Մամլո հաղորդագրություններ

2026 թ․ հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կմտնի ուժի մեջ․ Կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել

25.12.2025

ևս 16 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է «Ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա (այդ թվում` համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերը հաստատելու մասին» որոշում։

Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվել են Կառավարության ևս 10 որոշումներ, որոնք կկազմեն առողջության ապահովագրության առաջին փուլի մեկնարկի համար անհրաժեշտ ենթաօրենսդրական բազան։ Նախարարը տեղեկացրել է, որ օրենքն արդեն ստորագրվել և հրապարակվել է։ Ըստ առողջապահության նախարարի՝ Կառավարության որոշումներով սահմանվում են բժշկական կենտրոնների և դեղատների հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը, ապահովագրության շրջանակում նրանց կողմից մատուցված ծառայությունների փոխհատուցման կարգերը։ Ընդունվել է նաև Առողջության ապահովագրության հիմնադրամի ստեղծման մասին որոշում, հիմնադրամը կստեղծվի առաջիկա երկու օրերի ընթացքում։ Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ անցումային փուլում նախապատրաստական աշխատանքները կիրականացնի Առողջապահության նախարարությունը և պետական առողջապահական գործակալությունը, մինչև հիմնադրամը երկու ամիսների ընթացքում ամբողջությամբ կստանձնի համակարգի գործառույթները։

Նախարարը տեղեկացրել է, որ սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարողանալու օգտվել․ «Թե՛ ծառայությունների ցանկերը, թե՛ դեղորայքի ցանկերը հրապարակված են: Ուզում եմ ասել, որ ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է: Խնդրում եմ, որ մեր քաղաքացիներն այն ներբեռնեն, որպեսզի տեղեկացված լինեն իրենց կարգավիճակի մասին»։

Այս որոշումների փաթեթի ընդունմամբ 2026 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մտնում է ուժի մեջ:

Հաջորդիվ ներկայացվել են այն խմբերը, որոնք առաջին փուլով են ընդգրկվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում: Ըստ այդմ՝ այդ խմբերն են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները, 200 հազար դրամից ավելի ստացողները, հաշմանդամության կարգ ունեցողները, սոցիալական անապահովության համակարգում ընդգրկվածները, զոհված զինծառայողների ընտանիքները: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ այս խմբերը ընդհանուր ներառում են 1 մլն 6 հազար մարդու:

Անդրադառնալով որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այս հարցը երկար է քննարկվել և ի վերջո որոշվել է՝ ինչ որ կետից այն սկսել․ «Երբեմն իդեալի ձգտումը բերում է անգործության։ Իդեալի մղումից պետք է հրաժարվել, որովհետև դա անընդհատ տանում է փակուղիներ կամ գցում է միֆերի մեջ»։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ցանկացած բարեփոխում մինչ չհանդիպի իր պրոբլեմին, կենդանություն չի ստանալու: Ըստ այդմ՝ լինելու են աշխատանքային, կազմակերպչական, տեխնիկական խնդիրներ։ «Այսինքն՝ համակարգ ենք ներդնում, և համակարգն ինքն էլ պետք է ադապտացվի, և ադապտացվելու է որոշակի սխալների և բացթողումների արդյունքում»,-ասել է վարչապետը:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը դիմել է հանրությանը՝ խնդրելով 2026 թ․ հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները «չգրոհել»․ «Պետք չէ հունվարի 1-ից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետև ո՛չ բժշկական կենտրոններն են փախչելու, ո՛չ Կառավարությունն է փախչելու, ո՛չ պոլիկլինիկաները, և պետք է կառավարել»։

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ առողջապահության նախարարությունը համակարգի գործարկումից հետո, կաշխատի արտակարգ ռեժիմով, և՛ Կառավարության, և՛ նախարարության մակարդակով օպերատիվ խմբեր են ձևավորվել: Ավելին՝ հունվարի 5-ին առողջապահության նախարարությունում կամփոփվեն 2025 թ․ առաջնահերթությունների կատարման արդյունքները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև առողջ ապրելակերպի խթանման և խրախուսիչ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Վարչապետը նշել է նաև, որ առողջ ապրելակերպը պետք է լինի ոչ միայն ցանկալի, այլև շահավետ՝ արտահայտված կոնկրետ բոնուսներով, հնարավորություններով և խթաններով։ Այդ համատեքստում Երկրի ղեկավարն ընդգծել է նաև առողջ ապրելակերպի ենթակառուցվածքների հասանելիությունը մարզերում։

Կկարգավորվեն Ղարաբաղից տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները

Կառավարության որոշմամբ կկարգավորվեն Ղարաբաղից տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակելու համար կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները։ Ըստ այդմ՝ նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին
1) որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից, կամ
2) որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ
3) որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:

Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ: Սոցիալական աջակցության միջոցառման շահառուներ ըստ էության կհանդիսանան ծրագրի պայմաններին բավարարող, սակայն ծրագրի փոխարեն վարձավճարի երկարաժամկետ հատուցման միջոցով կացարանի խնդրի լուծման տարբերակն ընտրած ընտանիքները:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցությունները տրամադրելու շարունակականությունը:

Հաստատվել է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը: Մասնավորապես, ինքնազբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է աջակցության տրամադրում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ և ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումներով հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու հանդիսացող, հավաստագիր ստացած և իրացրած ընտանիքների անդամ հանդիսացող, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով Հայաստանի Հանրապետությունում չզբաղված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին 3 ամսվա ընթացքում հարկ վճարող չհանդիսացող անձանց։ Նախատեսվում է, որ ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել 1 անգամ, ընդ որում՝ շահառու կարող է լինել յուրաքանչյուր ընտանիքի միայն 1 անդամ։

Որոշմամբ առաջարկվում է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման նպատակով տրամադրել աջակցություն հետևյալ ուղղություններով՝
1) ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն (այդ թվում՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում, որի շրջանակում նաև գործարար ծրագրի մշակում և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ուղեկցում 12 ամիս ժամկետով, մասնավորապես, տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում՝ հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, արտադրանքի (արդյունքի) փաթեթավորման, առաքման, վճարման կամ այլ նորարարության հարցերով, այդ թվում՝ թվային ու արհեստական բանականության գործիքների ինտեգրման վերաբերյալ).

2) գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։
Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ բիզնեսի ուսուցման և ուղեկցման աշխատանքները կազմակերպվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ կազմակերպություն) հետ սույն ծրագրով սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Հրապարակային օֆերտայի պայմանագրեր կարող են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձառություն։ Կազմակերպությունների ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանները, ինչպես նաև մատուցվող ծառայությունների շրջանակը հրապարակվում են Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջում:

Առաջարկվում է կազմակերպությանը վճարել՝ յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ, յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։

Շահառուին ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար առաջարկվում է տալ դրամաշնորհ գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։ Գործարար ծրագրի իրականացման համար շահառուն կարող է ներգրավել նաև կապիտալ միջոցներ կամ տարածքի վարձակալության համար հավելյալ միջոցներ՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։

Որոշմամբ առաջարկվում է ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին փոխանցել դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը՝ ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Գումարի մնացած մասն առաջարկվում է փոխանցել շահառուին գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։ Առաջարկվում է նաև ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3,000,000 դրամ, շահառուին տրամադրել հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով, ընդ որում՝ փոխհատուցումը կտրվի ձեռք բերված հիմնական միջոցի գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Արդյունքում ակնկալվում է ինքնազբաղվածության հնարավորություն ընձեռել Ղարաբաղից տեղահանված շուրջ 200 անձի:

Հաստատվել է ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը

Կառավարությունը հաստատել է «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը: Միջոցառումն ուղղված է պետություն-մասնավոր սոցիալական, տնտեսական փոխգործակցության ապահովմանը և նպատակ ունի ամրապնդել անկանխիկ գործառնությունների իրականացման առկա համակարգը՝ միաժամանակ փոխշահավետ հնարավորության առաջարկ ներկայացնելով համապատասխան շահառուներին՝ վերջիններիս առաջարկելով համապատասխան պայմանների ապահովման միջոցով ստանալ անկանխիկ գործառնություններից ֆինանսական-գումարային հետվերադարձ: Ըստ այդմ՝ հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2026 թ. փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թ. հունվար ամիսը՝ ներառյալ, նախորդ ամսվա անկանխիկ գործառնությունների ծավալներից ելնելով: Միջոցառմամբ նախատեսված է, որ անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 2%, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1% և պետության կողմից 1% համամասնությամբ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումների նկատմամբ ծագող եկամտային հարկը ևս վճարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Որոշմամբ՝ 2026 թ. դեկտեմբեր ամսվա հետվճարը հաշվարկվում և վճարվում է 2027 թ. հունվար ամսին։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել, որ այս համակարգն էլ հընթացս կբարելավվի։

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմել է 8,3 տոկոս

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմել է 8,3 տոկոս։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ներկայիս գնահատականներով տնտեսական աճը տարվա արդյունքներով առնվազն 6 տոկոս կկազմի, իսկ որոշ գործընկերներ չեն բացառում, որ աճը կարող է ավելի բարձր լինի։

