Մամլո հաղորդագրություններ
Կառավարության հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու առաքելության շարունակությունն է. վարչապետ
1670x1113px - 625 Կբ
1670x1113px - 527 Կբ
1670x1113px - 559 Կբ
1670x1113px - 534 Կբ
1670x1113px - 498 Կբ
1670x1113px - 557 Կբ
1670x1113px - 597 Կբ
1670x1113px - 572 Կբ
1670x1113px - 541 Կբ
1670x1113px - 536 Կբ
1670x1113px - 517 Կբ
1670x1113px - 529 Կբ
1670x1113px - 641 Կբ
1670x1113px - 503 Կբ
1670x1113px - 475 Կբ
1670x1113px - 776 Կբ
1670x1113px - 756 Կբ
1670x1113px - 773 Կբ
ևս 15 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Քանի որ ընտրություններից հետո Կառավարության առաջին նիստն է, ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել ընտրությունների առիթով և ընդգծել, որ մեր հիմնական անելիքը, ինչպես և նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ ասելու, նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է և պետության վերելքը՝ այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ապահովելու միջոց է։ Մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Իհարկե, մենք արդեն կսկսենք Կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը նոր Կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի Ազգային ժողովում։ Նաև այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ Կառավարության և ապագա Կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարությունները նախորդող շրջանի աշխատանքի վերլուծություններն իրականացնենք և պլանավորենք։
Իհարկե, լավ լուրն այն է, որ նախկին երկու դեպքերում այսքան շատ ժամանակ չենք ունեցել ո՛չ Կառավարության կազմի, ո՛չ ծրագրի և այլ փաստաթղթերի մասին մտածելու, որովհետև նախորդ երկուսը եղել են արտահերթ ընտրություններ, ըստ էության, շտապողականության ռեժիմով ենք աշխատել։ Այս անգամ ավելի հանդարտ ռեժիմով կաշխատենք՝ սրանից բխող բոլոր արդյունքներով։
Եվ, իհարկե, առաջիկայում ավելի մանրամասն խոսելու, քննարկելու առիթներ կունենանք, բայց կարծում եմ՝ հիմնական տրամաբանությունն ակնհայտորեն լինելու է շարունակականությունը մեր գործողությունների և անելիքների։ Եվ դրա համար այս փուլում կարևոր է՝ նախորդող շրջանն ամբողջապես վերլուծել, հասկանալ՝ ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք, ինչից է, որ պետք է հրաժարվենք և որտեղ է, որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում և պետք է այդտեղ ավելի մեծ ջանքեր գործադրենք։ Նախորդող շրջանում անընդհատ խոսել ենք այդ մասին, այնպես չի, որ սա նոր խոսակցություն է լինելու։
Նաև այսօր նոր գաղափար եմ առաջարկել, որ, գուցե, ի տարբերություն նախորդ ծրագրերի, մեր առաջիկա ծրագրում ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ։ Նախ՝ եկեք արձանագրենք, որ ընդհանրապես պատմության մեջ չի եղել և չի էլ լինելու այնպիսի այդպիսի ծրագիր, թե՛ նախընտրական, թե՛ Կառավարության, որ 100%-ով իրականացվում է։ Այդպիսի բան ուղղակի հնարավոր չի, որովհետև հանգամանքներ են փոխվում, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, առաջնահերթություններ են փոխվում։ Բայց կարծում եմ՝ կարևոր է, որ մենք ունենանք առաջնահերթություններ և առաջնահերթությունների առաջադրություններ։ Ինչպես, օրինակ՝ նախորդ Կառավարության ծրագրում հստակ արձանագրված էր, որ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է, և մենք կենտրոնացած, գերկենտրոնացած մնացինք այդ թեմայի վրա և արդյունք արձանագրեցինք։
Հիմա ես կարծում եմ, որ պետք է ունենանք առաջնահերթություններ և առաջնահերթությունների առաջնահերթություններ, որպեսզի մենք ամենօրյա աշխատանքում հարցերի հնարավորինս սեղմ շրջանակի վրա կարողանանք կենտրոնացած մնալ»։
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այո՛, նոր փուլ է գալիս, բայց այդ նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ դա աշխատանքի ընդամենը շարունակությունն է, որը պետք է դարձնենք ավելի արդյունավետ, և այս տրամաբանությամբ էլ առաջնորդվելու ենք»։
Հաստատվել է ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը
Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը։ Այն պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ Ըստ հիմնավորման՝ արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թ. հունիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման ենթակա պտղի ծավալները կկազմեն շուրջ 11.5 հազար տոննա, այդ թվում՝ ծիրանը՝ 7000, կեռասը՝ 2000, սալորը՝ 2000, դեղձը և նեկտարինը՝ 500, շշալցված խաղողի գինունը՝ 290 հազար լիտր, բրենդիինը՝ 800 հազար բացարձակ լիտր, իսկ հանքային ջրինը՝ 2000 հազար լիտր։ Որոշմամբ առաջարկվում է ՀՀ տարածքից 2026 թ. հունիս ամսվա ընթացքում թարմ պտուղ, շշալցված խաղողի գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝ ծիրանի 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ, կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ, շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ, շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ։ Արդյունքում` որոշակիորեն կմեղմվեն առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը և ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացի ապահովմանը։
Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով փոխհատուցման չափերը, հորդորել է վերահսկել, մոնիթորինգ իրականացնել՝ այս համատեքստում հնարավոր անտրամաբանական գների աճը կանխելու նպատակով։
Վարչապետը հետաքրքրվել է նախորդ նիստում ընդունված ծրագրի արդյունքներով։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ծաղկի օրինակը ներկայացնելով, նշել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 1-ից արտահանվել է 961 000 ծաղիկ. «Ընդհանուր առմամբ, եթե դիտարկում ենք աշխարհագրությունը, թե որ երկրներ են արտահանվել, դրանք Արաբական Միացյալ Էմիրություններ են, Ռումինիա, Բուլղարիա, Լատվիա, Կիպրոս, Նիդեռլանդներ և այդպես շարունակ, ցանկը մեծ է։ Այստեղ նաև առաջանում են այլ հնարավորություններ, քանի որ նոր համագործակցային կապեր են ստեղծվում և նոր մատակարարման շղթաներ են ձևավորվում։ Սկզբնական փուլում, միգուցե, փոքր զսպվածություն լինի քանակների առումով, բայց երկարաժամկետ գործընկերություն է ստեղծվում, այդ թվում նաև հոլանդական ծաղիկների բորսայի հետ, որտեղ աշխատանքներ ենք իրականացնում։ Երեկ արդեն մեկ կազմակերպություն գրանցվել է»։
Վարչապետը տեղեկացրել է, որ նաև Նիդեռլանդների վարչապետն է իրեն գրել անձնական նամակով և նշել, որ հատուկ ուշադրություն են դարձնում այդ հարցին և կաջակցեն վարդ շուկայի հայ տնտեսվարողներին։ «Ութ տարի մենք մեր տնտեսվարողներին աջակցում ենք, խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի ապրանքները բերեն ստանդարտի։ Սրա մասին այս դահլիճում տասնյակ անգամներով խոսել ենք։ Եվ հիմա եկել է այն պահը, որպեսզի մենք հասկանանք՝ ովքեր են այդ հորդորներին և աջակցության ծրագրերին արձագանքել, ովքեր չեն արձագանքել։ Վստահ եմ, որ նրանք, ովքեր արձագանքել են, ընդհանրապես ոչ մի խնդիր չեն ունենալու», -ասել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարն այդ համատեքստում կարևորել է նաև ստեղծված տրանսպորտային նոր հնարավորությունները՝ Ախալքալաք-Կարս երկաթուղու երկու գիծն էլ հիմա աշխատում է. «Այս թեմայով նաև Վրաստանի վարչապետի հետ եմ խոսել, և նա էլ է հավաստիացրել, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա։ Նաև Թուրքիայի նախագահի հետ ենք այս թեմայով խոսել։ Հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի։ Էլ չեմ ասում TRIPP նախագծի իրագործման շրջանակներում, իհարկե, հնարավորություններն էականորեն կավելանան»։
