Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

29.10.2025 - 30.10.2025

ևս 67 լուսանկար

Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Սանդուին վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաղթանակի առիթով՝ մաղթելով նոր հաջողություններ Մոլդովայի ժողովրդավարական զարգացման օրակարգի առաջմղման գործում։

Նախագահ Սանդուն իր հերթին շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի համար։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան - Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխաջակցության կարևորությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սանդուն ընդգծել են շարունակական և կառուցողական երկխոսության կարևորությունը։

 * * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է Տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Գանայի նախագահ Ջոն Մահաման և այլք:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի նախագահ Էմանուել Մակրոն,
Հարգելի նախագահ Ջոն Դրամանի Մահամա,
Հարգելի նախագահ Մայա Սանդու,
Հարգելի վարչապետ Էդի Ռամա,
Տիկին Հանձնակատար,
Սիրելի բարեկամներ,

Նախ թույլ տվեք իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին և Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումին՝ այս կարևոր համաժողովը համատեղ կազմակերպելու համար, ինչպես նաև Ֆրանսիային և մնացած գործընկերներին՝ իրենց անգնահատելի աջակցության համար։

Մեծ պատիվ է ելույթ ունենալ այս համաժողովում այն ժամանակ, երբ տեղեկատվական տարածքի ամբողջականությունը և լրատվամիջոցների անկախությունը փորձության են ենթարկվում ինչպես երբեք։ Դրանք ոչ թե ուղղակի տեխնիկական կամ ոլորտային մարտահրավերներ են, այլև հիմնարար հարցեր, որոնք հարվածում են ժողովրդավարության, խաղաղության և կայուն զարգացման հենց սրտին։ Ինձ համար՝ որպես նախկին լրագրող, այս թեման հատկապես հետաքրքիր է։

Բազմակարծիք, թափանցիկ և անկախ լրատվամիջոցների խթանումը կարևոր է Հայաստանի համար, ինչպես ցանկացած ժողովրդավարության համար։ Կառավարությունները պետք է ստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները՝ լրատվամիջոցների իրական անկախությունն ապահովելու համար։ Սակայն արդի ժամանակներում, որում ապրում ենք, մենք պետք է ապահովենք լրատվամիջոցների անկախությունը ոչ միայն կառավարություններից։ Արտաքին ուժերի կողմից տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության աճող միտումների պայմաններում ազգային անվտանգության հարց է դառնում լրատվամիջոցների անկախությունը պաշտպանել նաև ուրիշներից։ Եվ սա հանգեցնում է լրատվամիջոցների արմատներին և դրանց բնույթին։ Ի՞նչի մասին են լրատվամիջոցները և ո՞րը պետք է լինի լրատվամիջոցների նպատակը։ Ես հավատում եմ, որ լրատվամիջոցների դերը հանրային գործին ծառայելն է ամենատարբեր ոլորտներում՝ սկսած կառավարություններին հաշվետու պահելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը և բարեփոխումների խթանումը։

Հարկ է ընդգծել, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության հետ կապված բոլոր հեղինակավոր միջազգային ինդեքսներում: Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսի համաձայն՝ 2019-ից 2024 թվականներին Հայաստանը 180 երկրների շարքում 80-րդ տեղից բարձրացել է 34-րդ տեղը, մամուլի ազատության առումով։
Մենք շարունակում ենք ամրապնդել մեր մամուլի միջավայրը և պահպանել լրագրողական ազնվությունը որպես էական հանրային բարիք՝ գիտակցելով, որ ժողովրդավարությունը վերջնական նպատակակետ չէ, այլ շարունակական պայքար՝ այն սկզբունքները պաշտպանելու և ամրապնդելու համար, որոնց վրա այն հիմնված է։

Միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք այսօրվա մարտահրավերների լրջությունը՝ հիբրիդային սպառնալիքներ, արհեստական բանականության էքսպոնենցիալ աճ, ճշմարտության և կեղծիքի միջև սահմանների մշուշոտում, ապատեղեկատվության զենքի վերածում։ Այս սպառնալիքները վերացական չեն, դրանք իրական են, անմիջական և գլոբալ։ Դրանք մարտահրավեր են նետում ժողովրդավարական կառավարման հիմքերին, հանրային վստահությանը, բևեռացնում են հասարակությունները և թուլացնում ժողովրդավարական ինստիտուտները ներսից։

Ներկայիս տեղեկատվական լանդշաֆտն իր աննախադեպ արագությամբ և մասշտաբով պահանջում է մեր բոլորի նորովի նվիրվածությունը։ Արհեստական բանականությունը զարգանում է, և բովանդակության մանիպուլյացիան դառնում է ավելի ու ավելի խճճված, և մեր համատեղ ջանքերը պետք է կենտրոնանան ճշմարտության պաշտպանության, անկախ լրագրության պաշտպանության և տեղեկացված, բայց ոչ մոլորեցված հասարակությունների կառուցման վրա։

Արտաքին ուժերի կողմից տեղեկատվության մանիպուլյացիան և միջամտությունը աշխարհում անվտանգության հետ կապված աճող մտահոգություն է։ Մենք կարծում ենք, որ այս սպառնալիքների հաղթահարումը պահանջում է իրական համագործակցություն համանման մտածողությամբ պետությունների միջև, որոնք կիսում են մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնարար արժեքները, ինչպես նաև փոխադարձաբար նվիրված են կանոնների վրա հիմնված միջազգային կարգին։

