Շնորհավորական

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

29.06.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ 2021 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,
Թանկագին Նիկոլ,

Սրտանց շնորհավորում եմ 2021 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։ Շնորհավորում եմ բարեկամ Հայաստանին և հայ ժողովրդին հաջողված ընտրությունների անցկացման առթիվ։ Եղբայրական հայ ժողովուրդը ձայնը տվել է երկրի ժողովրդավարական զարգացմանը։

Միջազգային դիտորդների կողմից ընտրությունները գնահատվել են դրական և մրցունակ, ինչը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Կայուն, ժողովրդավարական, միջազգային արժեքներ կրող Հայաստանը կամրապնդի և կաջակցի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու համագործակցությանը:

Մեր երկրների միջև առկա բարեկամական կապերը վերջին տարիներին էլ ավելի է ամրապնդվել։ Ուրախ եմ, որ Վրաստան-Հայաստան բազմադարյա բարիդրացիական հարաբերությունների ավանդույթը շարունակվում է։ Խորապես համոզված եմ, որ ապագա հարաբերությունները նույն ոգով կշարունակվեն։

Օգտվելով առիթից, սրտանց շնորհակալություն եմ հայտնում ծննդյանս օրվա շնորհավորանքի համար։

Թանկագին Նիկոլ, ցանկանում եմ կրկին շնորհավորել ընտրություններում Ձեր հաղթանակի առթիվ։ Մաղթում եմ հաջողություն և բարօրություն, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում»։
 

← Վերադառնալ