Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 2025 թ. ընթացքում պետբյուջեից ավելի քան 33 մլրդ դրամ է հատկացրել

18.12.2025

ևս 14 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023, 2024, 2025 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը՝ 12,045,690.6 հազար դրամի չափով: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 52 համայնքների 169 սուբվենցիոն ծրագիր: Ըստ նախարարի՝ այս համաֆինանսավորման արդյունքում կստացվի, որ 2025 թ. ընթացքում պետբյուջեից ընդհանուր առմամբ 33 մլրդ 635 մլն դրամի համաֆինանսավորում է արվել, որը տարեսկզբի բյուջետավորման համեմատությամբ ավելի քան 200 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ նախորդ տարվա կատարողականից՝ ավելի քան 2 մլրդ դրամով ավելի է:

Նիկոլ Փաշինյանը թվարկել է տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները՝ ջրագծի ցանցի հիմնանորոգում, մանկապարտեզի վերակառուցում, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում, անցուղիների կառուցում, լուսավորության համակարգի կառուցում և այլն:

Վարչապետը, լայնածավալ ցանկը ներկայացնելուց հետո, նշել է, որ միայն այս տարի համայնքներում 150 միլիոն դոլարի ներդրում է արվել սուբվենցիոն ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով:

ՏԿԵ նախարարը տեղեկացրել է, որ 55 միլիարդ դրամ պետական բյուջեի միջոցներով հատկացվել է ճանապարհաշինարարությանը, որի պատվիրատուն եղել է ճանապարհային դեպարտամենտը, ևս 2 միլիարդ դրամ՝ պետական բյուջեից հրատապ ծրագրերի մասով և 2 միլիարդ դրամ՝ մասնակցային բյուջետավորման ծրագրի մասով։

«Այս տարի մոտավորապես ստացվում է՝ 300 միլիոն դոլարի չափով հատկացում է արվել մենակ այս թվարկված ծրագրերով, այսինքն՝ դպրոցները չենք ասում, մանկապարտեզները չենք ասում, առողջապահական կենտրոն, հուշարձանների նորոգումը չենք ասում: Սրանք աներևակայելի թվեր են, որոնք ներդրվում են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և դրա համար մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող և ՀԴՄ կտրոն տրամադրող և ՀԴՄ կտրոն պահանջել չմոռացող քաղաքացիներին:

Վարչապետը հետաքրքրվել է նաև բյուջեի հավաքագրումներից, ինչին ի պատասխան ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ այն բավականին լավ է ընթանում. «Երկնիշ աճերը, որոնց մասին պարբերաբար խոսում ենք այս նիստերին, պահպանվում են: Ընդհուպ՝ արդեն մոտեցել ենք ծրագրին: ՀԴՄ-ներին մասով ևս պատկերը բավականին լավն է, ու եթե նայենք բոլոր կտրոնների քանակով, 18 տոկոսանոց աճ ունենք, հասույթով՝ 11 տոկոսանոց աճ: Բայց այստեղ ուրախալին այն է, որ անկանխիկի վարքագիծը առևտրում կտրուկ փոխվել է: Այս թվերի համեմատ կտրոնների քանակով անկանխիկի 52 տոկոսանոց աճ ունենք, իսկ հասույթների՝ 31 տոկոսանոց աճ: ՀԴՄ կտրոնների ու հասույթների մեծ մասն ապահովվում է անկանխիկ վճարումների միջոցով»:

Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի

Կառավարության պահուստային ֆոնդից 329,855.0 հազար դրամ է հատկացրել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։ Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պետական այս հատկացումը նշանակալի ներդրում է՝ ուղղված մարզերում հանրային ենթակառուցվածքների և տնտեսական գործունեության նոր հնարավորությունների ապահովմանը:

Նախարարը հիշեցրել է՝ 2029 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «Այս նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել, որը հաստատվել է ՈՒԵՖԱ-ի կողմից: Առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է ՈՒԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտ ունենալը։ ԿԳՄՍ նախարարության կողմից նման 3 մարզադաշտների (այդ թվում` 1-ը ազգային) հիմնելու պահանջը ամրագրվել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարությամբ։ Պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել Վանաձորում գտնվող ստադիոնի վերակառուցման վերաբերյալ, որը ևս կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի չորրորդ դասի չափանիշներին: Այս մասով առկա է նաև կնքված պայմանագիր միջազգային կազմակերպության հետ, որն ունի համապատասխան փորձառություն ոչ միայն նախագծելու, այլ ծրագրի իրականացման խորհրդատվություն կատարելու», -ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախագծող է ընտրվել նման մարզադաշտերի նախագծման և կառուցման միջազգային փորձ ունեցող «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն: Նախարարի խոսքով՝ մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10000 նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35000 նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։ 10000 տեղով մարզադաշտերից մեկը կհիմնվի Վանաձոր քաղաքում, իսկ մյուսի համար ընտրվել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ Կառավարության աջակցությամբ մասնավոր ոլորտի հետ համագործակցությամբ Վաղարշապատում նույնպես նման կարգի մարզադաշտ կկառուցվի: Անդրադառնալով Իջևանի Գեղհովիտ բնակավայրում ֆուտբոլի մարզադաշտի կառուցմանը՝ նախարարը նշել է, որ Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ 20 սեփականատերերին պատկանող հողամասերի ձեռքբերման մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել: Ըստ այդմ՝ սուբվենցիա կհատկացվի Իջևանի համայնքապետարանին՝ հետագա գործընթացների իրականացման նպատակով:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է համապատասխան բնակավայրերում ճանապարհային և այլ ենթակառուցվածքների զարգացումը՝ հաշվի առնելով, որ նոր կառուցվող մարզադաշտերի շահագործումից հետո տրանսպորտային և մարդկային հոսքերի ծավալը կմեծանա:

Պետգույքին է ամրացվել 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել 6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք: Որոշմամբ՝ ցանկում ընդգրկված գույքերը միակողմանի ընդունելուց հետո, ըստ անհրաժեշտության, կիրականացվեն դրանց մակերեսների անհամապատասխանությունների ուղղման աշխատանքներ։

Որոշման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ բոլոր գույքերը Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցերի բավարարման արդյունքում:

ՀՀ-ին վերադարձված գույքերն են.

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան 30/1 հասցեում գտնվող՝ 2,32 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 375 միլիոն 297 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի ներկայացված հայցը: Հայցով պահանջվել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամաս թիվ 31, 0,5 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 9 միլիոն 388 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 30-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Մնացած հինգ գույքերը, ըստ գլխավոր դատախազի, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության գույքերն են, որոնք Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մի շարք հասցեներում անշարժ գույքի նկատմամբ ՀԿ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Այդ գույքերն են՝

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի 59 հասցեում գտնվող՝ 2,79 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 162 միլիոն 189 հազար դրամ:

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի 59/11 հասցեում գտնվող՝ 0,03 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիարդ 670 միլիոն դրամ:

Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում գտնվող՝ 4 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 20 միլիոն 592 հազար դրամ:

Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող՝ 3 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 580 հազար դրամ:

Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ֆ. Նանսենի փողոցում գտնվող՝ 6 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 77 միլիոն 144 հազար դրամ:

Անդրադառնալով Դատախազության բացառիկ լիազորությունների շրջանակներում կատարված աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձվել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ:

