Մամլո հաղորդագրություններ

Կհստակեցվեն կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները

09.03.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով և անդրադարձել մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանն ու դրա նպատակներին:

Վարչապետի առաջարկությամբ կառավարության այսօրվա նիստի օրակարգային բոլոր հարցերն ընդունվել են չզեկուցվող ընթացակարգով:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ: Օրինագծերի փաթեթի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում վարչական պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:


Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում՝ մինչև 30 տոկոս չափով և մինչև երեք ամիս ժամկետով, հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը և կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կանոնագրքում իրականացնել մի շարք այլ բնույթի հստակեցումներ և կարգավորումներ: Առկա իրողություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել նաև կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաև գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:

Նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ օրենքով նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև 2023 թ. ծնված երեխայի դեպքում՝ աշխատող և գյուղաբնակ և 2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ): Սահմանվել է, որ բացի ինքնաշխատ եղանակից խնամքի նպաստի չափը փոխվում է նաև այն դեպքում, երբ ներկայացվել ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը որպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն լինելու վերաբերյալ տեղեկանքը, կամ գործատուն գրանցման հայտով ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը։ Սահմանվել է նաև, որ ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն մի շարք ընկերություններ:

«Բիոքոթոն» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել խոնավ հիգիենիկ անձեռոցիկների, բամբակյա սկավառակների, բժշկական բամբակի և բամբակյա չոփիկների արտադրության համար: Արտադրությունն իրականացվելու է Երևանում, նախատեսվում է 4.3 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչև 100-130 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 241 մլն դրամ:

«Արմենիան Հելիքոփթերս» ընկերությունը ներմուծվող սարքավորումով նախատեսում է ընդլայնել ծառայությունների տեսակները՝ որոնողափրկարարական, գյուղատնտեսության, հակահրդեհային, քարտեզագրման, ուղևորափոխադրման, զբոսաշրջության ոլորտներում։ Ծառայությունները մատուցվելու են ՀՀ տարածքում և նախատեսվում է իրականացնել 1.27 մլրդ դրամի ներդրում՝ ուղղաթիռի ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 2 նոր աշխատատեղ՝ մինչև 550-600 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.27 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 127 մլն դրամ:

«Ալեքս տեքստիլ» ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի հագուստի, զուգագուլպաների և այլ ապրանքների արտադրության համար՝ իրականացնելով 3.2 մլրդ դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 207 նոր աշխատատեղ՝ մինչև 175-215 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ:

«Միլլկաթ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել սերուցքային կարագի արտադրության համար՝ իրականացնելով 29 մլրդ դրամի ներդրում: Արդյունքում՝ նախատեսում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.4 մլրդ դրամ:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել 2022 թ. հոկտեմբերի 20-ին Երևանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրի ձևաչափով, որով կարգավորվում են ընկերության ստեղծման և գործունեության, դրա կարգավիճակի, գործառույթների, ինչպես նաև ֆինանսական աջակցության հարցերը: Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2020 թ. ապրիլի 23-ի թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի փոփոխություն N 2-ի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության (4.4 մլն եվրո) և ներդրումների (5.6 մլն եվրո) միջոցով զարգացնել արդի ոռոգման համակարգը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի միավորման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: Այն իրականացվելու է Արարատի և Արմավիրի մարզերում, որոնք ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք` հնարավորություն ունեն նշանակալի խթանելու Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացմանը: Ծրագիրը բաղկացած է 3 հիմնական բաղադրիչից, որոնք իրենց հերթին ներառում են նաև ենթաբաղադրիչներ. ինստիտուցիոնալ աջակցություն՝ ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, ոռոգվող գյուղատնտեսական արդյունքի բարելավում, հաղորդակցման և ծրագրի կառավարման ծախսեր: Ոռոգման ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները կնպաստեն գյուղատնտեսության զարգացման խթանմանը, ինչպես նաև ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված երկու հիմնական նախարարությունների միջև ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակներում բարելավված համակարգվածությանը և փոխգործակցությանը:

Հավանությանն է արժանացել նաև 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այլ որոշումներ

Կառավարությունը որոշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 24 շենք, 63 հասցեում գտնվող՝ 715.56 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.17475 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 190 950 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 43 492 828 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 349 056.60 դրամը։

Գործադիրն ընդունել է որոշում, որի արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։ Ըստ հիմնավորման՝ քիչ չեն դեպքերը, որ որոշ համայնքային արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատողները վարձատրվում են ոչ թե շաբաթական, այլ խմբերի կամ երեխաների քանակի հիմքով։ Վիճակագրության համաձայն՝ 2021/2022 ուսումնական տարում հանրապետությունում գործել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը ք. Երևանում, իսկ մնացած 190-ը՝ ՀՀ մարզերում: Արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածության համար անհրաժեշտ է ապահովել մեկ միասնական մոտեցում, հստակ սահմանելով 1 դրույքաչափի համար նախատեսված ծանրաբեռնվածությունը, որը ուղիղ կապ ունի նաև վերջիններիս վարձատրության և աշխատանքի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացների հետ։

 

 

← Վերադառնալ