Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն, թանկագին բարեկամ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման գործում: Վստահ եմ, որ Ձեր անցած քաղաքական ուղին ու փորձառությունը կծառայեն ի շահ բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։
Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ ի նպաստ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա ամուր բարեկամության և մեր պետությունների միջև հավակնոտ նոր ծրագրերի իրականացման։
Բարձր եմ գնահատում Հայաստանին վերաբերող հարցերում Ձեր բարեկամությունն ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև սերտ համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում Ձեր նվիրվածությունը և անմիջական ջանքերը։ Ջերմությամբ եմ հիշում 2024 թվականին Ձեր ղեկավարությամբ՝ ներկայանալի պատվիրակության կազմով, Հայաստան այցի ընթացքում մեր հանդիպումն ու բարեկամական մթնոլորտում արդյունավետ քննարկումները։
Իմ վճռական պատրաստակամությունն եմ հայտնում համատեղ ջանքերով շարունակելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ տնտեսական, ենթակառուցվածքների, պաշտպանական, մշակութային և այլ առանցքային ոլորտներում։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետևողական ջանքերն ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների՝ որակական նոր մակարդակի հաստատմանը։
Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան, ինչը թույլ կտա նախանշելու նոր նախաձեռնություններ՝ ուղղված մեր երկրների միջև մի շարք ոլորտներում ընդգրկուն գործակցության նոր որակի բարձրացմանը։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»: