ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ ընդհանուր ժողովին

02.02.2019

Սիրելի՛ պարոն Սեդրակյան,

Հայ բարեգործական ընդհանուր միության մեծ ընտանիքի հարգելի անդամներ,

Ողջունում եմ աշխարհի բոլոր անկյուններից այս օրերին Փարիզում հավաքված մեր հայրենակիցներին ու սրտանց շնորհավորում բոլորիդ 90-րդ Ընդհանուր ժողովի գումարման առթիվ:

Հիմնադրումից ի վեր՝ Բարեգործականը եղել է հայոց ազգային կյանքի շարժիչ ուժերից մեկը: Ձեր ավելի քան հարյուրամյա ազգանվեր ծառայությունը նպաստել է աշխարհում հայ ինքնության պահպանմանը, հայ մշակույթի, արվեստի, դպրության, գիտության և կրթության զարգացմանը: Սփյուռքի համայնքներում ազգային կյանքի կազմակերպմանը զուգահեռ Բարեգործականը ջանք չի խնայել նաև մեր Հայրենիքի շենացման գործում:

Հարկ է հատկապես նշել վերջին տարիներին ՀԲԸՄ-Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը: Բազմապիսի են Հայաստանում ու Արցախում ՀԲԸՄ կողմից իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:

Ակնկալում ենք, որ ՀԲԸ միության ներկայությունը հայրենիքում կընդլայնվի ու նոր դրսևորումներ կստանա մոտ ապագայում: Մեր կառավարությունը պատրաստակամ է լսել ձեր առաջարկությունները և գործադրել բոլոր հնարավոր ջանքերը դրանք համատեղ ուժերով կյանքի կոչելու համար:

Մաղթում եմ, որ ՀԲԸՄ աշխարհասփյուռ բոլոր կառույցների ներկայացուցիչների ու ղեկավարների մասնակցությամբ այս ժողովը տա իր ցանկալի արդյունքը: ՀԲԸ միությունը՝ որպես Հայկական սփյուռքի հենասյուներից մեկը, պետք է արժանավոր մասնակիցը լինի ավելի ուժեղ Հայաստանի կերտման ճանապարհին՝ հանուն մեր ազգային իղձերի և նպատակների իրականացման, հանուն հզոր Հայաստանի, հայ ժողովրդի բարօրության ու ազգային միասնության:


 

← Վերադառնալ