Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը պետական աջակցության ծրագրերի շրջանակում ավելի քան 5 մլրդ դրամ է հատկացրել արտահանում իրականացրած տնտեսվարողներին

13.08.2026

ևս 22 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ առաջարկվում է շուրջ 5 մլրդ 365 մլն 640 հազար դրամ պահուստային ֆոնդից հատկացնել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերին: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ապահովելու տնտեսավարողների կողմից արտահանված պտղի (ծիրան, սալոր, կեռաս, ելակ, դեղձ, նեկտարին), բանջարեղենի (լոլիկ, պղպեղ), ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի և պտղահատապտղային գինու, շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի, չորացրած մրգի կամ բանջարեղենի և իշխան ու թառափ տեսակի ձկների արտահանման համար առաջացող փոխհատուցման ենթակա հունիս և հուլիս ամսվա ծախսերը։

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանը, հուլիսին, համաձայն օպերատիվ տեղեկատվության, արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 1579 տոննա լոլիկ, շուրջ 3,6 մլն հատ ծաղիկ, 7010 տոննա ծիրան, 1715 տոննա կեռաս, 430 տոննա սալոր, 1645 տոննա դեղձ ու նեկտարին և այլն: «Արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով իրականացվող միջոցառումների և տնտեսվարողների ձեռնարկած քայլերի արդյունքում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում: Վերջին երկու ամիսների ընթացքում ծաղիկներն արտահանվել են 26 երկիր, միրգ՝ 21 երկիր, բանջարեղեն՝ 14 երկիր»,- ասել է Արման Խոջոյանը:

Անդրադառնալով արտահանման խթանման քաղաքականությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե կայացված որոշումներն ինչպիսի ազդեցություն են ունենում տնտեսությունում առաջացած խնդիրների հաղթահարման վրա և ինչպես է գնահատվում դիվերսիֆիկացման գործընթացը։
Ի պատասխան Արման Խոջոյանը նշել է, յուրաքանչյուր շուկա պահանջում է հետևողական աշխատանք՝ ապրանքների դիրքավորման, մատակարարման ժամանակացույցի ճշգրտման և առևտրային ցանցերի ամբողջական համապատասխանության առումով։ Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի՝ այս փուլում տեղի են ունենում արտաքին շուկաների և մատակարարման շղթաների վերադասավորումներ. «Միաժամանակ տնտեսվարողները և՛ ադապտացվում են փոփոխվող միջավայրին, և՛ նաև փորձում են առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները»։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծված իրադրությունը համարում է հնարավորություն և պետք է ընդունել ադապտացիայի տրամաբանությունը, քանի որ այն բերում է նաև փոփոխությունների. «Ադապտացիան հենց այն ամենակարևոր հատկանիշն է, որն էական նշանակություն ունի, ունեցել է և առաջիկայում պետք է ունենա մեր պետության, տնտեսության և մեր քաղաքականությունների համար։ Ադապտացիան պետք է դառնա մեր հիմնական գործելակերպը, որովհետև դա է, որ բերում է իրական փոփոխությունների»։

COP17-ի կազմակերպման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ 2 640 797.5 հազար դրամ

«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) հետ կապված միջոցառման պատշաճ կազմակերպելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Նախքան հարցը ներկայացնելը՝ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է. «Քանի որ COP17 համաժողովին մնացել է շուրջ երկու ամիս, նախքան բուն հարցի զեկուցումը թույլ տվեք հակիրճ անդրադառնալ դրա նշանակությանը։ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային բնապահպանական օրակարգի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովին կմասնակցեն Կոնվենցիայի անդամ 196 կողմերի ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ COP17-ին կնախորդի նաև Առաջնորդների գագաթնաժողովը՝ պետությունների, կառավարությունների և միջազգային կառույցների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է ընդունել «Երկրի վրա կյանքի պահպանման համար» խորագրով Երևանի հռչակագիրը։

COP17-ն առանձնահատուկ նշանակություն ունի նաև նրանով, որ Հայաստանում է իրականացվելու Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։

Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը»։

Նախարարը նշել է, որ ներկայումս կազմակերպչական աշխատանքներն ակտիվ ընթանում են։ «Քանի որ կազմակերպչական ծախսերը նախապես նկարագրել և հաշվարկել հնարավոր չէ, ուստի համաժողովի կազմակերպիչների հետ կնքվել են շրջանակային պայմանագրեր։ Կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև կնքված հյուրընկալ երկրի համաձայնագրի։ Նախագծով ներկայացված համաձայնագրերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ, որի շրջանակներում կազմակերպիչն ապահովելու է համաժողովի անցկացման համար միջազգային ստանդարտներին համապատասխան 4 վրանների, ընդհանուր 5400 քմ, վարձակալությունը, ինչպես նաև ձեռք են բերվելու ամենատարբեր տեսակի կահույք, սարքավորումներ և տրանսպորտի ծառայություններ։ Նման շրջանակային համաձայնագրեր առաջիկայում էլի կներկայացվեն Կառավարության քննարկմանը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար»,-ասել է Համբարձում Մաթևոսյանը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է COP17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը և ընդգծել, որ այն լավ հնարավորություն է Հայաստանի միջազգային տեսանելիությունը և ճանաչելիությունն ավելի բարձրացնելու առումով։ Ըստ վարչապետի՝ սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինի 10000-15000 մասնակից. «Սա նշանակում է, որ նաև տուրիզմի շատ մեծ ներհոսք է լինելու։ Սա նաև լավ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի համար. նախ՝ ծառայություններ մատուցել և հետո՝ իրենց մատուցած ծառայությունները գովազդել, որովհետև մեկ անգամ Հայաստան եկած մարդիկ անպայման ուրիշներին էլ խորհուրդ են տալիս գալ և իրենք էլ են վերադառնում»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կազմակերպչական աշխատանքները պետական բյուջեից ֆինանսավորելով՝ Կառավարությունը մեծ ներդրում է արել «Մերիդիան» կենտրոնում։ «Այդ ներդրումների դիմաց մենք նաև ձեռքբերում ենք ունեցել։ Մասնավորապես՝ այս որոշումների արդյունքում առաջիկա 8 տարվա ընթացքում 400 օր այդ ձևավորված ենթակառուցվածքը Կառավարությունն իր հայեցողությամբ կարող է օգտագործել։ Նախ ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր նախագիծ է, որովհետև մենք այս ներդրմամբ ֆունդամենտալ լուծում ենք այն հարցը, որ ցանկացած մասշտաբի միջոցառում Հայաստանի Հանրապետությունը կարող է հյուրընկալել»,-նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածք ունենալը։

Վարչապետն անդրադարձել է նաև դրա շրջանակում Երևանի այդ հատվածում վերջին շրջանում կատարված աշխատանքներին. «Ներդրումների արդյունքում նոր շունչ է ստանում այդ հատվածը։ Այս աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի «Հաղթանակ» կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ։ Այս աշխատանքի ընթացքում նաև Երևանը նոր փողոց կունենա, և ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ փողոցն անվանեն COP17-ի փողոց՝ որպես նաև այդ համաշխարհային միջոցառման նշանավորում։ Եվ, բացի այդ, հարակից ենթակառուցվածքներ, ճանապարհ, մայթեր, այդ ենթակառուցվածքներ վերականգնվում են։ «Կարմիր կամուրջ»-ի հետ, դրանք շատ կարևոր մի մաս են կազմում։ Եվ, իհարկե, Հայաստանի միջազգային դերակատարման մասով նույնպես սա շատ կարևոր միջոցառում է, և հաջողություն եմ մաղթում մեզ այս կարևորագույն միջոցառումը պատշաճ ձևով իրականացնելու գործում»։

Վերանշանակվել են մարզպետներ, Կառավարության ենթակա մարմինների ղեկավարներ

Կառավարության որոշումներով Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում։

Գործադիրի որոշումներով Ռոբերտ Ղուկասյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, Վահագն Արսենյանը՝ Վայոց ձորի, Սեդրակ Թևոնյանը՝ Արարատի, Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի, Հայկ Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիքի, Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնում։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնյաներին նախորդ շրջանում կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։

Վարչապետն անդրադարձել է մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումներին և նախատեսվող աշխատանքներին։ Մասնավորապես՝ անշարժ գույքի շուկան երկրի ղեկավարն անվանել է ադապտացիայի շատ տիպիկ օրինակ։ Երկրի ղեկավարը հիշեցրել է եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագիրը Երևանում դադարեցնելու մասին որոշման հետ կապված որոշ մտահոգություններն ու մտավախությունները և նշել. «Ակնհայտ է, որ 2026 թվականին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, ինչը, շատ կարևոր և ուրախալի փաստ է: Այսօր Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը, իհարկե, սփյուռքի մեր ներկայացուցիչները, բնակարաններ, անշարժ գույք են ձեռք բերում ՀՀ-ում: Դա, իհարկե, կապված է միջազգային թրենդների հետ, բայց նաև կախված է նրանից, որ Հայաստանի գրավիտացիոն ուժն աճում է, և սա շատ կարևոր նորություն է»։

Դիմելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում պետք է այդ դինամիկան ակտիվացնելուն ուղղված բարեփոխումներ իրականացնել, այդ թվում՝ թվայնացման ոլորտում։

ՊԵԿ-ի ոլորտին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Որպեսզի քաղաքացին, մարդիկ սիրեն Պետական եկամուտների կոմիտեն, իրենք պետք է սիրեն պետական բյուջեն, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Իսկ պետական բյուջեն սիրելու համար, ի վերջո, պետք է, որ մարդիկ տեսնեն ակնհայտը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուրի և բոլորի ընտանեկան բյուջեն է։ Կրկին ուզում եմ հիշեցնել և ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի մի մարդ՝ անկախ իր սոցիալական դիրքից, որ իր ընտանիքի բարեկեցության համար ավելի շատ գումար է ծախսում, քան ծախսվում է իր ընտանիքի բարեկեցության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն»։

Քաղաքաշինության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք կապիտալ ներդրումների ծավալով գտնվում ենք ԽՍՀՄ ժամանակների, Խորհրդային Հայաստանի ժամանակների հետ համեմատելի վիճակում։ Վերջերս մենք փորձեցինք փաստահեն համեմատել, թե այսօրվա մեր կապիտալ ներդրումների ծավալները ինչպիսին են Խորհրդային միության ժամանակների համեմատ։ Եթե ճիշտ եմ հիշում, բնակարանաշինության ոլորտում մենք նույնիսկ ավելի լավ ցուցանիշներ ունենք, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում»։

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանում բնակարանաշինության տեմպերը սկսել են աճել 2020 թվականին, երբ որոշվեց եկամտային հարկի վերադարձի համակարգում որոշակի փոփոխություններ անել, այդ թվում՝ կազմակերպչական: «Այդ շինարարության մի զգալի հատվածը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ Սա սխեմա է, որ աշխատում է, և մենք առաջիկայում նաև կխթանենք։ Բացի այդ, իհարկե, ուղիղ հենց Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը՝ դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն, ճանապարհաշինություն, առողջապահական հիմնարկներ և այլն, և այդպես շարունակ։ Շինարարությունը հիմա մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է»,-ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում հայտնվել են բավականին բարձրորակ շինարարական կազմակերպություններ և միևնույն ժամանակ ընդգծել ժամանակակից չափանիշներին չհամապատասխանող շինարարական ընկերությունները պետք է փակվեն և դաշտից դուրս գան։ Վարչապետը նաև արձանագրել է. «Մենք ունենք բոլոր տվյալները՝ հավակնություն ունենալու, որ առաջիկա 5 տարվա ընթացքում էականորեն ավելին կարող ենք անել, քան արել ենք նախորդ 8 տարվա ընթացքում»։

Վարչապետը նաև ընդգծել է՝ պետք է կրկին կենտրոնանալ 2020 թվականից առաջ ունեցած բոլոր օրակարգերի վրա: «Եթե կարճ ասենք՝ հեղափոխության ամբողջ օրակարգն այսօր նույն հրատապությամբ, ինչպես 2018 թվականին է դրված եղել սեղանին, նույն հրատապությամբ սեղանին դրված է: Դրա համար կա երկու պատճառ, առաջինը՝ որ մենք ունենք օբյեկտիվ հնարավորություն՝ կենտրոնանալու հաստատված խաղաղության շնորհիվ, երկրորդը ընտրություններն են, և ընտրություններում ժողովրդի տված մանդատն ու դրա վերահաստատումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ կայացրել է ԱԽ քարտուղարի փոփոխություն իրականացնելու որոշում։ «ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ կարգավիճակով վերջին անգամ է մասնակցում Կառավարության նիստին, որովհետև ես որոշում եմ կայացրել իրականացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել Արմեն Գրիգորյանին նախորդ 8 տարիներին այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման վերաբերյալ կարգը

Կառավարությունը հաստատել է Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և ՀՀ Կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը։ Որոշման նպատակն է կարգավորել օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման դեպքում ՀՀ կառավարության կողմից նախնական համաձայնություն տրամադրելու համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները։ Կարգավորումները մշակվել են այն տրամաբանությամբ, որ երաշխավորվի վերոգրյալ գործընթացի շրջանակներում այն նույն չափանիշների կիրառումը, որոնք տարածվում են ներպետական որդեգրման և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում իրականացվող օտարերկրյա որդեգրումների ընթացքում՝ միաժամանակ հաշվի առնելով այս գործընթացի առանձնահատկությունները, մասնավորապես այն հանգամանքը, որ երեխան գտնվում է ՀՀ տարածքից դուրս և որ օտարերկրյա պետությունն իր ներպետական օրենսդրությանը համահունչ նախնական եզրակացության է հանգել որդեգրման նպատակահարմարության և իրավաչափության առթիվ։ Այսպես, սահմանվել է, որ մինչև օտարերկրյա պետությունում որդեգրման գործընթացի ավարտը համապատասխան պետության իրավասու մարմինը կամ որդեգրել ցանկացող անձը պետք է ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնի որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ մի շարք տեղեկություններ ու փաստաթղթեր։ Մասնավորապես, որոշմամբ պարտադիր ներկայացման ենթակա՝ որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ տվյալներում ներառվել են այն բոլոր տեղեկությունները, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ-ում մշտապես բնակվող երեխային որդեգրել ցանկացող անձանց կողմից՝ ապահովելու համար գործընթացների միասնական տրամաբանությունը, քանի որ տվյալ դեպքում ևս ՀՀ իրավասու մարմինները պետք է ստուգեն որդեգրել ցանկացող անձի տվյալները և համոզվեն, որ վերջինս բավարարում է որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նախապայմաններին։ Արդյունքում՝ կապահովվի ՀՀ տարածքից դուրս բնակվող և ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման գործի պատշաճ ուսումնասիրությունը ՀՀ իրավասու մարմինների կողմից և դրանց հիման վրա Կառավարության նախնական համաձայնության տրամադրումը կամ դրա մերժումը, ինչն իր հերթին կերաշխավորի, որ ՀՀ տարածքից դուրս ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրման գործընթացում լիարժեք կերպով հաշվի առնվեն երեխաների լավագույն շահերը։

Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուսի ձեռք բերելու համար

Գործադիրը պետբյուջեում կատարել է վերաբաշխում՝ 325,000 հազար դրամի չափով՝ կրթական կլաստերների ձևավորման շրջանակներում դպրոցահասակ երեխաների տեղափոխման համար ավտոբուսների ձեռքբերման և դրանք դպրոցականների տեղափոխման տրանսպորտային միջոցների համար սահմանված անվտանգության չափանիշներին հարմարեցման նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել 5 ավտոբուսի ձեռքբերման համար, որոնք կսպասարկեն 5 կլաստեր: 5 կլաստերները կընտրվեն՝ կախված կլաստեր-կենտրոն հանդիսացող դպրոցի շինարարության ավարտի ժամկետից, միավորվող դպրոցների բնակավայրերի միջև ճանապարհների բարեկարգվածությունից և տեղափոխվող աշակերտների թվից: Ներկայիս 5 ավտոբուսի ձեռքբերումը կլաստերների տրանսպորտային միջոցներով ապահովման 1-ին փուլն է: Նախատեսվում է ձեռքբերվող ավտոբուսների սպասարկումն իրականացնել կենտրոնացված կարգով, որի ապահովման նպատակով ձևավորվելու է կազմակերպություն, որը կկառավարի երթուղիների նախագծումը, վարորդների հրահանգավորումը, ինչպես նաև կկազմակերպի ավտոբուսների ընթացիկ սպասարկումը, ավտոբուսները հետագայում կամրացվեն վերջինիս: Ձևավորվելիք կազմակերպության պահպանման ծախսերի մասով ներկայումս կատարվում են հաշվարկներ, որոնց հիման վրա 2027թ-ի բյուջետային հայտի շրջանակում կներկայացվի համապատասխան առաջարկ:

Կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը

Գործադիրը սահմանել է Սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ) համակարգով կահավորելու և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու պայմանները։ Սահմանվել է նաև նշյալ համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, տվյալների մշակման ու փոխանակման կարգը, համակարգի անվտանգության ապահովման պահանջները, համակարգից օգտվելու կարգը և համակարգի շահագործման կանոնները։ Կարգավորումները նպատակաուղղված են սահմանային շերտում օգտակար հանածոների արդյունահանման և տեղափոխման գործընթացի թափանցիկության բարձրացմանը, ինչը հնարավոր կդառնա հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների՝ ՋիՊիԷս (GPS) համակարգով պարտադիր կահավորման, դրանց սերվերային ենթակառուցվածքին անխափան միացման, ինչպես նաև տվյալների մշակման, փոխանակման և անվտանգության հստակ կանոնների սահմանման միջոցով։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա 2-րդ հավելվածով սահմանված պետական մարմիններին հասանելիություն ունենալ տեխնիկական և տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերաբերյալ տվյալներին և դրանք օգտագործել վերահսկողական նպատակներով։ Արդյունքում՝ կձևավորվի սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում շահագործվող տեխնիկական և տրանսպորտային միջոցների տեղաշարժի գրանցման, տվյալների պահպանման և պետական մարմիններին տրամադրման իրավական ու կազմակերպական մեխանիզմ։ Կարգավորումների ներդրմամբ կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը, ինչպես նաև կապահովվի տվյալների արդյունավետ փոխանակումը պետական լիազոր մարմինների միջև։

Հաստատվել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարան ստեղծելու և տվյալների շտեմարանի կանոնակարգը

Կառավարությունը հաստատել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարան ստեղծելու և տվյալների շտեմարանի կանոնակարգը։ Այն պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարձրացման, տվյալների ամբողջականության ապահովման և ոլորտի կարգավորման գործընթացների թվայնացման անհրաժեշտությամբ։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ տվյալները հավաքագրվում են տարբեր աղբյուրներից և չեն համադրվում միասնական տեղեկատվական հարթակում, ինչը բարդացնում է պետական մարմինների կողմից ոլորտի մշտադիտարկումը, վերլուծությունը և քաղաքականության մշակումը։ Առկա իրավիճակը նաև սահմանափակում է տվյալների փոխանակման արդյունավետությունը պետական մարմինների միջև։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ստեղծել զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ միասնական տվյալների շտեմարան, սահմանել դրա կառավարման, օգտագործման, տվյալների հավաքագրման, պահպանման և պաշտպանության կարգը, ապահովել տվյալների փոխգործելիությունը այլ պետական տեղեկատվական համակարգերի հետ՝ «մեկ հարցում» սկզբունքի հիման վրա։

Կոտայքի մարզում կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան

Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականություն հանդիսացող 313,219,658 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Շուշի թաղամաս 4 հասցեում գտնվող բնակելի կացարանը, կաթսայատունը և դրանց զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված 2 հա հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին։ Ըստ հիմնավորման՝ անշարժ գույքն օգտագործվելու է ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան կառուցելով նպատակով։

Կարգավորվում են տեղահանված ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման տրամադրման հարաբերությունները

