Արտերկրյա այցեր

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

03.03.2020 - 04.03.2020

ևս 66 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի կունենան հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:

Հանդիպումներ են նախատեսված Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

 * * *

Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախ հնչել են Հայաստանի և Վրաստանի օրհներգերը, ապա Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին:

Այնուհետև տեղի է ունեցել վարչապետների առանձնազրույցը: Իր խոսքում Գիորգի Գախարիան նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հյուրընկալել Ձեզ Վրաստանում: Մենք կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որ էլ ավելի խորացնենք մեր երկրների բարիդրացիական հարաբերությունները: Միշտ էլ համաձայնել ենք, որ բարձր մակարդակի հանդիպումները հիմք են գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երևանում, այն անցավ բավականին արդյունավետ: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը ևս լավ հիմք կդառնա երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման համար»: Գիորգի Գախարիան հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանն ապրում են բարդ տարածաշրջանում և երկու երկրները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը պետությունների զարգացման հիմքն է: «Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի մասին»,- ասել է Վրաստանի վարչապետը: Գիորգի Գախարիան համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումների ընթացքում հնարավորություն կունենան քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Երևանում ջերմ ընդունելության և պաշտոնական այցի հրավերն ընդունելու համար:

Վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար և նշել. «Հարգելի վարչապետ, թանկագին Գիորգի, մեր երկրների հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել: Մեր պետություններն ունեն խորը մշակութային, քաղաքական, պատմական կապեր: Մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի, և ժամանակն է մտածել այս տարածաշրջանում եթե ոչ հազարամյակների, ապա հարյուրամյակների մեր համատեղ զարգացման մասին: Ասածս ուղղակի գեղեցիկ ձևակերպում չէ, այլ Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումներն ունեն ռազմավարական բնույթ: Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցություն և՛ ընդհանուր, և՛ տարբերակվող, բայց տարածաշրջանային մեր հարաբերությունները մենք բոլորովին այլ հարթության վրա ենք դիտարկում: Հայ-վրացական հարաբերություններն ամրացնող ևս մի գործոն նվիրվածությունն է ժողովրդավարական արժեքներին: Այս հանգամանքը ևս մի կարևոր անկյունաքար է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել և համոզմունք հայտնել, որ այս այցն է՛լ ավելի կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների կառավարություններին հաջողվում է հստակ քայլերով բոլոր պայմանավորվածություններն առաջ մղել:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով:

Վաչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ և երկկողմ օրակարգի կարևոր մաս է դրա լիարժեք իրացումը: ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով` երկու երկրների գործադիր մարմիններն այստեղ ունեն բազմաթիվ հնարավորություններ` տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի։ «Այդ առումով նույնպես ժողովրդավարությունն էական նշանակություն ունի, որովհետև իմ պատկերացմամբ, եթե մարդիկ Հայաստանը և Վրաստանն ընկալեն որպես ժողովրդավարական տարածք` մեր երկրների ներդրումային գրավչությունը կմեծանա։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին: Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն, բայց իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում։ Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, իսկ Վրաստանը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կես ամիս անց Վրաստան այցի ժամանակ հենց այդ բանաձևն է ինքն առաջարկել` երկկողմ հարաբերությունների հիմքում դնելու համար։ «Մենք ողջունում ենք Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Ընդհանրապես հակամարտություններն աշխարհում, նաև մեր տարածաշրջանում բացարձակ տարբեր են իրարից, տարբեր են իրենց բովանդակությամբ, ծագումնաբանությամբ, պատմությամբ և խորությամբ։ Եթե ընդհանուր բանաձևերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, ապա մինչ այժմ դրանք լուծված կլինեին։ Մենք յուրաքանչյուր հակամարտություն դիտում ենք իր առանձնահատկությունների մեջ։ Ուրախ եմ, որ այս առումով կարող ենք կառուցողական կերպով համագործակցել Վրաստանի հետ։ Այն, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք և այն, որ Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրի է ստորագրել ԵՄ-ի հետ, ստեղծում են նոր հնարավորություններ մեր համագործակցության համար, և դրանք քննարկելը կլինի մեր քննարկումների առանցքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-վրացական օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում անհրաժեշտ համարել գործարար կապերի խորացմանը միտված միջոցառումների անցկացումը: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան անդրադարձել են տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի իրականացմանը, կարևորել երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացումը` ցամաքային ճանապարհների, էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային կապի ուղղությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերին: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կարևորել են հակամարտությունների կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով:

