Արտերկրյա այցեր

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Իտալիա. վարչապետն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանություն

20.11.2019 - 22.11.2019

ևս 168 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր ժամանել է Իտալիայի Հանրապետություն:

Վարչապետի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։

Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը ներկայացրել է վերջին օրերին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։ Նրա խոսքով՝ ջրով լցված են եղել շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր և զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։ Ներկայում հաշվարկվում է վնասի չափը։ Վարչապետ Փաշինյանը զորակցություն է հայտնել Մխիթարյան միաբանությանը և ուրախություն հայտնել այն կապակցությամբ, որ անդառնալի որևէ վնաս չի պատճառվել։ Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում, ապա այցելել միաբանության գրադարան, ծանոթացել այնտեղ ներկայացված ձեռագրերին և գրառում կատարել «Ոսկե» գրքում։

Իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եկանք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել։

Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության, արվեստի կարևորագույն աղբյուրներից մեկն է։

Այն ժամանակ, երբ հայկական ինքնությունը վտանգված էր հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի իսկական տաճար դարձավ։

Իմ խոնարհումն այդ առաքելության բոլոր նվիրյալներին։»

Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ։

Ողջունելով վարչապետին՝ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը նշել է.

«Պարոն վարչապետ,

Ես կցանկանայի Ձեզ դիմավորել Շիրազի խոսքով. «Օտար ափերում դու հայոց հույս, քեզնով է հայոց հույսը նորոգվում»։ Իսկապես այսօր այդպիսի նորոգության պահեր, դրվագներ են։ Շատ մեծ բան կա խոսելու Մխիթարյան միաբանության մասին. երեք հարյուր տարվա պատմություն կա, ամեն ընկերություն ունենում է իր ելևէջները։ Մխիթարյան միաբանությունն ունեցել է շատ դժվար պահեր և միշտ վերահաստատվել է, այս տարածաշրջանում միակ վանքն է, որ վերահաստատվել է։ Այս վերջին շրջանում մենք ունեցանք դժվարություններ, բայց վստահ ենք, որ Աստծո օգնությամբ և ողջ հայ ժողովրդի, հայ պետականության թիկունքով և նեցուկով պիտի կարողանանք բոլոր դժվարությունները հաղթահարել»։

Շնորհակալություն հայտնելով խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայր Լևոն,

իհարկե, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը։ Ցավում եմ, որ այստեղ լինելու առիթը կապված է ջրհեղեղի հետ։ Բայց, մյուս կողմից, իսկապես ուրախ եմ, որ անդառնալի, անվերականգնելի վնաս չի պատճառվել, և, ինչպես առիթ ունեցա գրելու մատյանում, Մխիթարյան միաբանությունը մեր իրականության մեջ իսկապես շատ մեծ դերակատարում ունի։ Այն ժամանակներում, երբ մեր ինքնությունը հայրենիքում վտանգված էր և նույնիսկ գտնվում էր ոչնչացման եզրին, Մխիթարյան միաբանությունը դարձավ այն տեղը, որտեղ մեր պատմությունը, մեր լեզուն, մեր գիտությունը, մեր արվեստն ուսումնասիրվեց, ըստ էության, մեր արմատների հետ մեր հաղորդակցության մի կարևորագույն գիտական առաջին հերթին օջախ դարձավ, և նրա դերն, իրոք, անգնահատելի է։ Ես շատ հուզված եմ այստեղ լինելու առիթով և համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունը՝ գիտության, հայագիտության, մեր պատմության, մշակույթի այս կոթողը, դեռ շատ երկար իր խորհրդանշական և գուցե, ուզում եմ նաև հավատալ և պիտի այնպես անել, որ գործնական դերակատարումը նույնպես շարունակի ունենալ։ Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար»։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում և այցը սկսել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն այցելությամբ:

Միաբանությունում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը միաբանության և Վենետիկի հայ համայնքի անունից ողջունել է Նիկոլ Փաշինյանին Մխիթարյան միաբանությունում և մաղթել հաջողություններ պետական գործունեության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հայր Լևոն,
հարգելի հայրենակիցներ,
սիրելի հյուրեր,

շատ ուրախ եմ այս առիթի համար։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ իհարկե, զուտ ֆորմալ առիթն այստեղ այցելելու ջրհեղեղն է, որը, ցավոք, վնասեց նաև Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունը։ Բայց, իհարկե, անպայման առիթ պիտի փնտրեի լինելու այստեղ, որովհետև նախկինում առիթ չեմ ունեցել, և Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունն իրականության և պատմության համար շատ կարևոր նշանակություն ունի։ Համոզված եմ, որ հետագայում էլ շատ կարևոր դեր պիտի ունենա։

Այն ժառանգությունը՝ գիտական, որ ստեղծվել է այստեղ, առաջին հերթին՝ հայագիտական, հայոց լեզվի, մեր պատմության հետ առնչվող, իսկապես դրվել է մեր նոր գիտության և կրթության հիմքում, և դա շատ կարևոր է։ Կարևոր է նաև, որ մենք գնահատենք մեր ինքնության, զարգացման և ինքնաճանաչման գործում կարևորագույն նշանակություն ունեցող այս գիտական տաճարը, այս հոգևոր կենտրոնը, և իսկապես սա մեծ պատիվ է ինձ համար։ Ամենակարևորն արձանագրելն է, որ Մխիթարյան միաբանությանն անշրջելի վնասներ չեն պատճառվել. վնասները կվերականգնվեն, և պետք է առաջ նայել։ Ցանկանում եմ ի սրտե հաջողություններ մաղթել Մխիթարյան միաբանությանը և ընդհանրապես մեր ժողովրդին։

Ցանկանում եմ ասել, որ քաղաքական այն ուժը, որ ես ներկայացնում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը մեր ինքնության պահպանումը և զարգացումն է։ Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար և ուզում եմ նաև ընդգծել, որ շատ հաճախ մենք պսպղան կարգախոսների ներքո իրականում վնասում ենք ինքներս մեր ինքնությունը, կորցնում ենք մեր պատմությունը, կորցնում ենք մեր հետագիծը և ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները։ Մեր կառավարության մեծ առաքելություներից մեկը համարում եմ հենց սա, որ մենք մեր ինքնության, մեր պատմության, մեր անցյալի հետ հաշտ լինենք, ինքներս մեզ ճանաչենք ամբողջության մեջ, որովհետև ինքներս մեզ թերճանաչելու գործընթացը նշանակում է թերճանաչել և թերգնահատել մեր այն ներուժը, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես պետություն ունենք։ Այս ինքնության ճանաչման և զարգացման գործում ամենակարևոր խնդիրը և նպատակն, իհարկե, ապագան է, և համոզված եմ, որ մեր ազգային համախմբումը, հայ ժողովրդի համախմբումն անցնում է հենց ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու այս անհրաժեշտությամբ։ Այս գործում Մխիթարյան միաբանությունը շատ կարևոր դերակատարում ունեցել է և շատ կարևոր դերակատարում պիտի ունենա։ Համոզված եմ՝ շատ նյութեր հետազոտված են, դեռ շատ նյութ կա այստեղ հետազոտելու։ Սա պետք է լինի նաև հայաստանյան գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում, և մենք պետք է ապագայի վերաբերյալ համագործակցության շուրջ նույնպես կարողանանք մտածել»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հանդիպելու Վենետիկի հայ համայնքին և իր արտերկրյա բոլոր այցերը մշտապես ուղեկցվում են հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով, քանի որ դա կառավարության գործունեության տրամաբանության մեջ են մտնում։ «Մեր կառավարությունը ազգային օրակարգի իմաստով խնդիր է ձևակերպել Ստեփանակերտում՝ հատվածականությունը համահայկականությամբ փոխարինելու, և դա նշանակում է, որ մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն առավել արդյունավետ, առավել մրցունակ և առավել ուժեղ կլինի, եթե ներկայանա ոչ միայն որպես ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչ, այլև ներկայանա որպես համայն հայ ժողովրդի ներկայացուցիչ», - ասել է կառավարության ղեկավարը։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է համահայկականության գաղափարին՝ նշելով. «Մեզ համար գաղափարաբանորեն Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ՀՀ քաղաքացիների կողմից հիմնադրված պետություն է, այլև հայ ժողովրդի կողմից հիմնադրված պետությունն է, որովհետև ՀՀ սահմանադրության նախաբանում հենց այդպես էլ գրված է։ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի պետությունն է, բոլոր հայերի պետությունն է՝ անկախ նրանից դե յուրե նրանք ունեն ՀՀ քաղաքացիություն, թե ոչ։ Իհարկե, մեր աշխատանքը և նպատակը պետք է ուղղված լինի նաև նրան, որպեսզի աշխարհի բոլոր հայերը նաև դե յուրե ունենան ՀՀ քաղաքացիություն, և Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայկական կյանքի առանցքը, պետք է լինի ամբողջ աշխարհում համայն հայության շահերի ներկայացուցիչը, և աշխարհի բոլոր հայերը պետք է հանդես գան նաև որպես ՀՀ ներկայացուցիչ և ՀՀ քաղաքացի»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ անընդհատ եղել է բանավեճը ազգային գաղափարախոսության մասին։ Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր հայ պետք է ապրի Հայաստանով՝ անկախ նրանից, թե ապրում է Հայաստանում, թե ոչ, քանի որ հենց դա է համահայկականությունը։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից խոսելու մանդատ է ստացել, և ՀՀ ցանկացած կառավարություն պետք է ունենա լեգիտիմություն՝ խոսելու հայ ժողովրդի անունից, պետք է լինի ազգային օրակարգի կառավարություն։ Կառավարության ղեկավարն ասել է, որ հեղափոխության օրերին բազմաթիվ նամակներ է ստացել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերից, որոնք իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնել հեղափոխությանը։ Դա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, վկայում էր այն մասին, որ 2018 թվականին տեղի էր ունենում համահայկական գործընթաց, որը հանգեցրեց Հայաստանում արմատական փոփոխությունների։ Վարչապետն անդրադարձել է մինչ հեղափոխությանը մեր երկրի տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն կարգերին, մենաշնորհներին և նշել, որ այդ գործընթացների պատճառով այսօր Հայաստանում բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալ որակի խնդիր կա։ Այժմ պետք է համախմբել համազգային ներուժը և նպատակաուղղել հայրենիքի զարգացմանը։