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգում։ Փոփոխությունների նպատակն է հստակեցնել սոցիալական աջակցությունների տրամադրման պայմանները՝ նվազեցնելով աջակցությունների տրամադրման վերածածկի խնդիրը։ Որոշման շրջանակում միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև այն անձիք, ովքեր չեն ցանկացել օգտվել որոշմամբ հաստատված ծրագրից։ Միջոցառման տրամադրման՝ այդ թվում շահառուների շրջանակի հստակեցման առումով կարիք է առաջանում կարգավորում նախատեսել այն դեպքերի համար, երբ շահառուն հրաժարվում է ծրագրից օգտվելու իրավունքից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրամադրվող սոցիալական աջակցություններն ունեն տարբեր նպատակներ և թիրախ խմբեր, ուստի այս իմաստով կարիք է առաջանում տարանջատել և հստակեցնել աջակցությունների համար սահմանված պայմանները։ Ըստ այդմ՝ սահմանվում է դրույթ, որով շահառու հանդիսանալու համար պայման կհանդիսանա ծրագրից հրաժարվելու հանգամանքը, ինչը նաև գրավոր հայտարարության տեսքով ստորագրվելու և կցվելու է դիմումին։

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար։ Որոշմամբ՝ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2026 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսները՝ ներառյալ սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ. հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները՝ ներառյալ: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Կընդլայնվի երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման առցանց մատուցվող ծառայությունների թիվը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, ինչպես նաև առցանց մատուցվող ծառայությունների ընդլայնմամբ և իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ: Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել հինգ հարյուր հազար դրամ, եթե երեխան ծնվել է 2026 թ. սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո (մինչև 2026 թ. օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում սահմանվում են նպաստի՝ երեխայի կարգաթվով պայմանավորված գործող չափերը)։ Առցանց ծառայությունների ընդլայնման և նպաստն ինքնաշխատ եղանակով նշանակելու համատեքստում նախագծով առաջարկվում է՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակել բացառապես առցանց եղանակով, բացառությամբ մի շարք դեպքերի։

Կակաո-փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման

Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու ներմուծման մասին» որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով ՀՀ տարածք՝ կակաո-փոշու նկատմամբ, որը նախատեսված է հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար և ներմուծվում է ՀՀ ոչ ավելի, քան 300 տոննա ծավալով։

Միջազգային համագործակցություն. կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց IV վարկային համաձայնագիրը» վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II փուլ» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրին։ Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ 120 մլն եվրո արժողությամբ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2026թ. մարտի 19-ին։ Բացի այդ, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) ծրագրի իրականացման նպատակով կնքվել են մի շարք վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։ Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից՝ Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ-ի: Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում են կանոնակարգել գաղտնի տեղեկությունների պաշտպանության սկզբունքները, գաղտնի տեղեկությունների փոխանցման, դրանց օգտագործման, իրավասու մարմինների փոխգործակցության, գաղտնի տեղեկությունների պաշտպանության պահանջների հնարավոր խախտումների դեպքերում իրականացվող գործողությունների հետ կապված հարաբերությունները:

Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կիրականացվի նաև ոլորտային մասնագետների միջոցով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը իրականացնել ոչ միայն կազմակերպությունների, այլ ոլորտային մասնագետների (փորձագետների) միջոցով։ Որոշմամբ հստակեցվում են նաև այդ անձանց մասնագիտական կարողության հավաստման հիմքերը՝ կրթությունը, որակավորումը, գիտական աստիճանը կամ կոչումը, աշխատանքային փորձը, նախկինում իրականացված աշխատանքները, մասնագիտական հրապարակումները, վերապատրաստումները կամ տվյալ ոլորտում գործունեությունը հավաստող այլ համարժեք փաստաթղթերը։ Առաջարկվող փոփոխությունների նպատակներից են՝ ապահովել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման գործընթացում բարձր որակավորում ունեցող անհատ փորձագետների ներգրավման իրավական հնարավորություն, բարձրացնել մշակվող փաստաթղթերի գիտական հիմնավորվածությունը և մասնագիտական որակը, ապահովել գործընթացի արդյունավետություն, օպերատիվություն և ճկունություն, նպաստել միջազգային առաջավոր փորձի ներդրմանը և եվրոպական նորմերի (եվրակոդերի) տեղայնացման գործընթացի արագացմանը, ուժեղացնել գիտական և մասնագիտական համայնքի մասնակցությունը պետական քաղաքականության ձևավորման գործընթացում։


 

← Վերադառնալ