Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը սահմանել է զինծառայողների բնակարանային խնդիրների հիփոթեքային վարկավորման իրավական հիմքեր
1670x1113px - 700 Կբ
1670x1113px - 606 Կբ
1670x1113px - 683 Կբ
1670x1113px - 775 Կբ
1670x1113px - 563 Կբ
1670x1113px - 566 Կբ
1670x1113px - 493 Կբ
1670x1113px - 580 Կբ
1670x1113px - 588 Կբ
1670x1113px - 742 Կբ
1670x1113px - 666 Կբ
1670x1113px - 587 Կբ
1670x1113px - 654 Կբ
1670x1113px - 667 Կբ
1670x1113px - 555 Կբ
1670x1113px - 627 Կբ
1670x1113px - 628 Կբ
1670x1113px - 540 Կբ
1670x1113px - 649 Կբ
1670x1113px - 566 Կբ
ևս 17 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ զեկուցվող հարցերին անդրադառնալը, վարչապետն անդրադարձել է ՖԻՖԱ-ի կայացրած որոշմանը. «Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ շատ կարևոր մի որոշում է կայացրել ՖԻՖԱ-ն, և 2029 թվականին աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում: Ես ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել այս հաջողության առիթով: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին և անձամբ վարչապետ Կոբախիձեին՝ այս հարցում արդյունավետ և սերտ գործակցության համար: Կարծում եմ ակնհայտ է , որ սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում՝ և՛ ֆուտբոլային, և՛ բոլոր առումներով»:
Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել երկու երկրների ֆեդերացիաներին՝ այս ընթացքում սերտ համագործակցության և գործադրած ջանքերի համար, որպեսզի այս իրադարձությունը տեղի ունենա:
Ի պատասխան վարչապետի հարցին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակնկալվում է՝ այդ օրերին Հայաստանը կունենա ավելի քան 100 հազար երկրպագու, որոնք կայցելեն խաղերը դիտելու: Ըստ նախարարի՝ պլանավորվում է, որ Երևանում կլինի մինչև 20 խաղ, Վանաձորում և Իջևանում՝ մինչև 10 խաղ: Մասնավորապես, տիկին Անդրեասյանը նշել է. «Մեծ ծավալի աշխատանք կա թե՛ մասնավորի կողմից, թե՛ մեր կողմից: Պետք է ասեմ, որ այս որոշումից հետո մենք ակնկալում ենք, որ առաջիկայում այց կլինի Հայաստան և մենք նաև կստանանք առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզ ՖԻՖԱ-ի մեր գործընկերներից: Եվ այստեղ կարևոր է լինելու նաև մեր տարբեր գերատեսչությունների ներգրավվածությունը, որովհետև մենք խոսում ենք, ոչ միայն զբոսաշրջիկների մասին, մենք խոսում ենք նաև շատ մեծ ծավալի անձնակազմի ժամանակավոր Հայաստանում գործունեություն ծավալելու մասին առաջնության կազմակերպման ընթացքում, որը նախատեսում է հատուկ ընթացակարգեր և կարգավորումներ»:
Կապահովվի սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը. Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել
ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,059,877.9 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Վարչապետը ներկայացրել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը։
Արագածոտնի մարզում՝ Թալին համայնքի Թալին բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի վերակառուցում, աշխատանքների 75%-ն իրականացված է, նախատեսված է 150 սանի համար:
Արարատի մարզում՝ Արտաշատ համայնքի Արտաշատ բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ, ավարտված են աշխատանքները, կառուցվել է 400 գծմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 15 տնային տնտեսություն:
Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ-2-րդ փուլ, կատարված է շինարարական աշխատանքները՝ 45 %-ը, ասֆալտապատվել է 1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ:
Արարատ համայնքի Արարատ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում և հարակից այգու բարեկարգում-1-ին փուլ, ավարտված է, վերանորոգվել է մշակույթի տունը՝ կառուցվել է ջեռուցման համակարգ և բարեկարգվել է հարակից այգին:
Արմավիրի մարզում՝ Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի մշակույթի տան նորոգում, ավարտական փուլում է աշխատանքները, 312քմ մակերեսով և 150 նստատեղ ունեցող դահլիճով շենքը:
Արաքս համայնքի Գայ բնակավայրի Իսահակյան և Սարյան կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման և սալարկման աշխատանքներ, ավարտական փուլում է գտնվում, տուֆով սալարկվել են 1,5 կմ երկարությամբ ճանապարհի մայթեզրերը:
Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 11 մսուր-մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, կատարված է աշխատանքների 87 %-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 165 սանի համար:
Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Սայաթ-Նովա 5Ա բազմաբնակարան բնակելի շենք հատվածի խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում, որն ավարտված է, կառուցվել է 1․2 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 89 տնային տնտեսություն:
Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի Մ. Միքայելյան, Հ. Թումանյան, Վ.Տերյան և Կոմիտաս փողոցների ջրագծերի փոխարինում, աշխատանքներն ավարտված է, կառուցվել է 3․5 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 1077 տնային տնտեսություն:
Վաղարշապատ համայնքի Շահումյան բնակավայրի Ի. Հարությունյան և Մ-3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս տանող ճանապարհի ասֆալտապատում և մայթի կառուցում, որն ավարտված է, ասֆալտապատվել է 1․1 կմ երկարությամբ ճանապարհ:
Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում, ավարտված են աշխատանքները, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 320 սանի համար:
Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի ոռոգման 1000 մ երկարությամբ ներտնային ցանցի կառուցում, աշխատանքներն ավարտված են, կառուցվել է 1 կմ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց, որի արդյունքում ոռոգելի հողատարածքները կավելանան 80-100 հա-ով, շահառուները՝ 45 տնային տնտեսություն:
Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Երևանյան և Մյասնիկյան փողոցների լուսավորության ցանցի վերակառուցում, կատարված է շինարարական աշխատանքների 95 %-ը, կառուցվել է 1,8 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 67 հենասյուն ու 134 լեդ լուսատու:
Կոտայքի մարզում՝ Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի, 1-ին թաղամաս 1-ին և 2-րդ փողոցների, Ծաղկունք թաղամասի 3-րդ փողոցի և 3-րդ փողոց 5-րդ նրբանցքի 1-ին փակուղու գազաֆիկացման աշխատանքներ, որոնք ավարտված են, կառուցվել է 2․5 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 104 տնային տնտեսություն:
Շիրակի մարզում՝ Գյումրի համայնքի աղբահանության ծառայությունների մատուցման համար աղբատար մեքենայի ձեռքբերում, ձեռք է բերվել մեկ աղբատար մեքենա և տրամադրվել համայնքին:
Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ, որը ավարտական փուլում է, կառուցվել է 2.7 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, ոռոգելի հողատարածքը 195 հա, շահառուները՝ 68 տնային տնտեսություն:
Սյունիքի մարզում՝ Կապան համայնքի Գեղանուշ-Գոմարան բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհի նորոգում և ասֆալտապատում, ավարտված են աշխատանքները, ասֆալտապատվել է 1․8 կմ երկարությամբ ճանապարհ:
Տավուշի մարզում՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 45 փող․ 1 փակուղի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի էներգաարդյունավետ արդիականացում, կատարված է աշխատանքների 70 %-ը, հիմնանորոգվել է 2428 քմ մակերեսով տարածք:
Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Ազատամարտիկների և Թատերական փողոցների մայթերի, Թատերական փող. 3, Մայիսի 28 փող․ 41 շենքերի բակերի, կենցաղի տան շրջակայքի և Աբովյան 18 շենքից Անկախության փողոց տանող ճանապարհ բազմաբնակարան շենքերի բակերի հիմնանորոգում և ասֆալտապատում, կատարված է աշխատանքների 80 %-ը, ասֆալտապատվել է 4276 քմ մակերեսով բակային տարածք:
Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի 2-րդ փողոց, Գետահովիտ բնակավայրի 5-րդ փողոց, Գանձաքար բնակավայրի 36-րդ փողոց, Ակնաղբյուր 5-րդ փողոց 1-ին փակուղի ճանապարհների հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով, կատարված է աշխատանքների 70 %-ը, սալարկվել է 4․3 կմ երկարությամբ ճանապարհ:
Հավանության է արժանացել և անհետաձգելի համարվել օրենքների նախագծերը
Գործադիրը հավանության է արժանացրել և անհետաձգելի համարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Ինչպես հայտնի է, բանկերի կողմից կատարվող ֆինանսական գործարքների ու գործառնությունների գերակշիռ մեծամասնությունն ազատված է ԱԱՀ-ից: Մյուս կողմից, 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած՝ նվազեցվել է շահութահարկի դրույքաչափը 2 տոկոսային կետով, ինչպես նաև 2020 թվականի հունվարի 1-ից հանվել են եկամտային հարկի 28 և 36 տոկոս դրույքաչափերը և սահմանվել է մեկ միասնական՝ 23 տոկոս դրույքաչափ, որից հետո այն մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցվել է 3 տոկոսային կետով և սահմանվել է 20 տոկոս: Բացի այդ, որոշ դեպքերում նվազեցվել է նաև շահաբաժինների նկատմամբ կիրառվող հարկային բեռը: Հարկման դրույքաչափերի նշված նվազեցումների հիմնական նպատակը ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման միջոցով տնտեսության արտահանելի ճյուղերի ծախսերի նվազեցումը և արտաքին շուկաներում մրցունակության բարձրացումն է: Արդյունքում, բանկային ոլորտը, որն, ըստ էության, ազատված է ԱԱՀ-ից և նաև չի հանդիսանում ամբողջությամբ արտահանելի ոլորտ, օգտվել է ուղղակի հարկերի նվազեցման քաղաքականությունից:
Օրենքների նախագծերի ընդունման նպատակը բանկային ոլորտի համար հիմնավորված հարկային բեռի սահմանումը և հարկման արդյունավետ կարգավորումների ներդրումն է: Միաժամանակ, փաթեթի ընդունման նպատակը բանկերի համար ֆոնդային բորսաներում ցուցակման լրացուցիչ տնտեսական խթանների ձևավորումն է: Օրենքների ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման դրույքաչափերը և սահմանել խթաններ բանկերի կողմից բաժնետոմսերը ֆոնդային բորսաներում ցուցակելու համար:
Անդրադառնալով օրենքների նախագծերի ընդունմանը, վարչապետն ուրախությամբ արձանագրել է. «Վերջերս փոքր բիզնեսի համար անկանխիկ առևտրի միջնորդավճարների նվազում է տեղի ունեցել՝ բավական շոշափելի, մենք հիմա քննարկում ենք և համոզված եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք դա: Պոզիտիվ բանկային պատմություն ունեցող փոքր և միջին ձեռնարկատերերի համար տոկոսների որոշակի անկում տեղի կունենա, շոշափելի և որոշակի կառուցակարգերով, և իհարկե, մենք քաջալերում ենք բանկային համակարգին, որպեսզի հաստատված խաղաղությունը ավելի տեսանելի ձևով արտահայտվի բանկային տոկոսների վրա»:
Իրավական հիմքեր են սահմանվել զինծառայողների բնակարանային խնդիրների հիփոթեքային վարկավորման հետ կապված
Կառավարությունն որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:
Որոշման ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները կարճաժամկետ ժամանակահատվածում հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրով փուլային տարբերակով լուծելու համար համապատասխան իրավական հիմքերի սահմանման ապահովումն է: Նախատեսվում է նաև շահառուների բնակարանային ապահովումն իրականացնել հիփոթեքային վարկավորման միջոցով` ապահովելով բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
Ծրագրի շահառու են համարվում 2850 զինծառայողներ: Ձեռք բերված բնակարաններն առաջիկա 10 տարում վաճառքի ենթակա չեն լինի: «Սա շատ կարևոր նրբություն է, նաև սոցիալական որոշակի կայունություն պետք է բերի ընտանիքներին, որ այո, իրենք բնակարան ունեն, ապրում են, բայց չեն կարող այդ բնակարանն առաջիկա 10 տարում օտարել, ընդ որում՝ բնակարանն իրենք են ընտրելու», - նշել է վարչապետը:
«Պարոն Պապիկյան, կարևոր է, որ մենք թեման ճիշտ կոմունիկացնենք, որպեսզի մարդիկ նախ պատկերացնեն և շոշափելի պատկերացում ունենան ինչպես է լուծվելու հարցը, նաև շատ հստակ լուսաբանենք, որպեսզի տարընթերցում չլինի շահառուների խմբի հետ կապված: Սա շատ կարևոր նրբություն է», - եզրափակել է վարչապետը:
Հավանություն է տրվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին
Գործադիրը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով նախատեսվում է դիմել Սահմանադրական դատարան, որից հետո Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Հիմնավորման համաձայն՝ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ՀՀ-ի կողմից ստորագրվել է 2026 թ. հունվարի 22-ին: Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 16-ին, իսկ հետևյալ պետությունների կողմից 2026թ. հունվարի 22-ին՝ Արգենտինայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բահրեյնի Թագավորություն, Հունգարիա, Ինդոնեզիայի Հանրապետություն, Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, Ղազախստանի Հանրապետություն, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկոյի Թագավորություն, Պակիստանի Իսլամական Հանրապետություն, Պարագվայի Հանրապետություն, Կատարի Պետություն, Սաուդյան Արաբիայի Թագավարություն, Թուրքիայի Հանրապետություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստանի Հանրապետություն: Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում: Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման այդ գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և Կանոնադրությամբ սահմանված կարգով: Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։
Կպարզեցվեն մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման ընթացակարգերը. կխթանվի ևս մեկ հեռանկարային ոլորտ
