Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը Սյունիքի մարզում կիրականացնի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր

11.11.2021

ևս 7 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուն և այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ Կառավարության քայլերին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրին: «Դուք գիտեք, որ Կառավարության ծրագրում և մեր նախընտրական ծրագրում մատնանշել ենք առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու անհրաժեշտությունը։ Ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում չափազանց կարևոր է մեր նախընտրական խոստումը և Կառավարության ծրագրում արձանագրված դրույթը, որ 3-6 տարեկան երեխաների 85 տոկոսը պետք է ներգրավված լինի նախադպրոցական հաստատություններում։ Հիմա շատ կարևոր է որոշումներ կայացնել մեր այս ծրագրերի իրականացման բանաձևերի շուրջ:

Նոյեմբերի 4-ին ես ստորագրել եմ որոշում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին, որը չափազանց կարևոր որոշում է։ Ըստ էության, կարող ենք համարել, որ այս ծրագիրը սկսում ենք իրականացնել Սյունիքի մարզից: Ամենակարևոր խնդիրը, որ մենք մեր առաջ դրել ենք, այն է, որ կրթությունն իրականում հասանելի լինի Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաներին և ունենա պատշաճ որակ, որպեսզի բացահայտի ՀՀ քաղաքացիների ամբողջ ներուժը։ Հետաքրքիր հետազոտություններ են արված, որոնց վրա է հիմնված մեր աշխատանքը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող ենթակառուցվածքներով, կրթական համակարգով անցնելով՝ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կարող է բացահայտել իր ներուժի ընդամենը 57 տոկոսը։ Այսինքն՝ մենք ժամանակակից մեթոդաբանությամբ գնահատել ենք մեր կրթական այսօրվա ենթակառուցվածքը՝ ներառյալ բովանդակություն, ֆիզիկական ենթակառուցվածք և արձանագրել, որ մարդը, մեր՝ այսօր առաջարկած կրթական ծառայություններից լիարժեք օգտվելով, կարող է բացահայտել իր ներուժի ընդամենը 57 տոկոսը։

Հաջորդ կարևոր վիճակագրության համաձայն՝ այսօրվա պայմաններում տարրական դպրոցի ավարտին մեր աշակերտների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Այսինքն՝ պատկերացրեք, 4-րդ դասարանն ավարտած երեխան պարզ տեքստը կամ չի կարողանում կարդալ, կամ եթե կարողանում է կարդալ՝ չի կարողանում հասկանալ։

Պարզ է, որ կրթական համակարգում այս ծրագրի իրագործման համար ահռելի միջոցներ են պետք։ Հիմա մենք սկսում ենք Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքից, և այստեղ միայն այդ կրթական ծրագիրն իրագործելու համար 9 մլրդ դրամի ներդրում ենք իրականացնելու»,- ասել է վարչապետը։

ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը նշել է, որ կրթական հաստատությունների բարելավման ծրագրով առաջարկվել է դպրոցների բարեփոխումներ իրականացնել Կապան խոշորացված համայնքում, որի կազմում ներառվել են Կապան քաղաքն ու հարակից 31 գյուղերը։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ թիվ են կազմում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների քանակը: Մինչև 100, դա չի նշանակում 80, 90 , դա նաև նշանակում է 30, 40, 50: Այդ բաշխվածությունն իրոք խնդրահարույց է, հանրապետությունում այդ դպրոցների քանակը կազմում է շուրջ 31.5 տոկոս: Ամենաբարձր ոչ լավ իմաստով ցուցանիշը Սյունիքի մարզում է: Սյունիքի մարզի դպրոցների շուրջ երկու երրորդը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ են»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ նախատեսվում է Կապանի խոշորացված համայնքի այս մոտեցումը տարածել ամբողջ Սյունիքի մարզի վրա:

Նախարարը նշել է, որ հետազոտվել է 31 գյուղ և ներկայացվել է հետևյալ առաջարկը. «6 գյուղերում պետք է պահպանել եղած դպրոցները, դրանցում ապահովելով նաև՝ նախակրթարանից մինչև 12-րդ դասարանի, մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը: Իսկ մնացած 25 գյուղերում առաջարկվել է ստեղծել 7 հանգույցներ, որտեղ տարբեր համայնքների երեխաներ կմիավորվեն ու որակյալ կրթությամբ կապահովվեն։ Այս 7 հանգույցների գործունեությունն ապահովելու համար առաջարկվում է կառուցել 8 ճանապարհ։ Իհարկե, ծրագրում ներառված են նաև որակյալ տրանսպորտային միջոցները»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այն հանգամանքը, որ նախակրթարանները հնարավորինս մոտ լինեն դպրոցներին, որպեսզի օգտվեն ընդհանուր տրանսպորտային միջոցներից: «Ամեն օր առավոտյան երեխաներին այդ տրանսպորտային միջոցները գյուղերից հավաքելու են հանգուցային կրթահամալիրում` պետության հաշվին, և երեկոյան հետ են վերադարձնելու իրենց տները»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ճանապարհները վերանորոգվելու ու համապատասխանեցվելու են ժամանակակից ամենաբարձր չափանիշներին:

ԿԳՄՍ փոնախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում են ոչ միայն ենթակառուցվածքների բարելավման և նոր ժամանակակից պայմանների ստեղծման, այլև համապատասխան կրթական բովանդակություն ներդնելու ուղղությամբ աշխատանքներ: «Մասնավորապես, ծրագիրն իր մեջ ներառում է բարձրորակ ուսուցչական համակազմ ապահովելու հետ կապված աշխատանքներ. պետք է իրականացվեն վերապատասրատումներ և տեղի մարդկային ռեսուրսի գնահատմամբ առաջարկվեն նաև դրա համալրման մոտեցումներ: Ինչպես նաև շատ կարևոր է, որ առաջարկում ենք նաև որոշակի կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր քանակով աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում կա առանձահատուկ ուղղություն»,-ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ սա համալիր ծրագիր է և իր մեջ ներառում է և՛ ենթակառուցվածքի զարգացում, և՛ բովանդակային աշխատանք:

Ժաննա Անդրեասյանն նշել է նաև, որ բացի շենքային պայմաններից և տրանսպորտային երթուղիների կազմակերպումից, նախատեսվում է գույքով և լաբորատորիաներով համալրում բոլոր այս վայրերում:

Գործադիրը գումար է հատկացրել մի շարք ավտոճանապարհների կառուցման համար

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Մ-2, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, Մ-8 Վանաձոր(Մ-6 հատման կետ)-Դիլիջան և Հ-72 /Մ-2/- Վահանավանք նախատեսված հատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Այս նպատակով կնքված 3 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 482 302 020 ՀՀ դրամ: Որոշմամբ առաջարկվում է կատարել վերաբաշխում՝ անհրաժեշտ գումարն ուղղելով նշված պայմանագրերի ֆինանսավորմանը:

Օրենսդրական նախաձեռնություններ. էականորեն կկրճատվեն հարկային վարչարարության ժամկետները

Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական նպատակն է հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնել` էականորեն կրճատելով նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացը: Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը։ Օրինագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսել դրույթ, որի հիման վրա հարկային մարմնում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող սուբյեկտները կհանվեն հաշվառումից:Նախագծով առաջարկվում է օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները: Հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` նախագծով առաջարկվում է հարկային մարմնի գործիքակազմին ավելացնել «Թեմատիկ ուսումնասիրության» տեսակը, որի շրջանակում հարկային մարմինը կլիազորվի բացառապես վերլուծության (այդ թվում` կամերալ ուսումնասիրության) արդյունքների հիման վրա առաջացած կոնկրետ ռիսկերի գծով հարկային հաշվարկները չներկայացրած կամ դրանք չճշտած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել համապատասխան հարկային պարտավորություններ:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերով, մասնավորապես, նախատեսվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ: Օրինագծերով կկարգավորվեն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովմանն հետ կապված հարցերը: Բացի այդ, նախատեսվում է դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ` առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման:

Հավանություն է տրվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արդյունքում նախատեսվում է մինչև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումն ապահովել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափին առնվազն հավասար չափով հիմնական աշխատավարձ ստանալու իրավունքը։ Ապահովել նաև պահեստազորային պատրաստության շրջանակում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավված պետական ծառայողի՝ կիսամյակային հաշվետվությունների կամ կատարողականի հիման վրա պարգևատրման իրավունքը։

Գործադիրը հավանություն է տվել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն անխափան իրականացնելու հանգամանքով, ինչը կապահովի նաև աջակցող միջոցների տրամադրման, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, սպասարկման և այլ ծառայությունների շարունակական մատուցումը։ Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրումը հաշմանդամության գնահատման գործընթացն իրականացնել առկա մեխանիզմներով և չափանիշներով, զուգահեռաբար իրականացնելով համապատասխան աշխատանքներ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգն արդյունավետ ներդնելու ուղղությամբ։ Աջակցող միջոցների տրամադրումը դարձնել առավել հասցեական, բացառել սուբյեկտիվ որոշումները դրանց երաշխավորության հարցում։

Կապահովվի անհայտ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման շարունակականությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհայտ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն ապահովելու նպատակով: Արդյունքում՝ մինչև անհայտ կորած զինծառայողներին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ որոշման ընդունումն ընկած ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կտրամադրվի անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից:

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սոցիալական հետևանքները մեղմելու համար իրականացվող մի շարք միջոցառումների շրջանակներում դրամական օգնություն նշանակած, սակայն դեռևս սոցիալական աջակցություն չստացած շահառուներին դրամական օգնությունը վճարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին հատկացնել 617,430.0 հազար դրամ:

Նախատեսվում է երկարաձգել կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ժամկետը

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է նաև մի որոշում, որով նախատեսվում է երկարաձգել կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները մինչև 2022 թվականի հունիսի 20-ը: Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է, և շարունակվում է որպես պահանջ մնալ վերջիններիս կողմից միայն ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի ներկայացումը: Առաջարկվում է նաև արգելել ինչպես քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները, այնպես էլ պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի) և շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի): Արդյունքում ակնկալվում է պահպանել ստեղծված կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն։

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնովիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ համավարակի հետ կապված մի փոքր կայունացում է նկատվում: «Ամենօրյա թվերի մի փոքր նվազում ունենք: ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ առաջինը պահպանել հակահամաճարակային կանոնները, մասնավորապես դիմակի կրումն է առանցքում, և երկրորդը՝ պատվաստվել: Սեփական օրինակով եմ համոզվել, որ պատվաստումն այն միջոցն է, որը կօգնի մեզ հաղթահարել կորոնավիրուսի համավարակը և խուսափել մահերից»,-ասել է վարչապետը:

Նշվել է նաև, որ ընդհանուր պատվաստումների թիվը 954 հազար է, որից 300 հազարը կազմում են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացածները՝ լիարժեք պատվաստվածները:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել 2019 թվականի մայիսի 31-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում ակնկալվում է ստեղծել բարենպաստ պայմաններ ԱՊՀ մասնակից պետությունների միջև թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար, խրախուսել համաձայնագրի մասնակից պետությունների պատմությանը, մշակույթին և արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ։

Հավանության է արժանացել «Տեղեկատվական և հեռահաղորդակցության ցանցերում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պահպանության ու պաշտպանության մասով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագիրը կարգավորում է տեղեկատվական և հեռահաղորդակցության ցանցերում, այդ թվում՝ համացանցում, հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտումների կանխարգելման մեխանիզմների ստեղծման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցությունը: Այն կնպաստի տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պահպանության համակարգի կատարելագործմանը: Այն սահմանում է համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ մտավոր սեփականության ոլորտում սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության կատարելագործում, տեղեկատվական և հեռահաղորդակցության ցանցերում, այդ թվում համացանցում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտների ապօրինի օգտագործման կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակում:

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. Վայոց ձորում կկառուցվի 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան

Կառավարության որոշմամբ «Արեգ էներգիա» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է կառուցել և շահագործել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Վայոց ձորի Զառիթափ համայնքի Սարավան գյուղում։ Արևային կայանի կառուցման և սարքավորումներով համալրման գործընթացը հիմնված է ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների վրա։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին։ Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 2.2 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 288 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 1.4 մլրդ դրամ, շինարարական և նախագծային աշխատանքներ՝ 460 մլն դրամ։ Ներդրումների մոտ 89 տոկոսն արդեն իսկ կատարված է, այդ թվում ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 76.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 7.2 դրամ:

Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Ռոք բերի» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով Կոտայքի մարզի Կամարիս համայնքում նախատեսում է կառուցել և շահագործել 3 հա արտադրական տարածքով ջերմատնային տնտեսություն: Ջերմատանը նախատեսվում է աճեցնել ելակի բազմաբերք և միաբերք սորտեր: Ջերմատունը հագեցած է լինելու կաթիլային ոռոգման, ջեռուցման, մառախղլագոյացման, ստվերարկման և CO2 համակարգերով, ինչպես նաև կլիմայի կառավարման ավտոմատ համակարգով: Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 1.8 մլրդ դրամի ներդրում, որից 1.6 մլրդ դրամը՝ կապիտալ, իսկ մնացած մասը հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 65 նոր աշխատատեղ` մինչև 240,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 212 մլն դրամ:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ որոշում՝ «Սյունիք» օդանավակայանի կրած վնասների մարման համար: Ըստ հիմնավորման, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թ. հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» և «Գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ-ներին 2022 թ. ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» ՀԿ-ին՝ մինչև 23 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը, «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» ՀԿ-ին՝ աշխարհի առաջնությանը, իսկ «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին՝ վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների մինչև 18 տարեկան տղաների առաջնության ընտրական 1-ին փուլին նախապատրաստվելու և մասնակցելու նպատակով լրացուցիչ գումար տրամադրելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է նվազեցնել մի շարք ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները: Մասնավորապես, առաջարկվում է նվազեցնել «Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ» միջոցառումից 10794,6 հազար դրամ։ Գումարն առաջացել է դրամաշնորհային և գնման պայմանագրերի կնքման արդյունքում գոյացած տնտեսումներից։

 

← Վերադառնալ