* * *

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Գախարիան հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա. «Ողջունում եմ Հայաստանի վարչապետին: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հնարավորություն հյուրընկալել Ձեզ Թբիլիսիում, Վրաստանում: Ինչպես հայտնի է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, և մենք ամեն օր պետք է աշխատենք նրա համար, որ մեր համագործակցությունը դառնա էլ ավելի արդյունավետ:

Պարոն վարչապետ, նախ շնորհակալություն եմ հայտնում իմ` Երևան կատարած այցի և ջերմ ընդունելության համար: Մենք խոսեցինք այդ մասին, և համոզված եմ, որ այսօրվա Ձեր այցն է՛լ ավելի արդյունավետ կլինի նրա համար, որ մեր երկրների քաղաքացիներն է՛լ ավելի զարգացած լինեն ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության հարցերում:

Մենք այսօր խոսեցինք մեր երկրների բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների հետագա խորացման մասին: Տարբեր ոլորտների անդրադարձանք՝ անվտանգության, մշակույթի, կրթության, տնտեսության և նախանշեցինք պլաններ, որոնք մեր երկու երկրների հարաբերությունները նոր որակական աստիճանի կբարձրացնեն:

Վրացական կողմն ընդգծեց այն հարցը, որ մեր տարածաշրջանում ժողովրդավարական զարգացումը խիստ կարևոր է ինչպես տնտեսության, այնպես էլ մշակութային զարգացման համար, նաև նշեցինք, որ Եվրաատլանտյան դաշինքում ամրագրվելու որոշումը Վրաստանի քաղաքացիներինն է, և մենք անսասան այդ ճանապարհի վրա ենք:

Չնայած մեր երկու երկրների տարբեր արտաքին քաղաքական ուղղություններին, մենք համաձայնեցինք, որ անհնար է որևէ այլ հարթություն լինի այդ հարցում, ընդգծեցինք, որ ժողովրդավարության որակը կնպաստի համագործակցության արդյունավետությանը տնտեսության մեջ, տարանցիկ ուղիների իրականացման, մշակույթի և այլ հարցերում: Մենք ողջունում ենք Վրաստանի ակտիվ համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում և համարում ենք, որ սա այն ուղղությունն է, որտեղ մեր երկրները պետք է համագործակցեն արդյունավետ:

Պարոն վարչապետ, մեկ անգամ ևս շնորհակալություն այն այցի համար, որ վրացական կողմը Երևանում իրականացրեց: Բարի գալուստ Թբիլիսի և համոզված եմ՝ այս երկու օրն արդյունավետ կանցկացնենք` ելնելով մեր քաղաքացիների շահերից»:

ՀՀ վարչապպետ Նիկոլ Փաշինյան.

«Մեծարգո պարոն վարչապետ,
Զանգվածային լրատվության միջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ ուզում եմ անձամբ իմ և հայկական պատվիրակության բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային Վրաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ավելի քան ուրախ եմ մեր բարեկամների հետ հանդիպելու այս հնարավորության համար:

Ես բազմաթիվ առիթներով հայտարարել եմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնայնությունների շարքում է: Ես առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները:

Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր համագործակցության համար:

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ այսօր երևան են եկել նոր գործոններ, որոնք անքակտելի են դարձնում մեր բարեկամությունը և է՛լ ավելի ամրապնդում համագործակցության ձգտումը: Դա նախ և առաջ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա կառուցելու մեր երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականն է, որն այլևս անշրջելի է մեզանում և ձեռք է բերել հավատամքի ուժ:

Հիրավի, ժողովրդավարության հաղթանակն ու օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ է բացել մեր երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար:

Այսօր իմ և պարոն Գախարիայի միջև տեղի ունեցած բանակցությունները հնարավորություն տվեցին շարունակել անցած տարվա հոկտեմբերին Երևանում սկսված մեր քննարկումները։

Ուրախությամբ ընդգծեցինք, որ երկարատև դադարից հետո, անցած տարվա հունիսին Երևանում իր նիստն անցկացրեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը:

Անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի հետևողական իրագործման անհրաժեշտությանը։ Նշվեց երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացման կարևորությունը: Խոսքը ոչ միայն ցամաքային ճանապարհների, այլև էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային (ինտերնետ/ մալուխային) կապի մասին է:

Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանն ու գիտությանը: Կարևորվեց երիտասարդների միջև կապի ամրապնդումը: Մեր կողմից առաջարկվեց քայլեր ձեռնարկել նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կապն ամրապնդելու ուղղությամբ:

Իմ վրացի գործընկերոջ հետ անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ դրանց կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, որոնց այլընտրանք չկա։

Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները։ Այս առումով խիստ կարևորում եմ միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը։