Վարչապետն անդրադարձել է նաև աշխատատեղերին և նշել, որ 2025 թվականի նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ։ 2025 թվականի նոյեմբերին երկրում գրանցվել է 814 հազար 818 գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավելի է 275 հազար 465-ով կամ շուրջ 50 տոկոսով։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատատեղերի թիվն աճել է նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ՝ 31 հազար 986-ով կամ 4 տոկոսով։ Վարչապետն անդրադարձել է նաև միջին աշխատավարձի ցուցանիշներին․ 2025 թվականին միջին աշխատավարձը կազմել է 327 հազար 155 դրամ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավելի է 158 հազար 421 դրամով կամ 93 տոկոսով։

Ըստ վարչապետի՝ աշխատավարձերն աճել են նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ 16 հազար դրամով կամ 5,1 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարեկան գնաճը, ըստ Վիճակագրական կոմիտեի, կազմել է 3,3 տոկոս։ Նշվել է նաև, որ եկամտային հարկի դրույքաչափը նվազել է, ինչը ևս նպաստել է քաղաքացիների իրական եկամուտների աճին։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է շուրջ 50 տոկոսով․ «Խոսքն իրական տնտեսական աճի մասին է։ Այս տարվա աճի ցուցանիշները նույնպես շատ կարևոր են։ Մենք, ըստ էության, վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կատարում ենք։ Սա նույնպես կարևոր արդյունք է»։

