Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Փաշինյանը և Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին

17.10.2023

ևս 23 լուսանկար



Ստրասբուրգում` Եվրոպական խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ, որից հետո նրանք հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա - Բարի առավոտ բոլորին։ Թույլ տվեք խոսքս սկսել՝ հայտնելով Եվրոպական խորհրդարանի անունից մեր ցավակցությունը Բրյուսելում երեկ տեղի ունեցած Շվեդիայի քաղաքացիների դեմ ահաբեկչական ակտից տուժած ընտանիքներին։ Նրանց մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Զոհերին հարգանքի տուրք կմատուցենք նիստի ժամանակ։ Ծայրահեղականությունը և ահաբեկչությունը չեն կարող ներթափանցել մեր հասարակություններ, մենք իրավունք ունենք զգալ անվտանգ և ապրել անվտանգության մեջ։

Հարգելի վարչապետ Փաշինյան, մեծ պատիվ է ինձ համար Ձեզ ողջունել ժողովրդավարության տանը՝ Ստրասբուրգում: Ձեզ այստեղ հյուրընկալելը վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին և Դուք հավատարիմ եք եվրոպական ընտանիքին: Եվրոպական հարևանությունը, հիմա՝ ավելի քան երբևէ, անկայուն է և անապահով: Պատերազմ, հակամարտություն և անկայունություն՝ այդպիսին է մեզ շրջապատող իրականությունը հիմա: Թույլ տվեք հավաստիացնել Ձեզ, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար՝ Եվրամիության արևելյան հարևանության շրջանակում: Եվ մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը: Նախորդ լիագումար նիստի ընթացքում, երկու շաբաթ առաջ, մենք բանաձև ընդունեցինք, որով դատապարտեցինք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հարձակումը: Այժմ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղության բանակցությունների վերսկսման վրա:

Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը, միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանը և հաշտեցմանը: Հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է հասնել Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացմանը՝ հիմքում ունենալով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը:

Եվրոպան կշարունակի աջակցել Հայաստանին այս իրավիճակը հաղթահարելու գործում: Ես և վարչապետը խոսել ենք այս մասին: Մեր աջակցությունն ենք առաջարկում Լեռնային Ղարաբաղից եկող փախստականների հոսքի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանում նրանց վերաինտեգրման հարցում, անդամ պետություններից շատերը նաև անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, սնունդ և դեղորայք են տրամադրում Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով:

Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների վերաբերյալ: Նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիրը՝ մենք ամբողջովին հանձնառու ենք աջակցելու բանակցություններին: Մենք ամբողջովին հանձնառու ենք աջակցելու երկխոսությանը բոլոր կողմերի միջև Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո, Եվրամիության հատուկ ներկայացուցչի աջակցությամբ, որպեսզի տևական խաղաղություն ապահովվի հանուն տարածաշրջանի բոլոր մարդկանց:

Հարգելի վարչապետ, հարգելի Նիկոլ, ևս մի քանի խոսք. 2018 թվականի մայիսից առաջնորդել եք Ձեր երկիրը, և ես բարձր եմ գնահատում ժողովրդավարամետ ուղիով ընթանալը Ձեր կողմից: Աջակցում եմ Ձեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, մեր երկկողմ հարաբերությունների սերտացմանը և ավելի սերտ համագործակցությանը Եվրոպական միության հետ: Այս պալատը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդին այս ծանր ժամանակներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի տիկին Մեցոլա, անձամբ իմ, Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի անունից ցավակցություն եմ հայտնում Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական ակտի կապակցությամբ և ցանկանում եմ դատապարտել այդ ահաբեկչությունը։ Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին։

Մեծարգո՛ նախագահ Մեցոլա, հարգելի՛ ներկաներ,

Կրկին շնորհակալություն եմ հայտնում նախեւառաջ Ձեզ, տիկին նախագահ եւ Եվրոպական խորհրդարանին այս հրավերի եւ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում հանդես գալու հնարավորության համար:

Դա մեզ կօգնի Եվրոպական եւ միջազգային հանրության հետ կիսել մեր տեսակետներն ու մտահոգությունները, բայց այսօրվա ելույթում ցանկանում եմ շեշտը դնել առավելապես Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու հնարավորությունների վրա:

Այսօրվա իրադարձությունը կարեւոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար եւ վկայում է այդ հարաբերությունների բարձր դինամիկայի մասին: Կարեւոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքային համակարգի վրա եւ ժողովրդավարությունը մեզ համար, ՀՀ-ի համար ռազմավարական ընտրություն է եւ ոչ թե հանգամանքներով թելադրված պատեհություն: Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ եւ չենք ուզում դա որեւէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ եւ այս առումով կարծում եմ հենման կետերը քիչ չեն:

Հայաստանի կառավարությունը հանձնառու է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը։ Վստահ եմ, որ ԵՄ-ն և Հայաստանը չեն սպառել համագործակցությունը որակական նոր բովանդակությամբ համալրելու, այն ընդլայնելու և նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները։ Այսօր կխոսեմ նաեւ այդ մասին:

ԵՄ-Հայաստան հարաբերություններում ավելացել է նաեւ անվտանգային բաղադրիչ ի դեմս ԵՄ քաղաքացիական առաքելության, որը մոնիտորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով:

Եվրոպական քաղաքական համայնքի Գրանադայի գագաթաժողովի եւ այսօրվա քննարկումների և ձեր ելույթի հայտարարության արդյունքներով ակնհայտ է, որ ԵՄ ինստիտուտների շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ առկա է կոնսենսուս։

Հայաստանը նաեւ շահագրգռված է միջազգային իրավակարգի խթանման եւ զարգացման հարցում: Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի հիմնարար փաստաթուղթ հանդիսացող Հռոմի կանոնադրությունը։

Այս իմաստով նշանակալի է նաեւ, սեպտեմբերի 12-ին Հայաստանի խորհրդարանի կայացրած որոշումը՝ վավերացնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը:

Մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում մենք ակնկալում ենք Եվրամիության ծանրակշիռ աջակցությունը: Այլոց շարքում խոսքն ավելի քան 100 հազար հայերի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետեւանքով Հայաստանում առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման մասին է, որտեղ մենք հրատապ աջակցության կարիք ունենք:

Հարգելի տիկին նախագահ,

Կրկին շնորհակալություն եմ հայտնում Եվրամիությանը եւ Եվրոպական խորհրդարանին Հայաստանի զարգացման օրակարգին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար եւ հույս ունեմ այսօրվա ելույթս դրական խթան կհանդիսանա Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հարց - Տիկին Մեցոլա, վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական խորհրդարանը երեք բանաձև և մեկ զեկույց է ընդունել, որում նշվում է, որ Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Արդյոք Եվրոպական խորհրդարանը մտածում է կամ պատրաստվում է մեխանիզմներ կիրառել, որ այդ պատժամիջոցները գործնականում կիրառվեն: Եվ մեկ հարց է ձեզ պարոն վարչապետ, Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի Եվրոպական խորհրդարանից, մասնավորապես, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիների հետ կապված: Եվ եթե կցանկանաք՝ կարող եք պատասխանել նաև տիկին Մեցոլային ուղղված հարցին:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա – Շնորհակալ եմ շատ: Իհարկե, պատահականություն չէ, որ այս խորհրդարանը շատ հստակ դիրքորոշում է հայտնել, բանաձևերը և զեկույցներն ընդունվել են ճնշող մեծամասնությամբ: Խորհրդարանը կոչ է արել խաղաղության բանակցությունները վերսկսել հնարավորինս շուտ, դրական նշան է, որ մինչև հոկտեմբերի վերջ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ համաձայնեցրեցին հաջորդ հանդիպումը:

Ինչո՞ւ, որովհետև ըստ մեզ բանակցությունները պետք է հասցեագրեն, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը, հաղորդակցության ուղիների և մարդասիրական խնդիրները: Վերջին ամսվա իրադարձությունները խիստ մտահոգիչ են, և կոչ անելով խաղաղություն, կոչ անելով իրականացնել մարդասիրական պաշտպանություն, համոզված ենք, որ կհասնենք այն նպատակներին, որոնք վարչապետի նշած երեք սկզբունքներն են: Դա է մեր նպատակը:

Հաջորդ քայլերը կձեռնարկվեն այլ կառույցների հետ միասին, բայց այս խորհրդարանը քաղաքական մարմին է, որը կոչ է արել, որ մենք առաջատար դեր ստանձնենք՝ ապահովելու նշված բոլոր սկզբունքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան
– Շնորհակալություն: Ես հույս ունեմ, որ ինձնից չեք ակնկալի, որ ես քիչ հետո իմ ունենալիք ելույթի բոլոր թեզերն այստեղ բացեմ, որի արդյունքում արդեն լիագումար նիստում ելույթ ունենալը կդառնա մի փոքր անիմաստ: Ես թերևս շատ հարցերի կպատասխանեմ իմ ելույթի ընթացքում:

Հարց – Բարի առավոտ: Մենք շատ անգամներ լսում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, թե Ադրբեջանը կապահովի ԼՂ հայերի անվտանգությունը, սակայն նաև տեսանք նախագահ Ալիևը ոնց էր Լեռնային Ղարաբաղի դրոշի վրայով քայլում: Սա ի՞նչ ուղերձ է, գործողություններ, Ձեր կարծիքով, փոխանցում:

Նախագահ Մեցոլա, ինչպե՞ս կարող է Եվրամիությունն աջակցել, որպեսզի ստեղծվի միջազգային մեխանիզմ, որը կարող է օգնել Ղարաբաղի հայերին, որպեսզի բավականաչափ անվտանգ զգան և վերադառնան տուն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք գիտեք, ես արդեն ասացի, որ 100 հազարից ավելի հայեր տեղահանված են Լեռնային Ղարաբաղից: Եվ նաև ուզում եմ ընդգծել, որ ևս 20 հազար հայեր Լեռնային Ղարաբաղից տեղահանվել են և Հայաստանում են գտնվում 44-օրյա պատերազմի հետևանքով:

Այսօրվա մեր հրատապ խնդիրն է՝ կենտրոնանալ այդ մարդկանց հումանիտար կարիքները բարելավելու համար: Ուզում եմ, որ մենք՝ բոլորս, լավ հասկանանք իրադրությունը՝ 100 հազար մարդ միանգամից՝ մեկ շաբաթվա ընթացքում, տեղահանվել է, էթնիկ զտման է ենթարկվել և տեղափոխվել Հայաստան: Հիմա մեր կառավարությունը կենտրոնացած է այդ մարդկանց ամենահրատապ կարիքները՝ սկսած սննդից, կացարանից, հագուստ և այդպես շարունակ, լուծելու վրա, և մենք գերկենտրոնացած ենք այս խնդիրների լուծման վրա: Իհարկե, այս հարցում ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը, ներառյալ՝ բյուջետային աջակցության տեսքով: Ես այդ թեմաներին նույնպես մանրամասն անդրադարձ կունենամ իմ ելույթում:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա – Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը մեկնարկում է այն ժամանակ, երբ անդամ պետությունները համախմբում են ռեսուրսները, որպեսզի ապահովեն, որ մարդասիրական ճգնաժամը հաղթահարվի: Ինչպես վարչապետը նաև նշեց, մենք խոսում ենք 100 հազար անձի տեղաշարժի մասին` Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան: Սրտաճմլիկ է տեսնել պայմանները, որոնցում իրենք հայտնվել են, և շատ ոգևորող է տեսնել, ինչպիսի պայմաններում են իրենց ընդունել երկրում, որտեղ իրենք պաշտպանության կարիք ունեն: Իհարկե, կխոսենք մարդկանց խաղաղության պայմաններում ապրելու և տարածքային ամբողջականության մասին:

Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ես խոսել եմ պատասխանատու հանձնակատարի հետ և այն փաստի մասին, որ կպահանջվի լրացուցիչ բյուջետային աջակցություն: Մարդասիրական գործիքներ պետք է հավաքվեն, որպեսզի աջակցություն ցուցաբերվի հարկադիր տեղահանված մարդկանց: Շնորհակալություն:

 

← Վերադառնալ