Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. այդ նպատակի համար 2024 թ. արդեն հատկացվել է 10 մլրդ դրամ
- 1670x1113px - 705 Կբ
- 1670x1113px - 570 Կբ
- 1670x1113px - 725 Կբ
- 1670x1113px - 673 Կբ
- 1670x1113px - 651 Կբ
- 1670x1113px - 698 Կբ
- 1670x1113px - 559 Կբ
- 1670x1113px - 664 Կբ
- 1670x1113px - 635 Կբ
- 1670x1113px - 668 Կբ
- 1670x1113px - 563 Կբ
- 1670x1113px - 623 Կբ
- 1670x1113px - 670 Կբ
- 1670x1113px - 744 Կբ
- 1670x1113px - 742 Կբ
ևս 12 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 426 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը կհատկացվի 19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Ըստ մարզերի ֆինանսավորման բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 219 մլն, Արարատի մարզ՝ 650 մլն, Արմավիր՝ 366 մլն, Լոռի՝ 413 մլն, Կոտայք՝ 182 մլն, Սյունիք՝ 428 մլն, Տավուշ՝ 167 մլն: «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կլինի, որ կառավարությունը բյուջեից 10 մլրդ դրամ հատկացրել է մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար: Միայն 2024 թվականին՝ արդեն 10 մլրդ դրամ»,- ասել է Գնել Սանոսյանը:
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ծրագրերի, դրանց ծավալի և ընթացքի վերաբերյալ: Այսպիսով՝ գումար կհատկացվի հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզում՝ Աշտարակ համայնքի Նոր Ամանոս և Ուջան բնակավայրերի ոռոգման ներտնտեսային ցանցի հիմնանորոգում, Ապարան համայնքի Ապարան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում: Արարատի մարզում՝ Արտաշատ համայնքի Ազատավան, Ջրաշեն, Մասիս, Բերքանուշ, Բաղրամյան բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ, Վեդի համայնքի Այգավան բնակավայրի խմելու ջրագծի կառուցում, Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի գազիֆիկացում, Մասիս համայնքի Գեղանիստ, Սիփանիկ, Հովտաշատ, Արգավանդ, Սայաթ-Նովա, Ղուկասավան բնակավայրերում փողոցային լուսավորության համակարգի կառուցում և նորոգում: Արմավիրի մարզում՝ Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի թիվ 2 և Տանձուտ բնակավայրի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ, Նոր Արտագերս բնակավայրի Նոր Արտագերս-Նալբանդյան ճանապարհի հիմնանորոգում, Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում, Արմավիր համայնքի Սարդարապատ և Խանջյան բնակավայրերի մշակույթի տների հարակից պուրակների բարեկարգում, Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի մանկապարտեզի, Քարակերտ բնակավայրի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների ջեռուցման համակարգերի կառուցում: Լոռու մարզում՝ Ալավերդի համայնքի Ալավերդի, Շամլուղ և Ախթալա բնակավայրերի թվով 31 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում` ջերմաարդիականացմամբ, Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի վարչական շենքի տանիքի և Շամլուղ բնակավայրի վարչական շենքի հիմնանորոգում, Ալավերդի համայնքի 8 բնակավայրերի մոտ 5 կմ ճանապարհների կապիտալ վերանորոգում՝ տուֆ քարով սալարկմամբ, Թումանյան համայնքի Թումանյան, Դսեղ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Քարինջ բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում: Կոտայքի մարզում՝ Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի թիվ 1 մսուր մանկապարտեզի հիմնանորոգում, Նոր Հաճըն համայնքի Արգել, Գետամեջ, Նոր Արտամետ, Թեղենիք բնակավայրերի փողոցների և բակային տարածքների արտաքին լուսավորության անցկացման և Նոր Գեղի, Քարաշամբ բնակավայրերի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ: Սյունիքի մարզում՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի կոյուղու ցանցի և ջրամատակարարման ցանցի վերակառուցում, Կապան համայնքի Կապան բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում, Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գետափնյա 4, 6, 8, 10, 12 բազմաբնակարան բնակելի շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գյուղամիջյան զբոսայգու հիմնանորոգում, բարեկարգում:
Սյունիքի մարզում կկառուցվի միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիր, այդ թվում՝ համապատասխան ենթակառուցվածքներով ֆուտբոլի մարզադաշտ
Գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Գույքը՝ Կապանի մարզադաշտում առկա գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գանձասար մարզական կենտրոնին, իսկ զբաղեցրած 1.9292 հեկտար հողամասը՝ սեփականության իրավունքով Կապան համայնքին: Մարզադաշտի առկա ենթակառուցվածքները՝ հանդիսասրահը, հանդերձարանները, սանհանգույցները, ունեն կապիտալ վերանորոգման կարիք: Ըստ հիմնավորման՝ մարզադաշտում հնարավոր չէ իրականացնել միջազգային չափորոշիչներին բավարարող ինչպես տարաբնույթ սպորտային, այնպես էլ մշակութային միջոցառումներ: Գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա տարածքների համաչափ զարգացմանն ուղղված, ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզկենտրոնում ստեղծել միջազգային չափանիշներին բավարարող սպորտային համալիր, այդ թվում՝ համապատասխան ենթակառուցվածքներով ֆուտբոլի մարզադաշտ և հանրության լայն զանգվածներին ներգրավել սպորտային միջավայրում: Միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիրի կառուցման ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ սպորտային գրավչությունը, ինչը բնականաբար կունենա ինչպես մարզական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար: Ծրագրի իրականացումը կունենա նաև բնապահպանական, առողջության, մշակույթի զարգացման նշանակություն:
Անդրադառնալով ընդունված որոշմանը, Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ 2018-ին, երբ այցելել էր Կապան, կապանցիները խնդրել էին ամեն ինչ անել ֆուտբոլը Կապան վերադարձնելու համար: Խնդիրն այն էր, որ Կապանի ֆուտբոլային մարզադաշտի և օժանդակ կառույցների իրավական տարբեր կարգավիճակների, տարբեր սեփականատերերի, նրանց միջև եղած հակասությունների պատճառով երկար տարիներ Կապանում ֆուտբոլային կյանքն ընդհատվել էր: «Ես խոստացա, որ դա տեղի կունենա: Իհարկե, այդ խոստման իրագործումը նույնպես բավականին բարդ ընթացք ստացավ, որովհետև այդ նույն հակասությունների կծիկը տեղափոխվեց մեկ էլ քննարկումների դաշտ, մենք ստիպված էինք տարբեր գործընկերներին, սուբյեկտներին խնդրել, համոզել, բացատրել, հորդորել, որպեսզի որևէ լուծման գնանք: Եվ, ի վերջո, այնտեղ որոշակի հնարավորություն ստեղծվեց, որ մարզադաշտում ֆուտբոլային խաղերը վերականգնվեն: Արդյունքում նաև այս ընթացքում Կապանում երկու ֆուտբոլային թիմ ձևավորվեց՝ «Գանձասար» և «Սյունիք» ֆուտբոլային թիմերը: Ընդ որում, տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր բան այս ողջ պատմության ընթացքում, «Գանձասար» ֆուտբոլային ակումբն առաջին խմբի առաջնությունում գրավեց առաջին տեղը և հիմա պետք է հանդես գա բարձրագույն խմբի առաջնությունում: Հիմա բարձրագույն խմբի այդ հաջողությունը «Գանձասար» ակումբի մեզ կանգնեցրեց նոր իրավիճակի առաջ՝ Կապանի մարզադաշտը չի համապատասխանում բարձրագույն խմբի ֆուտբոլային խաղերի անցկացման չափանիշներին: Ու, քանի որ, այդտեղ կան իրավական ամենատարբեր հակասություններ դաշտի տարբեր հատվածների տարբեր սեփականատերերի և տարբեր գործող անձանց միջև, որևէ մեկին խնդրել, հորդորել ներդրումներ տեղի անի՝ հնարավոր չէ, որովհետև հասկանալի պատճառներով, ոչ մեկ չի ուզում ուրիշի սեփականության վրա ներդրում անել և այսպես շարունակ: Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ լավագույն լուծումն այն է, որ այդ բոլոր հակասող հատվածներն ուղղակի պետական գերակա շահով դարձնենք պետական սեփականություն ու մտածենք դրա հետագա կառավարման մասին»,-ասել է վարչապետը:
Թեմայի առնչությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կապանում հնարավոր չէ անցկացնել բարձրագույն խմբի խաղեր, և թիմերը ստիպված կլինեն խաղալ Վայքում: Ուստի, ըստ նախարարի, կարևոր է, որ Կապանի մարզադաշտը տեսքի բերվի և համապատասխանեցվի պահանջներին:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանում մինչև 2029 թվականը միջազգային չափանիշներին համապատասխան 3 մարզադաշտ պետք է կառուցվի: Դրանք կծառայեն նաև 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելուն, եթե ՖԻՖԱ-ն հաստատի Հայաստանի ու Վրաստանի միասնական հայտը՝ առաջնությունը հյուրընկալելու վերաբերյալ։ Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: «Այդ հարցի վերաբերյալ մենք ֆեդերացիաների առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերեցինք նախորդ տարի Բաթումիում։ Ուրախ եմ, որ գործընթացը բնականոն ընթացքի մեջ է։ Հիմա մենք մինչև 2029 թվականը, որը շատ լավ առիթ է մեզ համար, հանրապետությունում 3 մարզադաշտ պետք է կառուցենք, որոնք կհամապատասխանեն աշխարհի առաջնություն անցկացնելու չափանիշներին։ Նրանցից մեկը պետք է լինի մինչև 35 հազար, մյուս երկուսը՝ ամենաքիչը 10 հազար հանդիսատես ունեցող մարզադաշտ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին նշել է, որ քննարկվել է Վանաձորում և Իջևանում նման մարզադաշտեր ունենալու հնարավորությունը. «Ընդ որում, Վանաձորում խոսքը եղած ստադիոնի վերակառուցման մասին է, որի նախագծման և նախնական աշխատանքներն արդեն սկսված են։ Իջևանում էլ դիտարկվում է նախկինում գործած մարզադաշտի տարածքը։ Իսկ խոշոր ստադիոնը Ակադեմիական քաղաքի շրջանակներում ենք դիտարկում, որը 2029 թվականին պետք է պատրաստ լինի»:
Նիկոլ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է, որ կառավարության նպատակադրումը հիմնական ազգային ստադիոն ունենալն է: Վարչապետը նաև նշել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մասով աշխատանքները հասել են եզրափակիչ փուլի: Հուլիսին GMP ընկերությունը կներկայացնի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը, որից հետո կմեկնարկի ծրագրի իրագործման փուլը: «2029 թվականին աշխարհի երիտասարդական առաջնություն հյուրընկալելը լավ մոտիվացիա է մեզ համար: Եկեք ենթադրենք, որ աշխարհի առաջնությունը չկա՝ երկրի համար լավ չէ, որ մենք, ըստ էության, միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ չունենք: Այո՛, Հանրապետական մարզադաշտը կա, բայց մյուս կողմից՝ նրա հնարավորությունը սահմանափակ է»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:
ԱՕԿՍ-ի շենքը կտրամադրվի վարձակալության՝ մրցույթով
Կառավարությունն ընդունել է «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում, որով Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան թիվ 3 հասցեում գտնվող շենքի (ԱՕԿՍ) 651.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տրամադրել վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով, օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու նպատակով: Որոշմամբ սահմանվել է, որ մրցույթով վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական նվազագույն վարձավճարը 15,450,000 ՀՀ դրամ՝ ելնելով «ԱՆՏ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի 2024 թ. փետրվարի 28-ի դրությամբ գնահատած ամսական վարձավճարի շուկայական արժեքից:
Կոմիտեն, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում կկազմակերպի մրցույթի անցկացումը: Վարձակալի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում վարձակալը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ պետբյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով՝ եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, 10 տոկոսի չափով՝ եթե գերազանցում է 300 մլն դրամը: Վարձակալի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում վարձակալը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ պետբյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 10 տոկոսի չափով՝ եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, 5 տոկոսի չափով՝ եթե գերազանցում է 300 մլն դրամը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ կադաստրի կոմիտեի, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության և ԱՕԿՍ ընկերության, «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերության, Գագիկ Սահադյանի և Ադելա Ստեփանյանի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին: Հաշվի առնելով, որ շենքը Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է որպես հանրապետական նշանակության հուշարձան, որոշվել է այն տրամադրել վարձակալության՝ մրցութային եղանակով:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ ԱՕԿՍ-ի շենքն իրավական ընթացակարգերով պետությանը վերադարձված այս պահի դրությամբ ամենատեսանելի և նշանավոր շինությունն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ գույքն արդյունավետ կառավարվի»:
Վարչապետը նշել է, որ գույքը վարձակալելու միակ սահմանափակումը, որ դրվել է այն է՝ շենքի մշակութային բովանդակությունը պետք է չվնասվի: Իսկ հետագայում այնտեղ նախատեսվող վերանորոգման, հարդարման աշխատանքների նախագծերը պետք է հաստատվեն և նախատեսվող աշխատանքները վերահսկվեն ԿԳՄՍ նախարարության կողմից:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ի պատասխան նշել է. «Այո, քանի որ շենքը պատմամշակութային նշանակություն ունի, պատմամշակութային հուշարձան է, նրա արտաքին տեսքի հարդարման հետ կապված աշխատանքները պետք է մասնագիտական դրական եզրակացությամբ իրականացվեն, որպեսզի վստահ լինենք, որ դրանից որևէ ձևով չի աղավաղվի շենքի արտաքին տեսքը կամ ներքին այն կառուցվածքը, որ նույնպես պատմամշակութային արժեք է: Դա նշանակում է, որ նախագիծը կներկայացվի մեզ և ոլորտի մասնագետներից կազմված մեր Գիտամեթոդական հանձնաժողովը այն կքննարկի»:
Վարչապետը հիշեցրել է՝ հայտարարվելու է հրապարակային մրցույթ, որին կարող են մասնակցել սահմանված չափանիշները բավարարող բոլոր սուբյեկտները:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշել է, որ 10 տարին պայմանագրի հիմնական ժամկետն է և նախապատվության իրավունքով այն ունի 10 տարով երկարաձգելու իրավունք:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման գույքերի արդյունավետ կառավարումը. «Իմ ընկալումն այն է, և հույս ունեմ, որ այն կյանքում իրեն կարդարացնի, որ այս և նման գույքերը պետք է հետագայում կառավարենք վարձակալության տրամաբանությամբ, որպեսզի նրանք պետական բյուջեի համար շարունակական եկամտի աղբյուր դառնան: Կարծում եմ՝ պետական գույքի կառավարումից մեր բյուջետային եկամուտները շատ ավելին լինելու պոտենցիալ ունեն, և այդ պոտենցիալը պետք է պարզապես ճիշտ օգտագործել»:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ անցյալ շաբաթ ևս մեկ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության նախնական իրավունքը: Խոսքը Կողբացի 36/3 հասցեում գտնվող 235,8 քմ անշարժ գույքի մասին է: «Այս պահին ՀՀ ունի կառուցապատման իրավունք, մենք այս շաբաթվա ընթացքում կգրենք ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով որպեսզի շենքի ավարտական ակտի ստացման գործընթացի մեջ կառավարությունը դերակատարում ունենա, որպեսզի այս գույքը ևս հնարավորություն ունենա տնօրինելու»,- ասել է Աննա Վարդապետյանը:
Աղետի գոտու մաքրման հիմնական աշխատանքներն ավարտվել են
Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է աղետի գոտում ընթացող և իրականացված աշխատանքների մասին:
Գնել Սանոսյանը, մասնավորապես, նշել է. «Բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են: Մաքրման հիմնական աշխատանքներն արվել են: Մենք արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք բավական հեշտացրել են հաղորդակցությունը: Մինչև վաղը երևի կունենանք մեկ ինքնաշեն, ժամանակավոր կամուրջ՝ մեքենաների համար: Հիմա այնտեղ շինարարություն է իրականացվում, դա այդ 7 բնակավայրի համար է իրականացվում, որպեսզի կարողանանք ոչ միայն հետիոտնային կամուրջով ապահովել հաղորդակցությունը, այլ նաև ավտոմոբիլային տարբերակով, ինչը շատ կհեշտացնի աշխատանքները: Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը մեծ մասով՝ 90 տոկոսով, վերականգնված են»:
Նշվել է նաև, որ երկաթուղու աշխատանքն օր առաջ վերսկսելու համար ակտիվ աշխատանքներ են իրականացվում, երեկվանից բացվել է Մ6 ճանապարհը, շարունակվում են վնասների գույքագրման աշխատանքները:
Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը
Գործադիրը սահմանել է Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը: Իրավակարգավորումը հնարավորություն կընձեռնի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։ Կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի կառավարման արդյունքում կկանխվի՝ բռնկումը և տարածումը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներմուծման համար, կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Բացի այդ, հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները կլինեն առավել արդյունավետ, որը կխթանի տնտեսավարողների շրջանում անասնապահության զարգացմանը: Կարգի համաձայն՝ այդ դեպքերով գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին տրամադրվող փոխհատուցումը հաշվարկվում է՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված մսեղիքի միջին գնի 55 տոկոսի չափով։