Այդ համատեքստում երկրի ղեկավարը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիներին, ինչպես նաև Կառավարության բոլոր անդամներին, օրենսդիր իշխանության գործընկերներին՝ իրենց կատարված աշխատանքի համար։
«Այս թվերը այսբերգի երևացող կողմն են, իսկ այս թվերից ներքև աշխատանք է կատարվում, որը պետք է արժանանա գնահատանքի։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ 2017 թվականի պետական բյուջեի եկամտային մասի համեմատ, 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 130%-ով ավելացել է։ Այսինքն՝ մենք 2025 թվականին կատարել ենք 2017 թվականի բյուջեն, պլյուս մի հատ էլ այդ նույն ամբողջ տարվա պետական բյուջեից, մի հատ էլ պլյուս դրա 30%։ Սա աշխատանք է, որը կատարվել է գետնի վրա, ընդ որում՝ այն միջավայրում և այն պայմաններում, ինչի միջով մենք անցել ենք։ Բայց դա էլ է պետք ի վերջո գնահատել, որովհետև այդ ամեն ինչի միջով անցել ենք և հասել ենք մի տեղ, որը պետք է գնահատվի՝ որպես լավ և հեռանկարային։ Կարծում եմ՝ մենք, իսկապես, մեր պետության հարատևության օրակարգը, որը 2018 թվականին որդեգրել ենք, հիմա արդեն ոչ միայն երազանք է կամ տեսլական, այլ գործնական իրականություն է, որով մենք ամեն օր զբաղվում ենք և պետք է շարունակենք զբաղվել»,-ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է նաև՝ 50% փոխված տնտեսությունը, ըստ էության, նշանակում է ամբողջովին և բոլորովին նոր տնտեսություն։ Իսկ բոլորովին նոր տնտեսությանը, ըստ վարչապետի, պետք է բոլորովին նոր մոտեցում։ Վարչապետի դիտարկմամբ՝ սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգն էականորեն լավ է աշխատել։ «Հետևաբար շատ կարևոր է, որ մենք կայացրել ենք որոշում, որով պետական կառավարման համակարգի համակարգում աշխատավարձների և վարձատրությունների համակարգի բարեփոխումների մի շատ կարևոր պիլոտային ծրագիր ենք սկսել։ Ծրագիրը, լավարկումների արդյունքում, կդարձնենք ինստիտուցիոնալ համակարգ, որին կհաջորդի քաղաքացիական ծառայության համակարգի ամբողջական և մանրամասն բարեփոխումը։ Հաջորդիվ մենք պետք է, իհարկե, պետական գնումների համակարգին անդրադառնանք։ Ես պատասխանատու և վստահ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը հիմա գտնվում է այն բարձրության վրա, որ երկրորդ շարժիչը միանալու ժամանակն է։ Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը թե՛ աշխատանքի գրավչության, թե՛ աշխատանքի որակի, թե՛ մասնագիտական և պրոֆեսիոնալ հատկանիշների շարունակական զարգացման առումով պետք է լիարժեք համապատասխանի այս տրամաբանությանը։ Իսկապես այս կետը, տրամաբանությունը հասունացել է։ Հարգելի գործընկերներ, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել 2025 թվականի ընթացքում կատարած ձեր աշխատանքի համար, հաջողություններ մաղթել, շնորհավորել գալիք տոների առիթով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկարաձգվել են արտադրողականության խթանման, այգեհիմնման, սպանդանոցների ծրագրերի գործողության ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» շարունակական և արդյունավետ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած գործառութային և վարչարարական կարգավորումների հստակեցմամբ։ Հիմնավորման համաձայն՝ 2020 թ․-ից մեկնարկած ծրագիրը դարձել է տնտեսավարողների կողմից լայնորեն կիրառվող ֆինանսական գործիք։ 2025 թ․ երրորդ եռամսյակի դրությամբ ձևավորվել է շուրջ 430 մլրդ դրամի վարկային/լիզինգային պորտֆել, որից 70 %-ը լիզինգ է, իսկ 30 %-ը՝ վարկ։ Որոշմամբ առաջարկվում է լրացում, որով սահմանվում է սուբսիդավորման հայտերի ներկայացման հստակ ժամկետը և ձևաչափը՝ նպատակ ունենալով ապահովել սուբսիդավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը, տվյալների ժամանակին ներկայացումը և վարչարարական ռիսկերի նվազեցումը։ Կսահմանվեն սուբսիդավորման չափերը՝ ըստ վարկի կամ լիզինգի արժույթի (ՀՀ դրամ կամ արտարժույթ) և նպատակի, ինչը միտված է սուբսիդավորման համակարգի միատեսակ և կանխատեսելի կիրառմանը։ Որոշմամբ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ապահովելու ծրագրի շարունակական իրականացումը և ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարումը։ Կարգավորման արդյունքում կբարելավվի ֆինանսական միջավայրի մրցակցային դինամիկան, կբարձրանա վարկային ռեսուրսների հասանելիությունը, կապահովվի սուբսիդավորման գործընթացի թափանցիկությունն ու վերահսկելիությունը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կերկարաձգվի ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության ծրագրի գործողության ժամկետը՝ մինչև 2026 թ․ ներառյալ, և հնարավորություն տալ գյուղացիական տնտեսավարողներին պետական աջակցությամբ հիմնել նոր ինտենսիվ այգիներ, ներդնել առաջադիմական ոռոգման համակարգեր և կարկտապաշտպան ցանցեր, ինչպես նաև կառուցել ջրավազաններ։ Ըստ հիմնավորման՝ ծրագրերի շրջանակում 2025 թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ներկայացվել է շուրջ 8217 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 4000 հա ինտենսիվ այգի: Կարգավորման նպատակն է խթանել բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, այգեհիմնման դեպքում նվազեցնել աջակցության չափը ու հստակեցնել ծրագրով սահմանված որոշ դրույթներ։ Մասնավորապես, տնկիների կպչողականության, լարասյունային և կարկտապաշտպան համակարգերի, կաթիլային ոռոգման խողովակների (այգեհիմնման դեպքում), նռան, թզենու և պիստակենու տնկիների տնկանյութի նկատմամբ պահանջները, ընկուզենու և նռնենու տնկիների քանակը և վարկի վաղաժամկետ մարման դեպքերը։ Հաշվի առնելով այն, որ ծրագրի այգեհիմնման բաղադրիչով կառավարության թիրախային ցուցանիշները ապահովվել են, նախագծով առաջարկվում է այգեհիմնման դեպքում նվազեցնել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման չափը 2 տոկոսային կետով՝ 9-ը (արտարժույթի դեպքում՝ 5)՝ տոկոսային կետի փոխարեն սահմանելով 7 (արտարժույթի դեպքում՝ 3) տոկոսային կետ, իսկ ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար՝ սուբսիդավորման չափը սահմանել 10 (արտարժույթի դեպքում՝ 6) տոկոսային կետ, գյուղատնտեսությունում տնտեսավարող 18-ից 35 տարեկանը չլրացած երիտասարդների և 63 տարեկանը լրացած անձանց համար՝ 8 (արտարժույթի դեպքում՝ 4) տոկոսային կետ՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետի փոխարեն։ Որոշմամբ առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման, ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման համար գյուղատնտեսությունում տնտեսավարող 18- ից 35 տարեկանը չլրացած երիտասարդների և 63 տարեկանը լրացած անձանց համար սուբսիդավորման տոկոսադրույքները սահմանվել են մեկ տոկոսով ավելի՝ ոչ արտոնյալ խմբերի նկատմամբ։ 63 տարեկանը լրացած անձանց համար արտոնության սահմանումը պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում պետական քաղաքականության տեսլականն է՝ ապահովել բնակչության հավասարակշռված ու կայուն կառուցվածքը, նպաստել մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։ Սահմանվում է նաև, որ այգեհիմնումից հետո պայմանագրի գործողության ընթացքում այգիներում պետք է ապահովվի տնկիների առնվազն 75 % կպչողականություն, և եթե այգեհիմնումից հետո իրականացվող առաջին մոնիթորինգի ժամանակ տնկիների կպչողականությունը կազմել է 50-75%, ապա նախարարության կողմից շահառուին 1 անգամ կտրամադրվի մինչև 8 ամիս ժամկետ՝ այգու տնկման սխեմայով նախատեսված տնկիների քանակն այգում ապահովելու համար՝ առնվազն 75 % կպչողականությամբ։ Նշված ցուցանիշները չապահովելու, ինչպես նաև տրամադրված ժամկետում այգու տնկման սխեմայով նախատեսված տնկիների քանակն՝ առնվազն 75 % կպչողականությամբ չապահովելու դեպքերը կդիտարկվեն որպես ծրագրի պայմանների խախտում և մոնիթորինգի բացասական եզրակացության հիմք։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի պայմանները բարելավելու, ինչպես նաև արտոնյալ պայմաններով շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու համար սահմանված վերջնաժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, ըստ որոնց՝ խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով լիզինգները կտրամադրվեն մինչև 7 տարի ներառյալ մարման ժամկետով։ ՀՀ մարզպետների կողմից տրամադրված սպանդանոցային ծառայությունների տրամադրման կարիք ունեցող բնակավայրերում շահագործելու նպատակով արտոնյալ պայմաններով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ը վերջնաժամկետը երկարաձգվում են մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը։ Հանվում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերող շահառուից բեռնափոխադրման գնային առաջարկ ներկայացնելու պահանջը, հաշվի առնելով, որ ներմուծողը ֆինանսական կառույցն է։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գումարների տրամադրումը։ Որոշմամբ 2024 և 2025 թթ․ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրումն 686.6 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը միջոցառումների չծախսված միջոցների հաշվին։

ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Գործադիր ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին» որոշում՝ Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով: Առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ: Արդյունքում ակնկալվում է`Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։

Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշումը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների (խոշոր եղջերավոր անասունների միս, խոզի միս, ընտանի թռչունների միս և կաթնային շիճուկ) ՀՀ ներմուծման քվոտայի ծավալների բաշխումը:

Կառավարությունն ընդունել է նաև «2026 թ. ընթացքում Սերբիայի Հանրապետությունից ՀՀ տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին» որոշում: Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշումը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերբական ծագման առանձին տեսակի ապրանքների, մասնավորապես՝ պանիրներ՝ 2․0 տոննա, թրմօղիներ՝ 5000 սպ․ լիտր, ծխախոտ՝ 2000 հազ․ հատ Սերբիայի Հանրապետությունից ՀՀ ներմուծման քվոտայի ծավալների բաշխումը:

Կապահովվի ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի ներմուծման գործընթացը

Կառավարությունն ընդունել է ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2026 թ․ ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու վերաբերյալ որոշում։ Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությանը 2026 թ․ համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 15000 հատ քանակով, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Այսպիսով՝ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ․ համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 15000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից՝ ոչ ավելի, քան 12000 հատ քանակով՝ ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 3000 հատից ոչ ավելի քանակով՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային ծրագրային ապահովում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ) առկայության պարագայում:

Փոփոխություններ՝ Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» 2018 թ. ապրիլի 12-ի որոշման մեջ: Փոփոխություններով ցանկում ներառվում են այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները (մասնավորապես գլխուղեղի և ողնուղեղի վենոզ անգեոմաները) որոնք ներառված չեն եղել, ինչպես նաև հստակեցվում են կլինիկական դրսևորումներ չունեցող, գործառույթների խանգարման չհանգեցնող կամ բուժում չպահանջող այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները որոնց դեպքում փորձաքննության ընթացքում կայացվելու է պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն (մասնավորապես վահանաձև գեղձի թերֆունկցիայի բարենպաստ դեպքերը, արյան համակարգի ժառանգական գործոններով պայմանավորված և բարենպաստ հիվանդություններ (ալֆա, բետա հետերոզիգոտ թալեսիմիաներ) գործնականում սրտի զարգացման տարատեսակ հանդիսացող փոքր անոմալիաները, ստոծանու հարկերակրափողային և այլ ճողվածքների պարագայում վիրահատական բուժումից հրաժարման դեպքերը, ողերի մարմինների հեմանգիոմաները կամ այլ բարորակ գոյացությունները կամ կիստաները): Արդյունքում՝ կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները, ինչպես նաև կբացառվեն պետական միջոցների անհարկի վատնման դեպքերը։

Կապահովվի զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարում

Գործադիրն ընդունել է «Զբոսաշրջային կենտրոններ հայտարարելու մասին» որոշում՝ զբոսաշրջային ուղղությունների համակարգված և համաչափ տարածքային զարգացման համար։ Որոշման նպատակն է՝ ապահովել զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարում, զբոսաշրջային ներուժ ունեցող բնակավայրերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, կարևորել և պաշտպանել տվյալ բնակավայրի միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները, իրականացնել զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում, բարելավել պետություն-մասնավոր հատված գործընկերությունը և համայնքների ակտիվ ներգրավումը, բարելավել հաղորդակցությունը, ենթակառուցվածքները, ներգրավել ներդրումներ: Այն կնպաստի նաև ենթակառուցվածքների` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ջրի մաքրման կայանների, կոմունալ այլ ծառայությունների մատուցման ապահովմանը, կբարելավի դրանց որակը, կարդիականացնի այդ ծառայությունները, դրանց սպասարկմանն ուղղված ենթակառուցվածքները: Արդյունքում՝ մշակվելու է զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլան։ Իրականացվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում։

Կկարգավորվեն անապահովության գնահատման համակարգի հետ կապված հարաբերությունները

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անապահովության գնահատման նոր համակարգի՝ ամբողջ հանրապետությունում ներդրման ժամկետը 2026 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2026 թ. հուլիսի 1-ը: 2025 թ. համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը՝ 34․581 դրամը, 2026 թ. համար սահմանվել 35.875 դրամ՝ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների: 2015 թ. հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի առկայության մասով սահմանված բացառող գործոնի դեպքում ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթիվը 2015 թ. փոխարեն սահմանվել է 2016 թ.-ը: Անշարժ գույքի առկայության դեպքում սահմանված բացառող գործոնի մասով ներկայիս սահմանված գույքահարկերի չափերը նախատեսվում է ավելացնել 25 տոկոսով: Նախատեսվում է ընտանիքի 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող աշխատունակ, բայց չաշխատող անդամներից բացի նաև 18 տարին լրացած, սակայն դեռևս հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող, աշխատունակ, բայց չաշխատող անդամներին եկամտի վերագրում չկատարել: Որոշմամբ սահմանվել են 2026 թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը: Ըստ այդմ՝ և կվերանայվեն անապահովության գնահատման նոր համակարգի՝ ողջ հանրապետությունում ներդրման ժամկետները:

Մի շարք ծառայությունների համար ստեղծվել են էլեկտրոնային եղանակով դիմելու հնարավորություններ

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է էլեկտրոնային եղանակով ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի փոխանակման/վերականգնման հետ կապված դիմում ներկայացնելու հնարավորություն՝ խիստ նույնականացման ձևաչափով։ Միաժամանակ, սահմանվել են նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձին ժամանակավոր պաշտպանություն վկայական ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ գործընթացն առավել հստակեցնելու և միատեսակ վարչարարություն իրականացնելու նպատակով։

Կառավարության որոշմամբ՝ անձինք, որոնք ցանկանում են փոխել հաշվառումը, ստանում են հնարավորություն փաստացի բնակության վայրով հաշվառվելու՝ դիմելով առցանց հարթակի միջոցով (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվառումն իրականացվում է առաջին անգամ, և անձը հնարավորություն չունի՝ անցնելու խիստ նույնականացում նույնականացման քարտի կամ ժամանակավոր պաշտպանության վկայականի միջոցով, քանի որ եթե անձը չունի հաշվառում, օրենսդրությամբ առկա է մերժման հիմք՝ ստանալու նույնականացման քարտ կամ ժամանակավոր պաշտպանության վկայական)։ Արդյունքում՝ կկրճատվեն այցելությունների թիվը ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ, ինչը ևս կնպաստի հերթերի կրճատմանը, ինչպես նաև՝ կկրճատվի ՀՀ քաղաքացի, զինապարտ անձանց այցելությունը զինկոմիսարիատներ։

Նոր իրավակարգավորումներ՝ միջին ռիսկայնության աստիճանի շինությունների նախագծման համար նախագծման թույլտվության տրամադրման

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվել են նոր իրավակարգավորումներ՝ ուղղված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիա) ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության շինությունների նախագծման համար նախագծման թույլտվության տրամադրման, այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով, նախագծային փաստաթղթերի մշակման, շինարարության թույլտվության տրամադրման, այդ թվում՝ ինքնաշխատ ներբեռնման հնարավորությամբ, շինարարական աշխատանքների իրականացման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ընթացակարգի պարզեցմանը: Արդյունքում՝ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի առանց ավելորդ վարչարարության և քաշքշուկների, լիցենզավորված կազմակերպության (համապատասխան արտոնագիր ունեցող ճարտարապետի) կողմից սահմանված կարգով կազմված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության, այդ թվում՝ ինքնաշխատ ձևավորված, առկայությամբ իրականացնել շինարարական աշխատանքներ, ավարտական ակտը ստանալ հարթակից՝ ներբեռնելու միջոցով, առանց ընդունող հանձնաժողով ձևավորելու։ Կթեթևանա համայնքապետարանների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, կխնայվեն վարչական ռեսուրսները։