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև չզեկուցվող փաթեթով ընդունված մեկ այլ որոշման, ըստ որի՝ նախատեսվում է որպես պետական սեփականություն գրանցել և ընդգրկել ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռում «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացող Լոռու մարզի համայնք Վանաձոր ք. Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող անշարժ գույքը: «Արտադատական կարգով ենք գույքը վերադարձրել: Նմանություն ուներ «Սպարտակ» մարզադաշտի հետ կատարվածին, ուղղակի ԿԳՄՍ նախարարի հետ շատ օպերատիվ և համակարգված աշխատանքի արդյունքում կարողացանք կանխել: Ըստ էության՝ տեղի էր ունենում աճուրդով գույքի արժեքի նվազեցում՝ նպատակ ունենալով հետագայում ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու: Այս դեպքում արդեն իմ միջնորդագրով, Վարչապետի աշխատակազմը տեղեկացվել է խնդրի մասին և արտադատական կարգով դատախազական ներգործության արդյունքում՝ Կառավարության այսօրվա որոշմամբ գույքը կպատկանի ԿԳՄՍ նախարարությանը», -ասել է Աննա Վարդապետյանը:

Ըստ հիմնավորման՝ մարզակառույցն ունի բացառիկ նշանակություն սպորտի զարգացման համար: Մարզակառույցի շենքային պայմանները հնարավորություն կտան այնտեղ անցկացնելու նաև մարզական մասսայական և մարզամշակութային միջոցառումներ, խթանելու առողջ ապրելակերպը, ապահովելու ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիություն, տարբեր տարիքի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատություն, մասսայական սպորտով զբաղվող մարդկանց թվի աճ:

Հայկական մշակույթի մեծագույն արժեքներից մեկը կվերադարձվի Հայաստան

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 175,360 հազար դրամ՝ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ 1188 թ. պատրաստված և քանդակված փայտյա դռան փեղկի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման նպատակով։ Ըստ հիմնավորման՝ մշակույթի զարգացման հիմնադրամը դիտանցումներ է իրականացնում միջազգային աճուրդային տների կողմից վաճառքի ներկայացվող արժեքների ցանկերում և դրանց արդյունքում բացահայտել է, որ վաճառքի է դրվել բացառիկ կարևորության հնագույն գեղարվեստական կոթող՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված փայտյա դռան փեղկ։ Ի համեմատ հայկական ճարտարապետության, քանդակագործության, մանրանկարչության և գորգագործության ստեղծագործությունների՝ միջնադարյան հայկական փայտագործության բավականին քիչ օրինակներ են պահպանվել: Հայկական փայտագործության ամենամեծ թվով նմուշները մեզ են հասել զարդանախշված եկեղեցական դռների տեսքով: Մինչև 1990-ական թվականները հայտնի էր միայն ութ նման կտոր: Փայտի փորագրության արվեստի ևս մեկ նմուշ շրջանառության մեջ է դրվել 1985թ-ին: Խոսքը քննարկվող դռան փեղկի մասին է, որն այն ժամանակ գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում: Փեղկը առաջին անգամ հրապարակել է Ժան Մորիս Ֆիեյը: Փեղկը պատրաստված է ընկուզենի փայտից (չափեր՝ 190 × 57 × 12 սմ) և մասնակիորեն պահպանել է սպիտակ ֆոնի շերտի և կապույտ գունանյութի հետքեր։ Դռան փեղկը ակոսված է վերևից ներքև տարածվող ճաքով: Փեղկը բաժանված է հիմնականում չորս հորիզոնական հատվածների, որոնցից ամենամեծը պարունակում է կամարի տակ խաչի պատկեր: Ռադիոածխածնային վերլուծությունը հաստատում է փեղկի ստեղծման թվագրումը (XII դար)։ Փորագրությունների զարդանախշային համակարգը, «թևավոր» խաչի տիպաբանությունը լիովին համահունչ է հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին։ Այս մասին վկայակոչում է նաև հայ արվեստաբան Լևոն Չուքասզյանի հեղինակած և 1994թ-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրատարակված “On a Newly-Discovered Carved Wooden Panel” հոդվածը: Մշակութային արժեք ներկայացնող դռան փեղկը ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում Սէմ Ֆոգի պատկերասրահում: Հաշվի առնելով նկարագրված փեղկի արժեքավոր նշանակությունը Հայաստանի, հայ մշակույթի և կրոնի համար՝ որոշվել է ձեռք բերել փեղկը և տեղափոխել այն Հայաստան: Վերադարձված արժեքը հնարավորություն կտա գիտական համայնքին իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ, բացահայտել պատկերագրական և տեխնոլոգիական շերտեր և կապել այն հայկական արվեստի այլ օբյեկտների հետ։ Դռան փեղկի ձեռքբերումը և հայրենադարձումը կապահովեն դրա դուրսբերումը մասնավոր շրջանառությունից և փոխանցումը պետական պահպանության ապահով միջավայր։ Գործընթացը կնպաստի հայկական մշակութային ժառանգության ամբողջականացմանը, հատկապես հաշվի առնելով, որ միջնադարյան փայտարվեստի նման մեծածավալ օրինակները եզակի են։ Հայաստան տեղափոխելուց հետո արժեքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում, ինչը կխթանի թանգարանի հավաքածուի հարստացումը, միջազգային ճանաչելիության բարձրացումը, գիտաժողովների, ցուցահանդեսների և հետազոտական նախագծերի իրականացումը։ «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ն ունի անհրաժեշտ մասնագիտական և նյութատեխնիկական հնարավորությունները՝ արժեքը պատշաճ պահպանելու, ուսումնասիրելու և հանրությանը ներկայացնելու համար։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ-ն այժմ իրականացնում է միջազգային աճուրդների դիտանցումներ. «Մեզ հետաքրքրող մշակութային արժեքները, որոնք մեր ժառանգության կարևոր մասն են, փորձում ենք ձեռք բերել»:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Մատենադարանի համար երկու բացառիկ Աստվածաշունչ էր ձեռք բերվել. «Նման դեպքերում մենք առաջին հերթին առաջնորդվում ենք մասնագետների խորհրդատվությունը հաշվի առնելով: Երբ մասնագետներն ասում են, որ բացառիկ նմուշ է, իհարկե, բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն անցնում են: Կարծում եմ՝ շատ կարևոր մի գործընթաց է, և մեր մշակութային արժեքների վերադարձը Հայաստանի Հանրապետություն արվում է կրկին՝ պետական բյուջեի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատող, օրենքով սահմանված հարկերը վճարող, ՀԴՄ բացթողումը կամ պահանջելը չմոռացող քաղաքացիների շնորհիվ»։

