Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

22.09.2026 - 25.09.2026

ևս 113 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։

Վարչապետը պատասխանել է մոդերատորի հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում ստեղծվող հնարավորություններին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս աշխատանքները կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացմանը, ինչի արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։ «Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդպիսով կյանքի է կոչվում նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Հաջորդիվ երկրի ղեկավարը խոսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ նախորդ տարվա օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստեղծվել են արհեստական բանականության երեք կենտրոններ, որոնցից երկուսը մեծամասշտաբ ներդրումային ծրագրեր են։

Վարչապետն անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումներին՝ հավելելով, որ այն մեր երկրում հաջողությամբ զարգանում է և համարվում է տնտեսության կարևոր մաս։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ խաղաղության հաստատմամբ մեր երկրի ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի։

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև Էներգետիկայի ոլորտում ինքնաբավության հասնելու հնարավորություններին, կուտակիչ կայանների ձևավորմանը, նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը միտված քայլերին վերաբերող հարցերի։

Խոսելով ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ուղղություններով էլ հաստատվել է ռազմավարական գործընկերություն և ընդգծել, որ ՀՀ Կառավարությունը շարունակելու է խորացնել հավասարակշռված և հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից՝ ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավար, պրոֆեսոր Անանթա Չանդրակասանի հետ:

Վարչապետն անդրադարձել է ՀՀ Կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագծին և կարևորել ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ հնարավոր համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Այդ համատեքստում, քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասները, դրա ընթացքն ու առաջիկա անելիքները:

Անանթա Չանդրակասանը ողջունել է ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ կիսելով նաև ունեցած փորձն ու կարողությունները:

Մտքեր են փոխանակվել բարձրագույն կրթության զարգացմանը միտված քայլերի շուրջ:

* * *

Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։

Կողմերը հիշատակել են այս տարի կայացած «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ առաջընթացին։

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

* * *

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետևողական զարգացման հեռանկարները: Երկկողմ օրակարգային հարցերի առաջմղման առումով կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության խթանման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին և խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերին:

* * *

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Այդ առումով, կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության դրական դինամիկա, որն արտացոլում է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված փոխադարձ հետաքրքրությունը։ Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն ընդգծել են տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ առկա զգալի ներուժը: Այն իրացնելու առումով կարևորվել է համատեղ հետևողական քայլերի իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:

* * *

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:

Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ թեմաների:

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերի շուրջ:

* * *

Նյու Յորքում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանից տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների:

* * *

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Վարչապետ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոքսին շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալվելու համար և նշել, որ պալատի անդամները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ: Նա հավելել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ տնտեսության ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ներդրումային հնարավորություններին և բիզնես միջավայրին:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ առևտրատնտեսական կապերին և նշել, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ հանդիպմանը ստորագրված փաստաթղթերի արդյունքում արդեն իսկ տեղի են ունեցել էական զարգացումներ: Երկրի ղեկավարը, մասնավորապես, հիշատակել է մեր երկրում արհեստական բանականության երկու խոշոր գործարանների հիմնումը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել:

Վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, դրա արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ձևավորվող հնարավորություններին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացման մասին։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորություններն ու բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին։

Հանդիպման արդյունքներով ազդարարվել է Հայաստան-ԱՄՆ գործարար խորհրդի մեկնարկի մասին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ, որոնք կրթություն են ստանում ամերիկյան առաջատար բուհերում:

Վարչապետ Փաշինյանը ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքները:

Երկրի ղեկավարն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին, կրթության որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու, տարբեր ուղղություններով Կառավարության քաղաքականությանը վերաբերող թեմաների:

Վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը: Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողական աշխատանքներ է տանում համաժողովը լավագույնս կազմակերպելու համար և կարևորել միջազգային գործընկերների բարձր մակարդակով մասնակցությունը:

Անտոնիու Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում համաժողովը կանցկացվի լավագույն կերպով:

ՀՀ վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության խթանման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

* * *

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Յանեզ Յանշայի հանդիպումը:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Սլովենիա հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը խոսել է Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ընթացքի մասին և կարևորել Սլովենիայի կողմից բարձր մակարդակի մասնակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Յանեզ Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցերին:

* * *

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։

Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը և տեղի ունեցող զարգացումներին առնչվող թեմաներ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի ներդրումների ղեկավար Քոնոր Քոլմանի հետ:

Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքներին, նախագծի հնարավորություններին, գնահատվող ներդրումների ծավալներին:

Վարչապետն ընդգծել է TRIPP-ի դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում փոխգործակցության հետագա քայլերի շուրջ:

* * *

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թաիլանդի Թագավորության վարչապետ Անութին Չարնվիրակուլի հետ:

Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները: Կարևորվել է զբոսաշրջության, իրավական և դիվանագիտական ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում կապերին ու փոխգործակցության խթանմանը:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թվային համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Դիմահ Ալ Յահյայի հետ:

Վերջինս ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և նշել, որ նպատակն է խթանել ներառական և կայուն թվային տնտեսության զարգացումը, խորացնել պետությունների միջև թվային համագործակցությունը։

Վարչապետն անդրադարձել է թվայնացման ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին և նշել, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ունեն առաջնահերթություն:

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և կազմակերպության միջև համագործակցության հնարավորությունները:

* * *

Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:

* * *

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք եւ պարոնայք,

2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ անձնական մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի համար։

Այս առիթով նախ ուզում եմ անդրադառնալ՝ ինչին նախագահ Թրամփը երկու օր առաջ հղում արեց այս ամբիոնից։ Այո ասել եմ եւ հիմա էլ վերահաստատում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը բերած բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության եւ խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության։

Նախագահ Թրամփի անձնական ներկայությունը գործնական եւ խորհրդանշանական արտահայտություններ ունի նաեւ գետնի վրա։

2025 թվականի օգոստոսի 8–ին Սպիտակ տանը տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Խաղաղության հռչակագրի չորրորդ կետում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

TRIPP նախագծի իրագործումն, ըստ այդմ, շոշափելի քայլերով իրականություն է դառնում։ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ նահանգների միջեւ ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն առաջիկայում կվավերացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։

Հիմա մենք Միացյալ Նահանգների կառավարության հետ աշխատում ենք «TRIPP development company» ընկերության ստեղծման եւ բաժնետիրական համաձայնագրի ստորագրման վրա։

Ըստ այդմ, սկզբնական շրջանում Հայաստանը 26 տոկոս բաժնեմաս կունենա «TRIPP development company»–ում, իսկ ԱՄՆ–ն՝ 74 տոկոս։ Համաձայնագիրը նախատեսում է, որ այն երկարաձգելու պարագայում 50–րդ տարում Հայաստանի Հանրապետության բաժնեմասը կդառնա 49 տոկոս՝ առանց լրացուցիչ ներդրման։

TRIPP նախագծի գործնական արտահայտություններից մեկը 2025 թվականի օգոստոսի 8–ին իմ եւ Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված եւ ԱՄՆ նախագահի կողմից՝ որպես վկա ստորագրված Խաղաղության հռչակագրի 3–րդ կետի իրագործումն է լինելու։

Հռչակագրի 3–րդ կետում ասվում է․ «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների (այսինքն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի) միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։

Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։

TRIPP նախագծի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Վաղ 90–ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, այսպիսով նաեւ Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի հետ։ Չնայած, պետք է ընդգծել, որ 2025 թվականի օգոստոսի 8–ի Խաղաղության գագաթնաժողովից հետո Ադրբեջանն իր երկաթուղին բացել է Հայաստանի համար, եւ հիմա մենք Վրաստանի տարածքով երկաթուղային կապ ունենք Ադրբեջանի հետ։

TRIPP նախագծի իրագործումը Հայաստան–Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետեւ Հայաստանն իր հյուսիսային եւ հարավային շրջանների միջեւ երկաթուղային կապ չունի, եւ դա գործնականում հնարավոր է միայն Ադրբեջանի Հանրապետության Նախջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ չունի իր Նախջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, եւ դա գործնականում հնարավոր է միայն Հայաստանի տարածքով։

Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Հանրապետության Մեղրիի եւ Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած եւ հետագայում ավիրված երկաթուղային հատվածները, եւ իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն։

Բայց սա ունենալու է նաեւ հսկայական միջազգային նշանակություն, որովհետեւ նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ մենք սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը։

TRIPP նախագծի հետ միասին սա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարեւորագույն իրադարձություններից մեկը դառնալ, որովհետեւ այսպիսով՝ երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի եւ Եվրոպական միության միջեւ։

Այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկաթուղային կապի վերականգնումը՝ վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ։ Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ ցույց է տալիս, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է TRIPP նախագծի իրագործումը մեծ օգուտներ խոստանում մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, եւ այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության եւ խաղաղության անկյունաքար դառնալ, առավել եւս՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Շուրջ 35 ամյա կոնֆլիկտից հետո հիմա մենք քննարկում ենք TRIPP նախագծի շրջանակներում արեւելքից արեւմուտք երկաթուղուց բացի խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ կառուցելու հարցերը, եւ սա հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք եւ պարոնայք,

Այս ամենն արտահայտում է այն լավատեսությունը, որ 2025 թվականի օգոստոսի 8–ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովից հետո հաստատված է մեր տարածաշրջանում եւ Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի քաղաքացիներն իրենց լավատեսությունը վերահաստատեցին այս տարվա հունիսի 7–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, որտեղ ընտրությունների մասնակիցների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հնարավորություն տալով ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն։

Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում, եւ արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել եւ իրագործում՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային եւ այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաեւ զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։

Բայց վերջին տարիներին մեր իրականացրած ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդարացրեցին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը եւ Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով։

Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, եւ մենք պետք է հետեւողականորեն զբաղվենք խաղաղության հետագա ուժեղացմամբ եւ ինստիտուցիոնալացմամբ։

Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին։

Այս հարցերի դեռեւս չլուծված լինելու հետ մեկտեղ՝ հոռետեսներին սնող մյուս պատճառը ժամանակ առ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի որոշակի շրջանակներում, երբեմն պաշտոնական մակարդակում, կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։ Կարծում եմ մենք՝ նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որեւէ այլ բանի մասին։

Խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելն ու ինստիտուցիոնալ դարձնելը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հիմնական թեման պետք է լինի։ Արդեն երկուսուկես տարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխհրաձգության հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, եւ սա, կարծում եմ, այն մեծագույն արժեքն է, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ։

Անկախ Հայաստանի եւ անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն։

Մեր խնդիրը, սակայն, պատմական այդ փորձը վերականգնելը չէ, այլ ժողովրդական այդ փորձի հիման վրա միջպետական հարաբերություններ կառուցելը՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ քաղաքական անկախության հարգման վրա։ Սա, ի դեպ, ճշգրիտ այն խոսույթն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ համաձայնեցրել եւ նախաստորագրել են՝ երկու երկրների միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրում։

Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում նախաստորագրված այդ համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելը Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է, եւ մենք հետեւողականորեն շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ։

Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանի կողմից որդեգրված հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը բխում է բազմաբեւեռության տրամաբանությունից, որը Միացյալ ազգերի կազմակերպության գործունեության առանցքային սկզբունքներից է։ Վերջին տարիներին մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության հետ։

Այսօր, ի դեպ, Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Հայաստանի համար առեւտրային ինքնավար միջոցներ սահմանելու մասին որոշումը, ինչը Հայաստան-ԵՄ նոր որակի հարաբերությունների հերթական դրսեւորումն է։

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, եւ սա բնական գործընթաց է, որովհետեւ նախորդող ողջ շրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։

Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, եւ մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։

Մենք, իհարկե, շարունակելու ենք Հայաստանից ավել կամ պակաս հեռավորության վրա գտնվող մեր գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ այս առումով կուզենայի ընդգծել Կենտրոնական Ասիայի երկրներին, որոնց հետ մեր հարաբերությունները նույնպես բարձր դինամիկա ունեն։

Բայց չեմ կարող նաեւ չընդգծել, որ մեր արտաքին քաղաքական պատկերացումների համար, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունեն մեր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը եւ խորացումը։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների դինամիկայի մասին արդեն խոսեցի։

Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, եւ ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Մեր մյուս երկու հարեւանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նախկինում, մեզ համար ունեն բացառիկ կարեւորություն եւ մեր բարիդրացիությունը շարունակում է զարգանալ եւ խորանալ։

Տարածաշրջանի կայունության եւ զարգացման գործում իր բաժին ներդրումը Հայաստանի Հանրապետությունը համարում է միջազգային խաղաղության, կայունության եւ զարգացման գործում իր առանցքային անելիքը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք եւ պարոնայք,

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը, եւ բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու Հայաստանի եւ Կենսաբազմազանության միջազգային օրակարգի համար այդ կարեւորագույն միջոցառմանը։

Հարգելի տիկնայք եւ պարոնայք, սա էի ուզում ձեզ հետ կիսել այսօրվա իմ ելույթում։

Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։

← Վերադառնալ