Մամլո հաղորդագրություններ

Կառավարության որոշմամբ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանվել է

08.05.2025

ևս 7 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Որոշմամբ հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս, այլ՝ երկու ամիս անց։ Բացի այդ, որոշմամբ իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունն առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար։ Ընդ որում, արհեստագործական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները կհամարվեն հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած։ Սահմանվում է, որ համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած անձինք։ Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո։

Վարչապետը նշել է. «Ես ուզում եմ իմ գոհունակությունն արտահայտել, որ մենք եկել հասել ենք այս կետին, որ ասում ենք, որ ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար տարիքը էական չէ»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է անձի ֆունկցիոնալության օբյեկտիվ գնահատման համակարգ ունենալու կարևորությունը և այս համատեքստում առաջարկել նույն տրամաբանությունը կիրառել բանակում:

Կթվայնացվեն տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունները

Կառավարությունն ընդունել է որոշում, որը պայմանավորված է տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։ Մինչ օրս ՀՀ ներքին գործերի նախարարության էլեկտրոնային հարթակի միջոցով այդ կարգավորումների արդյունքում որևէ տրանսպորտային միջոցի հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում և հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում չի կատարվել, քանի որ նշված գործողությունները հնարավոր է իրականացնել միայն անձի էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում, ինչը հանրության շրջանում դեռևս տարածվածություն չունի։

Որոշմամբ առաջարկվում է տրանսպորտային միջոցի հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը և հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և հաշվառումն ամբողջությամբ թվայնացնել, այդ թվում՝ նախատեսելով անձի ցանկությամբ թվային հաշվառման վկայագիր ունենալու, հաշվառման համարանիշերը չփոխարինելու, իսկ դրանց փոխարինելու դեպքում փոստային առաքմամբ դրանք ստանալու հնարավորություններ։ Նշված կարգավորումների արդյունքում անձն իր կամահայտնությամբ կարող է ամբողջովին ազատվել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելելու անհրաժեշտությունից։

Այս համատեքստում վարչապետը նշել է, որ ֆունդամենտալ խնդիրն է հետևողական լինել ինչպես որոշումների կայացման, այնպես էլ փոփոխությունների իրականացման առումով:

Սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի

Կառավարությունը որոշում է կայացրել, որը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում Վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու և սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ։ Որոշմամբ առաջարկվում է՝ հստակեցնել և լրամշակել գործող Ծրագրով սահմանված դիմումի մերժման հիմքերը: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ֆերմերային տնտեսության համար մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցին տրամադրել ծառայության վճարի մասնակի փոխհատուցում՝ ֆերմերային տնտեսության կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 ՀՀ դրամը, նախապես սահմանված սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15000 ՀՀ դրամը։ Ընդ որում՝ փոխհատուցում չի տրամադրվում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն ձեռք բերող այն ֆերմերային տնտեսություններին, որոնք հանդիսանում են ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններին խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն չմատուցող) սպանդանոցներ և սպանդանոցի սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ սպանդանոցի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետեր հանդիսացող անձիք կամ նրանց ընտանիքի անդամներ (ծնող, ամուսին, զավակ)։ Նոր Ծրագրի շրջանակներում ստացվող դիմումների ուսումնասիրությունը և ծրագրի ընթացքի մոնիթորինգը նախատեսվում է իրականացնել սպանդանոցների տեղակայման վայրի համայնքների ղեկավարների աշխատակազմերի ներգրավմամբ և այդ նպատակով նախատեսվում է համայնքներին հատկացնել ստացված դիմումների հիման վրա կազմված եզրակացություններում նշված շահառուներին փոխհատուցման ենթակա գումարների 3%-ը՝ ստացված դիմումների ուսումնասիրության և մոնիթորինգի իրականացման համար։

Վարչապետն անդրադարձել է ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդրին, որը բարձրաձայնվել է Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքում ֆերմերային տնտեսություններ այցի ժամանակ. «Գործարարը, տնտեսվարողն ասում էր, որ շատ ավելի ճիշտ է ոչ թե ուղղակի սպանդանոցային համակարգը, այլ ճիշտ է, որ գլխաքանակը նման տնտեսությունները հավաքեն, որ բտման դնեն, որպեսզի մսատվությունը շատանա: Եվ այդտեղ ավելացված արժեքի հետ կապված պրոբլեմն ավելի էր սրվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այցից հետո կայացվել է համապատասխան որոշումը: Երկրի ղեկավարը նաև նշել է, որ այս որոշման կայացման հիմքում էլ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ բարձրացված խնդրի լուծմանն է ուղղված:

Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածների մաքրման աշխատանքներ կիրականացվեն

Կառավարության որոշմամբ, 2024 թվականի մայիսի 25-26-ը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, հորդառատ անձրևներով պայմանավորված, հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածների մաքրման, ինչպես նաև 2025 թվականի հնարավոր վարարումների ռիսկերի կառավարման նպատակով հաստատվել է հակահեղեղային անհետաձգելի միջոցառումների ցանկը: Որոշվել է աշխատանքներն իրականացնել առանց նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, իսկ աշխատանքներն ընդունել փաստացի իրականացված ծավալներին համապատասխան։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Լոռու մարզում 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածների մաքրման անհրաժեշտությամբ:

Հարավկովկասյան երկաթուղու ՀՀ Լոռու մարզի Ալավերդի-Ախթալա հատվածում 2024 թվականին հեղեղումներից առաջացած փլուզումները վերացնելու նպատակով 2025 թվականի մարտի 10-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի, ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի, «Մելիորացիա» ՓԲԸ-ի, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի, «Լոռի» ՋՕԸ-ի համապատասխան ներկայացուցիչները տեղում իրականացրել են գետերի հուների ակնադիտական ուսումնասիրություն: Ուսումնասիրությունից պարզվել է, որ անհրաժեշտ է իրականացնել գետի հունի մաքրման և ափերի ամրացման աշխատանքներ՝ հստակեցվել են գետի հունի մաքրման և ափերի ամրացման աշխատանքների առաջնահերթ իրականացվող հատվածները և գնահատվել են աշխատանքների մոտավոր ծավալները։ Նշված աշխատանքների վերաբերյալ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը ներկայացրել է մանրամասն տեղեկատվություն (կցվում է): Կցվում է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրությունը։

Ձկնաբուծական ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վավեր ջրօգտագործման թույլտվության փաստաթուղթ

Կառավարության որոշմամբ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը: Սույն որոշումն ընդունվել է ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով տրված շինարարական թույլտվությունների անվան տակ բացառապես հորման աշխատանքների իրականացումը (որի արդյունքում պետությունը կրում է նյութական և բնապահպանական վնասներ) բացառելու նպատակով։ Որոշմամբ նախատեսված կարգավորումների համաձայն՝ ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար անհրաժեշտ կլինի վավեր ջրօգտագործման թույլտվության առկայության փաստը հավաստող փաստաթուղթը։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37․1-ին հոդվածի 13-րդ մասի պահանջը, այն է՝ Արարատյան դաշտի՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի սահմանած Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ, կբացառվի նաև Արարատի և Արմավիրի մարզերի նշյալ համայնքներում ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով շինարարական թույլտվությունների տրամադրումը, իսկ հանրապետության այլ տարածքներում այն կտրամադրվի միայն վավեր ջրօգտագործման թույլտվության առկայության պարագայում։

Վարժական հավաքներ են հայտարարվում պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակով

Գործադիրի որոշմամբ հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: Սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգ կներդրվի

Կառավարությունը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով՝ ամրագրել որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունը, ինչպես նաև լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու ընդհանուր պահանջից բացառությունները, որոնք արդեն իսկ սահմանված են ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 02-ի N 1413-Ն որոշմամբ: Օրենքով սահմանվում է նաև իրավական հետևանք լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունում որակի կառավարման համակարգ ներդրված չլինելու համար, ինչպես նաև սահմանել վերոնշյալ հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում, խախտման պատճառի վերացումը հաստատող փաստը։

Կխթանվի ցեմենտի տեղական արտադրությունը

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։ Օրենքի ընդունմամբ կխթանվի տեղական արտադրության զարգացումը, կապահովվի ներմուծման փոխարինում և հավասար մրցակցային պայմաններ:

Դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման նպատակով հատկացվել է կապիտալ դրամաշնորհներ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող թվով 140 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 903,608.5 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը: Որոշման ընդունմամբ կապիտալ ծախսերի կատարման համար ֆինանսական միջոցներ կհատկացվեն դպրոցներին՝ իրենց տնտեսումների հաշվին։

Հաստատվել է ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը

Գործադիրի որոշմամբ, հաստատվել է Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Այսպիսով, 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի ԿԾ-ով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1055-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պահուստային տեղերի քանակը 7-ն է, որն ըստ անհրաժեշտության կբաշխվի ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին: Պաշտպանության նախարարությանը հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 41 տեղ, որից 31 տեղը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Միավորումների և զորամասերի կառավարում» մասնագիտությանը, և 10 տեղ՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությանը: Այդ տեղերի ֆինանսավորումը կատարվում է Պաշտպանության նախարարության բյուջեի միջոցների հաշվին: Որոշման ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և մագիստրոսի ԿԾ-ով բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը: Այն կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառների մասնագետների պատրաստմանը:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագիրը և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Աշգաբաթի Համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը, անդամ պետությունների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը։ Աշգաբաթի Համաձայնագրին միանալը կապահովի տրանսպորտային միջանցքի միջոցով մուտքը միջազգային շուկաներ, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցման փաստաթղթերի ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը, անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքներից ոչ խտրական սկզբունքով օգտվելուն։ Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների միջև տրանսպորտի տարբեր տեսակներով լոգիստիկ փոխադրումների իրականացման գործընթացը, ինչպես նաև կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, համագործակցության ընդլայնմանը, Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը: Համաձայնագիրը համահունչ է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության խորացմանը։

Կառավարությունը նաև հավանություն է տվել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությամբ:

← Վերադառնալ