Կապահովվի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացումը

Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Որոշմամբ, մասնավորապես, նախատեսվում է Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի մշակույթի տանը հարակից տարածքում պուրակի կառուցման աշխատանքների իրականացման համար նախատեսված 38,000.0 հազար դրամից 2,793.2 հազար դրամը հատկացնել Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի՝ Այնթապի հերոսամարտը հավերժացնող հուշարձան կոթողի հարակից այգու բարեկարգման աշխատանքների համար, իսկ 5,876.3 հազար դրամը՝ Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի մանկապարտեզին հարակից տարածքում այգու կառուցման աշխատանքների իրականացման համար: Լոռու մարզի Փամբակ համայնքի ներհամայնքային ճանապարհի նորոգում, համայնքի ենթակառուցվածքների բարելավում, սեփական ռեսուրսների հզորացում՝ էքսկավատոր /բազմաֆունկցիոնալ տրակտորի ձեռքբերման աշխատանքների իրականացման համար նախատեսված 29,600.0 հազար դրամից 703.8 հազար դրամը կհատկացվի Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության խաղահրապարակի բարեկարգում, հատակի կահավորում ռետինե ծածկով աշխատանքների իրականացման համար: Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Նորարար գրադարան» ծրագրի աշխատանքների իրականացման համար նախատեսված 32,000.0 հազար դրամից 6,833.6 հազար դրամը նախատեսվում է հատկացնել Չարենցավան համայնքում «Բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Բջնիում» ծրագրի աշխատանքների իրականացման համար: Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հանդամիջյան 1700 գծմ ընդհանուր երկարության ճանապարհների բարեկարգման աշխատանքների իրականացման համար նախատեսված 17,000.0 հազար դրամից 447.6 հազար դրամը կհատկացվի Արենի համայնքի Արփի բնակավայրում խաղահրապարակ-զբոսայգու կառուցման աշխատանքների իրականացման համար: Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա 74 շենքի հարակից տարածքում «Բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում» ծրագրի աշխատանքների իրականացման համար նախատեսված 15,000.0 հազար դրամից 2,946.7 հազ. դրամը կհատկացվի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի հետիոտնային կամրջի կառուցման աշխատանքների իրականացման համար:

Կբարելավվեն կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմաններն ու գույքային հագեցվածությունը

Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 211,783.2 հազար դրամ՝ կապիտալ ծախսերի իրականացման նպատակով։ Միաժամանակ, կատարվում են փոփոխություններ մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման միջոցառումների, ինչպես նաև հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման միջոցառման շրջանակներում օբյեկտների ցանկում՝ 92,692.7 հազար դրամի չափով: Որոշմամբ նախատեսվում է նաև Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի և Լոռու մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող թվով 12 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 69,844.5 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը: Կրթության ոլորտի գծով որոշմամբ կատարվող կապիտալ ծախսերը կազմում է 166.5 մլն դրամ, որն ուղղված է դպրոցների և մասնագիտական ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների բարելավմանը և դպրոցների գույքով ապահովմանը: Մշակույթի ոլորտի գծով կատարվող կապիտալ ծախսերը կազմում է 164.8 մլն դրամ, որն ուղղված է հուշարձանների նորոգմանը և վերականգնմանը (այդ թվում՝ հուշարձան հանդիսացող կամուրջների վերականգնման համար գիտանախագծային փաստաթղթերի մշակմանը), թանգարանների, թատրոնների և գրադրանների ենթակառուցվածքների բարելավմանը և թանգարանների գույքով ապահովմանը: Սպորտի ոլորտի գծով կատարվող կապիտալ ծախսերը կազմում է 7.3 մլն դրամ, որն ուղղված է մեկ մարզադպրոցի ենթակառուցվածքների բարելավմանը։

Հաստատվել է «Բաց կառավարման գործընկերություն - Հայաստան» նախաձեռնության շրջանակում 2025–2027 թթ. գործողությունների ծրագիրը

Կառավարությունը հաստատել է «Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության 2025–2027 թվականների գործողությունների ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ նախորդ տարիների ընթացքում իրականացվել են հինգ ազգային գործողությունների ծրագրեր, որոնց միջոցով ձևավորվել են բաց կառավարման մշակույթ և համագործակցային հարաբերություններ կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև։ Այս ընթացքում մեկնարկել են մի շարք ռազմավարական բարեփոխումներ՝ ուղղված պետական տվյալների բաց քաղաքականությանը, մասնակցային կառավարմանը, հակակոռուպցիոն վերահսկողությանը և տեղական մասնակցության ինստիտուցիոնալ ամրապնդմանը։ Գործողությունների ծրագիրը կազմվել է Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում՝ ներառելով բաց կառավարման արժեքներին համահունչ 6 ռազմավարական ուղղություն: Դրանք ներառում են, մասնավորապես՝ հետևյալ նպատակները. տվյալների քաղաքականության և կիբեռանվտանգության իրավական հիմքերի ամրապնդում, մասնակցային կառավարման կատարելագործում պետական մակարդակում, էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրում և իրական շահառուների ինստիտուտի զարգացում, տեղական մակարդակում հանրային մասնակցության մեխանիզմների ամրապնդում, նվերների և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության թվայնացված ռեեստրի ստեղծում: ԲԿԳ գործողությունների նոր ծրագիրը հնարավորություն կտա՝ շարունակել պետական կառավարման թվային և մասնակցային բարեփոխումները, ամրապնդել քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ, բարձրացնել պետական քաղաքականությունների հաշվետվողականությունը, ապահովել Հայաստանի ներգրավվածությունն ու առաջնորդությունը բաց կառավարման գլոբալ գործընթացներում։

