Մամլո հաղորդագրություններ
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը
1670x1113px - 667 Կբ
1670x1113px - 520 Կբ
1670x1113px - 786 Կբ
1670x1113px - 606 Կբ
1670x1113px - 537 Կբ
1670x1113px - 531 Կբ
1670x1113px - 456 Կբ
1670x1113px - 541 Կբ
1670x1113px - 492 Կբ
1670x1113px - 457 Կբ
1670x1113px - 626 Կբ
1670x1113px - 572 Կբ
1670x1113px - 590 Կբ
1670x1113px - 562 Կբ
1670x1113px - 571 Կբ
1670x1113px - 535 Կբ
1670x1113px - 500 Կբ
1670x1113px - 693 Կբ
1670x1113px - 775 Կբ
ևս 16 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Օրինագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանը և մրցունակ հանրային ծառայության ապահովմանը։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը (բացառությամբ այն ծառայությունների, որտեղ գործում են ատեստավորման հիմքով վարձատրության կարգավորումներ)՝ վերանայելով հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները և ներդնելով կատարողականի գնահատման (այսուհետ՝ ԿԳ) նոր կարգավորումներ, ինչը թույլ կտա վարձատրության չափը պայմանավորել աշխատանքի գրանցած արդյունքներով՝ որպես աշխատանքի արդյունավետության և հանրային ծառայությունների որակի բարձրացման էական գործոն։ Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պետական ծառայության համալրման գործընթացների արդյունավետության, միասնականության, թափանցիկության և հասանելիության բարձրացման, ինչպես նաև պետական ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացում կիրառվող ընթացակարգերի պարզեցման և թվայնացման անհրաժեշտությամբ։ Նախագիծը չի տարածվելու այն ծառայությունների վրա, որտեղ արդեն գործում է ատեստավորման հիմքով վարձատրության համակարգ։ Այդ բացառությունների թվում են մի շարք ուժային կառույցներ։
Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդրական փաթեթը ոլորտում սկսված բարեփոխումներն ամրացնելու և դրանց ընթացքը խորացնելու նպատակ ունի։ Փոփոխությունները նախատեսվում են 2027 թվականի հունվարի 1-ից։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։
Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ամենաբարդ, մյուս կողմից՝ ամենակարևոր բարեփոխումներից մեկն է. «Այս բարեփոխումներով մենք ռազմավարական նշանակության խնդիր ենք լուծում։ Եթե այս խնդիրը ձևակերպելու լինենք շատ կարճ՝ պետության և պետական համակարգի ուժեղացում, պետության, պետական կարգավիճակի ուժեղացում»։
Ըստ վարչապետի՝ այս բարեփոխումը չանել, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի և ՀՀ-ում պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը: Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ կոռուպցիայից զերծ տեսլականի իրագործման համար այս բարեփոխումը շատ կարևոր է։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ համակարգում կրթություն ստանալու պարտադիր բաղադրիչի կարևորությունն ու անհրաժեշտությունը։
Վարչապետը, անդրադառնալով բարեփոխման վերաբերյալ նախատեսվող քննադատություններին, շեշտել է. «Մենք ունենք քաղաքական կամք զարգացնելու մեր պետությունը։ Եվ ոչ միայն ընթացիկ կառավարության, այլև՝ հետագա կառավարությունների, ոչ միայն ընթացիկ պաշտոնյանների, այլև՝ հետագա պաշտոնյանների աշխատանքի արդյունավետության բարձրացման շարունակական մեխանիզմը պետք է ներդրվի»։
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ, առաջարկություններ։
Կձևավորվեն ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարելու կառուցակարգերը
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակը ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) և կուսակցություններին եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարելու կառուցակարգերի ձևավորումն է։ Ըստ հիմնավորման՝ վերջիններիս կայուն ու շարունակական գործունեությունը կարևոր նշանակություն ունի անկախ կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ու ազատ, անկողմնակալ խոսքի զարգացման քաղաքականության տեսանկյունից։ ՀՀ-ում գործում է ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների (բացառությամբ անչափահասների) եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախսերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնարավորություն ունեն իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց (կամ իրենց ընտանիքի անդամների) համար կատարված ու փաստաթղթերով հիմնավորված առողջապահության և կրթության ծառայությունների գծով ծախսերի մի մասը:
Նախագծով առաջարկում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ սոցիալական ծախսերի շրջանակը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսեր են համարվում նաև ֆիզիկական անձի կողմից ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) կամ կուսակցություններին անհատույց փոխանցվող դրամական միջոցները: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել, որ վերջիններիս շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, դրանց կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ցանկը, տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը սահմանելու է Կառավարությունը։
Վարչապետը կարևորել է որոշմամբ առաջարկվող բարեփոխումը և ընդգծել. «Կարծում եմ՝ մենք ժողովրդավարական բարեփոխումների հերթական փուլ ենք մտնում, որտեղ ՀԿ-ները, լրատվամիջոցներն ու կուսակցությունները կարող են ունենալ ժողովրդական ֆինանսավորում։ Մենք նաև սրանով լրատվամիջոցների, կուսակցությունների, ՀԿ-ների համար ստեղծում ենք խթաններ, որպեսզի նրանք էլ համընդհանուր հայտարարագրման համակարգը հանրահռչակեն»։
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հերթական գումարն է տրամադրվել՝ ավելի քան 1 մլրդ դրամ
Կառավարությունը ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացրել է 1,110,342.4 հազար դրամ՝ սուվբենցիոն ծրագրերի համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։
Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել հանրապետության 19 համայնքների 25 ծրագրեր, որոնցից 3-ը՝ Արագածոտնի մարզում, 2-ը՝ Արարատի, 9-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Լոռում, 3-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի։ «Այս ֆինանսավորմամբ՝ արդեն 2026 թ. պետական բյուջեից կունենանք 12 մլրդ 11 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասել է ՏԿԵ նախարարը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերի ծավալներն աճում են և դրանց արդյունքները տեսանելի են համայնքներում։ «Պետք է շարունակենք այդ տրամաբանությամբ։ Այս ներդրումները նաև մասնավոր ներդրումներն են խթանում, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում, օրինակ՝ այն գյուղերում, որտեղ 10-յակ տարիներով ճանապարհներ չեն եղել»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ սա արդյունավետ է պետություն-մասնավոր հատված ձևավորված համագործակցության ձևաչափի տեսանկյունից։
Վարչապետը ներկայացրել է որոշմամբ համաֆինանսավորվող ծրագրերը։ Այսպիսով՝ գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար. Արագածոտնի մարզի՝ Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում մանկապարտեզի վերակառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 40%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 60 սանի համար), Զարինջա բնակավայրում խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգում (ավարտական փուլ, կառուցվել է 6,5 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 361 տնային տնտեսություն), Ապարան համայնքի Կայք, Ձորագլուխ, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Նիգավան, Վարդենիս և Երնջատափ բնակավայրերի խմելու ջրագծերի վերակառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, կառուցվել է 4,5 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 923 տնային տնտեսություն), Արարատի մարզի՝ Արտաշատ համայնքի Մրգավան, Մասիս, Նշավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 2,2 կմ երկարությամբ ճանապարհ), Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի փողոցների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 580 գծմ երկարությամբ ճանապարհ), Արմավիրի մարզի՝ Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի Կոմիտասի փողոցի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 1 կմ երկարությամբ ճանապարհ), Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի գազիֆիկացում (ավարտված, կառուցվել է 1,6 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 25 տնային տնտեսություն), Վաղարշապատ համայնքի Ծաղկալանջ բնակավայրի 13-րդ, 16-րդ փ. 1-ին նրբ., 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ փողոցների գազիֆիկացում (ավարտական փուլ, կառուցվել է 2,2 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 43 տնային տնտեսություն), Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում (ավարտական փուլ, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 180 սանի համար), Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի 22-րդ փողոցի ասֆալտապատման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ (ավարտված, ասֆալտապատվել է 522 գծմ երկարությամբ ճանապարհ), Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 5 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 55%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 190 սանի համար), Արմավիր բնակավայրի թիվ 11 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 165 սանի համար), Արմավիր բնակավայրի Ե.Չարենց փողոցի 1/1, 5, 7, 9 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում (ավարտված, կառուցվել է 480 գծմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 180 տնային տնտեսություն), Արմավիր բնակավայրի Ե.Չարենց փողոցի 1/1, 5, 7, 9 և Մ.