Արտերկրյա այցեր

Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստան

08.08.2019 - 09.08.2019

ևս 55 լուսանկար



 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

«Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմավորել է Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

* * * 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Օգոստոսի 9-ի առավոտյան Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։

Ղրղզստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում և նշել.

«Հարգելի Նիկոլ Վովայի,
Բարի գալուստ Իսիկ Կուլ։

Շատ ուրախ ենք, որ եկել եք, ուրախ ենք ողջունել Ձեզ այստեղ։ Դուք շատ պատվավոր հյուր եք մեզ մոտ։ Ցանկանում եմ նշել, որ ոչ միայն ես, այլև բոլոր ղրղզստանցիներն են ճանաչում Ձեզ, ծանոթ են Ձեր քաղաքական գործունեությանը։ Ձեր անձնական մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստին կնպաստի եվրասիական տարածքում համագործակցության զարգացմանը:
Շատ ուրախ եմ, որ եկել եք։ Շնորհակալ ենք»։

Շնորհակալություն հայտնելով Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Սոորոնբայ Շարիպի,

Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և իհարկե, հաճելի է հյուրընկալվել այստեղ։ Սա ընդհանրապես իմ առաջին այցն է Ղրղզստան։ Նախկինում չեմ եղել այստեղ, դեռ չեմ հասցրել տեսնել Իսիկ Կուլը։

Իհարկե, մենք քննարկելու շատ հարցեր ունենք, որոնք վերաբերում են և՛ եվրասիական տարածքում մեր հարաբերություններին, և՛ երկկողմ հարաբերություններին։ Ես ծանոթացա այս տարվա վիճակագրությանը. մեր առևտրաշրջանառության ոլորտում նկատվում է աճ։ Իհարկե, մասնաբաժինը դեռ շատ քիչ է, բայց կարծում եմ, որ պետք է աշխատել ողջ ներուժի իրացման ուղղությամբ, որպեսզի առևտրաշրջանառությունն աճի՝ ի շահ մեր երկրների զարգացման։ Կարծում եմ՝ այն հնարավորությունը, որ տրամադրում է Եվրասիական տնտեսական միությունը, կարելի է փաթեթավորել, լիարժեք օգտագործել։ Իհարկե, մենք, եթե կարելի է այդպես ասել, ԵԱՏՄ փոքր երկրներ ենք և շատ ընդհանուր շահեր ունենք։ Դա, իհարկե, չի նշանակում, որ մյուս գործընկերների հետ ինչ-որ խնդիրներ ունենք, ուղղակի մենք ավելի հեշտ ենք հասկանում միմյանց խնդիրները և կարող ենք զարգացնել այն կառուցողական համագործակցությունը, որ կա Հայաստանի և Ղրղզստանի միջև։

Շնորհակալ եմ»։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակից և վերահաստատել պատրաստակամությունը՝ զարգացնելու Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։

Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են քաղաքական երկխոսության ամրապնդմանը, երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալի ավելացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի վերաբերյալ հարցերին։

Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը մտքեր են փոխանակել հետաքրքրություն ներկայացնող նաև այլ հարցերի շուրջ։ Այս համատեքստում Սոորոնբայ Ժեենբեկովը խոսել է Ղրղզստանի ներքաղաքական զարգացումների մասին։

* * *

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։

Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևը։

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների արարողակարգային լուսանկարահանման արարողությունից հետո տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները։

Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի ընկերներ,
Նիստի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ ելույթս սկսել շնորհակալական խոսքեր հայտնելով Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևին՝ ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Նեղ կազմով հանդիպմանը մենք արդեն կարծիքներ փոխանակեցինք և կողմնորոշվեցինք այսօրվա օրակարգին վերաբերող հայեցակարգային հարցերում: Այնուամենայնիվ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից քննարկված և մեր երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի որոշ ասպեկտների վրա:

Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում:

Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:

Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը։ Այդ նպատակին հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին։ Մեկ պետության բրոքերներին և դիլերներին այլ անդամ պետությունների բորսաներում կազմակերպված առևտրին մասնակցելու թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը նույնպես էական նշանակություն ունի այս գործում: Այս հարցում մենք կարևոր ենք համարում անդամ պետություններում կազմակերպված մրցույթներում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության և վարկային պատմությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար հնարավորության տրամադրումը:

Մեր միության բոլոր երկրները հաստատում են հետաքրքրվածությունը Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի համաձայնեցման հարցում: Այս փաստաթղթի կյանքի կոչումը դրական ազդեցություն կունենա Միության երկրների պետական և մասնավոր հաստատությունների միջև բիզնես գործընթացների իրականացման վրա:

Մենք բացարձակ տեղին ենք համարում «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագրի դրույթների իրականացումը համահունչ է առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի առաջնահերթություններին:

Մենք կարևորում ենք, որպեսզի մեր երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատող սուբյեկտներն ընդհանրացված տեղեկատվություն ունենան Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղմթերքի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ:

Հարգելի ընկերներ,

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսի սկզբին պաշտոնական այցեր կատարեցի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն:

Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին:

Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը:

Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ դիմել ԵԱՏՄ անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը՝ խնդրելով հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի: Խնդրում եմ ձեզ այս հարցը պահել անձնական ուշադրության ներքո:

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով:

Այս կապակցությամբ ցանկանում եմ դիմել ձեզ խնդրանքով՝ այս կարևոր իրադարձությանը ապահովել ձեր երկրների պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հնարավորինս լայն մասնակցությունը:

Համաժողովին մասնակցնելու համար հրավիրված են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների ղեկավարները և ԵԱՏՄ գործընկեր երկրների ղեկավարները:

Ակնկալվում է, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Շնորհակալություն ուշադրության համար»։