Վարչապետը նշել է, որ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ Կառավարությունը միշտ էլ աշխատել է և հիմա այդ քաղաքականությունն արդյունք է տալիս։ «Հիմա մենք պետք է այլ ուղղությամբ պետք է աշխատենք։ Մեր նախընտրական ծրագրում լոգիստիկ կենտրոնների մասին կետ կա, և մենք պետք է խթանենք լոգիստիկ կենտրոնների ստեղծումը։ Ենթադրենք, նրանք, ովքեր արտադրում են լոլիկ, կարողանան գտնել բանաձև, որ հանդես գան որպես միասնական արտահանող։ Շատ դեպքերում, երբ ապրանք գնելու նկատմամբ հետաքրքրություն է լինում, պարզվում է, որ մենք ի վիճակի ենք արտադրել կամ նրանց հետաքրքրող ծավալների մի մասը միայն ունենք։ Եվ սա կարելի է կոմպենսացնել միայն գոնե կոնսոլիդացված մատակարարումներ իրականացնելով։ Եվ առանց չափազանցության, օրինակ, եթե այս մեխանիզմը աշխատի, կարող է պարզվի, որ տարվա կտրվածքով մի ցանցը կարող է Հայաստանի մի արտադրատեսակն ամբողջությամբ ձեռք բերել, որովհետև մեգացանցեր կան, որոնք հետաքրքրված են, բայց փոքր ծավալն իրենց համար պրոբլեմ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կբարձրանա ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հասցեականությունը ու արդյունավետությունը. նոր համակարգն ամբողջ հանրապետությունում կներդրվի հուլիսի 1-ից
Ընտանիքի անապահովության գնահատման և դրա հիման վրա նպաստ կամ այլ ծառայություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու, համակարգի հասցեականության ու արդյունավետության բարձրացնելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ 2025 թ. մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը, որն ամբողջ հանրապետությունում կներդրվի 2026 թ. հուլիսի 1-ից։ Անապահովության գնահատման նոր համակարգի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթներն ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը: Վերոնշյալ մարզերում համակարգի փորձնական կիրառման արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնք առաջացրել են համակարգում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն։ Որոշմամբ առաջարկվում է՝ ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության փոփոխության դեպքում՝ մինչև 18 տարեկան անձանց թվի ավելացման և ընտանիքի անդամի մահվան դեպքերի ժամանակ դիմողի կողմից որևէ փոփոխություն անելու անհրաժեշտությունը հանել՝ տվյալների ինքնաշխատ ստացման հնարավորությամբ պայմանավորված։ Առաջարկվում է սահմանված «18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող անձ» սոցիալական խմբի դեպքում հանել տարիքային սահմանափակումը՝ արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորող անձանց համար։ Ընտանիքի եկամտի կազմի մեջ նախատեսվում է դիտարկել նաև ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող նպաստը։ Ընտանիքի եկամտի կազմի մեջ ներառվող պարբերական սոցիալական աջակցություն հանդիսացող դրամական միջոցների դեպքում կսահմանվի բացառություն՝ դրանց կազմում չդիտարկելով ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստները։ Բացառող գործոններից՝ տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի և նախորդող 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման միջին ամսական սպառման սահմանաչափերը գերազանցելու հանգամանքների դեպքում կիրառվող հաշվարկման բանաձևերում կատարվել է փոփոխություն՝ դրանց համար կիրառելով մեկ միասնական սահմանաչափ՝ կիրառելով նաև ընտանիքի անդամների թվով պայմանավորված առանձնահատկություններ։ Սահմանվել է նոր կարգավորում, որով կեցության պայմանների ուսումնասիրության ժամանակ գնահատող մասնագետը ըստ անհրաժեշտության նշումներ կատարելու հնարավորություն կունենա, որը կարող է հիմք հանդիսանալ սոցիալական դեպք բացելու համար կամ անապահովության գնահատման համար ներկայացված տվյալների (փաստաթղթերի) հավաստիությունն ուսումնասիրելու որոշմամբ նախատեսված ավելի վճարված գումարները վերադարձնելու գործընթաց կազմակերպելու համար:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, «Փարոս» համակարգում 2017-ին ընդգրկված է եղել 100 հազար ընտանիք, 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ 46 հազար ընտանիք: Այսինքն՝ թիվը 54,1 տոկոսով կամ 2,2 անգամ պակասել է: «Սա, իհարկե, նաև ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք նաև տեսնում ենք մեր գործընկերների՝ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերից: Մենք գիտենք, որ վերջին տարիների ցուցանիշն իջել է, ինչպես նաև տեսնում ենք հարակից այլ ցուցանիշների միջոցով, օրինակ՝ նույն գործազրկության թվերի անկումը, միջին աշխատավարձի բարձրացումը, աշխատատեղերի թվի բարձրացումը, այսինքն՝ այդ բոլորը խոսում են նույն պրոցեսի մասին»,- ասել է նախարարը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի. «Շատ ուրախ եմ, որ մենք ոչ մի քաղաքական նկատառումով չենք դանդաղեցրել և չենք կանգնեցրել այդ գործընթացը։ Այս բարեփոխումն ունի շատ կարևոր գաղափարախոսական և հայեցակարգային նշանակություն, որովհետև մենք պետք է ընդհանրապես հստակ կիսենք և համաձայնության հասնենք ՀՀ-ում կյանքի միջին վիճակագրական մոդելի հարցում։ Կրթություն, աշխատանք, բարեկեցություն՝ սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի»:
Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ անապահովության գնահատման համակարգն առաջին հերթին անապահովությունը հաղթահարելու աջակցություն է։ «Մենք ոչ մեկին աջակցելուց չենք հրաժարվում և չենք էլ հրաժարվի երբեք։ Սակայն այս տրամաբանությունը պետք է գործի՝ պետությունը ուժեղացնում է մարդուն, մարդն ուժեղացնում է պետությանը», -ընդգծել է վարչապետը՝ մատնանշելով, որ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ծայրահեղ աղքատության ցուցանիշը ձգտում է 0-ի։
Հայաստանի համար առաջնային լուծում պահանջող խնդիրներից մեկը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնումն է
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնությունների կիրառման ժամկետների, ավիափոխադրողի, չվերթների հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման կարգում։ Գործող կարգավորման համաձայն՝ սահմանված է չվերթերի հաճախականության նվազագույն պահանջ, ըստ որի՝ ավիափոխադրողները պարտավոր են IATA ամառային և ձմեռային ժամանակահատվածներում իրականացնել համապատասխանաբար առնվազն 28 և 20 չվերթ։ Սակայն, ըստ հիմնավորման, գործնականում որոշ ավիափոխադրողներ կարող են տվյալ ուղղությամբ առավել մեծ թվով չվերթեր իրականացնել միայն տարվա մեկ սեզոնի ընթացքում (օրինակ՝ ամառային կամ ձմեռային ժամանակահատվածում), իսկ մյուս սեզոնի ընթացքում՝ չիրականացնել կամ իրականացնել սահմանվածից պակաս չվերթեր։ Բացի այդ, «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված և 2026 թ. մայիսի 6-ին ուժի մեջ մտած փոփոխություններով վերանայվել է արտոնության ժամկետի երկարաձգման կարգավորումը՝ նախկինում նախատեսված 24 ամսով մեկանգամյա երկարաձգման փոխարեն սահմանելով արտոնության ժամկետը մինչև երկու անգամ՝ յուրաքանչյուր անգամ 24 ամսով երկարաձգելու հնարավորություն։ Ըստ այդմ, առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ՝ չվերթերի նվազագույն քանակի պահանջը սահմանելով IATA ամառային և IATA ձմեռային ժամանակահատվածների համար առնվազն 40 չվերթ, վերանայել արտոնության ժամկետի երկարաձգման կարգավորումը, ինչպես նաև խմբագրել տեղեկատվության հրապարակման վերաբերյալ դրույթը՝ այն համապատասխանեցնելով ներկայում կիրառվող էլեկտրոնային ընթացակարգերին։
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, 2019 թվականից մեկնարկած օրենսդրական փոփոխություններով, մասնավորապես՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում իրականացնելով՝ հնարավորություն է ընձեռվել օդային ճանապարհով նոր ուղղություններով չվերթներ իրականացնելիս՝ օգտվել պետական տուրքի, այսպես կոչված՝ «օդի տուրքից» ազատվելու արտոնությունից, որը, համաձայն օրենքի՝ կազմում է 10 հազար դրամ։ Ըստ փոխնախարարի՝ այդ պահից սկսած արձանագրվել է աշխարհագրության ընդլայնման բավականին լավ դինամիկա։ «Այդ դինամիկան շարունակվեց։ 2025 թվականին Կառավարության կողմից ընդունվեց սուբսիդավորման ծրագիր՝ նոր ուղղություններով։ Այս պահին ունենք երկու ավիաընկերություն, որ դրանից օգտվում են, և 2025 թվականին արձանագրեցինք 7,5 տոկոս աճ 2024 թ.-ի համեմատ»,-ասել է Արմեն Սիմոնյանը՝ հավելելով, որ միաժամանակ նաև օդային փոխադրումների ոլորտում են իրականացվել բարեփոխումներ։