Ի պատասխան ազգային ինքնության գաղափարախոսության և Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է շատ հարցերում Սփյուռքի հետ համագործակցությունը, բայց սփյուռքահայ շրջանակների ներգրավվածության առումով խնդիր է առաջանում։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հանձնարարել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարին՝ խորհրդակցել սփյուռքահայ հնարավորինս լայն շրջանակների հետ և համահայկական կառույցի ձևավորման առաջարկներ ներկայացնել։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հայկական պետականության հավերժականության հարցին և ընդգծել, որ աշխարհաքաղաքական գործոններից կախվածությունը հնարավորինս պետք է նվազեցնել, իսկ դրա համար մեզ պետք է ազգային նոր մտածելակերպ, նոր մոտեցում։

Վենետիկից վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Միլան, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպում կունենա Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի «Dialogue on Future» խորագրով քննարկմանը: Միլանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լոմբարդիա նահանգի ղեկավարության, ինչպես նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին:

* * *

Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Միլան քաղաք, որտեղ նախատեսվում են ՀՀ վարչապետի մասնակցությամբ մի շարք միջոցառումներ և հանդիպումներ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի և հանդիպել Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետին դիմավորել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Բարիգալստյան աղոթքից և Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ողջույնի խոսքից հետո վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Գերաշնորհ Տեր,
Հոգևոր հայրեր,
Հայաստանի Հանրապետության կառավարության հարգելի անդամներ,
Միլանի հայ համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար։ Շատ ուրախ եմ այսօր այստեղ ներկա գտնվելու և իրար հետ լինելու առիթով։

Շատ խորհրդանշական է, որ ես Իտալիա եմ ժամանել պաշտոնական այցի առիթով, բայց առայժմ գտնվում եմ բացառապես հայկական օրակարգի շրջանակում։ Մենք այստեղ եկանք Վենետիկից, որտեղ մեր պատվիրակության հետ այցելեցինք Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանություն, և ահա մեր երկրորդ հանգրվանը Միլանի Հայ Առաքելական եկեղեցին է։ Եվ, իսկապես, սա շատ սիմվոլիկ է, որովհետև մենք՝ կապ չունի ինչ օրակարգով և որ երկիր ենք գնում, սկսած Սինգապուր կատարած իմ այցից, մենք տեսնում ենք հայոց պատմության յուրօրինակ նմուշներ։ Աշխարհի բոլոր կողմերում մենք հանդիպում ենք մեր հայրենակիցների հետ, և թերևս մեր այսպիսի սփռվածությունն աշխարհում, որպես կանոն, ընկալում ենք, և դրանում ճշմարտություն կա՝ որպես մեր պատմական դժբախտության հետևանք։ Բայց հիմա՝ այս նոր ժամանակներում, մենք փորձ պիտի անենք այդ պատմական մեր դժվարությունների հետևանքները դարձնելու մի նոր առավելություն մեր ժողովրդի, մեր պետության համար, որովհետև այս ուժը, որ մենք ունենք ամբողջ աշխարհում, այն կառուցողական ուժը, շատ կարևոր եմ համարում։ Սինգապուրի ամենահին եկեղեցին հայկական եկեղեցին է, և ուզում եմ ընդգծել, որ հայերը բոլոր երկրներում, որտեղ եղել են, նպաստել են այդ երկրի շենացմանը, ավանդ են ունեցել այդ երկրի տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության մեջ, և սա թերևս մեր ազգին, մեր ժողովրդին բնորոշ ամենակարևոր գիծն է։ Եվ եթե թարգմանենք այս ասածը ժամանակակից տերմինաբանությամբ՝ գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիան պետք է դառնան մեր ժողովրդի, մեր պետության 21-րդ դարի առանցքային իմիջը։ Մենք այս իմիջով պետք է ներկայանանք՝ նախ ինքներս մեզ, ապա և աշխարհին։

Սրբազանը խոսեց փոփոխությունների մասին, ես այս ընթացքում հիշեցի, որ 2-3 օր առաջ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել էի Ղուկասի ավետարանից Տասը մնասի առակը, որն, իմ կարծիքով, փոփոխությունների մասին է։ Ներողություն խնդրելով, որ հոգևոր հայրերի ներկայությամբ և այս տանիքի ներքո պիտի խոսեմ Ավետարանից, բայց ես միշտ փորձել եմ Ավետարանի մեջ գտնել ոչ միայն զուտ հոգևոր կամ կրոնական կյանքին, այլև աշխարհիկ կյանքին առնչվող իմաստներ։

Տասը մնասի առակը հետևյալի մասին է, համոզված եմ, բոլորդ գիտեք, բայց իմ խոսքը կառուցելու համար կարճ պատմեմ. մարդը, տերը ինչ-որ տեղ մեկնելուց առաջ ինչ-որ նպատակով հրավիրում է իր ծառաներին և նրանց տալիս է տասը մնաս կամ տասը դրամ, հորդորում է նրանց վերցնել այդ դրամը և խոստանում է, որ վերադարձին պիտի հաշիվ պահանջի այդ դրամի համար։ Եվ երբ վերադառնում է, կանչում է առաջին ծառային և հարցնում է՝ ի՞նչ արեցիր իմ դրամը, նա ասում է՝ ահա ես քո այս դրամն աշխատացրի և շահեցի ևս տասը դրամ, և տերը գովում է նրան, ասում է՝ ևս տասը քաղաքի կառավարիչ կդարձնեմ քեզ։ Երկրորդ ծառային է ասում, նա էլ է ասում, որ ահա քո դրամը կիրառելու արդյունքում ևս հինգ դրամ շահեցի, նրան նույնպես գովում է, ասում է՝ ևս հինգ քաղաքի կառավարիչ կդարձնեմ քեզ։ Եվ երբ հրավիրում է երրորդ ծառային, ասում է, նա ասում է՝ գիտեի, որ խիստ մարդ ես և հնձում ես այն, ինչ չես ցանել, վերցնում ես այն, ինչ չես դրել, և չկորցնելու համար քո տված դրամը ես պահեցի և նույնկերպ վերադարձնում եմ քեզ։ Տերը բարկանում է այդ ծառայի վրա՝ ասելով, որ ինչու այդ դրամը չկիրառեցիր և դրանից շահույթ ձեռք չբերեցիր, և ասում է՝ որպես պատիժ վերցրեք նրանից տասը մնասը և տվեք նրանց, ովքեր շահել են արդեն տասը և հինգ քաղաքներ։ Եվ եզրակացությունը հետևյալն է. երբ նրան ասում են՝ բայց չէ՞ որ նրանք արդեն ունեն այդ գումարը, ինչո՞ւ ես նրանց նոր գումար տալիս, շատ կարևոր պատասխան է հնչում՝ տերն ասում է՝ ով ունի, նրան կտրվի, ով չունի, նրա չունեցածից էլ կվերցվի։

Սա իրականում ինձ համար փոփոխությունների մասին է, թե ինչ է տեղի ունենում այն անհատների, այն, եթե կուզեք, ժողովուրդների հետ, որոնք վախենում են փոփոխություններից, որոնք վախենում են քայլ անելուց, որոնք վախենում են իրենց ունեցածը կորցնելուց։ Այս առակը հենց ճշգրիտ դրա մասին է։ Ուզում եմ ասել, որ մենք անընդհատ այդ տրամաբանության մեջ ենք եղել, մենք անընդհատ վախեցել ենք կորցնել, այսօր էլ շատերը, ցավոք, վախենում են կորցնել։ Մենք վախենում ենք կորցնել մեր ինքնությունը, մենք վախենում ենք կորցնել մեր մշակույթը, մենք վախենում ենք կորցնել մեր երկիրը և դրա արդյունքում իրականում կորցնում ենք, և մեր պատմությունը սա բազմիցս ցույց է տվել։

Այս առակն առաջին հերթին այն մասին է, որ մենք չունեցողի կարգավիճակից, որից անընդհատ վերցվում է, պետք է ինքներս մեզ փոխակերպենք ունեցողի կարգավիճակի, որին անընդհատ տրվում է։ Իսկ սրա համար մենք չպիտի վախենանք ներդնել, մենք չպիտի վախենանք գործողություններից, որովհետև Ավետարանի այդ դրամը, որ ներդրվում էր, շատ մեծ հավանականություն կար, որ նաև կարող էր կորսվել։ Բայց աստվածաշնչյան ճշմարտությունը մեզ ասում է, որ եթե ուզում ես ձեռք բերել, առաջին հերթին պետք է հաղթահարես կորցնելու վախը։ Իհարկե, այդ վախի հաղթահարումը անգիտակից կամ բնազդային երևույթ չէ։ Դրա համար պահանջվում է ջանք, հմտություն և ահա մեր փոփոխությունների, մեր կառավարության ամենամեծ առաքելությունը հետևյալն է՝ օգնենք ինքներս մեզ կորցնելու վախը գործում, որովհետև քանի դեռ չենք դադարել վախենալ մեր տասը մնասը կորցնելուց, երբեք ևս տասը մնաս չենք ունենալու, և սա է մեր կառավարության ամենամեծ առաքելությունը։

Մենք ուզում ենք, որ մենք ճեղքենք և հաղթահարենք այդ վախը, մանավանդ Դուք շատ ճիշտ նշեցիք՝ ահա այդ տասը մնասն է նաև անկախ պետությունը, որը մենք ձեռք բերեցինք, այդ թվում՝ Աստծո աջակցությամբ, համոզված եմ։ Ահա այդ տասը մնասն է նաև Արցախյան հերոսամարտը և մեր ժողովրդի տարած հաղթանակը, որը մենք ձեռք բերեցինք մեր ժողովրդի, մեր ազատամարտիկների ջանքերով։ Եվ ահա ի՞նչ ուրեմն՝ պետք է վախենա՞լ։ Կամ հարցը հետևյալն է՝ իսկ ի՞նչ արեցինք մենք այդ տասը մնասը, ի՞նչ ենք անում։ Ի՞նչ ենք անում մենք մեր պետականության հետ, ի՞նչ ենք անում մենք մեր հաղթանակի հետ, և ի՞նչ արեցինք նախորդ երեսուն տարիներին։ Թույլ տվեք ասել, որ այս ամեն ինչի մեջ մեծ խորհուրդ կա, որ ահա այդ երեսնամյա քաղաքական էլիտայից ժողովուրդը պահանջեց իր հաշիվը, ասեց՝ ահա քեզ տվել ենք տասը մնասը՝ ի դեմս հայ պետականության, եկեք և հաշիվ տվեք, թե ինչ եք արել այդ պետականության հետ։ Պատասխանը մեկն էր՝ գիտեք, որ քանի որ մենք վախեցանք կորցնել այդ պետականությունը, պահեցինք այն տասը մնասի նման, պինդ, փակված, որպեսզի այն վերադարձնենք, և ժողովուրդը՝ «Ձայն բազմաց, ձայն Աստծո» բանաձևով ասաց, որ ձեզնից պետք է վերցվի դա, և վերցվեց դա՝ նկատի ունեմ երկիրը կառավարելու այդ արտոնությունը։ Եվ հետևաբար, ի՞նչ ենք անում մենք, և ի՞նչ ենք անելու մեր ժողովրդի տարած հաղթանակներով։ Մեր ժողովուրդը ջանք է գործադրել և հասել է հաղթանակների, և տասը մնասի հաշիվը պահանջելու ժամանակներն են հիմա եկել արդեն։