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման/հստակեցման և ևս մեկ հեռանկարային ոլորտի խթանման անհրաժեշտությամբ։ Որոշմամբ առաջարկվում է նոր դասակարգչի ավելացում, այն է՝ թափոնների մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում։ Ըստ հիմնավորման՝ Հայաստանում թափոնների վերամշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես բնապահպանական խնդիրների լուծման, այնպես էլ տնտեսական, սոցիալական և առողջապահական տեսանկյունից։ Այսօր երկրի տարբեր շրջաններում կուտակվող մեծ քանակությամբ թափոնները լուրջ սպառնալիք են շրջակա միջավայրի համար։ Դրանք հիմնականում հասնում են բաց աղբավայրեր, որտեղ քայքայվելով արտազատում են վտանգավոր նյութեր։ Վերամշակման շնորհիվ հնարավոր է զգալիորեն նվազեցնել աղտոտումը, պահպանելով բնության ռեսուրսները և նպաստելով երկրորդական հումքի արդյունահանմանը։ Բացի բնապահպանական օգուտներից, թափոնների վերամշակումը կարող է կարևոր դեր ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել տեղական արտադրությունը և ձևավորել վերամշակված հումքի ներքին շուկա։ Ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել փոփոխել կազմակերպությունների՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքը վերացնելու վերաբերյալ դրույթը, քանի որ հարկային պարտավորություն ունենալու պարագայում վերջիններիս ժամանակ է հարկավոր այն մարելու և 0-ական տեղեկանք ներկայացնելու համար։
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը. Արտոնություններ են տրամադրվել մի շարք ընկերությունների
Կառավարությունն ընդունել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ։
«Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում հիմնել տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը (Data Center), որը մասնագիտացված կլինի Արհեստական Բանականության (ԱԲ) լուծումների և բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ոլորտում: Գործունեության հիմնական տեսակն է՝ տվյալների մշակում, սերվերային տիրույթի տրամադրում և ամպային ենթակառուցվածքների սպասարկում: Ծրագիրն իրականացվելու է Կոտայքի մարզում՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 170 մլրդ դրամի ներդրում, որից 5․7 մլրդ դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման, 139․8 մլրդ դրամը՝ հիմնական միջոցների ձեռքբերման, 24․5 մլրդ դրամը հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 400 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 26․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․6 մլրդ դրամ։
«Սոյա իստ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բուսական սերուցքի արտադրության համար՝ իրականացնելով 23․8 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 8 աշխատատեղ՝ 110 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․7 մլն դրամ։
«Մոտա-Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊԸ-ի կողմից ներդրումային ծրագիրը իրականացվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքված արդյունահանման ծառայությունների պայմանագրի շրջանակում, որը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը։ Ըստ պայմանագրի` ընկերությունը հանդիսանում է այնպիսի արդյունաբերական աշխատանքների հիմնական կատարող, ինչպիսիք են պայթեցման աշխատանքները, արդյունահանումը, թափոնների և հանքաքարի հեռացումն ու տեղափոխումը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Ամուլսարի ոսկու հանքավայրում՝ իրականացնելով 81․4 մլրդ դրամի կապիտալ ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 250 աշխատատեղ՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 475-ի՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 72․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․7 մլրդ դրամ։
«Միթ ֆուդ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մսամթերքի արտադրության համար՝ իրականացնելով 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 135 աշխատատեղ՝ 264 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ.-ը՝ նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 155-ի՝ 315 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270 մլն դրամ։