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի զարգացման, ԵԱՏՄ շրջանակում միասնական ալկոհոլի շուկայի ստեղծման, անդրազգային ընկերությունների ստեղծման, անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության, արդյունաբերական և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում համագործակցության, «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, ԵԱՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ կարգադրությունը, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման ժամանակացույցը, վերոնշյալ ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը միտված որոշումներ և կարգադրություններ։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկաների ստեղծման հայեցակարգը կստորագրվի Երևանում՝ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2019 թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։

Այնուհետև ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության հիմնադրման 5-ամյակին նվիրված նամականիշների մարման արարողություն։

* * *

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ անելիքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, և պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

ՌԴ կառավարության նախագահը ողջունել է Հայաստանի հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում և նշել, որ երկկողմ հարաբերություններում վերընթաց զարգացում կա, ինչի մասին է վկայում տարբեր մակարդակներում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների և շփումների հաճախականությունը՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական ձևաչափերով։

ՀՀ վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ընթացքը և գոհունակությամբ խոսել, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում արձանագրված առաջընթացի մասին. 2019 թ. առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 19 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2019 թ. առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 12.8 տոկոսով։ Վարչապետ Փաշինյանը նաև գոհունակությամբ նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է։ Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ-ի ամբողջ ներուժի լիարժեք օգտագործումը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև վերջին շրջանում հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ։

* * *

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի Տիգրան Սուրենի,

Ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Որպես նախագահող երկրի ղեկավար՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել հանդիպման բոլոր մասնակիցներին կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար: Ընդհանուր առմամբ քննարկեցինք 15 հարց: Դրանցից շատերի կապակցությամբ հասանք համաձայնության՝ հիմք նախապատրաստելով Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստի համար:

Նիստի օրակարգային հարցերից կցանկանայի առանձնացնել, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման ուղղությամբ մեր աշխատանքին վերաբերող հարցը: Փաստաթուղթն ուղղված է ալկոհոլային արտադրանքների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացմանը և Միության կազմում ալկոհոլային շուկայում խոչընդոտներից խուսափելու պայմանների ստեղծմանը:

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի մոտ ապագայում վերջնական համաձայնության հասնել այս փաստաթղթի շուրջ։

Եվս մեկ հարց, որը միտված է Միության ներսում փոխադարձ առևտրի ընդլայնման համար պայմանների ստեղծմանը։ Այս որոշմամբ նախատեսվում է հրապարակել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների, սննդի, կտավատի, կաշվե հումքի, բամբակի, մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը 2019-2020 թվականների համար: Ակնհայտ է, որ այս տեղեկատվությունը կօգնի մեր ֆերմերներին ավելի լավ կողմորոշվել ԵԱՏՄ շուկաներում և ավելի արդյունավետ պլանավորել իրենց ռազմավարությունը:

Նաև կցանկանայի առանձնացնել այն հարցը, որով նախատեսվում է մինչև 2025 թվականը մշակել և հաստատել ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման աշխատանքային գրաֆիկը: Կարծում եմ, որ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումն սկզբունքային նշանակություն ունի մեր ինտեգրացիոն միավորման հետագա կատարելագործման և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական կապերի խորացման համար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահին կխնդրեմ ավելի մանրամասն անդրադառնալ Խորհրդի որոշումներին, բայց մինչ խոսքը Տիգրան Սարգսյանին փոխանցելը հաճույքով կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում։ Կցանկանայի նաև հիշեցնել, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Երևանում:

Հայաստանը՝ որպես նախագահող երկիր, անհամբեր սպասում է Միության անդամ պետությունների ղեկավարներին ընդունելու հնարավորությանը։ Միաժամանակ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կկայանա միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկային ներուժը» թեմայով: Քննարկվելու են մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Ակնկալում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ակտիվ մասնակցությունն այս միջոցառմանը։

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղրղզստանին ջերմ ընդունելության և նիստի գերազանց կազմակերպման համար:

Խոսքը փոխանցում եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյան – Շնորհակալ եմ, Նիկոլ Վովայի։

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Գործնականում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մեր օրակարգի բոլոր հայեցակարգային հարցերին և այսօր ընդունված որոշումներին։ Կցանկանայի ավելացնել միայն մեկ հարց, որը կապված է անդրազգային ընկերությունների համար նոր իրավաբանական տարածքի ձևավորմանը։ Հանձնաժողովին հանձնարարական է տրվել՝ համապատասխան աշխատանք իրականացնել, այդ թվում, ելնելով միջազգային փորձից, գիտահետազոտական աշխատանք կատարել՝ պարզելու համար, թե ինչ շրջանակում է գործելու այդ օրենսդրական դաշտը, ինչ արտոնություններ կստանան այն ընկերությունները, որոնք իրենց գործունեությունը կիրականացնեն Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Նպատակն առևտրային կապեր հաստատելու և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում մեր ընկերությունների համար գործունեություն իրականացնելու ավելի գրավիչ պայմանների ստեղծումն է։ Միևնույն ժամանակ այդ ընկերությունների՝ նաև արտահանման ծավալների ավելացման նպատակադրման համատեքստում, մեր կարծիքով, հաշվի առնելով միջազգային փորձը, այսպիսի կարգավորումը, այսպիսի արտոնություններն իսկապես կարող են խթանել խոշոր եվրասիական ընկերությունների ձևավորումը։ Իսկ մնացած հարցերի մասով Նիկոլ Փաշինյանն արդեն մանրամասն ներկայացրեց այսօր ընդունված հայեցակարգային որոշումները։

Շնորհակալ եմ»։

* * *

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում՝ Իսիլ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում։

Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների եւ ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։

ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն ավարտվել է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը կվերադառնան Երևան։

← Վերադառնալ