Մամլո հաղորդագրություններ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր
ևս 8 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են խճուղային հեծանվավազքի կազմակերպման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, հեծանվավազքի կազմակերպման գործում խորհրդատվական աշխատանքներ իրականացնող RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, այլ պատասխանատուներ:
RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն ներկայացրել է մանրամասներ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ բազմօրյա հեծանվավազքին նախատեսվում է շուրջ 20 թիմերի փորձառու հեծանվորդների մասնակցություն․ թիմերը կազմված են լինելու յուրաքանչյուրը 6 անդամից: Նապոլի Միկելլեի ներկայացմամբ՝ հեծանվավազքը նախատեսվում է անցկացնել Երևանում, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերում համապատասխան երթուղիներով:
Ներկայացվել է, որ այս ընթացքում միջազգային հեծանվավազքի կազմակերպման ուղղությամբ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ պատասխանատու գերատեսչությունների հետ, այցեր են կազմակերպվել համապատասխան մարզեր, քննարկվել երթուղիները և այլ կազմակերպչական հարցեր: Աշխատանքները շարունակվում են:
Հանդիպմանը քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակին, լոգիստիկ հասանելիությանը, մրցաշարի ընթացքում Հայաստանի բնապատկերները լավագույն ձևով ներկայացնելուն, նախապատրաստական այլ աշխատանքներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է մրցաշարի նշանակությունը Հայաստանում զբոսաշրջության խթանման, մասնավորապես՝ հեծանվային զբոսաշրջության խթանման հարցում, կարևորվել է նաև այն հանգամանքը, որ մրցաշարը կլինի ամենամյա:
Ամփոփելով քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արդեն իսկ մրցաշարը ներառված է միջազգային օրացույցում և հաստատված է։ Իհարկե, այս պահին արդեն մեր միջազգային գործընկերները կոնկրետ առաջարկներ ունեն երթուղիների վերաբերյալ, որը նաև տեխնիկական ստուգման կենթարկվի իրագործելիության տեսակետից և անհրաժեշտ շտկումներ կարվեն: Մեր նպատակադրումն է, որ մրցաշարը լինի ամենամյա և իհարկե, նաև այս դիտանկյունից, նախ հեծանվային սպորտը Հայաստանում զարգացնելու խթան կլինի, որովհետև այն լայնորեն զարգանում է աշխարհում և մեծ ուշադրության է արժանանում, մանավանդ հիմա, երբ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներն առանձնահատուկ ուշադրության են արժանանում, և հեծանիվն այն ձևերից է, որը կարող է մեզ օգնել, այդ թվում՝ խցանումները հաղթահարելու իմաստով»:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատուներին այս իրադարձությունը հնարավոր դարձնելու համար, ընդգծել, որ այս հրաշալի գաղափարի հետագա զարգացումը կապված է նաև կազմակերպման և իրականացման որակից:
Երկրի ղեկավարն ուրախությամբ է արձանագրել, որ արդեն կա որոշում 2029 թվականին հեծանվային սպորտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ինչը ևս նշանակում է, որ Հայաստանը մի շրջափուլ է թևակոխում, որը հեծանվային սպորտի, առողջ ապրելակերպի, ինչպես նաև տուրիզմի զարգացման տեսակետից շատ կարևոր դեր կարող է ունենալ:










