Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը հաստատել է ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի գործողությունների պլանը. նախատեսվում են խոշորագույն բարեփոխումներ

16.03.2023

ևս 7 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան նիստի օրակարգի քննարկումը, երկրի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի շրջափակմանը և ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման, ցեղասպանության նախապատրաստություններին:

Գործադիրը հաստատել է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը, որը, որպես կրթության բոլոր մակարդակների զարգացման ռազմավարական նպատակներն ու բարեփոխումների ուղղությունները ներկայացնող փաստաթուղթ, ամրագրված է նաև մի շարք միջազգային համագործակցության փաստաթղթերում:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախորդ տարի ավելի քան վեցամյա դադարից հետո Ազգային ժողովն ընդունել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որով հստակ ուղենշվել են կրթության բոլոր մակարդակների համար զարգացման առաջնահերթություններն ու թիրախները:

«Սա միակ ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ՝ նշանավորելու կրթության առանցքային դերը հանրային զարգացման համար: Օրենքից բխող գործողությունների պլանը ցույց է տալիս ծրագրի ճանապարհային քարտեզը՝ հստակ անելիքներով, արդյունքային ցուցանիշներով, պատասխանատու կառույցներով և ժամկետներով»,-նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ծրագիրն անցել է նաև ֆինանսական գնահատում՝ արտաքին փորձագետների ներգրավմամբ: «Իհարկե, ֆինանսական գնահատականն ուղենշային է, և իրականացման ընթացքում այն պետք է ճշգրտվի՝ հատկապես այնպիսի խոշոր ծրագրերի պարագայում, ինչպիսին, օրինակ՝ ակադեմիական քաղաքն է: Գործողությունների պլանով նախատեսված է, որ բոլոր այս հարցերը կքննարկվեն յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում»,- ասել է նախարարը:

Գործողությունների պլանն արտացոլում է կրթության ռազմավարության երեք հիմնական ուղղությունները, որոնցից առաջինը համընդհանուր ներառական, որակյալ և հասանելի կրթական ծառայություններն են բոլոր բնակավայրերում՝ յուրաքանչյուր քաղաքացու համար՝ կյանքի բոլոր փուլերում: Երկրորդ ուղղությունը կրթության արդյունավետության բարձրացումն է, այդ թվում՝ համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության, և երրորդ ուղղությունը՝ կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացումն է և ՀՀ դերը՝ գլոբալ կրթության համակարգում փոխակերպելու ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթական բոլոր մակարդակներում նախատեսվող մի շարք խոշոր ծրագրեր: Մասնավորապես՝ Կապան խոշորացված համայնքի օրինակով գյուղական բնակավայրերում նախատեսվում է ունենալ որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ տրամադրող կրթահամալիրներ: Դրանց թիվը 2030 թվականին հանրապետության գյուղական բնակավայրերում պետք է հասնի 156-ի: Բոլոր խոշորացված համայնքներում նախատեսվում է ունենալ մսուր ծառայություններ՝ 0-2 տարեկան երեխաների համար, որը դրական ազդեցություն կունենա նաև կանանց աշխատանքի հավելյալ հնարավորության տեսակետից: Կրեդիտային համակարգով աշխատող դպրոցների մասնաբաժինը, որի ներդրումը մեկնարկել է այս տարի, կհասնի 90 տոկոսի՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին իրենց հավաքած կրեդիտներով շարունակել ուսումնառությունը բուհերում: Նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարանների երեխաները կօգտվեն «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրից: «Այս տարվա հունվարից ՀՀ բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների 104 հազար երեխաներ օգտվում են ծրագրից պետբյուջեի միջոցներով, և խնդիր է այն հասանելի դարձնել Երևանում. ռազմավարությունը նախատեսում է հստակ գործողություններ այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ուսումնարաններում և քոլեջներում նախատեսվում է ներդնել մասնավոր ոլորտի մասնագետների ներգրավման ճկուն մեխանիզմներ. գործնական դասավանդման նպատակով կստեղծվի 10 ռեսուրսային կենտրոն բոլոր մարզերում, քոլեջների կառավարումը կիրականացվի մասնավորի հետ համատեղ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մեթոդաբանությամբ, որի փորձն արդեն առկա է:

Բուհական ոլորտում նախատեսվում են խոշորագույն բարեփոխումներ, այն է՝ պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը հասցնել մինչև 8-ի և դրանցում ներառել պարտադիր գիտահետազոտական ուժեղ բաղադրիչ: Նախատեսվում է ստեղծել ակադեմիական քաղաք՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և գիտության արդիական ենթակառուցվածք: Այս ուղղությամբ գործողությունների արդյունքում նախատեսվում է, որ առնվազն 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման աղյուսակների լավագույն 500-ի մեջ:

Քայլեր են ձեռնարկվում կամավոր ատեստավորման գործընթացը լավարկելու ուղղությամբ

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Կրթության զարգացման պետական ծրագրին, նշել է, որ ռազմավարության մաս է կազմում նաև ուսուցիչների ատեստավորումը, որի լավարկման վերաբերյալ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում:

Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ լավարկման արդյունքում հնարավորություն է տրվում այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը. Ըստ նախարարի՝ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա. «Դրա հաջող արդյունքի պարագայում կունենանք դպրոց մտնելու ավելի մեծ մոտիվացիա»:

Անդրադառնալով կամավոր ատեստավորման գործընթացին, որն իրականացվում է 2021 թվականից, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այս պահի դրությամբ ունենք արդեն 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը միջինում կրկնապատկվել է: Եթե միջին դրույքաչափը 125 հազար է, ապա միջին եկամուտը միայն կամավոր ատեստավորման արդյունքում կազմում է 250 հազար դրամ և ավելի, իսկ առավելագույնն ունենք 450 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ ուսուցիչների շուրջ 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն, և ունենք շուրջ 150 ուսուցիչ, որոնք ստանում են 350 հազարից 450 հազար դրամ վարձատրություն: Սրան գումարվում են նաև այլ հավելավճարները, ինչպես տարակարգի մեխանիզմի դեպքում: Ունենք տարակարգ ունեցող շուրջ 300 ուսուցիչ, որոնց համար հավելավճարի համակարգ է գործում»:

Նախարարը հայտնել է նաև, որ այս տարի ատեստավորմանը կկարողանան մասնակցել բոլոր դասարանների, բոլոր առարկաների ուսուցիչները: Կարգի հաստատումից հետո, մինչև ամսվա վերջ դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի: «Երեկվանից մեկնարկել է նաև դիմումների ընդունումն արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացի համար, որը վերաբերում է երաժշտական, արվեստների, մարզադպրոցների մանկավարժներին։ Մարտի 9-ից ընդունվում են նաև մանկապարտեզների մանկավարժների դիմումները, որտեղ 30-50 տոկոս հավելավճար է գործում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով սահմանվել է՝ կենսաթոշակային տարիքի լինելն ինքնին դեռ աշխատանքից ազատելու հիմք չէ: «Նախկինում այդպիսի կարգավորում կար: Հիմա այս կարգավորումը վերաբերում է նաև ուսուցիչներին: Մենք այս օրենքի փոփոխությամբ հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի նաև կենսաթոշակային տարիքի ուսուցիչներն ատեստավորվեն: Նախկինում ինչի՞ համար էր այդ կարգավորումը, նաև դպրոցներում, որովհետև այդպիսի տեսակետ կար, որ կենսաթոշակային տարիքն անց ուսուցիչների աշխատանքի արդյունավետությունն ընկնում է, երիտասարդներին ճանապարհ չեն տալիս: Բայց մենք այդ կարծիքին չենք՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ այդ ռիսկը կա և գոյություն ունի: Կարծում եմ՝ շատ լավ մեխանիզմ է, մոտիվացիա է կենսաթոշակային տարիքի այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են կամավոր ատեստավորում անցնել: Ուզում եմ հիշեցնել՝ երրորդ տարում ատեստավորում չանցած որևէ ուսուցիչ դպրոցում չի աշխատելու: Նախ իրենց աշխատավարձը կբարձրանա, երկրորդ՝ այլ կարգի մտավախությունները կփարատվեն, և մենք նաև ուսուցիչների կադրային բազան լրացնելու այդ հնարավորությունը նույնպես կօգտագործենք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է մեխանիզմներ գործարկել, որպեսզի երիտասարդ ուսուցչական կադրերի համար ատեստավորման պահանջը խոչընդոտ չդառնա:

Կառավարության մեկ այլ որոշումներով էլ հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Կապահովվի մայրաքաղաքի գործող երթուղիների ավտոպարկի թարմացումը, կձևավորևվեն նոր երթուղիներ, կներդրվի միասնական տոմսային համակարգ

Կառավարության որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 150 ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակում։ Նախատեսվում է ներկրել քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ թվով 150 միջին դասի ավտոբուսներ՝ ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը: 2011 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է իրականացնել 6.6 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Արդյունքում՝ կստեղծվի 492 նոր աշխատատեղ՝ 317 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 660 մլն դրամ:

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի ապահովել մայրաքաղաքի գործող երթուղիների ավտոպարկի թարմացման և նոր երթուղիների ձևավորման համար՝ բարձրացնելով մայրաքաղաքի բնակչությանը, հյուրերին և զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը, հասանելի դարձնելով մայրաքաղաքում վերջիններին մի կետից մեկ այլ կետ տեղափոխվելու այլընտրանքների հնարավորությունները և կրճատելով տեղափոխման ժամանակը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ ամբողջ ծավալով «MAN» ավտոբուսներն ներկրված են: «Երևանում են, և արդեն տևական ժամանակ են այստեղ, ինչպես նաև 150 Zhontong ավտոբուսները: Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong, կկարողանան տեսնել Երևանում։ Ցավոք, դա տեղի չի ունեցել, մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և դրա համար ներողություն եմ խնդրում: Ինչ վերաբերում է արդեն բուն ավտոբուսների երթուղի մտնելուն, մենք մոտավորապես 30 օրվա ընթացքում կարող ենք ունենալ, մրցույթները զուգահեռ անցկացնում ենք. կա որոշակի գործընթաց, որն արդեն սկսել ենք իրականացնել»:

Անդրադառնալով ընդհանրապես տրանսպորտի խնդրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ դեռևս 2017 թվականին գազելները պետք է փոխարինվեին: «Այդ գործընթացը մեկնարկել էր, բայց, ցավոք, միայն բուն գազելները ավտոբուսներով փոխարինելուց: Եվ եթե մենք այսօր շրջենք Երևան քաղաքով և հարցնենք ինչպես է տրանսպորտայն վիճակը Երևանում, բոլորը կասեն, որ վատթարացել է, քանի որ հին գազելները, իհարկե, շատ վատն էին, բայց քանակապես ավելի շատ էին: Այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չէ Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար: Էականորեն խնդիրը լուծվում է, երբ այս նոր 237 ավտոբուսները մտնեն ցանց: Ավելացնեմ, որ մենք ունենք HIGER չինական ավտոբուսներ, որոնք վերանորոգվում են և նույնպես մտնելու են ցանց: Խնդիրն էականորեն մեղմվելու է, բայց սա դեռ համակարգային լուծումը չէ»,- ասել է Երևանի փոխքաղաքապետը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ նոր կանգառասրահներ են տեղադրելու և լինելու է կառավարման համակարգ, որով մարդիկ իմանալու են, թե որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում, դա իմանալու հնարավորություն են ունենալու նաև օնլայն: Տեղեկացվել է նաև, որ միասնական տոմսային համակարգի ներդրման համար հաղթողն արդեն առկա է, այն ներդրվելու է և՛ ավտոբուսներում, և՛ մետրոյում: Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ և բերվելու է մեկ տրամաբանության:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Ռոյալ Փրինթ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ֆլեքսոտպագրության և պլաստիկ բաժակների արտադրության համար, որն իրականացվելու է Երևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 28.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ մինչև 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.5 մլրդ դրամ:

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել հանրապետության ճանապարհների վիճակի բարելավման համար

Գործադիրն ընդունել է որոշում՝ պետբյուջեով նախատեսված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշման ընդունման նպատակն է՝ 2022թ-ից անավարտ մնացած 2 ճանապարհահատվածների և 2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2023 թ.-ին ավարտելու, 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 1 ճանապարհահատվածի և 2 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, ինչպես նաև 2022 թ. ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով չընդունված 5 ճանապարհահատվածների շահագործման ընդունման և 5 տոկոսի վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ։ Ընդհանուր առմամբ առաջարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 2,865,720,244.0 դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 2,813,028,543 դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 23,231,315 դրամ, հեղինակային հսկողության համար՝ 29,460,386 դրամ։ Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող և վերակառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 14.6 կմ է, որից հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 12.1 կմ, իսկ մարզային նշանակության ավտոճանապարհներ` 2.5կմ:

Խոսքը, մասնավորապես, Հ-2, Աբովյան- Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի Աբովյան 1.4 կմ, Հ-5, Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհի Նոր Հաճն, Արգել, Լուսակերտ 10կմ, Հ-75, Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ, Անիավան, Նորաշեն 12.1կմ, Գյումրի համայնքի Օղակային փողոցի 2.5 կմ հատվածների մասին է: Նախատեսվում են Մ-4, Երևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտի հատվածում բացակայող պարապետերի և փլուզված հողային պաստառի շեպի և կողնակի վերականգնման, Մ-4, Երևան - Իջևան ավտոճանապարհի Թեղուտ, Հաղարծին, Հովք առանձին հատվածներում ստորին հենապատերի կառուցման աշխատանքներ:

Ավարտվել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գետափ 2կմ հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերակագնման, Մ-11, Մարտունի - Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի, Զոլաքար 5.9կմ հատվածի, Հ-8, Այնթապ-Արտաշատ ավտոճանապարհի Արտաշատ, Շահումյան, Տափերական 5.2կմ և Նոր Կյանք, Ոսկետափ 3.5կմ հատվածների, Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) ավտոճանապարհի դեպի Շրվենանց թեքվող մասից մինչև Սյունիք 13.0կմ հատվածի, Մարտունի քաղաքի Սայաթ Նովա փողոցի (Մ-10-ի շրջանց) 4 կմ հատվածի շինաշխատանքները:

Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ըստ այդմ` առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման գործընթացը, որպես Ոստիկանության ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի մայիս ամսից: Ատեստավորման ծրագրի գործողության առաջին ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից: Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից: Բացառություն են կազմելու միայն բարձարգույն խմբի պաշտոն զբաղեցնող Ոստիկանության ծառայողները, ինչպես նաև այն ծառայողները, որոնք տեղափոխվելու են Ներքին գործերի նախարարության տիրույթ։ Նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն՝ միաժամանակ, բարձրացնելով ոստիկանության ծառայողների աշխատավարձերը:

Հավանության է արժանացել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաև պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաև վերոհիշյալ դեպքերում բժշկական զննության կազմակերպման գործընթացում կբացառվի Առողջապահության նախարարության ներգրավումը:

Զինծառայողի կյանքին պատճառված վնասի հատուցման համար ներկայացվող փաստաթղթերի ստացումը կիրականացվի շահառուների բնակավայրերում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում շահառուներին հատուցման գումարների վճարումներն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերի ստացման գործընթացի կատարելագործման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ նախատեսվում է կատարելագործել գործող կարգավորումները և անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքերում որոշման 1-ին հավելվածով սահմանված գործընթացն իրականացնել նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման նախաձեռնությամբ` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Ըստ այդմ՝ առանց զոհվածի ընտանիքի անդամների Երևան այցելության կապահովվի հատուցման դեպքի հանգամանքների և որոշմամբ սահմանված այլ փաստաթղթերի ստացումը, հատուցման գործերի կազմումը և հատուցման գումարների վճարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ու անվանացուցակների հատուցման հիմնադրամին ներկայացումը: Այսինքն՝ հատուցման հիմնադրամ ներկայացվող փաստաթղթերի ստացումը կիրականացվի շահառուների բնակավայրերում:

«Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում և զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակում 2022 թ. կնքված և 2023 թ. շարունակվող ֆինանսական պարտավորությունների մարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ 2022 թ. միջոցառման իրականացման համար հատկացվել է 65,500.0 հազ. դրամ: 2022 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ նպատակով կնքվել է 276 պայմանագիր և փաստացի ծախսը կազմել է 59,373.3 հազ. դրամ։ 276 պայմանագրերից 94-ը կնքվել է ծրագրի մասնագիտական ուսուցման, 13-ը՝ աշխատանքային փորձի ձեռքբերման, իսկ 169-ը՝ միանվագ փոխհատուցման ուղղություններով։ Կնքված պայմանագրերի շրջանակում շարունակվող ֆինանսական պարտավորությունները կազմում են 76,924.5 հազ. դրամ, որոնք պետք է մարվեն այս տարվա ընթացքում։ Ըստ այդմ՝ շարունակվող ֆինանսական պարտավորությունը կազմում է 76,924.5 հազ. դրամ, որը պետք է մարվի 2023 թ. ընթացքում։

Կառավարությունը կիրականացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների մասնակի սուբսիդավորում

Կառավարությունն ընդունել է որոշում, որն ուղղված է սպառողների կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելուն՝ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորման իրականացմամբ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022թ. կայացած նիստում հաստատել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման 2023 թ. սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար այս տարի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,419 դրամ: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:

Պետական գույքերն առաջարկվում է օտարել դասական աճուրդով

Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:

Մասնավորապես՝ առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը (վարչական շենք), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 57 930 000 դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 2 896 500 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 165 114 դրամը։

Առաջարկվում է նաև դասական աճուրդով օտարել Երևանի Արաբկիր համայնքում գտնվող ստորգետնյա ավտոկանգառը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված համապատասխան հողամասը: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով` 619 782 032 դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 30 989 102 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 819 768 ՀՀ դրամը։

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը համաձայնություն է տվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին՝ Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի Նռնաձոր բնակավայրում գտնվող հատուկ նշանակության, հողատարածքը՝ առանց մրցույթի 10 տարի ժամկետով, անշարժ գույքի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին՝ պտղատու այգիների հիմնման նպատակով: Հաշվի է առնվել նաև այն, որ գյուղատնտեսական կոոպերատիվը ստեղծվել է Նռնաձոր բնակավայրի բնակիչների կողմից և, որի անդամները հանդիսանում են բացառապես սահմանապահ Նռնաձոր գյուղում մշտական բնակություն հաստատած և այգեգործությամբ զբաղվելու ցանկություն հայտնած բնակիչները:

Այլ որոշումներ

Սփյուռքի գիտական, մասնագիտական և երիտասարդական ներուժը Հայաստանի զարգացման գործընթացին ներգրավելու, խրախուսելու, համագործակցության ցանցեր ստեղծելու, համահայկական օրակարգին առնչվող հարցերը և մարտահրավերները քննարկելու նպատակով նախատեսվում է Համահայկական համաժողովների անցկացում, որի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում: Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ կքննարկվեն շուրջ 20 ոլորտներին առնչվող թեմաներ, ինչպիսիք են՝ սփյուռքի համայնքների և կազմակերպությունների կարիքները, ազգային շահերը, անվտանգությունը, մարդու իրավունքները, բարեգործությունը և կամավորությունը, հայրենադարձությունը, Հայաստանում կրթության և աշխատանքի հնարավորությունները, լեզուն և մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները, բիզնեսը, առողջապահությունը, զբոսաշրջությունը, հանրային կապերը, ցանցային աշխատանքի մոտեցումները և այլն:

Գործադիրն ընդունել է որոշում՝ «Քայլ դեպի տուն» միջոցառումն իրականացնելու նպատակով: 2023 թ. միջոցառման իրականացման համար նախատեսված է 84 182 600 դրամ՝ 440 մասնակցի համար, որից՝ 400 սփյուռքահայ պատանի և երիտասարդ, 30 ջոկատավար, 10 մշտադիտարկող: Միջոցառումը ներառում է՝ 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ, հանդիպումներ պետական, հասարարական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ և այլն: Ըստ հիմնավորման՝ 2018 և 2019 թթ. «Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում մասնակցել են տարբեր երկրներից շուրջ 1200 սփյուռքահայ պատանի և երիտասարդ: 2020 թ.ին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, միջոցառումն իրականացվել է առցանց տարբերակով, որին մասնակցել են շուրջ 201 սփյուռքահայ պատանի և երիտասարդ: 2021 թ. միջոցառմանը մասնակցել է շուրջ 400, 2022 թ.-ին՝ 422 սփյուռքահայ պատանի և երիտասարդ:

← Վերադառնալ