Մամլո հաղորդագրություններ

ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. հավանության է արժանացել ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը

20.08.2026

ևս 12 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է ՀՀ Կառավարության հնգամյա՝ 2026-2031 թվականների ծրագրին, որը կներկայացվի Ազգային ժողով: Ըստ հիմնավորման՝ ՀՀ Կառավարության ծրագիրը հիմնված է Իրական Հայաստանի գաղափարախոսության, 2026 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա: Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:

Հարցը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը և նշել. «Կառավարությունը ձևավորվել է 2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով և շատ կարևոր է արձանագրել՝ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն»:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Երրորդ և Չորրորդ հանրապետությունների տարբերությունները. «Երրորդ Հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտի, հակամարտութան տրամաբանությամբ: Չորրորդ Հանրապետությունը ձևավորվում է, ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ, և այստեղ միայն հակամարտության և խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության՝ ինչի համար է պետությունը, ինչ գործնական առաքելություն և գործառույթ ունի պետությունը»:

Երկրի ղեկավարի գնահատմամբ՝ Կառավարության ծրագիրն ամբողջությամբ հիմնված է Իրական Հայաստանի գաղափարախոսության և Չորրորդ Հանրապետության տեսլականի վրա. «Սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը կամ վերափոխումը, որը տեղի է ունենում Կառավարության ծրագրում»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության ծրագրի հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղաղությունը և այս նոր միջավայրը հնարավորություն է տալիս լիարժեք կերպով վերադառնալ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրակարգի չիրականացված հատվածին: «Լավ լուրն այն է, որ ճգնաժամային կառավարման ընթացքում մենք երբեք չենք դադարեցրել բարեփոխումների օրակարգի իրականացումը, և ես հիմա ունեմ համոզվածություն, և ընթացիկ պրոցեսները դա ցույց են տալիս, որ ունենք անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողություն, որպեսզի բնականոն ձևով շարունակենք հեղափոխության օրակարգի իրականացումը»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխական օրակարգի իրականացումը ՝ որպես շատ կոնկրետ պարտավորություն, արձանագրվում է հետևյալ կերպ. «Մենք պետք է շարունակենք և նոր թափ հաղորդենք ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումներին։ Մենք մեր արածը պետք է չափենք միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում ՀՀ-ի առաջընթացով»։

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև երեք նախարարությունների անվանումների փոփոխության վերաբերյալ նախագծին և դրա պատճառներին։ Առաջին փոփոխությունը վերաբերում է Արտաքին գործերի նախարարությունն Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն վերանվանելու նախաձեռնությանը։ «Զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է նախարարության մանդատը՝ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Մեր դեպքում դա տեղի չի ունեցել, և դա ունեցել է ևս մեկ շատ օբյեկտիվ պատճառ։ Պետք է ընդունել, որ Երրորդ Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում, եթե չչափազանցենք, ԱԳՆ-ի գործունեության 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների և գործունեության հետ»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ տնտեսական կապերը պետք է լինեն դեսպանատների ամենօրյա աշխատանքի օրակարգում։

Մյուս փոփոխության համաձայն՝ ԲՏԱՆ կվերանվանվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն. «ԱԲ-ն ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն, ուստի պետք է այդ իրականության հետ առնչվելու ինստիտուտներ ունենալ։ Նախարարությունում կձևավորվի նաև ԱԲ գրասենյակ։ Լավ լուրն այն է, որ ԱԲ ենթակառուցվածքն այլևս մեզ համար նորությունների թողարկման մեջ գտնվող նյութ չէ։ Ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում մենք շատ լուրջ և էական զարգացումներ ենք արձանագրել, որովհետև ՀՀ-ում մենք այսօր արդեն ունենք երեք սուպերհամակարգչային կենտրոններ, որոնցից երկուսը ԱԲ գործարաններ են»։

Երրորդ փոփոխության համաձայն՝ ԱՍՀՆ-ն կվերանվանվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն. «Մենք աշխատանքը պետք է ընկալենք որպես բարեկեցության գործիք։ ՀՀ-ում բարեկեցություն հասկացությունը և դրան հասնելու մոդելը պետք է լինի հետևյալը՝ կրթություն-աշխատանք-մասնագիտական կարողությունների զարգացում-առողջ ապրելակերպ-աշխատանքային վաստակ»։ Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է հետևյալ բանաձևը՝ Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։

Երկրի ղեկավարը ներկայացրել է Կառավարության ծրագրի այլ մանրամասներ ևս՝ առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտների վերաբերյալ։ «Այս ծրագրի հիման վրա Կառավարությունն ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը և իրագործելու է այն։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,-ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի «Tour of Armenia» հեծանվաերթ. կապահովվի միջազգային միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը

Գործադիրն ընդունել է որոշում՝ սեպտեմբերի 10-13-ը ՀՀ-ում անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա խմբային հեծանվաերթի պատշաճ կազմակերպումն ու անցկացումն ապահովելու նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է միջոցառման կազմակերպման գործընթացում ներգրավված պետական մարմինների և կառույցների գործունեության համար անհրաժեշտ կազմակերպչական պայմանների ապահովում՝ հաշվի առնելով միջոցառման միջազգային, բազմօրյա և բազմամարդ բնույթը։ Կարգավորումը միտված է միջոցառման հետ կապված կազմակերպչական հարցերի արդյունավետ լուծմանը և դրա անցկացման ընթացքում անհրաժեշտ միջոցառումների պատշաճ իրականացման ապահովմանը։ Արդյունքում՝ Հայաստանը կդառնա վստահելի գործընկեր միջազգային սպորտային միջոցառումների կազմակերպման ոլորտում՝ ամրապնդելով իր հեղինակությունը։ Միջազգային միջոցառման անցկացումը կնպաստի ՀՀ զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման համար գրավիչ ուղղության ներկայացվածության ընդլայնմանը։ Միջոցառման միջազգային հարթակներում լուսաբանումը և մասնակիցների կողմից Հայաստանի տարբեր բնակավայրեր այցելությունը կարող են նպաստել Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը և երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 10-13-ը և ունենալու է 4-օրյա տևողություն: Այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին Գավառ-Մեծ Մասրիկ ճանապարհով՝ 135 կմ երկարությամբ: Երկրորդ օրը կանցկացվի Կիրանց-Ստեփանավան հատվածը՝ 177 կմ երկարությամբ: Երրորդ օրը նախատեսված է Մարտունի-Դիլիջան հատվածը՝ 162 կմ երկարությամբ՝ Պարզ լճում հանգրվանելով: Չորրորդ օրը մրցաշարը կանցկացվի ամբողջությամբ Երևանում՝ 113 կմ ընդհանուր երկարությամբ, որտեղ հեծանվորդները 10 անգամ կանցնեն 11,3 կիլոմետրանոց հատվածը:

«Սա հնարավորություն կտա նաև հանդիսատեսին հավաքվել և հետևել հեծանվաերթին: Նախատեսում ենք, որ մրցաշարին կմասնակցեն տարբեր երկրների 18-20 թիմեր: Արդեն իսկ պարզ է, որ աշխարհագրությունը շատ բազմազան է՝ Ճապոնիա, Իտալիա, Ղազախստան, Մեծ Բրիտանիա, Թայլանդ, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխիա, Գերմանիա և այլ երկրներից տարբեր թիմերի մասնակցություն ունենք: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ հեծանվային մրցաշարը հեռարձակվելու է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հեղինակավոր հարթակներով:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ միջոցառումն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվում 884 մլն դրամի չափով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը Հայաստանում և նշել, որ այն կպաստի երկրում պրոֆեսիոնալ սպորտը զարգացմանն ու Հայաստանի տեսանելիությունը բարձրացմանը:

Արտահանման աջակցության միջոցառման շրջանակում կմեղմվի թզի և դեղձի իրացման խնդիրը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում թզի և դեղձի իրացման խնդիրը մեղմելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ ընթացիկ տարում սպասվում է թզի և դեղձի առատ բերք։ Թզի պահման կարճ ժամկետներով և արտահանման երկար լոգիստիկ երթուղիներով պայմանավորված խնդիրներ են առաջացել մասնավորապես՝ Սյունիքի մարզում արտադրված թզի բերքի իրացման հարցում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը փոխհատուցում տրամադրել՝ վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մինչև 400 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 դրամի չափով, վերամշակման նպատակով ՀՀ տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 դրամի չափով։ Նախատեսվում է նաև սահմանել, որ միջոցառման շրջանակում վերամշակման նպատակով դեղձի և թզի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է ՀՀ մարզպետների աշխատակազմերի կողմից։ Վերամշակման նպատակով մթերված արտադրանքի դիմաց փոխհատուցման տրամադրման համար սահմանվում է, որ դիմումին կից ներկայացվում են վերամշակման նպատակով մթերված (գնված) արտադրանքի քանակի և արժեքի վերաբերյալ տեղեկությունը։ Արդյունքում՝ որոշակիորեն կմեղմվեն թզի և դեղձի իրացման հետ կապված խնդիրները և իրացման շուկաներում կբարձրանա դրանց վերամշակումից ստացվող արտադրանքի մրցունակության մակարդակը։

«Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները, և արտահանումները շարունակվում են և՛ թզի, և՛ դեղձի, և մյուս պտուղ-բանջարեղենի: Այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ. ամեն 1 կիլոգրամի համար մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս: Սրանով ցանկանում ենք նվազագույնը 2 խնդիր լուծել: Առաջին խնդիրը գյուղացիական տնտեսությունների բերքի մթերումն ու սպառումն է, երկրորդ խնդիրը ևս պակաս կարևոր չէ. մշակող արդյունաբերության զարգացումն է, որովհետև եթե մենք աջակցում ենք, որպեսզի այդ ապրանքը դառնա պահածո, չիր, բնականաբար, նաև ենթադրվում է, որ գնային առումով ավելի մրցունակ ապրանք ենք ունենալու, որովհետև մեր տնտեսվարողները հնարավորություն են ունենալու լավ գնով ձեռք բերել, ինչը գյուղացու համար կարևոր է, բայց միևնույն ժամանակ նաև փոխհատուցում ստանալ, և դրա հետևանքով ինքնարժեքն իջեցնել և արդեն պարտրաստի արտադրանք մեր տեղական շուկային առաջարկել և արտահանման համար մրցունակ գնով պատրաստի արտադրանք շուկային առաջարկել»,- ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ կանխատեսումների համաձայն՝ մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ կմթերվի և առավելագույնը 400 տոննա թուզ:

Անդրադառնալով որոշումը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դինամիկ գործելակերպ ունենալու և շուկայում առաջացած խնդիրներին արագ արձագանքելու կարևորությունը։ Վարչապետը կարևորել է նաև այն հանգամանքը, որ եթե որևէ ապրանքատեսակի արտահանման խնդիր կա, ապա պետք է աշխատել, որպեսզի դրանք մտցվեն չրի արտադրության, վերամշակման շղթայի մեջ: «Հույս ունենք, որ արդեն իսկ մեր վերամշակողները, և այս ուղերձներն էլ պետք է տալ, ավելի լայն շուկաներում այդ ապրանքները սպառելու կանխավարկածով կկառուցեն իրենց արտադրական ցիկլերը»,- ասել է վարչապետը։

Կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար

ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի իրականացման ընթացքում առաջացած գործնական խնդիրների կարգավորման և ծրագրի առանձին դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման աշխատանքների ավարտման առավելագույն ժամկետը՝ վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից, 1.5 տարվա փոխարեն սահմանել 2 տարի։ Ընդ որում, վարկի մարման և տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետները չեն փոփոխվում։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառու իրավունք ունի մեկ անգամ սուբսիդավորվող վարկը մեկ ֆինանսական կառույցից տեղափոխելու այլ ֆինանսական կառույց (վարկի պահանջի իրավունքի զիջում այլ ֆինանսական կառույցի), որն իրականացվում է ֆինանսական կառույցների փոխադարձ համաձայնությամբ։ Այս դեպքում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը շարունակվում է տրամադրված վարկի պայմաններով։ Գործընթացն իրականացնելու համար շահառուն պետք է ստանա սկզբնական ֆինանսավորում իրականացրած ֆինանսական կառույցի գրավոր համաձայնությունը, այնուհետև համաձայնության գա այն ֆինանսական կառույցի հետ, որը կհամաձայնվի իրականացնել ֆինանսավորում և ստանձնել սուբսիդավորված գումարների ամբողջական հետ վերադարձման պարտավորվածություն՝ ծրագրի պայմաններին համապատասխան։ Ֆինանսական կառույցները պետք է կնքեն վարկի պահանջի իրավունքի զիջման պայմանագիր (նոր ֆինանսական կառույցը պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է նախարարություն), ընդ որում, նոր ֆինանսական կառույցը պետք է հանդիսանա ծրագրի մասնակից ֆինանսական կառույց։ Առաջարկվում է նաև նախատեսել, որ վերոնշյալ փոփոխությունները կիրառելի լինեն մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների նկատմամբ։ Արդյունքում՝ կբարձրանա ծրագրի իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն ֆինանսական կառույցների միջև վարկի պահանջի իրավունքի զիջման իրավական հիմքերը, ինչպես նաև կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր՝ 91,45 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով, այդ թվում՝ 2026 թվականին կնքվել է 1 պայմանագիր՝ 5,116 հա տարածքով ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով։ Փաստացի հիմնվել է 12 հատ ջերմատուն՝ 55,12 հա մակերեսով։ Կառուցման գործընթացում է գտնվում 36,33 հա ջերմատնային տնտեսություն:

Կբարձրացվի պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է հստակեցնել և կարգավորել ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Մասնավորապես, առաջարկվում է ծրագրերի իրագործելիության և արդյունավետության բարձրացման նպատակով սահմանել, որ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կարող են բացասական եզրակացություն տրվել այն համայնքների սուբվենցիոն փաթեթներին, եթե յուրաքանչյուր համայնքում 10 տոկոս և ավելի են կազմում սահմանված դեպքերը։ Նախատեսվում է սահմանել ժամկետներ՝ շինարարական կազմակերպությունների կողմից կատարողական ակտերի ներկայացման օրվանից համայնքների կողմից դրանց ընթացք տալու համար՝ աշխատանքային 10-օրյա ժամկետ, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերի կողմից՝ 10-օրյա ժամկետ՝ համայնքներից ստանալու օրվանից՝ եթե կատարված շինարարական աշխատանքների ընթացքում բացակայում են թերությունները և աշխատանքներն իրականացված են նախգծանախահաշվային փաստաթղթեր և կնքված պայմանագրերի համաձայն։ Իսկ թերությունների առկայության դեպքում՝ առաջարկվում է սահմանել 10-օրյա ժամկետ, ինչը հնարավորություն կտա վերացնել թերությունները։ Առաջարկվում է սահմանել, որ յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի ընդհանուր գումարի 10 տոկոսը չի հատկացվում՝ մինչև օբյեկտի ավարտական ակտի և շահագործման թույլտվության հաստատումը։

Միաժամանակ առաջարկվում է սուբվենցիոն ծրագրերի ուղղություններում՝ առանձնացնել՝ «մարզադպրոցների, մարզադաշտերի, մարզական կենտրոնների, երաժշտական դպրոցների, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների կառուցում, հիմնանորոգում և համապատասխան գույքի ու կահավորանքի ձեռքբերում» առանձին ուղղությունը՝ պետբյուջեից 60-65 տոկոս համաֆինանսավորման չափաբաժնով, առանձնացնել ու հստակեցնել «Բնակելի շենքերի բակային տարածքների բարեկարգում» ուղղությունը՝ պետբյուջեից 30-50 տոկոս համաֆինանսավորման չափաբաժնով։ «Զբոսայգիների ու պուրակների, խաղահրապարակների, մարզահրապարակների կառուցում և հիմնանորոգում» ուղղության մեջ լրացվել է նաև հանրային լողավազանների կառուցման ու հիմնանորոգման ուղղությունը։ Նախատեսվում է հստակեցնել իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի համար պետբյուջեից համաֆինանսավորման ժամկետները և գումարների չափը։ Արդյունքում՝ կապահովվի համայնքային և պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։

2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից՝ ոչ ավելի, քան 4500 հատ քանակով՝ ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 500 հատից ոչ ավելի քանակով՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային ծրագրային ապահովում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ) առկայության պարագայում:

Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում

Կառավարության որոշմամբ կապահովվի Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելը։ Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 16,7 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել և ներկայում համապատասխան աշխատանքներ է իրականացնում ՀՀ ԱԳ նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ՝ Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող մինչև տասը երեխա ՀՀ տեղափոխելու և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելու նպատակով։ Երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման արդյունքում դիտարկված 11 պացիենտից ընտրվել էր 7-ը, որոնց բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Այնուամենայնիվ, նշված 7 ընտանիքներից միայն 3-ն են համաձայնել առավելագույնը մեկ ուղեկցող անձի հետ ՀՀ-ում հյուրընկալվելու պայմանին:

ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև օգոստոսի 25-ը

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սահմանել մինչև 2026 թվականի օգոստոսի 25-ը։ Որոշմամբ՝ փոխհատուցման հայտերի ներկայացման համար կսահմանվի հստակ վերջնաժամկետ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել գործընթացի պատշաճ կազմակերպումը և ավարտը՝ բացառելով դրա անորոշ ժամկետով երկարաձգումը։

Օրենսդրական նախաձեռնություններ.
Առաջարկվում է ՀՀ-ում որպես հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ որպես աշխատանքային օր

Գործադիրը հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծով առաջարկվում է ՀՀ-ում որպես հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ որպես աշխատանքային օր։ Ըստ հիմնավորման՝ Հանրային ծառայողի օրվա սահմանմամբ նպատակ է դրվում ընդգծել, որ անկախ հանրային ծառայության տեսակից կամ զբաղեցվող պաշտոնից՝ բոլոր հանրային ծառայողները մասնակցում են հանրային շահի պաշտպանության, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման ընդհանուր առաքելության իրականացմանը։ Ակնկալվում է նաև բարելավել հանրային ծառայողների նկատմամբ հասարակական ընկալումը, բարձրացնել հանրային ծառայության ճանաչելիությունն ու հեղինակությունը և ոգեշնչել հանրային ծառայողների նոր սերնդի ձևավորումը։

Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր՝ Արարատի մարզի Արարատ և Վեդի, Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների խոշորացման մոդելով

Հավանություն է տրվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքները՝ Արարատի մարզի Արարատ, որում ներառվել են ներկայիս Արարատ և Վեդի համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով, Լոռու մարզի Վանաձոր, որում ներառվել են ներկայիս Վանաձոր և Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 22 բնակավայրերով։ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում կունենանք Վանաձոր համայնքը, որի վարչական կենտրոնը կլինի Վանաձոր քաղաքը։ Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 4 համայնք, 54 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 2 համայնք:

Կստեղծվի արտադպրոցական կրթության ոլորտի աշխատողների պաշտոնների միասնական կարգավորում

Կառավարությունը սահմանվել էլ արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մանկապատանեկան մարզադպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց պաշտոնների նկարագրերը, անվանումները, գործառույթները, ինչպես նաև նրանց ներկայացվող գիտելիքների, կարողությունների, հմտությունների և որակավորման ընդհանրական պահանջները։ Արդյունքում՝ կստեղծվի արտադպրոցական կրթության ոլորտի աշխատողների պաշտոնների միասնական կարգավորում, ինչը կխթանի համակարգի արդյունավետ գործունեությունը, կբարձրացնի կրթական ծառայությունների որակը, կնպաստի աշխատողների մասնագիտական զարգացմանը և հաստատությունների կառավարման կատարելագործմանը։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ոլորտում կիրառվում են տարբեր մոտեցումներ, ինչի հետևանքով նույն գործառույթներն իրականացնող աշխատողների պաշտոնները տարբեր հաստատություններում կարող են ունենալ տարբեր անվանումներ և գործառութային շրջանակներ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2024-2025 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում, ինչպես նաև մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել է շուրջ 5543 ուսուցիչ, իսկ մանկապատանեկան մարզադպրոցներում մարզումներն իրականացրել են շուրջ 2300 մարզիչ-մանկավարժներ։

Կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը

Գործադիրը հաստատել է նաև բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանի շնորհման կարգը, ներառյալ՝ ընդունելության ընդհանրական պայմանները և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները, ինչպես նաև գիտական աստիճանի շնորհման չափանիշներն ու ընթացակարգը։ Հաստատվել է նաև երրորդ մակարդակի կրթական ծրագրերով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման) և որոշմամբ ներկայացվող պահանջները։ Ըստ այդմ, մասնավորապես՝ նախատեսում է Բոլոնիայի գործընթացի և Զալցբուրգյան սկզբունքների պահանջներին համահունչ վերանայել և արդիականացնել բարձրագույն կրթության երրորդ մակարդակի՝ դոկտորական կրթու թյան համակարգը՝ ընդգրկելով հետևյալ հիմնական ուղղությունները։ Որոշման նպատակն է ներդնել որակյալ և մրցունակ դոկտորական կրթության համակարգ՝ դոկտորական կրթության ամբողջ գործընթացի (ներառյալ՝ գիտական աստիճանի շնորհումը) համար ստեղծելով չափելի, հստակ և թափանցիկ ընթացակարգեր։ Ակնկալվում է միջազգային մրցունակության բարձրացում՝ կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը, կավելանան միջազգային հրապարակումների պահանջները, ինչը կնպաստի գիտնականի վարկի և միջազգային համագործակցության բարձրացմանը և կխթանի միջազգային ասպարեզում ակադեմիական շարժունությունը: Եվրոպական մոդելի ներդրման ապահովման շրջանակում նախատեսվում են կարգավորումներ, որոնք կստեղծեն պայմաններ գիտական աստիճանի շնորհման համակարգի սահուն անցման դեպի եվրոպական մոդելի՝ հիմք ընդունելով եվրոպական բարձրագույն կրթական տարածքի չափանիշները և սկզբունքները։

Ոսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Թումանյան փողոց, 11 հասցեում գտնվող հողամասը հետ վերցնել Գավառի ավագ դպրոցից անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով։ Ծրագիրը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ բնակավայրի Արագածի փողոց, 6-րդ նրբանցք, 10 հողամաս հասցեում գտնվող հողամասը նվիրաբերել ՀՀ-ին՝ բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով։

Կապահովվի կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը

Կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ կհատկացվի Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի լաբորատոր կարողությունների ընդլայնման և տեխնիկական վերազինման անհրաժեշտությամբ՝ կոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով։ Արդյունքում՝ կապահովվի փորձարկումների թողունակության աճը, գինեգործական արտադրանքի իսկության գնահատման հնարավորությունների ընդլայնումը, կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը և սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումը։

Այլ որոշումներ. կապահովվի զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու նպատակով։ Որոշմամբ սահմանվում է հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վերանորոգման գումարը վարկավորման ծրագրում ներառելու հնարավորությունը, վերանորոգման ուղղությամբ ծրագրի (պետական աջակցության) ներքո վարկավորվող գումարի առավելագույն չափը, հստակեցվում է հիփոթեքային վարկավորման պայմանագրի կողմերի շրջանակը և հիփոթեքային վարկավորման պայմանագրի գործողության ժամկետը: Ըստ հիմնավորման՝ օրենքով նախատեսվել է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակում սահմանված հիփոթեքային վարկավորման ծրագրում ներառել նաև վարկավորման գումարի ուղղումն այլ նպատակային ծախսերի կատարմանը։

Գործադիրի որոշմամբ «Սարգսյան Սամվել ծերունի» անհատ ձեռնարկատերը ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից։ Ընկերությունը նախատեսում է Արարատի մարզում կառուցել ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են տարբեր տեսակի ծաղիկներ, որոնք արտահանվելու են ԵՄ, ՌԴ և Վրաստան։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 138 մլն դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման և մինչև 500 մլն դրամի ներդրում հումքի, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Մինչև 2027 թ. ընկերությունը նախատեսում է ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 130 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 138 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 6․9 մլն դրամ։

Կառավարության ծրագրով նախատեսված ուսումնական հաստատությունների կառուցման, ինչպես նաև հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքների պատշաճ որակը և սահմանված ժամկետների պահպանումն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրի ծավալով, մեծաթիվ դպրոցներում աշխատանքների զուգահեռ իրականացմամբ, սահմանված ժամկետների պահպանման և կրթական գործընթացի հնարավորինս արագ բնականոն կազմակերպման անհրաժեշտությամբ։ Որոշմամբ նախատեսվում է բացահայտված վնասվածքների և անհրաժեշտ աշխատանքների ծավալը համապատասխան ակտով արձանագրելու և սահմանված տեղային վերականգնման աշխատանքներն առանց լրացուցիչ շինարարության թույլտվության իրականացնելու հատուկ կարգ՝ ներգրավելով համապատասխան մասնագիտական և հսկողական սուբյեկտներին։

← Վերադառնալ