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել 2025 թ. դեկտեմբերի 21-ին քաղաք Սանկտ Պետերբուրգում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։ Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական և հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, առևտրում տեխնիկական խոչընդոտները, էլեկտրոնային առևտուրը, մտավոր սեփականությունը, մրցակցությունը և այլ բնագավառներին առնչվող խնդիրներ: Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով համաձայնագրով նախատեսվում են կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում: Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ, մասնավորապես՝ հանքային ջրեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), պահածոյացված մրգեր և բանջարեղեն (գործող մաքսատուրք՝ 20%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), մրգային հյութեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), ջեմեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո մաքսատուրքը նվազեցում է 50% -ով) և այլն։ Արդյունաբերական ապրանքների մասով ընտրությունը ևս իրականացվել է վերոնշյալ սկզբունքով և ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են պղնձե արտադրանքը (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 0% կամ մաքսատուրքի նվազեցում 3 տարվա ընթացքում մինչև 0%), դեղամիջոցները (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 0% կամ նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 3-ից 15 տարվա ընթացքում մինչև 0%), ոսկերչական իրերը (գործող մաքսատուրք՝ 15%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 5-ից 15 տարվա ընթացքում մինչև 0%) և այլն։ Համաձայնագրով կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն ինդոնեզական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համագործակցության համաձայնագրով սահմանվում են Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի կարգավիճակը, կառավարման և ղեկավար մարմինները, ֆրանսիական կողմի և հայկական կողմի պարտավորությունները, ներկայացվում են Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից կրթական ծրագրերի իրականացման գործընթացը, կիրառական հետազոտությանն ու գիտական ներուժի զարգացմանն ուղղված դրույթները, դիպլոմների և ակադեմիական պարգևների տրամադրումը։ Համաձայնագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ պատրաստելով բարձր որակավորում ունեցող, աշխատաշուկայի պահանջներին և ակադեմիական միջազգային չափանիշներին համապատասխան հմտություններ ունեցող մասնագետներ։ Համաձայնագիրն ուղղված է կիրառական հետազոտության զարգացմանը, գիտական և կրթական նորարարական նախագծերի իրականացմանը։
Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Անգոլայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի օրակարգի ձևավորմանը հարաբերությունների աստիճանական ընդլայնմանը: Ըստ հիմնավորման՝ Անգոլան քաղաքական և տնտեսական առումով հանդիսանում է Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի նշանակալի երկրներից մեկը:
Այլ որոշումներ
Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1518-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումը, որով առաջարկվում է արտահանման արգելքի բացառությունների ցանկից հանել «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող որոշ օգտագործված, սպառված կամ ջարդոն ու թափոն հանդիսացող սարքավորումները, միևնույն ժամանակ արգելքի բացառություններ սահմանել այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում արգելքի տրամաբանությանը։ Միաժամանակ առաջարկվում է արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման շրջանակի ճշգրտում այն ապրանքների ընդգրկմամբ, որոնք հանդիսանում են գունավոր մետաղների վերամշակման արտադրական շղթայի միջանկյալ, սակայն առանցքային բաղադրիչներ և որոնց տեղական վերամշակումը նպաստում է բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի ստացմանը։ Առաջարկվում է նաև հստակեցնել արտահանման ժամանակավոր արգելքի բացառությունների կիրառման շրջանակը՝ ներառելով նաև այն դեպքերը, երբ ապրանքները արտահանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ վերանորոգման նպատակով և ենթակա են հետադարձ վերադարձի։
Որոշման ընդունմամբ կստեղծվեն բարենպաստ պայմաններ գունավոր մետաղների (մասնավորապես՝ կապարի և պղնձի) վերամշակումն իրականացնել տեղական ձեռնարկություններում՝ ստանալով երկրորդային և բարձր ավելացված արժեք ունեցող հումք։ Միևնույն ժամանակ կվերացվեն որոշ չօգտագործված ապրանքների արտահանման խոչընդոտները։ Կապահովվի նաև այնպիսի գործարքների անխոչընդոտ իրականացումը, որոնք կրում են ժամանակավոր կամ պայմանագրային բնույթ, մասնավորապես՝ վերանորոգման կամ փոխարինման նպատակով իրականացվող արտահանումների դեպքում, ինչը կնպաստի տնտեսավարողների գործունեության կանխատեսելիության բարձրացմանը և միջազգային գործընկերների հետ պայմանագրային հարաբերությունների պատշաճ իրականացմանը։