Բաղրամյան փողոցի 19, 21, 23 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել են բակային տարածքի երթևեկելի մասը՝ 4465քմ և մայթերը՝ 1150քմ), Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Վ․ Համբարձումյան 17 և 19, Լեռնագործների 1/1 և 1/2 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 5733 քմ բակային տարածք), Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, կառուցվել է 1,6 կմ երկարությամբ ոռոգման ջրատար, շահառուները՝ 92 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 40 հա), Լոռու մարզի՝ Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի 17-րդ և 7-րդ փողոցի սալարկում տուֆով (ավարտված, սալարկվել է 1,2 կմ երկարությամբ ճանապարհ), Լերմոնտովո համայնքի Լերմոնտովո բնակավայրի 2-րդ փողոցի մասնակի վերակառուցում ասֆալտապատմամբ՝ 1-ին փուլ (ավարտված, հիմնանորոգվել է 500 մ երկարությամբ ճանապարհ), Լերմոնտովո բնակավայրի 1-ին փողոցի մասնակի կառուցում սալարկմամբ (ավարտական փուլ, սալարկվել է 317 գծմ երկարությամբ ճանապարհ), Շիրակի մարզի՝ Գյումրի համայնքի կարիքների համար 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում (ավարտված), Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի գազիֆիկացում (ավարտված, կառուցվել է 5,8 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 46 տնային տնտեսություն), Արթիկ համայնքի Գեղանիստ և Արևշատ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում (ավարտված, կառուցվել է 4,1 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 110 տնային տնտեսություն), Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 35-րդ փողոցի սալապատում տուֆով (ավարտված, սալարկվել է 1014 քմ ճանապարհ), Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի 9-րդ փողոցի սալիկապատում բնական տուֆ քարով (ավարտված, սալարկվել է 2000 քմ ճանապարհ), Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում հենապատերի հիմնանորոգում և կառուցում (ավարտված, հիմնանորոգվել և կառուցվել են 85 գծմ երկարությամբ և 490 խմ մակերեսով հենապատեր)։
Միջազգային համագործակցություն
Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ ազատում մուտքի վիզայի պահանջից՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և տարածքից դուրս գալու համար։ Համաձայնագրի կնքումը կնպաստի Բենինի Հանրապետության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունների կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացում և համագործակցության նոր ուղղությունների ձևավորում։
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նախագծի կնքման առաջարկությունը ներկայացրել է ռուանդական կողմը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ ազատում մուտքի վիզայի պահանջից՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և տարածքից դուրս գալու համար։ Համաձայնագրի կնքումը կնպաստի Ռուանդայի Հանրապետության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունների կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացում և համագործակցության նոր ուղղությունների ձևավորում։
Կբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը
Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր) ստեղծելու և ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է պետական կառավարման համակարգի արդյունավետության և թափանցիկության բարձրացման համար: Ներկայումս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների, լիցենզիաների և այլ ակտերի տվյալները պահվում են տարբեր գերատեսչական բազաներում, չունեն միասնական ձևաչափ և հաճախ չեն պարունակում տարածական բաղադրիչ: Դա խոչընդոտում է միջգերատեսչական համագործակցությանը, դժվարացնում է ռեսուրսների կառավարումը և հանգեցնում կրկնվող կամ հակասական որոշումների կայացմանը: Առաջարկվող լրացումը ստեղծում է իրավական հիմք բոլոր պետական լիցենզիաների, թույլտվությունների և այլ ակտերի տարածական տվյալների միասնական, ստանդարտացված շերտերի ստեղծման համար: Այն կնպաստի նաև քաղաքաշինական, բնապահպանական և այլ ծրագրերի պլանավորման որակի բարելավմանը։ Կարգավորմամբ սահմանվում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից տրամադրվող թույլտվությունների, լիցենզիաների և գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող այլ ակտերի թեմատիկ տարածական տվյալների շերտերը, վերջիններիս համապատասխան հատկանիշային տվյալները:
Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը
Կառավարության որոշմամբ «ՊՐՈՖ-ԳԼԱՍՍ» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մետաղապլաստե և ալյումինե պատուհանների, դռների և նույն հումքից պատրաստվող այլ կոնստրուկցիաների արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 311 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 23 աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 25-ի՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 311 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 34․6 մլն դրամ։