Հաստատվել են Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգերը

Գործադիրը հաստատել է Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգերը: Լիցենզավորված անձանց վարկանիշավորումը քաղաքաշինության գործունեության վերահսկմանն ու բարելավմանն ուղղված տվյալների հավաքագրման, որակի գնահատման, վերլուծության և արդյունքների գրանցման միջոցառումների համախումբ է, որի հիմնական նպատակներն են՝ լիցենզավորված անձանց կողմից մատուցվող աշխատանքների կամ ծառայությունների կայուն որակի ապահովումը, պատվիրատուի կողմից լիցենզավորված անձանց ընտրությանն աջակցելը, լիցենզավորված անձանց գործունեության մրցունակության բարձրացմանն աջակցելը: Վարկանիշավորումն իրականացվելու է հավաքված տեղեկատվության վերլուծության հիման վրա՝ բնութագրելով կազմակերպության գործունեությունը, որը կազմված է տարբեր բաղադրիչներից: Մոնիթորինգն իրականացվելու է լիցենզավորող մարմնի հրամանով՝ որակի գնահատման հանձնաժողովի անդամների կողմից, ինչպես նաև մոնիթորինգի գործընթացում կարող են ներգրավվել անկախ փորձագետներ։ Անհրաժեշտության դեպքում մոնիթորինգն իրականացվելու է նաև լիցենզավորված անձանց գործունեության տարածք այցելությունների միջոցով։ Արդյունքում ակնկալվում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորված անձանց ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հետևողական մշտադիտարկում՝ վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման միջոցով, ինչպես նաև արդյունավետ պետական գնումների գործընթացներ, մրցակցության խթանում, շինարարության որակի բարձրացում, աշխատանքի անվտանգության բարելավում և տեղեկատվության թափանցիկություն:

Աշխատանքային պայմանագրերի թվայնացում՝ աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով

Կառավարությունը սահմանել է մինչև 2026 թ. հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թ. հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրելու կարգը: Արդյունքում՝ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել ՀՀ-ում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքված աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։ Թվային համակարգը հնարավորություն կընձեռնի աշխատողներին ունենալու օրենսդրությամբ նախատեսված պահանջներին բավարարող աշխատանքային պայմանագրեր, աշխատողն ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պահպանված լինելու հանգամանքը և զերծ մնալ անօրինական աշխատանքում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից։ Թվային համակարգին հասանելիության շնորհիվ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կանվանակոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կանվանակոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով։ Հովհաննես Չեքիջյանը ողջ կյանքում ծառայել է կոմիտասյան երաժշտության տարածմանը՝ նրա խմբերգերը հնչեցնելով աշխարհի տարբեր բեմահարթակներից: Հովհաննես Չեքիջյանը, նաև հրաշալի կոմպոզիտոր է, ունի գրված եզակի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ, ինչպիսիք են, օրինակ, «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն»: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի անունով անվանակոչելը նպատակ ունի արժևորելու անվանի Մաեստրոյի վաստակը երգչախմբի կայացման և հայ երգչախմբային արվեստը Հայաստանի սահմաններից դուրս տարածելու գործում:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերի հստակեցման, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու գրավչությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

Հավանություն է տրվել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի ցամաքային անցման կետերում բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կանոնակարգման, ՀՀ-ից մեկնման ուղղությամբ մաքսային մարմինների կողմից դրանց սպասարկման ժամանակահատվածի կրճատման, սահմանահատման գործընթացի պարզեցման, անցման կետերում կուտակումների և հերթերի բացառման, մաքսային և սահմանային այլ տեսակի հսկողության գործընթացների արդյունավետ և անխոչընդոտ իրականացման անհրաժեշտությամբ: Օրինագծով առաջարկվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարևանությամբ նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակներում կգործի հերթերի կառավարման համապատասխան էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված՝ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով: Նշված գործընթացների կազմակերպմամբ նախատեսվում է, որ անցման կետի տարածքում չեն առաջանա հերթեր և կուտակումներ՝ նախապես բեռնատար տրանսպորտային միջոցի և դրանցով փոխադրվող բեռների վերաբերյալ տեղեկությունների առկայության և անհրաժեշտ հսկողական գործընթացների նախանշման արդյունքում։

Կառավարությունը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, ինչպես նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարների տեղակալների համար: Բարեվարքության ուսումնասիրության պարտադիր գործընթացի ներդրումը կնպաստի պետական համակարգի նկատմամբ վստահության և թափանցիկության բարձրացմանը: Միաժամանակ, հետևողականորեն իրականացնելով բարեվարքության ստուգումներ, հնարավոր կլինի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ինչն ուղղակիորեն կբարձրացնի հանրային վստահությունը պետական պաշտոնատար անձանց նկատմամբ: Բարեվարքության ուսումնասիրությունը կավելացնի հանրային պաշտոններում նշանակվող անձանց հաշվետվողականությունը և հանրային վերահսկողության մակարդակը:

Հավանություն է տրվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծով առաջարկվող կարգավորման արդյունքում՝ իրավական հստակության և կանխատեսելիության բարձրացման ապահովվում։ Հստակ և կիրառելի իրավական նորմերի սահմանմամբ կկանխվի երկիմաստ մեկնաբանությունները և կապահովվի ոլորտում գործող սուբյեկտների համար կանխատեսելի իրավական միջավայր։ Կապահովվի հավասար մրցակցային պայմաններ, որի արդյունքում
տեսալսողական մեդիայի ոլորտում գործող բոլոր մասնակիցների համար կսահմանվեն հավասար կանոններ՝ խթանելով արդար մրցակցությունը, բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումներն ու անբարենպաստ դիրքում հայտնվելու ռիսկերը։ Օրենսդրական նոր կարգավորումներով կսահմանափակվի քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը, հնարավոր կդառնա կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը՝ պաշտպանելով հանրության հոգեկան, բարոյական և տեղեկատվական անվտանգությունը։ Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանություն իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ պահպանելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողությունը ու վերահսկելիությունը։

Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծով հստակեցվում են անձի՝ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող առողջական վիճակով պայմանավորված՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ինքնաշխատ դադարեցման իրավական հիմքերը։ Միաժամանակ, նախատեսվում է վարելու իրավունքի դադարեցման վերաբերյալ տվյալ անձի տեղեկանալու մասին կարգավորում։ Բացի այդ, առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացնել ՀՀ ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանման միջոցով։

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագիրը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ-ում մթնլորոտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին թե՛ կիրառվող տեխնոլոգիաների և թե՛ դիտարկվող պարամետրերի տեսանկյունից: Ճապոնական դրամաշնորհի շրջանակում տրամադրվելու են օդի հիմնական աղտոտիչների` ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի գետնամերձ օզոնի, կախված մասնիկների (PM10 և PM2.5) ավտոմատ դիտարկումների սարքավորումներ, որոնք կտեղադրվեն Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում՝ հնարավոր դարձնելով ունենալ օդի աղտոտվածության վերաբերյալ ավելի համապարփակ տվյալներ, որոնք իրական ժամանակում հասանելի կլինեն նաև հանրությանը։ Համաձայնագրի հաստատումը ՀՀ-ին թույլ կտա արդիականացնել ՀՀ-ում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը, զարգացնել տվյալների որակի հսկողությունը, կարողությունները, ինչպես նաև աջակցություն ապահովել ՀՀ-ում բնապահպանական խնդիրների լուծման համար։

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2026 թ․ պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում։ Մասնավորապես՝ ՀՀ 2026թ հաստատված պետական բյուջեում ֆինանսական ցուցանիշներում կատարվեն են հետևյալ փոփոխությունները՝ եկամուտները և ծախսերը ավելացել են 7.6 մլն դրամով, Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագրի գծով: Պայմանական պարտավորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսվել է առանձին միջոցառում 700 մլն դրամի չափով:

Գործադիրը հաստատել է Պետության կողմից արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը: Կարգավորումը նախատեսում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կազմակերպում է հայտերի ընդունում և ռեսուրսների բաշխում Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի հարթակի միջոցով, սահմանում է ռեսուրսների տրամադրման պայմանները, իրականացնում է մոնիթորինգ՝ օգտագործման թափանցիկությունն ու նպատակայնությունն ապահովելու համար։ Ակնկալվող արդյունքներն են՝ արհեստական բանականության ոլորտում կարողությունների զարգացում և ՀՀ մրցունակության բարձրացում, տնտեսական կամ սոցիալական ազդեցություն ապահովում, հայկական և միջազգային ակադեմիական, գիտական և ոլորտային առաջատար հաստատությունների համագործակցության նպաստում և այլն:

Կառավարությունը հաստատել է Շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: Արդյունքում ակնկալվում է՝ քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ:

Հաստատվել է Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգը և մոնիտորինգի ցուցանիշները: Արդյունքում՝ կապահովվի իրավական հիմք մթնոլորտային օդի որակի գնահատման և հանրայնացման բնագավառում, կսահմանվեն մոնիտորինգի ենթակա հիմնական ցուցանիշները, հստակ կտարանջատվեն մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրող մարմինների պարտականությունների շրջանակները, կսահմանվի օդի որակի ինդեքս, ինչի շնորհիվ հասանելի և տեսանելի կդարձնի հանրությանը, զգայուն բնակչությանը և խոցելի խմբերի համար մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվությունը։
 

← Վերադառնալ