2018 թվականի իրադարձությունները հենց տասը մնասի համար պահանջված հաշիվների արգասիքն են։ Ես ուզում ասել, որ ահա նաև այս պատճառով մենք չենք վախեցել և չենք վախենում փոփոխություններից, որովհետև 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում չի եղել մի փոփոխություն, որից հայ ժողովուրդը տուժի, Հայաստանի Հանրապետությունը տուժի, հայ ժողովրդի միասնականությունը տուժի, և այս փոփոխությունների գործընթացը շարունակվելու է։ Մեզ ընձեռված այդ տասը մնասը անընդհատ ներդրվելու է, և անընդհատ մեզ բերելու է նորանոր տասը մնասներ։ Մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշիվ տալու օրն ասենք՝ ահա ներդրել ենք այդ տասը մնասը և ստացել ենք ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետություն, ուժեղ և հզոր կրթություն, ուժեղ և հզոր տնտեսություն, ուժեղ և հզոր բանակ, ուժեղ և հզոր հատուկ ծառայություններ, ուժեղ և հզոր, ի վերջո, ժողովրդին ծառայելով՝ այդ ժողովրդին միասին դարձրել ենք շատ ավելի հզոր, շատ ավելի ուժեղ և շատ ավելի ինքնավստահ։

Գերաշնորհ Տեր,

շնորհակալ եմ, որ Ձեր խոսքով առիթ տվեցիք, որ այն, ինչ ուզում էի ասել, ասեի ավետարանական մոտիվներով։

Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ։

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։

Շնորհակալ եմ»։

Հանդիպումից հետո վարչապետը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, զարգացման ծրագրերին, ներքին և արտաքին քաղաքականությանը և այլն։

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը իտալահայ գրող, գիտնական Անտոնիա Արսլանին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ և բարձր գնահատել նրա ներդրումը և գործունեությունը գիտակրթական ոլորտում:

* * *

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ։

Միլանի քաղաքապետը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա և մասնավորապես, Միլան քաղաք՝ այն համարելով լավ հնարավորություն համագործակցության հարցերը քննարկելու համար։ Նա նշել է, որ Միլանն դինամիկ առաջ շարժվող, բազմազգ քաղաք է և ներկայացրել է Միլանի՝ որպես Իտալիայի խոշոր ֆինանսատնտեսական, արդյունաբերական կենտրոնի զարգացման ծրագրերը։ Ջուզեպպե Սալան խոսել է, մասնավորապես, քաղաքային զարգացման, նորարարությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին և մանրամասներ ներկայացրել քաղաքում հանրային տրանսպորտի բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիա պաշտոնական այցի շրջանակում Միլան այցը, որն Իտալիայի ֆինանսական, տնտեսական, մշակութային կարևորագույն կենտրոններից է։ ՀՀ վարչապետը ողջունել է Միլանի զարգացմանը միտված ծրագրերը և նշել, որ Հայաստանը և մայրաքաղաք Երևանը հետաքրքրված են տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համատեղ նախաձեռնություններով։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների շուրջ փորձի փոխանակումը և համատեղ քննարկումները։ Հայաստանի վարչապետը նաև անդրադարձել է 2020 թվականի հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Երևան-Միլան-Հռոմ չվերթի գործարկման կարևորությանը, որը կխթանի Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական, գործարար, մշակութային, զբոսաշրջային և մարդկային կապերը, կամրապնդի քաղաքական հարաբերությունները։

Հայաստանի վարչապետը և Միլանի քաղաքապետը կարևորել են Միլանի հայ համայնքի դերակատարությունը Հայաստան-Իտալիա հարաբերությունների ամրապնդման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իտալական մշակութային կապերի զարգացման հեռանկարների շուրջ։

* * *

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն:

Վարչապետ Փաշինյանն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն և հանդես եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար պատիվ է գտնվել այստեղ՝ Միջազգային քաղաքագիտության իտալական ինստիտուտում` Իտալիայի և աշխարհի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկում: Գիտեմ, որ 2019 թվականին լրանում է այս ինստիտուտի հիմնադրման 85-ամյակը: Տասնամյակների ընթացքում համատեղելով հավասարապես քաղաքականության և կրթության վրա հիմնված հետազոտությունները՝ ինստիտուտն անցել է պատմության անկայուն շրջաններով՝ իր ներդրումը բերելով գլոբալ քաղաքականության մշակման գործին:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս լսարանին դիմելու հնարավորության համար:

Տիկնայք և պարոնայք,

Ես կասկած չունեմ, որ բոլորդ լսել եք ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխության մասին, որը տեղի է ունեցավ Հայաստանում 2018 թվականի ապրիլին: Չունենալով արտաքին հովանավորներ՝ այս հեղափոխությունը եկավ որպես հայ ժողովրդի հույսի արտացոլում՝ մերժելով տասնամյակներ շարունակ երկրում մոլեգնած կոռուպցիան ու խարդախությունները և իշխանության գերակայությունը փոխարինելով օրենքի գերակայությամբ:

Ստանձնելով բողոքի երթերի անցկացման պատասխանատվություն՝ ես հստակ հասկացա, որ հայկական երրորդ պետականության պատմության մեջ երբևէ չի եղել ավելի խոստումնալից և թերևս ավելի վտանգավոր ժամանակահատված: Ես հստակ հասկացա, որ իրավունք չունեմ բախտի հույսին թողնել այն հազարավոր կանանց, տղամարդկանց, երիտասարդներին ու ծերերին, ովքեր հետևում էին ինձ:

Մենք սկսեցինք բողոքի երթ՝ քայլելով Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիից մինչև մայրաքաղաք Երևան: Մայրաքաղաքին մոտենալիս ամեն քայլափոխին պատասխանատվությունն աճում էր երկրաչափական արագությամբ: Եվ դա մեզ հաջողվեց: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ ուժեղ է, երբ միավորվում է և համախմբված է:

Թավշյա հեղափոխությամբ մենք կարողացանք իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Մեր հաջորդ քայլն արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Անցյալ տարվա դեկտեմբերին մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք մեր միջազգային գործընկերները բնութագրեցին որպես ազատ, արդար, ժողովրդավարական և մրցակցային: Սա մեր երկրում առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում և առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքները միաձայն ընդունվել են բոլոր քաղաքական ուժերի և առհասարակ հասարակության կողմից:

Ընտրություններից հետո ես հստակ հասկացա, որ ժողովրդի սպասելիքները չափազանց մեծ էին: Հարկավոր էր լայնածավալ մոբիլիզացիայի արդյունքում առաջացած էներգիան և հույզերն ուղղորդել ժողովրդավարական ինստիտուտների կառուցման գործին:

Կասկածից վեր է, որ ժողովրդավարությունն աննախադեպ հաղթանակ տարավ Հայաստանում արժեքների և համազգային ձգտումների առումով:

Այսօր ժողովրդավարությունը դարձել է մեր ինքնության մի մասը: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ կերպով ամրապնդվի, որպեսզի անդառնալի դառնա: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը նրանցից, ովքեր ցանկանում են վրեժխնդիր լինել և ժամացույցի սլաքները հետ տալ:

Այս նպատակով մենք նախաձեռնեցինք բարեփոխումներ, որոնք ուղղված են օրենքի գերակայության ապահովմանը, հաշվետու կառավարմանը, հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանությանը:

Այսօր մենք շեշտը դնում ենք ինստիտուտների կայացման վրա, և դատական համակարգն այս առումով առաջնային նշանակություն ունի: Հայտնի է, որ առանց իրապես անկախ դատական համակարգի և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության հնարավոր չէ ունենալ լիարժեք ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: Բայց այդ վստահությունը պետք է վաստակել: Երկար ժամանակ այն խաթարվել է, և վերականգնելու համար ջանքեր են պահանջվում: Մեր միջազգային գործընկերների օգնությամբ մենք այն հետ ենք բերում:

Այս համատեքստում, ցանկանում եմ շեշտել Եվրամիության դերը, որը դարձել է Հայաստանի հիմնական գործընկերը ինստիտուտների կայացման և մեր բարեփոխումների օրակարգի իրականացման գործում: Այդ նպատակով առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հատկանշական է, որ ՀԸԳՀ-ն բարեփոխումներ գեներացնող գործիք է, և դրա դրույթների կատարումը ենթադրում է որակական փոփոխություններ մեր հասարակության շատ ոլորտներում:

Սիրելի բարեկամներ,

Իտալիան այն պատմական կամուրջներից մեկն է, որը Հայաստանին կապում է Եվրոպային: Այսօր այն կարևոր դեր է խաղում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընդլայնման և քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում: Մենք բարձր ենք գնահատում Իտալիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները և մտադիր ենք բոլոր ջանքերը գործադրել՝ դրանք ամրապնդելու և առավել բովանդակալից դարձնելու համար:

Մեր ժողովուրդների միջև հաստատվել էին պատմական սերտ կապեր այն ժամանակ, երբ Հայաստանը և Հռոմեական կայսրությունը հարևաններ էին, և դա արտացոլված է Հռոմեական ֆորումի պատին գտնվող չորս հնագույն քարտեզների վրա: Մ.թ.ա. առաջին դարում Հայաստանը նույնիսկ հռչակվեց Հռոմի բարեկամ և դաշնակից:

Մեր հին ժողովուրդների միջև սերտ կապերը հիմնված են ընդհանուր արժեքների և ընդհանուր քրիստոնեական ավանդույթների վրա, որոնք, իհարկե, մեր բարեկամության անկյունաքարերից են:

Հայերի համար շատ կարևոր է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսի սուրբ մասունքները պահվում են Նեապոլի Սան Գրեգորիո Արմենո և Նարդոյի եկեղեցիներում:

Արդի դարաշրջանում հայկական մշակույթի վերածննդին նպաստող կարևորագույն կենտրոններից մեկը Վենետիկի Սուրբ Ղազար կղզին է, որտեղ հիմնադրվել է Մխիթարյանների միաբանությունը երեք դար առաջ: Միաբանությունը, որը մինչ այժմ շարունակում է մնալ հայագիտության գլխավոր կենտրոններից մեկը, անգնահատելի դեր խաղաց հայ ժողովրդի լուսավորության և մշակութային զարգացման գործում: Այն հպարտության ևս մեկ առարկա է հայերի և իտալացիների համար: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։

Մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ամուր հիմք է ստեղծել մեր երկրների միջև համագործակցության զարգացման համար: Այսօր մենք վճռել ենք անել հնարավոր ամեն ինչ՝ մեր հարաբերությունների հետագա խորացման համար:

Առևտրատնտեսական համագործակցությունը մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչն է: Իտալիան Եվրամիության երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լրացուցիչ հեռանկարներ են ստեղծում մեր երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:

Իտալիայի հայ համայնքը, անկասկած, մեր գործակցությանը նպաստող ևս մեկ գործոն է: Մենք երախտապարտ ենք Իտալիայի կառավարությանը` Իտալիայում առկա հայկական մշակութային ժառանգության մասին հոգ տանելու համար: Եվ վերջապես, մենք երախտապարտ ենք Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման համար:

Տիկնայք և պարոնայք,

Դուք գիտեք, որ Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում՝ անվտանգության բազմաթիվ ռիսկերով և մարտահրավերներով:

Հարավային Կովկասում դեռևս առկա են չկարգավորված հակամարտություններ, որոնք հանգեցնում են շարունակական լարվածության, սպառազինությունների մրցավազքի և ատելության քաղաքականության:

Բեռլինի պատի անկումից 30 տարի անց Հայաստանի չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները, փակ են մնացել շուրջ երեք տասնամյակ:

Հրաժարվելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սերտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի` Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար, ովքեր Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը և տակավին ականատեսն են ճշմարտության և արդարության կատաղի ժխտման:

Չնայած մեր բարեկամների՝ Վրաստանի և Իրանի հետ երկու սահմանները բաց են, սակայն տնտեսական արդյունավետության առումով դրանք կարելի է համարել միայն կիսաբաց: Մեր մյուս երկու հարևաններից եկող արտաքին քաղաքական մարտահրավերները սահմանափակում են մեր արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժը և խոչընդոտում են տարածաշրջանային լայնածավալ համագործակցության հնարավորությունները:

Բայց մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է: Այն շարունակում է մնալ չկարգավորված՝ դառնալով մշտական լարվածության աղբյուր և սպառնալով հանգեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունների հերթական բռնկմանը:

Ցանկացած մարդ, ով հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, պետք է իմանա հակամարտության նախապատմությունը: Այս հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես ոմանք փորձում են այն ներկայացնել պարզեցված ձևով: Խոսքն ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների և այնտեղ ապրող մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է:

Հակամարտության արմատներն սկիզբ են առնում Խորհրդային միության վաղ ժամանակներից, երբ Կոմունիստական կուսակցության կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնվեց հայկական այդ շրջանը, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին: Դա տեղի է ունեցավ 1920-ականների սկզբին բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։

Խորհրդային տարիներին հակամարտությունը դրսևորվում էր համակարգված և բռնի խտրական վերաբերմունքով հայ բնակչության նկատմամբ, ովքեր հենց Խորհրդային միության փլուզման նախօրեին՝ 1988 թվականին, ինքնորոշման հայտ ներկայացրին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայության ցանկությանը՝ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկեցին խիստ միջոցներ՝ ռազմաոստիկանական ուժի կիրառմամբ այս շարժումը խափանելու համար: Հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններով ուղեկցվող էթնիկ զտումներ իրականացվեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շատ շրջաններում:

Այնուհետև, քանի որ Խորհրդային կայսրությունը կազմալուծման գործընթաց էր ապրում, մյուս հանրապետությունների պես Ադրբեջանը ևս դուրս եկավ ԽՍՀՄ-ից: Համաձայն Խորհրդային միության սահմանադրության, եթե որևէ անդամ-հանրապետություն հայտարարում էր ԽՍՀՄ-ից առանձնանալու մտադրության մասին, նրա իրավասության տակ գտնվող ինքնավար մարզերն իրավունք ունեին որոշել իրենց կարգավիճակը, ընդհուպ այդ հանրապետությունից անջատումը։

Օգտվելով Սովետական սահմանադրությունից՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը կիրառեց ինքնորոշման իր իրավունքը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անկախություն հռչակեց ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը Խորհրդային միությունից անջատվեց:

Այս անգամ Ադրբեջանի իշխանությունները ռազմական ուժ կիրառեցին հայերի դեմ: Նրանք ծավալեցին լայնամասշտաբ պատերազմ՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը: Ի պատասխան գոյապահպանական այդ սպառնալիքին՝ հայերը, որոնք կազմում էին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր բնակչության մոտ 80 տոկոսը, դիմեցին ինքնապաշտպանության: Նրանց հաջողվեց պաշտպանել իրենց հողը և ստիպել, որ Ադրբեջանը համակերպվի նոր իրավիճակի հետ: Արդյունքում՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև հրադադարի պայմանագիր ստորագրվեց 1994 թվականի մայիսի 12-ին:

Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն սկսվել է դեռևս 1992 թվականին՝ զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից առաջ: Միջազգային հանրության կողմից հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանեց, որ հակամարտությունն ունի երեք կողմ՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Այս փաստը վերահաստատվեց 90-ականների սկզբի բազմաթիվ միջազգային փաստաթղթերով:

Իսկապես, երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին՝ որպես բանակցային գործընթացի կողմ: 1990-ականների սկզբին նույնիսկ մի շարք հանդիպումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի առաջնորդների, ինչպես նաև Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև։

Ի դեպ, իտալացի ականավոր քաղաքական գործիչ և դիվանագետ Մարիո Ռաֆայելլին, ով մեծ ջանքեր գործադրեց տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար, Մինսկի կոնֆերանսի նախագահն էր՝ առաջին միջազգային գործիչը, ում 1990-ականների սկզբին վստահվեց հակամարտության կարգավորման հարցը: Մինսկի խմբի հանդիպումները, որին մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, կայացան Հռոմում՝ Իտալիայի մայրաքաղաքում:

Ցավոք, չնայած տասնամյակներ շարունակ միջազգային միջնորդների գործադրած ջանքերին, ղարաբաղյան հակամարտությունը դեռևս մնում է չլուծված:

Որո՞նք են այս իրավիճակի պատճառները:

Նախ և առաջ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Նրանք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է համարվի Ադրբեջանի անբաժանելի մասը: Բայց դա իսկապես շատ տարօրինակ դիրքորոշում է: Մի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղը լինի իրենց տարածքային ամբողջականության մաս: Մյուս կողմից, նրանք չեն ցանկանում երկխոսություն վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Սա մի փոքր տարօրինակ չէ՞:

Ի՞նչ է նշանակում նրանց այս կեցվածքը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են ուզում, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի: Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել էթնիկ զտումներ և ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից:

«Չի բացառվում ռազմական լուծումը», - դա բնորոշ հայտարարություն էր՝ արված նախագահ Ալիևի կողմից բազմաթիվ առիթներով: «Ցանկացած պահի մենք կարող ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով», - ասվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2017 թվականի հունվարի կառավարության նիստում արվսծ հայտարարության մեջ, որի ժամանակ քննարկվում էր երկրի տնտեսական զարգացումը:

«Մենք կավելացնենք մեր ռազմական հզորությունը, և ես հավատում եմ, որ դա բանակցությունների կարևորագույն գործոններից մեկն է»: Այս խոսքերն ասվել են 2018 թվականի նոյեմբերի 5-ին: 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հայտարարության մեջ ասված է. «… մեր ռազմական ուժերը և մեր ուժը հանդիսանում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հիմնական գործոնները» - մեջբերման ավարտ:

Իրոք, շատ պատճառներ կան հավատալու, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի: Սա է պատճառը, որ նրանք հակահայկական տրամադրություններ են բորբոքում իրենց ժողովրդի մեջ: Ահա թե ինչու նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա: Ահա թե ինչու հակահայկական ատելության խոսքը դարձել է պաշտոնական քաղաքականություն Ադրբեջանում: Ահա թե ինչու հայատյացությունը դարձավ պետական քաղաքականություն Ադրբեջանում:

Ես այդ քաղաքականության որոշ կոնկրետ օրինակներ կբերեմ գործողության մեջ:

Ցանկացած օտարերկրացի, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ, հայտնվում է Ադրբեջանի սև ցուցակում: Այս ցանկում արդեն ընդգրկված է ավելի քան 850 մարդ: Որևէ երկրի քաղաքացիներ, ովքեր կրում են հայկական ազգանուն կամ կասկածվում են, որ հայկական էթնիկ ծագում ունեն, չեն կարող մուտք գործել Ադրբեջան: Նման դեպք տեղի ունեցավ ԱՄՆ քաղաքացիությամբ Bloomberg-ի լրագրող Դիանա Մարկոսյանի հետ, ում 2011 թվականին արգելվեց մուտք գործել Ադրբեջան:

2014 թվականին դա տեղի ունեցավ թուրք նվագախմբի երաժիշտ Ռաֆեր Նոյանի հետ, ով ուներ հայկական ազգանուն: 2016 թվականին դա պատահեց ութ տարեկան երեխայի՝ Լուկա Վարդանյանի հետ, իսկ 2018 թվականին՝ ռուսաստանցի ութսունամյա թոշակառու Օլգա Բարսեղյանի հետ:

2017 թվականին հայկական ծագմամբ մի կնոջ իր 4-ամյա երեխայի հետ երեք ժամ պահել են Բաքվի օդանավակայանում, այնուհետև արտաքսել: Այս ցանկը շարունակելի է:

Բայց թերևս ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, որը բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում՝ Ադրբեջանի մայրաքաղաքում, ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելել էին Մխիթարյանի անունով վերնաշապիկները: Իսկ դրանք կրող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվում էին Բաքվի փողոցներում:

Այս քաղաքականությունը երբեմն նույնիսկ ծիծաղելի դրսևորումներ է ունենում: Ընդամենը մի քանի օր առաջ մի վարորդի բերման ենթարկեցին Բաքվում՝ պարզապես հայկական փոփ երգ լսելու համար:

Բայց ամենաողբերգականն ու ցինիկը Ռամիլ Սաֆարովի մասնակցությամբ դեպքն էր, ով Բուդապեշտում կացնով սպանեց ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցող իր հայ դասընկերոջը քնած ժամանակ: Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման, այնուհետև Հունգարիայի իշխանությունների կողմից նա արտահանձնվեց Ադրբեջանին: Դրանից հետո նրան ողջունեցին որպես Ադրբեջանի ազգային հերոս: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց. բարձրացվեց նրա զինվորական կոչումը և շնորհվեց բնակարան։

Սիրելի բարեկամներ,

անկախ այս բոլոր հանգամանքներից՝ չնայած Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, Հայաստանը ձեռնարկում է կոնկրետ քայլեր հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ես հրապարակավ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

Ես առաջին հայ առաջնորդն էի, ով բարձրաձայնեց նման դիրքորոշում: Իմ երկրում ինձ խիստ քննադատեցին այդ բանաձևի համար, որը երեք կողմերին հավասար հիմունքներով է դիտարկում:

Այդուամենայնիվ, ես համոզված եմ, որ դա հակամարտության խաղաղ և տևական կարգավորման միակ ճանապարհն է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռման հնարավորություն։

Որպեսզի առաջ շարժվենք, ես նման հայտարարություն եմ ակնկալում նաև Ադրբեջանից: Եթե մենք լսենք այդպիսի հայտարարություն նախագահ Ալիևից, դա իսկական առաջընթաց կլինի բանակցային գործընթացում:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր և չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ:

Այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:

Նախ և առաջ, բացարձակապես անօգուտ է սպառնալիքի լեզվով խոսել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Ադրբեջանը ժամանակին փորձել է ուժի լեզվով խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ և լուրջ հետևանքների է բախվել՝ չնայած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հսկայական գերակայությանը ինչպես ազգաբնակչության, այնպես էլ սպառազինության առումով: Իրենց իսկ ռազմական ձախողումների համար վրեժխնդիր լինելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

Մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիան աղետալի հետևանքներ կունենա նույնիսկ գլոբալ տեսանկյունից: Ներգրավվելով ռազմական արկածախնդրությունների մեջ՝ Ադրբեջանը կարող է պարարտ միջավայր ստեղծել այն ահաբեկիչների համար, ովքեր կորցրել են իրենց ազդեցությունը Սիրիայում և Իրաքում, և այժմ փնտրում են նոր տարածքներ՝ իրենց գործողությունների համար:

Աշխարհագրական առումով, Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ՝ տարածաշրջան բոլոր չորս ուղղություններով նրանց ներթափանցման համար՝ հարավից, հյուսիսից, արևելքից և արևմուտքից:

Սիրելի բարեկամներ,

Լեռնային Ղարաբաղը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար: Հնարավոր չէ լուծել այն առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության: Բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ապա պետք է ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու նպատակով: Ես նկատի ունեմ Ադրբեջանի կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի կառավարությանը և Հայաստանի կառավարությանը։

Մենք անկեղծ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման մեր ձգտման մեջ և պատրաստ ենք երկխոսության՝ հանուն հակամարտության այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա է մեր մոտեցումը, և մենք պատրաստ ենք բանակցել այս նոր պարադիգմի հիման վրա:

Եզրափակելով խոսքս` կցանկանայի ասել, որ այստեղ գալուց առաջ այցելեցի ինստիտուտի կայքը և աչքիս զարնեց քննարկումների վերնագրերից մեկը՝ «Թանաքն արյունից լավ է»: Այս հակամարտության մեջ բավականաչափ արյուն է հոսել: Արդ մեզ անհրաժեշտ է թանաք և ամուր ձեռքեր՝ դրան վերջ տալու և մեր տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն բերելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար։

Այժմ ես պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարական գործընթացներին, Հայաստան-Իտալիա հարաբերություններին և այլն։

* * *

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոն:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը դիտել են գերմանացի երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն այսօր Միլան քաղաքում հանդիպում է ունեցել Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ։ Միլանը հանդիսանում է Իտալիայի Լոմբարդիայի շրջանի մայրաքաղաքը։

Ողջունելով ՀՀ վարչապետին՝ Լոմբարդիայի փոխնահանգապետը նշել է. «Բարի գալուստ Իտալիա։ Հաճելի է ինչպես ի պաշտոնե, այնպես էլ անձամբ՝ հանդիպել Ձեզ՝ ծանոթ լինելով Ձեր պատմությանը։ Շնորհակալ եմ այս հանդիպման համար և նաև հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում Հայաստանի և Լոմբարդիայի նահանգի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն, ավելի կխորանան։ Մեր միջազգային հարաբերությունները հագեցած են. ես երեկ երեկոյան եմ վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցից։ Շատ հարուստ, լավ հարաբերություններ ունենք արտաքին աշխարհի հետ՝ և՛ հյուրընկալում ենք, և՛ արտագնա այցեր ենք կատարում։ Այսօր մեր նահանգի մայրաքաղաքը՝ Միլանը, հանդիսանում է աշխարհի ամենամեծաթիվ հյուպատոսություններ ունեցող քաղաքներից երկրորդը. այստեղ, այսպես ասած, միջազգային օդ են շնչում՝ ոչ միայն ձեռներեցության, գործարար առումով, այլև սոցիալական, միջազգային հարաբերությունների առումով։ Ձեզ ողջունում եմ մեր նահանգապետի անունից, որը Չինաստանում է գտնվում այցով և կվերադառնա կիրակի օրը։ Մեր տանը չենք կարողանում հանգիստ մնալ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Շատ շնորհակալ եմ։ Ուրախ եմ հանդիպելու և ծանոթանալու համար։ Ակնհայտ է, որ Իտալիայի հետ մեր հարաբերությունները նոր փուլ են թևակոխում, առաջին հերթին տնտեսական առումով։ Հատկապես Լոմբարդիա նահանգի հետ կարծում եմ գործակցության մեծ ներուժ կա, և դա առաջին հերթին ուզում է բիզնեսը։ Ձեզ մի օրինակ կարող եմ բերել. նախորդ տարի Ryanair ընկերությունը հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի Հայաստան թռիչքներ սկսելու համար, և երբ որոշումը կայացված էր, հաջորդ փուլում նրանք պիտի որոշեին, թե որտեղից են սկսում Հայաստանի հետ կապի ստեղծումը։ Անկեղծ պիտի ասեմ՝ ինձ համար անակնկալ էր, երբ ես իմացա, որ նրանք առաջին թռիչքները որոշել են անել Իտալիայից և հատկապես Միլանից և Հռոմից։ Եվ երբ ես ուզում էի հասկանալ այս որոշման պատճառը, հասկացա, որ առկա տնտեսական դինամիկան է, որ նրանց մղել է հենց այս ուղղություններով։ 2019 թվականի ընթացքում մենք երեք իտալական մասնակցությամբ բավական լուրջ նախագիծ ենք սկսել Հայաստանում։ «Ռենկո»-ն «Սիմենս»-ի հետ համատեղ 300 մլն դոլարանոց ջերմաէլեկտրակայանի շինարարություն է սկսել։ Իմիջիայլոց, հաջորդ ուղղությունը, որ ամառը պիտի բացվի Ryanair կողմից, Գերմանիայից է։ Ես սա կապում եմ «Սիմենս»-ի ներգրավվածության հետ։ Եվս երկու կարևոր ներդրում։ Նկատի ունեմ գալիս եմ այն եզրակացության, որ երբ մենք որոշակի քաղաքական պայմաններ ենք ապահովում երկկողմանի տնտեսական հարաբերությունների համար, և երկրի ներսում մենք պայմաններ ենք ապահովում, բիզնեսը շատ արագ արձագանքում է»։

Նիկոլ Փաշինյանը և Ֆաբրիցիո Սալան քննարկել են Հայաստանի և Լոմբարդիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել մեքենաշինության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, նորարարական կրթության, ստարտափերի խթանման ուղղութամբ համատեղ ծրագրերի հեռանկարներին։ Երկուստեք նշվել է, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն գործարար շրջանակների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը և կխթանեն նոր ներդրումները։

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ և նշել, որ կառավարության նպատակը ազատ տնտեսական միջավայրի ձևավորումն է, որը կնպաստի ներդրումների ներգրավմանը։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է ինտեգրացիոն միավորումների՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ հետ համագործակցության շրջանակում Հայաստանում գործարարության զբաղվելու համար առկա հնարավորությունները և առաջարկել Լոմբարդիայի փոխնահանգապետին նահանգի գործարար շրջանակներին փոխանցել այդ տեղեկատվությունը։ Ի պատասխան Ֆաբրիցիո Սալան նշել է, որ Լոմբարդիայի նահանգի բիզնես շրջանակները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ և տեղեկացրել է, որ կդիտարկեն Հայաստան գործարար առաքելություն ուղարկելու հարցը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև զբոսաշրջային ներուժի իրացման կարևորությանը և կարևորել 2020 թ. հունվարից «RyanAir» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Երևան-Միլան ուղիղ չվերթների գործարկումը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առարկայական քննարկումներ սկսել համապատասխան գերատեսչությունների մակարդակով և ակտիվ աշխատել կոնկրետ ծրագրերի շուրջ։

* * *

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը գտնվում է Միլան քաղաքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Միլանի կաթոլիկ տաճար, շրջել տաճարով, ծանոթացել պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տաճարի ճարտարապետությանն ու պատմությանը։

* * *

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ներդրումային համագործակցության և համատեղ նոր ծրագրերի հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները՝ անդրադառնալով էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացման դինամիկային։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հիմնարար բարեփոխումներ է իրականացնում տարբեր ոլորտներում, ներառյալ՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, Հայաստանում ներդրումների պաշտպանության գործուն մեխանիզմներ են գործում, և ներկայում ստեղծված են լավ հնարավորություններ՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու համար։ Կառավարության ղեկավարը նաև խոսել է Հայաստանի անդամակցության շրջանակում ստեղծված հնարավորությունների մասին՝ նշելով. «Դուք կարող եք եվրոպական մակարդակի բիզնես ունենալ և ազատ, առանց մաքսատուրքերի մուտք գործել 180 միլիոնանոց շուկա»։

Վարչապետ Փաշինյանը նաև պատասխանել է իտալական գործարար շրջանակների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին հարևան երկրների հետ հարաբերություններին, մեր երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և այլն։ Անդրադառնալով ԵՄ հետ համագործակցության շրջանակում առկա հնարավորությունների վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի արտադրողներն օգտվում են Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, ինչպես նաև GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ առևտրում։

Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և նշել, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային գործունեության ծավալմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առարկայական քննարկումներ սկսել կոնկրետ ծրագրերի շուրջ։

Աշխատանքային ճաշին մասնակցել են իտալական «Mediobanca» ներդրումային բանկի նախագահ Ռենատո Պալիարոն, «Mediobanca» ներդրումային բանկի Corporate and Investment banking-ի Հռոմի գրասենյակի ղեկավար, Corporate and Investment banking-ի գործադիր փոխնախագահ Անտոնիո Գուլիելմին, «Mediobanca» ներդրումային բանկի էներգետիկ խմբի համանախագահ Կլաուդիա Ֆորնարոն, «Cassa depositi e prestiti» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Ֆաբրիցիո Պալերմոն, «Terna» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Լուիջի Ֆերարիսը, «Terna» ներդրումային ընկերության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Լուկա Տորկիան։

Հանդիպմանը հաջորդել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովը, որի կազմակերպիչներն են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, «Assolombarda» և «Mediobanca» ներդրումային ընկերությունները։

* * *

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում մասնակցել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին։ Բիզնես ֆորումը կազմակերպել են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, «Assolombarda» և «Mediobanca» ներդրումային ընկերությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Գործարար համայնքի հարգարժան անդամներ,
պետական պաշտոնյաներ,

տիկնայք եւ պարոնայք,

ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և պատիվ ունեմ ելույթով դիմել Իտալիայի գործարար համայնքի հարգարժան ներկայացուցիչներին:

Անչափ շնորհակալ եմ այս կարևոր իրադարձությունը կազմակերպելու և Հայաստանի, մեր տնտեսության և հայ-իտալական գործարար կապերի զարգացման հեռանկարների մասին խոսելու այս հնարավորության համար:

Հայ-իտալական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն: Այդ հարաբերությունները չէին սահմանափակվում միայն տնտեսական շահերով, քանի որ դրանք զուգորդվում էին գիտական և մշակութային շփումներով, հումանիտար աղերսներով, նորարարությունների և տեխնոլոգիների փոխանակմամբ:
Մենք հավատում ենք, որ հայ-իտալական ներկայիս հարաբերությունները տոգորված են գործընկերության և փոխվստահության միևնույն ոգով: Այսօր շոշափելի է մեր երկու երկրների համագործակցությունը տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում:

Առևտրատնտեսական համագործակցությունը մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչն է: Իտալիան ԵՄ-ի երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով:

Այստեղ հարկ եմ համարում նշել, որ միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իտալական Sartex-ը և Ceramisia-ն իրենց արտադրական մասնաճյուղերը բացեցին Հայաստանում: Ընդամենը 15 օր առաջ Telecom Italia Sparcle-ը համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրեց հայկական Ucom ընկերության հետ` ինտերնետ ծառայություններ մատուցելու համար:

Հուլիսին մենք սկսեցինք համակցված ցիկլով գազատուրբինային էլեկտրակայանի շինարարությունը: Այս նախագիծն իրականացնում է Renco ընկերությունը՝ շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ: Ներդրումային ծրագրում ներգրավված են նաև իտալական պետական «Սիմեստ» և գերմանական «Սիմենս» ընկերությունները: Renco-ն գործունեություն է ծավալում Հայաստանում 2000-ականների սկզբից և մեծածավալ ներդրումներ է կատարել հյուրանոցներում, լյուքս դասի բազմաբնակարան շենքերում և գրասենյակային նախագծերում:

Բացի այդ, 2019 թվականի հունիսին մենք հյուրընկալեցինք հայ-իտալական գործարար համաժողովը, որն օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված առաջին գործարար համաժողովն էր:

Հայաստանում այսօր հիմնարար վերափոխումներ են ընթանում, ինչը լայն հեռանկարներ է բացում իտալական և եվրոպական գործընկերների հետ տնտեսական համագործակցության համար:

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մենք նախաձեռնեցինք բարեփոխումներ` մեր քաղաքական և տնտեսական կառուցակարգերն արդիականացնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական աճի և զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:

Այս առումով մենք արդեն հասել ենք նշանակալի նվաճումների: Մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան: Մենք վերացրել ենք օլիգոպոլիաները, որոնք օգտագործում էին իրենց քաղաքական ազդեցությունը տնտեսական արդյունքներ կորզելու համար: Մենք ամրապնդեցինք օրենքի գերակայությունը և ստեղծեցինք հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար:

Ներկայում միջոցներ ենք ձեռնարկում մեր դատական համակարգը բարեփոխելու ուղղությամբ, որպեսզի ունենանք իսկապես անկախ և արդյունավետ աշխատող դատարաններ: Այսօր մենք նաև փոխում ենք մեր երկրի տնտեսության կառավարման ձևը: Կարծում եմ, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները և տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենան երկրի տնտեսական զարգացման վրա:

Այժմ թույլ տվեք ներկայացնել արդեն իսկ արձանագրված որոշ արդյունքներ:

2018 թվականին մենք գրանցեցինք 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանեցինք գնաճի ցածր մակարդակը: Սրանք շատ դրական արդյունք են հեղափոխական տարվա համար:

Դրական դինամիկան այս տարի ևս շարունակվում է: 2019 թվականի առաջին վեց ամիսներին մենք ունեցել ենք ՀՆԱ-ի 6,5 տոկոս և արտահանման 9 տոկոս աճ: Վերջերս Moody's-ը բարելավեց Հայաստանի վարկանիշը՝ դարձնելով այն Ba3:

2019 թվականի սեպտեմբերին մենք թողարկեցինք 500 միլիոն դոլար արժողությամբ եվրապարտատոմսեր՝ տասը տարի մարման ժամկետով, իսկ արժեկտրոնային փոխարժեքով՝ 3.9 տոկոս: Հայկական եվրապարտատոմսերի իրական պահանջարկը չորս անգամ ավելի մեծ էր, քան առաջարկը: Ըստ իս, դա վկայում է մեր տնտեսական քաղաքականության և շարունակվող կառուցվածքային բարեփոխումների նկատմամբ օտարերկրյա ներդրողների աճող վստահության մասին:

Արդյունքները խոստումնալից են: Այսուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան:

Հարգելի գործընկերներ,

եթե ինձ հարցնեք, թե ինչու պետք է ներդրումներ կատարել Հայաստանում, իմ պատասխանը կլինի այն, որ փոքրիկ, բայց գլոբալ ցանցերով օժտված և տաղանդավոր ժողովուրդ ունեցող երկրում ներդրումներ կատարելը հեռանկարային ձեռնարկ է։

Մենք նպատակ ունենք ներդնել տեխնոլոգիական կրթություն, զարգացնել «նուրբ հմտություններ» և օգնել ուսանողներին հասկանալ իրենց կարողությունները՝ միջնակարգ, արհեստագործական և բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու միջոցով:

Հայաստանը հիանալի հնարավորություններ է ընձեռում բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, և մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Հայաստանը կարող է դառնալ ավելի լայն տարածաշրջանային ինտերնետ կապի հանգույց: Անցյալ ամիս մենք հյուրընկալեցինք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը` աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկը:

Օտարերկրյա ներդրումների համար գրավիչ կարող են լինել նաև բանկային գործը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, զանազան ապրանքների արտադրությունը, վերականգնվող էներգիան և տեքստիլ արդյունաբերությունը:

Հատկապես ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ վերջերս Հայաստանը ներառվեց Booking.com-ի 2020 թվականի 10 ամենասիրված տուրիստական ուղղությունների ցանկում: Բացի այդ, 2019 թվականին Հայաստանը 5 կետով բարելավեց իր դիրքերը Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ներկայացված Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում:

Ի դեպ, 2019 թվականի առաջին տասն ամիսների արդյունքներով տուրիզմի ոլորտում մենք արդեն ունենք 14 տոկոս աճ: 2020 թվականի հունվարից Ryanair-ը ուղիղ թռիչքներ կիրականացնի Միլանից և Հռոմից դեպի Երևան:

Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝ երաշխավորելով սեփականության լիարժեք պաշտպանություն:

Օտարերկրյա ներդրողները երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր՝ անձնակազմի հավաքագրման, շահույթի ազատ և անսահմանափակ օտարման, շուկայական փոխարժեքով տարադրամի անսահմանափակ փոխանակման և ազգայնացման բացառման երաշխիքներով հանդերձ:

Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը ևս, որը նրանց անձեռնմխելի է դարձնում օրենսդրական փոփոխությունների նկատմամբ, հանդիսանում է մեր արտաքին ներդրումների շրջանակի մաս։

Ի դեպ, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք դրական փոփոխություններ կատարեցինք Հարկային օրենսգրքում՝ նվազեցնելով եկամտահարկն ու շահութահարկը: Մենք սահմանեցինք 23 տոկոս համահարթ եկամտահարկ և այժմ պատրաստվում ենք շարունակել այս գործընթացը` համահարթ եկամտահարկն իջեցնելով մինչև 20 տոկոս: Շահութահարկը նույնպես իջեցվել է մինչև 18 տոկոս:

Միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ Իտալիան:

Հայաստանը ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի անդամ է։

Մենք ունենք պայմանագրեր 46 երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելու կանխարգելման վերաբերյալ: Սա նշանակում է, որ պայմանավորվող կողմերի ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ ազգային վերաբերմունք, ունեցվածքի բռնազավթումից պաշտպանություն, միջոցների անվճար փոխանցում, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը: Գործ սկսելու դյուրինության ցանկում Հայաստանը 10-րդն է, իսկ գույք գրանցելու առումով աշխարհում 13-րդն է: Տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանն աշխարհում 47-րդն է

Ես խոստանում և երաշխավորում եմ որպես ՀՀ վարչապետ, որ բոլոր այդ ուղղություններով Հայաստանը կշարունակի կատարելագործել իր կատարողականը:

Սիրելի բարեկամներ,

ոմանք գուցե պնդեն, թե Հայաստանը փոքր շուկա ունի, բայց ես ցանկանում եմ վիճարկել այդ տեսակետը: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որն ունի ավելի քան 180 միլիոն սպառող:

Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունի Սինգապուրի, Վիետնամի և Սերբիայի հետ: Նմանատիպ համաձայնագրերի շուրջ բանակցութուններ ենք վարում Հնդկաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ: Անցած տարի ստորագրվել է նաև Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված տնտեսական համագործակցության համաձայնագիր:

Հայաստանյան արտադրողներն օգտվում են Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, ինչպես նաև GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ առևտրում:

Հայաստանը նաև խորացնում է համագործակցությունը Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով:

Սիրելի բարեկամներ,

համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել բոլորի համար հավասար հնարավորությունների երկիր՝ խթանելով գործարարությունն ու նորաստեղծ ձեռնարկությունները, որպեսզի մեր երկիրը դառնա ներդրումների համար գրավիչ հանգրվան։

Այսօր իմ կոչն ու ուղերձն է՝ միավորել ջանքերը հանուն նոր Հայաստանի կառուցման, համախմբել մեր ուժերը` Հայաստանն առավել մրցունակ և գրավիչ դարձնելու նպատակով:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել «Ինչո՞ւ ընտրել Հայաստանը» թեմայով ամփոփ զեկույցով, որի շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի տնտեսության ճյուղերի՝ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քաղաքային տրանսպորտի, ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների, թափոնների կառավարման ոլորտում ներդրումային հնարավորությունների, ֆինանսական շուկայի վերաբերյալ։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը մասնակցել է հայ-իտալական համաժողովի շրջանակում հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը, որի ընթացքում պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տեխնոլոգիաների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին, ներկայացրել մեր երկրում գինեգործության, մրգային օղիների և գինիների արտադրության ծրագրերը, բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման հնարավորություններ, խոսել Հայաստան-Եվրոպական միության համագործակցության օրակարգի, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակության և Եվրասիական տնտեսական միությունում նախագահության, ԵԱՏՄ շրջանակում առկա հնարավորությունների, ԵԱՏՄ-ԵՄ միջև Հայաստանի՝ կապող հարթակ հանդիսանալու պատրաստակամության մասին։ Անդրադառնալով Հայաստանում ՏՏ ճյուղի զարգացման մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության այս ճյուղը դինամիկ զարգանում է, ոլորտում առկա է մեծ ներուժ, և ելնելով այդ իրողությունից՝ Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում և նպատակադրել է խթանել տեխնոլոգիական կրթությունը, բիզնես կրթությունը։

* * *

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։

Հայաստանի վարչապետը Միլանում նախատեսված հանդիպումներից և միջոցառումներից հետո այսօր ժամանել է Հռոմ. Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր։

Իտալիայի Սենատի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա, որը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Նա նշել է, որ Իտալիան հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին, որոնք կարևոր նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար և պատրաստ է աջակցել մեր երկրին այդ բարեփոխումները հաջողելու գործընթացին, փոխանակվել փորձով։ Մարիա Էլիզաբետա Կազելատիի խոսքով՝ դա կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում արդյունավետ երկխոսության շարունակմանը։ Նա նշել է, որ Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և փաստաթուղթն այժմ ներկայացված է Պատգամավորների պալատի ուշադրությանը։ Իտալիայի Սենատի նախագահը նաև գոհունակությամբ է խոսել Հայաստան-Իտալիա առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկայի, մասնավորապես, վերջին շրջանում արտահանման՝ մոտ 30 տոկոսով աճի մասին և նշել, որ Իտալիան հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմամբ։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել այցի համար և արձանագրել Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչն էլ իր հետևից բերում է տնտեսական հարաբերությունների զարգացում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի երկկողմ առևտրի ոլորտում բավական բարձր աճ է արձանագրվել, Հայաստանի տնտեսությունում ավելացել են իտալական կապիտալով ներդրումները և հույս հայտնել, որ իր այցի արդյունքում այդ գործընթացն ավելի կակտիվանա։ Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է լրջագույն փոփոխությունների շրջանում, երկիրն առաջ է շարժվում ժողովրդավարացման ճանապարհով, կոռուպցիայի դեմ իրական պայքար է մղվում, ինչն էլ բերում է տնտեսական իրավիճակի փոփոխության։ Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ բարեփոխումների օրակարգում ԵՄ-ն ՀՀ-ի հիմնական գործընկերն է և երախտագիտություն հայտնել Իտալիայի Սենատին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու և Պատգամավորների պալատին հանձնելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանն առանձնակի վերաբերմունք ունի Իտալիայի Պատգամավորների պալատի նկատմամբ՝ 2019թ. ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունն ընդունելու համար։

Հայաստանի վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին և նշել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով։

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան ողջունում է երկխոսության ճանապարհով հակամարտության կարգավորումը և խաղաղությանը միտված ջանքերը։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առևտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։

Վարչապետը կարևորել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝ երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համատեքստում, ինչի համար ձևավորվել են լավ հիմքեր։ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ընթացիկ տարում տնտեսական կապերի զարգացման լավ դինամիկան, ինչի մասին են վկայում իտալական կապիտալի ներգրավվածության ընդլայնումը մեր երկրում, երկկողմ առևտրաշրջանառության աճը, նաև 2020 թ. հունվարից Երևան-Միլան-Հռոմ չվերթների գործարկումը, որը կնպաստի զբոսաշրջային և բիզնես կապերի զարգացմանը։

Կարլո Ֆերոն ողջունել է ՀՀ վարչապետի այցն Իտալիա և նշել, որ իտալական կողմը բավական հետաքրքրված է Հայաստանի հետ գործարար համագործակցության զարգացմամբ, տպավորված է բիզնեսի ոլորտում արձանագրվող աճով և պատրաստ է քննարկել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։ Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը՝ նշելով, որ այն մասնագիտացած է իտալական ընկերությունների միջազգային գործունեությունը խթանելու գործում։ Նա արդյունավետ է համարել այս տարվա հունիսին Երևանում և երեկ Միլանում հայ-իտալական գործարար համաժողովների անցկացումը և առաջարկել քննարկել ֆորումների արդյունքների կապիտալիզացման հնարավորությունը։

Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները հետաքրքրական են համարել զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, գյուղատնտեսության, ագրոտուրիզմի ոլորտներում համատեղ ծրագրերը և մտքեր փոխանակել դրանց իրականացման հեռանկարների շուրջ։ Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակը Հայաստանում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշներին համահունչ տնտեսական և օրենսդրական միջավայրի ձևավորումն է և դեպի եվրասիական շուկա ազատ, անսահմանափակ մուտքի ապահովումը, ներկայացրել այդ ուղղությամբ արվող քայլերը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կարլո Ֆերոյին համագործակցելու պատրաստակամության համար, առաջարկել նրան Հայաստանում առկա հնարավորությունները ներկայացնել իտալական ներդրողներին, ինչպես նաև հրավիրել Հայաստան՝ տեղում ծանոթանալու երկրին և առկա հնարավորություններին։

Երկուստեք կարևորվել է զբոսաշրջային բիզնեսում ներգրավված ՓՄՁ-ների միջև փորձի փոխանակումը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հետագա անելիքների և կոնկրետ ծրագրերի շուրջ քննարկումները շարունակել Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների և Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության մակարդակով։

Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական «Corriere della Sera» oրաթերթին։

* * *

Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։

Վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը։ Նիկոլ Փաշինյանը շրջել է Հռոմի Հայ Կաթողիկե եկեղեցում, ծանոթացել հայկական հոգևոր, կրթական մշակութային կառույցի և Քահանայապետական վարժարանի գործունեությանը, հանդիպել նաև Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի սաներին և Անարատ հղության հայ քույրերի միաբանության քույրերին։

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և «Լևոնյան» Քահանայապետական վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում և եկեղեցու անունից աջակցություն հայտնել Հայաստանի վարչապետի այն բոլոր քայլերին, որոնք միտված են հզորացնելու հայոց պետականությունը և բարեկեցիկ կյանք տալու հայ ժողովրդին ու Հայաստանին։ «Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք Սփյուռքի հայկական գաղթօջախներ կատարած Ձեր այցելություններին և ոգևորվում ենք հայկական ազգային նկարագիրը պահպանող կենտրոններ, ինչպիսիք են Վենետիկի Սուրբ Ղազար կղզին՝ Մխիթարյան միաբանությունը և Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցին Ձեր այցելություններով, որոնք, բացի կրթական և մշակությանին կենտրոններ լինելուց, հայ հոգևոր ինքնության պահպանման և հոգևորականների պատրաստման կաճառներ են», - նշել են նրանք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր խոսքում, մասնավորապես, նշել.

«Գերապայծառ Տեր,
հոգևոր հայրեր,
շնորհադարձ քույրեր,
ՀՀ կառավարության հարգելի ներկայացուցիչներ,
սիրելի ներկաներ,

ես մտածում էի Իտալիայի Հանրապետություն մեր ընթացիկ այցի մասին, և տպավորությունն այն է, թե այս այցն Իտալիա, հայ-իտալական հարաբերությունները, հետագա հնարավորություները ավելի լավ իմանալու, գիտենալու, ճանաչելու մասին է։ Բայց իրականում գործնականում գրեթե բոլոր այցերն ունեն շատ կարևոր մի հատված և առանձնահատկություն՝ մինչ այս պահին, հիմա առավել ևս ընդգծվում է։ Խոսքն այն մասին է, որ տարբեր երկրներ այցելելով, տարբեր հանդիպուներ ունենալով՝ մենք ոչ միայն ճանաչում ենք և իմանում ենք այդ երկրների մասին, այլև ավելի լավ ճանաչում ենք ինքներս մեզ, մեր պատմությունը, մեր ինքնությունը, և այս պաշտոնական այցերը նաև մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր պատմությունն ավելի լավ ճանաչելու մասին են։

Ընդհանրապես երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, մեր ինքնության պահպանման և զարգացման մասին, դրա համար և այդ ճանապարհին կա շատ կարևոր մի բանաձև. մենք իսկապես որպես ժողովուրդ պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորը իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին, և մեր ապագան կառուցելու ամենակարևոր գործողություններից մեկը մեր անցյալը ճանաչելու, մեր անցյալի հետ հաշտ լինելու գործընթացն է։ Իտալիա կատարած այս այցը, ինչպես նաև այլ երկրներ կատարած այցերը իսկապես շատ հսկայական հայկական ենթատեքստ ունեն. մենք սկսեցինք Վենետիկից՝ այցելելով Մխիթարյան միաբանություն, որը մեր ինքնության պահպանման և զարգացման գործում անուրանալի և անգնահատելի վաստակ է ունեցել։ Այսօր մենք Լևոնյան վարժարան այցելելու առիթ ունենք, Միլանի Հայ Առաքելական եկեղեցում հանդիպում ունեցանք։ Այս այցերը, անկեղծ ասած, մեծացնում են մեր ներուժի գնահատականը, անսահման հարգանքը ինքներս մեր պատմության, մեր ժառանգության նկատմամբ և մեր ապագայի հանդեպ հավատը։ Երբ մենք այցելում ենք հեռավոր Սինգապուր, և այնտեղ այցելության ամենակարևոր օջախներից մեկը հայկական եկեղեցին է, երբ այցելում ենք Ռուսաստան, Եվրոպայի երկրներ, Ֆրանսիա, ԱՄՆ, իրականում այդ բոլոր այցերի արդյունքներից մեկը մեր ինքնությունն ավելի լավ ճանաչելու պատեհությունն է, հնարավորությունն է, և սա իսկապես շատ բարձր գնահատանքի է արժանի։