Կբարելավվի ՊԵԿ-ի վերահսկողական աշխատանքների իրականացումը, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՊԵԿ-ի վերահսկողական աշխատանքները ժամանակակից մակարդակով ապահովելու նպատակով Chainalysis Reactor ծրագրային համակարգի ձեռք բերման, ինչպես նաև ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակի թույլտվության փաստաթղթեր համակարգի լրամշակման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ Chainalysis Reactor տվյալների հարթակ է և էլեկտրոնային գործիք, որը կապ է հաստատում կրիպտոարժութային գործարքների և իրական աշխարհի սուբյեկտների միջև՝ արդյունքում հնարավորություն ընձեռելով ձեռք բերել համապատասխան տվյալներ և նույնականացնել տվյալ գործարքի իրական շահառուին։ Միևնույն ժամանակ ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հանցավոր գործունեությունները, ինչպիսիք են գողացված միջոցների տեղաշարժերը, ինչպես նաև օրինական գործունեությունները, օրինակ՝ արագ վարկերը և NFT փոխանցումները: Հաշվի առնելով կրիպտոարժութային գործարքների շուկայի զարգացումը, խիստ անհրաժեշտ է այդ ոլորտում հաստատել վերահսկողություն։ Արդյունքում նախատեսվում է՝ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնում, մաքսային ձևակերպումների ժամանակի կրճատում, «Մեղրիի սահմանային անցակետի կառուցման ծրագրի» վճարումների շարունակականության ապահովում և այլն։
Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար՝ գործադիրն ընդունել է որոշում: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում հատկացում է ամսական 300 000 դրամ աջակցություն: Էլեկտրոնային եղանակով համապատասխան դիմումը ներկայացնելու վերջնաժամկետը մինչև 2024 թ. ապրիլի 10-ն է, սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Որոշմամբ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թ. հունիսի 15-ը: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին:
Գումար կհատկացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի և դահլիճի նորոգման աշխատանքների համար
Կառավարությունը 122,992.8 հազար դրամի չափով վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թ. պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ըստ հիմնավորման՝ համերգասրահում համերգների և մշակութային իրադարձությունների այլընտրանքային վայր ունենալու նպատակով նշված հատվածում նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում հանդես գալու կամերային, նոր ֆորմատի համերգային և կրթական ծրագրերով, թեմատիկ զրույցներով և այլն։ Համերգասրահի աջ կողմում գտնվող աստիճանավանդակը նույնպես ունի նորոգման կարիք։ Նախատեսվում է նաև նորոգել համերգասրահի ստորգետնյա այն հատվածը, որտեղ իր գործունեությունն է ծավալում «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի «Բարեկամություն» անսամբլը։ Այդ տարածքում անհրաժեշտություն կա փորձասենյակների, հանդերձարանների և սանհանգույցների նորոգման, ինչպես նաև տարածքը նոր ընդարձակ հանդերձարաններով համալրման, ինչը թույլ կտա հետագայում ոչ միայն անվանի արտիստներին, այլև երգչախմբերին և այլ մեծ կոլեկտիվներին հավուր պատշաճի ապահովել համապատասխան հանդերձարաններով։ Համալիր այս աշխատանքների շրջանակում նախատեսվում է նորոգել նաև համերգասրահի 1-ին և 2-րդ հարկերի ճեմասրահները, ինչպես նաև դահլիճում կատարել թատերահարթակի և պարտերի ընթացիկ նորոգման և ամֆիթատրոնի, թատերահարթակի, աջ ու ձախ օթյակների բազրիքների փափուկ հատվածների նորոգման, բեմի դիմային հատվածի հիմնանորոգման և կողային հատվածների երեսպատման աշխատանքներ։
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը միտված է ապահովելու բարեխիղճ հարկատուների իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես՝ կարգավորելով այն դեպքերը, երբ հարկ վճարողը անշարժ գույքի հարկի գծով իր հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել է, սակայն օրենքով և Հարկային օրենսգրքով սահմանված գնահատման կարգերով հաշվարկվող բանաձևերում շինության կամ հողամասի մակերեսի կամ գործակիցների մեծությունների փոփոխման արդյունքում անշարժ գույքի հարկով հարկման բազայի փոփոխման, ինչպես նաև բազայի լրամշակման հետևանքով առաջացած հարկի նկատմամբ հաշվարկվում են տույժեր։ Նախագծի ընդունման արդյունքում բարեխիղճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Փաթեթում ներառված է 11 օրենսդրական ակտ՝ չորս օրենսգիրք և 7 օրենք: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը՝ բացառելով առկա անհամապատասխանությունները։ Մասնավորապես՝ զուգահեռներ են տարվում հաշմանդամության խմբերի և ֆունկցիոնալության սահմանափակումների միջև՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ապահովելու նպատակով։