Խստացվել են ճանապարհների պահպանման թերությունները ժամկետում չվերացնելու համար նվազեցումների ժամկետները, ինչպես նաև չափերը

Կառավարության որոշմամբ լիազորող նորմ կսահմանվի ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող թունելների և կամուրջների պահպանման աշխատանքների իրականացման կարգի սահմանման համար: Ըստ հիմնավորման, այն թույլ կտա ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքները: Մասնավորապես, մշտական սպասարկումն ապահովելու նպատակով՝ հիմնանորոգման, վերակառուցման կամ նորոգման աշխատանքների կատարման պայմանագրերի վաղաժամկետ լուծման դեպքում սահմանվել է ճանապարհահատվածի ամառային ընթացիկ պահպանման իրականացման պահանջ տվյալ տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն իրականացնող կազմակերպության կողմից: Խստացվել են նաև թերությունների վերացման ժամկետներն ու թերությունները, մասնավորապես՝ ավելացվել են ճանապարհին ավազի առկայությունը, աղբի առկայությունը ոչ միայն երթևեկելի մասում, այլ ամբողջ օտարման շերտում: Հստակ ժամկետ է սահմանվել ձմեռային սեզոնից հետո՝ ճանապարհին կուտակված ավազի հեռացման համար, ընթացիկ ամառային պահպանման ժամկետի սկզբից՝ ապրիլի 1-ից ոչ քան 15-օրյա ժամկետում: Խստացվել են նաև որոշ թերությունները ժամկետում չվերացնելու համար նվազեցումների ժամկետները, ինչպես նաև չափերը՝ գործող կարգավորմամբ նվազեցումը կիրառվում էր 1 կմ ճանապարհի արժեքից, այժմ նախատեսվում է տվյալ ճանապարհահատվածի ընդհանուր երկարության տվյալ ամսվա համար նախատեսված գումարից: Սահմանվել են կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների թերությունները, վերացման ժամկետները և չվերացնելու դեպքում կիրառվող նվազեցումները:

Կապահովվի Ամիրյան փողոցի երկկողմանի մայթերի լիարժեք վերականգնումը

Կառավարությունը հավանություն է տվել Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների ծրագրին, որի իրականացմանը կուղղվի 477,107.9 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ Ամիրյանը ամենահին կենտրոնական և հանրապետական նշանակություն ունեցող փողոցներից է, քաղաքի մշակութային և տուրիստական հատվածներից: Փողոցի վրա են գտնվում մի շարք պատմամշակութային շենքեր: Վերջին մի քանի տասնամյակում այն երկկողմանի չի վերանորոգվել, այլ իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնք էլ մայթը դարձրել են ոչ գրավիչ և անհարմար քաղաքացիների տեղաշարժի համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ամբողջությամբ երկկողմանի վերանորոգել Ամիրյան փողոցի մայթը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ գրունտների մշակում, հողային աշխատանքների, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացում, հին նստարանների ու աղբամանների ապամոնտաժում և նորերի տեղադրում, բազալտե և տուֆե սալիկների, ինչպես նաև եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման անձրևատարի կառուցում բազալտե սալերով, թեքահարթակների երեսպատում, ասֆալտի շերտի թարմացում, դիտահորերի նիշերի ուղղում, ոռոգման ցանցի կառուցում, կանաչ գոտիների ընդլայնում:

Կապահովվի մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու գործընթացը

Կառավարության որոշմամբ կապահովվի մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու գործընթացը: «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոնների մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների դրամական խրախուսում» միջոցառման լիարժեք ապահովման նպատակով առաջարկվում է հատկացնել 15498.3 հազար դրամ և ճշտել միջոցառման համար կանխատեսված ոչ ֆինանսական ցուցանիշները՝ ավելացնելով 3 միավորով, որից՝ 2 անհատ (Գրիշա Մարտիրոսյան և Ակսել Դավեյան), 1 կազմակերպություն («Բադակտուց Փրոդաքշըն» ՍՊԸ):

