Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

06.07.2026 - 06.07.2026

ևս 33 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։

Վարչապետին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովը:

 

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերիբուրգում մասնակցել է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։

Երկրների վարչապետները նախ շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներում՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին։ Հաջորդիվ տեղի է ունեցել Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․

«Հարգելի՛ Միխայիլ Վլադիմիրի,
Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարին՝ «ԻՆՆՈՊՐՈՄ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու հրավերի համար, ինչպես նաև նշել միջոցառման կազմակերպման բարձր մակարդակը։

«ԻՆՆՈՊՐՈՄ» ցուցահանդեսն ավանդաբար հանդիսանում է հարմար հարթակ՝ առաջատար արդյունաբերական լուծումները և բիզնեսի հնարավորությունները ցուցադրելու համար։ Արդյունաբերական զարգացման համաշխարհային ճարտարապետության մեջ տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, մեծանում է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության դերը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4.7%, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում՝ 13%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին ինը տարիների ընթացքում աճել է 2 անգամ։

Միկրոէլեկտրոնիկայի, կենսադեղագործության և ռոբոտաշինության զարգացումը խթանում է հիմնարար և գիտական մշակումների պահանջարկը, մասնագիտական կրթության համակարգի արդիականացումը և ձևավորում որակապես նոր աշխատաշուկա։

Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է, որոնք ապահովում են տեխնոլոգիական զարգացում՝ գործընթացների օպտիմալացման, թվայնացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության ներդրման հաշվին։

Այսպիսի մոտեցումը, բարձրացնելով ոլորտի ներդրումային գրավչությունը, կարագացնի տեխնոլոգիաների տրանսֆերը և պայմաններ կստեղծի բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկման համար։ Նորարարական զարգացման մեր ռազմավարությունն է՝ ապահովել կայուն աճ՝ հաշվի առնելով համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ինտեգրումը, և արժանի տեղ զբաղեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային քարտեզի վրա։

Վերջին շրջանի լայնածավալ ներդրումները վկայում են այն մասին, որ գնալով ավելի է մեծանում մեր երկրի՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ ընկալումը։

Արդյունաբերությունը հանդիսանում է շարժիչ ուժերից մեկը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում։ Ինտեգրացիոն նպատակների իրականացման կարևոր գործնական գործիք դարձավ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ Այս մեխանիզմը նպաստում է անդամ պետությունների արդյունաբերության մրցունակության բարձրացմանը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ փոխշահավետ համագործակցության համար։

Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն իսկ մասնակցում են Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ մի շարք համատեղ նախագծերի։ Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության սրընթաց զարգացման դարաշրջանում մեզ համար հիմնական ուղենիշ պետք է շարունակի մնալ հումանիտար ասպեկտը։

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա միատարր աշխատանքից՝ դրանով իսկ նոր հորիզոններ բացելով մտավոր և ստեղծագործական գործունեության համար։ Շնորհակալություն ուշադրության համար»։ 

 

***

 Եկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն իր խոսքում նշել է.

«Բարի օր, հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Հարգարժա՛ն գործընկերներ, բարեկամներ,

Ռուսաստան այցելությունը Ձեր առաջին արտասահմանյան ուղևորությունն է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Ակնկալում ենք, որ նոր Կառավարությունը, որը կձևավորվի քվեարկության և ընտրությունների արդյունքներով, կապահովի մեր հարաբերությունների զարգացումը, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների առաջընթաց զարգացումը բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով։

Չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում։ Հայրենական ընկերություններն ակտիվորեն աշխատում են Հայաստանի հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի, այդ թվում՝ խաղաղ ատոմի, ինչպես նաև թվային տնտեսության ոլորտներում։ Կարևոր է, որ Հայաստանի Կառավարությունը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների ու օրինական շահերի պահպանումը։

Փոխգործակցության բոլոր հարցերը գտնվում են մեր Միջկառավարական հանձնաժողովի մշտական վերահսկողության ներքո, որը մեր կողմից գլխավորում է փոխվարչապետ Ալեքսեյ Լոգվինովիչ Օվերչուկը։

Այսօր մենք Ձեզ հետ միասին մասնակցեցինք Ռուսաստանում խոշորագույն «ԻՆՆՈՊՐՈՄ» ցուցահանդեսին, ծանոթացանք արդյունաբերության, մեքենաշինության և գիտատեխնոլոգիական մշակումների ոլորտի ամենաժամանակակից լուծումներին։

Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները ևս այստեղ կգտնեն համատեղ նախագծերի, համատեղ արտադրության հնարավորություններ և կհաստատեն կոոպերացիա։ Դա հատկապես կարևոր է անել՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների մասնակցությունը։

Մենք կարևորում ենք մեր հայ գործընկերների հետ մշակութային և հումանիտար համագործակցությունը։ Առաջարկում ենք շարունակել Մշակույթի օրերի, ցուցահանդեսների, փառատոնների անցկացման ավանդույթը, ամրապնդել կրթական, երիտասարդական միջոցառումները, ցուցահանդեսներն ու համաժողովները։

Լավ հնարավորություններ կան նաև մեր ուղղակի միջտարածաշրջանային կապերի ընդլայնման համար։ Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ համալիրը։

Հարգելի՛ Նիկոլ Վովայի, խոսքը փոխանցում եմ Ձեզ»։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է.

«Շատ շնորհակալ եմ, Միխայիլ Վլադիմիրի։

Նախևառաջ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել «ԻՆՆՈՊՐՈՄ» ցուցահանդեսի հաջող անցկացման կապակցությամբ։ Շնորհակալություն հրավերի համար։

Իհարկե, այս հանդիպումը շատ լավ առիթ է մեր հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը քննարկելու համար։ Եվ ընտրություններից հետո սա լավ առիթ է, ինչպես ասում են, ժամացույցները ճշգրտելու համար։ Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր։ Իհարկե, հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, անշուշտ, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությամբ։

Եվ շահագրգռված ենք, որպեսզի այն մեխանիզմները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, գործեն պլանային ռեժիմով։ Եվ ես կարծում եմ, որ դա բխում է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման շահերից։ Իհարկե, ինչպես արդեն ասացի, մենք կառուցողական ենք տրամադրված՝ քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերն ու բոլոր նրբությունները։

Եվ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր։ Շատ շնորհակալություն»։

← Վերադառնալ