Արտերկրյա այցեր

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն. վարչապետը մասնակցել է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին

11.11.2019 - 12.11.2019

ևս 86 լուսանկար

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Նոյեմբերի 11-ի երեկոյան վարչապետ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։

Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետին դիմավորել է Էմանուել Մակրոնը:

Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն եւ այլք։

Նոյեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է վարչապետ Փաշինյանի կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։

Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Նախատեսվում է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, և նրանց մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը և նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը։

* * *

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին է հանձնել խորհրդանշական նվեր` Հայկ Դեմոյանի «Le Sport» գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարզական ակումբների մասին:

Անդրադառնալով գրքին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հրաշալի պատմական լուսանկարների միջոցով այն պատմում է 1915 թվականի ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած մարզական ակումբների և մարզական նվաճումների մասին:

Գրքում կարելի է տեսնել հայ մարզիկների լուսանկարներ` տղամարդիկ և կանայք, ովքեր զբաղվում էին սպորտով, գովազդներ, որոնք կանանց խրախուսում էին վարժանքներ անել և սպորտով զբաղվել:

Եվ դա տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում. մի հասարակության մեջ, որը ավելի քան պահպանողական էր կանանց սոցիալական և ֆիզիկական գործունեության հարցում: Ի հեճուկս այդ ամենի, հայերը հիմնել են մարզական ակումբներ, որոնք նպաստում էին քրիստոնյաների և գերիշխող մահմեդական համայնքների միջև խաղաղությանն ու խաղաղ գոյակցությանը:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է համաժողովի շրջանակում բացված IDeA հիմնադրամի տաղավար, որտեղ ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին` հիմնադրամի գործունեությանը, այդ թվում` «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության մասին պատմող նյութերին: Տաղավարում ներկա էր նաև «Ավրորա»-ի մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինան:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել, որ կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։

Իր հերթին վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետը նշել է, որ տարբեր առիթներով հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հրատապ հարցեր, անդրադարձել են նաև մուտքի արտոնագրերի ազատականացման ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի ուղղությամբ իրականացվող քայլերին։

Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և այդ ուղղությամբ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

Տիկին Մուշիկիվաբոն ողջունել է ՀՀ վարչապետին կազմակերպության գրասենյակում և բարձր գնահատել Հայաստանի արդյունավետ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: ՖՄԿԳ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը համարվում է կազմակերպության կարևորագույն անդամներից մեկը և մեծ ներդրում ունի վերջինիս զարգացման ու Ֆրանկոֆոնիայի տարածքում համագործակցության զարգացման գործում: Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի տարածքում նախատեսվող բարեփոխումները, այդ թվում ֆրանսերենի տարածման՝ կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։

Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի տարածքում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Հանդիպման ավարտին վարչապետը գրառում է կատարել նաև ՖՄԿ «Ոսկե մատյանում», որում նշել է. «Ֆրանկոֆոնիայի կենտրոնակայան կատարելիք իմ այցի առթիվ, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող` վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ գործել հանուն Ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման»։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը: Այն վարել է «Նյու Յորք Թայմս Եվրոպայի» գլխավոր դիվանագիտական թղթակից Սթիվեն Էլանգերը: Վարչապետին հրավիրելով ելույթի` Սթիվեն Էրլանգերը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մարդ է և ինքը հատուկ վերաբերմունք ունի նրա հանդեպ, քանի որ նա նախկին լրագրող է, մի քանի անգամ եղել է բանտում, այնուհետև դարձել է իր երկրի վարչապետը: «Սա մի շատ արտասովոր ճանապարհ է։ Ես Մոսկվայի նախկին թղթակից եմ, եղել եմ Ձեր երկրում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ լինելու համար»,- ասել է Էրլանգերը:

Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` նման կարևոր նախաձեռնության համար և նշել, որ այն կարևոր պլատֆորմ է՝ քննարկելու անվտանգության ժամանակակից մարտահրավերները և մշակելու համատեղ բանաձևեր` այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։

«Ի՞նչ պետք է իմանաք մեր երկրի անվտանգային միջավայրի վերաբերյալ. շատ տարօրինակ փաստ պետք է արձանագրեմ, մեր չորս սահմաններից երկուսը փակ են, մյուս երկուսն, այսպես ասած, կիսափակ են։ Ինչո՞ւ կիսափակ, որովհետև հարավից մենք սահման ունենք Իրանի հետ, և ինչպես գիտեք, կա որոշակի լարվածություն Իրանի շուրջ, մեր հյուսիսային սահմանը Վրաստանի հետ է և լարված հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի միջև որոշակի բացասական ազդեցություն են ունենում։

Բայց իհարկե մեզ համար անվտանգության ամենակարևոր մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի հարցն է։ Եվ, անկեղծ ասած, դառնալով Հայաստանի վարչապետ և ընդգրկվելով միջազգային հարաբերություններում՝ ես անակնալի եկա, որ միջազգային հանրության շրջանում ԼՂ հարցի վերաբերյալ մի շարք թյուրըմբռնումներ կան։

Եվ մի հետաքրքիր փաստ էլ կա. ով շահագրգռված է ԼՂ հարցով, պետք է իմանա, թե ինչո՞ւ է այս կոնֆլիկտն առաջացել։ Առաջին հերթին, պատճառը Ստալինյան ռեժիմի որոշումն էր՝ Ղարաբաղը հանձնել նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանին։ Երբ 1986-ին Միխայիլ Գորբաչովը դարձավ Խորհրդային միության ղեկավար, նա սկսեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթաց և հայտարարեց ժողովրդավարություն, պերեստրոյկա։ Ղարաբաղի բնակչության գերակշիռ մեծամասնությունը, որ եղել և մնում են հայեր, և նրանք ունեին ինքնավար մարզի կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանում, որոշեցին օգտագործել այս հնարավորությունը և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից։

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները որոշեցին ճնշել այս շարժումը օգտագործելով ուժային լծակներ՝ ոստիկանություն և այլ։ Այս կոնֆլիկտի ամենասկզբնական փուլն այսպես է ձևավորվել։ Այնուհետև, երբ սկսվել է ԽՍՀՄ փլուզումը, Ադրբեջանը, ինչպես շատ այլ խորհրդային պետություններ, որոշեց դառնալ անկախ պետություն։ Իսկ ԽՍՀՄ օրենքն ասում էր, որ եթե որևէ անդամ հանրապետություն որոշում է անկախանալ, ապա նրա կազմում գտնվող ինքնավար մարզն ինքն է որոշում իր ապագան։

Այդպես, Ադրբեջանին զուգահեռ Լեռնային Ղարաբաղը ևս սկսեց անկախացման գործընթաց։ Եվ ինչպես Ադրբեջանը անջատվեց ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂ-ն անջատվեց Ադրբեջանից։ Արդյունքում, Ադրբեջանը որոշեց ռազմական ուժ կիրառել` պարտադրելով և ճնշելով ԼՂ ժողովրդին. նա պատերազմ սկսեց։ Կային ԼՂ-ում շատ տարածքներ, որտեղ էթնիկ զտումներ սկսեցին, և արդյունքում ԼՂ-ի հայերը՝ բնակչության մոտ 80-85 %-ը, սկսեցին ինքնապաշտպանություն։ Եվ պարզվեց, որ նրանք ի վիճակի են դա անել։ Նրանք ստիպեցին Ադրբեջանին համակերպվել իրավիճակի հետ։

1995 թ-ին` մայիսի 12-ին, հրադադարի համաձայնագիր ստորագրվեց Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Դրանից հետո, և նույնիսկ դրանից առաջ, սկսվել էր բանակցային գործընթացը, մշակվեց բանակցությունների ձևաչափ։ Համաձայն միջազգային ատյանների որոշումների՝ այն ունեցավ երեք կողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան։

Բանակցային գործընթացը սկսել է նույնիսկ 1992-ից։ Շատ երկար ժամանակ ԼՂ-ն ընդգրկված էր բանակցային գործընթացում՝ որպես կողմ։ Ի դեպ՝ որոշ հանդիպումներ կայացան Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների, նաև Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև։ Դժբախտաբար, ԼՂ կոնֆլիկտը դեռ լուծված չէ։

Մի քանի պատճառ կա դրա համար։ Առաջինը` 1998-ին ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից: Արդյունքում (ոչ միայն այս գործոնի բերումով, բայց նաև դրա)` այժմ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել ԼՂ-ի հետ։ Մերժում է անգամ բանակցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափում, ուր ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները։ Մինչդեռ համաձայն այս ձևաչափի՝ կան բանակցային երեք կողմեր՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։