Գործադիրն ընդունել է որոշում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի միջոցառումների շրջանակում աշխարհահռչակ դաշնակահար-վիրտուոզ Լանգ Լանգի համերգի իրականացման, մեծանուն հայ պոետ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյա հոբելյանի կապակցությամբ գրողին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման, Ջերմուկում հեղինակ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգի և «Ֆեստիվառ Ջերմուկ» երաժշտական փառատոնի կազմակերպման նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտությամբ:

«Ուսուցիչների միջազգային վերապատրաստում» միջոցառման շրջանակում 2026 թ. հունվարի 18-23-ը Ժնևում տեղի է ունենալու վերապատրաստում, որին կմասնակցեն ՀՀ դպրոցների ֆիզիկայի թվով 24 ուսուցիչներ և Տեսական ֆիզիկայի և մոդելավորման ինստիտուտի չորս աշխատակիցներ: Արդյունքում ակնկալվում է Ֆիզիկայի ուսուցիչների մասնագիտական առաջխաղացում, հնարավորությունների ընդլայնում, փորձի փոխանակում:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշմամբ «Նոր փրոջեկտս» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կահույքի արտադրության համար։ Ընկերությունը հանդիսանում է մասնագիտացված կահույք արտադրող և մի շարք համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 500 մլն դրամի ներդրում, որից 80 մլն դրամը հիմնական միջոցների ձեռքբերման, 50 մլն դրամը շինարարական աշխատանքների իրականացման, իսկ մնացած մասը հումքի ձեռքբերման համար։ Ընկերությունը մինչև 2026 թվականը նախատեսում է ստեղծել 16 նոր աշխատատեղ՝ 487 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 220 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 15.4 մլն դրամ։

Մաքսատուրքի արտոնությունից կօգտվի նաև «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ. ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել շաքարի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 31.1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 762 աշխատատեղ՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 880-ի՝ 430 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 31.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23.8 մլրդ դրամ։

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարության հավանությանն է արժանացել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերը: Օրինագծերով առաջարկվել է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման մասին նորմ և դրա համար սահմանել հստակ ժամկետ՝ երկու ամիս, որը հոսում է բողոքարկվող որոշման կայացման կամ գործողության կատարման (անգործության ցուցաբերման) օրվանից։ Արդյունքում՝ օպերատորի և վերահսկող մարմնի միջև առաջանում են պայմանագրային իրավահարաբերություններ:

Հավանություն է տրվել ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերով նախատեսվող կարգավորումներն ունեն համակարգային բնույթ և ուղղված են ոլորտի արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ակնկալվում է, որ կբարձրանա գնահատման արդյունքների որակն ու վստահելիությունը, կնվազեն սխալ կամ կանխակալ գնահատումների ռիսկերը, ներպետական օրենսդրությունը կներառի միջազգային լավագույն փորձի տարրեր։

Գործադիրը հավանություն է տվել «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Փաթեթի կարգավորման հիմնական նպատակն ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և ծագման երկրի որոշման փորձաքննության գործընթացների իրավական, կազմակերպչական և գործառութային բարելավումն է՝ ապահովելով դրանց պարզ, հստակ, կանխատեսելի և միասնական կիրառումը։ Կարգավորումը միտված է գործող իրավական դաշտի բացերի և հակասությունների վերացմանը, վարչարարական բեռի նվազեցմանը, ինչպես նաև ոլորտում պետական լիազորությունների և պատասխանատվության հստակ տարանջատմանը։

Այլ որոշումներ. 2025-ի 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2025թ. 3-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություն-ներում վավերական 465 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (111 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (354 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Կառավարության որոշմամբ 2026 թ. ընթացքում սակագնային քվոտա կսահմանվի ՀՀ տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ազատում հակագնագցման տուրքի վճարումից՝ տարեկան 250 տոննա ծավալով, ՀՀ տարածք ներմուծվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ համապատասխան ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվ.% կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերը և պատրաստուկները:

← Վերադառնալ