Ես ուզում եմ ասել, որ իսկապես մենք շատ բարձր ենք գնահատում Հայ Առաքելական եկեղեցու, Հայ Կաթոլիկ եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու դերը մեր ինքնության պահպանման և զարգացման գործում։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ հայկական ինքնությանն այսքան մոտիկ և հարազատ մնալու, այդ ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու համար։ Այնպես ստացվեց, որ Միլանում հանգամանքների բերումով մեր ողջ հանդիպումն անցավ Ղուկասի ավետարանի Տասը մնասի առակի համատեքստում։ Ես կարծում եմ, որ այդ առակը հենց այսօր էլ շատ հրատապ է մեզ համար, որովհետև հարցն այն չէ, թե մենք ինչ հաշիվ ենք պահանջելու ինքներս մեզնից, հարցն այն է, թե մենք ինչ հաշիվ ենք տալու մեր սերունդներին, որովհետև այն ժառանգությունը, որ մենք ունենք ՀՀ-ում, աշխարհում, պետք է ոչ միայն ուղղակի պահպանվի, այլև պետք է զարգանա։ Այդ ժառանգությունը պետք է ուժեղացնի մեր ինքնությունը, մեր ժողովրդին, մեր պետությունը, մեր դիրքերը, ավելի վստահ դարձնի մեր ձայնը, ավելի մեծ պատասխանատվության դրդի հենց մեզ՝ ընդ որում, ոչ միայն ինքներս մեր ճակատագրի, այլև աշխարհի ճակատագրի, քրիոստոնեության, մարդկության առաջ մեր ունեցած պատասխանատվությունը։ Իսկ արդյոք մենք ընդհանրապես ունե՞նք այդպիսի պատասխանատվություն և կարող ենք ունենալ այդպիսի պատասխանատվություն և խոսել դրա մասին։ Այս հարցի պատասխանը մենք կարող ենք ստանալ միայն ինքներս մեզ ավելի լավ ճանաչելուց հետո։ Իսկ մենք ինչքան լավ ենք ճանաչում մեզ, հասկանում ենք, որ այսպիսի ժառանգություն ունեցող ժողովուրդը չի կարող ուղղակի անցորդ լինել մարդկության պատմության ճանապարհին, չի կարող ուղղակի դիտորդ լինել մարդկության պատմության թատերաբեմում։ Այսպիսի ժողովուրդը պետք է դերակատար լինի, և այդ դերակատար լինելու առաքելությունն ի կատար ածելու առաջին և նախնական ամենակարևոր գործողությունն ինքներս մեզ ճանաչելն է, որովհետև հնարավոր չէ որևէ նպատակի հասնել առանց սեփական ուժերը գնահատելու, առանց սեփական անցյալը ճանաչելու, առանց սեփական ժառանգությունը գնահատելու։ Իսկ մեր ժառանգությունը, որն առաջին հերթին հոգևոր է, որովհետև այն, ինչ այստեղ նյութական է, որևէ արժեք չէր ունենա և չի կարող ունենալ, եթե հենված չլինի հոգևոր ամուր և անսասան հիմքի վրա։

Մեր ժառանգությունն առաջին հերթին հոգևոր է, որովհետև կապ չունի՝ Հայ Առաքելական եկեղեցու, թե Հայ Կաթոլիկ եկեղեցու մասին ենք խոսում։ Կարծում եմ, որ շատերը չէ, որ սրա մասին գիտեն և ինձ համար նույնպես պետք է խոստովանեմ՝ անակնկալի որոշակի տարրեր կային, որ հենված են նույն արժեքների վրա։ Սուրբ Ղազար կղզում հաճույքով արձանագրեցի, որ տաճարի հիմնական խորանները նվիրված են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Գրիգոր Լուսավորիչին, և սա այն հոգևոր ամբողջությունն է, որ մեզ բոլորիս միացնում է։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր պատմության և ժողովրդի այս նոր ժամանակաշրջանը հենց դրա մասին է, որ մենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի ամբողջական գնահատենք, չզլանանք դիտել մեր թերությունները, չվախենանք շեշտել մեր առավելությունները, չվարանենք բարձրաձայնել մեր նպատակները և չվախենանք հաստատ քայլերով գնալ մեր նպատակների հետևից։

Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և բարձր եմ գնահատում այն ամենը, ինչ միացրել է, միացնում է, միասնական է դարձնում մեզ բոլորիս»։

* * *

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հռոմում բարձր մակարդակի բանակցություններ է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։

Հայաստանի և Իտալիայի վարչապետների հանդիպումը կայացել է Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում։ Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. Իտալիայի վարչապետը դիմավորել է Հայաստանի վարչապետին, Պատվո պահակախմբի ղեկավարի ողջույնից հետո հնչել են Հայաստանի և Իտալիայի Հանրապետությունների օրհներգերը, տեղի է ունեցել ստուգայց, երկու երկրների վարչապետները փոխադարձաբար ներկայացրել են պաշտոնական պատվիրակությունների անդամներին։

Հաջորդիվ կայացել է Հայաստանի և Իտալիայի վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպպե Կոնտեն քննարկել են հայ-իտալական հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները։

Առանձնազրույցին հաջորդած լայն կազմով բանակցություններին Հայաստանի և Իտալիայի վարչապետներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի։ Իտալիայի վարչապետն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական օրակարգին՝ ընդգծելով, որ օրենքի գերակայության, արդարադատության բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում Իտալիան պատրաստ է հնարավորինս սերտ համագործակցել Հայաստանի հետ և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։

Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության և Իտալիայի արդեն իսկ շոշափելի մասնակցության համար հատկապես Հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման հարցում՝ Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է իտալական ընկերությունների ակտիվ մասնակցությունը տնտեսական գործունեության մեջ։ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու, և Հայաստանի կառավարությունը մտադիր է ամեն կերպ նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել վիզաների ազատականացման ուղղությամբ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցում Իտալիայի դիրքորոշման կապակցությամբ՝ ներկայացնելով Հայաստանում բարելավվող միգրացիոն պատկերը։

Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպպե Կոնտեն գոհունակություն են հայտնել նաև հայ-իտալական մշակութային և կրթական համագործակցության կապակցությամբ, արձանագրել երկու երկրների համալսարանների միջև փոխանակման ծրագրերի արդյունավետությունը։ Մշակութային կապերի սերտացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է հնագիտության ոլորտում Իտալիայի հետ հարուստ փորձի փոխանակումը։

Հայաստանի և Իտալիայի կառավարությունների ղեկավարները ծավալուն քննարկում են ունեցել միջազգային անվտանգության արդի հարցերի, Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից այնտեղ իրականացվող մարդասիրական առաքելությունը։ Կողմերը համադրել են իրենց դիրքորոշումները Սիրիայում կայունության վերականգնման հարցում։ Հայաստանի և Իտալիայի վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել ԵՄ-Իրան, Հայաստան-Իրան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Երկու երկրների վարչապետները կարևորվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում համագործակցությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին հրավիրել է պաշտոնական այց կատարելու Հայաստան։

* * *

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։

Հանդիպումից հետո Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր՝ «Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը փոփոխող արձանագրությունը։ Երկու երկրների վարչապետների ներկայությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո դի Ստեֆանոն փոխանակվել են փաստաթղթերով։

Հաջորդիվ երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ նշել է.

«Մեծարգո վարչապետ Կոնտե,
զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
տիկնայք և պարոնայք,

ուրախ եմ առաջին անգամ պաշտոնական այցով գտնվել Իտալիայում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ պարոն Ջուզեպպե Կոնտեին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Վարչապետ Կոնտեի հետ քիչ առաջ ունեցանք բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք ևս մեկ անգամ փաստեցին հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց զարգացումը խթանելու փոխադարձ պատրաստակամությունը։

Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը։ Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործին։

Մեր բանակցություններում զգալի չափաբաժին հատկացրեցինք առևտրատնտեսական հարաբերություններին։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի այս բնագավառում շոշափելի դինամիկա է արձանագրվել: Արձանագրեցի, որ այս պահի դրությամբ Իտալիան մեր երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է Եվրամիությունում:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը և ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավման համար։

Գործընկերոջս տեղեկացրեցի երեկ Իտալիայի ֆինանսական և արդյունաբերական կենտրոնում՝ Միլանում անցկացված հայ-իտալական բիզնես ֆորումի մասին:

Երկուստեք բարձր գնահատեցինք հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում հանձնաժողովի 2-րդ նիստն անցկացնել Երևանում:

Անդրադարձանք զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: Կարևորեցինք 2020 թ. հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Միլան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության և գործարար կապերի ակտիվացմանը։

Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում:

Բարձր գնահատեցի Իտալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացում։

Գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը։

Անդրադարձանք Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո իրականացվող Հայաստանի խաղաղապահ առաքելությանը, ինչը մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր օրինակ է:

Մտքեր փոխանակեցինք սիրիական ճգնաժամի շուրջ, մտահոգություն հայտնեցինք Թուրքիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ:

Համոզված եմ, որ այսօրվա մեր արդյունավետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի մեր երկրների համագործակցությանը, և մեր օրակարգը կհամալրվի բազմաբովանդակ նախաձեռնություններով:

Կարող եմ արձանագրել, որ այսօրվա հանդիպման արդյունքնեորվ մեր երկրների միջև առկա բավական դրական մթնոլորտը կդառնա շատ ավելի դրական, և կարծում եմ՝ մեր հանդիպումը մեծացրեց այն լավատեսական լիցքը, որն առկա է մեր երկրների միջև հարաբերությունների առումով։

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Կոնտեին ջերմ ընդունելության և բարեկամական մթնոլորտի համար։

Շնորհակալություն»։

Վարչապետի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն ավարտվել է։ 

← Վերադառնալ