Հայ-վրացական ավանդական եղբայրական հարաբերությունների համատեքստում ցանկանում եմ ընդգծել վիրահայերի ունեցած նշանակալի ավանդը: Երախտապարտ ենք վիրահայության ազգային ինքնության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ուղղությամբ Վրաստանի իշխանությունների հետևողական քայլերի համար:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ վերստին ընդգծել բարձր մակարդակով պարբերական շփումների կարևորությունը և կրկին շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին՝ հայկական պատվիրակության ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար»։

Վարչապետը նշել է, որ այսօր Վրաստանում նշվում է մայրերի տոնը և շնորհավորել բոլոր վրաց մայրերին տոնական օրվա կապակցությամբ:

* * *

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ կառավարության ղեկավարը հյուրընկալվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ողջունելով ՀՀ վարչապետին՝ տիկին Զուրաբիշվիլին բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և նշել, որ այսօրվա հանդիպումներում քննարկված հարցերն ու նախաձեռնությունները նոր խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տիկին Զուրաբիշվիլիին հանդիպելու և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար: «Հաճելի է հերթական անգամ հանդիպել Ձեզ: Կարող եմ արձանագրել, որ մեր առաջին հանդիպումից ի վեր հայ-վրացական հարաբերությունները դրական զարգացում ունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում կուրվագծվեն միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ:

Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Այնուհետև քննարկումները շարունակվել են պաշտոնական ճաշի շրջանակում:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Վրաստանի հոգևոր առաջնորդը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական կապերի հետագա զարգացմանը: «Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին: Հույս ունեմ, որ մեր եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն լինել եղբայրական և կնպաստեն երկու ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Իլյա Երկրորդը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նկատել, որ առաջին անգամ Իլյա Երկրորդի հետ հանդիպում ունեցել է 2018 թվականի հունիսին, որից պահպանել է ջերմ հիշողություններ: «Այս ընթացքում մեր հարաբերություններում արձանագրվել է դրական շատ բան, մեզ հաջողվել է այնպես անել, որպեսզի երկու երկրների հարաբերությունները շարունակեն զարգանալ»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու ժողովուրդների` քրիստոնեական արժեհամակարգին հավատարմությունը ևս մեծ դեր է խաղում քաղաքական հարաբերություններում: «Ձեր ավանդը մեծ է այդ գործում և ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է սերտ համագործակցությամբ իրական փոփոխությունների հասնել և էլ ավելի ամրապնդել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: «Պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ հաջողությունների»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Մինչ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հետ հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Պարոն Թալակվաձեն կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ վարչապետի այս այցը ազդակ կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի է՛լ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նա բարձր է գնահատել խորհրդարանականների միջև ձևավորված գործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հարթակներում: Վրաստանի խորհրդարանի նախագահը նաև ընդգծել է տեղի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում և հավելել, որ այն հանդսիանում է հայ-վրացական միջպետական կապերի խթանման ամուր կամուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է պատգամավորների միջև սերտ գործակցությանը կարևորությունը` ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանականների սերտ հարաբերություններն իրենց կարևոր ներդրումն ունեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։

Նիկոլ Փաշինյանը և Արչիլ Թալակվաձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը կարող են գտնել փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։

Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել նաև Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Թբիլիսիի, այլ նաև Սամցե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին օտարերկրյա այցը կատարել է Վրաստան: «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում: Անմոռանալի էր նաև Սամցխե Ջավախեթիում ունեցած հանդիպումը: Այդ այցի ընթացքում առաջարկեցի մեր հարաբերությունները կառուցել մի նոր բանաձևի վրա, որը հետևյալն էր. Վրաստանը և վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանը և հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ, չունեն ոչ մի վատ տրամադրվածություն Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ, հակառակը` շահագրգիռ են, որ Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր: Նաև այդ բանաձևին համապատասխան Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակահայկական դավադրության մեջ, չունեն նեգատիվ տրամադրվածություն, հակառակը` շահագրգիռ են, որ Հայատանի Հանրապետությունը լինի զարգացած պետություն»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց այս բանաձևի վրա են հիմնվել հայ-վրացական հարաբերությունները: Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն այժմ ունեն բացառիկ լավ մթնոլորտ և Նիկոլ Փաշինյանի կարծիքով` երկկողմ հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել, քան այսօր է: «Սա նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Վրաստանի համար: Մեր հաջորդ առաջարկն այն է, որ մենք մեր հարաբերությունները դիտարկենք հարյուրամյակների կտրվածքով` դեպի ապագա, այսօրվանից կարողանանք ընդհանուր պատկերացումներ ունենալ իրար հետ, որովհետև այս տարածաշրջանում հազարամյակներով ապրել ենք կողք կողքի»,- ասել է վարչապետը` հավելելով, որ աշխարհում շատ չենք տեսնի իրար հետ ապրող ժողովուրդներ, որոնք հազարամյա համատեղ պատմություն ունենալով` չունեն թշնամանքի պատմություն: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` սա կարևոր արձանագրում է, որը պետք է ընդգծել: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ պատմության շատ փուլերում երկու ժողովուրդներն ունեցել են ընդհանուր մարտահրավերներ, ստիպված են եղել դրանց դիմակայել միասին, ուստի լավ կլինի, որ երկու պետություններն իրենց ապագան դիտարկեն այս տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում վարչապետն առանձնահատուկ ողջույններ է հղել թիֆլիսահայությանը, որը, նրա խոսքով, մեր ժողովրդի կյանքում ամենանշանակալի դերն ունեցած գործոններից է: «Մեր մշակույթի, ինքնության բազմաթիվ հսկաներ ձևավորվել և գործել են Թիֆլիսում, թիֆլիսահայության միջավայրում: Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ մեր ինքնությունը Հայաստանում, եթե չլիներ այն մեծ մշակութային ժառանգությունը, որն ստեղծվել է Թիֆլիսում: Ընդհանրապես, մեր ժամանակակից ինքնությունը երեք հենասյուներ ունի, խոշոր մշակութային հենասյուներ` Թումանյանը, Թամանյանը և Կոմիտասը: Կարծում եմ, որ Թումանյանն, ըստ էության, ուղնուծուծով թիֆիլիսահույության ամենավառ օրինակն է և արտահայտում է թիֆլիսահայության կարևորությունը մեր ժողովրդի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը` հայ ժառանգության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Գործադիրի ղեկավարի խոսքով` սա այն կարևոր գործոններից մեկն է, որը ձևակերպում է հայ-վրացական ժամանակակից հարաբերությունները: «Մեզ իրար է միացնում քրիստոնեությունը և քրիստոնեական ժառանգությունը: Պետք է անենք լավագույնը, որպեսզի Վրաստանի հետ իմ մատնանշած հենքի վրա մեր հարաբերությունները ստանան երկարաժամկետ և ռազմավարական բովանդակություն»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` մեր այսօրվա գործունեության կարևորագույն առանձնահատկություններից մեկը պետք է լինի այն, որ այսօր ստեղծում ենք այն ապագան, որում պետք է ապրեն մեր սերունդները հիսուն, հարյուր տարի անց: «Հայաստան պետությունն այլևս երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, չպետք է գոյություն ունենա այնպիսի ուժ, որն ի վիճակի կլինի հայկական պետության պատմությունը փակել: Հայաստանը ոչ միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքն է, այլև բոլոր հայերի պետությունն է, անկախ նրանից, թե այդ մարդիկ որ երկրի քաղաքացի են: Մենք շահագրգիռ ենք, որ Վրաստանի հայությունը լինի լիարժեք պատասխանատու Վրաստանի քաղաքացի, որովհետև դա մեր հարաբերությունների բնականոն զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է, բայց նաև մենք համարում ենք, որ Հայաստանի վերաբերմունքը Հայաստանից դուրս ապրողների նկատմամբ և հակառակը` պետք է փոխվի, պետք է դառնա ավելի կառուցողական, ռազմավարական: Այս է պատճառը, որ մեր քաղաքականության հիմքում դնում ենք համահայկականության գաղափարը: Հայությունն ունի այնպիսի ներուժ, որպեսզի երաշախավորի անկախ, հզոր հայկական պետության գոյությունը: Հայ ժողովուրդն ունի ներուժ, որ սեփական ձեռքը վերցնի իր ճակատագիրը: Մենք պետք է աշխարհում ունենանք հնարավորինս շատ բարեկամներ և ամեն ինչ անենք, որ մեր բարեկամները դառնան ավելի բարեկամ: Հետևաբար, հայ-վրացական հարաբերությունների գլխավոր խնդիրը սա է` լինել ավելի ու ավելի հուսալի, բարեկամ, գործընկեր միմյանց նկատմամբ: Եվ վստահեցնում եմ, որ մենք վստահ քայլերով գնում ենք հենց այս ճանապարհով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը և պատվիրակության անդամները պատասխանել են վիրահայերի բազմաթիվ հարցերի, անդրադարձել հայ-վրացական հարաբերություններին, հայրենադարձությանը, կառավարության տնտեսական, կադրային քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին և այլ հարցերի:

← Վերադառնալ