Այս համատեքստում, մենք կարծում ենք, որ տեղեկատվական մանիպուլյացիայի նկատմամբ դիմադրողականության խթանումը պետք է սկսվի կրթությունից, քանի որ այսօր տեխնոլոգիաների զարգացումն ամբողջությամբ փոխել է ավանդական լրատվամիջոցների հայեցակարգը։ Մեզնից յուրաքանչյուրը՝ ձեռքում ունենալով սմարթֆոն, հնարավորություն ունի ստեղծել լրատվություն։ Եվ սա ընդգծում է յուրաքանչյուր անհատի մեդիագրագիտության կարևորությունը։

Մեզ անհրաժեշտ է կրթություն, որը ճանաչողական, սոցիալ-հուզական և վարքային մակարդակներում խթանում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են` խտրականության բացակայությունը, բազմազանության հարգանքը և այլ մարդկանց իրավունքները՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։ Միևնույն ժամանակ, հենց կրթությունն է, որը, լինելով երիտասարդ սերունդների դաստիարակության հզոր գործիք, կարող է օգտագործվել սխալ նպատակներով։

Մենք պետք է նաև խթանենք իրական երկխոսությունը՝ ազգերի, համայնքների, սերունդների միջև։ Երկխոսություն, որը ներառական է, փաստերի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված։ Աշխարհում, որտեղ այնքան երկխոսություններ վտանգված են վերածվելու զուգահեռ մենախոսությունների, մեզ անհրաժեշտ է երկխոսություն, որի բարելավման համար դեռևս սահմաններ չեն երևում։ Եվ այստեղ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է իր ներդրումն ունենալ այս համատեղ ջանքերում։

Մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը՝ պաշտպանելու ազատ և անկախ լրատվամիջոցները, պաշտպանելու թվային տարածքը և, մեր բոլոր միջազգային գործընկերների հետ միասին խթանելու ճշմարտության, թափանցիկության և հարգանքի վրա հիմնված գլոբալ տեղեկատվական տարածքը։ Ճանաչելով աշխարհի յուրաքանչյուր մասում առողջ տեղեկատվական էկոհամակարգերի կարևորությունը՝ Հայաստանը նախատեսում է նաև միանալ Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին՝ որպես տարածաշրջանի ֆոկուսային անդամ պետություն։

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այս կարևոր համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ճշմարտության, թափանցիկության և խոսքի ազատության գործն առաջ մղելու իրենց նվիրվածության համար: Այստեղ կայանալիք քննարկումները, անկասկած, կնպաստեն մեր համատեղ ըմբռնմանը և կոլեկտիվ կարողություններին` ուղղված համաշխարհային տեղեկատվական տարածքի առջև ծառացած բարդ մարտահրավերների հասցեագրմանը: Վստահ եմ, որ շարունակական երկխոսության, համագործակցության և փոխադարձ հարգանքի միջոցով մենք կարող ենք կառուցել ճշմարտության և ժողովրդավարական արժեքների վրա խարսխված դիմացկուն հասարակություններ:

Համաժողովին և դրա բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և հաջողություններ առաջիկա կարևոր աշխատանքում»:

 * * *

Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ, «Նոր ֆլամանդական դաշինք» խմբակցության ղեկավար Պետեր դը Ռուվերի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Պետեր դը Ռուվերը նշել է, որ Բելգիան բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարական ուղին և աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական համագործակցությանը, ԵՄ-Հայաստան գործընկերության խորացման հնարավորություններին վերաբերող հարցերի։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում հոկտեմբերի 29-ի երեկոյան մասնակցել է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը:

Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, այն իրականություն է։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։ «Ունենք խաղաղություն, և դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաև մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ։ Որովհետև կարծում եմ առաջին անգամն է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասում մտնելու տնտեսական համագործակցության փուլ, և ունենալ ոչ միայն խաղաղ, բայց նաև բարգավաճ տարածաշրջան։ Մասնավորապես, հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնում ընդունված հռչակագրով մենք պայմանավորվածության ենք եկել բացելու տարածաշրջանային կապերը՝ հիմված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և երկկողմանիության սկզբունքների վրա։ Կա նաև մեկ այլ սկզբունք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Հաջորդիվ՝ վարչապետն անդրադարձել է TRIPP նախագծին և կարևորել դրա իրականացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ «Տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք, ես նկատի ունեմ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ և միջազգային կապի համար, և դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաև մեր տարածաշրջանի համար»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը` ավելացնելով, որ կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև, Հայաստանի համար կստեղծվեն նոր հնարավորություններ։

Խոսելով Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, ինչպես նաև հետագա բարեկեցության և կայունության համար։ «Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին և խաղաղության գործընթացին»,- նշել է վարչապետը։

Այնուհետև, վարչապետն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին` հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ ևս առաջիկայում դրական զարգացումներ տեղի կունենան: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

 * * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հոկտեմբերի 29-ի երեկոյան մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների տրված ընթրիքին:

* * *

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող թեմաների: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ ընդգծել են, որ երկկողմ փոխգործակցությունը ունի ռազմավարական նշանակություն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու հետևողական քայլերն այդ ուղղությամբ:

Հաջորդիվ քննարկվել են տարածաշրջանային նշանակության հարցրեր: Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել TRIPP նախագծի և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետևողական ընդլայնումը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանի Կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից են։ Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը ՀՀ Կառավարության համար ոչ թե ընտրություն է, այլ ռազմավարություն:

Կայսա Օլոնգրենը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության ջանքերը ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բարեփոխումների ուղղությամբ՝ ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը։

← Վերադառնալ