Անդրադառնալով ավիացիայի ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որը կայացված որոշումներն այս ընթացքում ապացուցել են իրենց արդյունավետությունը։ «Ավիացիայի ոլորտում մենք բարդությունների և խնդիրների ճանապարհով ի վերջո հասել ենք մի կետի, որտեղ լավատեսությունը գերակշռում է, և Հայաստանում զբոսաշրջության թվերի էական աճը, իհարկե, կապված է նաև այդ որոշումների հետ»,-ասել է վարչապետը։
Երկրի ղեկավարի կարծիքով՝ ոլորտում կա երկու հիմական առանցքային խնդիր, որը պետք է լուծել։ Ըստ նրա՝ Հայաստանի համար առաջնային լուծում պահանջող խնդիրներից մեկը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնումն է, երկրորդն այն բարեփոխումն է, որը թույլ կտա ունենալ միջազգային ավիացիոն ստանդարտներ և դրանք անընդհատ թարմացնել։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ տրամադրելու հարցը և նաև կարևորել «Շիրակ» օդանավակայանի հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։
Կիրականացվի ընտանեկան բռնություն գործադրած անձանց վերահսկում
Ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու համար ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումներին անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ և ծրագրային համակարգ, որոնց շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը հնարավորություն կընձեռվի՝ առցանց համակարգով (GPS տեղորոշում) անմիջապես տեղեկանալու ընտանեկան բռնության դեպքերով արձանագրված խախտումների մասին և անհապաղ արձագանքելու դրանց: Այդ նպատակով գործադիրի որոշմամբ առաջարկվում է տրամադրել 304 668,0 հազար դրամ՝ թվով 120 հատ ձեռնաշղթաների հավաքածու (էլեկտրոնային հսկողության միջոցներ) գնման առարկայի ձեռքբերման նպատակով: Արդյունքում հնարավորություն կընձեռվի՝ առավել համապարփակ ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելումը և դրա դեմ պայքարը, առավել արդյունավետ լուծելու բռնություն գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման և բռնության ենթարկված կամ ենթարկվելու իրական վտանգի մեջ գտնվող անձանց համար ապահով և անվտանգ կեցության պայմաններ ապահովելու խնդիրները: Արդյունքում՝ հնարավոր կլինի բարձրացնել քաղաքացիների անվտանգությունը, վերահսկել ընտանեկան բռնություն գործադրած անձանց և պաշտպանել բռնության ենթարկվածներին։
Օրենսդրական նախաձեռնություն. առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, անուղղակի հարկերի գծով հարկային բեռի բարձրացումը, լրացուցիչ հարկային եկամուտների ապահովումը, ԵՏՄ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցության շրջանակներում ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցումը, ինչպես նաև առաջիկա տարիներին կանխատեսվող գների աճով պայմանավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեքսավորումն է: Օրինագծով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես՝ առաջիկա տարիներին կանխատեսվող գնաճով պայմանավորված՝ ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ յուրաքանչյուր տարվա գործակիցը սահմանելով 3 տոկոս։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։ Օրինագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 2404 91 000 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը հարկել ակցիզային հարկով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը առաջին տարում սահմանել 2,800 դրամ, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի բարձրացնել 30 տոկոսով։ Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով՝ հաշվի առնելով այն, որ վարչարարական կարողությունները զարգացել են, և լաբորատոր փորձաքննության արդյունքներով հնարավոր է պարզել, որ տվյալ արտադրանքն իրապես պատրաստված է մրգահատապտղային հումքից։ Կոնյակագործությունը և խաղողագործությունը խթանելու նպատակով կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) համար առաջարկվում է սահմանել 4000 դրամ՝ անկախ տարիքային խմբից։
Տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար
Կառավարությունն ընդունել է որոշում՝ պայմանավորված տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտի մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ Շշալցված կոնյակի արտահանման ծավալների կրճատումը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների հաշվին լրացնելու նպատակով որոշմամբ առաջարկվում է 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը կոնյակի սպիրտ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել աջակցություն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» համապատասխան ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողի կողմից 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի չափով։ Ընդ որում, աջակցությունը չի տրամադրվում ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար, ինչպես նաև այն տնտեսավարողներին, որոնք 2026 թ. չեն իրականացրել խաղողի մթերումներ։ Բացի այդ, սահմանվում է որ 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2026 թ. մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի կրկնապատիկի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողների մթերման կետերում խաղողի մթերումների գործընթացի մշտադիտարկումը վերապահվում է մարզպետների աշխատակազմերին՝ տնտեսավարողների կողմից ներկայացված գրության հիման վրա։ Արդյունքում՝ տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու արտահանման ծավալները, ինչպես նաև կխթանի ընթացիկ տարում լրացուցիչ քանակությամբ խաղողի մթերումների իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը կարտահանվի շուրջ 12․0 մլն լիտր կոնյակի սպիրտ։
Արտահանման արգելք է սահմանվել ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի նկատմամբ
Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք կսահմանվի ցորեն ապրանքատեսակի նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Ըստ հիմնավորման՝ նշված ապրանքատեսակի մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։
Մեկ այլ որոշմամբ էլ ժամանակավոր՝ 6 ամիս արգելք է սահմանվել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձինք՝ առանց մուտքի վիզայի կարող են այցելել Հայաստան
Կառավարությունը սահմանել է Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (United Nations Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (European Union Laissez-Passer) կրող անձանց համար ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ։ Որոշման ընդունումը թույլ կտա ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձանց՝ առանց ՀՀ մուտքի վիզայի այցելել և գտնվել ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում։ Ըստ հիմնավորման՝ 2025 թ. հուլիսի 1-ից ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատվել են աշխարհի 116 երկրների այն քաղաքացիները, ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության կացության կարգավիճակ, որի վավերականությունը ՀՀ մուտք գործելու օրվանից առնվազն վեց ամիս է:
«Մարգարա» անցակետը կբացվի Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ ուղարկելու համար
Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի՝ հունիսի 12-ից մինչև 22-ը, որպեսզի Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով. Կառավարությունն ընդունել է որոշում։ Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Լիբանանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Լիբանան։
Նախատեսվում է ապահովել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում
Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ֆիզիկական միջավայրի սահմանափակումների, ուսումնական տարածքների գերբեռնվածության, ինչպես նաև ուսուցչական և աջակցող մանկավարժական կադրերի որոշակի պակասի պայմաններում դասարանների կազմավորման գործող կարգի լիարժեք և միաժամանակյա կիրառման գործնական անհնարինությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում՝ առաջին դասարանից սկսած, միաժամանակ հնարավորություն ստեղծելով լուծելու առկա ենթակառուցվածքային և կադրային խնդիրները՝ առանց կրթական գործընթացի խաթարման։ Ըստ հիմնավորման, հաշվի առնելով ուսուցիչների առկայությունը, դասասենյակների տարածքային հնարավորությունները և դպրոցի ներքին կազմակերպչական պայմանները, առաջարկվում է այդ դպրոցներում դասարանների կոմպլեկտավորումն իրականացնել դպրոցի հայեցողությամբ՝ պահպանելով առաջարկվող պայմանները, անհրաժեշտության դեպքում կիրառելով երկրորդ հերթի համակարգ: Արդյունքում ակնկալվում է՝ հանրակրթական դպրոցներում դասարանների կազմավորման փոփոխությունների կառավարելի և կանխատեսելի իրականացում, կրթական գործընթացի կայունության և շարունակականության ապահովում, ուսումնական հաստատությունների ֆիզիկական միջավայրի և մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, սովորողների հոգեբանական բարեկեցության և սոցիալական միջավայրի պահպանում, կրթական համակարգի հարմարվողականության բարձրացում և ռիսկերի նվազեցում։
Հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2026/2027 ուստարվա ընդունելության տեղերը
Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով (ԿԾ) ընդունելության տեղերը։ Հաշվի են առնվել բուհերի ներկայացրած հայտերը, աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների գծով առկա պահանջարկը, ըստ մասնագիտությունների և ԿԾ-երի նախորդ ուսումնական տարիներին իրականացված փաստացի ընդունելության ցուցանիշները, բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին՝ ըստ մասնագիտությունների և ԿԾ-երի հատկացված տեղերի քանակը: Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի ԿԾ-ով մասնագետների պատրաստման գործընթացը։ Մասնավորապես՝ 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելությանը հատկացվել է 1280 տեղ, որից 1058-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պահուստային տեղերի քանակը 3-ն է, որն ըստ անհրաժեշտության կբաշխվի ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին: Պաշտպանության նախարարությանը հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 50 տեղ (նախորդ ուսումնական տարվանից 9 տեղ ավելի), որից 40 տեղը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Միավորումների և զորամասերի կառավարում» մասնագիտությանը, և 10 տեղը՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությանը: Նշեմ, որ այդ տեղերի ֆինանսավորումը կատարվում է Պաշտպանության նախարարության բյուջեի միջոցների հաշվին:
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը։ Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը: Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 257 տեղ՝ 211 առկա և 46- հեռակա։ Ըստ ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների՝ 2026 թ. նախատեսվում է դոկտորանտուրայում (ասպիրանտուրայում) սովորողների քանակը հասցնել 600-ի։ 257 տեղերից 158-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 137 առկա և 21 հեռակա, իսկ 25-ը հայագիտությանը՝ 20 առկա և 5 հեռակա:
Կապահովվի «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանում» միջոցառման իրականացումը ևս 200 շահառուի համար
Կառավարության որոշմամբ առաջարկվում է «Անհուսալի վարկային դասով դասակարգված վարկային պարտավորություն(ներ) ունեցող աշխատաշուկայից (ֆորմալ զբաղվածությունից) դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցություն» միջոցառման համար հատկացված ֆինանսական միջոցներից 216,000.0 հազար դրամ հատկացնել «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանում» միջոցառման իրականացման համար։ Մասնավորապես, որոշմամբ հաստատված ծրագրի կարգավորումների համաձայն՝ Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման նպատակով նախատեսված է աջակցության տրամադրում հետևյալ ուղղություններով՝ ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն (այդ թվում՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում, որի շրջանակում նաև գործարար ծրագրի մշակում և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ուղեկցում 12 ամիս ժամկետով), գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։ Ծրագրի շրջանակում կազմակերպությանը վճարվում է՝
յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ, յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։ Շահառուին ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար տրվում է դրամաշնորհի գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։ Նախատեսվում է միջոցառումն իրականացնել 200 շահառուի համար։
Գործադիրը շարունակում է նվիրատվության ենթակա բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի իրականացումը
Գործադիրն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունն ապահովելու համար։ Արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում։ Որոշմամբ առաջարկվում է 25 անձի (8 ընտանիք) նվիրել 8 բնակելի տարածք: Ցանկում ընդգրկվել են Երևանի Մոլդովական 29/1, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Ուսանողական թաղամաս 4/1 (Էներգետիկական քոլեջի հանրակացարան), Արագածոտնի մարզի Ուջան գյուղի 4-րդ փողոց 15/3, 15/4, Երևանի Քանաքեռ ՀԷԿ 11 բնակարան 35, Թբիլիսյան խճուղի 5 բնակարան 203, Լոռու մարզի, քաղաք Ստեփանավան, Երիտասարդական փողոց 15/3 շենք, բնակարան 1 հասցեների բնակելի տարածքները։
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշմամբ «Բայազետ ՌՈՍ» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում հիմնել է ջերմատուն, որտեղ աճեցվելու են վարդեր։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․1 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, 1․9 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը) և 80 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2027 թ. ընկերությունը նախատեսվում է ստեղծել 18 նոր աշխատատեղ՝ 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 469 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 37․4 մլն դրամ:
Արտոնությունից կօգտվի նաև «ԱՆԻ» ԲԲԸ, որը ներմուծվող սարքավորումով նախատեսվում է իրականացնել բետոնե սալիկների և պեմզաբլոկերի արտադրություն։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 7․4 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է այն հասցնել մինչև 5-ի՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 326 հազար դրամ։
Այլ որոշումներ. կապահովվի գետերի հուների արգելապատնեշների կառուցման գործընթացի օրինական, անվտանգ և արդյունավետ իրականացումը
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ-ում ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձևում և տրամադրման կարգում: Գործող կարգավորումները սահմանում են ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման պայմանները տրանսպորտային և հաղորդակցության ուղիների, թունելների և ջրամբարների կառուցման ընթացքում, սակայն չեն անդրադառնում գետերի հուների արգելապատնեշների կառուցմանը։ Ըստ այդմ, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ սահմանելով գետերի հուների արգելապատնեշների կառուցման ընթացքում ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված կարգավորումներ։ Այն կնպաստի գետերի հուների արգելապատնեշների կառուցման գործընթացի օրինական, անվտանգ և արդյունավետ իրականացմանը՝ ապահովելով հանրային և պետական շահերի պաշտպանությունը։
Գործադիրը հաստատել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամների շահերի բախման հայտարարման կարգը։ Արդյունքում՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն կապահովի Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, ինչպես նաև հիմնադրամի կառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց բաց և թափանցիկ գործելու պահանջի ապահովմանն ուղղված գործիքակազմի բաղադրիչներից մեկը, կստեղծի իրավական երաշխիքներ շահերի բախման դեպքերը կանխարգելելու համար, կնվազեցնի Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կառավարման ոլորտում առաջացող տարաբնույթ ռիսկերը: