Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

03.02.2026 - 05.02.2026

ևս 54 լուսանկար



Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հյուրընկալությամբ և վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը՝ երկկողմ ձևաչափով:

Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան:

Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։

 

***

 

Աբու Դաբիում աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։

Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու և այսօր կայանալիք «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը մասնակցելու համար՝ կարևորելով նրա ներկայությունը միջոցառմանը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական առաջընթացին։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և բարձր գնահատանքի համար՝ ընդգծելով խաղաղության և փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարևորությունը։

 

***

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Աբու Դաբիում մասնակցել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը, Սուրբ Աթոռի մշակույթի և կրթության դեպարտամենտի պրոֆեկտ Նորին Սրբազանություն Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոսան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Միջոցառմանը հայկական պատվիրակության կազմում ներկա են գտնվել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է կարճատև ֆիլմ, որը ներկայացնում էր Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության հաստատման կարևորությունը, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են բեմ։ Երկու երկրների առաջնորդներին Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոսան և «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը հանձնել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է ելույթով, որում, մասնավորապես, նշել է․

«Հարգարժան գործընկերներ,
Պատվարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք,

Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության։

Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին։ Եվ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա, ըստ էության, կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու, այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին և տեղի է ունենում հիմա, անհավանական է։

Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին։

Սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, քանի որ որոշումը կայացվել է Դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ։ Եվ ես կցանկանայի իմ երախտագիտությունն ու գնահատանքը հայտնել Դատավորների կոմիտեին։ Հարգելի ընկերներ, ձեր որոշումը, անկասկած, ամրապնդում է խաղաղությունը մեր տարածաշրջանում, ինչի համար շնորհակալ ենք ձեզ։

Այս մրցանակը հիմնադրվել է Նորին Գերազանցություն Ալ-Ազհարի Գերագույն Իմամի և Նորին Սրբություն Հռոմի Պապի համատեղ ջանքերով։ Այս փաստը խորհրդանշում է մահմեդական և քրիստոնեական աշխարհների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։

Տիկնայք և պարոնայք,

Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կա հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստություն։ Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ պարագայում այն երբեք չի դադարեցվի՝ բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին և ժողովուրդներին։

Սակայն, չնայած Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը պաշտոնապես հանձնվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, այն հիրավի մեր ժողովուրդների ձեռքբերումն է։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, բայց մեր ժողովուրդների նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ իսկապես հնարավոր է դարձնում պատմական այս պահը։

Հետևաբար, այս մրցանակը նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի և ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ և այն մեր հնարավորությունից դուրս է։

Հետևաբար, մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը չենք կարող փոխել, մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ և բարգավաճ ապագա կերտելու վրա: Սա հեշտ ճանապարհ չէ: Որովհետև կա մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ և նույնիսկ ատելություն:

Հակամարտության ընթացքում շատերը մահացել են, շատ սգացող ընտանիքներ այժմ հետևում են այստեղ տեղի ունեցողին: Նրանցից ոմանք, հնարավոր է, այս իրադարձությունը համարեն անտեղի: Բայց տառապանքների շարունակությունը ո՛չ թեթևացում է, ո՛չ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են, սպանությունների շարունակությունը ո՛չ թեթևացում է, ո՛չ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են և նրանց հարազատների համար:

Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։

Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք․

«Զայեդի» Մարդկային եղբայրության այս պատվավոր մրցանակը ստանալու այս նշանակալի առիթով ես կցանկանայի խորին երախտագիտություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածությունն ու խաղաղության իդեալին նվիրվածությունը հիմնական գործոններն էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար, և հուսով եմ, որ մենք պատիվ կունենանք ներկա գտնվել նրան Նոբելյան խաղաղության մրցանակն ըստ արժանվույն շնորհելու արարողությանը, ինչին նա արժանի է։

Շնորհակալություն։

Եվ թույլ տվեք իմ հատուկ երախտագիտությունն ու հարգանքը հայտնել Նորին Մեծություն, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և այս գեղեցիկ երկրի հիմնադիր հայր՝ երջանկահիշատակ և պատվարժան շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանին»։

 

* * *

Մրցանակը կոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին և ճանաչում է անհատների ու կազմակերպությունների՝ անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք անշահախնդիր և անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու և խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ։

Մրցանակի հիմնադրումից ի վեր՝ 2019 թվականից, այն արդեն ճանաչել է 16 մրցանակակրի՝ 15 երկրից։ Մրցանակի ստեղծումը հաջորդել է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպմանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդ, հանգուցյալ Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի և Ալ-Ազհարի մեծ իմամ, Նորին գերազանցություն Ահմեդ Ալ-Թայեբի միջև, որի ընթացքում նրանք համատեղ ստորագրել են Մարդկային եղբայրության փաստաթուղթը։

Նախորդ մրցանակակիրների թվում են Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը, Հայիթիի «Գիտելիք և ազատություն» հիմնադրամը, «Սանտ’Էջիդիո» համայնքը, քենիացի խաղաղարար Շամսա Աբուբաքար Ֆադիլը, ինդոնեզական բարեգործական կազմակերպություններ՝ Նահդլաթուլ Ուլաման և Մուհամմադիյան, աշխարհահռչակ սրտաբան, պրոֆեսոր Սըր Մագդի Յակուբը, չիլիական հասարակական գործիչ, քույր Նելի Լեոն Կոռեան, Բարբադոսի վարչապետ Միա Ամոր Մոթլին, սննդային օգնություն տրամադրող World Central Kitchen կազմակերպությունը և երիտասարդ գիտնական Հեման Բեքելեն։

 

***

 

Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Վերջինս ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄԷ ավարտվել է։ Վարչապետին և տիկին Աննա Հակոբյանին Աբու Դաբիի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը:

← Վերադառնալ