Մամլո հաղորդագրություններ

Պետք է շարունակել ջանքերը ԼՂ հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ. վարչապետ

26.01.2023

ևս 1 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 000 աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս Լեռնային Ղարաբաղի մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում: Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս անգամ, սակայն, COVID-19-ի վիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգությունները:

Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում, ասենք, 25 տոկոսով և այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչը, ակնհայտորեն, դատապարտելի է:

Մանակապարտեզների չաշխատելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է: Սա էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ:

Լեռնային Ղարաբաղի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, փակ է արդեն 46 օր: Եվ ինչպես նշեցի վերը, արդեն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է, և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով:

Լեռնային Ղարաբաղում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև Լեռնային Ղարաբաղը հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, և բնակչությանն էլեկտրական հոսանք է մատակարարավում միայն տեղի էլեկտրական կայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ: Բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով:

Ինչպես նախկինում ասել եմ, այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական Հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը: Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է: Եվ պիտի արձանագրեմ, որ եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում:

Կարծում եմ՝ այս առումով դեր ունեցավ նաև ս.թ. հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել և որն աշխարհում լայնորեն տարածվեց:

Բայց Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում:

Հասկանալի է, իհարկե, որ Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում: Բայց պիտի կրկին ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից:
Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում և որևէ սադրանքով մեզ հնարավոր պիտի չլինի շեղել այս օրակարգից: Միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ, որ պետք է շարունակել մեր համատեղ ջանքերը, համատեղ ասելով՝ նկատի ունեմ իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, հայաստանյան և սփյուռքի անհատներ և կազմակերպություններ, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն երկրներին ու կազմակերպություններին, ովքեր ստեղծված իրավիճակին արձագանքում են օբյեկտիվորեն և անկողմնակալ՝ հենվելով մարդու իրավունքների և երկրների ստնաձնած միջազգային պարտավորությունների վրա:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի ժողովուրդ,

Ուշադրություն դարձրեք, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: Նախ, ակնհայտորեն, Հայաստանը, նաև Լեռնային Ղարաբաղը հակառակն են պնդում: Կարծում եմ՝ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետևողականորեն պիտի աշխատենք այս ուղղությամբ:

Իսկ, ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և մենք առաջնորդվելու ենք հենց այս տրամաբանությամբ, ինչքան էլ հասկանում ենք բոլոր դժվարությունները և բարդությունները:

Շնորհակալ եմ»:

← Վերադառնալ