Մյուս կողմից, Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանի մաս կազմի։ Բայց դա շատ տարօրինակ պնդում է, որովհետև հնարավոր չէ հասկանալ՝ ինչպես կարող է Ադրբեջանի կառավարությունը համարել ԼՂ-ն իր տարածքային ամբողջականության մի մաս՝ սակայն հրաժարվել խոսել նրա հետ։ Տարօրինակ չէ՞։ Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ ուզում են ԼՂ-ն Ադրբեջանի մաս տեսնել, բայց հրաժարվում են ԼՂ-ի ժողովրդի հետ բանակցել։ Ի՞նչ է դա նշանակում։ Միայն մի բան. դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ՝ տարածքներ, առանց ժողովրդի:

Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում: Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրացիները հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում: Որևէ երկրի քաղաքացի, ով կրում է հայկական ազգանուն կամ հայկական ծագում ունի, չի կարող մուտք գործել Ադրբեջան: Այդպես եղավ ԱՄՆ քաղաքացի Bloomberg-ի լրագրողուհու, թուրքական նվագախմբի երաժիշտի, ութ տարեկան երեխայի և ռուսաստանցի ութսունամյա թոշակառուի դեպքում:

Վերջերս էլ մի վարորդ ձերբակալվել էր միայն նրա համար, որ հայկական երաժշտություն էր լսում մեքենայում:

Առավել տխրահռչակ դեպք կատարվեց «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, ով բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում, որը կայացավ ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելեցին Մխիթարյանի անունը կրող վերնաշապիկները, և դրանցով զբոսնող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվեցին Բաքվի փողոցներում:

Հաջորդը ի՞նչ է լինելու։

Ակնհայտ է, որ պետք է իրական ջանքեր գործադրել խնդիրը լուծելու համար։ Մենք ունենք, այսպես ասած, հավասար հնարավորություններ Ադրբեջանի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ՝ խնդիրը լուծելու համար։

Իմ պաշտոնավարման ամենասկզբում ես հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ-ի և Հայաստանի ժողովուրդների համար։ Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով հայտարարեց, որ ԼՂ հարցի ցանկացած լուծման տարբերակ պետք է Ադրբեջանի ժողովրդի համար ևս ընդունելի լինի։ Եվ մեր երկրի ընդդիմությունը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։

Իմ պատասխանը շատ պարզ է. որովետև ես վստահ եմ՝ եթե մենք այդ հարցին կայուն լուծում ենք ուզում, ապա պետք է հաշվի առնենք դրանում ներգրավված բոլոր կողմերի շահերը։ Ես այդ հայտարարությունն արեցի՝ հույսով, որ կլսենք համանման հայտարարություն Ադրբեջանի ղեկավարության` իմ գործընկեր Իլհամ Ալիևի կողմից։ Եթե համանման մի հայտարարություն լսեինք պարոն Ալիևի կողմից, դա իսկական բեկում կմտցներ բանակցային գործընթացում։ Ես ուզում եմ այս շատ կարևոր հարթակից, շատ կարևոր խորագիր կրող միջոցառման վայրից (Փարիզի խաղաղության ֆորում) կոչ անել մեր գործընկերներին` նմանօրինակ հայտարարություն անել, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ժողովուրդների համար։ Իհարկե սա հեշտ խնդիր չէ, բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ինչը նշանակում է նաև տարածաշրջանի ապագայի, ինչը նշանակում է մեր աշխարհի ապագայի համար, մենք պետք է իրական ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է քննարկմանը մասնակից, Վարդենիսում ծնված ադրբեջանցի բլոգերի` Լեռնային Ղարաբաղի հետ կապված ՄԱԿ-ի բանաձևերի, Արցախին Ադրբեջանի կազմում բարձրագույն ինքնավարություն տրամադրելու, հայկական ազգանուններով քաղաքացիների` Ադրբեջան մուտք գործելու մասին հարցին:

«Նախևառաջ Վարդենիսի մասով. եկեք հիշենք ժամանակները, երբ հայերն ապրում էին Ադրբեջանում, և երբ ադրբեջանցիներն ապրում էին Հայաստանում։ Ես շատ լավ հիշում եմ այդ ժամանակները։ Ադրբեջանի հայերն սպանվեցին Սումգայիթում, հետո սպանդը շարունակվեց Բաքվում, դա տարածվեց նաև Ղարաբաղում և այլն։ Հայ չմնաց Ադրբեջանում, նրանք հաճախ առանց հագուստ վերցնելու էին փախուստի դիմում։

Իսկ Հայաստանի ադրբեջանցիների հետ ի՞նչ եղավ։ Հայկական կառավարության որոշմամբ՝ հատուկ ավտոբուսներ տրամադրվեցին նրանց, ոստիկանությունն էր ուղեկցում, և որևէ ադրբեջանցի չվիրավորվեց այս ողջ գործընթացքում։ Այս նկարագրությունները շատ ցայտուն վկայությունն են կոնֆլիկտի ողջ պատկերի։

Դուք Ձեր հարցում նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս. ճիշտ չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստանձնած առաքելությունը հենց դա է. միջնորդել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոնման հարցում։ Եվ ինչո՞ւ է Ադրբեջանը ներգրավված այս բանակցությունների գործընթացում՝ որպես կողմ, եթե Ղարաբաղն արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված իր հատվածն է։ Դա տարօրինակ չէ՞։

Ես ակնկալում եմ գտնել կոնֆլիկտի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար։ Ես սա հայտարարել եմ Ստեփանակերտում, և մեկ տարի է՝ սպասում եմ լսելու նմանօրինակ մի հայտարարություն Ադրբեջանի կառավարությունից։ Անձնապես խնդրել եմ պարոն Ալիևին բեկում մտցնել այս գործընթացում։ Բայց դժբախտաբար նա շարունակում է հայտարարել, որ Զանգեզուրը, Սյունիքը, Սևանա լիճը կամ մայրաքաղաք Երևանը Ադրբեջանի տարածքներ են։ Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել։ Իսկ ինչ էիք սպասում, որ ես հայտարարեմ, այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում են, որ գրավելու են ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրն ու Երևանը: Մեր առաջարկը խաղաղությունն է, մենք չենք սպառնում որևէ մեկին տարածաշրջանում, մենք ուզում ենք պատրաստել մեր հասարակությանը խաղաղության համար»,- ասել է վարչապետը:

* * *

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, որտեղ մասնակցել է կազմակերպության 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին:

Կենտրոնակայանի մուտքի մոտ վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն: Լուսանկարահանման արարողությունից հետո վարչապետը մասնակցել է Reinventing learning թեմատիկ քննարկմանը, որին մասնակցել են նաև մի շարք երկրների և պատվիրակությունների ղեկավարներ:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման համակարգի, ինչպես նաև կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանը կրթության որակի բարձրացումը համարել է ռազմավարական խնդիր և նշել, որ ոլորտի զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետը նշել է, որ կրթությունը հասարակության համար ունի ռազմավարական նշանակություն և կառավարության խնդիրն է նորարարական ծրագրերի միջոցով խթանել ոլորտի առաջընթացն ու բարելավել ենթակառուցվածքները:

Այնուհետև վարչապետը հարցազրույց է տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը և վերահաստատել մեր երկրի աջակցությունը կազմակերպության կողմից աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող մարդասիրական առաքելություններին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է կրթության խթանմանը` որպես հզոր գործիք երիտասարդ սերունդներին խաղաղության, երկխոսության, մարդու իրավունքների, հանդուրժողականության և ոչ խտրականության ոգով դաստիարակելու գործում:

Վարչապետը հավելել է, որ կառավարությունը լիակատար աջակցություն է հայտնում Երևանի պետական համալսարանի` Կրթության և ցեղասպանության կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն ստեղծելու առաջարկությանը եւ նշել, որ կրթությունը ցեղասպանության կանխարգելման հզոր գործիք է:

Օդրի Ազուլեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար և բարձր գնահատել Հայաստանի ջանքերը` մշակութային հարուստ ժառանգության պահպանման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ իր գլխավորած կառույցը շահագրգիռ է զարգացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը` վերը նշված ուղղություններով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության, կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակութի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

* * *

Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Նրանց թվում են եղել` Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած քննարկումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտությանը:

Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Արդեն ավանդույթ է դարձել, որ օտարերկրյա այցերը պարտադիր ուղեկցվում են համայնքի ներկայացուցչների հետ հանդիպումներով, ավելի նեղ, ընդլայնված կազմերով: Սա կարևոր արձանագրում է և արտահայտում է այն նոր քաղաքականությունը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարում է Հայաստան-Սփյուռք հարաբերություների տիրույթում, դրա իմաստը` համահայկականության հաստատումը որպես առաջնահերթություն արձանագրելն է:

Եվ ուզում եմ արձանագրել, որ այդ նոր քաղաքականության իմաստը ճիշտ նույն կերպ ընկալված է նաև միջազգային գործընկերների կողմից, երեկ և այսօր զրույց եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ և այդ երկու հանդիպումների ընթացքում էլ Ֆրանսիայի նախագահը հատուկ անդրադարձ է ունեցել ֆրանսիայի հայ համայնքին:

Եվ սա ինձ առանձնապես ուրախացնում է այն փաստով, որ օրինակ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի կառավարությանը, Հայաստանը և Սփյուռքը դիտարկում է որպես մեկ ամբողջություն: Եվ մեր շփումներում իմ բարեկամը` էմանուելը, անընդհատ ուզում է ընդգծել, թե ինչքան կարևոր, ազդեցիկ է Ֆրանսիայի հայ համանքը և ինչպիսի մեծ դերակատարում ունի Ֆրանսիայի հանրային կյանքում, բոլոր ոլորտներում: Եվ ինձ համար մեծ պատիվ է, երբ նա անուններով, ազգանուններով հիշում է մի շարք մարդկանց, ովքեր այսօրվա երեկոյին ներկա են:

Այս ֆոնին մնացած հարցերը կարծես ինքնաբերաբար են լուծվում, Ֆրանսիայի հայության մասին խոսակցությունից հետո արդեն ակնհայտ է, եթե իրենք հարց ունեն մեզ հետ` այն պետք է անպայման լուծենք և եթե մենք ունենք հարց իրենց հետ` այդ հարցը անպայման պետք է լուծվի: Եվ ուզում եմ անկեղծ ասել, որ երեկ և այսօր մեր զրույցների ընթացքում պայմանավորվեցինք, որ մեր օրակարգի բոլոր հարցերը արագ լուծում կստանան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ հնարավորության համար, որովհետև ձեր ներկայությունը, հեղինակությունը, հանգամանքն է, որ բոլոր հարցերին լուծումներ է տալիս և ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեր և Ֆրանսիայի համար այդպիսի ուժեղ թիկունք եք ստեղծել: Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը պետք է լուծենք, որովհետև դրանք շատ կարևոր են բոլորիս համար:

Իրականում համահայակականության գաղափարը շատ կարևոր է մեզ համար, որի հիմնական գաղափարը հետևյալն է. չկա սահման Հայաստանի և Սփյուռքի միջև, մենք մի ամբողջություն ենք և երբ հանդես ենք գալիս այդպես` բոլոր հարցերն այլ պատկեր են ստանում և բոլոր հարցերը դառնում են լուծելի:

Մեր կառավարության նպատակն այսպիսի իրավիճակ ստեղծելն է. Հայաստանի Հանրապետությունն ամբողջ հայության ներկայացուցիչն է և սա այն վճռական գործոնն է, որ պետք է թույլ տա իրական փոփոխություններ մտցնել մեր երկրի, ժողովրդի պատմական ճակատագրի մեջ, այդ ճակատագիրը հանել այն արատավոր ցիկլից, երբ մեր բախտը բերում է և աշխարհաքաղաքական հանգամանքները նպաստվոր են` ունենում ենք պետականություն, իսկ երբ այն փոխվում է` մենք կորցնում ենք այդ ամենը: Մեր խնդիրն է` դուրս գալ այդ ցիկլից և կարող եմ վստահ ասել, որ այսօր մենք քայլ առ քայլ դուրս ենք գալիս այդ ցիկլից:

Եվ հիմա պետք է տեղյակ պահեմ ձեզ. այս մեկուկես տարվա գործունեությունից հետո կարող եմ ասել, արձանագրել, որ մենք արդեն շոշափելի հաջողություններ ունենք նաև արտաքին քաղաքականության ոլորտում: Լեռնային Ղարաբաղի հարցում ձևավորվում է բոլորովին նոր ասելիք և բովանդակություն, որն ուղիղ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի իրական ասելիքի և բովանդակության հետ: Իմ համար վարչապետի կարգավիճակում ամենամեծ զարմանքն այն է, որ միջազգային հանրությունն, այնուամենայնիվ, կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակության մասին պատկերացումը և դա համատարած ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Եվ կարող եմ ասել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք աշխատում էինք ԼՂ հարցի իրական բովանադակությունը, այն, որ մենք մեր ներսում կրում ենք, դնել որպես արձանագրում միջազգային հանրության սեղանին: Մինչև բոլորովին վերջերս տպավորություն էր, որ այդ խոսակցության մեջ միայնակ ենք, բայց հիմա կարող եմ արձանագրել, որ մեր ասելիքը ընկալվում, հասկացվում է միջազգային հանրության կողմից, և ես սա համարում եմ հաջողություն:

Այսօր կարող եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ի վերջո, ավելի խորությամբ են ընկալում և ընդունում մեր դիրքորոշումները. նրանց համար կարծես մեր դիրքորոշումներն ավելի հասկանալի են, և այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով: Այսպիսի իրավիճակ չի եղել երբեք, մենք չենք ունեցել մի իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի պատկերացումները մինչև վերջին նյուանսը նույնական լինի, կամ առնվազն այնքան նույնական չեն եղել, որքան այսօր:

Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ կարևոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ և մենք շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են:

Ուզում եմ արձանագրել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բոլորդ էլ ականատես եք եղել. որոշակի հոռետեսական գնահատումներ են հնչել, օրինակ, հայ-ռուսական հարաբերություններում: Կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի և ՌԴ-ի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում մեր հարաբերությունների, բովանդակության, ռազմավարության ներկայի և ապագայի վերաբերյալ: Եվ հույս ունեմ որ ՌԴ ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները հիմա արդեն ակնհայտ են դարձնում այդ իրողությունը:

Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք մեծ խնդիրներ չենք ունեցել և այսօր էլ չունենք: Հայ-վրացական հարաբերությունները, թույլ տվեք պնդել, երբեք ավելի բարձր մակարդակի չեն եղել: Իրանի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, ԱՄՆ-ի հետ մենք մեկնարկել ենք ռազմավարական երկխոսություն և կան բոլոր նշաններն արձանագրելու, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման»:

Անդրադառնալով ներհայաստանյան իրականությանը` վարչապետը նշել է, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, քաղաքացիների ազատությունը, ժողովրդի իշխանությունը Հայաստանում այլընտրանք չունեն: «Միջազգային շատ հարթակներում, այսօր էլ գործընկերներիս ելույթները լսելիս արձանագրում էի, որ նրանք խոսում էին իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Ես այդ ելույթները լսելով, ինքս իմ ներսում խոսում էի, որ մեզ այդ ճանապարհը չի կարող հետաքրքիր լինել, որովհետև մենք պետք է խոսենք ոչ թե կոռուպցիան նվազեցնելու, այլ այն արմատախիլ անելու մասին:

Եվ մենք հստակ գնում ենք այդ ճանապարհով ու որևէ նախկին, ներկա կամ ապագա պաշտոնյա չի կարող հույս ունենալ որ կարող է դուրս մնալ այս տրամաբանությունից: Մեր կուսակցական փակ ժողովներում մի քանի անգամ այս քննարկումն ունեցել ենք և ասել. Հայաստանից կամ ժողովրդից մի կոպեկ գողացողն ուղիղ անձնական թշնամի է մեզ համար: Մնացածն արդեն բանավեճ է Հայաստանի ապագայի մասին և ես համոզված եմ, որ այն գնալով ավելի ու ավելի բովանդակային կդառնա:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր բանավիճում են մեզ հետ, քննադատում, որովհետև դրանով հնարավորություն են տալիս մեզ սրբագրել մեր սխալները: Մենք այսպես ենք ընկալում մեր անելիքն առաջիկայում:

Ես չեմ կարող երաշխավորել, որ մեր կառավարությունը, անձամբ ես կլինենք անսխալական, բայց կարող եմ երաշխավորել, որ մեր ժողովուրդը կունենա հնարավորություն` ուղղել մեր սխալներն այն ժամանակ, երբ կհամարի, որ մենք սպառել ենք մեր սխալներն ուղղելու հնարավորությունները: Որովհետև մենք այսօր հանդես ենք գալիս որպես ՀՀ կառավարություն, որպես ՀՀ իշխանություն, բայց ուզում եմ արձանագրել, որ ՀՀ –ում իշխանությունը պատկանում է ՀՀ հպարտ քաղաքացուն և մենք մեզ ընկալում ենք որպես քաղաքացուն, երկրին ծառայություն մատուցող: Ուզում եմ հավաստիացնել, որ այդ ծառայությունը կմատուցենք մեր կարողությունների առավելագույն ուժերով: Մնացածն արդեն քաղաքացիների գնահատման խնդիրն է:

Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում, կեցցե՛ սփյուռքը, որոնց երեխաները ապրելու են և այսօր էլ ապրում են Հայաստանում: Համոզված եմ, որ բոլորդ ապրում եք Հայաստանով, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:

Այնուհետև վարչապետը պատասխանել է ընդունելության մասնակիցների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում կրթության ոլորտի զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացումներին և այլ թեմաների:

← Վերադառնալ