավոր է, որ դրանք ունենան ինստիտուցիոնալ երաշխիքներ, և այդ երաշխիքներից կարևորագույնն անկախ դատական համակարգն է:

Կարծում եմ, որ նորություն չէ այս արձանագրումը, նորությունն այլ բանի մեջ է, որ մենք, ըստ էության, անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը երկրում կապահովի արդարությունը, օրինականությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը: Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ուզում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին և ասել, որ երաշխավորվում է մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար անկախ, իրապես անկախ, ոչ թե թղթի, վերնագրի, հայտարարության մեջ, դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Եվ այդ հարցը եղել է մեր օրակարգում առաջին օրից:

Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել և հայտարարել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ ընդհանրապես միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը: Սա չափազանց կարևոր արձանագրում է և ես ուզում եմ, որ մենք՝ բոլորս, այս արձանագրմանը լուրջ վերաբերվենք:

Եթե անգամ հանկարծ իշխանության տարբեր օղակներից գտնվեն մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր կգործեն կամ կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք ուրեմն գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի դեմ: Ես ուզում եմ սա հստակ արձանագրել: Եվ շատ կարևոր է, որ Հայաստանի դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այս հնարավորությունից: Սրա համար հարկավոր է, որ Հայաստանում լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը և գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակում:

Եվ այս իրավիճակն ապահովելու համար մեզ հարկավոր է նաև երկրորդ պայմանը, որ դատական համակարգից իսպառ վերանա կոռուպցիան: Մենք հույս ունենք, հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել, անկախ նրանից՝ դատավոր է, նախարար է: Որևէ մակարդակի կոռումպացված պաշտոնյա չի կարող հանգիստ քնել և նա պետք է իմանա, որ արդարությունը, արդարադատությունը, պայմանականորեն ասած ժողովուրդը, գալու է իր հետևից՝ եթե ոչ այսօր, վաղը, եթե ոչ վաղը, ուրեմն մյուս օրը:

Ես սա ասում եմ մի վերջնական եզրակացության համար. այսօր մենք պատմական շանս ունենք Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ: Այսօր մենք, ըստ էության, չունենք որևէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսին, այդ հաղթանակին խոչընդոտելու, արգելակելու համար, և ես հույս ունեմ, որ այսօրվա այս շանսը կօգտագործվի: Ես համոզված եմ, որ այսօրվա շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր կնպաստեն այդ շանսի իրացմանը, ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր կխանգարեն այդ շանսի իրացմանը:

Եթե պարզվի, որ խանգարողներ չկան, մենք այդ նպատակին կհասնենք շատ արագ, արդյունավետ, իսկ եթե կպարզվի, որ խանգարողներ կան, մենք ստիպված պիտի լինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն նոր անկախ դատական համակարգի հարցը: Ես հավատում եմ, որ հենց այս պահին գոյություն ունեցող դատական համակարգում գոյություն ունի այն պոտենցիալը, որ մեզ կարող է բերել այս ցանկալի հանգրվանին՝ ՀՀ-ում իրապես անկախ, արդար, օրինական և վստահելի դատական համակարգ ունենալուն: Եվ ես այսօրվա մեր հավաքը համարում եմ արձանագրումն այն բանի, որ մենք այդ հնարավորությունը որևէ կերպ բաց չենք թողնի: Շնորհակալություն»:

Միջոցառման ավարտին Նիկոլ Փաշինյանը Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Խորհրդի նոր շենքում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին:

* * *

Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հիմքում դրված հիմնական սկզբունքները միտված են անկախ, անաչառ, մատչելի, արդյունավետ, հաշվետվողական, թափանցիկ արդարադատության իրականացմանը։ Ելակետային է եղել այն համոզմունքը, որ դատական իշխանությունը պետք է դիտարկել ոչ թե որպես ինստիտուտների համակարգ, այլ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում իր համարժեք տեղն ու դերն ունեցող իշխանություն։

← Վերադառնալ